i
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,
ցանկանալով ստեղծել բարենպաստ պայմաններ իրենց միջև տնտեսական համագործակցության համար և, մասնավորապես, մի Պայմանավորվող կողմի ներդրողների ներդրումների համար մյուս Պայմանավորվող կողմի տարածքում,
գիտակցելով, որ Համաձայնագրի հիման վրա նման ներդրումների փոխադարձաբար պաշտպանությունը և խթանումը կնպաստեն երկու Պայմանավորվող կողմերի միջև գործարար նախաձեռնության խրախուսմանը և կմեծացնեն զարգացումը երկու Պայմանավորվող կողմերում,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1. ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
Սույն Համաձայնագրի նպատակների համար.
1. «Ներդրում» տերմինը, համաձայն այն Պայմանավորվող կողմի օրենսդրության և կանոնակարգերի, որի տարածքում կատարվել է ներդրումը, նշանակում է մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից ներդրված ամեն տեսակի ակտիվ` համաձայն վերջինիս օրենսդրության:
Մասնավորապես, բայց ոչ բացառապես, այն ներառում է.
ա) շարժական և անշարժ գույք, ինչպես նաև այլ իրավունքներ, ինչպես օրինակ, հիպոթեքը, պարտապանի գույքի վրա կալանք դնելու իրավունքը, երաշխավորությունը,
բ) բաժնետոմսեր, փայաբաժիններ և ընկերություններում մասնակցության որևէ այլ ձևեր,
գ) դրամի նկատմամբ իրավունք և տնտեսական արժեք ունեցող գործարքի նկատմամբ պահանջներ. փոխառությունները կընդգրկվեն միայն այն ժամանակ, երբ դրանք ուղղակի կապ կունենան որևէ ներդրման հետ,
դ) մտավոր սեփականության իրավունքներ, ներառյալ, մասնավորապես, հեղինակային իրավունքը, արտոնագրերը, արդյունաբերական նախագծերը, ապրանքանշանները, առևտրային անվանումները, տեխնիկական գործընթացները, նոու-հաուները և բարի կամքը (ֆիրմայի գործարար կապերի պայմանական արժեքը),
ե) գործարար կոնցեսիաները, ըստ օրենքի կամ պայմանագրի, ներառում են բնական ռեսուրսների հայտնաբերման, արդյունահանման և շահագործման կոնցեսիաները:
Ակտիվների ներդրման կամ վերաներդրման ձևերի որևէ փոփոխություն չի ազդի նրանց` որպես ներդրում ունեցած բնույթի վրա:
2. «Ներդրող» տերմինը նշանակում է.
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը հանդիսանում է Պայմանավորվող կողմի քաղաքացի` համաձայն այդ Կողմի օրենքների,
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվում է համաձայն Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի և ունենում է իր նստավայրը այդ նույն Պայմանավորվող կողմի տարածքում,
գ) ցանկացած իրավաբանական անձ` անկախ գտնվելու վայրից, որը ուղղակի կամ անուղղակի ձևով վերահսկվում է Պայմանավորվող կողմի քաղաքացիների կողմից:
3. Սույն Համաձայնագրի դրույթները չեն տարածվում մի Պայմանավորվող կողմի տարածքում մյուս Պայմանավորվող կողմի քաղաքացի հանդիսացող և ներդրման պահին առաջինի տարածքում երկու տարուց ավելի մշտական բնակություն հաստատած ֆիզիկական անձանց կողմից կատարված ներդրումների վրա, քանի դեռ ապացուցված չէ, որ այդ ներդրումը կատարվել է դրա տարածքում արտասահմանից:
4. «Շահույթ» տերմինը նշանակում է ներդրումից ստացված գումարներ, և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է հասույթներ, տոկոսներ, կապիտալի աճից ստացված եկամուտներ, շահաբաժիններ, հեղինակային հոնորարներ, վճարումներ և այլ ընթացիկ եկամուտներ:
5. «Տարածք» տերմինը նշանակում է յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ազգային տարածքը, որը ներառում է ազգային տարածքի տարածքային ջրերի արտաքին սահմանին կից ծովամերձ շրջանները, որոնց վրա շահագրգիռ Պայմանավորվող կողմը, միջազգային իրավունքի համաձայն, իրականացնում է իրավազորություններ և իրավունքներ:
6. «Ներդրումների հետ կապված գործունեություն» տերմինը ներառում է իրավաբանական անձանց, մասնաճյուղերի, գործակալությունների, գրասենյակների, հաստատությունների կամ բիզնեսի վարման համար այլ հարմարությունների կազմակերպումը, վերահսկումը, գործունեությունը, պահպանումը և տնօրինումը, ամեն տեսակի գույքի, մտավոր ու արդյունաբերական սեփականության իրավունքներ ձեռք բերելը, օգտագործումը, պահպանումը և տնօրինումը և միջոցների փոխառումը, թողարկված բաժնետոմսերի ու ներմուծումների համար օտարերկրյա արժույթի գնումը:
ՀՈԴՎԱԾ 2. ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽԹԱՆՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավորվում է մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների` գոյություն ունեցող կամ նոր ներդրումների և վերաներդրումներից ստացված եկամուտների համար ապահովել և պահպանել բարենպաստ պայմաններ և թույլ տալ իրականացնելու ներդրումները իրենց տարածքի վրա` համաձայն իրենց օրենքների և կանոնակարգերի:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է ապահովի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողի ներդրումների նկատմամբ անաչառ և ազնիվ վերաբերմունք և դատական կարգով կամ խտրական միջոցներով չխանգարի ներդրումների ղեկավարմանը, պահպանմանը, օգտագործմանը կամ տնօրինմանը կամ իր տարածքում դրանց հետ կապված որևէ գործունեությամբ չի խանգարի մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին:
3. Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն համապատասխան պայմաններ իրենց տարածքներում տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումների հնարավորությունների վերաբերյալ խորհրդակցություններ կազմակերպելու ուղղությամբ, որպեսզի սահմանեն, թե մի Պայմանավորվող կողմի ներդրումները մյուս Պայմանավորվող կողմում որտեղ կարող են լինել առավել արդյունավետ` ի շահ երկու Պայմանավորվող կողմերի:
4. Սույն Համաձայնագրի նպատակներին հասնելու համար Պայմանավորվող կողմերը պետք է խրախուսեն և հեշտացնեն իրենց ներդրողների միջև համատեղ ձեռնարկությունների հիմնումը, տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ծրագրերի հաստատումը, զարգացումը և իրագործումը` համաձայն հյուրընկալող Պայմանավորվող կողմի օրենքների և կանոնակարգերի:
5. Պայմանավորվող կողմերի ներդրողներին կթույլատրվի վարձել վարչական և տեխնիկական անձնակազմ` ըստ իրենց ընտրության և անկախ նրանց ազգային պատկանելությունից:
6. Համաձայն օտարերկրացիների մուտքին և բնակությանը վերաբերող օրենքներին և կանոնակարգերին` մի Պայմանավորվող կողմի քաղաքացիներին կթույլատրվի մուտք գործել և մնալ մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս տարածքում ներդրումների հետ կապված գործունեություն ծավալելու նպատակով:
ՀՈԴՎԱԾ 3. ԱԶԳԱՅԻՆ ՌԵԺԻՄ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իր տարածքում մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից իրականացվող ներդրումների և դրանց հետ կապված գործունեության համար կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը չպետք է լինի պակաս բարենպաստ, քան այն, որը նա նման դեպքերում տրամադրում է իր սեփական ներդրողների կամ ցանկացած երրորդ պետության ներդրողների ներդրումներին և դրանց հետ կապված գործունեություններին:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին նրա ներդրումների կառավարման, պահպանման, օգտագործման, տնօրինման կամ ձեռք բերման առնչությամբ կամ դրա հետ կապված այլ գործունեությունների առնչությամբ կտրամադրի այնպիսի ռեժիմ, որը պակաս բարենպաստ չէ, քան այն, որը նա տրամադրում է իր ներդրողներին կամ երրորդ պետության ներդրողներին:
ՀՈԴՎԱԾ 4. ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սույն Համաձայնագրի այն դրույթները, որոնք վերաբերում են ոչ պակաս բարենպաստ ռեժիմի տրամադրմանը, քան մի Պայմանավորվող կողմի կողմից երրորդ պետության ներդրողներին տրամադրվածն է, չպետք է պարտավորեցնեն այդ Պայմանավորվող կողմին` տարածելու մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների վրա ցանկացած վերաբերմունքի, նախապատվության կամ արտոնության օգուտը, որը արդյունք է.
1) մասնակցության որևէ գոյություն ունեցող կամ ապագա ազատ առևտրային գոտում, մաքսային միության, ընդհանուր շուկայում կամ նման միջազգային համաձայնագրում, որի անդամ է կամ կարող է դառնալ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, կամ
2) ցանկացած միջազգային համաձայնագրի, որն ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկերին, ինչպես նաև ցանկացած տեղական օրենսդրության, որը ամբողջությամբ կամ հիմնականում վերաբերում է հարկերին.
3) կոնցեսիոնալ ֆինանսավորում նախատեսող երկկողմ համաձայնագրերի, որոնք կնքվել են Արգենտինայի Հանրապետության կողմից Իտալիայի հետ 1987 թվականի դեկտեմբերի 10-ին և Իսպանիայի հետ` 1988 թվականի հունիսի 3-ին:
ՀՈԴՎԱԾ 5. ԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ ԿԱՄ ԱՌԳՐԱՎՈՒՄ
1. Պայմանավորվող կողմերի ներդրողների ներդրումները չպետք է ազգայնացվեն, առգրավվեն կամ ենթակա լինեն ազգայնացման կամ առգրավմանը հավասարազոր` մյուս Պայմանավորվող կողմի կողմից իրականացվող ուղղակի և անուղղակի միջոցառումների, միայն եթե`
ա) միջոցառումները ձեռնարկվել են հանրային շահերից ելնելով, անխտրականության հիմքի վրա, օրենքի գործընթացին համապատասխան և չեն հակասում որևէ պարտավորության, որը այդ Կողմը ստանձնել է ներդրողի նկատմամբ: Միջոցառումները կզուգակցվեն անհետաձգելի, համապատասխան և արդյունավետ փոխհատուցման վճարումներով,
բ) նման փոխհատուցումը հավասար կլինի առգրավված ներդրման շուկայական արժեքին` առգրավումից անմիջապես առաջ կամ նախքան այն հանրությանը հայտնի դառնալը, և առգրավման օրվանից սկսած` կներառի տոկոս նորմալ առևտրային տոկոսադրույքով, կվճարվի առանց հետաձգման և կլինի արդյունավետորեն իրականացվելի և ազատ փոխարկելի,
գ) այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմը ազգայնացնում կամ առգրավում է իր տարածքում գործող օրենքներով ստեղծված կամ լիցենզավորված իրավաբանական անձի ներդրումները, և որտեղ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողը տնօրինում է բաժնետոմսեր, արժեթղթեր, այլ իրավունքներ, պարտքի հանձնառություններ կամ տոկոսներ, ապա նա պարտավոր է երաշխավորել արագ, համապատասխան և արդյունավետ փոխհատուցումը և փոխանցման թույլտվությունը: Նման փոխհատուցումը կսահմանվի և կվճարվի սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերի դրույթների համաձայն:
2. Սույն հոդվածի դրույթները կկիրառվեն նաև ներդրումներից ստացվող ընթացիկ եկամուտների, ինչպես նաև լուծարման դեպքում դրանից ստացվող գումարների նկատմամբ:
3. Չսահմանափակելով 3-րդ և 4-րդ հոդվածների ընդհանրությունը` մի Պայմանավորվող կողմի ներդրողները մյուս Պայմանավորվող կողմի տարածքում կօգտվեն առավել բարենպաստ ռեժիմից սույն հոդվածով նախատեսված հարցերի առնչությամբ:
ՀՈԴՎԱԾ 6. ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողներին կտրամադրի ներդրումների և շահույթի անսահմանափակ փոխանցման իրավունք և, մասնավորապես, բայց ոչ բացառապես.
ա) ներդրումների պահպանման և զարգացման համար անհրաժեշտ կապիտալ և լրացուցիչ գումարներ,
բ) օգուտներ, շահույթներ, տոկոսներ, շահաբաժիններ և այլ ընթացիկ եկամուտ,
գ) 1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված փոխատվությունների վճարման միջոցներ,
դ) հեղինակային հոնորարներ և վճարումներ,
ե) ներդրման լրիվ կամ մասնակի վաճառքից կամ լուծարումից առաջացած հասույթ,
զ) 5-րդ հոդվածով նախատեսված փոխհատուցումներ,
է) մի Պայմանավորվող կողմի քաղաքացիների վաստակները, որոնց ներդրումների հետ կապված թույլատրել են աշխատելու մյուս Պայմանավորվող կողմի տարածքում:
2. Առանց սահմանափակելու 3-րդ և 4-րդ հոդվածների ընդհանրությունը, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են սույն հոդվածում նշված փոխանցումներին տրամադրել այնպիսի բարենպաստ ռեժիմ, ինչպես երրորդ պետության ներդրողների կողմից կատարվող ներդրումներից առաջացած փոխանցումներին տրամադրված ռեժիմն է:
3. Փոխանցումները կկատարվեն առանց հետաձգման, ազատ փոխարկելի արտարժույթով, փոխանցման օրվա փոխանակման կիրառելի դրույքաչափով, այն Պայմանավորվող կողմի հաստատած ընթացակարգերին համապատասխան, որի տարածքում կատարվել է ներդրումը, որոնք չեն վնասի սույն հոդվածում նշված իրավունքների բովանդակությանը:
ՀՈԴՎԱԾ 7. ՍՈՒԲՐՈԳԱՑԻԱ
1. Եթե մի Պայմանավորվող կողմը (կամ նրա կողմից նշանակված գործակալությունը) իր ներդրողներից որևէ մեկին վճարումներ է կատարում փոխհատուցմամբ կամ երաշխավորությամբ` կապված մյուս Պայմանավորվող կողմի տարածքում ներդրումների կամ նրանց որևէ մասի հետ, ապա վերջինս պետք է ճանաչի.
ա) մյուս Պայմանավորվող կողմի (կամ նրա կողմից նշանակված գործակալության) իրավունքը, որը բխում է կամ օրենքից, կամ գործարքի համաձայն կատարված փոխանցումից, և
բ) որ մյուս Պայմանավորվող կողմը (կամ նրա կողմից նշանակված գործակալությունը) սուբրոգացիայի միջոցով լիազորված է կիրառելու նման իրավունք այն չափով, ինչքան իր նախորդը:
2. Նման հայցերի կամ իրավունքների միջոցով կատարված փոխանցման կամ վճարումների առնչությամբ 6-րդ հոդվածը պետք է կիրառվի mutatis mutandis:
ՀՈԴՎԱԾ 8. ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճերը հնարավորության դեպքում պետք է լուծվեն դիվանագիտական ուղիներով:
2. Եթե, այնուամենայնիվ, Պայմանավորվող կողմերի միջև ծագած վեճը չի կարող լուծվել բանակցություններ սկսվելու օրվանից վեց ամսվա ընթացքում, ապա Պայմանավորվող կողմերից մեկի խնդրանքի հիման վրա այն կներկայացվի միջնորդ դատարան:
3. Յուրաքանչյուր դեպքի համար միջնորդ դատարանը պետք է կազմվի հետևյալ ձևով: Միջնորդ դատարանին ուղղված խնդրանքն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Կողմ կնշանակի մեկական միջնորդ դատավոր: Այդ երկու անդամները կընտրեն որևէ երրորդ պետության քաղաքացի, որը նրանց փոխադարձ համաձայնությամբ պետք է նշանակվի դատարանի նախագահ: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակման օրվանից սկսած` երկու ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետում անհրաժեշտ նշանակումներ չեն կատարվում, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է որևէ այլ համաձայնության բացակայության դեպքում հրավիրել Միջազգային դատարանի նախագահին` կատարելու անհրաժեշտ նշանակումները: Եթե նախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ եթե նրան խոչընդոտում են կատարել վերը նշված գործառույթը, ապա փոխնախագահը կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումներ: Եթե փոխնախագահը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, կամ եթե նրան նույնպես խոչընդոտում են կատարել վերը նշված գործառույթը, ապա Միջազգային դատարանի ավագ դատավորը, որը չի հանդիսանում Պայմանավորվող կողմի քաղաքացի, կհրավիրվի` կատարելու անհրաժեշտ նշանակումներ:
5. Միջնորդ դատարանը իր որոշումը պետք է կայացնի ձայների մեծամասնությամբ: Նման որոշումը պարտադիր է երկու Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է հոգա դատարանի իր անդամի և դատական վարույթներում ներկայացուցչության նյութական ծախսերը: Նախագահի հետ կապված և մնացած ծախսերը պետք է հավասարապես վճարեն Պայմանավորվող կողմերը: Այնուամենայնիվ, դատարանը կարող է իր որոշմամբ պարտադրել Պայմանավորվող կողմերից մեկին` կրելու ծախսերի մեծ մասը, և այս վճիռը պարտադիր է երկու Պայմանավորվող կողմերի համար: Դատարանը պետք է սահմանի իր ընթացակարգը:
ՀՈԴՎԱԾ 9. ՆԵՐԴՐՈՂԻ ԵՎ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎՈՂ ԿՈՂՄԻ ՄԻՋԵՎ ԾԱԳԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի դրույթների շրջանակում մի Պայմանավորվող կողմի ներդրողի և մյուս Պայմանավորվող կողմի միջև ծագած և ներդրմանը վերաբերող ցանկացած վեճ հնարավորության դեպքում պետք է լուծվի բարեկամաբար:
2. Եթե, այնուամենայնիվ, վեճը հնարավոր չլինի լուծել ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում, ապա ներդրողի խնդրանքի հիման վրա այն կարող է ներկայացվել`
այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի տարածքում արված է ներդրումը,
Միջազգային միջնորդ դատարանին` 3-րդ կետի դրույթներին համապատասխան:
Եթե ներդրողը վեճը ներկայացրել է այն Պայմանավորվող կողմի իրավասու դատարանին, որի տարածքում արված է ներդրումը, կամ Միջազգային միջնորդ դատարանին, ապա այս ընտրությունը պետք է լինի վերջնական:
3. Միջազգային միջնորդ դատարանի դեպքում, ներդրողի ընտրությամբ, վեճը պետք է ներկայացվի`
1965 թվականի մարտի 18-ին Վաշինգտոնում ստորագրման համար բացված` Պետությունների և մյուս պետությունների քաղաքացիների միջև ներդրումների հետ կապված վեճերի լուծման մասին կոնվենցիայով նախատեսված` ներդրումների հետ կապված վեճերի լուծման Միջազգային կենտրոնին (ICSID), որի անդամները կդառնան երկու Պայմանավորվող կողմերն էլ: Մինչև վերոհիշյալ դրույթի իրականացումը, Պայմանավորվող կողմերը համաձայնում են վեճը ներկայացնել միջնորդ դատարանին` համաձայն հաշտեցման, արբիտրաժի և փաստերի հայտնաբերման վարույթների ղեկավարման ICSID լրացուցիչ մեխանիզմի կանոնակարգերի,
Միջնորդ դատարան, որը ստեղծվում է դեպքից դեպք` համաձայն Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) արբիտրաժային կանոնների:
4. Միջնորդ դատարանը որոշումներ կկայացնի համաձայն սույն Համաձայնագրի դրույթների, վեճում ներգրավված Պայմանավորվող կողմերի օրենսդրության, ներառյալ դրանց` օրենքի հակասության վերաբերյալ կանոնները, ցանկացած հատուկ համաձայնագրի պայմանների, որոնք կնքվել են նման ներդրման կապակցությամբ և միջազգային օրենսդրության համապատասխան սկզբունքների համաձայն:
5. Միջնորդ դատարանի որոշումները վիճաբանող կողմերի համար պետք է լինեն վերջնական և պարտադիր: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է իրականացնի այդ որոշումները իր օրենսդրության համաձայն:
ՀՈԴՎԱԾ 10. ԱՅԼ ԿԱՆՈՆՆԵՐ
1. Եթե Պայմանավորվող կողմերից մեկի օրենքի դրույթները կամ Պայմանավորվող կողմերի միջև ներկայումս գոյություն ունեցող կամ հետագայում հաստատված միջազգային պարտավորությունները պարունակում են ընդհանուր կամ հատուկ կանոնակարգ, որը մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից արված ներդրումներին տրամադրում է ավելի բարենպաստ ռեժիմ, քան նախատեսված է սույն Համաձայնագրով, ապա նման կանոնակարգը պետք է գերակայություն ունենա սույն Համաձայնագրի նկատմամբ այնքանով, որքանով այն ավելի բարենպաստ է:
2. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պարտավոր է կատարել իր պարտավորությունները` կապված մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կատարած ներդրումների հետ:
ՀՈԴՎԱԾ 11. ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագրի դրույթները կկիրառվեն անկախ Պայմանավորվող կողմերի միջև դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների առկայությունից:
2. Սույն Համաձայնագիրը կկիրառվի բոլոր այն ներդրումների նկատմամբ, որոնք արվել են նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը կամ դրանից հետո, սակայն սույն Համաձայնագրի դրույթները չեն կիրառվի Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց առաջ ծագած որևէ վեճի, հայցի կամ տարաձայնության նկատմամբ:
ՀՈԴՎԱԾ 12. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա համար անհրաժեշտ սահմանադրական պահանջների կատարման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի` միմյանց գրավոր ծանուցման օրվանից:
ՀՈԴՎԱԾ 13. ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրը կգործի տասը (10) տարի ժամկետով: Այնուհետև այն կմնա ուժի մեջ այնքան ժամանակ, քանի դեռ Պայմանավորվող կողմերից որևէ մեկը ժամկետի լրանալուց տասներկու ամիս առաջ չի ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր որոշման մասին:
2. Սույն Համաձայնագրի դադարեցման մասին ծանուցումն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված ներդրումների առնչությամբ 1-ինից 12-րդ հոդվածների դրույթները կմնան ուժի մեջ այդ ժամկետից հետո` հետագա տասը (10) տարիների ընթացքում:
Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 1993 թվականի ապրիլի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարակարծությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև ներդրումների խթանման և պաշտպանության վերաբերյալ Համաձայնագրի ստորագրման ժամանակ ներքոստորագրյալները համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ, որոնք պետք է հանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը:
Պայմանավորվող կողմը, որի տարածքում նախաձեռնվել են ներդրումները, կարող է պահանջել ապացույցներ մյուս Պայմանավորվող կողմի ներդրողների կողմից կատարված վերահսկողության վերաբերյալ: Հետևյալ փաստերը, inter alia, կընդունվեն որպես վերահսկողության ապացույց.
ա) մյուս Պայմանավորվող կողմի ընկերության գործընկերոջ կարգավիճակը,
բ) ուղղակի կամ անուղղակի մասնակցություն մի ընկերության կապիտալում, որը թույլատրում է արդյունավետ վերահսկողություն, մասնավորապես, եթե ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը բարձր է կապիտալի 50%-ից,
գ) ձայների ուղղակի կամ անուղղակի տնօրինում, որոնք անհրաժեշտ են ընկերության մարմիններում գերակայող դիրք գրավելու համար կամ վճռականորեն ազդելու իրավաբանական անձի գործառնության վրա:
Կատարված է Բուենոս Այրես քաղաքում 1993 թվականի ապրիլի 16-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարակարծությունների դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի հոկտեմբերի 10-ից: