(ուժը կորցրել է 29.12.04 թիվ 29-Ն որոշում)
i
603.0159.291202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302457
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 օգոստոսի 2002 թվականի N 157-Ն
«ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հաստատել «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս (եռամսյակային) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:
Հավելված 1
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
12 օգոստոսի 2002 թվականի
թիվ 159-Ն որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ԱՌԵՎՏՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՆԱԿԻ ԵՎ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ ԹԻՎ 1-ԱՌՍՊԱՍ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Հրահանգը սահմանում է «Առևտրի կազմակերպությունների քանակի և զբաղեցրած տարածքների մասին» Ձև թիվ 1-առսպաս հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
ԳԼՈՒԽ 1. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Հաշվետվությունը ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմինները (թաղապետարանները, գյուղապետարանները, քաղաքապետարանները), որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են:
2. Հաշվետվությունը լրացվում է եռամսյակային պարբերականությամբ, միայն տվյալ եռամսյակի համար:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
4. Հաշվետվությունում առևտրի կազմակերպությունները հաշվառվում են հետևյալ հինգ խմբով`
1) Խանութներ
2) Կրպակներ
3) Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր
4) Հանրային սննդի կազմակերպություններ
5) Մեծածախ առևտրի կազմակերպություններ:
5. Խանութ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված ու սարքավորված, առևտրական դահլիճ ունեցող մշտական շինությունը: Եթե խանութը զբաղեցնում է մի շարք հարմարեցված տարածքներ նույն շենքում, որոնք ղեկավարվում են նույն վարչակազմով, հաշվառվում է որպես մեկ խանութ, իսկ եթե խանութը տարբեր շենքերում մի քանի հարմարեցված տարածքներ է զբաղեցնում, ապա յուրաքանչյուր տարածք համարվում է ինքնուրույն խանութ` նույնիսկ եթե նրանք ղեկավարվում են մեկ վարչակազմով: Ըստ առևտրի մասնագիտացվածության խանութները խմբավորվում են` պարենային, ոչ պարենային, խառը տեսակների:
6. 1-ին տողը «Ընդամենը» - իր մեջ ներառում է ընդամենը խանութներ, կրպակներ, բենզալցման կայաններ, հանրային սննդի կազմակերպություններ տողերը (տող 1 = տող 2 + տող 3 + տող 4 + տող 5):
7. 2-րդ տողը «Ընդամենը խանութներ» - իր մեջ ներառում է պարենային, խառը, ոչ պարենային խանութները (տող 2 = տող 2.1 + տող 2.2 + տող 2.3):
8. 2.1 տողը «Պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառվում են միայն պարենային ապրանքներ: Միաժամանակ կարող են իրականացնել քիչ քանակի առանձին ոչ պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:
9. 2.2 տողը «Խառը խանութներ» - այն խանութներն են, որոնք վաճառում են պարենային և ոչ պարենային ապրանքներ:
10. 2.3 տողը «Ոչ պարենային խանութներ» - այն խանութներն են, որոնցում վաճառում են միայն ոչ պարենային ապրանքներ, կարող են իրականացնել նաև քիչ քանակի առանձին պարենային ապրանքների վաճառք, որոնց տեսակարար կշիռը ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալում զգալի չէ:
11. 3-րդ տողը «Կրպակներ» - կրպակ է համարվում առևտրական գործունեության իրականացման համար կառուցված կամ այդ նպատակին հարմարեցված առևտրական դահլիճ չունեցող շինությունը: Եթե կրպակները պատկանում են մեկ առևտրային կազմակերպության, բայց տեղաբաշխված են այլ առևտրային կազմակերպության տարածքում (օրինակ օծանելիքի կամ թերթի կրպակները այլ խանութի տարածքում), ապա դրանք հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն: Կրպակները, որոնք ամրացված են խանութներին, բայց նրա հաշվեկշռի մեջ չեն մտնում, հաշվառվում են իբրև ինքնուրույն առևտրային կազմակերպություն:
12. 4-րդ տողը «Բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ վաճառքի կետեր» - են համարվում ավտոտրանսպորտային միջոցների բենզալցման համար հարմարեցված սարքավորումների ամբողջությունը (բացառությամբ գազի վաճառքի կետերից):
13. 5-րդ տող «Հանրային սննդի կազմակերպություններ» - այն կազմակերպություններն են, որտեղ համատեղված են խոհարարական արտադրանքի պատրաստումը, իրացումը և սպառումը: Հանրային սննդի կազմակերպություններին են վերաբերվում ռեստորանները, ճաշարանները, բուֆետները, սրճարանները, թեյարանները, բարերը:
14. 5.1. տողը «Ռեստորաններ» - դրանք այն հանրային սննդի կազմակերպություններն են, որոնք համապատասխանում են հետևյալ պահանջներին - ինտերիերի նրբաճաշակություն, հարմարավետություն, ծառայությունների ընտրություն, ռեստորանի համար ֆիրմային կերակրատեսակների և արտադրատեսակների բարդ պատրաստման տեսականու բազմազանություն, ինչպես նաև ֆիրմային և պատվիրված կոկտեյլների, խմիչքների լայն հավաքածու:
15. 6-րդ տողը «Մեծածախ առևտրի կազմակերպություններ» - դրանք այն առևտրային կազմակերպություններն են, որոնք ապրանքները ձեռք են բերում դրանց հետագա վաճառքի կամ մասնագիտական օգտագործման նպատակով (այս կազմակերպությունները ապրանքները չեն վաճառում վերջնական սպառողներին):
16. Հաշվետվության առաջին սյունակում նշվում է գործող առևտրային կազմակերպությունների քանակը: Երկրորդ սյունակում ցույց է տրվում գործող կազմակերպությունների զբաղեցրած առևտրական մակերեսը (քառ. մետր): Առևտրական մակերես է համարվում.
ա) խանութների համար - առևտրական սրահի, ներառյալ ապրանքների ցուցադրման և վաճառքի համար նախատեսված սարքավորումների և գույքի զբաղեցրած մակերեսը,
բ) կրպակների համար - զբաղեցրած ամբողջ մակերեսը,
գ) հանրային սննդի կազմակերպությունների համար - սպասարկման սրահի մակերեսը: Սպասարկման սրահ է համարվում պատրաստի խոհարարական արտադրանքի իրացման և սպառման կազմակերպման համար նախատեսված տարածքը, իսկ բացօթյա վայրերում` հանրային սննդի գործունեության իրականացման ընդհանուր մակերեսը:
17. Երրորդ և չորրորդ սյունակներում ցույց են տրվում, համապատասխանաբար, գործող կազմակերպություններում աշխատողների թվաքանակը և նստատեղերի քանակը (վերջին ցուցանիշը լրացվում է միայն հանրային սննդի կազմակերպությունների համար):
Հաշվետվության երրորդ սյունակը լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ կազմակերպությունների աշխատողների թվաքանակի մեջ մտնում են հիմնական, սեզոնային, ինչպես նաև մեկ օր և ավելի ժամկետով ժամանակավոր աշխատանքի ընդունվածները:
---------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվության ձևը չի բերվում