(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 17-Ն որոշում)
i
606.0003.180902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«18» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602187
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2002 թվականի N 11/3-Ն
i
ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 1999 թ. ապրիլի 6-ի արձ. 14 կետ 2 «Ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
սեպտեմբերի 4-ի թիվ 11/3-Ն որոշման
ԿԱՐԳ
1. Սույնով սահմանվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգով ստորագրված քվեաթերթիկների պահպանման և հատկացման կարգը:
2. Տեղամասային ընտրական հանձնաժողովը հաշվում է ստորագրված 100 քվեաթերթիկ և փաթեթավորում: Փաթեթի հանգույցը սոսնձվում և դրա վրա հանձնաժողովի ցանկացող անդամները ստորագրում են, այնուհետև ստորագրված քվեաթերթիկների փաթեթներն ու կնիքի փաթեթը տեղադրվում են քվեարկության սենյակում գտնվող չհրկիզվող (մետաղյա) պահարանում: Նշված գործողությունների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
3. Չհրկիզվող (մետաղյա) պահարանը փակվում, թղթով սոսնձվում է, սոսնձված թղթի վրա ստորագրում են հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և հանձնաժողովի ցանկացող անդամները:
4. Չհրկիզվող (մետաղյա) պահարանի պահպանումը հանձնաժողովի նախագահի կողմից հանձնվում է ՆԳ մարմինների աշխատակիցներին, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն` հանձնողի և ընդունողի միջև:
5. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն ստուգում է չհրկիզվող պահարանին սոսնձված թղթի ամբողջականությունը, հանձնաժողովի նախագահն այն ընդունում է ՆԳ աշխատակիցներին, որի մասին կազմվում է համապատասխան արձանագրություն:
6. Հանձնաժողովի նախագահը սահմանված կարգով բացում է չհրկիզվող պահարանը և քվեաթերթիկների հատկացման համար հանձնաժողովի պատասխանատու յուրաքանչյուր անդամի հանձնում է 100-ական քվեաթերթիկ` համապատասխան գրանցում կատարելով գործավարության մատյանում: Քվեաթերթիկների հատկացման համար պատասխանատու անդամին հանձնված քվեաթերթիկների սպառման դեպքում վերջինս դիմում է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին և ստանում քվեաթերթիկների նոր փաթեթ, որի մասին նույնպես գրանցում է կատարվում գործավարության մատյանում: