(ուժը կորցրել է 19.07.05 թիվ 31-Ն որոշում)
i
606.0007.110902
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 09 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60602169
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
28 օգոստոսի 2002 թվականի N 10/7-Ն
i
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 27-րդ ենթակետով և 53-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Սահմանել տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել ԿԸՀ-ի 26.05.1999 թ. թիվ արձ. 26 կետ 4 «Տեղամասային ընտրական հանձնաժողովներում վիճակահանություններ անցկացնելու կարգի մասին» որոշումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2002 թվականի
օգոստոսի 28-ի թիվ 10/7-Ն որոշման
ԿԱՐԳ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Քվեարկության նախորդ օրը տեղամասային ընտրական հանձնաժողովն իր նիստում կատարում է վիճակահանություն և որոշում քվեաթերթիկներն ստորագրող հանձնաժողովի երեք անդամներին: Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ` 3-ի վրա կատարելով որևիցե նշում, դրանք քառապատիկ ծալում և գցում է վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
2. Քվեարկության օրը ժամը 700-ին տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստում կատարվում է վիճակահանություններ և որոշվում են` քաղաքացիների գրանցումն իրականացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկներ հատկացնող (յուրաքանչյուր 1000 ընտրողին մեկական անդամ), քվեաթերթիկները կնքող և քվեատուփի համար պատասխանատու հանձնաժողովի անդամներին:
Հանձնաժողովի նախագահը վիճակահանությանը մասնակցող հանձնաժողովի անդամների թվին համապատասխան պատրաստում է վիճակահանության թերթիկներ, որոնցում նշվում է`
ա) «քաղաքացիների գրանցումը իրականացնող» /2 հատ/
բ) «քվեաթերթիկներ հատկացնող» /2 հատ/
գ) «քվեաթերթիկներ կնքող» /1 հատ/
դ) «քվեատուփի համար պատասխանատու» /1 հատ/:
Վիճակահանության թերթիկները քառապատիկ ծալվում և գցվում են վիճակահանության համար նախատեսված արկղի մեջ: Հանձնաժողովի անդամների կողմից թերթիկները հանելուց հետո վիճակահանության արդյունքների մասին գործավարության մատյանում կազմվում է արձանագրություն:
3. Քվեարկության օրը տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատանքային հերթափոխը կատարվում է 3-ժամյա հաճախականությամբ` հանձնաժողովի նախագահի կողմից:
4. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալն ու քարտուղարը վիճակահանության չեն մասնակցում: Նրանք կարող են փոխարինել հանձնաժողովի մյուս անդամներին նրանց ժամանակավոր բացակայության ընթացքում: