(ուժը կորցրել է 31.08.00 թիվ 48 հրաման)
i
Հաստատված է
Հայարտոնագրի
1994թ. փետրվարի 10-ի
N:6 հրամանով
Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996թ. հունիսի 10-ի
N:22 հրամանով
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ
ՑԱՆԿ
Մաս 1. Ընդհանուր հասկացություններ և դրույթներ
1. Արդյունաբերական նմուշը
2. Արդյունաբերական նմուշի տեսակները
Մաս 2. Հայտ
3. Հայտի ներկայացումը
4. Արդյունաբերական նմուշի միասնությունը
5. Հայտի կազմը
6. Հայտին կցվող փաստաթղթերը
7. Հայտի ձևակերպման լեզուն
8. Արտոնագիր խնդրարկելու դիմումը
9. Իրի, դրա մանրակերտի, գծանկարի լուսանկարների լրակազմը
10. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը
11. Գծագրերը
12. Իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)
13. Արտահայտություններ, որոնք օգտագործման ենթակա չեն
14. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը
15. Մատենագիտական տվյալներ
16. Տերմիններ և պայմանական նշաններ
«Արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման և ներկայացման կանոնները» (այսուհետև` «կանոններ») սահմանված են` ելնելով «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 3 հոդվածի 1-ին մասից, 18 և 21 հոդվածներից և նպատակ ունեն հստակեցնել արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման և ներկայացման հետ կապված հայտատուների իրավունքներն ու պարտականությունները:
Մաս 1. Ընդհանուր հասկացություններ և դրույթներ
1. Արդյունաբերական նմուշը
«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենք) 7-րդ հոդվածի համաձայն արդյունաբերական նմուշ է համարվում իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, յուրօրինակ և արդյունաբերորեն կիրառելի:
2. Արդյունաբերական նմուշի տեսակները
Արդյունաբերական նմուշները կարող են լինել ծավալային (մանրակերտեր), մակերեսային (գծանկարներ) կամ դրանց զուգակցությունը:
Ծավալային արդյունաբերական նմուշները այնպիսի համակցություններ (կոմպոզիցիա) են, որոնց հիմքում ընկած է զարգացած ծավալատարածական կառուցվածքը, օրինակ` հաստոցի, այլ մեքենաների, շարժիչի արտաքին տեսքի գեղարվեստակառուցվածքային լուծումը:
Մակերեսային արդյունաբերական նմուշները չունեն ծավալ և բնորոշվում են տարրերի գծային-գծանկարչական հարաբերակցությամբ, օրինակ` գորգերի, գործվածքների, գլխաշորերի, թաշկինակների արտաքին տեսքի գեղարվեստակառուցվածքային լուծումը:
Մաս 2. Հայտ
3. Հայտի ներկայացումը
Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագիր խնդրարկելու հայտը (այսուհետև` հայտ) ՀՀ արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր) է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրա իրավահաջորդը (այսուհետև` հայտատու): Իրավահաջորդի կողմից հայտ ներկայացնելիս հայտին կցվում է իրավահաջորդի լիազորությունները հաստատող փաստաթուղթ:
Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:
Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
4. Արդյունաբերական նմուշի միասնությունը
Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները:
«Մեկ արդյունաբերական նմուշ» հասկացությունը կիրառվում է ինչպես մեկ իրի, այնպես էլ իրերի լրակազմի (կոմպլեկտի) նկատմամբ (օրինակ` կահույքի լրակազմ, սպասք և այլն), որոնք փոխկապակցված են ընդհանուր (միասնական) գեղարվեստակառուցվածքային լուծմամբ:
«Մեկ իր «հասկացությունը ներառում է ինչպես իրը ամբողջությամբ, օրինակ` ավտոմեքենան, այնպես էլ նրա մասը հանդիսացող իրը, օրինակ` ցոլարձակը (լապտեր), թափքը և այլն:
Արդյունաբերական նմուշի տարբերակները մեկ ֆունկցիոնալ խմբի արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման (այսուհետև` ԱՆՄԴ) մեկ դասին վերաբերող գեղարվեստակառուցվածքային լուծումներ են, որոնք համընկնում են իրենց էական հատկանիշների ամբողջությամբ և ունեն ոչ էական հատկանիշների` տեսողությամբ ընկալելի տարբերություններ:
5. Հայտի կազմը
Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտը պետք է պարունակի.
ա) դիմում արտոնագիր ստանալու համար,
բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը` ներառյալ դրա էական հատկանիշների թվարկումը,
գ) իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն և լրիվ արտահայտում է իրի արտաքին տեսքը,
դ) իրի ընդհանուր տեսքի գծագիրը, էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ) *, եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը բացահայտելու համար:
6. Հայտին կցվող փաստաթղթերը
Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, զեղչով տուրք վճարելու կամ տուրքից ազատվելու հիմքը: Նշված փաստաթղթերը ներկայացվում են հայտի հետ կամ հայտի ստացման թվականից երկամսյա ժամկետում:
Արտոնագրային հավատարմատարի միջոցով տրվող հայտին կցվում է հայտատուի կողմից նրա իրավասությունը հաստատող փաստաթուղթ (լիազորագիր) կամ դրա հաստատված պատճենը: Լիազորագրում նշվում է արտոնագրային հավատարմատարի գրանցման համարը:
Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք լիազորագիրը պետք է ձևակերպեն այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ այն կազմված է: Լիազորագիրը ներկայացվում է հայտի հետ կամ ստացման թվականից երկամսյա ժամկետում:
Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիային համապատասխան հայտին (այսուհետև` կոնվենցիայով հայտ) կցվում է առաջին հայտի պատճենը, որը ներկայացվում է Հայարտոնագիր կոնվենցիայով հայտի ստացման թվականից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Մի քանի առաջին հայտերի դեպքում կցվում են դրանց բոլորի պատճենները: Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը հայտատուից անկախ պատճառներով ստացվել է 6 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ ուշ քան 2 ամսվա ընթացքում, հայտին կցվում է այդ պատճառները հաստատող փաստաթուղթ:
7. Հայտի ձևակերպման լեզուն
Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով: Մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով. այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
8. Արտոնագիր խնդրարկելու դիմումը
8.1. Արտոնագիր խնդրարկելու դիմումը ներկայացվում է բլանկի վրա. ձևը բերված է սույն կանոնների հավելվածում և պարունակում է բոլոր նախատեսված տեղեկությունները և տվյալները (ռեկվիզիտները):
8.2. Դիմումի համապատասխան սյունակում անհրաժեշտ տեղեկությունները չտեղավորվելու դեպքում դրանք բերվում են լրացուցիչ թերթի վրա, դիմումի համապատասխան սյունակում «շարունակությունը տես լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա» նշումով:
8.3. Դիմումը ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը:
Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է տվյալ ձեռնարկության ղեկավարը, նշվում է ստորագրող անձի պաշտոնը, ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:
Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը կարող է ստորագրվել նրա կողմից:
Դիմումի վրա դրվող ստորագրությունները վերծանվում են ստորագրող անձի անվան, հայրանվան և ազգանվան նշումով: Լրացուցիչ թերթերի վրա բերված տեղեկությունները ստորագրվում են նույն կարգով:
8.4. Դիմումը ներկայացվում է 3 օրինակից:
9. Իրի, դրա մանրակերտի **, գծանկարի *** լուսանկարների լրակազմը
9.1. Լուսանկարները, որոնք արտացոլում են իրի արտաքին տեսքը էական հատկանիշների ամբողջությամբ, այն հիմնական փաստաթուղթն է, որը հայտարկվող արդյունաբերական նմուշի մասին պարունակում է պատկերային տեղեկություն և հնարավորություն է տալիս որոշել դրա իրավական պաշտպանության ծավալը:
9.2. Լուսանկարները պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տան իրի արտաքին տեսքի մասին, հնարավորություն ընձեռելով բացահայտել դրա էական հատկանիշները:
9.3. Պատկերը լուսանկարների վրա պետք է լինի հստակ և պարզ: Արդյունաբերական նմուշի առանձին մանրամասերը պետք է լավ երևան ոչ միայն լուսավոր, այլև ստվերոտ մասերում:
9.4. Իրը պետք է լուսանկարել ամբողջովին, հավասար լուսավորության պայմաններում (որպես կանոն) չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց օտար առարկաների:
9.5. Հայտը պետք է պարունակի արդյունաբերական նմուշի ընդհանուր տեսքի սև-սպիտակ լուսանկարները դիմացից` 3/4 տեսանկյունով (ռակուրսով), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տեսքը ձախից, աջից, ետևից, վերևից և ներքևից:
Մակերեսային նմուշի համար հիմնականը դիմային տեսքի պատկերն է (պլանը): Մակերեսային, արդյունաբերական նմուշ հանդիսացող մանածագործական իրի լուսանկարների վրա համակցության պատկերը պետք է տրվի կրկնվող կրկնանախշով (ռապորտ):
9.6. Իրերի լրակազմը (կոմպլեկտը) ընդհանուր տեսքի լուսանկարների վրա ներկայացվում է ամբողջությամբ, այսինքն լրակազմի մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ: Բացի դրանից լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իր լրացուցիչ ներկայացվում է առանձին լուսանկարի վրա: Բացառիկ դեպքերում, երբ իրերի լրակազմը չի կարող ներկայացվել ընդհանուր տեսքի լուսանկարի վրա լրիվ կազմով, թույլատրվում է ներկայացնել լրակազմը հատված առ հատված, առանձին լուսանկարների վրա:
9.7. Արդյունաբերական նմուշի յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է լուսանկարների առանձին լրակազմով:
9.8. Այն դեպքերում, երբ գունագծանկարչական (գեղարվեստական գունաերանգավորում) լուծումը արդյունաբերական նմուշի էական հատկանիշներից մեկն է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր լուսանկար, սլայդ կամ գունային լուծման սխեմա:
9.9. Փակվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են դրանց լուսանկարները բաց տեսքով (օրինակ` սառնարանների, հեռախոսախցիկների) կամ հավաքված տեսքով (օրինակ` խոհանոցային կոմբայնների, փոշեծծիչների):
9.10. Լուսանկարները ներկայացվում են 18x24սմ չափսով:
Չափսերով ոչ մեծ իրերը կամ մանրակերտերը, օրինակ` ձեռքի (գրպանի) ժամացույցները, միկրոհաշվիչները և այլն, կարող են ներկայացվել 9x12 կամ 13x18 չափսերի լուսանկարներով:
9.11. Լուսանկարները համարակալվում են հետևյալ կարգով. ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր լուսանկար, ամենամոտ նմանակի լուսանկար: Նույն տեսակի լուսանկարները համարակալվում են նույն համարով:
9.12. Լուսանկարների հակառակ երեսին վերևից ներքև նշում են լուսանկարի համարը, արդյունաբերական նմուշի անվանումը, ինչպես նաև պարզաբանումները` «ընդհանուր տեսք», «տեսքը կողքից «, «տեսքը դիմացից», «տեսքը ետևից «, «տեսքը վերևից» և այլն:
Որպես ամենամոտ նմանակ ընտրված իրի լուսանկարի հակառակ երեսի վրա, բացի լուսանկարի համարից և իրի անվանումից, անհրաժեշտ է պարզաբանում տալ` «ամենամոտ նմանակ»:
9.13. Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի ընդհանուր տեսքի լուսանկարների քանակը պետք է լինի հեղինակների թվից 6-ով ավելի, մյուս լուսանկարները ներկայացվում են 2 օրինակից:
9.14. Լուսանկարների լրակազմը պետք է զետեղել առանձին ծրարի մեջ:
10. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը
10.1. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը պարունակում է հետևյալ բաժինները.
ա) արդյունաբերական նմուշի անվանումը
բ) ԱՆՄԴ դասը (երը)
գ) արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը
դ) արդյունաբերական նմուշի նմանակը (ները), այդ թվում դրանցից ամենամոտը
ե) արդյունաբերական նմուշի լուսանկարների և նմուշը պարզաբանող այլ նյութերի ցանկը (ծրագիրը, էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), եթե դրանք անհրաժեշտ են)
զ) հայտարկվող արդյունաբերական նմուշի էության բացահայտումը
է) արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը:
Արդյունաբերական նմուշի նկարագրությունը ավարտվում է արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը սահմանող էական հատկանիշների ամբողջության թվարկմամբ:
10.2. Արդյունաբերական նմուշի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը և համապատասխանի ԱՆՄԴ որոշակի դասի:
Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական նմուշի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը, օրինակ` նոր սերնդի համակարգիչ: Եթե արդյունաբերական նմուշը ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, օրինակ` բազկաթոռ (5 տարբերակ):
10.3. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը» բաժինը հարկավոր է սկսել հետևյալ բառերով` «Ներկայացվում է արդյունաբերական նմուշի հայտ «, որից հետո բերվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը, օգտագործման բնագավառը և նշանակությունը, ինչպես նաև դրա կիրառման գերադասելի բնագավառը:
10.4. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի նմանակը» բաժնում տրվում է գոյություն ունեցող նմանակների բնութագիրը, նշվում է, թե որն է դրանցից ամենամոտը արդյունաբերական նմուշին (ամենամոտ նմանակը):
Արդյունաբերական նմուշի նմանակները հայտի ստացման թվականին հանրամատչելի տեղեկություններից առավել հայտնի գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք վերաբերում են նույն գործառնական նշանակությունն ունեցող իրերի արտաքին տեսքին, ինչ որ արդյունաբերական նմուշն է և նման են դրան իրենց էական հատկանիշներով:
Ամենամոտ նմանակը հայտարկվող արդյունաբերական նմուշին էական հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակն է:
Տվյալ բաժնում նմանակները բնութագրելիս արտացոլում են գեղարվեստական նախագծման այն ոլորտի զարգացման միտումները, որոնց դրանք վերաբերում են, բերվում են նմանակների, այդ թվում և ամենամոտ նմանակի այն հատկանիշները, որոնք որոշում են իրի արտաքին տեսքը: Տրվում են հայտնի արդյունաբերական նմուշները բնութագրող գեղագիտական, էրգոնոմիկական առանձնահատկությունները: Պետք է նշվեն նաև տվյալ նմանակները պարունակող տեղեկատվական աղբյուրների մատենագիտական տվյալները:
10.5. «Արդյունաբերական նմուշի լուսանկարների ցանկը և ներկայացված այլ նյութերը» բաժնում թվարկում են ներկայացված լուսանկարները, ինչպես նաև գծագրերը, գծապատկերները, կոնֆեկցիոն քարտը` համապատասխան համարակալմամբ, համառոտ նշելով այն ամենը, ինչ պատկերված է դրանցից յուրաքանչյուրի վրա:
10.6. «Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում նշում են այն էական հատկանիշները, որոնք սահմանում են արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը: Ընդ որում բացահայտում են իրի ձևի և փոխդասավորության (կոնֆիգուրացիա) գեղագիտական և էրգոնոմիկական, ինչպես նաև գույների զուգադրման առանձնահատկությունները: Այստեղ կարելի է նշել նաև արդյունաբերական նմուշի առավելությունները հայտնի գեղարվեստակառուցվածքային լուծումների համեմատ, սպառողական հատկանիշների բարելավման և իրի որակի առումով, ինչպես նաև այլ հնարավոր առավելությունները:
Արդյունաբերական նմուշի տարբերակները նկարագրելիս պետք է նշվեն մեկ տարբերակը մյուսից զանազանող հատկանիշները:
Սարքերը, հաստոցները և նման այլ ծավալային արդյունաբերական նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է կարճ բնութագրել իրի աշխատանքը, առավել կարևոր համակցային (կոմպոզիցիոն ) և գործառնական (ֆունկցիոնալ) տարրերի, հանգույցների և մանրամասերի (դետալների) փոխազդեցությունը:
Մակերեսային արդյունաբերական նմուշի նկարագրության ժամանակ, մասնավորապես մանածագործական արդյունաբերության արտադրատեսակների (օրինակ` գործվածքներ, գորգեր և այլն), անհրաժեշտ է նշել դրանց գեղարվեստական գունաերանգավորման առանձնահատկությունները, նշելով ապրանքատեսակը և գծանկարների (նկարների) համարները, բացահայտելով դրանց գեղարվեստակառուցվածքային առանձնահատկությունները (կառուցվածքը, կազմությունը, մշակվածքը, գործվածքների գեղազարդման առանձնահատկությունները և այլն):
Լրակազմի նկարագրության ժամանակ պետք է նշվեն դրա կազմի մեջ մտնող բոլոր տարրերը, որոնք թեև կատարում են տարբեր գործողություններ և տարբերվում են մեկը մյուսից, բայց լրակազմի մեջ ծառայում են մեկ ընդհանուր նպատակի: Լրակազմի իրերի բոլոր տարրերը պետք է լուծված լինեն ձևակազմության` պատկերային, գեղակերպության (պլաստիկայի) և ոճական միասնական սկզբունքների օգտագործումով (օրինակ` թեյի կամ ճաշի սպասք, գործիքների հավաքածու, կահույքի լրակազմ և այլն):
10.7. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը «բաժնում պետք է բերվեն տվյալներ արդյունաբերական պայմաններում իրերի պատրաստման հնարավորության և տեխնոլոգիայի մասին (կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և իրի պատրաստման տեխնոլոգիական առավելությունները նախկինի նկատմամբ, հիմնական մանրամասերի (դետալների) պատրաստման համար օգտագործվող նյութերը, դրանց պատրաստման տեխնոլոգիան, գեղազարդման մշակման ձևերը և այլն):
10.8. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը» բաժինը սահմանում է արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը և պետք է սկսվի դրա անվանման նշումով:
10.9. Արդյունաբերական նմուշի տարբերակներ պարունակող հայտ ներկայացնելիս էական հատկանիշների թվարկումից հետո նշում են` «Գեղարվեստակառուցվածքային լուծման տարբերակայնությունը որոշվում է ստեղծագործական բնույթ կրող հատկանիշներով», մասնավորապես
1-ին տարբերակը բնութագրվում է ........(այնուհետև թվարկվում են հատկանիշները).
2-րդ տարբերակը բնութագրվում է ........(այնուհետև թվարկվում են հատկանիշները).
10.10. Նկարագրությունը ներկայացվում է 2 օրինակից:
11. Գծագրերը
11.1. Ընդհանուր տեսքի գծագիրը և (կամ) ամբողջակազմության սկզբունքային սխեման ներկայացնում են այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էության բացահայտման համար:
11.2. Այն դեպքում, երբ ներկայացվող արդյունաբերական նմուշի հայտը վերաբերում է էրգոնոմիկական մշակում պահանջող իրի, տրվում է նաև դրա էրգոնոմիկական սխեման:
11.3. Գծագրերը և սխեմաները պետք է ներկայացվեն նկարագրության տեքստին ճշգրիտ համապատասխանությամբ:
11.4. Գծագրերի և սխեմաների վրա նշվում են իրի և դրա տարրերի առարկայատարածական կազմակերպումը բնութագրող եզրաչափսերը (կառավարման և տեղեկատվության արտացոլման միջոցների, աշխատանքային մակերեսների բարձրությունը, լայնությունը, տեղաբաշխման խորությունը, կառուցվածքի իրար մոտ տեղաբաշխված տարրերի հեռավորությունը և այլն), որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մարդու գործունեության գործառնական գոտում (զոնայում) հիմնական տարրերի դասավորության և իրի շահագործման հարմարավետության մասին:
11.5. Հանգույցները, մանրամասերը (դետալները) և այլն, գծագրերի և սխեմաների վրա նշվում են նույն արաբական թվանշաններով, ինչ որ նկարագրության մեջ:
11.6. Գծագրերի վրա դուրսբերման գծերը պետք է հստակ լինեն: Չի թույլատրվում թվային և տառային նիշերը դնել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ: Թվերի և տառերի բարձրությունը չպետք է փոքր լինի 3,2մմ-ից:
11.7. Գծագրերը (սխեմաները) չպետք է պարունակեն որևէ մակագրություն, բացառությամբ այնպիսի անհրաժեշտ բառերի, ինչպիսիք են «բաց է «, «փակ է» և այլն:
11.8. Որպես կանոն, գծագրերի վրայի պատկերները ներկայացվում են ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներով (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով): Ակներևության համար թույլատրվում է դրանք ներկայացնել առանցքաչափական (աքսոնոմետրական) պրոյեկցիայով: Յուրաքանչյուր տարր գծագրի վրա պետք է համամասն լինի մյուս բոլոր տարրերին, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրի հստակ պատկերման համար անհրաժեշտ է համամասնությունների անհամապատասխանություն: Գծագրի մի թերթի վրա կարելի է զետեղել մի քանի պատկեր` դրանց հստակ սահմանազատմամբ:
Եթե երկու և ավելի թերթերի վրա զետեղված պատկերները կազմում են միասնական պատկեր, ապա դրանք դասավորվում են այնպես, որ այն հնարավոր լինի ամբողջական դարձնել առանց տարբեր թերթերի վրա զետեղված միասնական պատկերի որևէ մասի բացթողման:
Գծագրի թերթի և թերթերի վրա առանձին պատկերները պետք է զետեղված լինեն առավելագույն հագեցվածությամբ, իսկ գծագիրը պետք է հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմին ուղղահայաց դիրքով:
11.9. Յուրաքանչյուր գծագիր, անկախ պատկերի տեսքից, նկարագրության շարադրանքի հերթականությանը համապատասխան համարակալվում է որպես պատկեր, օրինակ` պատկեր 1, պատկեր 2 և այլն:
11.10. Գծագրերը ներկայացվում են երկու օրինակից:
12. Իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)
Թեթև արդյունաբերական արտադրատեսակների անվանացուցակով արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս հայտին անհրաժեշտության դեպքում կցում են իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), այսինքն իրի արտադրության համար առաջարկվող մանածագործական, գործվածքային կտորների, կաշվի, օժանդակ նյութերի, զարդարանքի և այլնի նմուշներ:
Գեղազարդական նյութերի նմուշները` գորգեր, գործվածքներ, ներկայացվում են գծանկարի կրկնանախշի չափով: Նշված նյութերը ներկայացվում են մեկ օրինակից:
13. Արտահայտություններ, որոնք օգտագործման ենթակա չեն
Նկարագրության բնագիրը չպետք է պարունակի այլ անձանց անունով պահպանվող առարկաների (օբյեկտների) արժանիքների նկատմամբ արհամարհական արտահայտություններ:
14. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը
14.1. Հայտի բոլոր փաստաթղթերը (բացի լուսանկարներից) ներկայացվում են 210x297մմ չափսի սպիտակ, հարթ, ոչ թափանցիկ, ոչ փայլուն թղթի վրա: Գծագրերը թույլատրվում է ներկայացնել մոմաթղթի վրա, իսկ նրա երկրորդ օրինակը` լուսապատճենի կամ լուսանկարչական պատճենի տեսքով: Փաստաթղթերը ձևակերպվում են այնպես, որ հնարավոր լինի դրանց երկարատև պահպանումը և անսահմանափակ քանակով պատճենահանումը:
14.2. Փաստաթղթի յուրաքանչյուր թերթը օգտագործվում է միայն մեկ կողմից, տողերը դասավորվում են թերթի կարճ կողմին զուգահեռ, բացառությամբ դեպքերի, երբ լուսանկարները և բլանկները օգտագործվում են սահմանված ձևով: Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացվում է առանձին թղթի վրա:
Դիմումի նկարագրության թերթերը պետք է ունենան հետևյալ չափերի եզրային դաշտեր`
վերևից` 20մմ
աջից` 10մմ
ձախից` 20-ից ոչ պակաս:
Հայտի յուրաքանչյուր փաստաթղթի երկրորդ և հաջորդ թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով:
14.3. Փաստաթղթերի տեքստերը պետք է տպագրվեն սև գույնի տպատառերով, երկու միջակայքով (ինտերվալ), մեծատառերի նվազագույն բարձրությունը` 2,1մմ:
Տառագրական խորհրդանիշերը, լատինական անվանումները, լատինական և հունական տառերը ներգրվում են ձեռքով կամ գծվում սև գույնի թանաքով, տուշով կամ մածուկով:
14.4. Գծագրերը կատարվում են սև չջնջվող գծերով, տուշով, մածուկով և հստակ երևացող նրբագծերով: Գծանկարչական պատկերների չափագիծը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի միջև 2/3 գծային փոքրացմամբ բազմացման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:
15. Մատենագիտական տվյալներ
Տեղեկատվության աղբյուրների մատենագիտական տվյալները այնպես են տրվում, որ դրանցով հնարավոր լինի գտնել տեղեկատվության աղբյուրը:
16. Տերմիններ և պայմանական նշաններ
Տեքստում պետք է օգտագործվեն գիտական և տեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Գրականության մեջ դեռևս լայնորեն չկիրառվող տերմինները տեքստում առաջին անգամ օգտագործելիս պետք է լուսաբանվեն:
Չի կարելի օգտագործել օտար տերմիններ, եթե հայերենում կան դրանց համարժեքները:
Նկարագրության մեջ հարկավոր է պահպանել տերմինների միասնություն:
Իրերի կամ նյութերի մակնիշների, տիպարների պայմանական նշանները պետք է վերծանվեն:
-------------------------------------------------
* կոնֆեկցիոն քարտՆ մանածագործական, գործվածքային, օժանդակ նյութերի, զարդարանքի և այլնի նմուշներ:
** Մանրակերտ` իրի արտաքին տեսքը վերարտադրող և նրա մասին լրիվ պատկերացում տվող ծավալատարածական առարկա` պատրաստված պայմանական նյութից:
*** Գծանկար` պատկեր` կատարված գծանկարչական եղանակով (միջոցներով): Ստվերագծով և ուրվագծով արված գծանկարների համար թույլատրվում է բարձրորակ պատճենահանում (քսերոքս):
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ
28.06.1996թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 36960035