(ուժը կորցրել է 07.03.2019 թիվ 236-Ն որոշում)
i
040.2177.310103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«31» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
19 դեկտեմբերի 2002 թվականի N 2177-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժգ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 250 որոշման «դ» կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2177-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը վերապահված գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառի նկատմամբ վերահսկողական գործառույթներ և կիրառում է պատասխանատվության միջոցներ տրակտորների, գյուղատնտեսական մեքենաների և գործիքների շահագործման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 05.05.11 թիվ 539-Ն որոշում)
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն ու ռուսերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում տրակտորների, ինքնագնաց շասսիների և տրակտորային կցանքների պետական հաշվառումն ու միասնական համարանիշերի ապահովումը.
բ) տրակտորների, ինքնագնաց այլ գյուղատնտեսական մեքենաների վարման իրավունքի փաստաթղթերի ապահովումը.
գ) գյուղատնտեսական մեքենաների, տրակտորների և գործիքների տեխնիկական վիճակի ու անվտանգ շահագործման կանոնների վերահսկումը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
i
8. Տեսչությունն իր նպատակների ու խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով`
ա) իրականացնում է`
պետհամարանիշերի և տեխնիկական վկայագրերի, ինչպես նաև տրակտորների վարման իրավունքի վկայականների պատվիրում ու ձեռքբերում.
գյուղատնտեսական տեխնիկայի առկա քանակի և սարքինության հաշվառում.
գյուղատնտեսական տեխնիկայի տարեկան տեխնիկական զննություն.
մարզերում պետական տեսուչների աշխատանքների ղեկավարում.
բ) վերահսկում է`
գյուղատնտեսական գործունեության բնագավառում տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից ագրարային կանոնների կատարումը:
(8-րդ կետը փոփ. 01.07.10 թիվ 875-Ն որոշում)
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ` նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
Տեսչության պետն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական տեխնիկայի գլխավոր պետական տեսուչն է:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` տեսչության գործունեությունը համակարգող տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարականներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնում է նրանց ծառայողական բնութագրերը.
ե) ապահովում է նախարարի, նրա տեղակալի ցուցումների և հանձնարարականների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նրանց.
զ) սահմանում է աշխատանքի բաշխումը մասնագետների միջև.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան` սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային տեսուչների իրավասությունները.
ը) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության պետական տեսուչների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, որոշումներն ու ցուցումները.
թ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային տեսուչների գործունեության մասին հաշվետվությունները.
ժ) վերահսկողություն է իրականացնում տեսուչների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժբ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ.
ժդ) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման ու դրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 19-ի N 2177-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Գյուղատնտեսական տեխնիկայի հանրապետական տեսչական բաժին
Գյուղատնտեսական տեխնիկայի տարածքային տեսչական բաժին