ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 նոյեմբերի 2019 թվականի N 1666-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների գնման վկայագրերի տրամադրման գործընթացի իրականացման պատասխանատու ճանաչել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը:
(2-րդ կետը փոփ. 27.04.2023 թիվ 598-Ն որոշում)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2019 թ. նոյեմբերի 26
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2019 թվականի նոյեմբերի 21-ի
N 1666-Ն որոշման
ԿԱՐԳ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են լիազոր մարմնի կողմից հաշվառված` Ադրբեջանից բռնագաղթած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած և ժամանակավոր կացարաններում կամ մետաղյա, փայտյա կամ կիսաքարաշեն տնակներում (այսուհետ` ոչ հիմնական շինություններում) բնակվող անձանց բնակարաններով ապահովման նպատակով պետական բյուջեի միջոցների հաշվին բնակարանների գնման վկայագրերի (այսուհետ` վկայագիր) տրամադրման կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 01.12.2022 թիվ 1860-Ն որոշում)
2. Սույն որոշմամբ նախատեսվող աջակցությունից օգտվելու համար սահմանվում են հետևյալ չափանիշները`
ա. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիայի և քաղաքացիության ծառայության (այսուհետ` միգրացիայի և քաղաքացիության ծառայություն), իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած` Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները կարող են օգտվել աջակցությունից, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում` որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից 2003 թվականին, իսկ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում` 2005 թվականին և/կամ 2008 թվականին, իսկ մարզերում` 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում` 2005 թվականին) (այսուհետ` շահառու) այնքանով, որքանով այլ բան նախատեսված չէ սույն կարգով,
բ. այն անձինք, որոնք բնակարանի գնման վկայագրի տրման պահին թեև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք չեն բերել, սակայն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից անհատական ծածկագրով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումն ընդունված լինելու վերաբերյալ թերթիկ կամ տեղեկանք, որով հավաստվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռք բերելն ընթացքի մեջ գտնվելու փաստը, կարող են ստանալ բնակարանի գնման վկայագիր: Նշված անձանց բնակարանի գնման վկայագրի հիման վրա սույն կարգի 38-րդ կետով սահմանված հասանելիք դրամական միջոցների 40 տոկոսը կփոխանցվի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելուց հետո ընդհանուր կարգով,
գ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետների և 2019-2022 թվականների ընթացքում իրականացված ուսումնասիրությամբ` հաշվառման պահին իրենց հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակությունը,
դ. սույն կարգի իմաստով` անձանց փաստացի բնակությունը հաստատված է համարվում միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից կատարված ուսումնասիրությամբ արձանագրված և անձի կողմից իրեն հատկացված ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում ոչ պակաս, քան վերջին երեք տարիներին` յուրաքանչյուր տարվա ընթացքում 183 օր բնակության փաստով,
ե. աջակցությունից չեն օգտվում այն անձինք, որոնք ունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան (բնակելի տուն), կամ այդ բնակարանը (բնակելի տունը) կամ հանրակացարանային սենյակը օտարել են սույն որոշման ընդունմանը, իսկ մարզերում` սույն որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերին համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ ներկայացնելու օրվան նախորդող 10 տարվա ընթացքում.
զ. մարզերում շահառու ճանաչված անձինք բնակարան (բնակելի տուն) են ձեռք բերում այն մարզի համայնքներից մեկում, որտեղ հաշվառված են որպես շահառու.
է. աջակցությունից կարող են օգտվել նաև այն անձինք, որոնք չեն հաշվառվել սույն կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետներում, սակայն ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինությունում: Ծրագրից միայն կարող են օգտվել սույն ենթակետում նշված այն անձինք, որոնց բնակելի տունը քանդվել է, կամ բնակելի տան տեխնիկական վիճակի վերաբերյալ մասնագիտացված կազմակերպության կողմից տրված եզրակացության համաձայն ենթակա է քանդման: Բնակելի տների տեխնիկական վիճակի հետազննությունը պատվիրվում և ներկայացվում է բնակելի տների սեփականատերերի կողմից:
(2-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն, 26.11.2020 թիվ 1888-Ն, 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն որոշումներ)
2.1. Բնակարանների գնման վկայագրերի տրամադրման շրջանակներում Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքի կազմը` որպես մեկ միասնական ընտանիք, որոշվում է նույն ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում փաստացի բնակվելու և հետևյալ չափանիշներից առնվազն երկուսի առկայության դեպքում.
ա. ընտանիքի անդամ հանդիսանալը (ամուսիններ, ծնողներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ`
բ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ընտանիքների հաշվառման փաստաթղթերում որպես մեկ ընտանիք հաշվառված լինելը` անկախ հետագայում ժամանակավոր կացարանում տրամադրված սենյակների թվի փոփոխությունից, կամ`
գ. ընտանիքում չափահաս անդամների առկայության դեպքում` համատեղ տնտեսություն վարելը (միասնական խոհանոցից կամ սանհանգույցից օգտվելը կամ համատեղ կոմունալ վճարումներ իրականացնելը):
(2.1-ին կետը լրաց. 26.11.2020 թիվ 1888-Ն, 29.04.2021 թիվ 697-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն որոշումներ)
3. Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն (այսուհետ` աջակցություն) ստանալու իրավունքը:
4. Վկայագիրը տրամադրվում է կամավորության սկզբունքով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելուց հետո զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու պայմանով: Այն անձանց դեպքում, ում ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհված են իրենց կողմից, սակայն չունեն առանձին խոհանոց և սանհանգույց, վկայագիրը տրամադրվում է բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնելու պայմանով` սույն կարգի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Այն անձանց, որոնք բնակվում են ոչ հիմնական շինություններում կամ ունեն բնակելի տուն, որի խարխուլ ու քանդված լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում, վկայագիրը տրամադրվում է ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները` սահմանված կարգով աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո, շահառուի միջոցներով` քանդելու և տարածքն ազատելու պայմանով: Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդվում, իսկ տարածքներն ազատվում են աջակցությամբ ձեռք բերված բնակելի տան (բնակարանի) գույքային իրավունքների պետական գրանցումից հետո: Ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները շահառուների կողմից գույքային իրավունքների պետական գրանցումից հետո քանդվում են մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից` նույն ժամկետում:
Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից: Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից:
Ընտանիքի որևէ անդամի` ծրագրին մասնակցելուց հրաժարվելը կամ սույն ծրագրի չափանիշներին չհամապատասխանելու պատճառով ծրագրից դուրս մնալն ընտանիքին չի ազատում ժամանակավոր կացարանում իրենց զբաղեցրած սենյակների հանձնման կամ ազատման պարտավորությունից, իսկ ոչ հիմնական շինություններում բնակվող անձանց կամ այն անձանց, որոնք ունեն բնակելի տուն, որի խարխուլ լինելու պատճառով նրանք բնակվում են ժամանակավոր կացարանում կամ ոչ հիմնական շինություններում` ոչ հիմնական շինությունները և խարխուլ տները քանդելու և տարածքն ազատելու պարտականությունից:
(4-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
5. Վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման, գրավադրման, բռնագանձման ու այլ անձի փոխանցման` ներառյալ ժառանգման կարգով: Վկայագրի հիման վրա ծագած իրավունքներն ու պարտականությունները վկայագրում նշված անձանց հետ անխզելիորեն կապված իրավունքներ և պարտականություններ են:
(5-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1888-Ն, 29.04.2021 թիվ 697-Ն որոշումներ)
6. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանը (բնակելի տունը) պետք է համապատասխանի մշտական բնակության համար սահմանված պահանջներին:
7. Վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
(7-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
8. Վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չի կարող վաճառվել, նվիրվել, գրավ դրվել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), օտարվել այլ եղանակով կամ տրվել վարձակալության:
9. Վկայագիրը տրամադրվում է մեկ անգամ, մեկ օրինակից:
10. Վկայագրի կորստի դեպքում վկայագիր ստացած անձի դիմումի հիման վրա միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից գործն ուսումնասիրելուց հետո տրամադրում է նոր վկայագիր` նախորդ վկայագրի գործողության մնացած ժամկետով:
11. Վկայագիր ստացած անձի մահվան դեպքում, պայմանագրում նշված նրա ընտանիքի անդամների դիմումի համաձայն, վկայագիրը կարող է վերաձևակերպվել նշված ընտանիքի այլ անդամի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտանիքի անդամի կողմից լիազորված անձի անունով: Այդ դեպքում վկայագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկու ամսով:
(11-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
11.1. Վկայագիր ստացած մեկ անձից բաղկացած ընտանիքի անդամի մահվան դեպքում վկայագիրը մարվում է, և միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ կնքված պայմանագիրը համարվում է լուծված:
(11.1-ին կետը լրաց. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
12. Վկայագիր ստացած անձն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորելու մեկ այլ անձի իր անունից կատարել բնակարանի (բնակելի տան) գնման գործողությունը:
13. Վկայագիրը ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`
1) վկայագրի թողարկման սերիան և համարը.
2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրման ամսաթիվը.
3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.
4) վկայագիր ստացող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի (սենյակների թվով) և տրամադրվող աջակցության չափը.
5) վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը:
14. Վկայագրում նշվող աջակցության չափը որոշվում է ըստ աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձի ընտանիքին (անձանց թվով) հասանելիք բնակարանի (սենյակների թվով)` Կադաստրի կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ավան վարչական շրջանում ձևավորված բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջինացված գները 1 քառ. մետրի համար:
15. Վկայագիր ստանալուն հավակնող անձի ընտանիքին հասանելիք բնակարանի սենյակների թիվը որոշվում է` ելնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 5-րդ բաժնի 4-րդ կետով սահմանված նորմերից:
16. Սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է` մեկ սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, երկու սենյականոց բնակարան` 55 քառ. մետր, երեք սենյականոց բնակարան` 65 քառ. մետր և չորս սենյականոց բնակարան` 75 քառ. մետր:
17. Վկայագրի միջոցով աջակցությունը ցուցաբերվում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի և անձի միջև` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին կնքված պայմանագրի հիման վրա:
18. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է սույն որոշման 34-րդ կետով սահմանված կարգով վկայագիրն ստանալու պահից 1 տարի` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության` բացառությամբ 11-րդ կետում նշված դեպքերի:
(18-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
18.1. Վկայագիրը ստանալուց հետո դրա շուրջ դատական վեճ առաջանալու դեպքում վկայագրի գործողության ժամկետը կասեցվում է` հայցադիմումը վարույթ ընդունելու պահից մինչև դատական ակտի օրենքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտնելը:
(18.1-ին կետը լրաց. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
19. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) չափը (սենյակների թվով) կարող է պակաս լինի սույն սույն կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով անձին հասանելիք բնակարանի չափից (սենյակների թվով), սակայն համապատասխանորեն միայն մեկ սենյակ պակաս:
20. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ցածր արժողությամբ բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը մնում է վկայագիր ստացած անձի տրամադրության տակ, իսկ ավելի բարձր արժեք ունեցող բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում արժեքների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի սեփական միջոցների հաշվին:
(20-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
21. Վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի համար սույն որոշմամբ հաստատված կարգի 15-րդ կետով սահմանված նորմերով մեկից ավելի բնակարան նախատեսված լինելու դեպքում վերջիններիս տրամադրվում են վկայագրեր ըստ բնակարանների քանակի: Մի քանի բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում աջակցություն ստացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ կարող է լինել վկայագրերի միջոցով ձեռք բերված բնակարաններից (բնակելի տներից) միայն մեկի համասեփականատեր: Ըստ յուրաքանչյուր բնակարանի` սեփականության իրավունքը որոշվում է ընտանիքի անդամների համաձայնությամբ: Վկայագիր ստացած անձանց ընտանիքների չափահաս անդամների համաձայնության դեպքում 2 վկայագրի միջոցով կարող է գնվել մեկ բնակարան (բնակելի տուն), որի չափը չպետք է պակաս լինի սույն կարգի 19-րդ կետում նշված չափերից:
(21-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1888-Ն որոշում)
22. Վկայագրում ամրագրված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման տարբերակ չընտրվելու դեպքում վկայագիրը մարվում է և միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի կնքված պայմանագիրը համարվում է լուծված:
23. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման դեպքում վկայագիրը մարվում է, իսկ վկայագիր ստացած անձը դադարում է հանդիսանալ սույն կարգի շրջանակներում շահառու:
(23-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն որոշում)
24. Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվությունը միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ներկայացնում է Կադաստրի կոմիտե:
24.1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքը` սույն որոշման հավելվածի 18-րդ կետով և սույն որոշման N 4 ձևով սահմանված բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագրի 2.3.1-ին, 4.1-ին, 4.2-րդ կետերով սահմանված 1 տարի (12 ամիս) ժամկետը երկարաձգել արտակարգ դրության ժամկետով:
(24.1-ին կետը լրաց. 27.05.2020 թիվ 866-Ն որոշում)
II. ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
25. Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից սույն կարգի 2-րդ կետով սահմանված աջակցություն ստանալուն հավակնող անձինք` գրավոր ծանուցվում են վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին: Միաժամանակ, միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարտավոր է առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլում հրապարակել վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների վերաբերյալ տեղեկություններ:
(25-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն որոշում)
26. Ծանուցում ստանալուց հետո մեկամսյա ժամկետում շահառուն և նրա ընտանիքի չափահաս անդամները միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ են ներկայացնում սույն որոշմամբ հաստատված NN 2 և 3 ձևերին համապատասխան դիմում:
(26-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն որոշումներ)
27. Դիմումին կից ներկայացվում են դիմողի և նրա ընտանիքի անդամների անձնագրային տվյալները, ժամանակավոր բնակության վայրի մասին տեղեկանքներ: Սույն որոշման 26-րդ կետում նշված ժամկետում վկայագրի միջոցով աջակցություն ստանալու մասին գրավոր ցանկություն չհայտնած անձինք համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ, որի վերաբերյալ նշում է կատարվում սույն որոշման 25-րդ կետով սահմանված ծանուցման մեջ:
(27-րդ կետը փոփ. 01.12.2022 թիվ 1860-Ն որոշում)
27.1. Մարզպետի աշխատակազմը` դիմումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմումի և կից փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Դիմումի և կից փաստաթղթերի բնօրինակները միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով:
(27.1-ին կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշում)
28. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը դիմումը և կից փաստաթղթերն ստանալու պահից եռօրյա ժամկետում հարցում է կատարում Կադաստրի կոմիտե` աջակցություն ստանալուն հավակնող անձանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության բնակչության պետական ռեգիստրի միջոցով էլեկտրոնային եղանակով ստուգում է անձնագրային հաշվառման (մշտական բնակության) տվյալները:
(28-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1888-Ն որոշում)
28.1. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը սույն կարգի 28-րդ կետով սահմանված ժամկետում հարցում է կատարում նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն աջակցություն ստանալուն հավակնող անձանց` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:
(28.1-ին կետը լրաց. 27.05.2020 թիվ 866-Ն որոշում)
29. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն ստացված դիմումներից և կից տեղեկատվությունից նվազագույնը 20 գործ ձևավորվելու դեպքում ձևավորված գործերի նախնական ցուցակը, վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց ցուցակների հաստատման վերաբերյալ եզրակացության տրամադրելու նպատակով, ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի կողմից ստեղծված հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Կադաստրի կոմիտեի, Պետական գույքի կառավարման կոմիտեի և միգրացիայի և քաղաքացիության ծառայության մեկական ներկայացուցիչները: Մարզերում հավակնորդ շահառու ճանաչված անձանցից ստացված դիմումների քննարկման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ:
(29-րդ կետը փոփ. 10.10.2022 թիվ 283-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
30. Նախնական ցուցակին կից ներկայացվում են`
1) աջակցություն ստանալուն հավակնող անձանց կողմից տրված դիմումների և կից փաստաթղթերի պատճենները.
2) աջակցություն ստանալուն հավակնող անձանց անձնագրային հաշվառման (մշտական բնակության) և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Կադաստրի կոմիտեի հետ ճշգրտված տեղեկատվությունը:
3) միգրացիայի և քաղաքացիության ծառայության, իսկ մարզերում` միգրացիայի և քաղաքացիության ծառայության և համապատասխան մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ փաստացի բնակության վերաբերյալ տեղեկատվությունը:
(30-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
31. Հանձնաժողովը նախնական ցուցակներում ներառված յուրաքանչյուր գործի վերաբերյալ այն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում քննարկում է և տրամադրում եզրակացություն` վկայագիր տրամադրելու վերաբերյալ:
32. Հանձնաժողովի եզրակացությունները խորհրդատվական բնույթի են:
33. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում հաստատում է աջակցություն ստացող անձանց վերջնական ցուցակները, որի հիման վրա միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից այդ մասին ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ժամկետում գրավոր ծանուցում է անձանց` նրանց առաջարկելով միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ կնքել պայմանագիր վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին: Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վերջնական ցուցակները հաստատվելուց հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր ծանուցում է նաև այն անձանց, ովքեր չեն ընդգրկվել վերջնական ցուցակներում: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` վերջնական ցուցակները հաստատելու մասին որոշումը կարող են բողոքարկվել դատական կարգով:
(29-րդ կետը փոփ. 10.10.2022 թիվ 283-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
34. Աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձինք ծանուցումն ստանալուց հետո առավելագույնը մեկամսյա ժամկետում միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի հետ կնքում են վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու համար աջակցություն ստանալու մասին պայմանագիր (ձև N 4): Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի միջև կնքված պայմանագրի համաձայն` միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձին տրամադրում է նաև վկայագիր` եռօրյա ժամկետում:
35. Ծանուցումն ստանալուց հետո սահմանված ժամկետում միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ պայմանագիր չկնքելու դեպքում դիմումատուները համարվում են աջակցություն ստանալուց հրաժարվածներ:
36. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը եռօրյա ժամկետում հարցում է ուղարկում Երևանի քաղաքապետարան, իսկ Երևանում իրականացվող ծրագրի շահառուների կողմից մարզի տարածքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում` մարզպետի աշխատակազմ, ներկայացնելով ստացված դիմումը` ընտրված տարբերակի` մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին հնգօրյա ժամկետում եզրակացություն տալու խնդրանքով: Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում` վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակն ընտրելուց հետո դիմում է համապատասխան մարզի մարզպետի աշխատակազմ, որը դիմումը ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացնում եզրակացություն` բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակի մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանելու մասին:
(36-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
37. Երևանի քաղաքապետարանի կամ մարզպետի աշխատակազմի կողմից սույն կարգի 36-րդ կետով նախատեսված ժամկետում տրված` ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) տարբերակը սահմանված պահանջներին համապատասխանելու մասին եզրակացությունն ստանալուց հետո` վկայագրի միջոցով աջակցություն ստացող ընտանիքի չափահաս անդամները 15-օրյա ժամկետում կնքում են բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր` նշելով առուվաճառքի պայմանագրի կողմերին պատկանող բանկային հաշվի վավերապայմանները:
(37-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն, 26.11.2020 թիվ 1888-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
37.1. Երևանում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
Մարզերում շահառու ճանաչված անձանց կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի բնօրինակներից մեկը 5-օրյա ժամկետում ներկայացվում է մարզպետի աշխատակազմ: Ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի պատճենը` 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Առուվաճառքի պայմանագրի բնօրինակը միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով:
(37.1-նի կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
37.2. Վկայագրում ամրագրված աջակցության չափից ավելի բարձր արժեք ունեցող բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում` կցվում է նաև արժեքի տարբերությունը վկայագրի միջոցով աջակցություն ստացողի սեփական միջոցներից վաճառողի բանկային հաշվեհամարին փոխանցելու մասին բանկի կողմից տրված մուտքի քաղվածքի պատճենը կամ նոտարի նշումն առ այն, որ արժեքի տարբերությունը փոխանցվել է կանխիկ` իր ներկայությամբ:
(37.2-րդ կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
38. Վկայագրի միջոցով Երևանում շահառու ճանաչված անձի կողմից Երևանում կամ մարզում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը միգրացիայի և քաղաքացիության ծառայությանն առձեռն ներկայացվելուց, իսկ մարզում շահառու ճանաչված անձի կողմից ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) դեպքում` մարզպետի աշխատակազմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով առուվաճառքի պայմանագիրը ստացվելուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` հետևյալ ընթացակարգով`
1) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցում վկայագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխան գումարը.
2) վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարի 60 տոկոսից ցածր լինելու դեպքում փոխանցվում է առուվաճառքի պայմանագրում վաճառողի կողմից վաճառվող բնակարանի (բնակելի տան) գնի 60 տոկոսին համապատասխան գումարը.
3) վաճառողի կողմից առուվաճառքի պայմանագրում նշված բանկի միջոցով վաճառողի հաշվեհամարին է փոխանցվում վկայագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխան գումարը, կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում` առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 40 տոկոսին համապատասխանող գումարը, եթե վկայագիր ստացած անձը վկայագրում նշված գումարի կամ սույն կետի 2-րդ ենթակետի դեպքում` առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարը ստանալուց հետո 6 ամսվա, բայց ոչ ուշ, քան սույն որոշման 18-րդ կետում նշված ժամկետի ընթացքում միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ է ներկայացնում վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտը և
ա. չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից զբաղեցված ժամանակավոր կացարանն ազատելու մասին ժամանակավոր կացարանի սեփականատերերի կամ Երևան քաղաքի համապատասխան վարչական շրջանի ղեկավարի կամ Պետական գույքի կառավարման կոմիտեի, իսկ մարզերի դեպքում` համայնքի ղեկավարի կամ մարզպետի կողմից տրված տեղեկանքը, կամ`
բ. սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում վկայագիր ստացած անձի կողմից կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքը կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագիրը.
գ. ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում` դրանք քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը ներկայացնելուց հետո: Ոչ հիմնական շինությունները կամ խարխուլ տները ենթակա են քանդման վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո շահառուի կամ համապատասխան համայնքապետարանի կողմից:
(38-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1888-Ն, 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
38.1. Մարզերում իրականացվող ծրագրի դեպքում` վաճառողի կողմից վաճառված բնակարանի (բնակելի տան) ստորագրված հանձնման-ընդունման ակտի և` չսեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում մարզպետի կամ համապատասխան համայնքի ղեկավարի տեղեկանքի, իսկ սեփականաշնորհված ժամանակավոր կացարանների դեպքում նաև վկայագիր ստացած անձի կողմից կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու համապատասխան դիմումը մարզպետի աշխատակազմ մուտքագրելու վերաբերյալ տեղեկանքի կամ բնակելի տարածքի նվիրատվության պայմանագրի, իսկ ոչ հիմնական շինությունների և խարխուլ տների դեպքում` քանդելու և տարածքն ազատելու մասին համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանքի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի կողմից «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկվում են միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
(38.1-ին կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն, 01.12.2022 թիվ, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
38.2. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գինը վկայագրում նշված գումարից ցածր լինելու դեպքում տարբերությունը փոխանցվում է վկայագիր ստացած անձի` առուվաճառքի պայմանագրում նշված բանկային հաշվեհամարին կամ հաշվեհամարներին միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն նոտարների դեպոզիտ հաշիվներից նոտարների միջոցով` սույն կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:
(38.2-րդ կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
39. Վկայագիր ստացած անձը Պետական գույքի կառավարման կոմիտե, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ դիմում է ներկայացնում իր կողմից սեփականաշնորհված ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու վերաբերյալ: Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմը, դիմումը ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում դիմողի հետ կնքում է այդ կացարանը Հայաստանի Հանրապետությանը նվիրելու մասին պայմանագիր` սահմանված կարգով իրականացնելով պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը` իր միջոցների հաշվին: Վկայագիր ստացած անձի կողմից դիմումին կից ներկայացվում են նաև անշարժ գույքի միավորի վերաբերյալ միասնական տեղեկանք, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, անշարժ գույքի նկատմամբ պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, կոմունալ ծախսերի վճարման մասին պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանքը, ինչպես նաև համապատասխան բնակարանի սեփականատեր հանդիսացող քաղաքացիների անձնագրերի կամ նույնականացման քարտերի պատճենները: Երևան քաղաքում` Պետական գույքի կառավարման կոմիտեն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմը 3 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերի պատճենները «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:».
(39-րդ կետը փոփ. 27.05.2020 թիվ 866-Ն, 26.11.2020 թիվ 1888-Ն, 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
40. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն: Մարզպետների աշխատակազմը` մարզերում վկայագրերի տրամադրման գործընթացի և վկայագրերի միջոցով բնակարան ձեռք բերած անձանց մասին ամենամսյա տեղեկատվությունը` մինչև հաջորդ ամսվա 5-ը, ներկայացնում են միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որն ամփոփում է ստացված տեղեկատվությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:
(40-րդ կետը փոփ. 10.10.2022 թիվ 283-Ն որոշում)
III. ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՄԲ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
41. Վկայագիր ստացած անձը սահմանված ժամկետում բնակարանի (բնակելի տան) ընտրված տարբերակը ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկի միջոցներ ներգրավելու ցանկություն հայտնելու դեպքում դիմում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ, իր դիմումի համաձայն հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու խնդրանքով: Մարզպետի աշխատակազմը` վկայագիր ստացած անձի ներկայացրած հիփոթեքային վարկի տրամադրման հարցի քննարկմանը միջնորդելու վերաբերյալ դիմումի պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Դիմումի բնօրինակը միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով:
(41-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
42. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը` վկայագիր ստացած անձի դիմումի համաձայն և Երևան քաղաքում` քաղաքապետարանի, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմի կողմից տրված դրական եզրակացության դեպքում (36-րդ կետ) դիմողի կողմից ընտրված բանկին է ներկայացնում ստացված դիմումը և միջնորդագիր-գրություն վկայագրում նշված աջակցության չափը որպես կանխավճար վաճառողի բանկային հաշվին փոխանցելու վերաբերյալ` բանկի կողմից դիմողին վարկ տրամադրելու մասին ընդունված որոշման հիման վրա անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագիր կնքելու դեպքում:
(42-րդ կետը փոփ. 10.10.2022 թիվ 283-Ն որոշում)
43. Բանկը, միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջնորդությունն ստանալով, սահմանված կարգով ուսումնասիրում է դիմողի վճարունակության պայմանները դրանք բանկի պահանջներին համապատասխանելու վերաբերյալ, և ուսումնասիրության արդյունքները դրական լինելու դեպքում գրավոր տեղեկացնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն և դիմողին վարկ տրամադրելու ընդունված որոշման մասին, իսկ ուսումնասիրության արդյունքները բացասական լինելու դեպքում տեղեկացնում է վարկի տրամադրման մերժման վերաբերյալ:
44. Վկայագիր ստացած անձը բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի բնօրինակները երկօրյա ժամկետում ներկայացնում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, իսկ մարզերում` մարզպետի աշխատակազմ, նշելով բանկային վավերապայմանները:
(44-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն որոշումներ)
44.1. Մարզպետի աշխատակազմը` բանկի կողմից ընդունված դրական որոշման հիման վրա կնքված անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի պատճենները 3 աշխատանքային օրվա ընթացքում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ուղարկում է միգրացիայի և քաղաքացիության ծառայություն: Փաստաթղթերի բնօրինակները միգրացիայի և քաղաքացիության ծառայություն են ներկայացվում 10 աշխատանքային օրվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով:
(44.1-ին կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշում)
44.2. Համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն, նոտարների դեպոզիտ հաշիվներից, նոտարների միջոցով կամ միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, պայմանագրերում նշված հաշվեհամարին է փոխանցում վարկառուի վկայագրում նշված աջակցության չափին համապատասխանող գումարը` 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան:
(44.2-րդ կետը լրաց. 10.10.2022 թիվ 283-Ն որոշում)
IV. ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
45. Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն իրականացնում է`
1) մամուլում և զանգվածային լրատվության այլ մյուս միջոցներով վկայագրերի տրամադրման գործընթացն սկսելու ժամկետի և վկայագրերի տրամադրման պայմանների հրապարակումը.
2) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց վերաբերող` ներկայացված փաստաթղթերի և աջակցության տրամադրման պայմանների համապատասխանության ստուգումը.
3) վկայագրում նշվող աջակցության չափի հաշվարկումը.
4) միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը գրանցման մատյաններում (N 1 ձև) վկայագրերի միջոցով աջակցություն ստացող անձանց անձնական գործերի գրանցումը.
5) վճարման հայտի կազմումն ու ներկայացումը նոտարներին կամ ֆինանսների նախարարությանը:
(45-րդ կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
46. Վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու համար աջակցության տրամադրման աշխատանքները կազմակերպվում է միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի կողմից ստեղծված աջակցող աշխատանքային խմբի միջոցով:
Ձև N 1
ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ _________________________________________________
(քաղ. Երևան)
._____________________________________________________________________.
|NN |Ազգանունը,|Անձը |Նախ- |Աջակ- |Ընդուն|Հասա- |Տրամա- |Ծանոթա-|
|ը/կ|անունը, |հաստա- |կինում |ցության|ված |նելիք |դրվող |գրու- |
| |հայրանունը|տող |զբա- |տրամա- |որոշ- |բնակա- |ֆինան- |թյուն |
| | |փաստա- |ղեցված |դրման |ման |րանի |սական | |
| | |թղթի |բնա- |պահին |հա- |սենյակ-|աջակ- | |
| | |տվյալ- |կարանի |ընտա- |մարը, |ների |ցու- | |
| | |ները |սենյակ-|նիքի |ամսա- |թիվը |թյան | |
| | | |ների |հաշվառ-|թիվը, | |չափը | |
| | | |թիվը |ված |ամիսը,| |(մլն | |
| | | | |անձանց |տարե- | |դրամ) | |
| | | | |թիվը |թիվը | | | |
|___|__________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|__________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|___|__________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|___|__________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
|___|__________|_______|_______|_______|______|_______|_______|_______|
._____________________________________________________________________.
Ձև N 2
ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
---------------------------------
(անունը, ազգանունը)
ԴԻՄՈՒՄ
ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ Ադրբեջանից բռնագաղթած անձ
________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
________________________________________________________________________
(հաշվառման հասցեն)
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
(ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն,
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որի պայմաններից ելնելով, սակայն, համապատասխանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում:
3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
Դիմող ________________________________________ ___ __________ 23 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(2-րդ ձևը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
Ձև N 3
Ընտանիքի անդամների համաձայնությունը
Մենք`
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________
________________________________________________________________________ս
ընտանիքի անդամների կազմը
Սույն փաստաթղթով համաձայնում ենք`
1) բնակարանների գնման վկայագրի միջոցով աջակցություն ստացողների ցուցակում սահմանված կարգով ընդգրկվելուն.
2) ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N-1666-Ն որոշմամբ սահմանված ընթացակարգին.
3) վերը նշված որոշմամբ սահմանված կարգով կատարել մեզ վերաբերող պարտականությունները և գործողությունները` չխոչընդոտելով ընթացակարգի արագ ու արդյունավետ իրականացմանը:
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
________________________________________ ___ __________ 23 թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)
(3-րդ ձևը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
Ձև N 4
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N _____
ԲՆԱԿԱՐԱՆ (ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ) ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
քաղ. Երևան ____ ___________23 թ.
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ի դեմս ծառայության պետ ____________________-ի մի կողմից, և
ազգանունը)
Ադրբեջանից բռնագաղթած անձ _____________________________________________________________________ը
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող
փաստաթղթի տվյալները)
(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը` հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
1.1. Ծառայությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին (ընտանիքի անդամների թիվ` _____ անձ) տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ___________________________________________ դրամ:
(գումարի չափը` թվերով և բառերով)
(1.1-ին կետը փոփ. 01.12.2022 թիվ 1860-Ն որոշումներ)
1.2. Բնակարանի գնման վկայագրում նշվող աջակցության գումարը հանդիսանում է աջակցություն ստացողի և նրա ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականություն, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը` ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:
2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
2.1. Ծառայությունը պարտավոր է`
2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.
2.1.2. շահառուի (ընտանիքի անդամների) կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում` նաև հիփոթեքի պայմանագիրը) ծառայություն ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված կարգով կատարել համապատասխան վճարումները:
(2.1.2-րդ կետը փոփ. 26.11.2020 թիվ 1888-Ն որոշում)
2.2. Ծառայությունն իրավունք ունի`
2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող ծառայությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:
2.3. Շահառուն պարտավոր է`
2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել ծառայություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել ծառայությանը.
2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին.
2.3.3. վկայագրի միջոցով ձեռք բերված բնակարանը (բնակելի տունը) սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված` 2 տարվա ընթացքում չվաճառել, չնվիրել, գրավ չդնել (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), չօտարվել այլ եղանակով կամ չտրամադրել վարձակալության: Սույն կետի խախտմամբ կնքված պայմանագրերն անվավեր են:
2.3.4. Բնակարանի գնման վկայագիրը ստանալուց հետո դեռևս ՀՀ քաղաքացիություն չունենալու դեպքում ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն մինչև սահմանված կարգով բնակարանի գնման վկայագրի հիման վրա դրամական միջոցների փոխանցումը.
(2.3.4-րդ կետը լրաց. 27.05.2020 թիվ 866-Ն որոշում)
2.3.5. Առուվաճառքի պայմանագրում նշված գումարի 60 տոկոսին համապատասխանող գումարն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան շահառուին տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ավարտը, ազատել զբաղեցված ժամանակավոր կացարանը: Ժամանակավոր կացարաններում հատկացված բնակելի տարածքները սեփականաշնորհած լինելու դեպքում նույն ժամկետներում սեփականաշնորհած բնակելի տարածքը պետության սեփականությանը հանձնել` Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1666-Ն որոշման հավելվածի 38-րդ կետով սահմանված ընթացակարգին համապատասխան: Ոչ հիմնական շինությունների կամ խարխուլ տների դեպքում` քանդել դրանք և ազատել տարածքը վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում: Նշված ժամկետում շահառուի կողմից քանդման և տարածքի ազատման աշխատանքները չկատարվելու դեպքում դրանք իրականացվում են համապատասխան համայնքապետարանի կողմից` նույն ժամկետում:
Եթե ոչ հիմնական շինությունը կամ խարխուլ տունը քանդվում և տարածքն ազատվում է շահառուի կողմից, ապա քանդման արդյունքում առաջացած շինանյութը տնօրինվում է շահառուի կողմից: Եթե այդ աշխատանքներն իրականացվում են համայնքապետարանի կողմից շինանյութը տնօրինվում է համայնքապետարանի կողմից:
(2.3.5-րդ կետը լրաց. 27.05.2020 թիվ 866-Ն, 01.12.2022 թիվ 1860-Ն որոշումներ)
2.4. Շահառուն իրավունք ունի`
2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը (առանձին դեպքերում` նաև հիփոթեքի պայմանագիրը) և 38-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը ծառայություն ներկայացնելուց հետո պահանջելու ծառայությունից կատարելու օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումները:
(2.1.1-ին կետը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն որոշում)
3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը
3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:
3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:
4. Եզրափակիչ և այլ դրույթներ
4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 12 ամիս ժամկետով:
4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 12 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:
4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված:
(4-րդ ձևը փոփ. 29.04.2021 թիվ 697-Ն, 10.10.2022 թիվ 283-Ն, 27.04.2023 թիվ 598-Ն որոշումներ)
(հավելվածը փոփ. 27.04.2023 թիվ 598-Ն որոշում)