(ուժը կորցրել է 07.11.03 թիվ 18-Ն որոշում)
i
603.0264.281202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«28» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302434
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
2 դեկտեմբերի 2002 թվականի N 264-Ն
«ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 10-ի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը և աշխատանքը» Ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի հոկտեմբերի 23-ի «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայությունը և աշխատանքը» ձև թիվ 1-ավտո (շտապ-ամսական) հաշվետվության ձևը և լրացման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 88 որոշման 1-ին կետը:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2 դեկտեմբերի 2002 թվականի
թիվ 264-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՎՏՈ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1.1. Հրահանգը սահմանում է «Ավտոտրանսպորտի շահագործական շարժակազմի առկայության և աշխատանքի մասին» ձև թիվ 1-ավտո (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվության) լրացման կարգը:
1.2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ընտրանքային կարգով ընտրված իրավաբանական անձինք, հիմնարկները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ` կազմակերպություններ), որոնք նախապես այդ մասին տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
1-ավտո (ամսական) հաշվետվությունը լրացնում են միայն`
- բեռնափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնց փաստացի գործունեության հիմնական տեսակն է համարվում եկամուտներ ստանալու նպատակով իրականացվող բեռնափոխադրումները, և «Հայավտոճան» ՓԲԸ կազմակերպությունները, ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա ունեցող կազմակերպությունները.
- ուղևորափոխադրումների մասում` այն կազմակերպությունները, որոնք ընդհանուր օգտագործման ավտոբուսային երթուղիների համար սահմանված կարգով իրականացնում են կանոնավոր ուղևորափոխադրումներ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, և այն կազմակերպությունները, որոնք ունեն ուղևորափոխադրումներ իրականացնելու համար համապատասխան պետական կառավարման մարմինների կողմից տրված լիցենզիա:
1.3. Կազմակերպությունները կազմում են ամսական հաշվետվություն (տարվա սկզբից աճողական կարգով) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության մարզային և (կամ) տարածքային գործակալություններ ոչ ուշ, քան հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-ը:
1.4. Վարձակալության տվող կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող հաշվետվությունում չեն ընդգրկում կողմնակի կազմակերպություններին վարձակալությամբ տրված ավտոմեքենաների քանակն ու աշխատանքը բնութագրող տվյալները: Այդ տվյալներն ընդգրկվում են ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունների հաշվետվությունում:
1.5. Բեռնաուղևորափոխադրումներ իրականացնելու համար ավտոմեքենաներ վարձակալած կազմակերպությունները հաշվետվությունը լրացնում են միայն ավտոմեքենան վարձակալած ժամանակաշրջանի համար:
1.6. Հաշվետվությունում չեն ընդգրկվում տրանսպորտային կազմակերպության տեխնիկատնտեսական սպասարկման (կազմակերպության կարիքների համար փոխադրված բեռներ, կազմակերպության աշխատողների փոխադրումներ ավտոբուսներով և թեթև մարդատար ավտոմեքենաներով, ծառայողական երթևեկություններ) նպատակով օգտագործված ավտոմեքենաների աշխատանքը բնութագրող տվյալները:
1.7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հրահանգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
Ավտոբուս` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված 9 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց է:
Միկրոավտոբուս` փոքր դասի` 9-15 նստատեղ ունեցող ավտոբուս Է:
Ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) ավտոբուսի շարժման սահմանված ընթացուղին է:
Կանոնավոր երթուղի` ավտոբուսների շարժման սահմանված ընթացուղով ու հաստատված չվացուցակով ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի է:
Ներքաղաքային երթուղի` Երևան քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Երևան քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում:
Ներմարզային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի է, որն անցնում է մարզի տարբեր համայնքների վարչական տարածքներով և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն մարզի վարչական տարածքի սահմաններում:
Միջմարզային երթուղի` այն երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր մարզերի տարածքներում:
Միջպետական երթուղի` պետությունների միջև և փոխհամաձայնությամբ սահմանված երթուղին է, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում:
Ընդհանուր օգտագործման երթուղային ավտոբուսների, միկրոավտոբուսների երթ`
- երկու վերջնակետերով երթուղիների դեպքում` ավտոբուսի շարժը մի ուղղությամբ` երթուղու սկզբնական կետից մինչև վերջնական կետը:
- շրջապտուտային (օղակաձև) երթուղու ժամանակ (այսինքն` երբ երթուղու սկզբնական և վերջնական կետը միևնույնն է) երթ Է համարվում ավտոբուսի ժամանումը սկզբնական կետից այդ նույն կետը:
Չվացուցակը աղյուսակ (ժամանակացույց) է, որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և երթուղու իրականացման հաջորդականության մասին տվյալներ:
1. ԲԱԺԻՆ 1. ԲԵՌՆԱՏԱՐ ԵՎ ՈՒՂԵՎՈՐԱՏԱՐ ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
2.1.1. Բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` բեռների փոխադրումների ծավալը (տոննաներով) և բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով: Բեռնափոխադրումների և բեռնաշրջանառության մեջ մտնում են բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսիները), պիկապների և թեթև մարդատար ավտոմեքենաների շասսիի վրա ֆուրգոնների և ավտոկցորդների կատարած փոխադրումների ծավալները:
Բեռնատար ավտոտրանսպորտով (ներառյալ ավտոկցորդներով) բեռնափոխադրումների ծավալում ցույց է տրվում փոխադրված բեռների փաստացի քանակը, հաշվի առնելով տարայի քաշը, կոնտեյների քաշը յուրաքանչյուր երթի ժամանակ:
Ծանոթություն: Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային և միջպետական բեռնափոխադրումների ծավալները վիճակագրական հաշվետվությունում լրացվում են ապրանքատրանսպորտային բեռնագրերի կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթերի հիման վրա, որոնցով կատարվում է ապրանքանյութական արժեքների գրանցումներն ու պահեստային հաշվառումները:
Պայմանագրերով ձևակերպված ոչ ապրանքային բեռների (որոնց համար պահեստային հաշվառում չի տարվում) փոխադրումները հաշվարկվում են չափման, կշռման միջոցով և արտացոլվում` արտահայտված տոննաներով և տոննա-կիլոմետրերով:
Գծամետրերով չափվող հատային և ծավալային բեռների (փայտ, անտառանյութ, ավազ և այլն) քաշը որոշվում է բեռնառաքողների կողմից` դրանք մաս-մաս կշռելով կամ համապատասխան բերման գործակիցների կիրառման միջոցով:
Ստանդարտ բեռների համար բեռների քաշը որոշվում է տեղերի քանակը մեկ տեղի քաշով բազմապատկելու միջոցով:
Հատերով հաշվառվող բեռների (մեքենաներ, սառնարաններ և այլն) քաշը որոշվում է բեռների քանակը տեխնիկական փաստաթղթերում նշված քաշով բազմապատկելու միջոցով:
Բեռնաշրջանառությունը (տոննա-կիլոմետրերով) որոշվում է առանձին երթերով փոխադրված փաստացի բեռի քանակը (տոննա) բազմապատկելով փոխադրման հեռավորությամբ և գումարելով ստացված արդյունքները:
Առանց ապրանքատրանսպորտային բեռնագրերի (կամ բեռի փոխադրման վերաբերյալ այլ փաստաթղթի) ձևակերպման և ժամավճարային սակագներով ներքաղաքային և ներմարզային բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների բեռնաշրջանառությունը որոշվում է հաշվարկային կարգով. ավտոմեքենայի ուղեգրում գրանցված ընդհանուր վազքի, բեռնատարողության, վազքի օգտագործման և բեռնատարողության օգտագործման գործակիցների արտադրյալով: Վազքի օգտագործման գործակիցը հավասար է 0,5-ի, իսկ բեռնատարողության գործակիցը` 0,7: Բեռնափոխադրումների ծավալները որոշվում են բեռնաշրջանառությունը բեռնափոխադրման միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Որպես բեռի փոխադրման միջին հեռավորություն է սահմանվում 15 կմ-ը:
2.1.2. Հետայսու ուղևորատար տրանսպորտի բոլոր ցուցանիշները լրացվում են ինչպես սեփականության, այնպես էլ ՀՀ օրենսդրության սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:
Ավտոբուսային տրանսպորտի աշխատանքը բնութագրող ծավալային ցուցանիշներն են` ուղևորների փոխադրումների ծավալը (ուղևորներով) և ուղևորաշրջանառությունը (ուղևոր-կիլոմետրերով): Հաշվետվությունում այդ ցուցանիշներն արտահայտվում են հազարներով: ՈՒղևորների փոխադրման և ուղևորաշրջանառության ցուցանիշներում ներառվում են շահագործական երթուղային ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և պատվերով աշխատող ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորները): Անվճար երթևեկության իրավունքներից օգտվող ուղևորների քանակը տրանսպորտային կազմակերպությունների կողմից հաշվարկվում է ըստ ՀՀ Կառավարության 1997 թ. թիվ 251 որոշմամբ սահմանված կարգի:
2.1.3. Վճարովի երթևեկությամբ ուղևորների քանակը ներքաղաքային երթուղիներում որոշվում է համապատասխան երթուղով ուղևորների փոխադրումներից ստացված հասույթի և տվյալ երթուղու համար հաստատված սակագնի հարաբերակցությամբ:
Ներմարզային երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է տվյալ երթուղու տվյալ ավտոբուսի համար հաշվարկված ուղևորաշրջանառության կրկնապատիկի և տվյալ (համապատասխան) երթուղու փաստացի հեռավորության հարաբերությամբ:
Միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորների փոխադրումների ծավալը որոշվում է վաճառված տոմսերի քանակի հիման վրա:
Պատվերով ավտոբուսներով փոխադրված ուղևորների քանակը ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացառությամբ` տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների) որոշվում է հաշվարկային ուղևորաշրջանառությունը ներմարզային երթուղիների միջին հեռավորության վրա բաժանելու միջոցով: Ներմարզային երթուղու միջին հեռավորության ցուցանիշի բացակայության դեպքում հաշվարկի համար որպես հիմք ընդունվում է 15 կմ-ը:
Որպես պատվերով ավտոբուսներով միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր տեսակի երթուղիներով) փոխադրված ուղևորների քանակ է ընդունվում ավտոբուսի ուղեգրում նշված փոխադրված փաստացի ուղևորների քանակը:
2.1.4. ՈՒղևորաշրջանառությունը (տող 140) որոշվում է հետևյալ կերպ.
ա) ներքաղաքային երթուղիներում աշխատող ավտոբուսների ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրված ուղևորների քանակը համապատասխան երթուղու հեռավորության 1/2-ով բազմապատկելու միջոցով.
բ) ներմարզային երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է.
- առանձին քաղաքացիներին 1 երթի համար միանգամյա տոմսեր վաճառելու դեպքում` ուղևորափոխադրումներից ստացված հասույթը տվյալ երթուղու 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագնի (տարիֆի) վրա բաժանելու միջոցով: Այդ սակագինը որոշվում է տվյալ երթուղու համար գործող սակագնի և երթուղու երկարության հարաբերակցությամբ: Օրինակ` ենթադրենք Երևան-Արմավիր երթուղու մեկ ուղևորի փոխադրման համար սահմանված է 350 դրամ, իսկ երթուղու երկարությունը` 45 կմ, ապա տվյալ երթուղու համար 1 ուղևոր-կիլոմետրի համար գործող սակագինը կլինի` 350: 45 = 7,78 դրամ.
- առանձին քաղաքացիներին, կազմակերպություններին աբոնենտային ամսական տոմսեր վաճառելու դեպքում` 1 ամսում փոխադրված ուղևորների քանակը ուղևորների փոխադրման փաստացի հեռավորությամբ բազմապատկելու միջոցով.
- անվճար երթևեկության իրավունքներից օգտվող քաղաքացիների փոխադրման դեպքում` հրահանգում նշված թիվ 32 որոշման կարգով հաշվարկված ուղևորների քանակի և տվյալ կազմակերպության երթուղիների միջին հեռավորության 1/2-ի արտադրյալով:
Երթուղու միջին հեռավորությունը որոշվում է հետևյալ կերպ`
օրինակ, ենթադրենք Ա կազմակերպությունն ունի երեք երթուղիներ.
I երթուղի` հեռավորությունը - 20 կմ, երթերի թիվը` 15, ուղևորներով վազքը` 15x20=300 կմ
II երթուղի` 25 կմ և 20 երթ, ուղևորներով վազքը` 20 x25=500 կմ
III երթուղի` 30 կմ և 6 երթ, ուղևորներով վազքը` 6 x 30 =180 կմ
Տվյալ կազմակերպության համար երթուղու միջին հեռավորությունը կլինի`
(300+500+180): (15+20+6) = 980: 41= 23.9 կմ:
գ) միջմարզային և միջպետական երթուղիներում ուղևորաշրջանառությունը որոշվում է ուղևորների քանակի և տվյալ երթուղու հեռավորության կեսի արտադրյալով:
Պատվերով ավտոբուսների ուղևորաշրջանառությունը.
- ներքաղաքային և ներմարզային երթուղիներում (բացի տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներից) որոշվում է ավտոբուսների ուղևորներով վազքի, դրանց նստատեղերի թվի և տեղատարողության օգտագործման գործակցի արտադրյալով: Տեղատարողության օգտագործման գործակիցը ընդունվում է 0,65.
- միջմարզային և միջպետական երթուղիներում, ինչպես նաև տուրիստաէքսկուրսիոն ավտոբուսներով (բոլոր երթուղիների համար) փոխադրումների ժամանակ ուղևորաշրջանառությունը որոշվում է փոխադրվող ուղևորների քանակի և ավտոբուսների ուղևորներով վազքի արտադրյալով:
2.2. ԲԱԺԻՆ 2. ՇԱՀԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
2.2.1. Տնտեսության շահագործական շարժակազմի թվի մեջ ներառվում է ինչպես տվյալ կազմակերպության հաշվեկշռում առկա, այնպես էլ վարձակալությամբ վերցրած բոլոր բեռնատար ավտոմեքենաների, ավտոբուսների քանակը, որոնք գտնվում են աշխատանքում, պահեստում (ռեզերվում) պարապուրդում` տեխնիկապես սարքին վիճակում, վերանորոգման մեջ, վերանորոգմանը սպասելու վիճակում, ինչպես նաև ոչ պիտանի վիճակում, քանի դեռ դուրս չեն գրվել հաշվեկշռից:
2.2.2. «Բեռնատար ավտոմեքենաներ» տողում (տող 210) ներառվում են բոլոր տեսակի բեռնատար ավտոմեքենաների (ներառյալ բեռնատար տաքսոմոտորներ), պիկապների և ավտոկցորդների թիվը:
2.2.3. «Ավտոբուսներ, ընդամենը» (տող 220) և «Միկրոավտոբուսներ, ընդամենը» (տող 230) տողերում լրացվում են տվյալ կազմակերպության համապատասխանաբար բոլոր ավտոբուսների և միկրոավտոբուսներ քանակը` անկախ դրանց սարքինության վիճակից:
2.2.4. «Երթուղային ավտոբուսներ» (տող 221) և «Երթուղային միկրոավտոբուսներ» տողերում լրացվում են միայն այն ավտոբուսների, միկրոավտոբուսների քանակը, որոնք կանոնավոր ձևով աշխատում են ընդհանուր օգտագործման երթուղիներում:
2.3. ԲԱԺԻՆ 3. ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԵՎ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՐԹԵՐԸ (ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ, ԱՄԵՆԱՄՍՅԱ ԱՃՈՂԱԿԱՆ ԹՎԵՐՈՎ)
(Բաժինը լրացնելու հիմնական փաստաթուղթ է համարվում ավտոբուսի ուղեգիրը):
2.3.1.»Չվացուցակով նախատեսված երթերի քանակը» (տողեր 310 և 330) լրացվում են երթուղային ավտոբուսների և միկրոավտոբուսների հիմնական կամ ժամանակավոր չվացուցակի հիման վրա:
2.3.2. «Փաստացի կատարված երթերի քանակը» (տողեր 320 և 340) լրացվում են ավտոբուսների և միկրոավտոբուսների` երթուղու վերջնական կետ ժամանման մասին կատարված նշումների հիման վրա:
2.3.3. Երթերը համարվում են չվացուցակն առանց խախտելու (տողեր 321 և 341), եթե ավտոբուսը և միկրոավտոբուսն ուղևորվել է չվացուցակով նախատեսված ճիշտ ժամանակին և անցնելով բոլոր հսկիչ կետերը` վերադարձել վերջնակետ, նույնպես չվացուցակով նախատեսված ժամանակին:
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից թույլատրվում են հետևյալ շեղումները.
- ներքաղաքային` +/- 2 րոպե
- ներմարզային` +/- 3 րոպե
- միջմարզային` +/- 5 րոպե
Ավտոբուսային երթուղիների ժամանակ չվացուցակից նման շեղումների դեպքում չվացուցակը կարելի է համարել կատարված` չվացուցակն առանց խախտելու:
2.3.3. 410 տողում լրացվում է կազմակերպության բոլոր աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (առանց համատեղությամբ աշխատողների):
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում