(ուժը կորցրել է 13.01.05 թիվ 101-Ն որոշում)
i
040.2161.220103
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունվարի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 դեկտեմբերի 2002 թվականի N 2161-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետն ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 8-ի «Հայաստանի Հանրապետության ագրարային պետական տեսչությունների կանոնադրությունները հաստատելու մասին» N 250 որոշման «բ» կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2161-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության երկրագործության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ երկրագործության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի ներկայացմամբ:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
2. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակներն ու խնդիրներն են `
ա) երկրագործության ոլորտի ագրարային կանոնների սահմանված պահանջի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
բ) «Ագրարային տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ամրագրված պահանջների կատարման խախտումների հայտնաբերման, կասեցման և կանխման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը.
գ) տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների կողմից` անկախ վերջիններիս ենթակայությունից ու սեփականության ձևից, հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության, բույսերի տարածված և կարանտին հիվանդությունների, վնասատուների դեմ տարվող պայքարի, սերմնանյութերի, թունանյութերի, ցանքանյութերի ու տնկանյութերի (արմատակալների) արտադրության, ներմուծման, փոխադրման, պահպանման, իրացման, դրանց ցանքային պիտանիության և որակի ստուգման, հողում, բուսաբուծական մթերքներում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի բացահայտման ու կանխարգելման ապահովման նկատմամբ, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության ու այլ օգտակար հատկությունների պահպանության և վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, ագրարային կանոնների պահպանման, մոնիտորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը:
3. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) հողերի մշակության, պարարտանյութերի օգտագործման, մոլախոտային բուսականության դեմ պայքարի հսկողություն.
բ) սերմնանյութերի, ցանքանյութերի և տնկանյութի արտադրության, ներմուծման և իրացման նկատմամբ հսկողություն, դրանց ցանքային պիտանիության ու որակի պահպանումը.
գ) բույսերի տարածված, կարանտին հիվանդությունների, վնասատուների և մոլախոտերի դեմ տարվող պայքարի ապահովում.
դ) թունանյութերի, հանքային պարարտանյութերի փոխադրման, պահպանման և ոչնչացման անվտանգության ապահովում.
ե) հողում, բուսական մթերքում և հումքում թունանյութերի, վտանգավոր միացությունների անթույլատրելի քանակի կանխարգելման ապահովում.
զ) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության և այլ օգտակար հատկությունների պահպանություն և վերականգնում, դրանց արդյունավետ օգտագործումը, մոնիտորինգի իրականացումը և բազմաբնույթ կադաստրի վարումը:
4. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարը (այսուհետ նախարար): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով: Տեսչության պետն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության երկրագործության գլխավոր պետական տեսուչն է:
Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է երկրագործության բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքների ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ հաստատված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսման կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների ու տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային տեսուչների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով նախարարության և սույն կանոնադրություններով տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Տեսչությունն ունի մարզային տեսուչներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
դեկտեմբերի 26-ի N 2161-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
Երկրագործության հանրապետական տեսչական բաժին
Երկրագործության տարածքային տեսչական բաժին