i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳԵՈԴԵԶԻԱՅԻ, ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ, ԿԱԴԱՍՏՐԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՆԴԻ ՀԵՌԱՀԱՐ ԶՈՆԴՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ելնելով գեոդեզիայի, քարտեզագրության և հարակից գիտությունների ու տեխնոլոգիաների բնագավառում համագործակցության հետագա զարգացման փոխադարձ ձգտումից,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը կիրագործեն Կողմերի համապատասխան կազմակերպությունները` հետևյալ ձևերով.
տեղագրական-գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների կատարում,
քարտեզների, ատլասների և տպագրական արտադրանքի այլ տեսակների հրատարակման պոլիգրաֆիական ծառայություններ,
աջակցություն կնքված պայմանագրերով /կոնտրակտներով/ այնպիսի նյութերի ձեռքբերմանը, որոնք անհրաժեշտ են գեոդեզիական և քարտեզագրական արտադրության համար,
տարածքների օդատիեզերական նկարահանումների կատարում և հեռահար զոնդման տվյալների փոխանակում,
երկրատեղեկատվական համակարգերի, կադաստրների, թվային և էլեկտրոնային քարտեզների տվյալների բանկերի ստեղծման մեթոդաբանության մշակում,
Կողմերի տարածքների աշխարհագրական օբյեկտների անվանումների, ճանապարհային ցանցի զարգացման և այլ տարրերի փոփոխությունների հետ կապված` աշխարհագրական քարտեզների բովանդակության նորացմանը և Կողմերի տարածքների աշխարհագրական ուսումնասիրվածությանը վերաբերող տեղեկության փոխանակում,
գիտատեխնիկական և արտադրական այլ տեղեկության փոխանակում,
փորձակոնստրուկտորական աշխատանքների համատեղ կատարում,
տեղագրագեոդեզիական, քարտեզագրական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների միջև աշխատանքի փորձի փոխանակում,
գեոդեզիայի և քարտեզագրության մասնագետների ուսուցում և ստաժավորում:
Այդ համագործակցության կոնկրետ նպատակները, խնդիրները և պայմանները կորոշվեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գեոդեզիական և քարտեզագրական ծառայություններ կատարող կազմակերպությունների կողմից` համաձայնեցնելով պետական կառավարման համապատասխան մարմինների հետ:
Համագործակցության ծրագրերի իրականացման նպատակով Կողմերը միջոցներ են ձեռնարկում անհրաժեշտ հումքի, սարքավորումների, հանդերձանքի և պատրաստի արտադրանքի` պետական սահմանով հնարավորին չափ պարզեցված տեղափոխման համար` ենթագերատեսչական կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերին և Կողմերի` գործող ներքին օրենսդրությանը համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 2
Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածով նախատեսված ձևերով համագործակցություն և, մասնավորապես, տեղեկությունների փոխանակում իրականացնելիս Կողմերը փոխադարձաբար հաշվի կառնեն պետական անվտանգության շահերը` ելնելով գործող ներքին օրենսդրությունից, ինչպես նաև այդ հարցերի շուրջը երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններից:
ՀՈԴՎԱԾ 3
Կողմերը ձեռնպահ կմնան հրատարակվող քարտեզների վրա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական սահմանների վերաբերյալ որևէ փոփոխություն մտցնելուց` մինչև այդ հարցի մասին համապատասխան միջազգային պայմանագրերի կնքումը:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը չի խոչընդոտի գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Կողմերի մասնագիտացված շփումների այլ ձևերին, որոնք իրականացվում են Կողմերի փոխհամաձայնությամբ, այդ թվում` փոխհատուցողական-առևտրային հիմքի վրա:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և կգործի հինգ տարվա ընթացքում: Այն ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդող հնգամյա ժամկետներով, եթե Կողմերից ոչ մեկը հերթական ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հոկտեմբերի 4-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ համազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 4-ից: