(ուժը կորցրել է 05.02.04 թիվ 207-Ն որոշում)
i
040.1354.061103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» նոյեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հոկտեմբերի 2003 թվականի N 1354-Ն
i
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման նշանակման և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` ապահովել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին դրամական փոխհատուցման ֆինանսավորումը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2003 թվականի հոկտեմբերի 16-ի
N 1354-Ն որոշման
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻՑ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածին համապատասխան` Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, ինչպես նաև պատերազմի տարիներին Լենինգրադի բլոկադայի մասնակիցներին և ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս գերիներին (այսուհետ` վետերաններ) էլեկտրաէներգիայի վարձավճարի համար և տրանսպորտից օգտվելու արտոնության փոխարեն դրամական փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) նշանակման և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ չափերով`
ա) վետերաններին` ամսական 2000 դրամ,
բ) հաշմանդամ վետերաններին` ամսական 2500 դրամ:
3. Փոխհատուցումը տրվում է տրանսպորտից անվճար երթևեկության վկայականը հետ վերադարձնելու մասին Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա:
4. Փոխհատուցումը նշանակում է վետերանի գրանցման վայրի, իսկ վճարում` փաստացի բնակության վայրի սոցիալական ապահովագրության տարածքային կենտրոնը (այսուհետ` կենտրոն)` վետերանի կողմից գրավոր դիմումն անհրաժեշտ փաստաթղթերով ներկայացվելու դեպքում:
5. Փոխհատուցում ստանալու համար վետերանները կենտրոն են ներկայացնում դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք բնակության վայրից, վետերանի կարգավիճակը հաստատող վկայական, իսկ հաշմանդամ վետերանների համար` նաև հաշմանդամությունը հաստատող փաստաթուղթ, տեղեկանք Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից` տրանսպորտից անվճար օգտվելու վկայականը վերադարձնելու վերաբերյալ:
6. Փոխհատուցումը նշանակվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից և վճարվում է պատվովճարների համար սահմանված կարգով:
Վետերանի ցանկությամբ, հետագայում կրկին դրամական փոխհատուցման փոխարեն նրան կարող է տրամադրվել տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոն: Այս դեպքում վետերանի դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից կենտրոնը դադարեցնում է նրան նշանակված փոխհատուցման վճարումը: Վճարման դադարեցման մասին տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը սահմանված կարգով վետերանին տրամադրում է տրանսպորտով անվճար երթևեկելու կտրոն:
7. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ գումարների մասին ամփոփ տվյալներն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը, ֆինանսավորումից հետո, ապահովում է յուրաքանչյուր ամիս փոխհատուցման վճարումը կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետներում:
8. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն ըստ փոխհատուցում ստացած վետերանների ցուցակների Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում յուրաքանչյուր ամսվա վճարումների, պարտքերի և չվճարված գումարների մասին տեղեկատվություն:
9. Վետերաններին արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցում նշանակելու պահից դադարեցվում է ներհանրապետական միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (50 կմ-ից ավելի) տարեկան մեկ անգամ երկկողմանի կարգով անվճար կամ զեղչ սակագներով օգտվելու համար կտրոնային թերթիկների տրամադրումը: Այն վետերաններին, որոնց արտոնությունների փոխարեն դրամական փոխհատուցում չի վճարվում, ներհանրապետական միջքաղաքային ուղևորատար տրանսպորտից (50 կմ-ից ավելի) տարեկան մեկ անգամ երկկողմանի կարգով անվճար կամ զեղչ սակագներով օգտվելու համար կտրոնային թերթիկ տրվում է միայն կենտրոններից փոխհատուցում չստանալու մասին համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում: