i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ` ԻՐԵՆՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՎ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու, առևտրական, գիտատեխնիկական, մշակութային և այլ կապերի ամրապնդմանը նպաստելու ցանկությամբ,
նկատի ունենալով հյուպատոսական բնագավառում սկզբունքորեն նոր հարաբերությունների հաստատման գործնական նպատակահարմարությունը,
ելնելով հյուպատոսական ծառայությունների համագործակցության զարգացման փոխշահագրգռվածությունից,
անհրաժեշտ համարելով Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և շահերի իրավական պաշտպանության ապահովումը,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Կողմերի քաղաքացիները իրավունք ունեն մեկնել, մուտք գործել և տեղաշարժվել սույն Համաձայնագրի մասնակից պետությունների տարածքով առանց վիզաների անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում:
Այդ պետություններում մշտապես բնակվող այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը, ելքը և տեղաշարժը կարգավորվում են Կողմերից յուրաքանչյուրի օրենսդրությամբ:
Կողմերի ազգային օրենսդրությամբ կարող է նախատեսվել իրենց տարածքով Կողմերի քաղաքացիների, այլ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց տեղաշարժման մասին սահմանափակումներ մտցնելը:
ՀՈԴՎԱԾ 2
Երրորդ պետությունների տարածքում մշտապես բնակվող Կողմերի քաղաքացիները կարող են մուտք գործել, մեկնել և տեղաշարժվել սույն Համաձայնագրի Կողմերի տարածքներով նույնպես առանց վիզաների:
ՀՈԴՎԱԾ 3
Սույն Համաձայնագրի Կողմերը պարտավորվում են միջազգային ուղևորային հաղորդակցության համար բացված անցումային կետերով թույլ տալ երրորդ պետություններ տարանցել նաև իրավական ու պատշաճ կերպով ձևակերպված, սահմանները հատելու իրավունք տվող փաստաթղթեր ունեցող` սույն Համաձայնագրի Կողմերի քաղաքացիներին և միջոցներ կձեռնարկեն` կանխելու այն անձանց ելքը երրորդ պետություններ, որոնց ելքն արգելված է սույն Համաձայնագրի իրավասու մարմինների կողմից:
ՀՈԴՎԱԾ 4
Սույն Համաձայնագրի դրույթները կասկածի տակ չեն դնում տարածքի պաշտպանության համար հատուկ միջոցներ ձեռնարկելը, մասնավորապես, իրենց անվտանգությանը սպառնացող իրադրություններում: Այս դեպքում վերոհիշյալ քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առանց վիզաների տեղաշարժը չի բացառում Կողմերի իրավունքը` իրականացնել համապատասխան անձնագրային և մաքսային վերահսկողություն:
ՀՈԴՎԱԾ 5
Սույն Համաձայնագրի Կողմերը գործող կհամարեն քաղաքացիությունը հաստատող նախկին ԽՍՀՄ փաստաթղթերը մինչև համապատասխան ազգային փաստաթղթերը կիրառման մեջ մտցնելը:
ՀՈԴՎԱԾ 6
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ:
ՀՈԴՎԱԾ 7
Սույն Համաձայնագրի Կողմերը կկիրառեն «ԽՍՀՄ քաղաքացիների` ԽՍՀՄ-ից ելքի և ԽՍՀՄ մուտք գործելու կարգի մասին» օրենքի դրույթները սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից, եթե մինչ այդ չընդունվեն այդ հարցերին վերաբերող իրենց ազգային ակտերը:
ՀՈԴՎԱԾ 8
Կողմերը կանոնավոր կերպով կտեղեկացնեն մեկը մյուսին սույն Համաձայնագրի դրույթների կիրառման ոլորտին վերաբերող հարցերի մասին, մասնավորապես, անձի քաղաքացիությունը հաստատող գործող փաստաթղթերի մասին, վերջիններս տալու և օգտագործման կարգի փոփոխման, ինչպես նաև համապատասխան օրենսդրական ակտերի մասին:
ՀՈԴՎԱԾ 9
Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են մտցվել փոփոխություններ և լրացումներ:
ՀՈԴՎԱԾ 10
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից 30 օր հետո:
Կատարված է Երևան քաղաքում 1993 թվականի մայիսի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և վրացերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի ապրիլի 18-ից: