(ուժը կորցրել է 22.08.05 թիվ 45-Ն որոշում)
i
606.0007.180902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602183
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2002 թվականի N 11/7-Ն
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հաստատել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 25.05.1999 թ. արձ. 25 կետ 5 «Մարզային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատելու մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
սեպտեմբերի 4-ի թիվ 11/7-Ն որոշման
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԿԵՏ 1
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ընտրությունները կազմակերպող և անցկացնող մարմին է:
2. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր լիազորությունների սահմաններում ընդունում է որոշումներ:
ԿԵՏ 2
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը գործում է մշտական հիմունքներով` ՀՀ ընտրական օրենսգրքի և սույն կանոնակարգին համապատասխան:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կանոնակարգը հաստատում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է կոլեգիալության սկզբունքով:
ԿԵՏ 3
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման համար ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովն ունի իրավաբանական անձի կարգավիճակ, իրավաբանական անձի համար ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված իրավունքներ և կրում է պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմը հրապարակում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
ԿԵՏ 4
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը գումարվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի աշխատավայրում:
2. Այլ վայրում նիստ կարող է գումարել հանձնաժողովի որոշմամբ կամ սույն կանոնակարգի 13 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում:
ԳԼՈՒԽ 2
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
ԿԵՏ 5
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմված է ինն անդամից:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում է`
1) գործող կամ արձակված Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացրած որոշմամբ նշանակված մեկական անդամից.
2) Հանրապետության Նախագահի նշանակած 3 անդամից:
3. ՀՀ ընտրական օրենսգրքի 35 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի, 36 հոդվածի 1-ին կետի պահանջներին համապատասխան` եթե մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ձևավորման վերջին օրը որևէ կուսակցություն (դաշինք) թեկնածու չի առաջադրում, ապա հանձնաժողովի թափուր տեղը լրացնում է համապատասխան խմբակցությունը:
ԿԵՏ 6
1. Նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կազմավորվում և իր լիազորություններն ստանձնում է Ազգային ժողովի կազմավորումից հետո` քառասուներորդ օրը:
2. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստն սկսվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորման օրը` ժամը 12.00-ին և կարող է ընթանալ մինչև ժամը 24.00-ն` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի վարչական շենքում:
3. Առաջին նիստը վարում է նախկին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իր առաջին նիստում հանձնաժողովի կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ, նախագահի տեղակալ և քարտուղար:
ԳԼՈՒԽ 3
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
ԿԵՏ 7
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի թեկնածուների առաջադրման իրավունքը պատկանում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին:
2. Նիստը վարողը գրանցում է նոր հանձնաժողովի նախագահ առաջադրված թեկնածուների ազգանունը, անունը, հայրանունը:
3. Գրանցված թեկնածուները կարող են ելույթ ունենալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:
ԿԵՏ 8
Նախքան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուներ առաջադրելը որոշվում է քվեարկության անցկացման կարգը: Քվեարկության անցկացման կարգի վերաբերյալ հանձնաժողովն ընդունում է որոշում:
ԿԵՏ 9
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և հանձնաժողովի քարտուղարի ընտրությունը կարող է կատարվել բաց կամ գաղտնի քվեարկությամբ:
2. Բաց քվեարկությունն իրականացվում է նիստը վարողի հայտարարությամբ: Հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ կողմ, դեմ, ձեռնպահ կամ հրաժարվում է քվեարկությանը մասնակցելուց: Քվեարկության ավարտից հետո նիստը վարողը հրապարակում է քվեարկության արդյունքները:
3. Գաղտնի քվեարկությունը կազմակերպում է հաշվիչ հանձնաժողովը: Հաշվիչ հանձնաժողովը ձևավորվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից նիստը վարողի ղեկավարությամբ: Գաղտնի քվեարկություն կազմակերպելու համար նիստը վարողը հայտարարում է մեկ ժամ ընդմիջում:
Գաղտնի քվեարկության քվեաթերթիկները պատրաստվում են հաշվիչ հանձնաժողովի կողմից:
Քվեաթերթիկներում այբբենական կարգով ընդգրկվում են առաջադրված և ինքնաբացարկ չհայտնած թեկնածուների ազգանունները, անունները և հայրանունները:
Հանձնաժողովի անդամները քվեաթերթիկը լրացնում են գաղտնի` քվեարկության խցիկում (կամ սենյակում), թողնելով այն թեկնածուի ազգանունը և անունը, որի օգտին նա քվեարկում է, ջնջելով մյուս ազգանունները և անունները:
Քվեաթերթիկում մեկ թեկնածության դեպքում նշվում են «կողմ» և «դեմ» բառերը:
Մեկ թեկնածու քվեարկելու դեպքում, եթե հանձնաժողովի անդամը քվեարկում է թեկնածուի օգտին, ջնջում է «դեմ» բեռը, իսկ եթե քվեարկում է թեկնածուի դեմ, ջնջում է «կողմ» բառը:
Քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովը բացում է քվեարկության տուփը և հաշվում ձայները:
4. Գաղտնի քվեարկության արդյունքների մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են Հաշվիչ հանձնաժողովի անդամները:
5. Հաշվիչ հանձնաժողովի ներկայացրած արդյունքների հիման վրա նիստը վարողը հայտարարում է թեկնածուի ընտրության մասին:
ԿԵՏ 10
1. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրված է համարվում, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
2. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկու թեկնածու, ապա ընտրված է համարվում քվեարկության մասնակիցների ձայներ ստացած թեկնածուն:
3. Եթե ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար քվեարկվել է երկուսից ավելի թեկնածու, և նրանցից ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին, ապա առավել ձայներ ստացած թեկնածուների միջև անցկացվում է կրկնական քվեարկություն` սույն կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով:
ԿԵՏ 11
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի առաջին նիստում սույն կանոնակարգով սահմանված կարգով նախագահ չընտրվելու դեպքում, եռօրյա ժամկետում, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահին նշանակում է կառավարությունը` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից` ՀՀ ընտրական օրենսգրքի 36 հոդվածի 7-րդ կետի համաձայն:
ԿԵՏ 12
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարն ընտրվում են հանձնաժողովի նախագահի ընտրությունից հետո` հանձնաժողովի նախագահի ընտրության համար ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 4
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ
ԿԵՏ 13
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հերթական նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից սահմանված ժամանակացույցով:
2. Նիստերն անցկացվում են հանձնաժողովի վարչական շենքում, իսկ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքում, երբ անհնար է նիստի օրն ու ժամը հետաձգելը, հանձնաժողովի նախագահը ստանալով հանձնաժողովի անդամների կեսից ավելիի համաձայնությունը, նիստն անցկացնում է այլ վայրում:
3. Նիստերին հանձնաժողովի անդամների մասնակցությունը նշվում է նիստերի գործավարության մատյանում, որտեղ յուրաքանչյուրն իր ազգանվան դիմաց ստորագրում է:
4. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերն արձանագրվում են:
ԿԵՏ 14
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստ հրավիրվում է`
ա) հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ,
բ) հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով:
2. Արտահերթ նիստ հրավիրելու ժամկետի և օրակարգի մասին հանձնաժողովի նախագահը գրավոր տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին ոչ ուշ, քան արտահերթ նիստից 2 ժամ առաջ:
ԿԵՏ 15
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստերը դռնբաց են:
2. Հանձնաժողովի նիստերին կարող են մասնակցել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով: Նիստերին կարող են ներկա գտնվել`
1) զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրված ներկայացուցիչները,
2) հանձնաժողովի կողմից հրավիրված անձինք,
3) դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները,
4) Հանրապետության Նախագահի թեկնածուները կամ նրա լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք` իրենց առնչվող հարցերի քննարկման կապակցությամբ,
5) Ազգային ժողովի համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքի) լիազոր ներկայացուցիչները կամ թեկնածուների վստահված անձինք,
6) Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուն կամ լիազոր ներկայացուցիչը, ինչպես նաև նրա վստահված անձը` իր բողոքի քննարկման ժամանակ,
7) համայնքի ղեկավար և ավագանու անդամ առաջադրված թեկնածուները կամ նրանց լիազոր ներկայացուցիչները, վստահված անձինք` իրենց առնչվող հարցերի քննարկման կապակցությամբ:
3. Հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձինք կարող են մասնակցել հայցի քննարկմանը միայն նիստը վարողի թույլտվությամբ:
ԿԵՏ 16
1. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
Հանձնաժողովի նիստը վարում է հանձնաժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ` նախագահի տեղակալը:
2. Քվորումի բացակայության դեպքում նիստը վարողը որոշում է կայացնում նիստի տեղափոխման մասին:
3. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստն սկսվում է օրակարգի հաստատումով: Նիստը վարողը ընթերցում է օրակարգի հարցերը և անհրաժեշտության դեպքում տալիս պարզաբանումներ:
4. Նիստը վարողը, ելնելով աշխատանքի արդյունավետությունից, կարող է փոխել օրակարգի հարցերի քննարկման հերթականությունը, եթե չկա առարկություն:
Օրակարգի հարցերի վերաբերյալ առարկությունների դեպքում առաջարկությունը դրվում է քվեարկության:
5. Մինչև օրակարգի հաստատումն այլ հարցեր չեն քննարկվում:
ԿԵՏ 17
1. Հանձնաժողովի նիստի օրակարգը կազմվում է հանձնաժողովի անդամների առաջարկությունների հիման վրա:
2. Նիստերի օրակարգը կազմում է հանձնաժողովի քարտուղարը` հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ:
3. Հրատապ հարցերով ընդգրկվում են օրակարգ հանձնաժողովի նախագահի կողմից կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի պահանջով, ոչ ուշ, քան նիստն սկսելուց երկու ժամ առաջ: Հրատապ հարցերն կարող են ընդգրկվել օրակարգ նաև հանձնաժողովի որոշմամբ` նիստի սկզբում:
Կետ 18
1. Հերթական նիստի օրակարգում առաջարկություններն ընդգրկելու համար դրանք որոշման նախագծերի տեսքով հանձնաժողովի անդամների կողմից ներկայացվում են քարտուղարին` ոչ ուշ, քան նիստի նախորդ օրը:
2. Հանձնաժողովի նիստի օրակարգում ընդգրկված հարցերի որոշման նախագծերն ու անհրաժեշտ նյութերը հանձնաժողովի անդամներին հանձնում է հանձնաժողովի քարտուղարը (աշխատակազմը)` ոչ ուշ, քան նիստն սկսվելուց երկու ժամ առաջ:
ԿԵՏ 19
Նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց բաժանվում է նիստի օրակարգը: Նրանք իրավունք ունեն ծանոթանալ նաև ներկայացվող որոշումների նախագծերն:
ԳԼՈՒԽ 5
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ՀԱՐՑԵՐ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ԿԵՏ 20
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներն ընդունվում են հանձնաժողովի իրավազոր նիստում` բաց քվեարկությամբ: Գաղտնի քվեարկությամբ որոշում ընդունվում է միայն հանձնաժողովի որոշմամբ:
ԿԵՏ 21
1. Հանձնաժողովի նիստը հարցերի քննարկումն սկսում է որոշման նախագիծը ներկայացնողի զեկուցումով: Զեկուցման կապակցությամբ հանձնաժողովի անդամները կարող են`
- հարակից ելույթներ ունենալ (մինչև 5 րոպե),
- տալ հարցեր,
- ներկայացնել առաջարկություններ (մինչև 3 րոպե):
2. Քննարկվող յուրաքանչյուր հարցի կապակցությամբ նիստը վարողն ունի ելույթի իրավունք` մինչև 7 րոպե տևողությամբ:
3. Նիստի ընթացքում արված նոր առաջարկությունները գրանցում է հանձնաժողովի քարտուղարը:
ԿԵՏ 22
1. Նիստը վարողն ամփոփում է քննարկումը և քվեարկությունից առաջ ներկայացնում է որոշման նախագծի վերաբերյալ արված դիտողություններն ու առաջարկությունները: Դրանք զեկուցողի կողմից ընդունվելու դեպքում քվեարկությունը հետաձգվում է` որոշման նախագիծը նոր տեսքով քվեարկության ներկայացնելու համար:
2. Առաջարկությունները զեկուցողի կողմից չընդունվելու դեպքում, իսկ նոր առաջարկության հեղինակի կողմից ներկայացված տարբերակը պնդելու դեպքում` որոշում է ընդունվում առաջարկություններն առանձին-առանձին քվեարկելու մասին: Որոշումն ընդունվելուց հետո` եթե նույն հարցի վերաբերյալ իրարամերժ առաջարկություններից ոչ մեկը չի հավաքում ընդունման համար անհրաժեշտ ձայներ, ապա առավելագույն հավաքած առաջարկությունը նորից դրվում է քվեարկության:
ԿԵՏ 23
1. Քվեարկությունը համարվում է կայացած, եթե քվեարկությանը մասնակցել է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին:
2. Որոշումը համարվում է ընդունված, եթե դրա օգտին քվեարկել են քվեարկության մասնակիցների կեսից ավելին: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի (նիստը վարողի) ձայնը վճռորոշ է`
ա) եթե քվեարկության է դրվում երկու իրարամերժ առաջարկություն և երկուսն էլ հավաքում են հավասար և բավարար կողմ ձայներ,
բ) եթե առաջարկությանը կողմ ձայները հավասար են դեմ և ձեռնպահ ձայների գումարին:
ԿԵՏ 24
1. Յուրաքանչյուր քվեարկությունից առաջ նիստը վարողը կրկնում է քվեարկության դրվող հարցը` ճշգրիտ ձևակերպմամբ, հաշվում և բարձրաձայն հայտարարում է կողմ տրված ձայների թիվը, այնուհետև նույն կարգով` դեմ ու ձեռնպահ ձայների թիվը:
2. Քվեարկությունը կարող է կրկնվել, եթե ինչ-որ կապակցությամբ խանգարվել է հանձնաժողովի որևէ անդամի քվեարկությունը:
3. Քվեարկության արդյունքները սղագրվում են նիստի արձանագրությունում:
ԿԵՏ 25
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումներն ուղարկվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով` որոշումն ընդունվելու հաջորդ օրը:
ԳԼՈՒԽ 6
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
ԿԵՏ 26
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իրավունք ունի`
- նախապես ծանոթանալ հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերին և փաստաթղթերին,
- ելույթներ ունենալ հանձնաժողովի նիստերում,
- ներկայացնել առաջարկություններ և պահանջել, որ այդ առթիվ անցկացվի քվեարկություն,
- նիստի մասնակիցներին տալ հարցեր և ստանալ սպառիչ պատասխաններ,
- հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ` խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցել տեղամասային ընտրական հանձնաժողովների նիստերին,
- քվեարկության օրը ներկա գտնվել տեղամասային կենտրոնում,
- ներգրավվել հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբերում,
- ծանոթանալ ԸԸՀ-ում ստացված դիմումներին, բողոքներին, գրություններին, նամակներին և մյուս փաստաթղթերին,
- ծանոթանալ համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների կատարման գործընթացին,
- հրապարակավ ելույթներ ունենալ` միջոցառումների ժամանակ, զանգվածային լրատվության միջոցներով, հայտնելով ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման վերաբերյալ իր անձնական կարծիքը,
- հրավիրել մասնագետներ, ներկայացուցիչներ, քաղաքացիներ և գործով անհրաժեշտ այլ անձանց, ԸԸՀ-ում հարցերի նախապատրաստմանն աջակցելու նպատակով,
- ստանալ` ԿԸՀ-ի և ԸԸՀ-ի աշխատակազմից մասնագիտական, խորհրդատվական, տեխնիկական և այլ բնույթի օժանդակություն, ինչպես նաև իր լիազորություններն իրականացնելիս կատարված անհրաժեշտ ծախսումների փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով,
- օգնել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներին, նրանց առանձին անդամներին, ընտրությունների մասնակիցներին իրավաբանական, կազմակերպչական և մեթոդական խորհրդատվություններով:
ԿԵՏ 27
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը պարտավոր է`
1) կատարել հանձնաժողովի նախագահի կողմից` իր իրավասության սահմաններում, տրված հանձնարարականները,
2) մասնակցել ԸԸՀ-ի նիստերին` իր անվան դիմաց ստորագրել նիստերի գործավարության մատյանում,
3) հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող հարցերը ներկայացնել սույն կանոնակարգի 20 հոդվածով սահմանված կարգով,
4) ուսումնասիրել և ընթացքի տալ հանձնաժողովի նախագահի (նախագահի տեղակալի) կողմից իրեն հանձնարարված դիմում-բողոքներին, համադրել համապատասխան ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների հետ ընթացիկ աշխատանքները,
5) իր գործունեության ընթացքում պահպանել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված պարտականությունները:
ԿԵՏ 28
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը`
- ազատվում է զորահավաքներից և վարժական հավաքներից, իսկ համապետական ընտրությունների ժամանակահատվածում` նաև զորակոչից.
- համապետական ընտրությունների ժամանակ կարող է կալանավորվել, դատական կարգով վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԿԸՀ-ի համաձայնությամբ.
- իր գործունեության ընթացքում ազատվում է արտադրական կամ ծառայողական պարտականությունները կատարելուց:
ԿԵՏ 29
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամը համապետական ընտրությունների ժամանակ վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
ԿԵՏ 30
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամն իր լիազորություններն իրականացնում է մինչև նոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմավորումը:
ԿԵՏ 31
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցվում են, եթե ավարտվել է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ժամկետը:
ԿԵՏ 32
i
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են`
1) եթե նա կորցրել է իր ընտրական իրավունքը`
- կորցրել է ՀՀ քաղաքացիությունը,
- դատապարտվել է ազատազրկման,
- օրինական ուժի մեջ է մտնել նրան անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը,
2) մահացել է,
3) ԸԸՀ-ի նիստերից երեք անհարգելի բացակայության դեպքում հանձնաժողովի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ԸԸՀ-ի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունվել է որոշում,
4) իր դիմումի համաձայն,
5) զորակոչվել է:
Լիազորությունները վաղաժամկետ դադարեցված անդամի փոխարեն նրան նշանակված մարմինը սահմանված կարգով կատարում է նոր նշանակում:
(32-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 119-Ն որոշում)
ԳԼՈՒԽ 7
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ
ԿԵՏ 33
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքները ղեկավարող, հանձնաժողովը այլ մարմիններում, ատյաններում և իրավահարաբերություններում ներկայացնող պաշտոնատար անձն է:
ԿԵՏ 34
Հանձնաժողովի նախագահը հետևում է ՀՀ Ընտրական օրենսգրքի և սույն կանոնակարգի պահանջների պահպանմանը, հանձնաժողովի ընդունած որոշումների և իր կողմից տրված հանձնարարականների կատարմանը և ապահովում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը:
Նախագահը համակարգում է հանձնաժողովի անդամների, աշխատակազմի, տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքը և իր իրավասությունների սահմաններում նրանց տալիս աշխատանքային հանձնարարություններ:
ԿԵՏ 35
Հանձնաժողովի նախագահը`
- սահմանում է հանձնաժողովի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը.
- լուծում է հանձնաժողովի նիստերի աշխատանքի պլանավորման հարցերը.
- վարում է նիստը (սույն կանոնակարգին համապատասխան).
- ելույթների համար ձայն է տալիս ըստ հերթականության.
- զգուշացումներ անում կանոնակարգը խախտողներին, իսկ կրկնվելու դեպքում` զրկում խոսքից,
- ուղղում ելույթներում տեղ գտած փաստացի սխալները.
- ձայն տալիս հրավիրված անձանց և սահմանված կարգով նրանց զրկում խոսքից, խանգարողներին հեռացնում նիստերի դահլիճից.
- կազմակերպում և անցկացնում է քվեարկությունը, ամփոփում և հայտարարում քվեարկության տվյալներն ու արդյունքները.
- ստորագրում և հրապարակում է հանձնաժողովի որոշումները.
- հրավիրում արտահերթ նիստ.
- կազմակերպում է ընտրությունները նախապատրաստելու և անցկացնելու համար ֆինանսական միջոցների ստացումն ու տնօրինում այդ դրամական միջոցները.
- կազմավորում է հանձնաժողովի աշխատակազմը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում աշխատակիցներին.
- ստորագրում է հանձնաժողովի ելից փաստաթղթերը.
- լուծում է ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված հանձնաժողովի լիազորությունների իրականացումն ապահովող այլ հարցեր:
ԿԵՏ 36
Հանձնաժողովի նախագահը աշխատում է մշտական հիմունքներով` մինչև նոր հանձնաժողովի նախագահի ընտրությունը: Հանձնաժողովի նախագահը համապետական ընտրությունների ժամանակահատվածում վարձատրվում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի աշխատավարձի չափով, իսկ համապետական ընտրություններից դուրս ընկած ժամանակահատվածում` նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
ԿԵՏ 37
Հանձնաժողովի նախագահի հրաժարականի մասին դիմումը հանձնաժողովն ընդունում է ի գիտություն:
Եթե հանձնաժողովի նախագահի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի 38 հոդվածի 2-րդ կետում նախատեսված հիմքերով, հանձնաժողովի նախագահի տեղակալը եռօրյա ժամկետում հրավիրում է արտահերթ նիստ` նախագահի ընտրության համար:
ԿԵՏ 38
1. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի 2/3-ով ընդունված որոշմամբ:
2. Հանձնաժողովի նախագահը կարող է պաշտոնանկ արվել ընտրության օրվանից ոչ ուշ, քան չորս օր առաջ: Նույն նիստում կատարվում է հանձնաժողովի նախագահի նոր ընտրություն` ՀՀ ընտրական օրենսգրքով և սույն կանոնակարգով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 8
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԸ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ
ԿԵՏ 39
Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի բացակայության ժամանակ նրան փոխարինող պաշտոնատար անձն է:
Հանձնաժողովի նախագահի տեղակալը հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ իրականացնում է հանձնաժողովի նախագահին վերապահված լիազորությունների որոշակի մասը:
Հանձնաժողովի նախագահի տեղակալն աշխատում է մշտական հիմունքներով և վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
ԿԵՏ 40
Հանձնաժողովի նախագահի տեղակալն ապահովում է ընտրությունների վերաբերյալ ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, պաշտոնական գրությունների հետ տարվող աշխատանքը:
ԿԵՏ 41
Հանձնաժողովի քարտուղարը մշտական հիմունքներով աշխատող, հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքը ղեկավարող պաշտոնատար անձն է: Հանձնաժողովի քարտուղարը վարձատրվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
ԿԵՏ 42
Հանձնաժողովի քարտուղարը`
- նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,
- կազմում և ստորագրում է նիստերի օրակարգը,
- տեղեկացնում է հանձնաժողովի անդամներին օրակարգի հարցերի մասին,
- ապահովում է նիստերի հրապարակայնությունը, հրավիրված անձանց ներկայությունը,
- անհրաժեշտության դեպքում օրակարգի մասին տալիս է պարզաբանումներ,
- վերահսկում է նիստն սպասարկող աշխատակազմի աշխատանքը,
- վերահսկում է նիստերի արձանագրությունը,
- ստորագրում է նիստերի արձանագրությունը,
- ապահովում է հանձնաժողովի ընդունած որոշումների կատարումը,
- կազմակերպում և հետևում է, որ որոշումներն ուղարկվեն ըստ պատկանելության,
- հաստատում է սահմանված կարգով հավատարմագրված զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցանկը, տալիս է վկայականներ,
- ղեկավարում է հանձնաժողովի աշխատակազմի աշխատանքները,
- կազմակերպում է ընտրական փաստաթղթերի ստացման, պահպանման և հանձնման աշխատանքը:
ԿԵՏ 43
Հանձնաժողովի նախագահի տեղակալը և քարտուղարը պաշտոնանկ են արվում հանձնաժողովի նախագահի պաշտոնանկության համար սույն կանոնակարգով նախատեսված կարգով:
ԳԼՈՒԽ 9
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
ԿԵՏ 44
Օժանդակ աշխատանքների համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում ժամանակավոր հիմունքներով կարող է ստեղծվել աշխատակազմ` Ընտրական օրենսգրքի 39-րդ հոդվածով սահմանված կարգով: Աշխատակազմի աշխատակիցների վարձատրության դրույքաչափերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: