(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0017.220203
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 02 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603068
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
16 փետրվարի 2003 թվականի N 17-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹԻԿՆԵՐ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի վեցերորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղարը Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի ներկայացրած հայտը գրանցում է ստացման օրով:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կողմից կազմվում է աշխատանքային խումբ Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքի հայտին կից ներկայացված փաստաթղթերի վավերականությունը ստուգելու համար:
Հայտին կից ներկայացված փաստաթղթերի վավերականությունը աշխատանքային խումբը ստուգում է հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան պաշտոնաթերթիկների տրման համար սահմանված վերջին օրը:
Ստուգումներին հրավիրվում են համապատասխան կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների լիազոր ներկայացուցիչները:
3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն աշխատանքային խմբի եզրակացությունը ստանալուց հետո երկօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների հատկացման համար սահմանված վերջին օրը` աշխատանքային խմբի համապատասխան եզրակացության հիման վրա ընդունում է որոշում` Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցությանը, կուսակցությունների դաշինքին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներ հանձնելու մասին, կամ պաշտոնաթերթիկների հանձնումը մերժելու վերաբերյալ: Որոշման պատճենն անհապաղ տրամադրվում է կուսակցության, կուսակցությունների դաշինքի Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցված լիազոր ներկայացուցչին:
4. Յուրաքանչյուր կուսակցության, կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչներին պաշտոնաթերթիկներ հատկացնելիս կողմերի ստորագրությամբ համապատասխան գրառում է կատարվում պաշտոնաթերթիկների հանձնման և ընդունման գրանցամատյանում:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999թ. մարտի 23-ի արձ. 7 կետ 1 «Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկների տրման կարգի մասին» որոշումը: