Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵ ...

26.06.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2002  -ից մինչեւ   26.06.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 22.05.08 թիվ 567-Ն որոշում)

i

040.1246.280802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1246-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ու «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարությունը վերակազմակերպելու մասին» N 1057-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Սփյուռքի հետ կապերի գործադիր քարտուղարություն ստեղծելու մասին» N 342 որոշումը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1246-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սփյուռքի հետ կապերի գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը վերապահված` Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմանի կապերի հաստատմանը, համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործառույթներ` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

3. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Գործակալությունն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն ու այլ օտար լեզվով անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և այլ անհատականացման միջոցներ:

 

2. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Գործակալության հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի և սփյուռքի միջև բազմակողմանի կապերի հաստատմանը, համագործակցության զարգացմանն ու խորացմանն աջակցելը.

բ) սփյուռքի քաղաքական, բարեգործական, հայրենակցական, գիտական, մշակութային, կրոնական կազմակերպությունների, ինչպես նաև անհատների հետ համագործակցության իրականացումը` անկախ գաղափարական համոզմունքներից և կրոնական դավանանքից.

գ) հայ եկեղեցու հետ համագործակցության իրականացումը.

դ) հայ ժողովրդի երկու հատվածի միջև համազգային փոխըմբռնման, փոխվստահության, միասնության և համախմբվածության մթնոլորտ ստեղծելու, համահայկական խնդիրների շուրջ բազմակողմանի համագործակցություն ապահովելու նպատակով աշխատանքների կատարումը, սփյուռքի հայկական համայնքների միջև միջհամայնքային կապերի հաստատմանն օժանդակելն ու սփյուռքի համայնքային կազմակերպման նախաձեռնություններին աջակցելը.

ե) համահայկական քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական խորհրդաժողովների, համաժողովների, հավաքների, ինչպես նաև այլ բնույթի միջոցառումների ու հավաքների կազմակերպումը:

7. Իր հիմնական խնդիրներին համապատասխան` գործակալությունը`

ա) նպաստում է Հայաստանի և սփյուռքի հասարակական-քաղաքական կազմակերպությունների սերտ համագործակցությանը` համազգային խնդիրների քննարկման և լուծման ասպարեզում.

բ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի ուղղությամբ կատարվող աշխատանքներին, ամփոփում ու վերլուծում է դրանք և նախապատրաստում անհրաժեշտ երաշխավորություններ: Այդ աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվում են աշխատանքային մասնագիտական խմբեր` Հայաստանի և սփյուռքի ներկայացուցիչների մասնակցությամբ.

գ) համագործակցում է սփյուռքի այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք աշխատանքներ են իրականացնում Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների լուծման, միջազգային ասպարեզում Հայաստանի դիվանագիտական դիրքերի ու հեղինակության ամրապնդման ուղղությամբ.

դ) նպաստում է քաղաքական քարոզչության ուղղությամբ սփյուռքի կողմից իրականացվող աշխատանքների կազմակերպմանը` առավելագույնս օգտագործելով առկա հնարավորությունները.

ե) քաղաքական համագործակցության ակտիվացման ու քաղաքական քարոզչության աշխատանքներն արդյունավետ դարձնելու և համակարգելու նպատակով պարբերաբար կազմակերպում է քննարկումներ, խորհրդակցական հանդիպումներ` Հայաստանի ու սփյուռքի համապատասխան կառույցների և անհատների մասնակցությամբ.

զ) համակողմանի աջակցություն է ցուցաբերում այն կազմակերպություններին ու անհատներին, որոնք զբաղվում են օտարերկրյա պետությունների օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ հայանպաստ աշխատանքների իրականացմամբ.

է) կապեր է հաստատում ու զարգացնում սփյուռքի մշակութային միությունների և այլ հաստատությունների` արվեստի, գիտության ու գրականության գործիչների հետ, անհրաժեշտ օգնություն է ցույց տալիս սփյուռքի մշակութային նախաձեռնությունների իրականացմանը.

ը) սփյուռքում և Հայաստանում կազմակերպում է մշակութային հավաքներ, գիտաժողովներ, փառատոներ և այլ համատեղ միջոցառումներ: Սփյուռքահայ երիտասարդներին մասնակից է դարձնում Հայաստանի պատմամշակութային հուշարձանների վերանորոգման աշխատանքների և այլ մշակութային նախաձեռնությունների իրականացմանը.

թ) օժանդակում է սփյուռքի մշակութային կենտրոնների և հաստատությունների ստեղծմանը, հայրենիքի ու սփյուռքի համապատասխան հաստատությունների միջև երկարաժամկետ համագործակցության ծրագրերի մշակմանը.

ժ) կազմում է սփյուռքում գործող յուրաքանչյուր կրթական և մշակութային հաստատության վերաբերյալ տեղեկատվական փաթեթ.

ժա) նպաստում է սփյուռքի կրթական զարգացման ծրագրերի իրականացմանը, ինչպես նաև համահայկական կրթական միջավայրի ստեղծման ծրագրի մշակմանը.

ժբ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի գիտական կապերի ու դրանց միջոցով միջազգային գիտական կապերի զարգացմանը: Նպաստում է Հայաստանի և սփյուռքի գիտական կազմակերպությունների և գիտնականների համագործակցությանը.

ժգ) նախատեսում է, Հայաստանի համապատասխան կառույցների և սփյուռքի մասնագետների մասնակցությամբ, արդի պահանջներին համապատասխան հայեցի դաստիարակության անհրաժեշտ ծրագրերի ու դասագրքերի պատրաստումը և հրատարակումը: Կազմակերպում է դասավանդողների վերապատրաստման դասընթացներ.

ժդ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի մասնագետների ընդգրկմամբ աշխատանքային խմբի ստեղծմանը` կրթական համակարգի բարելավման, համագործակցության խորացման, արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցման հնարավորությունների քննարկման, դրանց միասնական ուղղագրության վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստման համար.

ժե) նպաստում է Հայաստանի և սփյուռքի միջև զբոսաշրջության զարգացման ուղղությամբ համապատասխան կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքներին.

ժզ) աջակցում է Հայաստանի և սփյուռքի տեղեկատվական միջոցների միջև բազմակողմանի համագործակցության ծավալմանը, նպաստում համահայկական տեղեկատվական դաշտի ստեղծմանը: Աշխատանքներ է իրականացնում համահայկական հեռուստաալիքի ստեղծման համար.

ժէ) Հայաստանի Հանրապետության և համապատասխան օտարերկրյա պետության օրենսդրությամբ չարգելված ձևով ձեռք է բերում յուրաքանչյուր երկրի հայկական համայնքի մասին լիարժեք, ամբողջական (պատմական, քանակական, քաղաքական, կրթամշակութային, հոգևոր, գիտական, տնտեսական և այլն) տեղեկություններ և դրանց հիման վրա ստեղծում հայ գաղթօջախների մասին համապարփակ բովանդակային տեղեկատվական բանկ.

ժը) նախապատրաստում և հրատարակում է սփյուռքի հայկական կազմակերպությունների մասին համապարփակ տեղեկատու, աշխատանքներ իրականացնում համանման մասնագիտական տեղեկատուների պատրաստման և հրատարակման համար.

ժթ) միջազգային ասպարեզում տեղեկատվական աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, սփյուռքի տեղեկատվական հնարավորություններն առավել նպատակային օգտագործելու համար ձեռնարկում է համապատասխան միջոցներ, սփյուռքի տեղեկատվական միջոցներին տրամադրում անհրաժեշտ երաշխավորական նյութեր ու տեղեկանքներ.

ի) պարբերաբար ուսումնասիրում է սփյուռքի տեղեկատվական միջոցների հրապարակումները, պատրաստում վերլուծական տեղեկագրեր և դրանք տրամադրում համապատասխան կազմակերպություններին.

իա) հայկական համայնքների միջոցով հավաքում և ուսումնասիրում է օտարերկրյա պետություններում հայերի ու Հայաստանի մասին հրապարակումները, ստեղծում հայագիտական հրապարակումների տեղեկատվական բանկ.

իբ) աջակցում է Հայաստանի տնտեսական վերականգնման գործին` հայ համայնքների ակտիվ մասնակցությամբ.

իգ) հայկական համայնքներին է տրամադրում Հայաստանի տնտեսության մասին անհրաժեշտ տեղեկություններ` տնտեսության վերականգնմանը նպաստող առանձին բիզնես ծրագրերի իրականացմանը մասնակից դարձնելու, ինչպես նաև օտարերկրյա ներդրողներին ներկայացնելու և երաշխավորելու համար.

իդ) զբաղվում է հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների, խնդիրների և զարգացման հեռանկարների ուսումնասիրությամբ.

իե) ուսումնասիրում և վերլուծում է սփյուռքում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական, էթնիկական-մշակութային, ժողովրդագրական գործընթացների զարգացման ընթացքը, մշակում և իրականացնում այդ գործընթացներին համարժեք կոնկրետ ծրագրեր.

իզ) հաշվի առնելով հայկական համայնքների առանձնահատկությունները` կազմում է սփյուռքի ազգագրական քարտեզը` ճշգրտելով յուրաքանչյուր գաղթօջախի ազգային ավանդույթների, նկարագրի, ինքնության պահպանման ու զարգացման գործնական քայլերի առաջնահերթությունները, ստեղծելով ազգային ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ և միջավայր:

 

3. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

8. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար): Գործակալության ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

9. Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նախարարության գլխավոր քարտուղարին:

11. Գործակալության ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

12. Գործակալության պետը`

ա) կազմակերպում և ղեկավարում է գործակալության գործունեությունն ու պատասխանատու է գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում նախարարին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) ներկայացնում է գործակալությունը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.

ե) նախարարին ներկայացնում է առաջարկություն գործակալության դիվանագիտական ծառայողների նկատմամբ խրախուսանքի միջոցներ և կարգապահական տույժեր կիրառելու վերաբերյալ.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

է) սահմանում է գործակալության ղեկավարի տեղակալի և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

ժ) վերահսկողություն է իրականացնում գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժբ) սույն կանոնադրությամբ սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով անմիջականորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժգ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ կամ, դրա անհնարինության դեպքում` նախարարի անմիջական հանձնարարությամբ, գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Գործակալության դիվանագիտական ծառայության պաշտոններում նշանակումները և պաշտոններից ազատումները, ինչպես նաև աշխատողների աշխատանքային գործունեությունն իրականացվում է «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների այն աշխատողները, ովքեր դիվանագետ չեն հանդիսանում, աշխատանքի ընդունվում և աշխատանքից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

16. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1246-Ն որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

Ամերիկայի երկրների հայ համայնքների բաժին

 

Եվրոպայի երկրների, Ռուսաստանի Դաշնության և ԱՊՀ անդամ այլ երկրների հայ

համայնքների բաժին
Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հայ համայնքների բաժին

 

Վերլուծական-տեղեկատվական, կրթության և մշակույթի բաժին

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1246-Ն
Որոշում