(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
25 հոկտեմբերի 1990 թ. թիվ 487
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՋՈԿԱՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության առաջարկությունը և, ի լրումն Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 30-ի թիվ 370 որոշման, նրա կազմում լրացուցիչ ստեղծել նաև հատուկ նշանակության ջոկատ:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության կազմում հատուկ նշանակության ջոկատի և ժողովրդական պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի ներքին գործերի վարչության միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի մասին առդիր կանոնադրությունները, պաշտոնեական դրույքները, ջոկատների համար մարտական հրազենի և տեխնիկայի ցանկը, համաձայն թիվ թիվ 1-2 հավելվածների, ինչպես նաև նրանց անձնակազմի թվաքանակը` 120 միավոր ՆԳՄ հատուկ նշանակության ջոկատի համար, 780 միավոր` Երևանի ՆԳՎ միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի համար, 9,29 մլն ռուբլի ընդհանուր տարեկան ծախսերով, որից աշխատավարձի ֆոնդ` 5,67 մլն ռուբլի:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրությանը` հաստատել ջոկատների հաստիքային ցուցակը և ծախսերի նախահաշիվը:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը`
ա) հանրապետության 1991 թվականի պետական բյուջեի նախագծում նախատեսել ջոկատների ֆինանսավորման ծախսերը.
բ) Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի 1990 թվականի օգոստոսի 30-ի թիվ 370 որոշման համաձայն Մինիստրների խորհրդի 1990 թվականի պահեստային ֆոնդի հաշվին Երևանի ներքին գործերի վարչության միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատի պահպանման համար նախատեսված 5,5 մլն ռուբլի գումարից 0,3 մլն ռուբլի հատկացնել ՆԳՄ հատուկ նշանակության ջոկատի պահպանման համար:
Հատուկ նշանակության ջոկատների անձնակազմը վարձատրվելու և օգտվելու է այն արտոնություններից, որոնք սահմանված են ԽՍՀՄ ներքին գործերի մինիստրության համակարգում գործող հրամաններով, հրահանգներով ու ցուցումներով:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին և Հայաստանի Հանրապետության պետմատին` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության կողմից ներկայացվող հայտերին համապատասխան նշված ջոկատներին հատկացնել նյութատեխնիկական միջոցներ, ավտոտրանսպորտ և պարենամթերքի ֆոնդեր:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների մինիստրությանը, Հայաստանի Հանրապետության առևտրի մինիստրությանը` տասնօրյա ժամկետում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհուրդ հատուկ ջոկատներին սննդամթերքով ապահովելու մասին:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ԹԻՎ 487 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅԱՆ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՀԱՏՈՒԿ ՋՈԿԱՏԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատը համարվում է Հայաստանի ՆԳ մինիստրության ինքնուրույն և մարտունակ միլիցիայի ստորաբաժանում:
2. Ջոկատը անմիջականորեն ենթարկվում է ներքին գործերի մինիստրին (նրա բացակայության ժամանակ` պաշտոնակատարին):
3. Հայաստանի ՆԳ մինիստրի որոշմամբ ջոկատի անձնակազմը զենքով, ավտոտրանսպորտով և հատուկ տեխնիկայի միջոցներով կարող է միջոցառումներ անցկացնել Հայաստանի տարբեր շրջաններում:
4. Ջոկատի առջև դրված խնդիրների ժամանակին իրականացման համար սահմանվում է շուրջօրյա հերթապահություն` ըստ վաշտերի: Դրա հետ մեկտեղ, նրա աշխատաժամանակի և հանգստի տևողությունը սահմանվում է ժամանակացանկով (գրաֆիկով):
5. Ջոկատն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով և Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, ՆԳ մինիստրի հրաման-հրահանգներով, նորմատիվ այլ նյութերով և սույն կանոնադրությամբ:
6. Ջոկատի հաստիքները հաստատվում են Հայաստանի ՆԳ մինիստրի կողմից:
7. Ջոկատի անձնակազմը կազմավորվում է միլիցիայի շարային ստորաբաժանումների մասնագիտորեն բարձր պատրաստականություն ունեցող աշխատողներից: Նախապատվությունը տրվում է ներքին ծառայության, սահմանապահ և դեսանտային, ինչպես նաև ծովային զորամասերից զորացրվածներին, որոնք օժտված են բարոյական և գործնական հատկանիշներով, անհրաժեշտ ֆիզիկական պատրաստվածությամբ, հատուկ նեյրո-ֆիզիոլոգիական ընտրություն անցնելուց հետո:
8. Ջոկատի միջին և բարձր հրամանատարական կազմի հաստիքները համալրվում են բարձրագույն կրթություն ունեցող սպաներով:
9. Ջոկատի նյութատեխնիկական մատակարարումը իրականացվում է հաստատված հաստիքների և համալիր ժամանակացանկային նորմերին համապատասխան:
10. Ջոկատի անձնակազմն իր ծառայական խնդիրներն իրականացնում է հատուկ համազգեստով, կոշիկներով և սահմանված նմուշի հանդերձանքով:
11. Ջոկատում անձնակազմի ծառայության 1 ամիս տևողությամբ ժամկետը հաշվվում է որպես 1,5 ամիս:
II. Ջոկատի խնդիրները
12. Հատուկ նշանակության ջոկատի խնդիրներն են`
ա) խիստ կարևորություն ներկայացնող օբյեկտների վրա զինված հարձակումների կանխումը, հետ մղումը և վնասազերծումը.
բ) մասնակցությունը հասարակության անվտանգությանը սպառնացող առանձին հանցագործ տարրերի և զինված խմբերի զինաթափման միջոցառումներին.
գ) մասնակցությունը հասարակական կարգի խմբակային խախտումների և մասսայական անկարգությունների կանխմանը և խափանմանը.
դ) տարերային աղետների, համաճարակների, խոշոր արտադրական վթարների և այլ արտակարգ իրավիճակներում օպերատիվ հերթապահության միջոցով բնակչության անվտանգության ապահովումը:
III. Ջոկատի իրավունքները
13. Իր վրա դրված խնդիրներն իրականացնելու նպատակով միլիցիայի հատուկ նշանակության ջոկատին տրվում են հետևյալ իրավունքները`
ա) կազմակերպել շրջանների, առանձին շինությունների և տարածքների շրջափակում.
բ) ստուգել հանցագործություն կատարելու մեջ կասկածվող քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը.
գ) հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձին հետապնդելիս, ինչպես նաև հասարակության անվտանգությանը սպառնացող իրավախախտումները կանխելիս մտնել հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների շենքերը.
դ) անհրաժեշտ դեպքերում օգտագործել ձեռնաշղթաներ, ռետինե մահակ, արցունքաբեր նյութեր, ուշադրությունը շեղելու նպատակով ձայնալուսային հարմարանքներ, հարկադրաբար կանգնեցնել տրանսպորտային միջոցները, կիրառել ըմբշամարտի մարտական հնարքներ, օգտագործել ծառայական շներ և զրահամեքենաներ.
ե) բացառիկ դեպքերում, որպես ծայրահեղ միջոց, օգտագործել նաև հրազեն:
IV. Ջոկատի հրամանատարի իրավունքները
և պարտականությունները
14. ՆԳ մինիստրության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրամանատարը`
ա) ապահովում է օպերատիվ ծառայական գործունեությունը, համաձայն միլիցիայի ծառայության պարետապահակային շարային ստորաբաժանումների կանոնադրության թիվ 4 հավելվածի.
բ) ապահովում է անձնակազմի մշտական պատրաստությունը արտակարգ իրադրության պայմաններում գործելու համար, ինչպես նաև ջոկատը Հայաստանի տարբեր շրջաններում տեղաբաշխելու ժամանակ կազմակերպում է անձնակազմի մարտական և ծառայական ուսուցումը.
գ) առանձին մարտական և ծառայական խնդիրների իրականացման ժամանակ համագործակցում է ՆԳ բաժինների և Հայաստանի տարածքում տեղավորված ԽՍՀՄ ՆԳՄ ներքին գործերի զորամասերի ղեկավարության հետ.
դ) միջոցառումներ անցկացնելու ժամանակ ապահովում է անընդմեջ տեղեկությունների հավաքում և ստեղծված իրավիճակից ելնելով իրականացնում է ուժերի ու միջոցների տեղաշարժ.
ե) մասսայական անկարգությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջարդերով, ավերածություններով, հրկիզումներով, վարչական, ծառայական, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների և այլ կարևոր օբյեկտների վրա խմբակային հարձակումների հետմղման ժամանակ, ինչպես նաև այն դեպքերում, երբ հասարակական կարգը խախտողների հարկադրական գործողությունները վտանգ են սպառնում քաղաքացիների, ՆԳ մարմինների աշխատակիցների, դատարանի, դատախազության, հանրապետության կառավարության անդամների և ժողովրդական պատգամավորների կյանքին ու առողջությանը, սահմանված կարգով կազմակերպում է հատուկ միջոցների և տեխնիկայի կիրառում.
զ) անձնական պատասխանատվություն է կրում գործողությունների օրինականության և հիմնավորվածության, ջոկատի անձնակազմի կողմից ցուցակային զենքի, հատուկ տեխնիկայի և միջոցների օգտագործման դեպքում: Անձնակազմի կողմից օրինականության խախտումներ հայտնաբերելու դեպքում անհապաղ զեկուցում է իր անմիջական պետերին, մասնակցում է ծառայական քննությունների անցկացման աշխատանքներին, նախապատրաստում հետաքննական նյութերը.
է) խրախուսում և կարգապահական տույժի է ենթարկում ենթականերին` ՆԳ մարմինների կարգապահական ծառայության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքի սահմաններում.
ը) ելնելով լուծվող առաջադրանքների բնույթից, որոշում է նորմային համապատասխան անձնակազմի կողմից կրող համազգեստի և հանդերձանքի տեսակը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ
ԽՈՐՀՐԴԻ 1990 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի
ԹԻՎ 487 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՄԻԼԻՑԻԱՅԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՀԱԿԱԶԴՄԱՆ ՋՈԿԱՏԻ
I. Ընդհանուր դրույթներ
1. Միլիցիայի օպերատիվ հակազդման ջոկատը հանդիսանում է ինքնուրույն ստորաբաժանում, որն ստեղծվել է Երևան քաղաքի ներքին գործերի վարչությանը կից` Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի հուլիսի 30-ի թիվ 370 որոշմամբ:
2. ՄՕՀՋ-ն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է հանրապետության սահմանադրությամբ, նրա տարածքում գործող օրենքներով, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով և Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով ու կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրության հրամաններով:
3. ՄՕՀՋ-ի մշտական տեղաբաշխման վայրը Երևան քաղաքն է: Հանրապետության Մինիստրների խորհրդի և ներքին գործերի մինիստրության որոշմամբ անձնակազմը, զրահաավտոտրանսպորտային միջոցները, հատուկ միջոցները կարող են տեղաբաշխվել հանրապետության տարբեր շրջաններում:
4. ՄՕՀՋ-ը համալրվում է կամավոր սկզբունքներով, մինչև 30 տարեկան հասակի անձանցով, իսկ սպայական կազմը` մինչև 35 տարեկան հասակի անձանցով, որոնք ընդունում են երդում և պարտավորագիր, համաձայն թիվ 1 - 2 հավելվածի *):
ՄՕՀՋ-ի միջին և բարձր հրամանատարական կազմի հաստիքները համալրվում են համապատասխան զինվորական և հատուկ մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող սպաներով:
ՄՕՀՋ-ի անձնակազմի համալրման ժամանակ նախապատվությունը տրվում է այն քաղաքացիներին, որոնք ծառայել են օդադեսանտային, ներքին և սահմանապահ զորքերում, ծովային հետևակում, ֆիզիկապես առողջ են և անցել են հատուկ բարոյահոգեբանական ընտրություն:
5. ՄՕՀՋ-ի նյութատեխնիկական սպասարկումը կազմակերպվում է համաձայն հաստիքային ցուցակի և համալրային նորմաների:
6. ՄՕՀՋ-ի աշխատակիցները կրում են միլիցիայի, ներքին ծառայության, համազորադաշտային համազգեստ և տարբերանշաններ` ելնելով տրված հանձնարարության բնույթից:
7. ՄՕՀՋ-ի կանոնակարգը և հաստիքները հաստատվում են Հանրապետության Մինիստրների խորհրդի կողմից և օրենքի ուժ են ստանում հաստատման օրվանից:
8. ՄՕՀՋ-ը հանդիսանում է իրավաբանական անձ, ունի իր բյուջետային և ընթացիկ հաշվարկային հաշիվները, իր անվամբ և հանրապետության զինանշանով կլոր կնիք:
9. Անձնակազմի ծառայության ժամկետը ՄՕՀՋ-ում 1 ամիսը հաշվվում է որպես 1,5 ամիս:
10. ՄՕՀՋ-ի անձնակազմը գտնվում է զորանոցային վիճակում և մարտական հերթապահությունը կազմակերպվում է ըստ գումարտակների: Յուրաքանչյուր մարտիկին սնունդը տրվում է տեղում օրական 1 ռուբլի 80 կոպեկի հաշվարկով:
11. ՄՕՀՋ-ն անմիջականորեն ենթարկվում է Երևանի ներքին գործերի վարչության պետին, իսկ օպերատիվ ղեկավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մինիստրը:
II. ՄՕՀՋ-ի հիմնական խնդիրները
12. ՄՕՀՋ-ի խնդիրներն են`
ա) օպերատիվ հերթապահության միջոցով հասարակության անվտանգության ապահովումը հասարակական-քաղաքական, մարզական, մշակութային և մասսայական այլ միջոցառումների անցկացման ժամանակ.
բ) բնական և տարերային աղետների, արտադրական խոշոր վթարների դեպքում փրկարար աշխատանքների ու բնակչության տարահանման կազմակերպումը.
գ) կազմակերպված խմբակային զինված հարձակումների ու ընդհարումների կանխարգելումը.
դ) մասսայական անկարգությունների, խմբակային հասարակական կարգի խախտումների կանխումը.
ե) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ու կառավարության որոշմամբ մասնակցությունը հանրապետության սահմանների պաշտպանման միջոցառումներին:
III. ՄՕՀՋ-ն իրավունք ունի`
ա) կազմակերպել տարածքի, առանձին շինությունների շրջափակում.
բ) ստուգել հանցագործության մեջ կասկածվող քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը և անձնական ավտոմեքենաները.
գ) օգտագործել ձեռնաշղթաներ, արձունքաբեր նյութեր, ձայնալուսային հարմարանքներ, ծառայական շներ, զրահատանկային միջոցներ, հատուկ ջրանետ մեքենաներ, հարկադրաբար տրանսպորտային միջոցներ կանգնեցնելու հարմարանքներ, ռետինե մահակներ, զսպաշապիկներ:
14. Բացառիկ դեպքերում որպես ծայրահեղ միջոց օգտագործել հրազեն`
ա) քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող հարձակումների ու պատանդներին ազատելու դեպքում, եթե այլ միջոցներով և ձևերով հնարավոր չէ այն իրականացնել.
բ) հատուկ ռեժիմի և կարևոր ու պահպանվող այլ օբյեկտների վրա կատարվող հարձակումները վնասազերծելու նպատակով.
գ) ՄՕՀՋ-ի անդամների, միլիցիայի աշխատակիցների, զինծառայողների և այլ անձանց կողմից իրենց ծառայական պարտականությունները և հասարակական պարտքը կատարելու, հանցագործությունների դեմ պայքարի ժամանակ իրենց կյանքը վտանգի ենթարկվելու ծայրահեղ անհրաժեշտության դեպքում.
դ) հանցագործություններ կատարած անձանց բռնելու ժամանակ զինված դիմադրություն ցույց տալու, ծանր հանցագործությունը կանխելու, ինչպես նաև զինված անձանց կողմից զենքի հանձնման օրինական պահանջից հրաժարվելու դեպքերում:
Զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի համար կազմվում է արձանագրություն և անհապաղ հաղորդվում դատախազություն:
Չի թույլատրվում զենք կիրառել կանանց և անչափահասների նկատմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց կողմից կատարվում է զինված հարձակում կամ ցույց է տրվում զինված դիմադրություն:
IV. ՄՕՀՋ-ի հրամանատարի պարտականությունները
և իրավունքները
15. ՄՕՀՋ-ի հրամանատարը`
ա) կազմակերպում է ստորաբաժանման օպերատիվ-ծառայական գործունեությունը.
բ) ապահովում է արտակարգ իրադրություններում գործելու ստորաբաժանման մշտական պատրաստականությունը, կազմակերպում է անձնակազմի մարտական և ծառայական ուսուցումը.
գ) ապահովում է կապը և համագործակցությունը ներքին գործերի մարմինների հետ, ինչպես նաև Հայաստանում տեղաբաշխված ԽՍՀՄ ՆԳՄ ներքին զորքերի հրամանատարության հետ:
Առանձին դեպքերում ուսումնամարտական միջոցառումներ կազմակերպելիս համագործակցում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի սահմանապահ զորքերի և Հայաստանում տեղաբաշխված ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարության հետ.
դ) առանձին մասսայական միջոցառումներ անցկացնելիս կազմակերպում է տեղերից տեղեկությունների անընդմեջ հավաքումը հասարակության անվտանգության ապահովման համար, և ելնելով ստեղծված իրադրությունից կատարում է ուժերի միջոցների բաշխում.
ե) ելնելով ստեղծված իրադրությունից որոշում է ընդունում հատուկ միջոցների, զրահատեխնիկայի, ջրանետ մեքենաների օգտագործման մասին, երբ ստեղծված իրադրությունը այլ միջոցներով կարգավորելն անհնարին է.
զ) անձնական պատասխանատվություն է կրում անձնակազմի գործողությունների օրինականության համար, օրինախախտումների դեպքում անցկացնում է ծառայական քննություն.
է) հանդիսանում է ստորաբաժանման վարկի կարգադրիչը, տալիս է հրամաններ շարքային, կրտսեր հրամակազմի, ինչպես նաև ազատ վարձու աշխատողների ընդունման ու ազատման ժամանակ, շնորհում է կրտսեր հրամակազմի հատուկ կոչումները, կատարում է ջոկատի ստորաբաժանումների կազմում կատարվող սպայական կազմի տեղափոխման հրամանագրումը, պարգևատրում կամ կարգապահական տույժի է ենթարկում ենթականերին` ՆԳ մարմինների կարգապահական ծառայության գործող կանոնադրությանը համապատասխան, հրամանատարի իրավունքներով:
Ելնելով առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման բովանդակությունից, որոշում է կրվող համազգեստի տեսակը: