i
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունը և Ղրղզստանի Հանրապետությունը, այսուհետ` Բարձր պայմանավորվող կողմեր,
ելնելով Հայաստանի Հանրապետության անկախության մասին 1990 թվականի օգոստոսի 23-ի Հռչակագրից և Ղրղզստանի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի օգոստոսի 31-ի Հռչակագրից,
լի իրենց միջպետական հարաբերությունները փոխըմբռնման, արդարության և հավասարության հիմքի վրա կառուցելու վճռականությամբ,
հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության, Հելսինկյան Եզրափակիչ ակտի և Եվրոպայում անվտանգության ու համագործակցության մյուս փաստաթղթերի նպատակներին ու սկզբունքներին,
ղեկավարվելով ժողովրդավարական իրավական պետությունների կառուցումը շարունակելու ձգտմամբ,
ողջունելով Եվրոպայում և աշխարհում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները,
ձգտելով համընդհանուր խաղաղության ու միջազգային համագործակցության ամրապնդմանը,
պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.
ՀՈԴՎԱԾ 1
Բարձր պայմանավորվող կողմերը փոխադարձ հարաբերություններում և միջազգային գործունեության մեջ հանդես են գալիս որպես ինքնիշխան, իրավահավասար, բարեկամ պետություններ և իրենց հարաբերությունները զարգացնում են միմյանց անկախությունն ու պետական ինքնիշխանությունը հարգելու, իրավահավասարության ու միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:
ՀՈԴՎԱԾ 2
Բարձր պայմանավորվող կողմերը կզարգացնեն իրավահավասար ու փոխշահավետ համագործակցություն տնտեսության, մշակույթի, առողջապահության, բնապահպանության, գիտության, տեխնիկայի, առևտրի, մարդասիրական և այլ բնագավառներում, կնպաստեն տեղեկատվական լայն փոխանակմանը, բարեխիղճ և անվերապահ կերպով կկատարեն փոխադարձ պարտավորությունները:
Կողմերը անհրաժեշտ են համարում առանձին համաձայնագրերի կնքումը այս բնագավառներում:
ՀՈԴՎԱԾ 3
Բարձր պայմանավորվող կողմերը համաձայնեցին, որ միջտնտեսական հարաբերությունների, առևտրական փոխանակման, կապի ու փոխադրումների բոլոր տեսակների կոնկրետ մեխանիզմները կկարգավորվեն համապատասխան համաձայնագրերով: Կողմերը միակողմանիորեն չեն կիրառի մյուս Կողմի շուկան ապակայունացնող տնտեսական միջոցառումներ, ինչպես նաև չեն մասնակցի երրորդ երկրների նման գործողություններին:
ՀՈԴՎԱԾ 4
Բարձր պայմանավորվող կողմերը միջկառավարական համաձայնագրեր կկնքեն փոխադարձ մատակարարումների ու ծառայությունների, վճարումների, արժեթղթերի գների և շարժման, ինչպես նաև համաշխարհային գների մակարդակին կողմնորոշված փոխադարձ հաշվարկների անցնելու ժամկետների վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 5
Բարձր պայմանավորվող կողմերը ապահովում են տարանցիկ տրանսպորտային գործողություններ իրենց տարածքներում գտնվող ցանկացած տրանսպորտային ցանցով:
Տարանցիկ տրանսպորտային գործողությունների իրագործման պայմաններն ու կարգը որոշվում են Բարձր պայմանավորվող կողմերի հատուկ համաձայնագրերով:
ՀՈԴՎԱԾ 6
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը պաշտպանում է մյուս Կողմի տարածքում բնակվող իրենց քաղաքացիների իրավունքները, համակողմանի օգնություն և աջակցություն է ցույց տալիս նրանց` Բարձր պայմանավորվող կողմերի օրենսդրությանը և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 7
Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում են միջպետական մակարդակով համաձայնեցված գործելու նպատակահարմարությունը`
մարդու իրավունքների ապահովման ու պաշտպանության,
միջազգային տնտեսական համագործակցությանն ու եվրասիական շուկայի ձևավորմանն ու զարգացմանը մասնակցելու,
ինֆորմատիկայի ու կապի ոլորտների զարգացման,
շրջակա միջավայրի պահպանման և բնապահպանական անվտանգության համապարփակ միջազգային համակարգի ստեղծմանը մասնակցելու,
ինչպես Բարձր պայմանավորվող կողմերի տարածքներում, այնպես էլ միջազգային ավելի լայն մասշտաբով կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի,
միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` արտակարգ իրադրություններում միմյանց օգնություն ցույց տալու հարցերում:
ՀՈԴՎԱԾ 8
Բարձր պայմանավորվող կողմերից մեկի` մյուսի տարածքում գտնվող պետական ունեցվածքի, իրավաբանական անձանց ու քաղաքացիների ունեցվածքի իրավական ռեժիմը կանոնակարգվում է այն Բարձր պայմանավորվող կողմի օրենսդրությամբ, որի տարածքում գտնվում է ունեցվածքը, եթե Բարձր պայմանավորվող կողմերը ուրիշ համաձայնագրերով այլ բան չեն նախատեսել:
ՀՈԴՎԱԾ 9
Բարձր պայմանավորվող կողմերը զարգացնում են համագործակցություն գիտության և տեխնիկայի բնագավառում հիմնարար հետազոտությունների, համատեղ առաջնային ծրագրերի ու մշակումների իրագործման համար, առանձին համաձայնագրերի հիման վրա, նպաստում են համատեղ գիտաարտադրական կոլեկտիվների ստեղծմանն ու գործունեությանը:
Բարձր պայմանավորվող կողմերը համագործակցում են բարձրորակ կադրերի պատրաստման ու ատեստավորման ոլորտում, խրախուսում են գիտնականների, փորձնակների և ուսանողների փոխանակումները: Կողմերը փոխադարձաբար ճանաչում են կրթության, գիտական աստիճանների ու կոչումների վերաբերյալ վկայագրերը:
ՀՈԴՎԱԾ 10
Բարձր պայմանավորվող կողմերը լուծում են մի Կողմի քաղաքացիների կենսաթոշակային ապահովումը մյուս Կողմի տարածքում` քաղաքացիների կենսաթոշակի իրավունքի ճանաչման հիման վրա` հատուկ համաձայնագրերին համապատասխան:
ՀՈԴՎԱԾ 11
Սույն Պայմանագիրն ուղղված չէ երրորդ պետությունների դեմ և չի շոշափում Բարձր պայմանավորվող կողմերի միջազգային այլ պայմանագրերից, որոնց մասնակից են նրանք հանդիսանում, բխող իրավունքներն ու պարտականությունները:
ՀՈԴՎԱԾ 12
Սույն Պայմանագրի նորմերի մեկնաբանման ու կիրառման վերաբերյալ վեճերը ենթակա են լուծման Բարձր պայմանավորվող կողմերի միջև բանակցությունների և խորհրդակցությունների ճանապարհով:
ՀՈԴՎԱԾ 13
Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրն իրեն վերապահում է սույն Պայմանագրի կամ նրա առանձին հոդվածների գործողությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ բանակցությունների նախաձեռնման իրավունքը: Սույն Պայմանագրի հոդվածները կարող են լրացվել կամ փոփոխվել Բարձր պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
ՀՈԴՎԱԾ 14
Սույն Պայմանագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից:
ՀՈԴՎԱԾ 15
Սույն Պայմանագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով: Նրա գործողությունը ամեն անգամ ինքնաբերաբար երկարաձգվում է հաջորդ հնգամյա ժամկետով, եթե Բարձր պայմանավորվող կողմերից մեկը Պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ պակաս, քան վեց ամիս առաջ Բարձր պայմանավորվող մյուս կողմին գրավոր տեղյակ պահելու ճանապարհով չի հայտարարում այն չեղյալ համարելու ցանկության մասին:
ՀՈԴՎԱԾ 16
Սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 102-րդ հոդվածի, ուղարկվում է Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարություն` գրանցման և հրապարակման համար:
Կատարված է Բիշկեկ քաղաքում 1993 թվականի մարտի 19-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:
Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1994 թվականի մայիսի 2-ից: