(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)
040.1948.121202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» դեկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 սեպտեմբերի 2002 թվականի N 1948-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետով և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համակարգի բարեփոխումների ու մի շարք պետական մարմինների վերակազմակերպման մասին» N 203 որոշման 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1948-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
i
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ գիտական և գիտամանկավարժական կադրերի պետական որակավորման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
(1-ին կետը փոփ. 30.06.11 թիվ 890-Ն որոշում)
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` նախարարի ներկայացմամբ:
i
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով:
(3-րդ կետը փոփ. 13.10.11 թիվ 1508-Ն որոշում)
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն, ռուսերեն, անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծումը և դրանց աշխատանքի կազմակերպումը.
բ) գիտնականների որակավորման համակարգում պետական չափանիշների պահպանումը:
3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
ա) գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների ստեղծում, դրանց աշխատանքի կազմակերպում.
բ) գիտական և գիտամանկավարժական կադրերի որակավորման համակարգում պետական չափանիշների պահպանում:
9. Իր գործառույթներին համապատասխան գործակալությունը`
i
ա) (ա ենթակետն ուժը կորցրել է 13.10.11 թիվ 1508-Ն որոշում)
բ) կազմում և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի (այսուհետ` նախարար) հաստատմանն է ներկայացնում այն գիտական մասնագիտությունների անվանացանկը, որոնց գծով շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ.
գ) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական աստիճանները` հիմք ընդունելով մասնագիտական խորհուրդների որոշումները և որակավորման գործի ուսումնասիրությունը.
դ) հաստատում և համապատասխան դիպլոմներով ամրագրում է գիտական կոչումները` հիմք ընդունելով բուհերի և գիտական կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդների որոշումներն ու գործի ուսումնասիրությունը.
ե) նախկին ԽՍՀՄ գիտական աստիճանի վկայագրերի հիման վրա հանձնում է Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրեր.
զ) նախարարին ներկայացնում է եզրակացություն օտարերկրյա պետություններում ստացված գիտական աստիճանի վկայագիրը Հայաստանի Հանրապետության գիտական աստիճանի վկայագրին համապատասխանեցնելու մասին.
է) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ.
ը) կազմակերպում է ատենախոսությունների և սեղմագրերի պահպանումը.
թ) կազմակերպում է տեղեկագրերի հրատարակումը:
(9-րդ կետը փոփ. 13.10.11 թիվ 1508-Ն որոշում)
4. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
i
10. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
Գործակալության պետին, նախարարի հրամանով, կարող են վերապահվել օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
(10-րդ կետը փոփ. 13.10.11 թիվ 1508-Ն որոշում)
11. Գործակալության պետը (ԲՈՀ-ի նախագահը)`
ա) պատասխանատու է գիտական որակավորման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար.
բ) հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, նախարարի` գործակալության գործունեությունը համակարգող համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին.
գ) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
դ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
ե) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
զ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
է) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
ը) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
թ) նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան` սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.
ժ) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
ժա) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժբ) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժգ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմին ստեղծելու վերաբերյալ.
ժդ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժե) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:
5. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
14. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
15. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
սեպտեմբերի 12-ի N 1948-Ն որոշման
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
Բնական և տեխնիկական գիտությունների բաժին
Հասարակական գիտությունների բաժին
Տեղեկատվության և արձանագրությունների բաժին