Սեղմել Esc փակելու համար:
ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

08.08.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ԲԴԽ-13-Ո-23 2018 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ

 

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 58-րդ հոդվածի 9-րդ մասով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետով` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ է

 

1. Սահմանել դատավորին արձակուրդ տրամադրելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ

    ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ                        Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2018 թ. հունիսի 4

ք. Երևան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական խորհրդի

2018 թ. հունիսի 4-ի

թիվ ԲԴԽ-13-Ո-23 որոշման

 

ԿԱՐԳ

ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ` Սահմանադրություն) ամրագրված և երաշխավորված է անձի հանգստի և արձակուրդի իրավունքը: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (այսուհետ` Օրենսգիրք), ի թիվս Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով կարգավորված հարաբերությունների, կարգավորվել է դատավորի արձակուրդի վերաբերյալ որոշ հարաբերություններ` դատավորին արձակուրդ տրամադրելու մանրամասների վերաբերյալ կարգի սահմանումը թողնելով Խորհրդին:

Խորհուրդն արձանագրում է, որ դատավորը պետք է գործնականում հնարավորություն ունենա օրենսդրությամբ իրեն հատկացված ազատ ժամանակն օգտագործել իր հայեցողությամբ և ազատ լինել աշխատանքային պարտականությունների կատարումից: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ դատավորները արձակուրդի իրենց իրավունքից պետք է օգտվեն բարեխղճորեն` հաշվի առնելով դատարանի բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ արձակուրդի մեկնող դատավորի անուն-ազգանունը Օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն` հանվում է գործերի բաշխման ցանկից:

Հետևաբար, Խորհուրդը հիմք ընդունելով դատավորին արձակուրդի տրամադրման մանրամասները սահմանելու` Օրենսգրքով իրեն վերապահված լիազորությունը և վերը նշված իրավական ակտերով ամրագրված և երաշխավորված դատավորի (անձի) հանգստի և արձակուրդի սահմանադրական իրավունքը` սահմանում է սույն կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1 Օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն` դատավորն ունի ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տևողությամբ, որը կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով:

1.2 Օրենսգրքի 58-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով` դատարանի նախագահը դատավորին կարող է տրամադրել չվճարվող արձակուրդ` տարեկան հանրագումարային մինչև 20 աշխատանքային օր տևողությամբ, իսկ ավելի երկար ժամկետով` Խորհրդի համաձայնությամբ:

1.3 Օրենսգրքի 58-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով դատավորն ունի մինչև 30 աշխատանքային օր տևողությամբ չվճարվող արձակուրդի իրավունք:

1.4 Դատավորն ունի նաև օրենքով սահմանված այլ արձակուրդի իրավունք:

1.5 Ամենամյա հերթական արձակուրդի ընթացքում պահպանվում է դատավորի պաշտոնը և վճարվում է միջին աշխատավարձը:

1.6 Դատավորին ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության ապահովումը:

 

2. ԴԱՏԱՎՈՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ

 

2.1 Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում: Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի 6 (վեց) ամիսը լրանալուց հետո: Դատավորի և տվյալ դատարանի նախագահի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև դատավորի` տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա հերթական արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան:

(2.1-ին կետը փոփ. 07.08.2023 ԲԴԽ-75-Ո-228 որոշում)

2.2 Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ և կատարվում է համապատասխան հրամանով: Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար դատավորին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ տրամադրվել առանձին:

2.3 Դատավորները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը, իսկ դատական կազմերը մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը դատարանի նախագահին գրավոր ներկայացնում են իրենց համար նախընտրելի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը: Դատական կազմի դատավորն իր համար նախընտրելի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածի ընտրությունը կատարելիս նկատի է ունենում դատական կազմի մյուս դատավորների համար ամենամյա արձակուրդի նախընտրելի ժամանակահատվածը:

(2.3-րդ կետը փոփ. 03.12.2018 ԲԴԽ-53-Ո-150 որոշում)

2.4 Խորհրդի անդամ դատավորի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածի ընտրությունը համաձայնեցվում է Խորհրդի նախագահի հետ` մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 25-ը:

2.5 Դատավորների ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման նպատակով դատարաններում կազմվում է ամենամյա հերթական արձակուրդի ժամանակացույց (այսուհետ` ժամանակացույց), որը մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը, իսկ դատական կազմերի դեպքում մինչև հաջորդ տարվա հունվարի 20-ը հաստատվում է դատարանի նախագահի կողմից:

(2.5-րդ կետը փոփ. 03.12.2018 ԲԴԽ-53-Ո-150 որոշում)

2.6 ժամանակացույցին համապատասխան արձակուրդը տրամադրվում է դատարանի նախագահի կամ նրան փոխարինող անձի կողմից:

2.7 Ամենամյա հերթական արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, բայց ոչ ավելի, քան երեք մասով: Ամենամյա հերթական արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա հերթական արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի ոչ պակաս, քան 10 (տասը) աշխատանքային օր:

2.8 ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում դատավորին արձակուրդ կարող է տրամադրվել, եթե այն չի խոչընդոտում դատարանի բնականոն գործունեության իրականացմանը:

2.9 ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու և դրա պատճառների մասին դատարանի նախագահը եռօրյա ժամկետում գրավոր կարգով իրազեկում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովին:

2.10 ժամանակացույցը հաստատվելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում այն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու նպատակով: ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ տրամադրելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ևս ենթակա է հրապարակման:

2.11 Արձակուրդ տրամադրելու հրամանների պատճենները դատարանի աշխատակազմի ղեկավարը եռօրյա ժամկետում ուղարկում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին` դատավորների անձնական գործերին կցելու նպատակով:

 

3. ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ԴԱՏԱՎՈՐԻՆ ՀԵՏ ԿԱՆՉԵԼԸ

 

3.1 Ամենամյա հերթական արձակուրդից դատավորին հետ կանչելը թույլատրվում է բացառիկ դեպքերում` դատավորի համաձայնությամբ և դատարանի նախագահի համապատասխան հրամանով: Ամենամյա հերթական արձակուրդից հետ կանչելու դեպքերի և պատճառների վերաբերյալ դատարանի նախագահը գրավոր տեղեկացնում է Խորհրդին:

3.2 Ամենամյա հերթական արձակուրդից հետ կանչելը պետք է պայմանավորված լինի դատարանի բնականոն գործունեության ապահովման խիստ անհրաժեշտությամբ:

3.3 Եթե ամենամյա հերթական արձակուրդից հետ կանչելու պատճառներն առաջացել են մինչև ամենամյա հերթական արձակուրդը սկսվելը, ապա ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

3.4 Ամենամյա հերթական արձակուրդից հետ կանչելու դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

4. ԱՆՁՆԱԿԱՆ ԿԱՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԿԱՄ ԳԻՏԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱՏԱՎՈՐԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

4.1 Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով կամ գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով արձակուրդի տրամադրման համար դատավորը դատարանի նախագահին գրավոր դիմումը ներկայացնում է ամենամյա հերթական արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը ներկայացնելու հետ միաժամանակ (նախապես հայտնի լինելու դեպքում) կամ նման հանգամանքների մասին հայտնի դառնալու պահից անհապաղ:

4.2 Արձակուրդի տրամադրման դիմումը պետք է լինի պատճառաբանված և բովանդակի արձակուրդի տրամադրման հիմք հանդիսացող անձնական կամ ընտանեկան հանգամանքների կամ գիտական ատենախոսություն պաշտպանելու ստույգ ժամանակահատվածի մասին տեղեկատվություն:

4.3 Անձնական կամ ընտանեկան, ինչպես նաև գիտական ատենախոսություն պաշտպանելու հանգամանքների առկայությունը և դրանցով պայմանավորված արձակուրդի տրամադրման անհրաժեշտությունը գնահատում է դատարանի նախագահը և դիմումի ուսումնասիրության արդյունքում բավարարում կամ մերժում է արձակուրդի տրամադրումը:

4.4 Անձնական կամ ընտանեկան հանգամանքների առկայության հիմքով տարեկան հանրագումարային 20 աշխատանքային օր տևողությունից ավելի երկար ժամկետով դատավորի` արձակուրդ տրամադրելու դիմումը դատարանի նախագահի կողմից հիմնավոր գնահատվելու դեպքում դատարանի նախագահը դիմում է Խորհրդին` անհրաժեշտ համաձայնությունը ստանալու նպատակով:

4.5 Խորհրդի համաձայնությունը չստացվելու դեպքում դատավորի` անձնական կամ ընտանեկան հանգամանքների առկայության հիմքով տարեկան հանրագումարային 20 աշխատանքային օր տևողությունից ավելի երկար ժամկետով արձակուրդ տրամադրելու դիմումը համարվում է մերժված:

4.6 Անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, գիտական ատենախոսություն պաշտպանելու, ինչպես նաև օրենքով սահմանված այլ արձակուրդի տրամադրման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է հրապարակման դատական իշխանության պաշտոնական կայքում:

 

5. ԽՈՐՀՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԸ

 

5.1 Օրենսգրքի 58-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերը լուծում է Խորհուրդը:

5.2 Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճեր կարող են հանդիսանալ դատավորի համար արձակուրդի նախընտրելի ժամանակահատվածը ժամանակացույցում չներառելը, հաստատված ժամանակացույցին համապատասխան արձակուրդ չտրամադրելը, հաստատված ժամանակացույցին չհամապատասխանող ժամանակահատվածում արձակուրդ չտրամադրելը, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, գիտական ատենախոսություն պաշտպանելու նպատակով, ինչպես նաև օրենքով սահմանված արձակուրդ չտրամադրելը կամ դատավորի կողմից պահանջվող տևողությամբ չտրամադրելը, ինչպես նաև ցանկացած այլ անհամաձայնություն, որը կարող է ծագել դատավորին արձակուրդ տրամադրելու կապակցությամբ:

5.3 Արձակուրդի տրամադրման հետ կապված վեճերի լուծման հարցով Խորհրդին կարող են դիմել դատարանի նախագահը և արձակուրդ ակնկալող դատավորը:

5.4 Խորհրդի որոշումը հիմք է ժամանակացույցում փոփոխություն կամ լրացում կատարելու համար:

 

6. ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

 

6.1. Ժամանակացույցը կազմվում է երկու օրինակից, որից մեկ օրինակը պահվում է տվյալ դատարանի աշխատակազմում, մյուս օրինակը` Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում:

6.2 ժամանակացույցն առնվազն պետք է ներառի`

ա) դատարանի (նստավայրի) անվանումը,

բ) դատավորի անունը, ազգանունը,

գ) այն ժամանակահատվածը, որի համար տրամադրվում է արձակուրդը,

դ) արձակուրդի տևողության ժամանակահատվածը:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
04.06.2018
N ԲԴԽ-13-Ո23
Որոշում