(ուժը կորցրել է 11.02.13 թիվ 3-Ն հրաման)
i
112.0004.150403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11203127
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
2 ապրիլի 2003 թվականի N 4-Ն
i
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Ոստիկանությունում պաշտոնի նշանակման համար եռամսյա փորձաշրջան և վերապատրաստում անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 112 որոշման հավելվածի 26-րդ կետի համաձայն
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կարգը և պայմանները» համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:
2. Ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, ուսումնական հաստատությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, դրանց ենթակա ստորաբաժանումների պետերին`
- կազմակերպել սույն կարգի ուսուցումը և իրականացնել դրա պահանջների կատարումը:
3. Հրամանն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
02 ապրիլի 2003 թվականի
թիվ 4-Ն հրամանի
ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման կարգը և պայմանները:
2. Կարգի նպատակն ու խնդիրներն են.
նպաստել`
ա/ ոստիկանությունում նոր ընդունված ծառայողների մասնագիտական պատրաստականության և բարոյագաղափարական դաստիարակության աշխատանքների արդյունավետ կատարմանը, ծառայողի ընտրած մասնագիտության առանձնահատկություններին ծանոթանալուն, ինչպես նաև հասարակական կարգի ապահովման և հանցավորության դեմ պայքարի աշխատանքները որակով կատարելու համար անհրաժեշտ գործնական ունակություններ ձեռք բերելուն.
բ/ կոլեկտիվում նոր ընդունված ծառայողի կողմից իր անհատականությունը, բարոյագաղափարական և կամային հատկանիշները դրսևորելուն, կոլեկտիվի լիարժեք անդամ դառնալուն, նրա լավագույն ավանդույթները յուրացնելուն և իրագործելուն:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
3. Փորձաշրջանի և վերապատրաստման արդյունքներով թեկնածուին ոստիկանությունում կրտսեր և ավագ խմբի պաշտոններում նշանակելուց հետո ոստիկանության ծառայողին 1 տարի ժամկետով կցվում է ղեկավար-դաստիարակ:
4. Ղեկավար-դաստիարակ նշանակվում է ծառայության մեջ բարձր ցուցանիշներ, դաստիարակչական ունակություններ ունեցող և անձնակազմի հարգանքը վայելող առավել պատրաստված ծառայողը`
ա/ ոստիկանությունում ծառայության նոր ընդունված կրտսեր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ.
բ/ ոստիկանության ուսումնական հաստատություններ ավարտած` նոր ընդունված ծառայողների նկատմամբ:
5. Ղեկավար-դաստիարակի կցումը նոր ընդունված ծառայողին կատարվում է ստորաբաժանման պետի հրամանով, նոր ընդունվող ծառայողին նշանակելու օրվանից` մեկ շաբաթվա ընթացքում: Յուրաքանչյուր ղեկավար-դաստիարակին կցվում է 2-ից ոչ ավել նոր ընդունված ծառայող:
Հրամանի մեկական օրինակը տեղերում կցվում է կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ղեկավար-դաստիարակի և նոր ընդունված ծառայողի անձնական գործերին: Ավագ խմբի պաշտոններ զբաղեցնելու դեպքում հրամանի օրինակներն ուղարկվում են կադրերի վարչություն` նրանց անձնական գործերին կցելու համար:
6. Ղեկավար-դաստիարակչության ժամկետը լրանալուց հետո տվյալ ստորաբաժանման պետը, նոր ընդունված ծառայողի անմիջական պետի գրավոր զեկուցագրի հիման վրա հաստատում է բնութագիրը, որը կցվում է նոր ընդունված ծառայողի անձնական գործին:
7. Ղեկավար-դաստիարակի կատարած աշխատանքի արդյունավետությունը հաշվի է առնվում ծառայողի ատեստավորման ժամանակ:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Ղեկավար-դաստիարակը պատասխանատվություն է կրում նոր ընդունված ծառայողի հետ տարվող աշխատանքների համար և իր առջև դրված խնդիրներին համապատասխան իրավասու է.
ա/ ծանոթացնել նոր ընդունված ծառայողին ծառայողական գործունեությունը կարգավորող նորմատիվ ակտերի, ոստիկանությունում ծառայության անցման և մասնագիտական պատրաստականության կազմակերպումը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի պահանջներին.
բ/ հաշվի առնել նոր ընդունված ծառայողի անհատական առանձնահատկությունները, ինչպես նաև ընդհանուր կրթական և հատուկ պատրաստվածության մակարդակը.
գ/ կազմել նոր ընդունված ծառայողի հետ տարվող անհատական-դաստիարակչական աշխատանքի տարեկան պլան և նոր ընդունված ծառայողի անմիջական պետի հետ համաձայնեցնելուց հետո ներկայացնել ստորաբաժանման պետի հաստատմանը.
դ/ նպաստել նոր ընդունված ծառայողի մասնագիտական գիտելիքների ամրապնդմանը, սովորեցնել նրան ծառայողական խնդիրների լուծման առավել արդյունավետ ձևերը: Միջոցներ ձեռնարկել նոր ընդունված ծառայողի կողմից կարգապահության և օրինականության խախտում թույլ չտալու ուղղությամբ: Ակտիվ մասնակցություն ունենալ նրա ծառայողական և հասարակական գործունեության հետ առնչվող հարցերի քննարկմանը.
ե/ հսկողություն սահմանել նոր ընդունված ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու նկատմամբ, մասնակցել նրա կողմից առավել բարդ ծառայողական հանձնարարությունների կատարմանը.
զ/ հետևել, որ նոր ընդունված ծառայողն իր ծառայողական և մարտական պատրաստականության ընթացքում կանոնավոր հաճախի պարապմունքներին, լիարժեք տիրապետի տեսական և գործնական հմտություններին, կարողանա ինքնուրույն աշխատել ծառայողական փաստաթղթերի և հանձնարարված գրականության հետ, համառոտագրել դրանք.
է/ անձնական օրինակով նպաստել ծառայողական պարտքի կատարման նկատմամբ նոր ընդունված ծառայողի բարեխիղճ վերաբերմունքի դաստիարակմանը, նրա կողմից կարգապահության, օրինականության և մասնագիտական էթիկայի նորմերի պահպանմանը, քաղաքացիների նկատմամբ հարգալից և հոգատար վերաբերմունքի արմատավորմանը.
ը/ եռամսյակը 1 անգամ ստորաբաժանման պետին հաշվետվություն ներկայացնել նոր ընդունված ծառայողի հետ տարվող աշխատանքների վերաբերյալ:
ՆՈՐ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՂԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
9. Նոր ընդունված ծառայողը իրավասու է.
ա/ հաստատակամորեն աշխատել ծառայողական պարտականությունների արդյունավետ կատարման համար անհրաժեշտ տեսական և գործնական հմտությունների ձեռքբերման ուղղությամբ, սահմանված ժամկետներում կատարել անհատական դաստիարակչական աշխատանքի պլանով նախատեսված առաջադրանքները.
բ/ մշտապես աշխատել ընդհանուր գիտելիքների մակարդակի, կազմակերպվածության, կարգապահության բարձրացման ուղղությամբ, ակտիվորեն մասնակցել կոլեկտիվի հասարակական կյանքին.
գ/ կատարել ղեկավար-դաստիարակի հանձնարարությունները:
ՂԵԿԱՎԱՐ - ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ
10. Ղեկավար-դաստիարակչական աշխատանքների կազմակերպման և իրականացման համար պատասխանատու է ստորաբաժանման պետը, որն իրավասու է`
ա/ անհատական զրույց անցկացնել նոր ընդունված ծառայողի հետ, նրան ներկայացնել անձնակազմին և հայտարարել ղեկավար-դաստիարակի նշանակման մասին հրամանը.
բ/ ղեկավար-դաստիարակին իրազեկել նոր ընդունված ծառայողի դաստիարակության մեթոդիկայի վերաբերյալ, քննարկել և հաստատել նոր ընդունված ծառայողի հետ ղեկավար-դաստիարակի անհատական դաստիարակչական աշխատանքի պլանը, հսկել դրա կատարումը.
գ/ ստեղծել անհրաժեշտ պայմաններ ղեկավար-դաստիարակի և նոր ընդունված ծառայողի համատեղ ծառայությունը կազմակերպելու, նրանց կողմից օպերատիվ - ծառայողական խնդիրներն իրականացնելու, նորմատիվ ակտերը և հատուկ գրականությունը ուսումնասիրելու համար.
դ/ ղեկավար- դաստիարակության ժամկետը լրանալուց հետո անմիջական պետի հետ քննարկել նոր ընդունված ծառայողի մասնագիտական պատրաստվածության և բարոյա-գաղափարական դաստիարակության արդյունավետությունը, ինչպես նաև որոշում ընդունել ղեկավար-դաստիարակության ժամկետն ավարտված համարելու մասին.
ե/ ուսումնասիրել, վերլուծել, ամփոփել ղեկավար-դաստիարակչական աշխատանքների գործընթացն ու միջոցառումներ իրականացնել այդ աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ.
զ/ յուրաքանչյուր կիսամյակի վերաբերյալ կադրերի վարչություն ներկայացնել ղեկավար-դաստիարակչական աշխատանքների հաշվետվությունը / հավելված 2/:
11. Ոստիկանությունում ղեկավար-դաստիարակչության կազմակերպման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանության կադրերի վարչությունը:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
ոստիկանության պետի
02 ապրիլի 2003 թվականի
թիվ 4-Ն հրամանի
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ոստիկանության _________________________ -ի
/ստորաբաժանման անվանումը/
ղեկավար-դաստիարակչական աշխատանքների վերաբերյալ
2003 թ. __________ կիսամյակ
._________________________________________________________________.
|հ/հ|Ղեկավար-դաստիարակի |Նոր ընդունված |Ղեկավար- |Այլ նշումներ |
| |անունը, հայրանունը,|ծառայողի անունը,|դաստիարակի|նոր ընդունված|
| |ազգանունը, պաշտոնը,|հայրանունը, |նշանակման |ծառայողի և |
| |կոչումը |ազգանունը, |հրամանը, |ղեկավար- |
| | |պաշտոնը, կոչումը|ամսաթիվը |դաստիարակի |
| | | | |վերաբերյալ |
| | | | |/տույժ, |
| | | | |հեռացում, |
| | | | |ազատում/ |
|___|___________________|________________|__________|_____________|
| | | | | |
._________________________________________________________________.
Ստորաբաժանման պետ ___________________/_____________________/
/ստորագրություն/ /անուն, ազգանուն/
«___» _________ 200 թ.