(ուժը կորցրել է 18.06.09 թիվ 73-Ն հրաման)
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ 1994 Թ. ՄԱՅԻՍԻ
11-Ի ԹԻՎ 27 ՀՐԱՄԱՆՈՎ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
i
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
1. Սույն հրահանգը մշակվել է ՀՀ Կառավարության 1993 թ. մարտի 9-ի թիվ 89 որոշմամբ հաստատված ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կանոնադրության հիման վրա (կետեր 2,3):
2. Սույն հրահանգը սահմանում է «Զվարթնոց» օդանավակայանում պահպանության գոտիների տարանջատման, ինչպես նաև այդ գոտիներում պահպանության իրականացման կարգը:
3. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքը (ըստ հաստատված հատակագծի) տարանջատել պահպանության երեք գոտիների.
1. հատուկ ռեժիմային գոտի
2. վերահսկելի գոտի
3. արտաքին ռեժիմային գոտի
4. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտին ընդգրկում է օդակայանային տարածքը, որի պահպանությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության կողմից:
5. «Զվարթնոց» օդանավակայանի վերահսկելի գոտին ընդգրկում է ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տեղաբաշխված ավիաձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) վարչական տարածքը, որի պահպանությունն իրականացվում է ավիացիոն անվտանգության ծառայության կողմից:
6. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և վերահսկելի գոտիների պահպանությունը իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հաստատված կարգին համապատասխան:
7. «Զվարթնոց» օդանավակայանի արտաքին ռեժիմային գոտին ընդգրկում է օդանավակայանի մերձկայարանային տարածքը և այդ տարածքում գտնվող շինությունները, որում հասարակական կարգի պահպանությունը իրականացվում է «Զվարթնոց» օդանավակայանի ՆԳ գծային բաժնի կողմից:
8. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտուց օգտվելու կարգը սահմանված է ՀՀ ՔԱԳՎ կողմից:
Հատուկ ռեժիմային գոտի մուտքի իրավունք ունեն`
ՀՀ ՔԱԳՎ ապարատի և ավիաձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) աշխատակիցները, ըստ ավիացիոն անվտանգության վարչության հետ համաձայնեցված ցանկի.
«Զվարթնոց» օդանավակայանում գործող ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ստորաբաժանումների աշխատակիցներն ու ծառայողները, ըստ ավիացիոն անվտանգության վարչության հետ համաձայնեցված ցանկի:
Վերոհիշյալ անձինք հատուկ ռեժիմային գոտում իրավունք ունեն գտնվելու իրենց պաշտոնեական հրահանգներում սահմանված ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում:
Այլ անձանց մուտքը «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտի կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով, ավիացիոն անվտանգության ծառայության կողմից տրվող մեկանգամյա անցագրերով:
Հատուկ ռեժիմային գոտի մուտք ունեցող անձինք կրում են հատուկ կրծքանշան:
9. Ավտոտրանսպորտային միջոցների մուտքը «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտի արգելվում է, բացառությամբ.
- ՀՀ ՔԱԳՎ-ին և ավիաձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայանում գործող ՀՀ նախարարություններին և գերատեսչություններին պատկանող հատուկ ավտոտրանսպորտային միջոցների: Հատուկ ռեժիմային գոտի մուտքի իրավունք ունեցող հատուկ ավտոտրանսպորտային միջոցները պետք է ունենան տարբերանշան և անցագիր.
- պաշտոնական պատվիրակությունների ժամանման և մեկնման դեպքում դրանց սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների, մինչև պաշտոնական պատվիրակությունների սպասարկման հարթակ: Պաշտոնական պատվիրակություններին սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների` հատուկ ռեժիմային գոտի, մուտքի թույլտվությունը` ժամանման և մեկնման յուրաքանչյուր դեպքում, տրվում է ավիացիոն անվտանգության վարչության կողմից:
- բեռնային փոխադրումները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների, միայն բեռնային ծառայության անցակետով, մեկանգամյա անցագրերով:
10. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային գոտում սույն հրահանգի 8-րդ կետում նախատեսված ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության կանոնները սահմանվում են ՔԱԳՎ կողմից:
11. «Զվարթնոց» օդանավակայանի վերահսկելի գոտի մուտքի իրավունք ունեն ՀՀ ՔԱԳՎ և այդ տարածքում գործող ավիաձեռնարկությունների (անկախ սեփականության ձևից) և այլ ծառայությունների աշխատակիցներն ու ծառայողները` ավիացիոն անվտանգության վարչության կողմից սահմանված անցագրային կարգին համապատասխան, ընդ որում`
- մշտական անցագրեր տրվում են վերահսկելի գոտում մշտական աշխատավայր ունեցող անձանց.
- մեկանգամյա անցագրեր տրվում են այլ անձանց` վերը նշված ձեռնարկությունների և ծառայությունների պաշտոնատար անձանց գիտությամբ, վերահսկելի գոտու անցագրային կետում:
12. Ավտոտրանսպորտային միջոցների մուտքը վերահսկելի գոտի արգելվում է, բացառությամբ`
- սույն հրահանգի 10-րդ կետում թվարկված հիմնարկներին, ձեռնարկություններին և ծառայություններին պատկանող ծառայողական ավտոմեքենաների.
- ավտոտրանսպորտային այլ միջոցների, որոնց մուտքի թույլտվությունը տրված է ավիացիոն անվտանգության վարչության կողմից, մեկանգամյա անցագրերով:
13. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և վերահսկելի գոտիներ` անձանց և ավտոտրանսպորտային միջոցների մուտքի իրավունքը վավերացվում է մշտական և մեկանգամյա անցագրերով, կրծքանշաններով, որոնք հատկացվում են ՀՀ ՔԱԳՎ կողմից:
14. «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ ռեժիմային և վերահսկելի գոտիներից օգտվելու սույն հրահանգով սահմանված կարգի ցանկացած խախտում առաջացնում է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«23» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 53960062