Սեղմել Esc փակելու համար:
ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈ ...

 

01.09.2024 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 դեկտեմբերի 2020 թվականի N 1976-Ն

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿՏՐՈՆԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿԱՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1318-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 57-րդ հոդվածի 2.1-ին մասը, 380.1-ին հոդվածի 4-րդ մասը, 381-րդ հոդվածի 7-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները` համաձայն N 1 հավելվածի.

2) հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել`

1) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրս գրման կարգը` համաձայն N 4 հավելվածի,

2) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները` համաձայն N 5 հավելվածի.

3) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառման, հաշվառումից հանման կարգը` համաձայն N 6 հավելվածի.

4) էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող պահանջները` համաձայն N 7 հավելվածի,

5) ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները` համաձայն N 8 հավելվածի.

6) էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության կանոնները` համաձայն N 9 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 22.08.2024 թիվ 1348-Ն որոշում)

2.1. Սահմանել, որ սույն որոշման NN 4, 5, 6, 7 և 8 հավելվածներով նախատեսված կարգավորումները չեն վերաբերում N 9 հավելվածին:

(2.1-ին կետը լրաց. 22.08.2024 թիվ 1348-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 22.07.2021 թիվ 1196-Ն որոշում)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ-դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգն ու հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատելու մասին» N 1318-Ն որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(վերնագիրը փոփ. 22.08.2024 թիվ 1348-Ն որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. դեկտեմբերի 4

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 3-ի

N 1976-Ն որոշման

 

ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻՆ ԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենաները (այսուհետ` ՀԴՄ) պետք է բավարարեն սույն հավելվածով սահմանված` ՀԴՄ-ներին ներկայացվող տեխնիկական պահանջներին (այսուհետ` պահանջներ):

2. Սույն հավելվածով սահմանված պահանջների կիրառության իմաստով` ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը`

1) ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն` երկարատև հիշող սարք, որը ՀԴՄ-ի բաղկացուցիչ մասն է և նախատեսված է օրական հաշվետու հանրագումարային տեղեկատվության գրանցման համար ու բացառում է այդ տեղեկատվության փոփոխությունը.

2) ֆիսկալային հիշողության կուտակիչ` մեկ կամ մի քանի հատուկ առանձնացված հիշողության միկրոսխեմաներ` ֆիսկալային տվյալների պահպանման համար.

3) ֆիսկալային տվյալներ` տեղեկատվություն, որը ենթակա է գրանցման ֆիսկալային հիշողության մեջ.

4) ֆիսկալավորում` ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմի միացում.

5) համաժամանակեցում (սինքրոնիզացիա)` ՀԴՄ-ի և կենտրոնական տվյալների շտեմարանի միջև տեղեկությունների փոխանակում: ՀԴՄ-ն ուղարկում է տեղեկություններ կատարված գործարքների մասին և ստանում է կարգաբերումներ և տեղեկությունների թարմացումներ.

6) հանրագումար` գումար, որը ենթակա է գրանցման` փաստաթղթի ձևակերպումն ավարտելիս: Հանրագումարի մեծությունը չի կարող լինել բացասական.

7) unix timestamp` ժամանակը վայրկյանների տևողությամբ հաշվառելու միջոց, որտեղ հաշվարկը սկսվում է 1970 թվականի հունվարի 1-ից.

8) ՀԴՄ ֆիսկալ հասույթ` որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված դրամական գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Ֆիսկալ հասույթն իր մեջ ներառում է հարկ վճարողի կողմից իրականացված առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի գործարքների գումարների (չեն ներառվում փոխհատուցման և կանխավճարի օգտագործման գումարները) և կանխավճարի հանրագումարի ու այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը.

9) ՀԴՄ հասույթ` որոշակի ժամանակահատվածում հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: Հասույթն իր մեջ ներառում է առձեռն և անկանխիկ ընդամենը վաճառքի, մասնակի վճարման փոխհատուցման, կանխավճարի օգտագործման գումարների հանրագումարի և այդ գործարքների վերադարձի հանրագումարի տարբերությունը:

3. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագիրը պետք է հնարավոր լինի կիրառել հայերենով, ռուսերենով և անգլերենով:

4. ՀԴՄ-ի միջոցով տպագրվող գեներացվող կտրոնի վրա գրանցվող տեղեկությունները պետք է լինեն հայերենով:

5. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ները պետք է բավարարեն հետևյալ ընդհանուր տեխնիկական պահանջներին`

1) ՀԴՄ-ն պետք է ունենա`

ա. ֆիսկալային հիշողություն (չջնջվող հիշող սարք),

բ. օգտագործողի մուտքի անվանումը և գաղտնաբառ մուտքագրելու հնարավորություն,

գ. մակնշվածք, որում պետք է նշված լինեն ՀԴՄ-ի անվանումը, գործարանային համարը, ՀԴՄ-ն արտադրողի ֆիրմային անվանումը: Մակնշվածքի դրոշմման եղանակը պետք է ապահովի դրա պահպանվածությունը ՀԴՄ-ի ծառայության ամբողջ ժամկետի ընթացքում,

դ. SIM քարտով` նվազագույնը 3G կապուղիով վերադաս հարկային մարմնի տեղեկատվական համակարգին միանալու հնարավորություն, ինչպես նաև WIFI ցանցին և Ethernet-ին (համապատասխան փոխարկիչի միջոցով) միանալու հնարավորություն,

ե. ՀԴՄ սարք - պրոցեսինգային կենտրոն (վճարային քարտերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպություն) համակցության սերտիֆիկացում վճարային համակարգերում, որի համար պարտադիր է տվյալ ՀԴՄ սարքի EMVCo L1, EMVCo L2, PCI PED, TQM Label և այլն, եթե վճարային համակարգերի կողմից հետագայում նոր պարտադիր պահանջներ կսահմանվեն,

զ. ծրագրային ապահովման փոփոխության և նոր մոդուլների ինտեգրման հնարավորություն.

2) ՀԴՄ-ն պետք է ապահովի`

ա. ցանցային սնուցման անջատման դեպքում էներգաանկախ հիշողության մեջ դրամական գործարքների մասին տեղեկատվության, ինչպես նաև ծառայողական տեղեկատվության պահպանումը,

բ. աշխատանքի հիմնական ռեժիմների ծրագրավորումը,

գ. աշխատունակությունն էլեկտրացանցի (էլեկտրասնուցման) վթարային անջատումներից հետո,

դ. վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված հատուկ ձևաչափով (արձանագրությամբ) տեղեկատվական համակարգի հետ աշխատանքը,

ե. վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով դրամական հաշվարկների իրականացումը,

զ. համապատասխան պարբերականությամբ` առնվազն յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ կապի հաստատումը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` հարկային մարմին) տեղեկատվական համակարգի հետ` սույն ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված արձանագրությանը համապատասխան տվյալների փոխանակման նպատակով (կտրոնների տվյալների ուղարկումը և նոր տվյալների ստացումը հարկային մարմնի միասնական շտեմարանից),

է. հարկային մարմնի տեղեկատվական համակարգի հետ համապատասխան տվյալների (ամսաթիվը, ժամը և այլն) ներդաշնակեցումը (համապատասխանեցումը),

3) ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքի կասեցումը` սույն հավելվածով սահմանված դեպքերում:

6. ՀԴՄ-ները պետք է բավարարեն ցածր լարման էլեկտրասարքավորումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

7. ՀԴՄ սարքը քանդելու (պատյանը բացելու) դեպքում պետք է իրականացվի ֆիսկալային ռեժիմի անջատում, սարքի գաղտնագրման բանալիների ջնջում և ՀԴՄ սարքի պատյանը փակելու դեպքում, առանց գաղտնագրման բանալիներ վերականգնող համապատասխան գործիքի, հնարավոր չլինի գործարկել սարքը:

8. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը հարկային մարմին է ուղարկվում ցանցային կապ ապահովող` շարժական կամ ֆիքսված կապի միջոցով:

9. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների (կատարված գործարքների) մասին տեղեկատվությունը շարժական կապի միջոցով ուղարկվելու դեպքում կիրառվող ՍԻՄ (SIM) քարտերը և տրամադրվող կապը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) քարտերը պետք է ունենան միմիայն տվյալների փոխանակման հնարավորություն (Data) և հասանելի լինեն միայն Հայաստանի Հանրապետության տարածքում (առանց ռոումինգի).

2) քարտերը պետք է ստանան ստատիկ ԻՊ (IP) հասցեներ.

3) քարտերը պետք է ընդգրկված լինեն ներքին կորպորատիվ ցանցի մեջ, որոնց հասցեների բազմությունը (IP & MASK) պետք է նախապես համաձայնեցված լինի հարկային մարմնի տեղեկատվական և պրոցեսինգային կենտրոնի հետ.

4) քարտերը պետք է ապահովեն հասանելիություն հարկային մարմնի ՀԴՄ-ների սպասարկման սերվերին և պրոցեսինգային կենտրոնի նախանշված սերվերներին.

5) յուրաքանչյուր ՀԴՄ սերվերին դիմելիս` քարտը պետք է հանդես գա իր ֆիքսված IP-ով (բացառել կոնցենտրացիայի կամ NAT տեխնոլոգիայի կիրառումը).

6) քարտեր տրամադրող օպերատորը պետք է տրամադրի նաև ներքին կորպորատիվ ցանցից երեքական IP հասցեներ` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և պրոցեսինգային կենտրոնի համար (6 IP հասցեներ).

7) կապուղու թողունակությունը պետք է կազմի առնվազն 256 կբ/վ (այսուհետ` նվազագույն թողունակություն).

8) օպերատորի համակցման թողունակությունը հարկային մարմնի և պրոցեսինգային կենտրոնի համակարգերից յուրաքանչյուրին պետք է լինի նվազագույնը 2 մբ/վ1:

10. ՀԴՄ-ների միջոցով իրականացված դրամական հաշվարկների մասին տեղեկատվությունը ֆիքսված կապի միջոցով իրականացվելու դեպքում պետք է պահպանվեն ՍԻՄ (SIM) քարտերի և տրամադրվող կապի համար սահմանված պահանջները` բացառությամբ նվազագույն թողունակության, որը պետք է կազմի 512 կբ/վ:

11. Ցանցային կապին վերաբերող` հարկային մարմնի տեղեկատվական համակարգի և պրոցեսինգային կենտրոնի հետ աշխատանքի համար անհրաժեշտ տվյալները (SIM քարտի համար, ֆիքսված հեռախոսահամար, IP հասցե և այլն) հարկային մարմնին և պրոցեսինգային կենտրոնին` ըստ պահանջի տրամադրվում են սպասարկման կենտրոնների կողմից:

12. Հայաստանի Հանրապետությունում կիրառվող ՀԴՄ-ների ծրագրային ապահովումը պետք է ապահովի հետևյալ գործողությունների իրականացումը`

1) ՀԴՄ-ի ակտիվացում ու գրանցումից հանում.

2) ՀԴՄ-ի աշխատանքի ժամանակավոր դադարեցում.

3) օգտվողների (գլխավոր ադմինիստրատոր, ադմինիստրատոր, գանձապահ) կառավարում.

4) բաժինների կառավարում.

5) ապրանքների կառավարում.

6) ՀԴՄ-ով կատարվող գործարքի առավելագույն գումարի սահմանում.

7) հարկային մարմնի տեղեկատվական համակարգ տվյալների ուղարկում համաժամանակեցման միջոցով.

8) ֆիսկալ հաշվետվությունների գեներացում և տպագրում.

9) արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրման կարգաբերումների իրականացում.

10) կապի կարգաբերումների իրականացում.

11) սարքի տվյալները դիտում.

12) կտրոնների գեներացման և տպագրման գործառույթ.

13) կտրոնների վերադարձի ձևակերպում.

14) կտրոնի կրկնօրինակի տպագրում.

15) ՀԴՄ-ի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում` համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարի մուտքագրում (ՀՎՀՀ).

16) առձեռն, անկանխիկ, կանխավճարի օգտագործում և փոխհատուցման գումար վճարման տեսակների կիրառում.

17) կանխիկի մուտք և ելք:

13. Գլխավոր ադմինիստրատորի իրավասությամբ օժտվում է անհատ ձեռնարկատերը կամ նոտարը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի կամ կազմակերպության նշանակած անձը, որը ՀԴՄ-ի ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է այն: ՀԴՄ-ի ծրագրում որպես օգտվող գլխավոր ադմինիստրատորը չի կարող ապաակտիվացվել (գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները չեն կարող դադարեցվել): Գլխավոր ադմինիստրատորի իրավասությունները սույն հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետից մինչև 11-րդ ենթակետով սահմանվող գործառույթների իրականացումն է:

14. Ադմինիստրատորը ՀԴՄ օգտագործող է, որը ծրագրի միջոցով կառավարում և կարգաբերում է ՀԴՄ-ն: Ադմինիստրատորի իրավասությունները ծրագրի միջոցով ակտիվացվում և ապաակտիվացվում են գլխավոր ադմինիստրատորի կողմից: Ադմինիստրատորի իրավասությունները սույն հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետից մինչև 11-րդ ենթակետով սահմանվող գործառույթների իրականացումն է: Ընդ որում` ադմինիստրատորի դեր ունեցող օգտվողը կարող է ստեղծել նոր ադմինիստրատորի կամ գանձապահի դեր ունեցող օգտվող կամ արդեն իսկ ստեղծված օգտվողին ակտիվացնել կամ պասիվացնել, ինչպես նաև փոփոխել յուրաքանչյուր օգտվողի գաղտնաբառը: Յուրաքանչյուր ադմինիստրատորի դեր ունեցող օգտվող չպետք է կարողանա պասիվացնել իր օգտվողին:

15. Գանձապահի դեր ունեցող օգտվողի իրավասություններն են սույն հավելվածի 12-րդ կետի 12-րդ ենթակետից մինչև 17-րդ ենթակետով սահմանվող գործառույթները:

16. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հայեցողությամբ գլխավոր ադմինիստրատորի, ադմինիստրատորի, ինչպես նաև գանձապահի իրավասություններով կարող է օժտվել ցանկացած վարձու աշխատող:

17. Օգտվողի կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ադմինիստրատորի կամ գանձապահի դեր ունեցող օգտվողի ստեղծում կամ արդեն իսկ ստեղծված օգտվողի ակտիվացում կամ պասիվացում, ինչպես նաև օգտվողների գաղտնաբառերի փոփոխում: Գանձապահի դեր ունեցող օգտվող ստեղծելիս տվյալ գանձապահին են վերագրվում նաև նախապես ստեղծված բաժին կամ բաժիններ:

18. Բաժինների կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր բաժինների ստեղծում կամ արդեն իսկ ստեղծված բաժինների պասիվացում կամ ակտիվացում: Բաժինները ստեղծվում են ըստ հարկման ընդհանուր և (կամ) հատուկ համակարգերի` նշելով տվյալ բաժնի անվանումն ու համարը: Ընդ որում` յուրաքանչյուր բաժնի համար ընտրվում է մեկ հարկման համակարգ, որը խմբագրման ենթակա չէ:

19. Ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) կառավարման գործառույթը պետք է ապահովի նոր ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ստեղծում կամ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում արդեն իսկ ստեղծված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ցանկերի ներբեռնում` ըստ համապատասխան բաժինների: Նոր ապրանքի (աշխատանքի, ծառայության) ստեղծման դեպքում նշվում է հետևյալ տեղեկատվությունը`

1) տվյալ ապրանքի (աշխատանքի, ծառայության) կոդը, անվանումը, գինը, չափման միավորը, բաժինը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը.

2) ապրանքի ստեղծման դեպքում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 11-ի N 1406-Ն որոշմամբ հաստատված արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) 4 նիշին համապատասխան ապրանքային դիրքը և այդ դիրքում ներառված` փաստացի վաճառված ապրանքի անվանումը.

3) աշխատանքի կամ ծառայության ստեղծման դեպքում նշվում է նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 875-Ն հրամանով հաստատված` արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան` ըստ դասակարգչով սահմանված աշխատանքի կամ ծառայության կոդը (4 նիշը) և այդ կոդում ներառված` փաստացի կատարված աշխատանքի կամ փաստացի մատուցված ծառայության անվանումը:

20. Ֆիսկալ հաշվետվությունների գեներացման և տպագրման գործառույթը պետք է ապահովի X և Z տեսակի հաշվետվությունների տպագրում և գեներացում:

21. X հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները`

1) հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) և ժամը.

4) ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը.

5) առաջին և վերջին գործարքի ամսաթիվը և ժամը.

6) իրականացված գործարքների ամփոփ տեղեկատվության արտացոլում` ըստ բաժինների, գանձապահների, առձեռն և անկանխիկ տեսակի գործարքների: Ընդ որում`

ա. ըստ բաժնի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են` հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված բաժնի համարն ու անվանումը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված բաժնով իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

բ. ըստ գանձապահի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են` հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման,

գ. ըստ կատարված գործարքի տեսակի հաշվետվության տպման դեպքում հաշվետվության վավերապայմաններն են` հարկ վճարողի անվանումը և հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) ու ժամը, ընտրված գանձապահի համարը, ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը, ընտրված ժամանակաշրջանում իրականացված առաջին և վերջին գործարքի ամսաթիվը (օրը, ամիսը, տարին) և ժամը (ժամ, րոպե), առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների կտրոնների քանակը, այդ թվում` նաև վերադարձի կտրոնների քանակը, առձեռն կամ անկանխիկ իրականացված գործարքների գումարը, այդ թվում` վերադարձի գումարը.

7) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, ընդհանուր հասույթի գումարն ու հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

8) ֆիսկալ հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

9) դրամարկղում առկա գումարը:

22. Z հաշվետվությունը պետք է պարունակի հետևյալ վավերապայմանները`

1) հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը.

2) ՀԴՄ-ի գրանցման համարը.

3) հաշվետվության տպման ամսաթիվը (տարին, ամիսը, օրը) և ժամը.

4) ժամանակաշրջանը, որի համար տպվել է հաշվետվությունը.

5) նշված ժամանակահատվածում տպված կտրոնների վերաբերյալ տեղեկատվություն, որում`

ա. մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում տպված կտրոնների համարները, տպման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ),

բ. մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի տպված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում գումարները նշվում են առանձին տողով և նշվում է (Կ).

6) հասույթի բաղադրիչ տարրերի ամփոփ գումարները, ընդհանուր վաճառքի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, կանխավճարի գումարը, այդ թվում` վերադարձված կանխավճարի գումարը, ֆիսկալ հասույթի գումարն ու ֆիսկալ հասույթի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

7) դրամարկղում առկա գումարը:

23. Z հաշվետվությունը կարող է տպվել նաև ըստ գանձապահի: Այս դեպքում հաշվետվության վավերապայմաններն են հարկ վճարողի անվանումն ու հարկային մարմնում հաշվառման համարը, ՀԴՄ-ի գրանցման համարը, ընտրված գանձապահի համարը, մեկօրյա ժամանակահատվածի նշման դեպքում արտացոլվում են տվյալ օրվա ընթացքում տպված կտրոնների համարները, տպման ժամը և յուրաքանչյուր կտրոնի գումարը, կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), մեկ օրից ավելի ընտրված ժամանակահատվածի դեպքում արտացոլվում են նշված ժամանակահատվածում ըստ օրերի տպված կտրոնների քանակն ու ընդհանուր գումարը, ընդ որում` նույն օրվա դրությամբ իրականացված վաճառքի և վերադարձի կտրոնների գումարները լրացվում են առանձին տողով: Կանխավճարի կտրոնների դեպքում նշվում է (Կ), ընտրված գանձապահի կողմից իրականացված վաճառքների ընդհանուր գումարը, ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, վերադարձի ընդհանուր գումարը, վերադարձի ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է, և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման:

24. Սարքի տվյալների դիտումը պետք է ապահովի հետևյալ տեղեկատվության դիտման հնարավորություն`

1) ՀԴՄ-ի գործարանային համարը.

2) գրանցման համարը.

3) ընթացիկ ժամը, րոպեն, վայրկյանը.

4) ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի հաշվառման համարը.

5) տպված վերջին կտրոնի համարը.

6) չհամաժամանակեցված կտրոնների քանակը.

7) համաժամանակեցված վերջին կտրոնի համարը.

8) որքան ժամանակ է մնացել մինչև 36 ժամ չհամաժամանակեցման արգելափակմանը:

25. Կտրոնների տպագրման գործառույթը պետք է ապահովի պարզ, ապրանքներով, հաշվիչ և կանխավճար տեսակի կտրոնների տպագրում:

26. Պարզ կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է վաճառվող ապրանքի և (կամ) մատուցվող ծառայության կամ աշխատանքի գումարը, բաժինը և սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված համապատասխան վճարման տեսակը:

27. Ապրանքներով կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է նախապես ստեղծված ապրանքը (աշխատանքը կամ ծառայությունը) իր համապատասխան տվյալներով, քանակը, զեղչի կիրառման դեպքում զեղչի չափն ու զեղչված գինը, սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով վճարման տեսակը: Զեղչը կարող է իրականացվել տոկոսային կամ դրամային, ընդ որում` այն կարող է կիրառվել ինչպես առանձին ապրանքի, այնպես էլ ապրանքացանկի վրա (համամասնորեն բոլոր ապրանքների կամ գանձապահի կողմից նշված ապրանքների վրա միայն):

28. Հաշվիչ կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում է վաճառվող ապրանքի և (կամ) մատուցվող ծառայության քանակն ու գինը, բաժինը և սույն հավելվածի 12-րդ կետի 16-րդ ենթակետով սահմանված համապատասխան վճարման տեսակը:

29. Կանխավճար կտրոնի դեպքում գանձապահի կողմից մուտքագրվում են կանխավճարի գումարը և վճարման տեսակը` առձեռն կամ անկանխիկ: Կանխավճար կտրոնը պետք է պարունակի «կանխավճար» գրառումը:

30. Կտրոնների վերադարձի ձևակերպման գործառույթը պետք է ապահովի գանձապահի կողմից վերադարձվող կտրոնի համարի և այդ կտրոնը տպած ՀԴՄ-ի գրանցման համարի մուտքագրման միջոցով կտրոնի վերադարձի ձևակերպում: Վերադարձ հնարավոր է իրականացնել տվյալ հարկ վճարողին պատկանող ցանկացած ՀԴՄ-ի միջոցով նույն կամ այլ ՀԴՄ-ով տպված կտրոնով: Վերադարձ տեսակի կտրոնը պետք է պարունակի նաև վերադարձվող կտրոնի համարը, տպման ժամն ու ամսաթիվը, պատասխանատու անձի (գանձապահի) համարը: Այն դեպքերում, երբ իրականացվում է մասնակի վերադարձ, տպվում են վերադարձվող գումարը կամ ապրանքները (կախված կտրոնի տեսակից) պարունակող կտրոնը և խմբագրված վերադարձվող կտրոնը` համապատասխան գումարային կամ ապրանքային մնացորդով: Վերջինս պետք է պարունակի «Խմբագրված կտրոն» գրառումը: Միայն փոխհատուցում վճարման տեսակի կտրոնների դեպքում մասնակի վերադարձ չի իրականացվում, վերադարձը իրականացվում է ամբողջությամբ:

31. Կտրոնի կրկնօրինակի տպագրման գործառույթը պետք է ապահովի տվյալ ՀԴՄ-ով տպված կտրոնի կրկնօրինակի տպագրում: Կտրոնի կրկնօրինակը պետք է պարունակի «կրկնօրինակ» գրառումը:

32. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարվող գումարի մի մասը վճարվում է այլ հարկ վճարողի, մասնավորապես` ապահովագրական ընկերության կամ բանկի կողմից, ապա վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց այլ հարկ վճարողի կողմից վճարվելիք գումարի չափը նշվում է որպես փոխհատուցման գումար:

33. Այն դեպքերում, երբ վաճառված ապրանքի կամ մատուցված ծառայության կամ աշխատանքի դիմաց վճարումը կատարվում է նախօրոք վճարված գումարով (կանխավճարով), ապա այդ գումարը գանձապահի կողմից նշվում է որպես կանխավճարի օգտագործում:

34. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ըստ բաժինների և գանձապահների կողմից նախորդող առնվազն 2 ամսվա ընթացքում իրականացրած գործարքների վերաբերյալ հաշվետվությունների դուրսբերումը, ինչպես նաև թղթային ժապավենի վրա դրանց տպագրումը:

35. ՀԴՄ-ները պետք է ապահովեն ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների հաշվառման ծրագրերից (այդ թվում` հաշվապահական կամ կառավարչական) կամ համակարգչից ապրանքների կամ աշխատանքների կամ ծառայությունների անվանումների, քանակների, դրամարկղ մուտքագրված գումարների, վճարային քարտերի միջոցով (չիպային, անհպում և մագնիսական), առկայության դեպքում նաև այլ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող վճարային գործիքներով հաշվեգրված գումարների, ՀԴՄ-ի միջոցով կազմվող հաշվետվությունների ներմուծման և արտածման հնարավորությունը, ինչպես նաև ՀԴՄ կտրոնների տրամադրումը ՀԴՄ-ի կամ ՀԴՄ-ի ծրագիրն արտաքին (առևտրային) ծրագրերի հետ ինտեգրած լինելու դեպքում` արտաքին տպող սարքի միջոցով:

36. Ֆիսկալային հիշողության մեջ գրանցվում է հետևյալ տեղեկատվությունը (ֆիսկալային տվյալներ).

 

._____________________________________________________________________.

|Գրառման տեսակը    |Նկարագրությունը                   |Ձևաչափը        |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ գրանցում                                         |r:

|                                                     |, ,  |

|                                                     |       |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ գրանցում      |Գրանցման ժամը unix timestamp      |

|                  |տեսքով                            |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի        |          |

|                  |հաշվառման համարը                  |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ-ի գրանցման համարը             |,         |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ գործարանային համարը           |       |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ ապաակտիվացում                                    |c:

|                                                     |, ,  |

|                                                     |       |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ ապաակտիվացում |ՀԴՄ ապաակտիվացման ժամը unix       |

|                  |timestamp տեսքով                  |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ-ն կիրառող հարկ վճարողի        |          |

|                  |հաշվառման համարը                  |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ գրանցման համարը               |,         |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ գործարանային համարը           |       |

|_____________________________________________________|_______________|

|Բաժնի ստեղծում                                       |nd:

|                                                     |,|

|                                                     |      |

|_____________________________________________________|_______________|

|Բաժնի ստեղծում    |Բաժնի ստեղծման ժամը unix timestamp|

|                  |տեսքով                            |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |Տվյալ բաժնի համարը                | |

|                  |__________________________________|_______________|

|                  |Հարկման տեսակի նույնականացման     |      |

|                  |համարը                            |               |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ վաճառքի կտրոնի տպում                             |p:

|                                                     |,|

|                                                     |(<>

|                                                     |-info>)        |

|_____________________________________________________|_______________|

|ՀԴՄ վաճառքի կտրոնի|Կտրոնի տպման ժամը unix timestamp  |

|տպում             |տեսքով                            |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ կտրոնի համարը                 |           |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ կտրոնի ֆիսկալ համարը          | |

|                  |__________________________________|_______________|

|                  |(::)      | |

|                  |յուրաքանչյուր բաժնի համար,        |               |

|                  |բաժանված ստորակետերով             |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |Բաժնի նույնականացման համարը       |          |

|                  |__________________________________|_______________|

|                  |Ընդհանուր գումարը տվյալ բաժնում`  | |

|                  |ներառյալ ԱԱՀ                      |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |Ընդհանուր ԱԱՀ գումարը տվյալ       |          |

|                  |բաժնում                           |               |

|__________________|__________________________________|_______________|

|Կտրոնի վերադարձ   |                                  |p:

|                  |                                  |,   |

|__________________|__________________________________|_______________|

|Կտրոնի վերադարձ   |Կտրոնի տպման ժամը unix timestamp  |

|                  |տեսքով                            |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |Վերադարձվող կտրոնի համարը         |           |

|                  |__________________________________|_______________|

|                  |Վերադարձի կտրոնի համարը           |          |

|                  |__________________________________|_______________|

|                  |ՀԴՄ գրանցման համար                |          |

|_____________________________________________________|_______________|

|Համաժամանակեցում                                     |s:

|                                                     |       |

|_____________________________________________________|_______________|

|Համաժամանակեցում  |Համաժամանակեցման ժամը unix        |

|                  |timestamp տեսքով                  |               |

|                  |__________________________________|_______________|

|                  |1- եթե համաժամանակեցումը          |       |

|                  |հաջողվել է                        |               |

|                  |__________________________________|               |

|                  |0- եթե համաժամանակեցումը չի       |               |

|                  |հաջողվել                          |               |

._____________________________________________________________________.

 

37. Ֆիսկալային հիշողությունը պետք է տեղակայված լինի ՀԴՄ-ի ընդհանուր պատյանի տակ:

38. Ֆիսկալային հիշողությունը կամ առնվազն ֆիսկալային հիշողության կուտակիչը պետք է ունենա առանձին մոդուլի տեսք: Այդ մոդուլի կառուցվածքը պետք է ապահովի ֆիսկալային հիշողության մեջ տեղեկատվության փոփոխման անհնարինությունը: Վերանորոգող կազմակերպության կողմից պետք է հնարավոր լինի անհրաժեշտության դեպքում փոխարինել ֆիսկալային հիշողությունը կամ ֆիսկալային հիշողության կուտակիչը: Ֆիսկալային հիշողության կամ ֆիսկալային հիշողության կուտակիչի փոխարինման դեպքում վերանորոգող կազմակերպությունը պետք է կազմի ակտ, որում պետք է նշված լինեն տվյալ ՀԴՄ-ի գործարանային համարը, հարկ վճարողի հաշվառման համարը, ում այդ ՀԴՄ-ն պատկանում է, ՀԴՄ-ի գրանցման համարը: Այս ակտի մեկ օրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողի կողմից փոխանցվում է իր հաշվառման հարկային մարմին:

39. Ֆիսկալային հիշողության (ֆիսկալային հիշողության կուտակիչի) կառուցվածքը պետք է նախատեսի պաշտպանվածություն մեխանիկական, էլեկտրամագնիսական և այլ տեսակի ներգործություններից ինչպես ՀԴՄ-ի աշխատանքի, այնպես էլ տեխնիկական սպասարկման և վերանորոգման ընթացքում:

40. Ֆիսկալային հիշողության կուտակիչում գրանցված տեղեկատվությունը պետք է պահպանվի ոչ պակաս, քան 6 տարվա ընթացքում` ՀԴՄ-ն ֆիսկալային ռեժիմի փոխադրելու պահից:

41. ՀԴՄ-ում պետք է նախատեսված լինի վերանորոգող կազմակերպությունում, ինչպես նաև հարկային մարմնում տեխնիկական միջոցներով ֆիսկալային հիշողության պարունակության ընթերցման հնարավորություն` ՀԴՄ-ի խափանման դեպքում:

42. ՀԴՄ-ի ծրագրային ապահովումը պետք է բացառի օգտագործողի կողմից այն մասի փոփոխման հնարավորությունը, որը ղեկավարում է տեղեկատվության ընթերցումը և գրանցումը ֆիսկալային հիշողության մեջ, ֆիսկալային տվյալների ձևավորումն էներգաանկախ հիշող սարքում:

43. ՀԴՄ-ն պետք է կասեցնի գործողությունների կատարումը հետևյալ դեպքերում`

1) կտրոնի տպագրման ժապավենի բացակայության.

2) կտրոն տպելու անհնարինությանը հանգեցնող իրավիճակների (տեխնիկական խնդիրների) առաջացման.

3) հիշողության գերլցման, անսարքության, ֆիսկալային հիշողության անջատման, ինչպես նաև աշխատանքի ժամանակ ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ֆիսկալային հիշողության չթույլատրված մուտքի.

4) ոչ ճիշտ մուտքի անվանում և (կամ) գաղտնաբառ նշելու` դեպի ՀԴՄ-ի ֆիսկալային հիշողություն մուտքի փորձ կատարելիս: Այս դեպքում պետք է կասեցվեն բոլոր գործառնությունների կատարումը և մուտքի անվանման կամ գաղտնաբառի մուտքագրման ռեժիմից ելքը: Կասեցումը պետք է գործի մինչև ճիշտ մուտքի անվանման և (կամ) գաղտնաբառի մուտքագրման պահը.

5) 36 ժամվա ընթացքում հարկային մարմին տեղեկատվություն չուղարկվելու.

6) գործունեության տվյալ օբյեկտում ՀԴՄ-ի կիրառումը պարտադիր չլինելու հիմքով հարկային մարմնի կողմից ՀԴՄ-ի աշխատանքն արգելափակելու:

44. ՀԴՄ-ի գործողությունների կասեցումը պետք է դադարեցվի կասեցում առաջացնող պատճառները վերացնելուց հետո:

45. ՀԴՄ-ն պետք է ապահովի աշխատանքը միայն ֆիսկալային ռեժիմում:

46. Ֆիսկալային ռեժիմը ՀԴՄ-ի գործողության այն ռեժիմն է, որն ապահովում է ֆիսկալային հաշվետվության մեջ ֆիսկալային տվյալների գրանցումը: Ֆիսկալային ռեժիմը պետք է ապահովի ՀԴՄ-ի աշխատանքը` շահագործման փաստաթղթերին համապատասխան: ՀԴՄ-ի ֆիսկալային ռեժիմում ձևակերպվող բոլոր փաստաթղթերում` ներառյալ կտրոններում, պետք է նշվի այն մասին, որ փաստաթուղթը տպագրվել է ֆիսկալային ռեժիմում:

47. Տեխնիկական միջոցներով անհրաժեշտ է ապահովել ՀԴՄ-ում կիրառվող ընթացիկ ամսաթվի հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության հետ նույնականացումը` համաժամանակեցման միջոցով:

48. ՀԴՄ-ն կարող է ապահովել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման հնարավորությունը:

49. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, ինչպես նաև սույն որոշմամբ սահմանված` հսկիչ դրամարկղային մեքենաներին ներկայացվող պահանջների և դրանց ծրագրային ապահովման համապատասխանության եզրակացության տրամադրումն իրականացվում է հարկային մարմնի կողմից` հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:

Ընդ որում` հարկային մարմնի կողմից կազմակերպվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու մասին» N 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված և այդ գյուղերում փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողների հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական սպասարկումը և այդ հարկ վճարողներին հսկիչ դրամարկղային մեքենաների տրամադրումն իրականացվում է անհատույց հիմունքներով:

(49-րդ կետը լրաց. 30.12.2021 թիվ 2184-Ն, 24.08.2023 թիվ 1414-Ն որոշումներ)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.12.2020
N 1976-Ն
Որոշում