(ուժը կորցրել է 21.04.10 թիվ 205-Ն հրաման)
i
116.0296.031003
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 10 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11603317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
19 սեպտեմբերի 2003 թվականի N 296-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N-890-Ն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով` հաստատել.
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության գործավարության կարգը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
տրանսպորտի և կապի նախարարի
19.09.2003 թ. N 296-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է նախարարության գործավարության կարգը:
2. Նախարարության գործավարության կազմակերպումն իրականացնում է նախարարության աշխատակազմի քարտուղարությունը (այսուհետև` քարտուղարություն):
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի (այսուհետև` աշխատակազմ) կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում (այսուհետև` ստորաբաժանում) գործավարության կազմակերպման և վարման համար պատասխանատու է ստորաբաժանման ղեկավարը:
4. Գաղտնի գործավարությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան:
2. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ԳՐԱՆՑՈՒՄՆ ՈՒ ՇԱՐԺԸ
5. Աշխատակազմում ստացված ամբողջ պաշտոնական և ոչ պաշտոնական թղթակցությունն ընդունվում և գրանցվում է աշխատակազմի քարտուղարությունում` ապարատածրագրային միջոցներով, զուգահեռ նաև մատյանների օգնությամբ, որտեղ արտացոլվում են փաստաթղթի համառոտ բովանդակությունը, շարժը և կատարման ընթացքը:
Աշխատակազմի ստորաբաժանումներում ներքին փաստաթղթաշրջանառության համար պահվում են առանձին գրանցամատյաններ:
Գրանցված փաստաթղթի 1-ին էջի ներքևի աջ անկյունում դրվում է դրոշմակնիք, որի վրա նշվում են մտից գրանցման համարը և ամսաթիվը:
Ստացված փաստաթղթի մտից գրանցման համարը բաղկացած է քարտուղարության դասակարգիչներով թղթակցությանը տրված պայմանանիշից և նրա հերթական համարից:
6. Քարտուղարությունում բացվում են ստացված բոլոր ծրարները (նաև` էլեկտրոնային), բացի «Անձամբ» մակագրությամբ ծրարներից և անձնական էլեկտրոնային ստորագրությամբ փակված փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներից (ֆայլերից):
«Անձամբ» մակագրությամբ ծրարները (կամ ֆայլերը) չեն գրանցվում և փակ վիճակում հանձնվում կամ նախարարության համակարգչային ցանցով հաղորդվում են հասցեատիրոջը:
7. Քարտուղարության աշխատողները պարտավոր են ծրարը բացելիս ստուգել փաստաթղթերի առկայությունը (հավելվածները), առդիր թղթերի քանակը, փաստաթղթերի համարները համեմատել ծրարի վրա նշվածների հետ:
Փաստաթղթերի կամ ֆայլերի բացակայության կամ վնասված լինելու դեպքում կազմվում է ակտ` 3 օրինակից, որոնցից մեկը մնում է քարտուղարությունում, երկրորդը կցվում է փաստաթղթերին, իսկ երրորդն ուղարկվում է այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
Եթե ծրարում կամ ֆայլում հայտնաբերվում են սխալմամբ դրված փաստաթղթեր, դրանք նոր ծրարներով կամ նախարարության համակարգչային ցանցով (այսուհետև` համակարգչային ցանց) ուղարկում են ըստ պատկանելիության` փաստաթղթերին կցելով այն ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով դրանք ստացված են` անհրաժեշտության դեպքում տեղյակ պահելով այն կազմակերպությանը, որտեղից ստացվել է ծրարը:
8. Ծրարները (նաև` էլեկտրոնային), որոնցով ստացվել է թղթակցությունը, պահպանվում և փաստաթղթերին են կցվում այն դեպքում, երբ միայն ծրարի միջոցով կարելի է պարզել ուղարկողի հասցեն կամ, եթե ծրարի վրա փոստային դրոշմի ամսաթիվը նշանակություն ունի տվյալ նյութի ուղարկման ու ստացման ժամանակը որոշելու համար:
9. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվում են համակարգչային ցանցով, պետք է հաստատված լինեն ուղարկողի կամ համապատասխան պաշտոնատար անձի էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Ստացված էլեկտրոնային օրինակն անհրաժեշտության դեպքում վերծանվում է և տեղական լոկալ համակարգչային ցանցով ուղարկվում հասցեատիրոջը:
10. Յուրաքանչյուր փաստաթուղթ պետք է ունենա իր էլեկտրոնային պատճենը` ֆայլի ձևով ստեղծված ապարատածրագրային միջոցով, որն ապահովում է այն պատրաստող անձը կամ ստորաբաժանումը:
11. Փաստաթղթերի այն էլեկտրոնային օրինակները, որոնք հաստատված չեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ, բացի հաստատող և պատրաստող անձանց պաշտոններից ու ազգանուններից, լրացուցիչ պետք է պարունակեն ուղարկող օպերատորի ազգանունը: Բայց այդ դեպքում փաստաթուղթը կունենա միայն պատճենի կարգավիճակ:
12. Մտից փաստաթղթերը, որոնք ստացվել են թղթի կրիչի վրա, էլեկտրոնային ձևի ապարատածրագրային միջոցների օգնությամբ ենթակա են վերծանման` հետագայում տվյալների շտեմարանում գրանցելու համար:
13. Հայաստանի Հանրապետության Նախագահից, Հայաստանի Հանրապետության վարչապետից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից ստացված նյութերն ու «Շտապ» թղթակցությունն անհապաղ գրանցվում ու հանձնվում են զեկուցման:
14. Մյուս թղթակցությունը հասցեատերերին է տրվում կամ հաղորդվում լոկալ ցանցով` աշխատանքային 1 օրվա ընթացքում:
15. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին և աշխատակազմի ղեկավարին հասցեագրված ու մուտքագրված գրությունները, նամակները և մյուս փաստաթղթերը գրանցումից հետո ուղարկվում են աշխատակազմի ղեկավարին: Արգելվում է առանց գրանցման թղթակցության շարժը:
16. Նախարարի տեղակալները հանձնարարականներ են տալիս ստորաբաժանումների ղեկավարներին` ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:
17. Հայաստանի Հանրապետության իրավական ակտերի նախագծերը և այլ փաստաթղթերը աշխատակազմում քննարկելու համար նախարարի, նախարարի տեղակալների կամ աշխատակազմի ղեկավարի կողմից նշանակվում է գլխադասային ստորաբաժանում` համապատասխան նշում կատարելու ձևով, նախարարի կողմից սահմանված ստորաբաժանումների իրավասություններին համապատասխան:
18. Ստորաբաժանման գործավարության վարման համար պատասխանատու աշխատակիցը, քարտուղարությունից ստանալով ստորաբաժանում ուղարկված փաստաթուղթը կամ ֆայլը, այն գրանցում է համակարգչում և մատյանում, ստորաբաժանման ղեկավարի մակագրությամբ հանձնում անմիջական կատարողներին` համակարգչում կամ մատյանում արտացոլելով փաստաթղթաշրջանառությունը ստորաբաժանման ներսում: Ստորաբաժանումից ստորաբաժանում վերահասցեագրված փաստաթղթերը հասցեատերերին է հանձնվում քարտուղարության միջոցով` հանձնարարական տվողի համաձայնությամբ:
19. Քարտուղարությունը գործին կցելու համար փաստաթուղթն ընդունում է այն դեպքում, երբ փաստաթղթին կից` ստորաբաժանման ղեկավարի կողմից ներկայացված համապատասխան հիմնավորման վրա առկա է աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի «Գործին» մակագրություն:
20. Աշխատակազմի աշխատողները պատասխանատու են իրենց մոտ գտնվող փաստաթղթերի պահպանության համար և պարտավոր են խնամքով վերաբերել դրանց:
21. Չի թույլատրվում աշխատակազմում ստացված փաստաթղթերի բնագրային տեքստում կամ դրա ֆայլում որևէ նշում անել:
22. Արձակուրդ գնալիս, երկարատև գործուղման մեկնելիս կամ այլ պատճառներով բացակայելիս աշխատողը պարտավոր է իր մոտ եղած անավարտ գործերի փաստաթղթերը հանձնել իրեն փոխարինողին կամ անմիջական ղեկավարին:
23. Աշխատակազմում փաստաթղթերը քննարկվում և կատարվում են հետևյալ ժամկետներում`
Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի, նախարարությունների, դրանց աշխատակազմերի այլ պետական մարմինների կողմից ներկայացված` հարցերի վերաբերյալ գրությունների համար (եթե այլ ժամկետներ նախատեսված չեն).
ա/ լրացուցիչ ուսումնասիրություններ չպահանջող հարցեր` մինչև 10 օր.
բ/ լրացուցիչ ուսումնասիրություններ, քննարկումներ պարունակող փաստաթղթերի քննարկման համար գլխադասային ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա, հանձնարարականը տվող պաշտոնատար անձի թույլտվությամբ կատարման ժամկետը կարող է երկարացվել:
24. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ նախապատրաստվում են 4-օրյա ժամկետում:
25. Իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ եզրակացությունների նախապատրաստման և փաստաթղթերի սահմանված ժամկետներում կատարման համար պատասխանատու է գլխադասային ստորաբաժանումը:
26. Գլխադասային ստորաբաժանման կողմից իրավական ակտի նախագծի, փաստաթղթի վերաբերյալ եզրակացությունը, պատասխան նամակի նախագիծը ներկայացվում է հանձնարարականում նշված մյուս ստորաբաժանումների ղեկավարներին` համաձայնեցման:
27. Իրավական ակտերի, պատասխան նամակների նախագծերը, համաձայնեցումից հետո ներկայացվում են իրավաբանական վարչություն` իրավական փորձաքննության, նշագրման:
28. Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումները, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը և կարգադրությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներն աշխատակազմի իրավաբանական վարչությունից դուրս տրվում են միայն աշխատակազմի աշխատողներին` վերադարձնելու պայմանով, կամ դրանց ֆայլերից օգտվում են միայն աշխատակազմի աշխատողները` իրենց պահանջով: Աշխատակազմի իրավաբանական վարչությունից վերցված իրավական ակտերը ենթակա են 5-օրյա ժամկետում վերադարձման:
3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ
29. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները տպագրվում են համապատասխան ձևաթղթերի վրա:
30. Քարտուղարությունը ձևաթղթի վրա տպագրված հրամանների նախագծերը հանձնում է աշխատակազմի ղեկավարին` նախարարի ստորագրությանը ներկայացնելու համար:
31. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանները քարտուղարությունում գրանցվում են գրանցամատյանում` Հայաստանի հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
32. Քարտուղարությունը համակարգչային ցանցով փոխանցում է նախարարի, աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված հրամանները, իսկ եթե չի գործում համակարգչային ցանցը կամ եթե հասցեատերն ընդգրկված չէ դրանում, հրամանները առաքվում են փոստով` համաձայն հասցեաթերթի:
33. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամանի յուրաքանչյուր օրինակ կնքվում է քարտուղարության դրոշմակնիքով:
34. Նախարարի, նախարարության աշխատակազմի ղեկավարի հրամանների էլէկտրոնային պատճենները քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում:
35. Քարտուղարության կողմից կազմակերպություններին հրամանների լրացուցիչ օրինակներ չեն տրվում` առանց աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների ցուցումի:
36. Նախարարի և աշխատակազմի ղեկավարի հրամաններում ուղղումներ կատարվում են բացառապես ակնհայտ տեխնիկական վրիպակների դեպքում` աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալի գրավոր ցուցումով, և առաքվում` ըստ սկզբնական հասցեաթերթերի:
37. Նախարարի հրամանների հավելվածները ստորագրում է աշխատակազմի ղեկավարը:
38. Նախարարի, նախարարի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցությունների արձանագրություններն ստորագրվելուց հետո` քաղվածքների ձևով ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներ և կազմակերպություններ: Պատճենները կնքվում են քարտուղարության դրոշմակնիքով, իսկ էլեկտրոնային օրինակները` էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
39. Նշված արձանագրությունները համարակալվում են և պահվում քարտուղարությունում, իսկ ֆայլերը` տվյալների շտեմարանում:
4. ԵԼԻՑ ԹՂԹԱԿՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
40. Նախարարության ելից փաստաթղթերն ստորագրվում են նախարարի, նախարարի տեղակալների և աշխատակազմի ղեկավարի կողմից: Ստորագրված գրությունների էլէկտրոնային տարբերակները քարտուղարության կողմից զետեղվում են նախարարության համակարգչային ցանցում` շտեմարանում, ընդ որում, ֆայլի անվանումը պետք է համընկնի գրության ելից համարին:
41. Ստորագրության ներկայացվող նամակին կցվում է երկրորդ օրինակը` համապատասխան նշագրերով:
42. Նամակների տեքստի տակ, որոնց կցվում են լրացուցիչ նյութեր, նշվում են կցվող նյութի թերթերի թիվը, ներքևի ձախ անկյունում` կատարողի պաշտոնը, ազգանունը, հեռախոսահամարը (7 տառաչափով):
43. Հեռագրային, հեռախոսագրային գրագրությունն արվում է միայն շտապ բնույթով հարցերի վերաբերյալ: Հեռախոսագիր ստացողը հեռախոսագիրը մինչև ղեկավարությանը ներկայացնելը ձախից ներքևի անկյունում դնում է իր նշագիրը:
44. Նամակի (հեռագրի) ելից համարը կազմված է պայմանանիշից և համարից:
45. Նախարարի ստորագրմանը ներկայացվող գրությունները տպագրվում են «Թառումյան» տառատեսակով` 12 տառաչափով:
5. ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄՆ ՈՒ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ
46. Քաղաքացիների առաջարկությունների, դիմումների ու բողոքների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է քարտուղարությունը
47. Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները, բողոքները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:
6. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի արխիվ են հանձնվում նախորդ տարվա մշտական և ժամանակավոր պահպանման օրենքով սահմանված արխիվացման ենթակա գործավարության բոլոր փաստաթղթերը: Դրանց մշակումից հետո «Արխիվ» շտեմարանում ցանցային կենտրոնական համակարգչի վրա գրանցվում են նաև ֆայլերը:
49. Նախարարության փաստաթղթերի պահպանումն իրականացվում է «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
50. Անհրաժեշտության դեպքում աշխատակազմի արխիվից կամ «Արխիվ» շտեմարանից կարելի է օգտվել` գործերը դուրս բերել կամ դրանցից փաստաթղթեր պատճենահանել` միայն աշխատակազմի ղեկավարի, նրա տեղակալի կամ քարտուղարության պետի թույլտվությամբ:
51. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է ըստ ցանկերի և գործերի պայմանանիշերի:
52. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը (արխիվարիուսը) քարտուղարության գործերի ընդունման համար ստորագրում է ցանկերի բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:
53. Մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:
54. Նախարարությունը ունի մեկ էլեկտրոնային փոստի հասցե, որը նշվում է որպես պաշտոնական:
55. Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի բովանդակությունը քարտուղարության կողմից բազմացվում և 3-օրյա ժամկետում տրամադրվում է աշխատակազմի ստորաբաժանումներին: