(ուժը կորցրել է 18.06.09 թիվ 71-Ն հրաման)
i
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ՔԱԳՎ 1995 Թ. ՄԱՐՏԻ 10-Ի
ԹԻՎ 44 ՀՐԱՄԱՆՈՎ
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱ-ԱՎԻԱՑԻՈՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1.1. Սույն Կանոնակարգը մշակվել է ՀՀ ՔԱԳՎ կանոնադրության հիման վրա (կետ 3ա):
1.2. Սույն Կանոնակարգը սահմանում է միջազգային օդային ուղիներով (հետագայում` ՄՕՈՒ-ով) թռիչքներ իրականացնող ՀՀ ՔԱ ավիաընկերությունների օդանավերի ինժեներա-ավիացիոն ապահովման կարգը` անկախ դրանց պատկանելիությունից և սեփականության ձևից:
1.3. Միջազգային օդային ուղիներով իրականացվող թռիչքների ինժեներա-ավիացիոն ապահովումը իր մեջ ներառում է տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող կազմակերպությունների և ավիաընկերության ծառայությունների կողմից օդային փոխադրումներն իրականացնելու նպատակով` իրականացվող միջոցառումների և աշխատանքների ամբողջությունը:
Ինժեներա-ավիացիոն ապահովման հիմնական խնդիրներն են.
1.3.1. Օդանավերի սարքինության ժամանակին և որակյալ տեխնիկական սպասարկման ապահովումը ԱՊՀ երկրների բազային, միջանկյալ օդանավակայաններում և արտասահմանյան օդանավակայաններում:
1.3.2. Թռիչքների կանոնավորության և անվտանգության, ինչպես նաև ուղևորների սպասարկման որակի բարձր մակարդակի ապահովումը:
1.3.3. Ինժեներա-տեխնիկական անձնակազմի (հետագայում ԻՏԱ) մասնագիտական պատրաստման կատարելագործումը` ՄՕՈՒ-ով ավիացիոն տեխնիկայի տեխնիկական շահագործման առանձնահատկությունների հաշվառմամբ:
1.3.4. ՄՕՈՒ-ով ՀՀ ավիաընկերությունների օդանավերի շահագործման նյութատեխնիկական ապահովումը:
1.3.5. Օդանավերի վերգետնյա պահպանության միջոցառումների իրականացումը:
1.3.6. ՀՀ օդանավակայաններում օտարերկրյա օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպումը:
1.4. ՄՕՈՒ-ով իրականացվող թռիչքների ինժեներա-ավիացիոն ապահովման կազմակերպման պատասխանատվությունը դրվում է միջազգային թռիչքներ իրականացնող ավիաընկերությունների ղեկավարների, տեխնիկական տնօրենների, տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող ստորաբաժանումների պետերի և գլխավոր ինժեներների վրա:
1.5. ՀՀ ՔԱԳՎ-ը իրականացնում է ՄՕՈՒ-ով իրականացվող թռիչքների ինժեներա- -ավիացիոն ապահովման և օդանավերի տեխնիկական սպասարկման որակի տեսչական վերահսկողությունը` հետևյալ հիմնական հարցերում:
1.5.1. Ավիացիոն տեխնիկայի տեխնիկական սպասարկման կազմակերպումն ու իրականացումը` համաձայն գործող կանոնակարգերի և տեխնոլոգիաների:
1.5.2. ՄՕՈՒ-ով թռիչքներ կատարող օդանավերին առաջադրված տեխնիկական պայմանների պահպանման վերահսկողությունը` օդանավային սարքավորումների և թռիչքատեխնիկական բնութագրերի համապատասխանության մասով:
1.5.3. ՄՕՈՒ-ով իրականացվող թռիչքների սպասարկման համար անցկացվող ինժեներա-տեխնիկական անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի գնահատումը:
1.6. Արտասահմանյան օդանավակայաններում ավիաընկերությունների թռիչքների ինժեներա-ավիացիոն ապահովման ուղղությամբ իրականացվող գործունեության վերահսկողությունն իրականացվում է ՀՀ ՔԱԳՎ մասնագետների և ինժեներ-տեսուչների այդ օդանավակայան գործուղման կամ նրանց թռիչքային առաջադրանքի մեջ ներառման ճանապարհով` ստուգվող ավիաընկերությունների միջոցների հաշվին:
2. ՄՕՈՒ-ՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
2.1. Ավիաընկերության տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող ստորաբաժանման ղեկավարները կազմակերպում են ավիաընկերության օդանավերի ՄՕՈՒ-ով իրականացվող թռիչքների անվտանգության ապահովման աշխատանքները և անձնական պատասխանատվություն են կրում այդ նպատակով առանձնացված օդանավերի տեխնիկական շահագործման և ինժեներա-տեխնիկական անձնակազմի մասնագիտական պատրաստվածության մակարդակի համար:
2.2. Ավիաընկերության տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող ստորաբաժանման ղեկավարները պարտավոր են.
2.2.1. Օդանավի անձնակազմի և օդանավի սպասարկման համար առանձնացված ինժեներա-տեխնիկական անձնակազմի զեկուցումների հիման վրա կանոնավոր կերպով վերլուծել օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի տեխնիկական սպասարկման որակը, հայտնաբերված բոլոր թերությունների մասին զեկուցել ՀՀ ՔԱԳՎ-ին` թերությունների վերացման ուղղությամբ համատեղ միջոցների ձեռնարկման նպատակով:
2.2.2. Մեղմ ժամկետներում ապահովել օտարերկրյա օդանավակայաններում վնասված օդանավերի վերականգնման, հայտնաբերված անսարքությունների վերացման համար անհրաժեշտ տեխնիկական օգնություն (տեխնիկական խորհրդատվություն, ավիաընկերության, վերանորոգող գործարանի կամ արտադրող գործարանի մասնագետների գործուղում, անհրաժեշտ պահեստամասերի և դրանց փոխարինման տեխնոլոգիաների ուղարկում և այլն):
2.2.3. ՄՕՈՒ-ով թռիչքներ իրականացնող անսարք օդանավերի վերանորոգման առաջնահերթության ապահովում:
2.2.4. Վերահսկել շահագործողա-տեխնիկական փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների ժամանակին կատարումը, ՄՕՈՒ-ում շահագործվող օդանավերի շահագործողա-տեխնիկական փաստաթղթերի չափանմուշային, հսկիչ և աշխատանքային օրինակների վարման որակը:
2.3. ՀՀ ՔԱԳՎ և ՀՀ ՔԱ ավիաընկերությունների դիսպետչերային ծառայությունները պարտավոր են.
2.3.1. Ապահովել օդանավերի օտարերկրյա օդանավակայաններում հայտնաբերված անսարքությունների մասին տեղեկատվության ժամանակին հաղորդումը ՀՀ ՔԱԳՎ և համապատասխան ավիաընկերությանը:
2.3.2. Միջոցներ ձեռնարկել օդանավերի օտարերկրյա օդանավակայաններում հայտնաբերված անսարքությունների մասին անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվության ստացման համար:
2.3.3. Օգտագործել տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող ստորաբաժանման գլխավոր մասնագետի հետ կապի բոլոր միջոցները օդանավի անձնակազմին և թռիչքի սպասարկման համար առանձնացված ինժեներա-տեխնիկական անձնակազմին անհրաժեշտ երաշխավորությունների, ցուցումների և խորհրդատվության ապահովման համար:
2.4. Օդանավերի անձնակազմերը պարտավոր են անմիջապես օբյեկտիվ տեղեկություններ հաղորդել օդանավի սեփականատեր ավիաընկերությունների տեխնիկական սպասարկում և վերանորոգում իրականացնող ստորաբաժանումների ղեկավարներին և գլխավոր ինժեներներին ավիացիոն խափանման բնույթի մասին:
Հաղորդագրությունը պետք է ներառի.
2.4.1. Անսարքության բնույթը և առաջացման հանգամանքների նկարագիրը:
2.4.2. Առաջարկություններ անսարքության վերացման և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ:
2.4.3. Տվյալներ անսարքության վերացման համար անհրաժեշտ պահեստամասերի և ագրեգատների մասին` նշելով դրանց գծագրային համարները:
2.4.4. Առաջարկություններ պահեստամասերի և ագրեգատների ուղարկման մասին (որ օդանավակայանների և ՀՀ կամ օտարերկրյա որ ավիաընկերությունների չվերթների միջոցով):
2.4.5. Առաջարկություններ մասնագետների գործուղման անհրաժեշտության մասին:
2.4.6. Տվյալներ գործուղվող մասնագետների համար տեղում մուտքի թույլտվություն ստանալու հնարավորության մասին:
2.5. ՄՕՈՒ-ով թռիչքներ իրականացնող օդանավերի տեխնիկական սպասարկում իրականացնելու համար օդանավի անձնակազմի կազմում ներառված ինժեներա-տեխնիկական անձնակազմը պարտավոր է`
2.5.1. Կազմակերպել և կատարել օդանավերի տեխնիկական սպասարկում միջանկյալ և վերջնական օդանավակայաններում` գործող կանոնակարգին և տեխնոլոգիային խիստ համապատասխան:
2.5.2. Օգտագործել բոլոր եղած միջոցները և հնարավորությունները անսարքությունները ինքնուրույն վերացնելու համար, որոնք հայտնաբերվում են թռիչքի ընթացքում կամ օտարերկրյա օդանավակայաններում օդանավերը սպասարկելիս:
2.5.3. Առաջացած անսարքությունների վերացման անհնարինության դեպքում օգնություն ցույց տալ օդանավի անձնակազմին կազմելու և արդեն նշված հասցեներով հաղորդելու հավաստի տեղեկություններ անսարքության բնույթի, լրացուցիչ մասնագետների գործուղման անհրաժեշտության, պահեստամասերի, ագրեգատների և անսարքության վերացման համար անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ուղարկման մասին:
2.5.4. Ավիաընկերության և տվյալ օդանավակայանի հետ տեխնիկական սպասարկման մասին պայմանագրի առկայության դեպքում, եթե վայրէջքի օդանավակայանն ունի ինժեներա-տեխնիկական անձնակազմ և տվյալ տեսակի օդանավի սպասարկման թույլտվություն, կազմակերպել և վերահսկել առաջացած անսարքությունների վերացման աշխատանքների վայրէջքի օդանավակայանի ինժեներա-տեխնիկական անձնակազմի ուժերով:
2.5.5. Ստուգել տեխնիկական սպասարկման ապահովման համար առաջարկված վերգետնյա սարքավորումների և հատուկ ավտոտրանսպորտի սարքինությունը և համապատասխանությունը վայրէջքի օդանավակայաններում:
2.5.6. Անձնակազմերի հետ համատեղ անցկացնել ռեժիմային միջոցառումներ օդանավերի պահպանման գծով` գործող հրահանգին համապատասխան:
3. ՄՕՈՒ-ՈՎ ԹՌԻՉՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀՀ ՔԱ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3.1. Բազային, միջանկյալ և օտարերկրյա օդանավակայաններում օդանավերի տեխնիկական սպասարկումը կատարվում է գործող կանոնակարգին և տվյալ տեսակի ավիացիոն տեխնիկայի ինքնուրույն սպասարկման թույլատվություն ունեցող ինժեներա-տեխնիկական անձնակազմի տեխնոլոգիաներին խիստ համապատասխան:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
_____________
Օտարերկրյա օդանավակայանում օդանավի գտնվելու ընթացքում, հատկացված ինժեներա-տեխնիկական անձնակազմը զբաղվում է միայն օդանավի տեխնիկական սպասարկմամբ: Ինժեներա-տեխնիկական անձնակազմին տվյալ աշխատանքից շեղելն արգելվում է:
Եթե օտարերկրյա օդանավակայաններում բացակայում է տվյալ տեսակի օդանավը ինքնուրույն սպասարկելու թույլտվություն ունեցող ինժեներա-տեխնիկական անձնակազմ կամ առկա է թույլտվություն ունեցող ինժեներա-տեխնիկական անձնակազմ, սակայն բացակայում է ավիաընկերության և տվյալ օդանավակայանի միջև տեխնիկական սպասարկում իրականացնելու մասին պայմանագիրը, ապա արգելվում է կատարել թռիչք առանց անձնակազմում ինժեներա-տեխնիկական անձնակազմի բրիգադայի, բացառությամբ օդանավի 3-րդ և 4-րդ կարգի մեկանգամյա թռիչքների:
Ընդ որում, օդանավի անձնակազմում ներառվող բորտմեխանիկը պետք է ունենա հատուկ պատրաստվածություն և ավիացիոն տեխնիկական համալիրում անցնի ստաժավորում օպերատիվ տեխնիկական սպասարկում կատարելու, ինչպես նաև առավել հաճախ շարքից դուրս եկող ագրեգատների և սարքավորումների փոփոխման աշխատանքների կատարման գծով:
3.2. Բազային օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպումը:
Բազային օդանավակայանում օդանավերի տեխնիկական սպասարկումը պետք է ապահովի թռիչքի լիակատար անվտանգություն և բարձր կանոնավորություն, իրականացվող չվերթի ողջ խորությամբ:
Օդանավի տեխնիկական սպասարկման աշխատանքների հիմնական ծավալը նախատեսված է ՀՀ ՔԱԳՎ կողմից տվյալ տեսակի և երթուղու չվերթների համար հաստատված տեխնիկական սպասարկման հրահանգով և դրա լրացումներով սահմանված ժամանակակարգում:
Տեխնիկական սպասարկման հրահանգում կատարված լրացումները, օդանավերի յուրաքանչյուր տեսակի համար, հանդիսանում են պարտադիր և հաշվի են առնվում`
- օդանավերի լրացուցիչ հաստիքային սարքավորումների առկայությունը,
- օդանավերի լրացուցիչ անվանացանկով հանովի սարքավորումների պահեստամասերի, գործիքների և հարմարանքների համալրման անհրաժեշտությունը,
- միջազգային թռիչքների կատարման առանձնահատկությունները` ինժեներա-տեխնիկական անձնակազմի, պահեստամասերի, գործիքների և հարմարանքների սահմանափակությունը թռիչքի ուղեգծով նախատեսված օդանավակայաններում:
3.3. Օտարերկրյա և միջանկյալ օդանավակայաններում օդանավերի տեխնիկական սպասարկման կազմակերպումը:
3.3.1. Օդանավի անձնակազմի կազմում ընդգրկված ինժեներա-տեխնիկական անձնակազմը, օտարերկրյա և միջանկյալ օդանավակայաններում, օդանավերի տեխնիկական սպասարկումը կատարում է լրիվ ծավալով, համաձայն գործող հրահանգին և դրանում կատարված լրացումներին:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
____________
Եթե առկա է օտարերկրյա և միջանկյալ օդանավակայաններում տվյալ տեսակի օդանավը ինքնուրույն սպասարկելու թույլտվություն ունեցող ինժեներա-տեխնիկական անձնակազմ, ինչպես նաև ավիաընկերության և տվյալ օդանավակայանի միջև տեխնիկական սպսարկում իրականացնելու մասին պայմանագիր, ապա տեխնիկական սպասարկումը կատարում է տվյալ օդանավակայանի ինժեներա-տեխնիկական անձնակազմը:
3.3.2. Տեխնիկական բրիգադայի անդամները` ըստ ազգանունների, ընդգրկվում են օդանավի անձնակազմի մեջ տեխնիկական առաջադրանքին համապատասխան աշխատանքներ կատարելու նպատակով, այդ մասին թռիչքի առաջադրանքի դիմային մասում կատարելով համապատասխան գրանցում «Ինժեներա-տեխնիկական անձնակազմ» նշումով: Ընդ որում, օդանավում գտնվող ուղևորների քանակը չպետք է գերազանցի նստատեղերի քանակից, որոնք սարքավորված են փրկարար գոտիներով:
3.3.3. Ըստ օդանավի տեսակի, տեխնիկական բրիգադայի կազմը (քանակությունը և մասնագետների կարգը) որոշվում է ավիաընկերության տնօրենի հրամանով:
3.3.4. Տեխնիկական սպասարկումը, որը կատարվելու է սույն կանոնակարգի 3.3.1. կետի համաձայն, սպասարկում իրականացնող ինժեներա-տեխնիկական անձնակազմի կողմից ձևակերպվում է սահմանված տիպային կարգագիր-քարտով` երկու օրինակից: Ընդ որում, կարգագիր քարտի մեկ օրինակը մնում է տվյալ օդանավակայանում, իսկ երկրորդ օրինակը հանձնվում է օդանավի սեփականատիրոջ Տ.Ս. և Վ. իրականացնող ստորաբաժանում, որը ենթակա է հաշվառման և պահպանման, համաձայն ՀՀ ՔԱԳՎ կողմից արտադրա-տեխնիկական փաստաթղթերի պահպանման ժամկետի գծով սահմանված կարգի:
3.4. ՄՕՈՒ-ով թռիչքներ կատարող ավիաընկերությունների Տ.Ս. և Վ. իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները, հիմք ընդունելով խափանումների վիճակագրությունը, մշակում են օդանավով տեղափոխվող ավիա-տեխունեցվածքի ցուցակը, որը համաձայնեցվում է ՀՀ ՔԱԳՎ-ի հետ և հաստատվում ավիաընկերության տնօրենի կողմից: Համաձայն հաստատված ցուցակի ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները օդանավի համալրման ուղղությամբ:
4. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՌԻՉՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Միջազգային թռիչքներ իրականացնելու համար թույլատրվում են այն օդանավերը, որոնք իրենց ավիացիոն և ռադիոէլեկտրոնային սարքավորման կազմով համապատասխանում են վայրէջքի օդանավակայանների պահանջներին և միջազգային ուղեգծերի թռիչքների կանոններին, կենցաղային սարքավորման կազմով` ուղևորների բարձրակարգ սպասարկման պահանջներին, իսկ վթարային-փրկարար միջոցների կազմով` Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության հանձնարարականներին:
4.2. ՀՀ ՔԱ բոլոր ավիաընկերությունների միջազգային թռիչքներ իրականացնող օդանավերը, պետք է համապատասխանեն ընդհանուր պահանջներին հետևյալ հարցերում`
4.2.1. Օդանավավարության-նավագնացության և ռադիոէլեկտրոնային սարքավորումներ;
4.2.2. Ուղևորասրահների ձևավորում և ուղևորային նստատեղերի համարակալում;
4.2.3. Կենցաղային սարքավորումներով հագեցվածություն;
4.2.4. Միջոցներ, որոնք ուղևորներին ապահովում են անհրաժեշտ տեղեկություններով և ցուցումներով:
4.2.5. Բուֆետա-խոհանոցային սարքավորում և բորտսպասք;
4.2.6. Վթարային-փրկարար միջոցներ;
4.2.7. Արտաքին օդանավակողային կազմատվող սարքավորումներ;
4.3. Ավիաընկերությունների կողմից ՄՕՈՒ-ով շահագործվող օդանավերը պետք է լրացուցիչ սարքավորվեն լրացուցիչ միջոցներով (ռադիոհեռաչափեր, ֆուտաչափ, ինքնաթիռային տեղորոշման համակարգեր, հեռավոր նավագնացության սարքավորումներ և այլն), որոնք կապահովեն ռադիոկապը և նավագնացությունը միջազգային չվերթների ժամանակ (հավելված 1):
4.4. Թռիչքների ժամանակ, օդային տարածության որոշակի հատվածներում, որոնցում համապատասխան տարածքային ավիացիոն համաձայն ակտերով նախատեսված են տեխնիկական պահանջներ և նվազագույն նավագնացության բնութագրեր, օդանավի բորտում տեղադրվում է սարքավորում, որն անձնակազմին ապահովում է ուղեգծի պահման անընդմեջ ցուցումը կամ ուղեգծից շեղումը` ուղեգծի ցանկացած կետից պահանջվող ճշգրտությամբ:
4.5. 15.000կգ ավելի թռիչքային զանգվածով գազատուրբինային շարժիչներով օդանավերը, որոնց թույլատրվում է 30 և ավելի ուղևորների տեղափոխում, պետք է սարքավորվեն գետնի մոտիկությունը նախազգուշացնող համակարգով:
4.6. Տվյալ տարածքում աղմուկի բնութագրիչներով օդանավը պետք է բավարարի Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության կողմից սահմանված նորմատիվների պահանջները:
4.7. Օդանավի արտաքին օդանավակողային կազմատվող սարքավորումները պետք է համապատասխանեն միջազգային ստանդարտներին կամ օդանավում պետք է լինեն համապատասխան հարմարակներ:
4.8. Ուղևորա-բեռային մեկուսամասերը պետք է սարքավորված լինեն բեռնարկղներով և բեռնավորման-բեռնաթափման աշխատանքների մեխանիզացման միջոցներով և թույլատրեն օտարերկրյա օդանավակայաններում կիրառվող մեխանիզմների օգտագործումը, եթե դա նախատեսված է օդանավի կառուցվածքով:
4.9. Եթե ինքնաթիռի կմախքի (ֆյուզելյաժ) վրա նախատեսված է տեղերի պիտակավորում, որտեղով փրկարար ջոկատներին հարմար է բացել ինքնաթիռի կմախքը (ֆյուզելյաժ) վթարային իրավիճակում, ապա այդ տեղերը պետք է պիտակավորվեն Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության պահանջներին համապատասխան:
4.10. Օդանավերի ուղևորասրահների ձևավորումը պետք է ապահովի ուղևորների հարմարավետությունը և համապատասխանի չվացուցակում կամ պայմանագրում նշված ձևավորմանը:
4.11. Ուղևորասրահների ներքին հարդարանքը պետք է համապատասխանի գեղագիտական պահանջներին` տախտակադրվագների և նստատեղերի գույնային ներդաշնակությանը:
4.12. Օդանավերը պետք է համալրված լինեն առավել որակյալ փափուկ գույքով:
Թռիչքի ընթացքում անհրաժեշտ փափուկ գույքի առարկաները և ուղևորների սպասարկման միջոցները օդանավ են մատակարարում գործող նորմաներին համապատասխան` չվերթի տևողության, տեղերի և վայրէջքների քանակության հաշվիառմամբ:
4.13. ՄՕՈՒ-ով թռիչքներ կատարող օդանավերը պետք է պահպանվեն օրինակելի կարգով, ներսից և դրսից մաքուր վիճակում, ունենան բարձրորակ փայլաներկային պատվածք:
Կենցաղային սարքավորումները պետք է լինեն սարքին, ունենան հաճելի տեսք:
Ուղևորասրահները և կենցաղային սենյակները պետք է ապահովեն մաքրության բարձր մակարդակ:
5. ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ
5.1. Միջազգային թռիչքը կարող է կատարվել միայն օդանավում հետևյալ օդանավային փաստաթղթերի առկայության դեպքում.
. Թռիչքի նախագիծ-գրաֆիկը` թռիչքի հանձնարարությունը;
. Այն երկրի թույլատվության համարը, որի տարածքում կատարվում է թռիչքը;
. Մարդատար օդանավի թռիչքի պիտանիության վկայականը (հավաստագիր);
. Մարդատար օդանավի պետական գրանցման վկայականը;
. Օդանավի թռիչքային շահագործման ձեռնարկը (հրահանգ անձնակազմին);
. Տեղեկամատյաններ` կանոնակարգային աշխատանքների կատարման նշումներով;
. Օդանավի նավամատյան;
. Վառելիքաքսայուղային նյութերի փոխադարձ փոխարինելիության ցուցակ;
. Օդանավի ապահովագրման վկայագիր (անգլերեն);
. Երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրման վկայագիր (անգլերեն);
. Օդանավով տեղափոխվող ավիատեխունեցվածքի ցանկ (անգլերեն);
. Շահագործողի վկայական (անգլերեն);
. Աղմուկների վկայական;
. Գլխավոր հայտարարագիր (դեկլարացիա);
. Մթերքների համար բժշկական վկայական;
. Սանիտարային նավամատյան:
5.2. Օդանավում պետք է մշտապես գտնվի տվյալ օդանավի բորտային համարին համապատասխան ֆիդերային սխեմաների հավաքածուն:
5.3. Միջազգային թռիչք կատարելուց առաջ անձնակազմին պետք է տրվեն ճշտված շահագործողա-տեխնիկական փաստաթղթեր`
- թույլատրելի խափանումների և անսարքությունների ցանկը, որոնցով թույլատրվում է թռիչքը մինչև տեղակայման օդանավակայան,
- ավիատեխնիկայի անսարքության և թռիչքի հատուկ դեպքերում անձնակազմի գործողությունների հանձնարարականների ժողովածուն,
- օդանավի աշխատատևության և անսարքությունների որոշման համար ինքնաթիռի համակարգերի և շարժիչների աշխատանքային տվյալների հաշվետվության ձևերը (անձնակազմի կողմից թռիչքի ընթացքում և ավարտից հետո լրացնելու համար),
- մագնիսային ժապավենի անձնագրերի թղթապանակը և ԿԶ-63 հաշվետվությունը:
- օդանավի թռիչքային շահագործման և տեխնիկական սպասարկման այլ փաստաթղթեր (անհրաժեշտության դեպքում):
5.4. Յուրաքանչյուր կոնկրետ օդանավի համար փաստաթղթերը կոմպլեկտավորվում են և պահվում հատուկ թղթապայուսակներում` օդանավի բորտային համարով:
5.5. Փաստաթղթերով թղթապայուսակը տրվում է օդանավի անձնակազմին թռիչքից առաջ, իսկ չվերթի ավարտից հետո ետ է վերցվում: Ընդունում-հանձնումը պետք է ձևակերպվի ընդունող և հանձնող անձանց ստորագրություններով Տ.Ս. և Վ. կազմակերպության Արտադրա-դիսպետչերական բաժնի «Օդանավային (բորտային) փաստաթղթերի ընդունման-հանձնման» մատյանում:
5.6. Թռիչքային շահագործման ձեռնարկում և այլ շահագործա-տեխնիկական փաստաթղթերում փոփոխություններ և լրացումներ մտցնելը կատարվում է ՀՀ ՔԱԳՎ գործող ցուցումներին համապատասխան:
6. ՄՕՈՒ-ՈՎ ԹՌԻՉՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱ-ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
6.1. ՄՕՈՒ-ով թռիչքներ կատարող անձնակազմի մեջ ընդգրկված ինժեներա-տեխնիկական գծով մասնագետները պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
6.1.1. Կատարելապես տիրապետեն օդանավերի կառուցվածքին և շահագործման կանոններին:
6.1.2. Ունենան առնվազն 3 (երեք) տարվա գործնական աշխատանքի փորձ տվյալ տեսակի օդանավերի տեխնիկական սպասարկման գծով և տվյալ թռիչքի ինքնահսկողաբար տեխնիկական սպասարկման նախատեսված ծավալը կատարելու համար թույլտվություն:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ
____________
Նոր տեսակի ավիացիոն տեխնիկայի շահագործման ժամանակ, որպես բացառություն, թույլատրվում է տվյալ տեսակի օդանավերի անձնակազմում ներգրավել 3 (երեք) տարուց պակաս աշխատանքային փորձ ունեցող ինժեներա-տեխնիկական անձնակազմ:
6.1.3. Իմանան ավիացիոն տեխնիկայում հաճախակի հանդիպող անսարքությունները և կարողանան այդ թերությունները ինքնուրույն վերացնել` խափանված պահեստամասի փոխարինումով, ինչպես նաև ապահովել դրանց կարգավորումը և աշխատունակության ստուգումը:
6.1.4. Իմանան միջազգային թռիչքներ կատարող օդանավերի տեխնիկական շահագործման նորմատիվային փաստաթղթերը, ինչպես նաև բեռնման կենտրոնակարգավորման, լցավորման կանոնների պահանջները:
6.1.5. Իմանան վայրէջքի օդանավակայաններում տվյալ տեսակի օդանավերի համար կիրառվող կանոնները և ունենան վերգետնյա սարքավորումների շահագործման գործնական կիրառման հմտություն:
6.1.6. Իմանան օդանավով տեղափոխվող ավիատեխունեցվածքի լրակազմությունը և պահպանման կանոնները:
6.1.7. Իմանան տեխնիկական և հաշվառման-հաշվետվության փաստաթղթերի վարման կանոնները:
6.2. ՄՕՈՒ-ով տեխնիկական սպասարկման ապահովման համար օդանավի անձնակազմին տրամադրվող ինժեներա-տեխնիկական մասնագետների պատրաստումն իրականացվում է ՀՀ ՔԱԳՎ Ավիաուսումնական կենտրոնի հատուկ ծրագրով:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԿՈՂՄԻՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՅԻՆ ՈՒՂԻՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ
ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱ-ԱՎԻԱՑԻՈՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ
ՄՕՈՒ-ՈՎ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ Ց Ա Ն Կ
ԻԼ-86 ԻՆՔՆԱԹԻՌ ______________
1. Իներցիոն համակարգ` Ի-II-I 2 կոմպլեկտ;
___________
2. Ռադիոնավագնացության համակարգ` «ԿՎԻՏՈԿ» ԵՎ GPS;
3. Ձախ սարքատախտակին` բարձրության ցուցանակ ՈՒՎ-75-15 ՖՊԲ (ֆուտերով);
4. Օդանավի ինժեների սարքատախտակին` բարձրության ցուցանակ ՎՄ-15;
5. Աջ սարքատախտակին` մեխանիկական ֆուտացուցանակ;
6. Ռադիոտեղորոշման համակարգ` ՍՕՄ-64 և ՍՕ-72;
7. Հեռաչափ` ՍԴ-75:
ԻԼ-76 ԻՆՔՆԱԹԻՌ ______________
1. Նավագնացության համակարգ` GPS;
2. Ձախ օդաչուի և ղեկապետի սարքատախտակին` բարձրաչափ ՎՄՖ-50Կ (ֆուտերով);
3. Ռադիոտեղորոշման համակարգ` ՍՕՄ-64 և ՍՕ-70:
ՏՈՒ-154Բ ԻՆՔՆԱԹԻՌ _________________
1. Ձախ սարքատախտակին` բարձրաչափ ՈՒՎԻԴ-15 (ֆուտերով);
2. Նավագնացության համակարգ` GPS;
3. Հեռաչափ` ՍԴ-67 2 կոմպլեկտ;
___________
4. Ռադիոտեղորոշման համակարգ` ՍՕՄ-64 և ՍՕ-70:
ՏՈՒ-134Ա ԻՆՔՆԱԹԻՌ _________________
1. Օդաչուների միջին սարքատախտակին` բարձրաչափ ՈՒՎԻԴ-15 (ֆուտերով);
2. Ղեկապետի սարքատախտակին` բարձրաչափ ՈՒՎԻԴ-15 (ֆուտերով);
3. Ռադիոտեղորոշման համակարգ` ՍՕՄ-64;
4. Հեռաչափ սարք` ՍԴ-67 1 կոմպլեկտ;
___________
5. Նավագնացության համակարգի կայանք` GPS (անհրաժեշտության դեպքում);
ՅԱԿ-40 ԻՆՔՆԱԹԻՌ _______________
1. Գերկարճալիքային ռադիոկայան` Բակլան-5, Բակլան-20;
2. Կարճալիքային ռադիոկայան` Յադրո - IKI;
3. Հեռաչափ` ՍԴ-67;
4. Ռադիոտեղորոշման համակարգ` ՍՕՄ-64;
5. Վայրէջքա-նավագնացության համակարգ ԿՈՒՐՍ-ՄՊ2, ԿՈՒՐՍ-ՄՊ70;
6. Ռադիոբարձրաչափ` ՌՎ-3Մ, ՌՎ-5Մ;
7. Ռադիոկողմնացույց` ԱՐԿ-9, ԱՐԿ-15;
8. Բարձրաչափեր` ՎԷՄ-72 ՖԳ, ՎՄՖ-50;
______________________
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ` Նշված սարքավորումները տեղակայվում են ներկայումս գործող
ղեկավար փաստաթղթերի պահանջներին և միջազգային թռիչքների կատարման փորձի
կիրառմանը համապատասխան, որում հետագայում կարելի է կատարել լրացումներ և
փոփոխություններ:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «23» 10 1996 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 53960057