i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
հաշվի առնելով իրենց պետությունների միջև ձևավորված բարձր ինտեգրացված տնտեսական և գիտատեխնիկական կապերը,
ձգտելով տնտեսական, արդյունաբերական և գիտատեխնիկական համագործակցության զարգացմանը,
ընդունելով, որ այդպիսի համագործակցության զարգացման անհրաժեշտ պայման է հանդիսանում արդյունաբերական սեփականության արդյունավետ պահպանությունը,
գիտակցելով այդ նպատակով արդյունաբերական սեփականության տերերի և հեղինակների իրավունքների օգտագործման ու պահպանության համար փոխադարձաբար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերն իրականացնում և զարգացնում են գյուտերի, արդյունաբերական նմուշների, ապրանքանշանների, ապրանքների ծագման տեղանունների և արդյունաբերական սեփականության այլ օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և օգտագործման բնագավառի համագործակցությունը փոխշահավետության և հավասարության հիման վրա` այն միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են նրանք կամ կդառնան այդպիսիք:
ՀՈԴՎԱԾ 2
Կողմերի համագործակցությունը կնպատակաուղղվի`
արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և օգտագործման հետ կապված հարցերի կարգավորմանը,
արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառի ազգային օրենսդրությունների ներդաշնակեցմանը,
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության հայտատուներին և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության հայտատուներին պահպանական փաստաթղթեր տալու հայտերի ներկայացման և քննման ընթացակարգի փոխադարձ պարզեցմանը,
արդյունաբերական սեփականության բնագավառին վերաբերող տեղեկության, նորմատիվ և այլ փաստաթղթերի փոխանակմանը,
Հայաստանի Հանրապետության ազգային արտոնագրային ծառայության կայացմանն աջակցելուն, արդյունաբերական սեփականության պահպանության բոլոր ոլորտներում աշխատանքի մեթոդների և փորձի փոխանակմանը:
ՀՈԴՎԱԾ 3
Արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառում մի Կողմի ֆիզիկական և իրավաբանական անձինք մյուս Կողմի տարածքում կօգտվեն այն նույն իրավունքներից և առավելություններից, որոնք այդ մյուս Կողմի օրենսդրությամբ ներկայումս տրված են կամ կտրվեն սեփական ֆիզիկական և իրավաբանական անձանց: Ելնելով դրանից` այդ մյուս Կողմի օրենսդրությամբ նախատեսված պահանջների պահպանման դեպքում նրանք կօգտվեն իրավական պաշտպանության նույն միջոցներից, նույն հիմունքներով և նույն ծավալով, ինչ սեփական ֆիզիկական ու իրավաբանական անձինք:
Ընդ որում, այն հարցերի նկատմամբ, որոնք չեն կարգավորվում սույն Համաձայնագրով, Կողմերը կկիրառեն 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում վերանայված Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզի կոնվենցիայի դրույթները:
ՀՈԴՎԱԾ 4
Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի այնպիսի օրենսդրական ակտերի ընդունման համար, որոնք թույլ կտան իրագործել`
արդյունաբերական սեփականության օբյեկտների` նախկին ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի գործողության ճանաչումն իր տարածքում, այդ պահպանական փաստաթղթերի սեփականատերերի, ինչպես նաև այդ պահպանական փաստաթղթերով պաշտպանվող գյուտերի և արդյունաբերական նմուշների հեղինակների իրավունքների արդյունավետ պահպանության միջոցների իրականացում,
նշված փաստաթղթերի գործողության վիճարկման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության տարածքում` արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ հայտի ներկայացման թվականին գործող պահպանունակության պայմաններին` պահպանվող առարկայի անհամապատասխանության դեպքում,
արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերը` դրանց գործողության մնացած ժամկետով ազգային արտոնագրերի փոխանակելու իրավունքը:
ՀՈԴՎԱԾ 5
Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության ցանկացած ֆիզիկական և իրավաբանական անձ պահպանում է գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործման իրավունքը առանց արտոնագրային պայմանագիր կնքելու, եթե այդ գյուտի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն օրինականորեն սկսվել է մինչև այլ անձանց կողմից այն գյուտի կամ արդյունաբերական նմուշի ազգային արտոնագիր ստանալու խնդրագիր ներկայացնելու թվականը, որոնց համար կամ որոնց համար մինչև այդ ներկայացվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ ստանալու հայտ, կամ տրվել է ԽՍՀՄ պահպանական փաստաթուղթ: Ընդ որում, վարձատրության վճարումը հեղինակին /հեղինակներին/ կատարվում է այն Կողմի գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, որի տարածքում օգտագործվում է այդ գյուտը կամ արդյունաբերական նմուշը:
ՀՈԴՎԱԾ 6
Մինչև Ռուսաստանի Դաշնության արտոնագրային օրենքի և «Ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքի ծագման տեղանունների մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքի ուժի մեջ մտնելու թվականը ԽՍՀՄ գյուտերի և հայտնագործությունների պետական կոմիտե /Գյուտպետկոմ/, ԽՍՀՄ պետական արտոնագրային գերատեսչություն /Պետարտոնագիր/ կամ Ռուսաստանի Դաշնության գիտության, բարձրագույն դպրոցի և տեխնիկական քաղաքականության նախարարության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտե /Ռուսարտոնագիր/ գյուտի, արդյունաբերական նմուշի և ապրանքանշանի պատշաճ ձևով հայտ ներկայացրած Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության ցանկացած ֆիզիկական կամ իրավական անձ /կամ այդ անձի իրավահաջորդը/, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը այդպիսի գյուտի, արդյունաբերական նմուշի կամ ապրանքանշանի հայտ ներկայացնելիս օգտվում է Գյուտպետկոմ, Պետարտոնագիր կամ Ռուսարտոնագիր ներկայացված հայտի առաջնության պահպանության արտոնյալ իրավունքից` երեք տարվա ընթացքում:
ՀՈԴՎԱԾ 7
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության առաջադրմամբ Ռուսաստանի Դաշնության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտեն անցկացնում է արտոնագրային որոնում: Արտոնագրային որոնման աշխատանքները ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության կողմից` համապատասխան պայմանագրերի հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերն անհապաղ միջոցներ կձեռնարկեն իրենց պետությունների տարածքում արդյունաբերական սեփականության արդյունավետ պահպանության ապահովման համար և, անհրաժեշտության դեպքում, իրենց օրենսդիր մարմիններ կներկայացնեն համապատասխան օրինագծեր:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերը պարտավորվում են տնտեսական, արդյունաբերական, գիտական և տեխնիկական համագործակցությանը վերաբերող երկկողմ համաձայնագրերում ընդգրկել դրույթներ արդյունաբերական սեփականության օբյեկտների պահպանության ապահովման մասին:
ՀՈԴՎԱԾ 10
Պահպանական փաստաթղթեր ստանալու հայտեր ներկայացնելիս, պահպանական փաստաթղթեր ստանալիս և դրանք ուժի մեջ պահելու ընթացքում երկու պետությունների արտոնագրային հավատարմատարները, փոխադարձության սկզբունքի հիման վրա, կարող են գործերը վարել անմիջականորեն Կողմերի արտոնագրային գերատեսչությունների հետ` ընդսմին ներկայացնելով միայն ազգային հայտատուների շահերը: Մի Կողմի ազգային հայտատուներին, նույնպես փոխադարձության սկզբունքի հիման վրա, իրավունք է տրվում պահպանական փաստաթղթեր ստանալու և դրանք ուժի մեջ պահելու գործերն անմիջականորեն վարել մյուս Կողմի արտոնագրային գերատեսչության հետ:
ՀՈԴՎԱԾ 11
Կողմերը միջոցներ կձեռնարկեն իրենց սահմաններով արտոնագրային փաստաթղթերը, այդ թվում` արդյունաբերական սեփականության պահպանության բնագավառին վերաբերող պոլիգրաֆիական արտադրանքը, առանց տուրքի անցկացնելու համար:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում Կողմերի կողմից միմյանց ուղարկվող բոլոր փաստաթղթերը ներկայացվում են ռուսերեն:
ՀՈԴՎԱԾ 13
Սույն Համաձայնագրի իրականացման համար պատասխանատու են Կողմերի արտոնագրային գերատեսչությունները`
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը,
Ռուսաստանի Դաշնությունում` Ռուսաստանի Դաշնության արտոնագրերի և ապրանքանշանների կոմիտեն:
Արտոնագրային գերատեսչությունների համագործակցության կարգը և պայմանները որոշվում են ծրագրով և նրանց միջև կնքված հատուկ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Համաձայնագրից բխող կամ նրա կատարման հետ կապված հարցերի առթիվ տարաձայնություններ առաջանալու դեպքում Կողմերի ներկայացուցիչները կխորհրդակցեն միմյանց հետ և անհրաժեշտ ջանքեր կգործադրեն այդ տարաձայնությունների կարգավորմանը հասնելու համար:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից ստորագրման պահից, գործելու է հինգ տարվա ընթացքում և ինքնաբերաբար կերկարաձգվի հետագա հնգամյա ժամանակաշրջանների համար, եթե Կողմերից մեկը դրա գործողության հերթական ժամանակաշրջանը լրանալուց առնվազն 6 ամիս առաջ մյուս Կողմին գրավոր ձևով չտեղեկացնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի սույն Համաձայնագրին համապատասխան տրված կամ տրվելիք պահպանական փաստաթղթերի գործողության վրա:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1993 թվականի հունիսի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` ռուսերեն և հայերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 25-ից: