i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով խրախուսել, պաշտպանել և ստեղծել բարենպաստ պայմաններ մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումների համար,
հիմնվելով ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, հավասարության և փոխշահավետության սկզբունքների վրա,
երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության զարգացման նպատակով,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «կապիտալ ներդրումներ» տերմինը նշանակում է գույքային և ոչ գույքային արժեքների բոլոր տեսակները, որոնք ներդրված են կապիտալ ներդրումները ընդունող Պայմանավորվող կողմի տարածքում` նրա օրենսդրությանը համապատասխան` ներառելով, մասնավորապես.
ա) շարժական և անշարժ գույքը և գույքային իրավունքները,
բ) բաժնետոմսերը կամ ձեռնարկություններում և ընկերակցություններում մասնակցության այլ ձևերը,
գ) դրամական միջոցների և տնտեսական արժեք ունեցող ցանկացած պարտավորության գծով պահանջների իրավունքները,
դ) հեղինակային իրավունքները, արդյունաբերական սեփականության իրավունքները, «նոու-հաու»-ները և տեխնոլոգիաները,
ե) օրենսդրության կամ պայմանագրերին համապատասխան տրվող տնտեսական գործունեություն իրականացնելու իրավունքը, ներառյալ բնական պաշարների հետազոտություն և շահագործում իրականացնելու իրավունքը,
զ) «ներդրող» տերմինը Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրի համար նշանակում է`
ֆիզիկական անձինք, որոնք Պայմանավորվող կողմի քաղաքացիներ հանդիսանում են նրա օրենսդրությանը համապատասխան,
ձեռնարկությունները, ընկերակցությունները և այլ տնտեսական կազմակերպությունները, որոնք հիմնվել են Պայմանավորվող կողմի տարածքում գործող օրենսդրության համապատասխան` պայմանով, որ ֆիզիկական անձը, ձեռնարկությունը, ընկերակցությունը և այլ տնտեսական կազմակերպությունները, այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, իրավասու են իրականացնելու կապիտալ ներդրումներ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,
է) «եկամուտ» տերմինը նշանակում է կապիտալ ներդրումների հետևանքով ստացված գումարներ, մասնավորապես, բայց ոչ բացառապես, շահույթը, շահաբաժինը, տոկոսները և արտոնագրային պարգևատրումները,
ը) «տարածք» տերմինը նշանակում է Հայաստանի Հանրապետության տարածքը և Ղրղզստանի Հանրապետության տարածքը:
ՀՈԴՎԱԾ 2
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կխրախուսի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին` իրականացնելու կապիտալ ներդրումներ իր տարածքում` իր օրենսդրությանը համապատասխան:
2. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կաջակցի մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիներին` իր օրենսդրությանը համապատասխան ստանալ վիզաներ և իր տարածքում իրականացվող կապիտալ ներդրումների հետ կապված աշխատանքների կատարման թույլտվություն:
ՀՈԴՎԱԾ 3
1. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումների և այդպիսի կապիտալ ներդրումների հետ կապված գործունեության նկատմամբ ապահովել տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող ռեժիմին հավասարազոր ռեժիմ և պաշտպանություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված ռեժիմը կլինի ոչ պակաս բարենպաստ, քան այն, որը տրամադրվում է ցանկացած երրորդ պետության ներդրողների կապիտալ ներդրումներին և այդպիսի ներդրումների հետ կապված գործունեությանը:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթները չեն տարածվում այն արտոնությունների և առավելությունների վրա, որոնք Պայմանավորվող կողմը տրամադրում է կամ հետագայում կտրամադրի ցանկացած երրորդ պետության ներդրողներին կամ նրանց կապիտալ ներդրումներին` հետևյալի հիման վրա.
նրա մասնակցությունը ազատ առևտրի գոտում, մաքսային կամ տնտեսական միությանը, տնտեսական փոխօգնության կազմակերպությանը կամ այն միջազգային համաձայնագրին, որը նախատեսում է այնպիսի արտոնություններ և առավելություններ, որոնք համանման են նշված կազմակերպությունների մասնակիցներին Պայմանավորվող կողմի կողմից տրամադրվող և մինչև սույն Համաձայնագրի ստորագրման ամսաթիվը ուժի մեջ մտնող արտոնություններին և առավելություններին,
հարկային հարցերով միջազգային համաձայնագրերի և պայմանավորվածությունների, սահմանամերձ առևտրի հարցերով պայմանավորվածությունների:
ՀՈԴՎԱԾ 4
1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումները չեն կարող ազգայնացվել, բռնագրավվել կամ ենթարկվել ազգայնացման ու բռնագրավման /հետագայում` բռնագրավում/ հետևանքներ ունեցող համանման այլ գործողությունների, բացառությամբ երբ այդ գործողությունները կիրառվում են` ելնելով հասարակական շահերից, պահպանելով օրենսդրությամբ սահմանված կարգը:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված փոխհատուցումը կհաշվարկվի կապիտալ ներդրումների ռեալ արժեքի հիման վրա` բռնագրավման որոշումը ընդունելու կամ հրապարակելու օրվան անմիջապես նախորդող օրվա դրությամբ:
Փոխհատուցումը պետք է վճարվի առանց չհիմնավորված ձգձգման, լինի փոխարկելի և ազատ փոխանցելի մի Պայմանավորվող կողմի տարածքից մյուս Պայմանավորվող կողմի տարածք:
3. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումներին վնաս հասցվի պատերազմի, արտակարգ դրության, քաղաքացիական անկարգությունների և այլ համանման իրավիճակների հետևանքով, ապա այդ Պայմանավորվող կողմը, որի տարածքում իրականացվել են կապիտալ ներդրումները, վնասի հատուցման կամ այլ համապատասխան միջոցներ կիրառելու դեպքում ներդրողներին պետք է տրամադրի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրում է ցանկացած երրորդ պետության ներդրողներին:
ՀՈԴՎԱԾ 5
Եթե Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմի տարածքում իր ներդրողի կողմից կատարվող կապիտալ ներդրումների համար ֆինանսական երաշխիքներ է տալիս ոչ առևտրական ռիսկերի համար և այդ երաշխիքին համապատասխան կատարում է վճարում, ապա մյուս Պայմանավորվող կողմը սուբրոգացիայի հիման վրա կճանաչի ներդրողի իրավունքի փոխանցումը առաջին Պայմանավորվող կողմին:
ՀՈԴՎԱԾ 6
Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, իր օրենսդրությանը համապատասխան, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին երաշխավորում է նրանց կողմից բոլոր հարկային պարտավորությունները կատարելուց հետո կապիտալ ներդրումների հետ կապված գումարների փոխանցումը, ներառյալ`
ա) սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 3-րդ կետում որոշված եկամուտները,
բ) կապիտալ ներդրումների մասնակի կամ ամբողջական լիկվիդացումից ստացված եկամուտները,
գ) կապիտալ ներդրումների հետ կապված վարկային համաձայնագրերին համապատասխան իրականացվող վճարումները,
դ) տեխնիկական օգնության, տեխնիկական սպասարկման և կառավարման փորձի համար ստացված վճարումները,
ե) մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացիների կողմից կապիտալ ներդրումների հետ կապված աշխատանքների և ծառայությունների համար օրենսդրությամբ նախատեսված չափով ստացված աշխատավարձը և այլ պարգևատրումները,
զ) Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան ստացված այլ եկամուտները:
ՀՈԴՎԱԾ 7
Գումարների փոխանցումը, սույն Համաձայնագրի 4-րդ և 6-րդ հոդվածներին համապատասխան, կիրականացվի փոխանցման պահին այն Պայմանավորվող կողմի փոխանակման պաշտոնական կուրսով, որի տարածքում իրականացվել է կապիտալ ներդրումը:
ՀՈԴՎԱԾ 8
Սույն Համաձայնագիրը կկիրառվի բոլոր կապիտալ ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվելու են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 9
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերը հնարավորին չափով կլուծվեն դիվանագիտական ուղիներով:
2. Եթե վեճը մի Պայմանավորվող կողմից հարուցելու ամսաթվից հետո վեց ամսվա ընթացքում չլուծվի այդ ձևով, ապա Պայմանավորվող կողմերից որևէ մեկի խնդրանքով կհանձնվի «ad hoc» արբիտրաժային դատարանին:
3. Արբիտրաժային դատարանը կազմված է երեք դատավորից և ստեղծվում է հետևյալ կերպ. Պայմանավորվող կողմերից մեկի կողմից վեճը արբիտրաժ հանձնելու մասին գրավոր ծանուցագրի ստացման օրվանից սկսած երկու ամսվա ընթացքում Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կնշանակի մեկ դատավոր:
Այդ երկու դատավորները երկրորդ դատավորի նշանակման օրից սկսած երկու ամսվա ընթացքում ընտրում են երրորդ դատավորին` երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երկրի քաղաքացու, որը Պայմանավորվող կողմերի համաձայնությամբ նշանակվում է արբիտրաժային դատարանի նախագահ:
4. Եթե արբիտրաժային դատարանը չի ստեղծվի վեճը արբիտրաժային դատարան հանձնելու մասին գրավոր ծանուցագիրը ստանալու օրվանից սկսած չորս ամսվա ընթացքում, Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է, եթե բացակայում է այլ պայմանավորվածություն, Միջազգային դատարանի նախագահին առաջարկել` կատարել անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահը հանդիսանում է Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի կամ այլ պատճառով չի կարող իրականացնել նշված խնդիրը, ապա կարող է առաջարկվել Միջազգային դատարանի` ըստ ավագության հաջորդ անդամին, որը Պայմանավորվող կողմերից ոչ մեկի քաղաքացին չէ, կատարել անհրաժեշտ նշանակումները:
5. Արբիտրաժային դատարանը ինքն է սահմանում իր ընթացակարգը:
Դատարանը վճիռներ է կայացնում սույն Համաձայնագրի դրույթներին և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
6. Արբիտրաժային դատարանը վճիռներ է կայացնում ձայների մեծամասնությամբ, այդ վճիռները հանդիսանում են վերջնական և երկու Պայմանավորվող կողմերի համար ունեն պարտադիր ուժ:
Պայմանավորվող կողմերից ցանկացածի խնդրանքով` արբիտրաժային դատարանը կմեկնաբանի իր վճռի շարժառիթները:
7. Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կկրի արբիտրաժային դատավարման ընթացքում իր կողմից նշանակված դատավորի և իր ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը: Նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Պայմանավորվող կողմերը կկրեն հավասար չափերով:
ՀՈԴՎԱԾ 10
1. Մի Պայմանավորվող կողմի և մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի միջև բռնագրավման դեպքում փոխհատուցման չափին վերաբերող ցանկացած վեճ կարող է հանձնվել արբիտրաժային դատարան:
2. Այդպիսի արբիտրաժային դատարանը ստեղծվում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար հետևյալ կերպ. վիճաբանող յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկական դատավոր, իսկ այդ երկու դատավորները որպես դատարանի նախագահ կընտրեն երկու Պայմանավորվող կողմերի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող երրորդ երկրի քաղաքացու: Առաջին երկու դատավորները նշանակվում են վեճը արբիտրաժի քննությանը հանձնելու վերաբերյալ գրավոր ծանուցագրի ստացման օրից սկսած երկու ամսվա, իսկ նախագահը` չորս ամսվա ընթացքում: Եթե նշված ժամկետներում արբիտրաժային դատարանը չի ստեղծվի, վիճաբանող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել Ստոկհոլմի առևտրական պալատի արբիտրաժային ինստիտուտի նախագահին` կատարել անհրաժեշտ նշանակումներ:
3. Ընթացակարգի կանոնները սահմանում է արբիտրաժային դատարանը: Ընդ որում ընթացակարգի սահմանման ընթացքում դատարանը կարող է ղեկավարվել Ստոկհոլմի առևտրական պալատի արբիտրաժային ինստիտուտի կանոններով:
4. Արբիտրաժային դատարանը վճիռ է կայացնում ձայների մեծամասնությամբ: Վիճաբանող կողմերի համար այդպիսի վճիռը կլինի վերջնական և պարտադիր կատարման համար: Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է իր ազգային օրենսդրությանը համապատասխան կատարել արբիտրաժային դատարանի վճիռը:
5. Արբիտրաժային դատարանը վճիռ է կայացնում միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին, սույն Համաձայնագրի դրույթներին և այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում իրականացվել են կապիտալ ներդրումները, ներառյալ նրա կոլիզիոն նորմերը:
6. Վիճաբանող կողմերից յուրաքանչյուրը կկրի իր կողմից նշանակված դատավորի և արբիտրաժային դատավարության ընթացքում նրա ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը: Նախագահի գործունեության հետ կապված և այլ ծախսերը Կողմերը կրելու են հավասար չափով:
ՀՈԴՎԱԾ 11
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկը, իր օրենսդրությանը կամ միջազգային համաձայնագրին համապատասխան, որի մասնակիցներն են հանդիսանում երկու Պայմանավորվող կողմերը, մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կապիտալ ներդրումներին կամ դրանց հետ կապված գործունեությանը տրամադրում է առավել բարենպաստ ռեժիմ, քան սույն Համաձայնագրում տրամադրվածն է, ապա կկիրառվի առավել բարենպաստ ռեժիմը:
2. Անհրաժեշտությունից ելնելով` երկու Պայմանավորվող կողմերի ներկայացուցիչները կանցկացնեն հանդիպումներ`
ա) սույն Համաձայնագրի կիրառման հետ կապված հարցերի ուսումնասիրության,
բ) կապիտալ ներդրումների իրավական հարցերի և դրանց իրականացման հնարավորությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման,
գ) կապիտալ ներդրումների հետ կապված վեճերի լուծման,
դ) կապիտալ ներդրումների հետ կապված այլ հարցերի ուսումնասիրության,
ե) սույն Համաձայնագրի մեջ հնարավոր փոփոխություններ և լրացումներ մտցնելու առաջարկության քննարկման նպատակով:
3. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը կառաջարկի խորհրդակցություններ անցկացնել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հարցերից յուրաքանչյուրի կապակցությամբ, ապա մյուս Պայմանավորվող կողմը անհապաղ պատասխան կտա և խորհրդակցությունները կանցկացվեն, հաջորդաբար, Բիշկեկում և Երևանում:
ՀՈԴՎԱԾ 12
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան սահմանադրական ընթացակարգերի կատարման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միմյանց գրավոր ծանուցման օրից սկսած երեսուն օր հետո և կգործի տասնհինգ տարիների ընթացքում:
2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա, եթե Պայմանավորվող կողմերից ոչ մեկը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը լրանալուց առնվազն մեկ տարի առաջ մյուս Պայմանավորվող կողմին գրավոր չծանուցի Համաձայնագրի դադարեցման մասին:
3. Սկզբնական տասնհինգամյա ժամկետը լրանալուց հետո Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել Համաձայնագրի գործողությունը` իր մտադրության մասին գրավոր ծանուցելով մյուս Պայմանավորվող կողմին:
4. Մինչև սույն Համաձայնագրի գործողության ժամկետը դադարելու օրը իրականացված կապիտալ ներդրումների նկատմամբ 1-12-րդ հոդվածների դրույթները ուժի մեջ կմնան, սույն Համաձայնագրի գործողության ժամկետը դադարելու օրվանից սկսած, առաջիկա տասնհինգ տարիների ընթացքում:
Ի հավաստումն որի` իրենց կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված ներքոհիշյալ ներկայացուցիչները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի հուլիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1995 թվականի նոյեմբերի 26-ից: