(ուժը կորցրել է 18.05.2022 թիվ 31-Ն հրաման)
i
100.0108.060303
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«06» 03 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10003071
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
18 փետրվարի 2003 թվականի N 108
i
«ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2III.4.1-01-2003 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի, ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից` կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները սահմանելու նպատակով,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2III.4.1-01-2003 սանիտարական կանոնները (կցվում է):
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ղեկավարներին`
սահմանել հսկողություն «Կաթի և կաթնամթերքի արտադրությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2III.4.1-01-2003 սանիտարական կանոնների և հիգիենիկ պահանջների կատարման նկատմամբ:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
առողջապահության նախարարի
2003 թվականի փետրվարի 18-ի
N 108 հրամանով
ԿԱԹԻ ԵՎ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԵՐ N 2.III - 4.1- 01-2003
1. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
1.1. Կաթի մշակման կազմակերպությունների կառուցման համար հողամաս պետք է ընտրվի հաշվի առնելով հումքի բազաների տեղակայումը, գերակշռող քամիների ուղղությունը, մերձակա ուղիների առկայությունը, խմելու ջրի ապահովման հնարավորությունը, կեղտաջրերի բացթողնման պայմանները, 50 մետրից ոչ պակաս սանիտարական, իսկ պանրագործարանների համար` 100 մետրից ոչ պակաս սանիտարապաշտպանական գոտու կազմակերպման հնարավորությունը:
1.2. Կազմակերպության տարածքը պետք է լինի ցանկապատված, ունենա 0,003-0,0050 թեքություն դեպի հեղեղատար ջրահեռացման ցանց` կեղտաջրերի, մթնոլորտային տեղումներից և ձնահալոցքից առաջացած ջրերի հեռացման համար: Ստորգետնյա ջրերի մակարդակը պետք է ցածր լինի նկուղային հարկի հատակի մակարդակից 0,5 մ-ից ոչ պակաս:
1.3. Կաթի մշակման կազմակերպությունների տարածքը պետք է ունենա հատուկ ֆունկցիոնալ-տարածքային բաժանում ըստ գոտիների`
- նախաարտադրական,
- արտադրական,
- տնտեսապահեստային:
Նախաարտադրական գոտում պետք է տեղակայել վարչական և սանիտարակենցաղային մասնաշենքերը, հսկիչ անցագրային կետը, անձնական փոխադրամիջոցների կանգառի հրապարակը:
Արտադրական գոտում անհրաժեշտ է տեղակայել արտադրական մասնաշենքերը, պարենային հումքի և պատրաստի արտադրանքի պահեստները, հումք և պատրաստի արտադրանք փոխադրող փոխադրամիջոցի համար նախատեսված հարթակները, կաթսայատունը (բացի չոր և հեղուկ վառելանյութով աշխատող), մեխանիկական վերանորոգման արհեստանոցները:
Տնտեսապահեստային գոտում պետք է տեղակայվեն օժանդակ նշանակության կառույցները, մասնաշենքերը և սարքավորումները` խտարաններ, պոմպակայաններ, ամոնիումի սպիրտի, վառելիքի, քսայուղերի, քիմիական ռեակտիվների պահեստները, կարծր և հեղուկ վառելանյութերով աշխատող կաթսայատունը, հարթակները շինանյութեր, տարաները պահելու համար, աղբի հավաքման տարողությունները, բակային զուգարանները և այլն: Որպես ինքնուրույն գոտի, առանձնացված պետք է լինի արտեզյան ջրհորի և պահուստային ջրի ստորգետնյա տարողությունների շուրջը կազմակերպվող խիստ ռեժիմի գոտին:
Պետք է պահպանվի նաև սանիտարապաշտպանական գոտի` կեղտաջրերի մաքրման սարքավորումների և արտադրական մասնաշենքերի միջև:
1.4. Կաթի մշակման կազմակերպության տարածքը պետք է ունենա ասֆալտածածկ, բետոնածածկ կամ ասֆալտ-բետոնածածկ ուղիներ` փոխադրամիջոցների համար: Մարդկանց անցուղիները կարող են ծածկված լինել ասֆալտով, բետոնով կամ սալիկներով:
1.5. Կառուցապատումից ազատ տարածությունը պետք է օգտագործվի կանաչապատ հանգստյան գոտի կազմակերպելու համար: Կազմակերպության ամբողջ տարածքը պետք է լինի կանաչապատված:
Չի թույլատրվում տնկել ծաղկման շրջանում աղվափետուրներ, նրբափետուրներ, մազաթելիկներ տվող ծառեր և թփեր, որոնք կարող են խցանել սարքավորումները և աղտոտել արտադրանքը:
1.6. Շինանյութի և վառելանյութի, տարայի պահման, ինչպես նաև աղբահավաք տարողությունների տեղադրման հարթակները պետք է ունենան ասֆալտածածկ, բետոնածածկ կամ մաքրման համար հարմար այլ հիգիենիկ ծածկով մակերես:
1.7. Ֆունկցիոնալ գոտիների միջև պետք է լինի 25 մ-ից ոչ պակաս սանիտարական խզման գոտի: Չոր վառելիքի բաց պահեստները պետք է տեղադրված լինեն արտադրական մասնաշենքերից 50 մ-ից ոչ պակաս, իսկ կենցաղային մասնաշենքերից` 25 մետրից ոչ պակաս հեռավորության վրա, քամիների ուղղությամբ: Բակի զուգարանների հեռավորությունը արտադրական մասնաշենքերից և պահեստներից պետք է լինի 30 մ-ից ոչ պակաս:
1.8. Աղբը հավաքելու համար ասֆալտածածկ կամ բետոնածածկ հարթակների վրա պետք է տեղադրել կափարիչով ամուր փակվող տարողություններ: Հարթակի մակերեսը պետք է գերազանցի տարողությունների հատակի մակերեսը` բոլոր ուղղություններով 1 մ-ից ոչ պակաս: Աղբի հավաքման հարթակները պետք է տեղակայված լինեն քամիների ուղղությամբ` արտադրական շենքերի և պահեստների նկատմամբ: Սանիտարական խզումն աղբի հավաքման տարածքների, արտադրական ու պահեստային մասնաշենքերի միջև պետք է լինի 30 մետրից ոչ պակաս: Աղբի հեռացումը պետք է կատարվի ամեն օր: Աղբը հեռացնելուց հետո տարողություններն ու դրանց տեղադրման հարթակները պետք է ախտահանվեն:
1.9. Կազմակերպության տարածքը պետք է պահել մաքուր վիճակում և մաքրել ամեն օր:
2. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
2.1. Կազմակերպության արտադրամասերը պետք է տեղադրվեն կենցաղային սենքերից առանձին:
ՍՆիՊ 2.08.01-89 «Բնակելի շենքեր» և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի թիվ 222 հոդվածի պահանջներով արգելվում է կաթի և կաթնամթերքի արտադրամասերի տեղակայումը բնակելի շենքերում:
2.2. Արտադրամասերի տեղադրումը պետք է ապահովի տեխնոլոգիական գործընթացների հոսքայնությունը, ինչպես նաև հումքի ու պատրաստի արտադրանքի տեխնոլոգիական խողովակագծերի հնարավորին կարճ և ուղիղ ընթացքը:
2.3. Արտադրական շենքի մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել հատուկ հարմարանք` կոշիկները մաքրելու համար, իսկ շենքի ներսում` արտադրամասի և կենցաղային մասնաշենքի մուտքերում` ախտահանիչ գորգեր:
2.4. Կաթի ընդունումը պետք է կատարվի փակ շենքերում կամ բեռնաթափման ծածկված հարթակներում` կախված արտադրամասի պրոֆիլից, հզորությունից և տեղակայումից: Կաթի ընդունման հարթակները կամ շենքերը պետք է սարքավորված լինեն բարձակով և ճկափողով` կաթը քաշելու համար: Ճկափողը պետք է ունենա 80-100 սմ-անոց ծայրապանակ, չժանգոտվող պողպատից: Ցիստեռնից կաթը քաշելու համար պետք է օգտագործվեն ագուցամանեկ ճկափողեր, որոնք պետք է միացվեն ցիստեռնների խողովակաճյուղին:
2.5. Կաթի մշակման կազմակերպություններում մանկական կաթնամթերքների պատրաստման արտադրամասերը պետք է մեկուսացված լինեն հիմնական արտադրամասից: Մանկական կաթնամթերքի պատրաստի արտադրանքի փաթեթավորումը պետք է կատարվի առանձին շինություններում, որոնք պետք է սարքավորված լինեն մանրէասպան լամպերով:
2.6. Մերանի պատրաստման բաժանմունքը պետք է տեղակայված լինի հիմնական արտադրական մասնաշենքում, արտադրական տեղամասերից մեկուսացված և առավելագույն մոտ` այն սպառող տեղամասերին: Մերանի պատրաստման բաժանմունքը չպետք է լինի միջանցիկ: Դրա մուտքի մոտ պետք է նախատեսված լինի նախամուտք` սանիտարական հագուստը փոխելու համար և ախտահանիչ գորգ:
2.7. Սննդային բաղադրամասերի պատրաստումը ալյուրից, շաքարից, սպիտակուցային հավելումներից և այլ մթերքներից, պետք է կատարվի առանձին սենյակում:
2.8. Հիմնական արտադրամասերի, մերման բաժանմունքի և լաբորատորիայի պատերը մինչև առաստաղը պետք է ծածկված լինեն սալիկներով: Պատրաստի արտադրանքի պահեստի, ինչպես նաև սառցախցիկների և թերմոստատի (ջերմախցիկ) պատերը պետք է ներկել ջրաէմուլսիոն կամ խոնավ մաքրման համար հարմար այլ ներկերով:
Հիմնական և օժանդակ արտադրամասերի առաստաղները, հումքի և նյութերի պահեստների պատերը պետք է լինեն սպիտակեցված կամ ներկված ջրաէմուլսային ներկերով:
2.9. Բոլոր արտադրական և օժանդակ շինությունների պատերը և առաստաղները պետք է սպիտակեցվեն և ներկվեն բաց գույնի ներկերով, և ախտահանվեն ոչ պակաս, քան տարին երկու անգամ:
2.10. Առաստաղին, պատերին կամ անկյուններում բորբոս առաջանալու դեպքում անհրաժեշտ է այն անմիջապես մաքրել և ներկել` ներկին ավելացնելով ֆունգիցիդ միջոց (սնկասպան նյութ):
2.11. Արտադրական շինությունների հատակը պետք է լինի հարթ, ունենա թեքություն դեպի հատականցքը (տրապ) և ծածկված լինի հիմնաթթվակայուն անջրաթափանց սալիկներով:
2.12. Չի թույլատրվում թաց և խոնավ ռեժիմ ունեցող արտադրամասերի դրսային պատերի որմնախորշերը փակել ապակեբլոկով:
2.13. Բոլոր ներարտադրամասային ջրամատակարարման և ջրահեռացման (խմելու և տեխնիկական), ինչպես նաև գազի, գոլորշու խողովակները պետք է ներկված լինեն տարբերակիչ գույներով:
2.14. Արտադրամասերում անհրաժեշտ է տեղադրել պոլիմերային նյութերից պատրաստված, կափարիչ ունեցող տարողություններ` աղբն ու սանիտարական խոտանը հավաքելու համար: Տարողությունները անհրաժեշտ է ամեն օր մաքրել և լվանալ մաքրող նյութով և ախտահանել քլորակրի 0,5 տոկոս լուծույթով: Թափոնները, ինչպես նաև տեխնոլոգիական գործընթացում չօգտագործվող գույքը չի թույլատրվում պահել արտադրամասերում:
2.15. Մաքրման գույքը, լվացող և ախտահանիչ նյութերը պահելու համար պետք է նախատեսվեն առանձնացված սենյակներ` ապահովված լվացարանով, հոսող սառը ու տաք ջրով և հատականցքով` կեղտաջրերը հեռացնելու համար:
Փոքր հզորություն (մինչև 5 տ) ունեցող կազմակերպություններում դրանք կարող են պահվել պահարաններում կամ հատուկ խորշերում: Մաքրող գույքը և պարագաները պետք է լինեն մակնշված` արտադրական, օժանդակ և այլ նշանակության սենքերին համապատասխան:
2.16. Տեխնոլոգիական սարքավորումների մոտ` աշխատատեղերում, պետք է փակցվեն հուշաթերթեր, ցուցանակներ աշխատողների համար` սանիտարահիգիենիկ և տեխնոլոգիական ռեժիմները պահպանելու վերաբերյալ, ինչպես նաև նախազգուշացնող պաստառներ, սարքավորումների լվացման ժամանակացույցեր:
2.17. Ամիսը մեկ անգամ պետք է անցկացնել սանիտարական օր /ժամ/ արտադրամասերի, գույքի, սարքավորումների մաքրում, ախտահանում, ընթացիկ նորոգում կատարելու համար: Մեծ հզորություն ունեցող կազմակերպություններում սանիտարական օրերը կարելի է անցկացնել ըստ առանձին արտադրամասերի: Յուրաքանչյուր կազմակերպություն, նախքան սանիտարական օրն անցկացնելը, պետք է ունենա աշխատանքի ծավալի և դրա կատարման ծրագիր:
2.18. Արտադրամասերի, մերանների բաժանմունքների, մանկական կաթնամթերքի արտադրման արտադրամասի ներքին դռները և պանելների մակերեսները պետք է լվանալ շաբաթը 1 անգամ տաք ջրով, օճառով և ախտահանել քլորակրի 0.5 տոկոս լուծույթով: Դռների բռնակները, դրանց շուրջը և լվացարանների ծորակները պետք է ամեն օր մշակել լվացող-ախտահանիչ լուծույթով:
2.19. Պատուհանների ապակեպատ մակերեսը ներսի կողմից պետք է լվանալ ամիսը մեկ անգամ, իսկ դրսի կողմից` տարին 2-3 անգամից ոչ պակաս: Նույնը վերաբերում է պատուհանների միջփեղկային տարածությանը: Էլեկտրական լուսավորման պաշտպանիչ ամրանները պետք է մաքրել ըստ անհրաժեշտության:
2.20. Արտադրամասերի հատակի մաքրումը պետք է կատարվի ըստ անհրաժեշտության` խոնավ եղանակով, աշխատանքի ընթացքում և վերջում: Այն արտադրամասերում, որտեղ հատակը յուղոտվում է, այն պետք է լվանալ տաք օճառահիմնային լուծույթով, ախտահանել, ապա չորացնել:
2.21. Լվացարանները, հատականցքերը, տեփուրները աշխատանքի ավարտից հետո անհրաժեշտ է մաքրել և լվանալ քլորակրի 0,5 տոկոս լուծույթով:
2.22. Աստիճանները և աստիճանավանդակները պետք է լվանալ ամեն օր: Բազրիքները պետք է մաքրել քլորակրի 0,5 տոկոս լուծույթում թրջած խոնավ շորով` յուրաքանչյուր հերթափոխի ընթացքում:
2.23. Արտադրական մասնաշենքերի մուտքերի մոտ տեղադրված ախտահանիչ գորգիկները անհրաժեշտ է թրջել քլորակրի 0,5 տոկոս լուծույթով յուրաքանչյուր օր:
2.24. Արտադրական սենքերի, պահեստների, մթերքի պահման և հասունացման խցիկների օդի ջերմաստիճանը և հարաբերական խոնավությունը պետք է համապատասխանեն կաթնարդյունաբերության կազմակերպությունների նախագծման նորմերին և կաթնամթերքների արտադրման տեխնոլոգիական հրահանգներին:
3. ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍԵՆՔԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Կենցաղային սենքերը կարող են կառուցվել առանձին կամ ներկառուցված լինել հիմնական արտադրական մասնաշենքի մեջ:
3.2. Կաթի արտադրական կազմակերպությունների աշխատողների կենցաղային սենքերն անհրաժեշտ է սարքավորել սան. անցաթողարանի սկզբունքով: Կենցաղային սենքերի մուտքերում պետք է դրվեն գորգիկներ` թրջված ախտահանիչ լուծույթով:
3.3. Կաթսայատանը, էլ. մեխանիկական, մեխանիկական նորոգման արհեստանոցներում, կոմպրեսորային տեղամասերում աշխատողների համար կենցաղային սենքերը պետք է կառուցվեն առանձին:
3.4. Կաթի արդյունաբերության կազմակերպությունների արտադրամասերի սանիտարա-կենցաղային սենքերում պետք է նախատեսված լինեն հանդերձարաններ` տնային, աշխատանքային և սանիտարական հագուստի և կոշիկների համար, ցնցուղարան, զուգարան, լվացարան ձեռքերի համար, սննդի ընդունման կետ, բուֆետ, մաքրման գույքի պահարան: Օժանդակ և կենցաղային լրացուցիչ սենքերի անհրաժեշտությունը որոշվում է ելնելով արտադրական գործընթացի սանիտարական բնույթից:
3.5. Սանիտարական և աշխատանքային հագուստի հանդերձարանները պետք է տեղադրվեն տնային և վերնազգեստի հանդերձարաններից հեռու:
3.6. Հիմնական արտադրամասերի բանվորների տնային վերնազգեստները պետք է պահվեն բաց վիճակում` կախիչների վրա կամ բաց պահարանների մեջ, իսկ կոշիկները` դարակների վրա:
3.7. Ցնցուղ-լողարանի սենյակները պետք է տեղավորված լինեն հանդերձարաններին կից և պետք է ունենան նախացնցուղարաններ` նստարաններով և կախիչներով:
3.8. Ցնցուղների քանակը պետք է համապատասխանի ամենամեծ հերթափոխում աշխատողների քանակին:
3.9. Զուգարանները, ցնցուղները, լվացարանները չի թույլատրվում տեղադրել արտադրամասերի, վարչական, բուֆետների, սննդի ընդունման սենյակների վերևում:
3.10. Զուգարանները պետք է լինեն կոյուղացված, ունենան նախամուտք, սան. հագուստի համար` կախիչներ, տաք և սառը ջրով ապահովված լվացարան: Զուգարանները պետք է լինեն ինքնուրույն փակվող դռներով, մուտքի մոտ ունենան ախտահանիչ գորգիկներ: Զուգարանները պետք է ապահովված լինեն մշտական ջրով: Ձեռքերի լվացարանները պետք է ապահովված լինեն օճառով, խոզանակներով, էլեկտրասրբիչով կամ միանվագ օգտագործման թղթե սրբիչներով:
3.11. 1 հերթափոխում 5 տոննայից քիչ կաթ մշակող փոքր հզորության կազմակերպությունների համար թույլատրվում է կառուցել բակային զուգարաններ` արտադրական շենքերից 30 մ հեռավորության վրա:
3.12. Կենցաղային սենքերի միջնապատերի մակերեսները պետք է ծածկված լինեն.
- ցնցուղի սենյակի պատերը 1,8 մ բարձրության վրա անջրաթափանց սալիկներով,
- սան. հագուստի հանդերձարանի, զուգարանի պատերը` 1,5 մ բարձրությամբ պետք է ծածկված լինեն ջրաէմուլսիոն կամ խոնավ մաքրման համար հարմար այլ ներկերով,
- ցնցուղների սենյակում առաստաղները պետք է ներկված լինեն յուղաներկով, իսկ մնացած բոլոր սենյակներում սպիտակեցված,
- կենցաղային բոլոր սենքերում հատակները պետք է ծածկված լինեն անջրաթափանց կերամիկական սալիկներով:
3.13. Աշխատանքն ավարտելուց հետո կենցաղային սենքերը պետք է մանրակրկիտ մաքրել, հատակը և գույքը լվանալ տաք օճառաջրով: Հանդերձարանների պահարաններն ամեն օր պետք է մաքրել խոնավ շորով և շաբաթը մեկ անգամ ախտահանել քլորակրի 0,5 տոկոսանոց կամ թույլատրված այլ ախտահանիչ լուծույթներով:
3.14.Պատերի և հատակի սալիկապատված մասերն ամեն օր պետք է մաքրվեն խոնավ շորով և ախտահանվեն յուրաքանչյուր շաբաթ:
3.15.Զուգարաններն անհրաժեշտ է մաքրել և ախտահանել յուրաքանչյուր օր: Զուգարանները մաքրելու համար պետք է օգտագործվեն պիտակավորված շորեր` թրջված քլորակրի 0,5 տոկոսանոց լուծույթով: Դրանցով պետք է մաքրել դռների բռնակները, ջրի ծորակները բացող բռնակները: Զուգարանի կոնքերը պետք է մաքրել աղաթթվի 10 տոկոսանոց լուծույթով կամ թույլատրված այլ միջոցներով:
3.16. Զուգարանի մուտքի առջևի գորգիկը պետք է թրջել թարմ պատրաստված 0,5 տոկոսանոց ախտահանիչ լուծույթով` ամեն օր:
3.17. Զուգարանի մաքրման և ախտահանման համար օգտագործվող գույքը և պարագաները պետք է ունենան հատուկ տարբերակիչ մակնշում:
Մաքրման աշխատանքներն ավարտելուց հետո անհրաժեշտ է ամբողջ գույքը երկու ժամ պահել քլորակրի 0,5 տոկոսանոց լուծույթի մեջ: Զուգարանների մաքրման գույքն անհրաժեշտ է պահել առանձնացված տեղերում` չխառնելով այլ տեղամասերի համար օգտագործվող մաքրման գույքի հետ:
Զուգարանը մաքրող աշխատողներին արգելվում է մաքրել այլ տեղամասեր:
3.18. Սննդի ընդունման կետերը կարող են տեղակայված լինել կենցաղային սենքերում կամ առանձին: Նստատեղերը պետք է հաշվարկված լինեն ըստ ամենամեծ հերթափոխում աշխատողների քանակի: Սննդի ընդունման կետի մուտքի մոտ անհրաժեշտ է նախատեսել կախիչներ սանիտարական հագուստի համար: Բուֆետի բացակայության դեպքում, անհրաժեշտ է նախատեսել սենյակ սնունդ ընդունելու համար` ապահովված սան. հագուստի կախիչներով, լվացարանով` հոսող սառը և տաք ջրով:
Արգելվում է արտադրամասերում սնունդ ընդունելը:
3.19. Խստորեն արգելվում է կենցաղային մասնաշենքերը (սենյակները) օգտագործել այլ նպատակներով:
3.20. Վաղ մանկական հասակի երեխաների համար սնունդ արտադրող արտադրամասերում անհրաժեշտ է նախատեսել սենյակներ անձնակազմը աշխատանքի անցնելուն նախապատրաստվելու համար (սանիտարական արտահագուստ հագնել, ձեռքերն ախտահանել, մառլյայից դիմակ կապել և այլն):
4. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
4.1. Կաթ մշակող կազմակերպությունները պետք է ապահովված լինեն բավարար քանակի խմելու որակյալ ջրով: Ջրի օգտագործման պահանջարկի հաշվարկը պետք է կատարվի կաթի արդյունաբերության կազմակերպությունների տեխնոլոգիական նախագծման նորմերի, 2.0401-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» ՍՆիՊ-ի և դրա փոփոխությունների համաձայն:
4.2. Ջրամատակարարման աղբյուրի ջրառման տեղի ընտրությունը, ջրամատակարարման աղբյուրի սանիտարապաշտպանական գոտու սահմանումը, ինչպես նաև ջրամատակարարման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.02-84 «Ջրամատակարարում: Արտաքին ցանցեր և կառույցներ» ՍՆիՊ-ի ու սույն սանիտարական կանոնների պահանջներին:
4.3. Ջրամատակարարման խողովակի մուտքի հատվածը պետք է լինի մեկուսացված, փակ շինությունում և գտնվի սանիտարատեխնիկական բարվոք վիճակում, պետք է ունենա ջրի որակը ստուգելու համար նմուշառման ծորակ, հետադարձ փականներ և հատականցքեր: Կազմակերպությունը պետք է ունենա ջրամատակարարման և ջրահեռացման գծագրերն ու այն ներկայացնի հսկող մարմիններին` պահանջի դեպքում:
4.4. Կաթի արտադրության ջրամատակարարման համակարգում պետք է նախատեսել երկուսից ոչ պակաս մաքուր ջրի հավաքման տարողություններ, կազմակերպության անխափան ջրամատակարարումն ապահովելու նպատակով, տարողությունների ջուրը պետք է փոխվի 48 ժամը մեկ անգամ: Յուրաքանչյուր ջրակուտակիչ տարողությունում պահվող ջրի ծավալը պետք է կազմի տեխնոլոգիական և կենցաղային կարիքների համար անհրաժեշտ ջրի պահանջարկի 50 տոկոսից ոչ պակաս:
4.5. Տեխնոլոգիական նպատակներով օգտագործվող ջրի վարակազերծումը պետք է կատարվի համաձայն ջրաղբյուրի բնութագրի և ցուցումների` Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից թույլատրված մեթոդներով (օզոնացում, էլեկտրոլիզ, մանրէասպան լամպերով ճառագայթում և այլն):
4.6. Արտադրանքի թողարկման հետ կապված տեխնոլոգիական և կենցաղային պահանջների համար օգտագործվող ջուրը (այդ թվում` մաքրող և ախտահանիչ լուծույթներ պատրաստելու, կաթի ցիստեռնների, շշերի, լվացման) պետք է համապատասխանի N 2-III-Ա2-1 «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» սանիտարական նորմերի և կանոնների պահանջներին: Տեխնոլոգիական սարքերում կաթնամթերքների պաղեցման համար անհրաժեշտ է օգտագործել 1-20C ջերմաստիճանի փակ համակարգով շրջանառություն կատարող ջուր: Պաղեցման և պաստերիզացման սարքերի ջուրը թույլատրվում է օգտագործել տաք ջրամատակարարման համակարգում (ճաշարանի ամանեղենը, սարքավորումները, արտադրական հագուստը և հատակը լվանալու համար)` նախապես ջուրը կաթսայատներում մինչև 800C տաքացնելու պայմանով:
4.7. Սառնարանային սարքերի համակարգի, կոմպրեսորների, զուգարանների, մեքենաների արտաքին լվացման, տարածքը ջրելու համար թույլատրվում է օգտագործել տեխնիկական ջուր: Տեխնիկական ջրի համակարգը պետք է առանձնացված լինի խմելու ջրի համակարգից: Ջրամատակարարման 2 համակարգերը ոչ մի կապ չպետք է ունենան միմյանց հետ և ներկված պետք է լինեն տարբեր գույներով: Ջրառման կետերում պետք է լինեն համապատասխան մակնշումներ` «խմելու» և «տեխնիկական»: Կազմակերպությունում պետք է առկա լինի տեխնիկական ջրամատակարարման ցանցի սխեման: Ջրամատակարարման համակարգն օգտագործելուց առաջ և շահագործման ընթացքում պետք է ենթարկվի ախտահանման:
4.8. Կանխարգելիչ նպատակով պետք է յուրաքանչյուր տարի անցկացնել տեխնիկական վիճակի ստուգում և անհրաժեշտության դեպքում` ջրաղբյուրների, սարքավորումների, ջրավազանների, ջրհորների և այլնի վերանորոգում:
Յուրաքանչյուր վերանորոգումից հետո ջրի խողովակաշարը պետք է ախտահանել և լաբորատոր հետազոտության միջոցով ստուգել ջրի որակը` մինչև դրա օգտագործումը: Ջրի որակի ստուգումը կատարվում է ախտահանումից անմիջապես հետո` համաճարակային առումով առավել վտանգավոր կետերից (մուտքից, մերանի պատրաստման սենյակի տարողություններից, շշալվացման մեքենայի մուտքից և շշալցման արտադրամասերից):
4.9. Արտադրական արտադրամասերում պետք է նախատեսված լինեն.
- ծորակ` հատակը լվանալու համար` արտադրամասի յուրաքանչյուր 500 մ2-ի մակերեսի համար, ապահովված հոսող տաք և սառը ջրով,
- լվացարաններ` ապահովված տաք և սառը ջրամատակարարումով, օճառով, խոզանակով, ախտահանիչ լուծույթով (քլորակիր լուծույթ 0.02 տոկոսանոց), միանվագ օգտագործման սրբիչով: Լվացարանները պետք է տեղադրվեն յուրաքանչյուր արտադրական տեղամասի մուտքի մոտ, յուրաքանչյուր աշխատատեղից 15 մ հեռավորության վրա,
- ցայտաղբյուրներ կամ սատուրատորներ` աշխատատեղերից 70 մ-ից ոչ ավել հեռավորության վրա:
4.10. Կաթի արտադրության կազմակերպությունների ջրահեռացման համակարգի կառուցվածքը պետք է համապատասխանի 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ», 2.04.01-85 «Շենքերի ներքին ջրամատակարարում և կոյուղի» ՍՆիՊ-ների, ինչպես նաև սույն սանիտարական կանոնների պահանջներին:
Մթնոլորտային տեղումներից առաջացած ջրի հավաքման և հեռացման համար պետք է նախատեսել առանձին հեղեղատար:
Արգելվում է միացնել արտադրական և կենցաղային ջրահեռացման գծերը, դրանցից յուրաքանչյուրն առանձին պետք է միանա բակային ցանցին:
4.11. Կազմակերպությունների ջրահեռացման բակային ցանցերը պետք է տեղադրված լինեն ջրամատակարարման ջրագծից ցածր: Դրանց հատման տեղամասերի սարքավորումը և զուգահեռ գծերի միջև տարածությունը պետք է համապատասխանի N 2.04.02-84 «Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ», N 2.04.03-85 «Կոյուղի. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ» ՍՆիՊ-ների պահանջներին:
4.12. Անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել աղտոտված կեղտաջրերի տեղային մաքրում:
4.13. Կաթի արտադրության կազմակերպությունների կեղտաջրերը նախքան բաց ջրամբար բացթողնելը, պետք է ենթարկել քիմիական, մեխանիկական և կենսաբանական մաքրման` բնակավայրի կամ սեփական մաքրման սարքավորումներում:
Արգելվում է կեղտաջրերը բաց թողնել բաց ջրամբարներ առանց նախնական մաքրման և վարակազերծման:
4.14. Բոլոր արտադրական և օժանդակ տեղամասերի հատակները պետք է ունենան 0,005-0,0010-ից ոչ պակաս թեքություն` ելնելով արտադրական ավազանների, սարքերի քանակից, և` հատականցքեր:
4.15. Տեխնոլոգիական սարքավորումները, լվացման ավազանները, սարքերը պետք է միանան ջրահեռացման գծին հատուկ հիդրավլիկ սիֆոնների (արգելքների) միջոցով` խողովակի և ձագարի միջև ջրահոսքի 20-30 մմ ընդհատումով:
4.16. Չի թույլատրվում հատականցքերը և արտադրական կեղտաջրերի հեռացման կախովի գծերը տեղակայել բաց տեխնոլոգիական սարքավորումների և մշտական աշխատատեղերի վերևում:
Արգելվում է կենցաղային կեղտաջրերի հեռացման համար նախատեսել կախովի կոյուղագծեր:
4.17. Կենցաղային կեղտաջրերի կանգնակները չպետք է անցնեն մթերքների վերամշակման, պահեստավորման, արտադրական տեղամասերով: Նպատակահարմար է դրանք տեղադրել անցուղիներում, որտեղ թույլատրվում է թողնել ստուգման բացվածք: Կեղտաջրերի կանգնակների անցկացումը արտադրական տեղամասերով թույլատրվում է ստուգման բացվածքի բացակայության դեպքում:
5. ԼՈՒՍԱՎՈՐՄԱՆԸ, ՋԵՌՈՒՑՄԱՆԸ, ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
5.1. Կաթի մշակման արտադրամասերի լուսավորումը պետք է համապատասխանի «Արհեստական և բնական և լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
5.2. Արտադրական շինություններում գերադասելի է բնական լուսավորումը.
լուսավորության գործակիցը (ԼԳ) պետք է լինի 1:6-1:8 սահմաններում,
կենցաղային շինությունը Լ.Գ. պետք է լինի 1:10-ից ոչ պակաս:
Բնական լուսավորության գործակիցը (Բ.Լ.Գ) պետք է նախատեսված լինի ելնելով աշխատանքի բնույթից և տեսողական ապարատի լարումից:
Անբավարար բնական լուսավորման դեպքում, պետք է օգտագործել արհեստական լուսավորում` առավելապես լյումինեսցենտային լամպեր: Ծանր աշխատանքային պայմանների դեպքում և ոչ մշտական աշխատատեղերում (ջերմախցիկներ, սառցախցիկներ, պահեստներ, աղդրման բաժիններ և այլն) կարող են օգտագործվել շիկացման լամպեր:
5.3. Բոլոր արտադրամասերում և շինություններից դուրս արհեստական լուսավորումը պետք է լինի ընդհանուր, իսկ արտադրական շինություններում, անհրաժեշտության դեպքում, այն կարող է լինել տեղային կամ համակցված:
Տեսողական զգալի լարում պահանջող գործողություններ կատարելու դեպքում, պետք է օգտագործվի համակցված կամ տեղային լուսավորում` ելնելով աշխատանքի բնույթից և ծավալից:
5.4. Լյումինեսցենտային լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ցանցեր: Շիկացման լամպերով լուսատուները պետք է ունենան պաշտպանիչ ապակյա սարքեր:
5.5. Բաց տեխնոլոգիական գործընթացներով արտադրամասերում (պանրի, կաթնաշոռի և այլն) լուսատուները չի կարելի տեղադրել տեխնոլոգիական սարքավորումների վերևում` մթերքի մեջ ապակու բեկորների ընկնելը կանխելու նպատակով:
5.6. Չի թույլատրվում լուսամուտների ապակիները փոխարինել այլ, ոչ թափանցիկ նյութերով, լուսային խորշերը փակել տարայով, սարքավորումներով և այլն:
Արտադրամասի փոխելու կամ ձևափոխման դեպքերում, նոր պայմաններում լուսավորումը պետք է համապատասխանեցվի «Արհեստական և բնական և լուսավորում» ՀՀ ՇՆ II-8.03-96 պահանջներին:
5.7. Հատուկ սանիտարական ռեժիմ պահանջող տեղամասերում (մերման սենյակ, պանրի փաթեթավորման բաժին, մանկական կաթնամթերքի հատավորման սենյակ, լաբորատոր բոքս և այլն) օդը վարակազերծելու համար պետք է նախատեսել մանրէասպան լամպեր: Այդ լամպերի աշխատանքային ռեժիմը պետք է համապատասխանի դրանց շահագործման հրահանգի պահանջներին:
Բուժ. կետերում (առկայության դեպքում) պետք է նախատեսված լինեն ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքեր:
5.8. Կազմակերպությունները բացի հիմնական լուսավորումից պետք է ունենան վթարային լուսավորություն:
5.9. Ջեռուցման համակարգը պետք է համապատասխանի «ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում», 2.09.0285 «Արտադրական շենքեր», 2.09.04-87 «Ադմինիստրատիվ և կենցաղային շենքեր» ՍՆԻՊ-ների պահանջներին: Արտադրական, կենցաղային շենքերի ջեռուցման համակարգի համար գերադասելի է օգտագործել գերտաքացրած ջուր, թույլատրվում է նաև հագեցած գոլորշի:
5.10. Կազմակերպության ջեռուցման ցանցից հեռու տեղակայված շինությունները, ինչպես նաև սառնարանային և պահեստային տնտեսության առանձին տեղամասերը (աշխատատեղերը) ջեռուցելու համար կարելի է օգտագործել էլեկտրաէներգիա` որպես ջերմության աղբյուր:
5.11. Պահեստներում ջեռուցում պետք է նախատեսել միայն անհրաժեշտության դեպքում` մթերքների և նյութերի պահպանման համար պահանջվող ջերմաստիճան ապահովելու նպատակով:
5.12. Բոլոր հիմնական և օժանդակ արտադրամասերը ջեռուցելու համար պետք է օգտագործել փոշուց հեշտությամբ մաքրվող ջեռուցման սարքեր:
5.13. Թերմոստատի բաժանմունքի ջեռուցման համար պետք է նախատեսել արտադրական ջերմամատակարարման համակարգից ստացվող շոգեջեռուցում:
5.14. Հիմնական և օժանդակ արտադրամասերում պետք է նախատեսված լինի մեխանիկական, բնական և խառը օդափոխում կամ օդի լավորակում` համաձայն ՀՀ ՇՆ IV-12.01-2000 «Ջեռուցում, օդափոխում և օդի լավորակում»-ի պահանջների:
5.15. Հիմնական և օժանդակ արտադրամասերում ջեռուցման ու օդափոխության միջոցով պետք է ստեղծել բարելավված աշխատանքային միջավայր.
- աշխատողների առողջության և աշխատունակության պահպանման համար,
- մթերքի և նյութերի պահպանման համար,
- սարքավորումների նորմալ գործունեության և պահպանման համար:
5.16. Կաթի արդյունաբերության կազմակերպություններում` արտադրական, կենցաղային սենքերում, լվացման բաժիններում և լաբորատորիաներում պետք է նախատեսել ընդհանուր ներհոս-արտաձիգ օդափոխության կամ օդի լավորակման համակարգեր, իսկ անհրաժեշտության դեպքում նաև տեղային, արտաձիգ օդափոխություն:
5.17. Բնական օդափոխությունը թույլատրվում է միայն առանձին օժանդակ բաժիններում, կաթի ընդունման կետերում:
5.18. Կենցաղային սենքերը, սանիտարական հանգույցները, մերանի սենյակները, լաբորատորիաները պետք է ունենան ինքնուրույն ընդհանուր և տեղային օդափոխման համակարգեր:
5.19. Արտադրամասերին տրվող օդը պետք է մաքրման ենթարկվի փոշուց: Բաց տեխնոլոգիական գործընթացներ ունեցող արտադրամասեր, մերման սենյակ, մանկական կաթնամթերքի և մանրէազերծված կաթի արտադրամասեր տրվող օդը պետք է ֆիլտրվի և մաքրվի փոշուց յուղային ֆիլտրերով:
5.20. Արտադրամասերում օդի անհրաժեշտ պարամետրերը պահպանելու համար, տրվող օդի քանակը պետք է հաշվարկել ելնելով ջերմության, խոնավության առաջացման և վնասակար նյութերի (ածխաթթու գազ, աէրոզոլներ, ազոտի օքսիդներ, ամոնիում և այլն) առկայությունից:
5.21. Խոնավության, ջերմության և վնասակար նյութերի աղբյուր հանդիսացող սարքավորումները պետք է ապահովված լինեն օդափոխության տեղային արտաձիգ համակարգով, իսկ փոշու աղբյուր հանդիսացող սարքավորումները` նաև մաքրման մասնագիտացված համակարգով` հատուկ ֆիլտրերով, ցիկլոններով:
5.22. Ներհոս օդափոխության համակարգի ստորին բացվածքի մակարդակը պետք է գտնվի գետնի մակերեսից 2 մ-ից ոչ պակաս բարձրության վրա: Արտաձիգ համակարգից արտանետվող օդի խողովակաշարը պետք է լինի տանիքից 1 մ-ից ոչ պակաս բարձրության վրա:
5.23. Օդափոխության արտաձիգ համակարգից արտանետումները պետք է կատարվեն օդափոխության ներհոս համակարգից ոչ պակաս 10 մ հեռավորության վրա` հորիզոնական, 6 մ` ուղղահայաց ուղղություններով:
5.24. Օդափոխիչ համակարգը շենքերում պետք է ապահովի ներհոս և արտաձիգ օդափոխանակության հաշվեկշիռը: Եթե առաջացող վնասակարությունների մակարդակը թույլատրված նորմերից ավելին է, հաշվեկշիռը պետք է լինի բացասական` այսինքն արտաձիգը պետք է գերակշռի: Եթե վնասակար նյութերը բացակայում են, ապա հաշվեկշիռը պետք է լինի դրական, պետք է գերակշռի ներհոսը:
5.25. Օդափոխության սարքավորումները պետք է տեղադրվեն աղմուկը և ցնցումը նվազեցնող սարքավորումներով ապահովված օդափոխիչ խցիկներում` համաձայն II-12-77 «Պաշտպանությունը աղմուկից» ՍՆԻՊ -ի պահանջների:
6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
6.1. Կաթի և կաթնամթերքի կազմակերպությունները չպետք է հանդիսանան արտաքին միջավայրի աղտոտման աղբյուր և պարտավոր են ապահովել օդում, հողում, բաց ջրամբարներում հիգիենիկ նորմատիվներով սահմանված վնասակար նյութերի պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:
7. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻՆ, ՍԱՐՔԵՐԻՆ, ԳՈՒՅՔԻՆ, ԱՄԱՆԵՂԵՆԻՆ ԵՎ ՏԱՐԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
7.1. Տեխնոլոգիական սարքավորումները, գույքը, ամանեղենը, տարաները, կաթի և կաթնամթերքների փաթեթավորման համար նախատեսված պոլիմերային թաղանթները և այլ նյութերը պետք է պատրաստված լինեն այդ նպատակի համար նախատեսված նյութերից:
7.2. Լվացման ավազանները, մետաղյա ամանեղենը պետք է ունենան ամբողջականությունը չխախտված, հարթ, հեշտությամբ մաքրվող և ախտահանվող մակերես:
7.3. Սննդամթերքի մշակման համար նախատեսված սեղանների մակերեսները պետք է լինեն հարթ, առանց ճեղքերի և պատրաստված լինեն չժանգոտվող մետաղից կամ սննդի հետ շփման համար նախատեսված պոլիմերային սինթետիկ նյութերից:
7.4. Տեխնոլոգիական սարքավորումները պետք է արտաքինից ներկված լինեն բաց երանգի ներկով: Չի թույլատրվում գույքը և ամանեղենը ներկել կապար (Pb), կադմիում (Cd) և քրոմ (Cr) պարունակող ներկերով:
7.5. Տեխնոլոգիական սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի տեխնոլոգիական գործընթացների հոսքն ապահովող համապատասխան սխեմայի: Չի թույլատրվում հումքի և պատրաստի արտադրանքի հանդիպակաց հոսքը:
7.6. Սարքավորումների տեղադրումը պետք է կատարվի այնպես, որ ապահովի աշխատողների ազատ գործողությունների, տեխնոլոգիական գործընթացների նկատմամբ հսկողության իրականացումը, ինչպես նաև սարքավորումների և տարածքի մաքրումը, լվացումը և ախտահանումը:
7.7. Սարքավորումների, սարքերի և կաթի խողովակների մոնտաժման (տեղադրման) եղանակը պետք է ապահովի կաթի ամբողջությամբ դատարկումը, իսկ կառուցվածքը` բոլոր մասերի հեշտ լվացումը և ախտահանումը:
Ապակյա ջերմաչափերը չի թույլատրվում օգտագործել առանց պաշտպանական հարմարանքի:
7.8. Կաթի և կաթնամթերքների պատրաստման և պահպանման համար օգտագործվող տարողությունները (բացառությամբ պանրի և կաթնաշոռի պատրաստման) պետք է ունենան ամուր փակվող կափարիչներ:
7.9. Կաթնամթերքը պատրաստելու համար տեղադրված սարքերը, ավազանները և այլ սարքավորումները պետք է միացված լինեն կոյուղուն` սույն սանիտարական կանոնների և նորմերի գլուխ 5-ում նշվածի համապատասխան: Չի թույլատրվում սարքավորումների անմիջական միացումը ջրահեռացման ցանցին, ինչպես նաև դրանցից ջուրը թափել հատակին:
7.10. Ներարտադրամասային փոխադրամիջոցները և տարաները պետք է լինեն պիտակավորված (մակնշված) և օգտագործվեն միայն ըստ նշանակության:
8. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԳՈՒՅՔԻ, ԱՄԱՆԵՂԵՆԻ ԵՎ ՏԱՐԱՅԻ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
8.1. Սարքավորումները, սարքերը, գույքը, կաթի խողովակները պետք է ենթարկվեն մանրակրկիտ լվացման և ախտահանման: Թույլատրվում է նաև արտասահմանյան լվացող և ախտահանող սերտիֆիկացված նյութերի օգտագործումը:
8.2. Սարքերի և սարքավորումների ճիշտ և պարբերական սան. մշակման համար արտադրամասերում պետք է լինի ախտահանման գրաֆիկ, յուրաքանչյուր ամսվա համար:
8.3. Այն սարքավորումները, որոնք չեն օգտագործվել 6 ժամից ավելի, պետք է կրկնակի ախտահանվեն նաև օգտագործելուց առաջ: Լվացման և ախտահանման որակի մանրէաբանական ստուգումը կատարվում է ամեն օր աշխատանքն սկսելուց առաջ, կազմակերպության լաբորատորիայի կողմից:
8.4. Կաթի և կաթնամթերքների պատրաստման և պահպանման տարողությունների սանիտարական մշակումը պետք է կատարվի դրանց յուրաքանչյուրի դատարկվելուց հետո:
8.5. Եթե տեխնիկական պատճառներով կաթը երկու ժամից ավելի մնացել է սարքավորումների մեջ, այն պետք է ենթարկվի կրկնակի պաստերիզացման, իսկ սարքավորումը և խողովակները` լվացվեն և ախտահանվեն:
8.6. Սարքավորումները լվանալու համար պետք է նախատեսված լինի մաքրող և ախտահանիչ լուծույթների կենտրոնացված պատրաստում:
8.7. Քլորակրի աշխատանքային լուծույթների պատրաստման համար պետք է օգտագործվեն կենտրոնացված եղանակով պատրաստված քլորակրի պարզեցված տաս տոկոսանոց լուծույթները` գույքը, սարքավորումները, զուգարանները, ձեռքերն ախտահանելու համար:
8.8. Տեխնոլոգիական հրահանգներով նախատեսված ախտահանիչ լուծույթների խտության իջեցում, ինչպես նաև լվացման պարբերականության խախտում չի թույլատրվում:
8.9. Ավտոմատ-հսկիչ սարքավորումների բացակայության դեպքում, լուծույթի խտության հսկողությունը պետք է կատարվի լաբորատորիայի կողմից, օրվա ընթացքում 2-3 անգամ:
8.10. Գույքի, տարայի, ներարտադրամասային փոխադրամիջոցների լվացման և ախտահանման համար պետք է նախատեսվեն հատուկ լվացման տեղամասեր` ապահովված տաք և սառը ջրով, լվացման ջրերի հեռացման համակարգով, լավ օդափոխությամբ: Հատակը պետք է ծածկված լինի անջրաթափանց նյութերով:
8.11. Սարքավորումների կազմատվող մասերը լվանալու համար պետք է նախատեսվեն հատուկ եռաբաժին լվացման ավազաններ` ապահովված դարակներով` լվացված մասերը չորացնելու համար:
8.12. Կաթի տարողությունների (տանկերի) լվացման և ախտահանման աշխատանքները պետք է կատարեն հատուկ աշխատողներ, ովքեր իրավունք չունեն մաքրել զուգարանները: Ռետինե երկարաճիտ կոշիկները պետք է հագնեն միայն լվացման-ախտահանման աշխատանքի ընթացքում, վերջիններս պետք է ախտահանվեն քլորակրի լուծույթով:
8.13. Շշերի լվացումը մեքենաներում պետք է կատարվի համաձայն տվյալ մեքենայի շահագործման հրահանգի: Սպիտակուցի մնացորդներով աղտոտված շշերը նախապես պետք է թրջել ջրով, ապա լվանալ ձեռքով, հետո մեքենայով: Նախկինում տեխնիկական հեղուկների համար օգտագործված շշերում արգելվում է լցնել կաթ և կաթնամթերք:
8.14. Նախքան կաթնամթերքի շշալցումը, շշերը պետք է ստուգվեն դրանց ամբողջականության, լվացման որակի և կողմնակի առարկաների առկայության նկատմամբ: Հսկիչի համար պետք է ապահովվի աշխատելու հարմար դիրք: Հսկիչի տեսողության սրությունը պետք է լինի ստուգված, նրա աշխատանքը լուսաֆիլտրի մոտ թույլատրվում է 1,5-2 ժամից ոչ ավելի:
8.15. Ֆիլտրող միջոցները անհրաժեշտ է լվանալ և ախտահանել յուրաքանչյուր օգտագործումից հետո:
8.16. Կաթնաշոռի մամլման տեխնոլոգիական գործընթացն ավարտելուց հետո պարկերը պետք է լվանալ մեքենաներում` այդ նպատակի համար թույլատրված հատուկ միջոցներով: Պարկերի լվացման համար պետք է նախատեսվի առանձնացված սենյակ:
8.17. Սննդամթերքի հետ շփվող կոնվեյերները, տրանսպորտորները հերթափոխի ավարտից հետո պետք է մաքրել կալցինացված սոդայի լուծույթով կամ սինթետիկ լվացող նյութերով, որից հետո լվանալ տաք ջրով:
8.18. Կաթը յուրաքանչյուր անգամ թափելուց հետո ցիստեռնները պետք է լվացվեն, ախտահանվեն և կնքվեն` կատարելով համապատասխան նշում ուղեգրի մեջ:
8.19. Լվացված սարքավորումների մանրէաբանական հսկողությունը պետք է կատարվի կազմակերպության լաբորատորիայի և Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից (ընտրանքային կարգով):
8.20. Վաղ մանկական տարիքի երեխաների համար հեղուկ և մածուկանման կաթնամթերքների պատրաստման մասնագիտացված արտադրամասերում սարքավորումների լվացումը, ախտահանումը, լվացող և ախտահանիչ հեղուկների խտության ստուգումը, սանիտարական մշակումը պետք է կատարվի ավտոմատ ռեժիմով:
Սարքավորումների և խողովակների լվացման համակարգը պետք է կազմված լինի մի քանի ինքնուրույն փուլերից.
- հում կաթի, սննդային բաղադրիչների, չպաստերիզացված կաթի սարքավորումներ և խողովակագծեր,
- մանրէազերծող սարքեր, ստերիլիզատորներ, պաստերիզատորներ և դրանց հետ ընդհանուր սխեմայով աշխատող սարքավորումներ,
- մանրէազերծված կաթնամթերքի տարողություններ, խողովակագծեր, շշալցման և փաթեթավորման սարքեր,
- մանկական կաթնաթթվային մթերքի արտադրման տարողություններ,
- կաթնաշոռի պատրաստման սարքավորումներ:
8.21. Մանկական սննդի փոքր հզորություն ունեցող արտադրամասերի համար մինչև 5 տ) սարքավորումների լվացումը պետք է կատարվի հետևյալ փուլերով.
- կաթի և ոչ պաստերիզացված սննդային բաղադրիչների խողովակագծեր և սարքավորումներ,
- ստերիլիզատորներ, պաստերիզատորներ և դրանց հետ նույն սխեմայով աշխատող սարքավորումներ, մանրէազերծված կաթնամթերքի տարողություններ, խողովակագծեր, փաթեթավորող ավտոմատ սարքեր,
- կաթնաշոռի արտադրման սարքավորում, փաթեթավորման ավտոմատներ (լվացումը պետք է կատարվի վերը նշված հաջորդականությամբ):
9. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
9.1. Կաթի և կաթնամթերքի ընդունման, վերամշակման և պահպանման բոլոր գործընթացները պետք է կատարվեն մաքուր պայմաններում և պետք է բացառվի դրանց աղտոտումը, փչացումը, ինչպես նաև դրանցում կողմնակի առարկաների հայտնվելը:
9.2. Կաթնամթերքը պետք է համապատասխանի գործող նորմատիվների, տեխնոլոգիական հրահանգի պահանջներին:
9.3. Չի թույլատրվում կաթի ընդունումն առանց անասնաբուժական ծառայության կողմից տրված համապատասխան փաստաթղթի (ձև 2) առկայության` տնտեսությունների ապահովության մասին` յուրաքանչյուր ամսվա համար, իսկ անհատ կաթ հանձնողներից` եռամսյակը մեկ անգամ:
9.4. Ընդունվող կաթը, սերուցքը և օժանդակ հումքը պետք է համապատասխանեն Պետ.ստանդարտի և արտադրողի կողմից մշակված, ՀՀ ԱՆ կողմից համաձայնեցված և պետական գրանցում ստացած տեխնիկական պայմանների պահանջներին:
9.5. Բրուցելյոզով կամ տուբերկուլյոզով հիվանդ կենդանիների նախօրոք պաստերիզացված կաթը կարող է ընդունվել միայն Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների թույլատրմամբ: Կաթը անվտանգ դարձնելուց հետո պետք է նշվի դրա պաստերիզացիայի ջերմաստիճանը:
Անապահով տնտեսություններից ստացված կաթի յուրաքանչյուր խմբաքանակ պետք է ստուգվի արտադրական լաբորատորիայում, քիմիական մեթոդով և կարող է ընդունվել միայն պերոքսիդազի նկատմամբ բացասական ռեակցիայի դեպքում:
Նման հումքից արտադրվող տեսականին պետք է համաձայնեցվի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հետ:
9.6. Մանկական կաթնամթերքի արտադրման համար օգտագործվող կաթը պետք է համապատասխանի Պետ. ստանդարտի պահանջներին (բարձր և առաջին տեսակի (կարգի) կաթ):
9.7. Կաթի առաջնակի մշակում (ֆիլտրում, պաղեցում) կատարող կազմակերպություններում, հում կաթը պահելու դեպքում, պետք է պահպանվեն հետևյալ պայմանները.
- նոր ընդունված կաթը (պաղեցրած) չպետք է խառնվի արտադրությունում պահվող կաթի հետ,
- 180 T թթվայնություն ունեցող մինչև 40C սառեցրած կաթը մինչև առաքումը կարող է պահպանվել 6 ժամից ոչ ավել, իսկ մինչև 60C պաղեցրածը` 4 ժամից ոչ ավել: Տեղափոխման 10 ժամ տևողության դեպքում կաթը պետք է ունենա 60C-ից ոչ բարձր ջերմաստիճան, իսկ 16 ժամ տևողության դեպքում` մինչև 40C ջերմաստիճան:
Այդ արտադրամասերում կաթի պաստերիզացիան կատարվում է հետևյալ դեպքերում.
- եթե ընդունվել է 19-200T թթվայնության կաթ,
- եթե կաթը պետք է պահվի 6 ժամից ավել,
- եթե կաթի տեղափոխման ժամանակը վերը նշվածից երկարատև է:
9.8. Նախքան կաթ ընդունելը, կաթի խողովակները և ցիստեռնները պետք է ախտահանվեն քլորակրի լուծույթով և պարզաջրվեն խմելու ջրով:
Ընդունումն ավարտելուց հետո խողովակները պետք է լվացվեն, ախտահանվեն, փակվեն և կախվեն բարձակների վրա: Լվացող հեղուկները և ախտահանիչ լուծույթները պետք է պահպանվեն հատուկ մակնշված տարողություններում:
9.9. Ընդունված կաթը և սերուցքը պետք է անմիջապես ֆիլտրվեն և պաղեցվեն մինչև 4+20C կամ անմիջապես պաստերիզացվեն:
Պաղեցրած կաթի պահպանման թույլատրելի ժամկետներն են.
մինչև 40C պաղեցրած կաթի համար 12 ժամ,
մինչև 60C պաղեցրած կաթի համար 6 ժամ:
9.10. Հում և պաստերիզացված կաթի պահպանման համար պետք է նախատեսված լինեն առանձին տարողություններ և առանձին խողովակագծեր: Հում և պաստերիզացված կաթի տարողությունները պետք է լինեն մակնշված:
9.11. Պաստերիզացումից առաջ պետք է կատարվի կաթի և սերուցքի զտում, նորմալացում և հոմոգենացում: Թույլատրվում է հոմոգենացումը կատարել պաստերիզացումից հետո` 600C-ից ոչ ցածր ջերմաստիճանի պայմաններում: Եթե կատարվում է պաստերիզացված կաթի զտում, ապա ստացված սերուցքը, զտված (ճարպազրկված կաթը) կամ նորմալացված խառնուրդը պարտադիր պետք է ենթարկվեն լրացուցիչ պաստերիզացման:
9.12. Նախքան պաստերիզացնող-պաղեցնող սարքավորման միացնելը, աշխատողը պետք է ստուգի ժապավենի և թանաքի առկայությունը, հետադարձ փականի սարքինությունը, պաստերիզացման ջերմաստիճանի ինքնակարգավորման համակարգը և այլն:
9.13. Պաստերացման ջերմության հսկողության ջերմագրերի վրա աշխատողը պետք է յուրաքանչյուր աշխատանքային ցիկլից հետո նշի իր ազգանունը, պաստերիզատորի տիպը և N-ը, պաստերիզացված կաթից պատրաստվող մթերքի անվանումը, ամսաթիվը, աշխատանքի սկսվելու և ավարտվելու ժամանակը, տեխնոլոգիական գործընթացը (լվացում, ախտահանում, կաթի պաստերիզացում): Ջերմագրերը պետք է հետազոտվեն լաբորատորիայում և պահվեն 1 տարի:
9.14. Հսկիչ-գրանցող սարքերի բացակայության դեպքում պաստերացման ջերմաստիճանը անհրաժեշտ է հսկել և գրանցել:
9.15. Պաստերացման արդյունավետությունը պետք է հսկվի մանրէաբանական, քիմիական մեթոդներով:
Անկախ պատրաստի արտադրանքի որակից, պաստերիզացման արդյունավետության հսկողությունը կատարվում է տաս օրը մեկ` մանրէաբանական մեթոդով: Պաստերացումը համարվում է արդյունավետ, եթե 10 սմ3 կաթում աղիքային ցուպիկի խմբի մանրէները բացակայում են և մանրէների ընդհանուր քանակը չի գերազանցում 10000-ից:
Քիմիական մեթոդով կաթի պաստերացման արդյունավետության որոշումը պետք է կատարվի պաստերացված կաթով լցված յուրաքանչյուր տարողությունից:
Միայն ֆոսֆատազայի նկատմամբ ռեակցիայի բացասական պատասխան ստանալուց հետո կարելի է կաթը վերամշակել կամ փաթեթավորել:
9.16. Կաթի մանրէազերծման հոսքային գծում ջերմային մշակման արդյունավետությունը պետք է հսկվի շաբաթը 2 անգամից ոչ պակաս` արդյունաբերական մանրէազերծվածության որոշման եղանակով:
9.17. Պաստերացումից հետո կաթը և թթվասերը պետք է պաղեցվեն մինչև (4+20C) և ուղարկվեն շշալցման (փաթեթավորման): Նախքան շշալցումը, պաստերացված կաթը տարողություններում կարելի է պահել 6 ժամից ոչ ավել:
9.18. Պաստերացման արտադրամասում պաստերացված կաթի տանկերի մեջ լցնելու և դատարկելու ժամանակը պետք է գրանցվի:
9.19. Կաթնաթթվային արտադրանքի պատրաստման ժամանակ կաթը և սերուցքը պաստերացումից հետո պաղեցվում են մինչև մերման ջերմաստիճանը և անմիջապես ուղարկվում մերման: Արգելվում է կաթը մերման ջերմաստիճանում պահել առանց մերանի:
Ելնելով արտադրական անհրաժեշտությունից, պաստերացված կաթը կարելի է պաղեցնել մինչև (4+20C) և պահել 6 ժամից ոչ ավել: Նշված ժամկետը խախտելու դեպքում, այն պետք է կրկին պաստերացվի:
9.20. Թթվասերի արտադրման համար պետք է օգտագործվի միայն թարմ սերուցք, չի թույլատրվում մերել բարձր թթվայնություն ունեցող սերուցքը: Թթվասերը պետք է պատրաստվի ամբարային եղանակով, փակ տարողություններում: Անհրաժեշտ է խստորեն պահպանել սերուցքի տեխնիկական հրահանգով սահմանված պաստերացման ջերմաստիճանը, մերանի քանակը, մերման (թթվեցման) ջերմաստիճանը և տևողությունը:
Թթվասերի հասունացումը պետք է կատարվի սառնարաններում (խցիկներում) 0-80C ջերմության պայմաններում, մեծ տարաներում փաթեթավորման դեպքում` 12-48 ժամ, փոքր տարաներում` 6-12 ժամ:
9.21. Մանկական կաթնամթերքների արտադրման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.
- կաթնաթթվային արտադրանքի պատրաստման ժամանակ կաթը կամ խառնուրդները պետք է պաղեցվեն մինչև 2-60C, որից հետո ուղարկվեն շշալցման, կամ բարձր ջերմաստիճանում հետագա մշակման,
- ելնելով արտադրական անհրաժեշտությունից թույլատրվում է կաթի պահպանումը մինչև շշալցումը. 2-50C ջերմաստիճանում` մինչև 6 ժամ, 6-80C ջերմաստիճանում` մինչև 3 ժամ:
9.22. Թույլատրվում է մանկական կաթնամթերքին ավելացնել տարբեր բաղադրիչներ (վիտամիններ, հանքային նյութեր, շաքար, կենսաբանորեն ակտիվ նյութեր և այլն)` դրանց կենսաբանական և սննդային արժեքը բարձրացնելու և կազմը մայրական կաթի կազմին ադապտացնելու (նմանեցնելու) նպատակով:
Մանկական կաթնամթերքին ավելացվող բաղադրիչները պետք է համապատասխանեն նորմատիվային պահանջներին, արգելվում է ժամկետանց բաղադրիչների օգտագործումը:
9.23. Տարաբնույթ կաթնաթթվային արտադրատեսակները շշալցնող-փաթեթավորող հոսքագծի վրա փաթեթավորելու դեպքում, պետք է պահպանվի հետևյալ հաջորդականությունը. սկզբում պետք է փաթեթավորվի բիֆիդամանրէներով պատրաստված արտադրանքը, հետո հաջորդաբար` կաթնաթթվային մանրէների մաքուր կուլտուրաներով, պրոպինաթթվային մանրէներով, ացիդոֆիլային ցուպիկով, վերջում` կեֆիրային սնկիկներով պատրաստվածները:
9.24. Մանկական կաթնամթերքը պետք է փաթեթավորվի միանվագ օգտագործման համար նախատեսված ծավալով:
9.25. Կոտրված և թերլցված շշերից ու փաթեթներից հավաքված պաստերացված կամ մանրէազերծված կաթը կամ սերուցքը պետք է ֆիլտրել լավսանի, իսկ կաթնաթթվային արտադրանքը` երկշերտ մառլյայի միջոցով, որից հետո կաթը և սերուցքը ենթարկել կրկնակի պաստերացման կամ մանրէազերծման, իսկ կաթնաթթվային մթերքը` վերամշակման:
9.26. Արտադրանքում կողմնակի նյութերի հայտնվելը կանխելու նպատակով, կաթը նախապես պետք է ֆիլտրվի, ալյուրը և շաքարը մաղվեն, չամիչը լվացվի և չորացվի, սուրճը, կակաոն, վանիլը ստուգվեն կողմնակի միացությունների նկատմամբ:
Հատկապես մանրակրկիտ պետք է ստուգվի կաթի նախնական մշակում կատարող արտադրամասերից ստացված կաթնաշոռը, մեծ տարողություններից հանելուց հետո:
9.27. Մանկական հիմնարկներին առաքվող թթվասերը, կաթնաշոռը և այլ մթերքը պետք է լինի միայն սեփական արտադրության և բարձր որակի: Չի թույլատրվում մանկական հիմնարկներ առաքել կաթի առաջնակի մշակում կատարող արտադրամասերում պատրաստված արտադրանքը:
9.28. Պանիրները (փափուկ և չոր) պետք է պատրաստվեն միայն պաստերացված կաթից: Անհրաժեշտ է խստորեն պահպանել տեխնոլոգիական հրահանգով և Պետ. ստանդարտով սահմանված պանրի հասունացման պայմանները և ժամկետները: Չի թույլատրվում առաքել ըստ սահմանված ժամկետի չհասունացած պանիրները:
9.29. Պանրապահուստարանը պետք է սարքավորված լինի հեշտությամբ լվացվող և ախտահանվող դարակաշարերով:
Կարագի և պանրի պահպանման խցիկները տարին 2 անգամ պետք է սպիտակեցվեն և ախտահանվեն` նախապես խցիկները ազատելով մթերքից: Պանրի աղադրման, չորանոցի և պոլիմերային թաղանթներում փաթեթավորման սենքերի օդը մանրէազերծելու համար պետք է օգտագործվեն մանրէասպան լամպեր:
9.30. Արգելվում է կատարել արտադրական սենքերի ախտահանում կամ վերանորոգում արտադրանքի արտադրման ընթացքում և արտադրամասում թողնել նորոգման գործիքները: Առանձին սարքավորման նորոգման աշխատանքները կարելի է կատարել միայն նորոգման դաշտը շարժական էկրանով մեկուսացնելու դեպքում:
9.31. Պատրաստի արտադրանքը փաթեթավորելու և շշալցնելու համար նախատեսված տարաները պետք է փաթեթավորման արտադրամաս տանել միայն միջանցքներով` շրջանցելով այլ արտադրամասերը:
Արգելվում է տարայի և փաթեթների պահեստավորումն արտադրամասերում: Դրանց համար պետք է տրամադրվի հատուկ տեղ (սենյակ):
9.32. Արտադրանքի պիտակավորումը և մակնշումը պետք է կատարվի նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան:
9.33. Պատրաստի արտադրանքի պահեստի կամ խցիկի ջերմաստիճանի և խոնավության, ինչպես նաև պատրաստի արտադրանքի իրացման ժամկետի հսկողությունը պետք է կատարվի լաբորատորիայի կողմից, 1 հերթափոխի ընթացքում 2-3 անգամ: Հսկողության արդյունքները պետք է գրանցվեն հատուկ մատյանում:
9.34. Հումքի, համեմունքների և պատրաստի արտադրանքի տեղավորումը պահեստներում կամ խցիկներում և դրանց պահպանումը պետք է կատարվի խմբաքանակներով` նշելով արտադրման ամսաթիվը և խմբաքանակի համարը:
9.35. Պատրաստի արտադրանքը պետք է բաց թողնվի առաքիչի, պահեստապետի կամ վարպետի կողմից: Նրանք պատասխանատվություն են կրում արտադրանքը առանց որակը հաստատող փաստաթղթերի առաքելու համար:
Մանկական կաթնամթերք արտադրող կազմակերպություններում պետք է կատարվի ամենօրյա համտեսում` պահպանելով նմուշները մինչև դրանց իրացման ժամկետի լրանալը:
9.36. Չի թույլատրվում իրացման առաքել վնասված, աղտոտված փաթեթներում, խախտված կնիքներով, ըստ սահմանված կարգի չմակնշված արտադրանքը:
9.37. Բորբոսասնկերի դեմ պայքար տանելու համար խցիկները, սենյակները, միջանցքները պետք է մշակել քլորակրի լուծույթով, անտիսեպտոլով, խիստ ախտահարված և նշված նյութերի անարդյունավետության դեպքերում` նատրիումի օքսիդիֆենոլյատի պատրաստուկով:
9.38. Սառցախցիկներում բոլոր ապրանքները պետք է լինեն փաթեթավորված: Տարողությունները պետք է դրվեն ապրանքատակերի վրա, որոնք պարբերաբար պետք է լվացվեն և ախտահանվեն:
Թույլատրվում է փաթեթավորված ապրանքը տեղադրել մետաղից կամ պլաստմասսայից պատրաստված զամբյուղների մեջ:
9.39. Սառնարանային խցիկների սանիտարական վիճակի գնահատումը և ախտահանման անհրաժեշտությունը որոշվում է արտադրության պետի կամ լաբորատորիայի վարիչի կողմից:
9.40. Խցիկների ախտահանման արդյունավետությունը որոշվում է մանրէաբանական հետազոտության արդյունքների հիման վրա: Ախտահանումը համարվում է բավարար, եթե 1 սմ2 մակերեսի վրա բորբոսասնկերի քանակը` տաս բջջից ավել չէ:
9.41. Ընդունվող հումքի, պատրաստի արտադրանքի, տեխնոլոգիական գործընթացների և արտադրության սանիտարահիգիենիկ պայմանների հսկողությունը պետք է կատարվի կազմակերպության լաբորատորիայի կողմից (ըստ հավելված 3-ի):
---------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակություն հաջորդ մասերում