(ուժը կորցրել է 03.03.11 թիվ 177-Ն որոշում)
i
040.1788.150104
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«15» հունվարի 2004 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 դեկտեմբերի 2003 թվականի N 1788-Ն
i
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԱՌԱՓՆՅԱ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳՈՏԻԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ և 19-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Սևանա լճի առափնյա` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերը:
i
2. Սահմանել, որ, համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի «բ» կետի և «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի, Սևանա լճի կենտրոնական գոտին առանձնացվում է որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ:
3. Սևանա լճի կենտրոնական գոտում կառուցապատումն իրականացվում է միայն Սևանա լճի առափնյա` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքներում` սույն որոշմամբ հաստատված փաստաթղթերով ամրագրված դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Սևանա լճի կենտրոնական գոտում` սույն որոշմամբ հաստատված փաստաթղթերով առանձնացված տարածքներից դուրս, մինչև նշված տարածքների գոտիավորման փաստաթղթերի կազմումը, քաղաքաշինական գործունեության նպատակով կատարվող հողամասերի տրամադրումը և կառուցապատման գործընթացն իրականացվում են բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի հիման վրա:
i
5. Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման իրավասու մարմինների ղեկավարներին` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, համաձայնեցման ընթացքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 927-Ն որոշմամբ սահմանված «Սևան» ազգային պարկի և դրա պահպանական գոտու սահմանների ճշտման աշխատանքներում հիմք ընդունել Սևանա լճի առափնյա` առաջնահերթ կառուցապատման ենթակա տարածքների գոտիավորման փաստաթղթերով ամրագրված դրույթները:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-ԻՆ