(ուժը կորցրել է 19.05.05 թիվ 633-ն որոշում)
i
040.0083.080203
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» փետրվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հունվարի 2003 թվականի N 83-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագրի 2-րդ կետի, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի N 915-Ն որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 83-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության (այսուհետ` ՀՀ ԱԻՎ) կազմում հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով գործող` Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ սեյսմիկ պաշտպանության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` ՀՀ ԱԻՎ-ի պետի ներկայացմամբ:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
7. Գործակալության հիմնական խնդիրներն ու նպատակներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ վտանգի մոնիտորինգի ապահովումը.
բ) տարածքների սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատումը.
գ) սեյսմիկ ռիսկի նվազեցումը.
դ) հարուցված սեյսմիկության մակարդակի գնահատումը.
ե) սեյսմիկ վտանգի հետ կապված այլ երկրորդային վտանգների գնահատումը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր խնդիրների ու նպատակների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների մշակման աշխատանքներին.
բ) իր իրավասության սահմաններում պատասխանատվություն է կրում սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման համար.
գ) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառի իրավական կարգավորման և զարգացման աշխատանքներին.
դ) իր գործունեության ոլորտում զարգացնում է համագործակցությունն օտարերկրյա պետությունների համապատասխան ծառայությունների և միջազգային կազմակերպությունների հետ.
ե) լիազոր մարմնի հաստատմանն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, նրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզները.
զ) իր իրավասության սահմաններում մասնակցում է սեյսմակայուն շինարարության նորմերի մշակմանը.
է) մասնակցում է շենքերի և շինությունների սեյսմակայունության որակավորման աշխատանքներին և սեյսմակայունության բարձրացման մեթոդների մշակմանը.
ը) սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով իր իրավասության սահմաններում մասնակցում է քաղաքաշինության, բնակչության տարաբնակեցման, հանրապետության տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի մշակմանը.
թ) ուժեղ երկրաշարժի դեպքում մասնակցում է հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների աշխատանքների անվտանգ դադարեցման տեխնիկական ու կազմակերպչական լուծումների մշակմանը և ներդրմանը.
ժ) սպասվող կամ տեղի ունեցած երկրաշարժի գոտում կազմակերպում է մասնագիտացված հետազոտությունների իրականացումը.
ժա) սահմանված կարգով ՀՀ ԱԻՎ-ի պետին հաղորդում է ընթացիկ տեղեկություն Հայաստանի Հանրապետության և սահմանակից պետությունների տարածքներում երկրաշարժերի ու սեյսմիկ վտանգի մասին.
ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ու նրանից վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսումը և հաղորդում ՀՀ ԱԻՎ-ի պետին.
ժգ) սահմանված կարգով մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով բնակչությանը պարբերաբար տեղեկացնում է ընթացիկ սեյսմիկ իրավիճակի և բնակչության վարքի կանոնների մասին.
ժդ) մասնակցում է սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի միջազգայնացմանը.
ժե) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտահետազոտական ծրագրերի մշակման և դրանց արդյունքների ներդրման գործընթացին.
ժզ) մասնակցում է սեյսմիկ պաշտպանության ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.
ժէ) մասնակցում է շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի հնարավոր ազդեցության գնահատման ծրագրերի մշակման ու իրականացման աշխատանքներին.
ժը) ապահովում է սեյսմիկ պաշտպանության բնագավառում գիտական հիմնավորված մեթոդների մշակումը և կիրառումը.
ժթ) ապահովում է սեյսմիկ դիտարկումների ազգային ցանցի զարգացման և կատարելագործման աշխատանքները.
ի) իրականացնում է սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով տվյալների բազայի ստեղծման ու դրա զարգացման աշխատանքները.
իա) մասնակցում է երկրաշարժերին բնակչությանը նախապատրաստելու աշխատանքներին.
իբ) մասնակցում է հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտների խոցելիության գնահատմանն ու ապահովում ուժեղ երկրաշարժի դեպքում նրանց վարքի կանխատեսումը.
իգ) մասնակցում է վաղ ահազանգման համակարգի ստեղծմանը:
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է ՀՀ ԱԻՎ-ը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է օրենքով սահմանված կարգով:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը պատասխանատու է սեյսմիկ պաշտպանության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, ՀՀ ԱԻՎ-ի պետին:
12. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) ՀՀ ԱԻՎ-ի պետին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է ՀՀ ԱԻՎ-ի պետի հրամանների, ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում ՀՀ ԱԻՎ-ի պետին.
է) ՀՀ ԱԻՎ-ի և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, վերահսկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) ՀՀ ԱԻՎ-ի պետին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, ՀՀ ԱԻՎ-ի և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է ՀՀ ԱԻՎ-ը:
15. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ:
Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Գործակալության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով ու այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունվարի 16-ի N 83-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Տեղեկատվության վերլուծության վարչություն
2. Սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման բաժին
3. Շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժին
4. Դիտացանցերի բաժին
5. Գիտատեխնիկական հետազոտությունների բաժին
6. Հասարակության հետ կապերի և միջազգային համագործակցության բաժին