(ուժը կորցրել է 08.10.03 թիվ 1274-Ն որոշում)
i
040.1105.030802
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«3» օգոստոսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 հուլիսի 2002 թվականի N 1105-Ն
i
1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աղետի գոտու վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած` երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա, ինչպես նաև բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծել անհատույց պետական ֆինանսական աջակցության (այսուհետ` աջակցություն) տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներով նախատեսված հատկացումների հաշվին:
2. Սահմանել, որ`
i
ա) աջակցությունը տրամադրվում է փուլային մոտեցման կիրառմամբ, ընդ որում`
առաջին փուլով աջակցություն ստանալու իրավունքը տրվում է երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչներին` շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու կամ անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու համար,
երկրորդ փուլով աջակցություն ստանալու իրավունքը տրվում է նշված երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչներին` վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար.
բ) տրամադրվող աջակցության սահմանային չափը որոշվում է`
երկրաշարժի հետևանքով քանդված կամ քանդման ենթակա բնակելի տների բնակիչների համար` ելնելով աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքից, բայց 5 միլիոն դրամից ոչ ավելի,
երկրաշարժի հետևանքով բնակության համար ոչ պիտանի լինելու պատճառով չշահագործվող, վերականգնման ենթակա բնակելի տների բնակիչների համար` վերականգնման աշխատանքների նախահաշվի հիման վրա, աջակցության տրամադրման պահին նախորդող եռամսյակի դրությամբ տվյալ տարածաշրջանում բնակելի տան ձևավորված շուկայական միջինացված արժեքի մինչև 50 տոկոսը, բայց 2,5 միլիոն դրամից ոչ ավելի.
գ) աջակցությունը տրամադրվում է վճարումների ձևով, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, ընտրված գործակալ բանկի միջոցով, մարզպետի որոշման հիման վրա, քաղաքացու հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված բնակարանային խնդիրների լուծման համար աջակցության տրամադրման մասին պայմանագրի համաձայն:
Ընդ որում վճարումները կատարվում են`
շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին վնասի փոխհատուցման բնակարանային խնդիրների առաջնահերթ լուծման մասին» N 845-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն.
անհատական բնակարանային շինարարության և վերականգնման աշխատանքների իրականացման դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 331 որոշմամբ հաստատված կարգի համաձայն (առանց վարկային մեխանիզմների կիրառման):
i
դ) աջակցություն ստանալու հավակնող քաղաքացիներին աջակցության տրամադրման հերթականությունը որոշվում է ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետով սահմանված չափանիշներից, նախապատվությունը տալով ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված ընտանիքներին:
(2-րդ կետը փոփ. 05.12.02 թիվ 1938-ն որոշում)
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի կողմից ներկայացված հայտի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեների նախագծերը կազմելիս քննարկել 1997 թվականի հուլիսի 18-ի Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած բնակիչների բնակարանային խնդիրների լուծման համար անհրաժեշտ միջոցների հատկացման հնարավորության հարցը:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` մարզի զարգացման նպատակային ծրագրերի շրջանակներում նախատեսել պետական միջամտություն պահանջող` նշված երկրաշարժի հետևանքով վնասված, շահագործվող բնակելի տների բնակիչների բնակարանային պայմանների բարելավման խնդիրների լուծումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-ԻՆ