18.05.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
15 փետրվարի 2019 թվականի N 89-Ն
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի փետրվարի 15-ի
N 89-Ն որոշման
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացիներին բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի կիրառման իմաստով բացառիկ դեպքեր են համարվում`
1) 26 տարին լրացածքաղաքացուն մշակույթի և արվեստի բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախկինում տարկետում տրված լինելու և այդ բնագավառներում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշման համաձայն նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.
2) քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան սպորտի բնագավառում գործունեության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տարկետում տրված լինելու (որի վերջնաժամկետը համընկնում է քաղաքացու 26 տարին լրանալու հետ) և այդ բնագավառում քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն և որպես նշված տարկետման հիմք ընդունված պայմաններ չհանդիսացող նոր նշանակալի նվաճումներ ունենալու հանգամանքները.
2.1) զորակոչային տարիքի այլ պետության քաղաքացիություն ունեցող անձի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման 5-րդ կետում նախատեսված որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում` ներկայում կամ որևէ ժամանակահատվածում, ընդգրկված լինելու կամ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո միջազգային առաջնություններում հանդես գալու հանգամանքները.
3) գիտական աստիճան ունեցող քաղաքացուն կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում տրված լինելու և քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվելու հանգամանքները:
(2-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 661-Ն, 28.07.2021 թիվ 1214-Ն, 14.10.2021 թիվ 1684-Ն, 16.05.2024 թիվ 706-Ն / տարածվում է նաև մինչև սույն
որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա / որոշումներ)
3. Սույն կարգի համաձայն քաղաքացին պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` կրթության և գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառներում (այսուհետ` համապատասխան բնագավառներ) պետական լիազոր մարմնի ներկայացմամբ:
4. Պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հարցը քննարկվում է հայտարարված զորակոչի ընթացքում, բայց ոչ ուշ քան հայտարարված զորակոչի ավարտի օրվան նախորդող 30-րդ օրը համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարին ներկայացված`
1) պարտադիր զինվորական ծառայության ենթակա քաղաքացու դիմումի հիման վրա, կամ`
2) գիտության, կրթության, մշակույթի, արվեստի, սպորտի բնագավառների հեղինակավոր մասնագետների, պետական, քաղաքական և հասարակական գործիչների անհատական կամ կոլեկտիվ միջնորդությունների (այսուհետ` միջնորդություն) հիման վրա:
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված դիմումը կամ միջնորդությունը պետք է ներառեն քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու` սույն կարգի 2-րդ կետում սահմանված բացառիկ դեպքերի հիմնավորումները, իսկ եթե առկա են այդ հիմնավորումները հաստատող փաստաթղթեր, ապա դիմումին կամ միջնորդությանը կցվում են նաև այդ փաստաթղթերը, ընդ որում, միջնորդությանը պարտադիր կցվում է քաղաքացու գրավոր համաձայնությունը` իրեն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ: Դիմումը կամ միջնորդությունը կարող են ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ստացված դիմումը կամ միջնորդությունը սահմանված կարգով գրանցվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում, որի մասին 3-օրյա ժամկետում տեղեկացվում է դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց): Սույն կարգի 4-րդ կետում սահմանված ժամկետը լրանալուց հետո ներկայացված դիմումը կամ միջնորդությունը ենթակա չէ հետագա ընթացքավորման և մերժվում է` դրա մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)` նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու պատճառը:
6. Ստացված դիմումի կամ միջնորդության շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից կարող է առաջարկվել դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)` ներկայացնելու քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու` սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմաններին համապատասխանությունը հիմնավորող փաստաթղթեր: Համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնում ստացված դիմումը կամ միջնորդությունդ քննարկվում է դիմումը կամ միջնորդությունն ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, որի արդյունքներով համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից դիմումը կամ միջնորդությունը կարող է մերժվել` եթե քաղաքացին չի բավարարում սույն կարգի 2-րդ կետում սահմանված պայմանները, այդ մասին 3-օրյա ժամկետում գրավոր իրազեկելով դիմումատուին կամ միջնորդություն ներկայացրած անձին (անձանց)` նշելով նաև դիմումը (միջնորդությունը) մերժելու հիմքերը:
7. Ստացված դիմումի կամ միջնորդության քննարկման շրջանակներում համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմնի կողմից սույն կարգի 3-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ պաշտոնապես շրջանառության դնելու օրը որոշման նախագիծը տեղադրվում է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի քննարկումը (քվեարկությունը) իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ սահմանված կարգով: Քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան բնագավառներում պետական լիազոր մարմին, պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմին և դիմում կամ միջնորդություն ներկայացրած անձին: