(ուժը կորցրել է 14.03.07 թիվ 52-Ն որոշում)
i
606.0004.180902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2002 թվականի N 11/4-Ն
i
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
Սահմանել համայնքներում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու կարգը (կցվում է):
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
սեպտեմբերի 4-ի թիվ 11/4-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ԵՎ ՎԱՐԵԼՈՒ
1. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքին և սույն կարգին համապատասխան:
2. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում` ըստ ընտրական տեղամասերի` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված ձևով: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր և հունիս ամիսներին:
3. Ընտրողների ցուցակները վերանայելուց առնվազն 30 օր, իսկ յուրաքանչյուր ընտրությունից 60 օր առաջ`
ա) ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայությունները համայնքի ղեկավարին են ներկայացնում ընտրողների ցուցակների վերջին վերանայումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ համայնքում հաշվառված և հաշվառումից դուրս եկած ընտրողների ցուցակը.
բ) զինկոմիսարիատները համապատասխան համայնքի ղեկավարին են ներկայացնում այն զինծառայողների ցուցակները, որոնք ժամկետային զինվորական ծառայության մեկնելիս կամ վարժական հավաքներում գտնվելիս չեն հանվել հաշվառումից.
գ) երևան քաղաքում «Բնակչության հատուկ սպասարկում» պետական ՓԲԸ-ն, իսկ մարզերում` համապատասխան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինները համայնքի ղեկավարին են ներկայացնում տվյալ համայնքում ընտրողների ցուցակների վերջին վերանայումից հետո ընկած ժամանակահատվածում տվյալ համայնքում հաշվառված մահացածների ցուցակը:
4. Համայնքի ղեկավարը նշված և այլ տեղեկատվություն ստանալուց հետո ընտրողների ցուցակներում կատարում է համապատասխան ուղղումներ, կազմում է ընտրողների ցուցակները ըստ տեղամասերի, և քվեարկության օրվանից 45 օր առաջ տրամադրում է ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայությանը, վերջինս 3 օրվա ընթացքում կատարում է ստուգում և ստորագրելով և կնքելով ցուցակների յուրաքանչյուր էջը, վերադարձնում է համայնքի ղեկավարին:
5. Համայնքի ղեկավարը, քվեարկության օրվանից 40 օր առաջ, ընտրողների ցուցակների յուրաքանչյուր էջն իր և ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայության կողմից ստորագրված և կնքված, տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին և ՆԳՆ համապատասխան ծառայությանը:
6. Ցուցակները տեղամասային կենտրոնում փակցվելուց հետո համայնքի ղեկավարը 5-օրյա պարբերականությամբ վերոհիշյալ կազմակերպություններից ստանալով նոր տեղեկություններ, քննարկում է ցուցակների անճշտությունների վերաբերյալ քաղաքացիներից, հանձնաժողովների անդամներից ստացված դիմումները և կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ստորագրվում և կնքվում են տվյալ համայնքի ղեկավարի և ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայության ղեկավարի կողմից, 8-օրյա պարբերականությամբ տեղամասային կենտրոնները տնօրինող հաստատության ղեկավարին (իսկ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմավորումից հետո` տեղամասային հանձնաժողովի նախագահին) է տրամադրում ընտրողների ցուցակներում ուղղումներ կատարելու մասին իր որոշումները, որոնք անհապաղ փակցվում են ընտրական տեղամասերում` ընտրողների ցուցակների մոտ:
7. Ընտրողների` ճշտված և վերանայված, ցուցակների յուրաքանչյուր էջն իր և ՆԳՆ համապատասխան անձնագրային ծառայության ղեկավարի կողմից ստորագրելուց և կնքելուց հետո, համայնքի ղեկավարը` ընտրություններից երկու օր առաջ, երկու օրինակ տալիս է տեղամասային ընտրական հանձնաժողովին և մեկ օրինակ` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին: