18.12.2020 -
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 սեպտեմբերի 2019 թվականի N 487-Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել`
1) Հանրային հատվածի հաշվապահի որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) Հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայականի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
i
3. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 115-Ն որոշմամբ սահմանված` հանրային հատվածի կազմակերպությունների գլխավոր հաշվապահները սույն հրամանով հաստատված կարգի համաձայն պետք է որակավորվեն մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: ↩
(3-րդ կետը փոփ. 08.12.20 թիվ 386-Ն հրաման)
Ա. Ջանջուղազյան
Հավելված N 1
ՀՀ ֆինանսների նախարարի
2019 թ. սեպտեմբերի 3-ի
թիվ 487-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` հանրային հատվածի կազմակերպություններում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժեշտ` հանրային հատվածի հաշվապահի (այսուհետ` հաշվապահ) որակավորման գործընթացը:
2. Հաշվապահի որակավորումն իրականացվում է հաշվապահի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմորդ) որակավորման քննությունների արդյունքների հիման վրա:
3. Դիմորդների որակավորման քննությունների (այսուհետ` քննություն) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի (այսուհետ` նախարար) կողմից ստեղծվում է հաշվապահի որակավորման հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
Հանձնաժողովն իր պարտականությունների կատարումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության այն կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ` համապատասխան ստորաբաժանում) հետ, որի վրա դրված է այդ պարտականությունը:
4. Քննությանը կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր`
ա) ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
բ) ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
գ) ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
դ) դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանրային հատվածի կազմակերպությունում զբաղեցնում են հաշվապահական ծառայության ղեկավարի պաշտոն:
Սույն կարգի կիրառման նպատակով, մասնագիտական աշխատանքներ են համարվում հաշվապահական հաշվառման, ֆինանսական, հարկային, աուդիտորական, տնտեսագիտական բնույթի, ինչպես նաև նշված բնագավառներում մեթոդաբանի, փորձագետի, վերահսկիչի, խորհրդատուի, գիտական աշխատողի, դասախոսի, մասնագետի աշխատանքները:
5. Քննությանը մասնակցելու համար դիմորդն առձեռն կամ փոստով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքի միջոցով էլեկտրոնային եղանակով ներկայացնում է`
ա) դիմում, որի ձևը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում.
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
գ) կրթության մասին դիպլոմի կամ ատեստատի պատճենը.
դ) մասնագիտական աշխատանքի փորձը հավաստող փաստաթուղթը.
ե) երկու լուսանկար` 3x4 չափսի.
զ) պետական տուրքի վճարման անդորրագիրը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը (այսուհետ` տուրքի վճարման անդորրագիր):
6. Դիմումներն ուսումնասիրվում են համապատասխան ստորաբաժանման կողմից: Եթե դիմորդը սույն կարգով պահանջվող փաստաթղթերը ներկայացրել է ոչ ամբողջությամբ կամ թերի, համապատասխան ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դիմորդին առաջարկում է երեք աշխատանքային օրվա ընթացքում համալրել պահանջվող փաստաթղթերի ցանկը կամ շտկել փաստաթղթերը: Եթե սահմանված ժամկետում դիմորդի կողմից ներկայացված փաստաթղթերի ցանկը չի համալրվում կամ շտկվում, ներկայացված դիմումը մերժվում է, և այդ մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին` դիմորդի կողմից փաստաթղթերի ցանկը համալրելու ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Դիմորդի` սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է դիմորդին դիմումը ներկայացվելու օրվանից ոչ ուշ, քան տասը աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով դիմումի մերժման հիմքերը: Փաստաթղթերի ներկայացման ժամանակ տուրքի վճարման անդորրագիրը չներկայացնելը հիմք չի հանդիսանում դիմումը մերժելու համար, սակայն դիմորդը պարտավոր է տուրքի վճարման անդորրագիրը ներկայացնել մինչև քննության սկիզբը:
7. Քննություններն անցկացվում են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ, եթե ստացվել է առնվազն մեկ դիմում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդները` հանձնաժողովի նախագահի գրությամբ, իսկ հանձնաժողովի անդամները` սույն կարգի 3-րդ կետով սահմանված համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից էլեկտրոնային համակարգի (Mulberry) միջոցով տեղեկացվում են քննությունից առնվազն յոթ աշխատանքային օր առաջ:
8. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Անձը հաստատող փաստաթուղթ չունեցող կամ տուրքի վճարման անդորրագիր չներկայացրած, ինչպես նաև մինչև քննության սկիզբը չներկայացած դիմորդը համարվում է չներկայացած և չի մասնակցում տվյալ օրվա քննությանը:
9. Քննությունն անցկացվում է համակարգչային ծրագրի միջոցով պատահական ընտրված թեստերից կազմված հարցաթերթիկներով` հաշվի առնելով սույն կետով սահմանված համամասնությունները:
Հարցաթերթիկում ներառվում են 75 թեստային հարցեր` հետևյալ համամասնություններով`
ա) ՀՀ հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտ` 30 հարց,
բ) ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլան` 15 հարց,
գ) Հայաստանի Հանրապետությունում հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրություն` 10 հարց,
դ) Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր` 10 հարց,
ե) իրավիճակային խնդիրներ` 10 հարց:
10. Որակավորման քննության ծրագիրը և հարցաթերթիկում ներառվող հարցերի ցանկը հաստատվում են նախարարի հրամանով և տեղադրվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում:
11. Հարցաթերթիկները կազմվում են քննության օրը` համակարգչային ծրագրի միջոցով, պատահական ընտրության սկզբունքով: Քննությունն անցկացնելու նպատակով համակարգչային ծրագրի միջոցով յուրաքանչյուր դիմորդի համար ձևավորվում է առանձին հարցաթերթիկ:
Համակարգչային ծրագիրն ամփոփում է քննության արդյունքները` ըստ յուրաքանչյուր դիմորդի վաստակած միավորների քանակի` յուրաքանչյուր ճիշտ պատասխանը գնահատելով մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը` զրո միավոր:
12. Մինչև քննության սկիզբը հայտարարելը հանձնաժողովի քարտուղարը մասնակիցներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հանձնաժողովի քարտուղարի կողմից քննության սկիզբ հայտարարելու պահը:
13. Քննության տևողությունը սահմանվում է երկու ժամ: Քննության հարցերին պատասխանելու համար սույն կետով սահմանված ժամանակը լրանալուց հետո հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը հայտարարում են սահմանված ժամանակն ավարտված լինելու մասին, որից հետո դիմորդը պարտավոր է ավարտել աշխատանքը:
14. Քննությունների ընթացքում մասնակցին չի թույլատրվում երկխոսության մեջ մտնել մյուս մասնակիցների հետ, օգտվել համացանցից, հեռահաղորդակցության միջոցներից, այլ էլեկտրոնային սարքավորումներից (բացառությամբ հանձնաժողովի կողմից տրամադրված հաշվիչ մեքենաներից) ու ծածկաթերթիկներից:
15. Սույն կարգի 14-րդ կետի պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում մասնակիցը դուրս է հրավիրվում քննասենյակից (դրա մասին կազմվում է արձանագրություն, որի մեկ օրինակը, մասնակցի ցանկությամբ, տրվում է իրեն):
16. Քննության ընթացքում մասնակիցը կարող է քննասենյակից դուրս գալ հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ: Մասնակցի` քննասենյակ վերադառնալու և քննությունը շարունակելու պայմանով դուրս գալու դեպքում նրան պետք է ուղեկցի հանձնաժողովի անդամներից մեկը` սույն կարգի պահանջների խախտումը կանխելու նպատակով:
17. Քննության արդյունքները գնահատվում են 75 միավորի սահմաններում: Սխալ պատասխաններ են համարվում թեստերում ոչ ճիշտ պատասխան նշելը, մեկից ավելի պատասխան նշելը, ինչպես նաև որևէ պատասխան չնշելը:
18. Քննության արդյունքում որակավորված է համարվում այն մասնակիցը, որը քննություն հանձնելու արդյունքում հավաքել է առնվազն 55 միավոր:
19. Հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հիման վրա, հաշվի առնելով սույն կարգի 18-րդ կետի պահանջները, քննությանը հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում է նախարարին: Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ: Մասնակցին որակավորման տրամադրումը մերժվում է սույն կարգի 18-րդ կետով սահմանված միավորը չհավաքելու դեպքում:
20. Որակավորված մասնակցին տրվում է հանրային հատվածի հաշվապահի որակավորման վկայական (այսուհետ` վկայական): Վկայականը տալիս է հանձնաժողովի քարտուղարը` որակավորում շնորհելու մասին հրամանի ընդունման օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում:
21. Վկայականը տրվում է 5 տարի ժամկետով:
i
22. Դիմորդի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տրամադրելուց հետո, ապա դրա մասին անհրաժեշտ է գրավոր տեղյակ պահել հանձնաժողովին: Եթե փաստերն այնպիսին են, որ դրանք դիմում ներկայացնելու ժամանակ հանձնաժողովին հայտնի լինելու դեպքում դիմորդին չէր թույլատրվի մասնակցել քննությանը, ապա հանձնաժողովը 10-օրյա ժամկետում կազմում է վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին եզրակացություն և ներկայացնում է նախարարին: Նախարարը ներկայացված եզրակացության հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցի որակավորման վկայականն ուժը կորցրած ճանաչելու մասին հրաման` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Ընդ որում, նախարարը կաշկանդված չէ հանձնաժողովի եզրակացությամբ:
23. Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել նախարարին` ներկայացնելով գրավոր դիմում քննության արդյունքները հայտնելու (հրապարակելու) օրվանից 23 աշխատանքային օրվա ընթացքում: Նախարարը բողոքարկման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո` տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում, բողոքարկող մասնակցին տեղեկացնում է բողոքարկման արդյունքների վերաբերյալ: Մասնակցի կողմից քննության արդյունքները կարող են բողոքարկվել նաև դատական կարգով:
24. Վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում որակավորված հաշվապահը կարող է դրա մասին տալ հայտարարություն` զանգվածային լրատվության միջոցով և կորցրած վկայականի կրկնօրինակն ստանալու համար դիմել հանձնաժողովին: Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, վկայականի կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված հաշվապահը դիմումի հետ միասին հանձնաժողովին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը: Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված հաշվապահին է տրամադրվում «Կրկնօրինակ» նշագրմամբ նոր վկայական` սույն կետում նշված փաստաթղթերը, ինչպես նաև օրենքով սահմանված չափով պետական տուրքի գումարի վճարումը հաստատող փաստաթուղթը ներկայացվելուց հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում:
i
25. Հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների հաշվառման նպատակով համապատասխան ստորաբաժանումը վարում է գրանցամատյան` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 844-Ն հրամանով սահմանված կարգով:
26. Հայաստանի Հանրապետությունում հաշվապահի որակավորման վկայական ունեցող անձանց ցանկը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում` վկայականի տրամադրմանը հաջորդող տասը աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N 2
ՀՀ ֆինանսների նախարարի
2019 թ. սեպտեմբերի 3-ի
թիվ 487-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ՀԱՇՎԱՊԱՀԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ՎԿԱՅԱԿԱՆ N _______
|
Կ.Տ. |
_______________________________________ (հաշվապահի անունը, հայրանունը, ազգանունը) |
Վկայականն ուժի մեջ է մինչև 20XX թ. _______________ -ը ներառյալ:
_________________________________________________________________
(հաշվապահի քաղաքացիությունը, անձը հաստատող փաստաթղթի համարը)
Հանձնաժողովի նախագահ |
_________________ _________________________ |
|
(ստորագրությունը) (անունը, ազգանունը) |