Սեղմել Esc փակելու համար:
«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 29 մարտի 2022 թ.

 

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 11-ՐԴ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

դիմողների` «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության,

գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Մ. Մոսինյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության դիմումների հիման վրա` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը (այսուհետ` Սահմանադրական օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2018 թվականի հունվարի 27-ին, և ուժի մեջ է մտել 2018 թվականի ապրիլի 9-ին:

Սահմանադրական օրենքի` «Կոնկրետ գործերով վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտերի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ գործերի քննությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների հիման վրա» վերտառությամբ 69-րդ հոդվածի 11-րդ մասը սահմանում է.

«11. Սույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան»:

Սահմանադրական Օրենքի վիճարկվող դրույթն ընդունվելուց հետո դրանում փոփոխություններ և լրացումներ չեն կատարվել:

Գործի քննության առիթը «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի նոյեմբերի 5-ին, ինչպես նաև «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության 2021 թվականի նոյեմբերի 23-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի սահմանադրականությունը: Սահմանադրական դատարանը, նկատի ունենալով, որ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության անհատական դիմումը` Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի մասով, ակնհայտ անհիմն է, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի պահանջներով, 2022 թվականի մարտի 22-ին ՍԴԱՈ-59 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթն այդ մասով կարճել է:

Սահմանադրական դատարանը 2022 թվականի մարտի 22-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշմամբ որոշել է վերը նշված դիմումների հիման վրա քննության ընդունված գործերը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի համաձայն, միավորել և քննել դատարանի նույն նիստում:

Ուսումնասիրելով դիմումները, պատասխանողի գրավոր բացատրությունները, գործում առկա մյուս փաստաթղթերը և վերլուծելով վիճարկվող իրավադրույթն ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

1.1. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը, դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը (թիվ ԵԴ/33985/02/19 քաղաքացիական գործ):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի հունվարի 8-ի «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» որոշմամբ մերժել է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության դիմումը` նշելով նաև, որ «(...) ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով միայն օրենքով նախատեսված սահմանափակ հիմքերի շրջանակներում և կարող է չեղյալ ճանաչվել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, և ոչ թե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափության ըստ էության քննության արդյունքում»:

Վերը նշված որոշման դեմ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի սեպտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշման դեմ «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2020 թվականի նոյեմբերի 18-ի որոշմամբ մերժվել է:

Սահմանադրական դատարանը «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի` 2020 թվականի մայիսի 14-ին Սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումի հիման վրա քննության ընդունված գործի քննության արդյունքում 2020 թվականի դեկտեմբերի 8-ին ընդունված ՍԴՈ-1571 որոշմամբ (նշված գործով դատաքննությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 8-ին) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող այն մեկնաբանությամբ, համաձայն որի` նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

«ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը Վճռաբեկ դատարան է ներկայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 2021 թվականի մայիսի 5-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոք բերած անձն այն ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի որոշումը կայացվել է 18.11.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմում ՀՀ Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14.05.2020 թվականին: Այսինքն` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմում ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում են «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական Ընկերության կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոքը ներկայացնելու համար անհրաժեշտ վերը նշված պայմանները»:

 

1.2. «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը (ընկերությունը վերակազմակերպվել է, և ֆիրմային անունը փոփոխվել է (ներկայումս` «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերություն), հիմք` Կենտրոնական բանկի լիցենզավորման և կորպորատիվ ֆինանսների վարչության պետի 2020 թվականի հուլիսի 22-ի թիվ 13.12-19/001727-20 գրություն), դիմելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, պահանջել է չեղյալ ճանաչել Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը (թիվ ԼԴ2/1775/02/19 քաղաքացիական գործ):

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականի մայիսի 26-ի որոշմամբ մերժել է ներկայացված դիմումը` արձանագրելով նաև, որ «(...) ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի ու դրան համապատասխան փոփոխված, Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի հիմքով վերոնշյալ համաձայնագրի բացակայության դեպքում ֆինանսական համակարգի հաշտարարի` կողմերի համար պարտադիր դարձած որոշումը կարող է չեղյալ ճանաչվել միայն «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, և ոչ թե ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման իրավաչափության ըստ էության քննության արդյունքում: (...) Ինչ վերաբերում է Դիմողի ներկայացրած փաստարկներին, ապա դրանք իրենց բովանդակությամբ վերաբերում են Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման ըստ էության վերանայելուն, մասնավորապես, Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից դիմումը քննելիս ներկայացված փաստական հանգամանքների և դրանց նկատմամբ նյութական իրավունքի կիրառման և մեկնաբանմանը, որը քննարկման ենթակա չէ»:

Վերը նշված որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2020 թվականի օգոստոսի 7-ի որոշմամբ մերժվել է:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նշված որոշման դեմ ընկերության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք, որի ընդունումը մերժվել է Վճռաբեկ դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ:

«ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը Սահմանադրական դատարանի 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշման հիման վրա Վճռաբեկ դատարան է ներկայացրել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, որը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(...) բողոք բերած անձը բողոքը ներկայացրել է որպես «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում նշված սուբյեկտ, ում նկատմամբ սույն գործով վերջնական դատական ակտը, այն է` ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 21.10.2020 թվականին, իսկ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1571 որոշումը կայացնելու համար հիմք հանդիսացած «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվել է 14.05.2020 թվականին: Այսինքն` «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ սույն գործով բողոք բերած անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ դեռևս առկա չի եղել` վերջինս սպառած չի եղել դատական պաշտպանության բոլոր միջոցները:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բացակայում են [»ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերության] Բանկի կողմից ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 21.10.2020 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու բողոքը ներկայացնելու համար անհրաժեշտ վերը նշված պայմանները»:

 

2. Դիմողների դիրքորոշումները

2.1. «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը նշում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և իրավակիրառ պրակտիկայում տեղիք է տալիս կամայական տարածական մեկնաբանության, իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման` հանգեցնելով դատական պաշտպանության արդյունավետ միջոցի և անձի արդար դատաքննության իրավունքի խախտման:

Բացի դրանից, գործող իրավակարգավորումներից հետևում է, որ եթե անձը դեռևս սպառած չլինի պաշտպանության բոլոր միջոցները և այլ անձի կողմից նույն հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու պահին զրկված լինի իր նկատմամբ կիրառված նորմի սահմանադրականության հարցը պարզելու համար Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու հնարավորությունից, հետագայում զրկվում է թե՛ Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու հնարավորությունից, թե՛ այլ անձի անհատական դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից ըստ էության կայացված որոշմամբ արտահայտած դիրքորոշումներն ի նպաստ իրեն օգտագործելու (իր նկատմամբ կայացված դատական ակտը նոր հանգամանքներով վերանայելու) հնարավորությունից: Փաստորեն, դատական պաշտպանության իրավունքն արդյունավետորեն իրացվելու հնարավորություն ունի միայն այն անձը, որն ավելի շուտ է ձեռք բերում Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելու իրավունքը և ավելի շուտ է այն իրացնում, իսկ մյուս անձինք, որոնք ունեն նույն խնդիրը, պարզապես զրկվում են այդ հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ-ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը հակասում է Սահմանադրության 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին այնքանով, որքանով չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին և ոչ իրավաչափորեն սահմանափակում է Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքով գործը վերանայելու այն անձանց իրավունքը, որոնց նկատմամբ դատական ակտով կիրառվել է այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանի որոշմամբ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմը, կամ դրա կիրառումն իրականացվել է Սահմանադրական դատարանի կողմից տրված մեկնաբանությանը չհամապատասխանող ձևով այն պարագայում, երբ նշված անձինք դեռևս ձեռք չէին բերել Սահմանադրական դատարան նույն հարցով դիմելու իրավունք, բայց միևնույն ժամանակ այն չէին սպառել:

2.2. «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը նշում է, որ օրենսդիրն իր պաշտպանության տակ է առնում Սահմանադրական դատարան դիմում ներկայացնողին և մինչև Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելը դատական պաշտպանության միջոցներն սպառած սուբյեկտներին, սակայն չի պաշտպանում այն սուբյեկտներին, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են երրորդ անձի կողմից Սահմանադրական դատարան դիմելուց հետո, սակայն մինչև Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացումը, և վերջիններս ստիպված են կրել Սահմանադրությանը հակասող դատական ակտի բացասական հետևանքները:

Ավելին, հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է նոր հանգամանքի հիմքով վերանայման և դրա արդյունքում բեկանման: Նոր հանգամանքի (կիրառված նորմը հակասահմանադրական ճանաչված լինելու) հիմքով դատական ակտի վերանայման վարույթի ընթացքում դատական ակտը չբեկանելու միակ հնարավոր տարբերակ է դիտվում այն դեպքը, երբ հակասահմանադրական ճանաչված նորմի կիրառումն ըստ էության չէր կարող ազդել գործի ելքի վրա:

Վերոգրյալի հիման վրա «ԱԿԲԱ ԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը, կամ առնվազն նշված նորմին Վճռաբեկ դատարանի կողմից տրված մեկնաբանությունը հակասում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին, քանի որ զրկում է անձին դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

 

3. Պատասխանողի դիրքորոշումները

Պատասխանողի համոզմամբ` Սահմանադրական դատարան դիմելու նախապայմաններից մեկի` դատարանի վերջնական ակտի դեռևս առկա չլինելը որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրական դատարան դիմելու իրավունքի չպահպանում: Քաղաքացիական գործերով, օրինակ, անձը կարող է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը ՀՀ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից սկսած եռամսյա ժամկետում ներկայացնել նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք:

Այսինքն` անձին պետք է տրվի հնարավորություն վերականգնել իր խախտված սահմանադրական իրավունքը Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված կարգով դատական ակտը վերանայելու գործընթաց նախաձեռնելու միջոցով, քանի որ վերջինս այլևս զրկված է նույն հարցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունից:

Վերոգրյալի հիման վրա պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթը համապատասխանում է Սահմանադրությանը:

 

4. Գործի շրջանակներում պարզաբանման ենթակա հանգամանքները

Սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակում վիճարկվող իրավադրույթի սահմանադրականությունը պարզելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում, մասնավորապես, անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք վիճարկվող դրույթում ամրագրված իրավակարգավորումը համապատասխանում է իրավական որոշակիության սկզբունքին` պայմանավորված այդ դրույթում «դեռևս պահպանել էին» ձևակերպման առկայությամբ,

2. արդյո՞ք վիճարկվող դրույթը համահունչ է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների պահանջներին այնքանով, որքանով ըստ էության բացառում է այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի վերանայումը, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետը:

 

5. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

5.1. Սահմանադրության 79-րդ հոդվածն ամրագրում է որոշակիության սկզբունքը` սահմանելով, որ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:

Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում արդեն իսկ անդրադարձել է նշված սկզբունքին` նշելով, մասնավորապես, հետևյալը.

- «(...) օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (...) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (18.04.2006թ. ՍԴՈ-630),

- «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլոց, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը»

(13.05.2008թ. ՍԴՈ-753),

- «(...) իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության» (02.12.2014թ. ՍԴՈ-1176),

- «Առավել ևս իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ»

(09.06.2015թ. ՍԴՈ-1213),

- «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով» (03.05.2016թ. ՍԴՈ-1270),

- «(...) իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է նաև դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս իրավահարաբերությունների մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին» (03.05.2016թ. ՍԴՈ-1270):

Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածում նշված գործերով` նորմատիվ իրավական ակտի` դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի վիճարկվող 11-րդ մասն ամրագրում է, որ նույն հոդվածի 10-րդ մասը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

Վիճարկվող դրույթից հետևում է, որ վերջնական դատական ակտը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայելու կարգավորումը, բացի անհատական դիմում ներկայացրած անձից, որի դիմումի հիման վրա քննության ընդունված գործի քննության արդյունքում ընդունվել է Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը, նաև տարածվում է այն անձանց վրա, որոնք թեև չեն դիմել Սահմանադրական դատարան, սակայն իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ ունեցել են նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք: Այսինքն` Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգավորումից օգտվելու հնարավորությունը գնահատելու համար բավարար է պարզել, թե արդյոք համապատասխան դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ տվյալ ֆիզիկական կամ իրավաբանական անձն ունեցել է նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք, թե` ոչ: Ըստ այդմ, Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասը նույն հոդվածի 10-րդ մասում ամրագրված դրույթի գործողությունը տարածում է այն անձանց վրա, որոնք բավարարում են հետևյալ պահանջները.

ա) նրանց նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է նորմատիվ իրավական ակտի այն դրույթը, որն այլ անձի դիմումի հիման վրա գործով ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ այն դրույթը, որն այլ անձի դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանն իր մեկնաբանությամբ ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող,

բ) նրանց նկատմամբ վերը նշված դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

գ) նրանք սպառել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

դ) թեև նրանք չեն դիմել Սահմանադրական դատարան, սակայն նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետը չէր ավարտվել այն օրվա դրությամբ, երբ Սահմանադրական դատարանում մուտքագրվել էր վերը նշված դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումը:

Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդիրը վիճարկվող դրույթը սահմանել է բավարար հստակությամբ, ուստի անձը ողջամիտ սահմաններում ի վիճակի է կանխատեսել իր վարքագծի հետևանքները և հնարավորություն ունի իր վարքագիծը ներդաշնակեցնել սահմանված կարգավորումներին: Նման պայմաններում Սահմանադրական օրենքի քննարկվող դրույթը որոշակիության առումով սահմանադրականության խնդիր չի հարուցում:

5.2. Սահմանադրական դատարանը գտնում է, որ առաջադրված երկրորդ հարցը անհրաժեշտ է քննարկել կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի նշանակության և անձի խախտված իրավունքների դատական պաշտպանությունն ապահովելու անհրաժեշտության համատեքստում:

Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Վերոնշյալ դրույթից հետևում է, որ անհատական սահմանադրական դիմումի (գանգատի) շրջանակում սահմանադիրը նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանն անհամապատասխանության և դրա հետևանքով անձի հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունքով օժտել է յուրաքանչյուր անձի` որոշակի պարտադիր պայմանների առկայության դեպքում, որոնք են` ա) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը, բ) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները, գ) երբ դիմողը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:

Սահմանադրական դատարանը 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ նշել է, որ «Սահմանադրական դատարանի կողմից իրականացվող կոնկրետ վերահսկողությանը մասնավորապես բնորոշ է իրավական ակտի սահմանադրականության մասին որոշման տարածումը տվյալ գործին առնչվող իրավահարաբերությունների վրա: Կոնկրետ վերահսկողության դեպքում առաջին պլան է մղվում նաև անհատական շահերի պաշտպանության խնդիրը: Այս բնորոշ գծերին համահունչ` ՀՀ ներպետական օրենսդրությունը նախատեսել է շահագրգիռ անձի անհատական դիմումի հիման վրա ընդունված` սահմանադրական դատարանի որոշման արդյունքում տվյալ դիմողի առնչությամբ կայացված դատական ակտի վերանայման հնարավորությունը, ինչը լիարժեքություն և արդյունավետություն է հաղորդում սահմանադրական դատարանում անհատական դիմումի հիման վրա անձի սահմանադրական իրավունքների` որպես անմիջականորեն գործող իրավունքների, պաշտպանությանը»:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ անհատական սահմանադրական դիմում (գանգատ) ներկայացնելու վերջնական նպատակը Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` անձի խախտված հիմնական իրավունքների և ազատությունների վերականգնումն է, որն էլ կարող է երաշխավորվել Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտերի վերանայման միջոցով:

Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի առնչությամբ Սահմանադրական դատարանը նախկինում արտահայտել է մի շարք իրավական դիրքորոշումներ:

Այսպես` Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ «Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum)» (15.07.2011թ. ՍԴՈ-984):

Ըստ այդմ` «(...) սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը» (31.05.2013թ. ՍԴՈ-1099): Միաժամանակ Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ (...) քննելով սահմանադրական (հանրային-իրավական բնույթի) գործեր` սահմանադրական դատարանը կայացնում է որոշումներ, որոնք ենթակա են պարտադիր կատարման դատական համակարգի մյուս մարմինների` ՀՀ ընդհանուր իրավասության և մասնագիտացված բոլոր դատարանների կողմից (...): Իրավական ակտերի` ՀՀ Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշմանը հաջորդում են իրավական հետևանքներ (նոր հանգամանքներ), որոնք պարտադիր հանգեցնում են օրենքով սահմանված կարգով դատական ակտերը վերանայելուն (25.02.2011թ. ՍԴՈ-943):

Ելնելով վերոնշյալից` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ իրավական ակտերի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով կայացված որոշումների հիման վրա անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերով դատական ակտերի վերանայումը Սահմանադրության գերակայությունը երաշխավորող արդյունավետ միջոց է, հետևաբար` նաև սահմանադրաիրավական պահանջ, որն ուղղված է անձանց իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովմանը: Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման առկայության պայմաններում դատական ակտի վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև կոնկրետ գործերով սահմանադրական վերահսկողության ինստիտուտի էությունից և նշանակությունից: ՈՒստի այն դեպքում, երբ անձի նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված դրույթի (ինչպես նաև Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ սահմանադրական ճանաչված, սակայն ըստ Սահմանադրական դատարանի` դիմողի նկատմամբ այլ մեկնաբանությամբ կիրառված դրույթի) կիրառմամբ, ապա նշված դեպքի հետևանքը պետք է լինի նոր հանգամանքի հիմքով այդ դատական ակտի վերանայումը` օրենքով սահմանված կարգով: ՈՒստի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման իրավունքի արդյունավետ իրականացման համար օրենսդրի կողմից պետք է նախատեսվեն դրա իրացման համապատասխան կառուցակարգեր:

Միաժամանակ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հնարավոր են իրավիճակներ, երբ անձը, ունենալով կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտ և սպառելով դատական պաշտպանության բոլոր միջոցները, այնուամենայնիվ, Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետում (դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառելուց` վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեցամսյա ժամկետ` համաձայն Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի) հնարավորություն չի ունենում Սահմանադրական դատարանում վիճարկել վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման:

Այսպես` օրենսդիրը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու հիմքերի թվին է դասել նաև Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-5-րդ կետերում նշված գործերով ներկայացված որևէ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայությունը, ինչպես նաև դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննության իրականացումը (Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետեր):

Փաստորեն վերը նշված օրենսդրական արգելքի հետևանքով անձինք կարող են որոշ դեպքերում հնարավորություն չունենալ Սահմանադրական դատարանի առջև բարձրացնել իրենց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը միայն այն պատճառով, որ մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա տվյալ հարցի վերաբերյալ արդեն իսկ առկա է Սահմանադրական դատարանի որոշում, կամ մեկ այլ սուբյեկտի դիմումի հիման վրա տվյալ առարկայի վերաբերյալ Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն:

Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նոր հանգամանքի հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորություն նախատեսելու անհրաժեշտության հարցին, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Նշված որոշմամբ Սահմանադրական դատարանը, քննարկելով նաև «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի (ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 9-ին)` մինչև 2011 թվականի նոյեմբերի 21-ը գործող խմբագրությամբ 69-րդ հոդվածի 12-րդ մասի («Սույն հոդվածում նշված գործերով օրենքի` դիմողի կողմից վիճարկվող դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում դիմողի նկատմամբ կիրառված վերջնական դատական ակտը օրենքով սահմանված կարգով ենթակա է վերանայման») սահմանադրականության հարցը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.

«Սահմանադրական իրավունքների պաշտպանության նպատակով սահմանադրական դատարան դիմելու` սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտությունը պահանջում է, որպեսզի այդ իրավունքի իրացումը կախվածության մեջ չդրվի տվյալ անձի կամքից անկախ առաջացած որևէ հանգամանքից: Հետևաբար, յուրաքանչյուր անձ պետք է հնարավորություն ունենա օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում օգտվելու սահմանադրական դատարանի միջոցով տրամադրվող իրավական պաշտպանությունից: Նման հնարավորությունը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայվեն նաև այն անձանց առնչությամբ կայացված դատական ակտերը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցով սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ (...) սահմանադրական դատարան դիմելու անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: (...) ՈՒստի սահմանադրական դատարանը գտնում է, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցնելը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

(...) Անհրաժեշտ է հստակ ամրագրել նաև այն անձանց վերաբերյալ դատական ակտերը վերանայելու օրենսդրական պահանջ, որոնք թեև սահմանադրական դատարանում չեն հանդիսացել դատավարության կողմ, սակայն սահմանադրական դատարանում իրենց գործի քննության հնարավորությունից զրկված են եղել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կամ 5-րդ մասերի ուժով [վերաբերում են դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշման առկայությանը և դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննության իրականացմանը]: Այլապես, սահմանադրական դատարան դիմելու իրավունքը, ինչպես նաև խախտված իրավունքների` սահմանադրական դատարանի միջոցով դատական պաշտպանության իրավունքը կդառնան անիրական և երևութական` զուրկ լինելով արդյունավետ իրացման հնարավորությունից»:

Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 12-րդ մասի դրույթները ճանաչել է 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը հակասող և անվավեր այն մասով, որով սահմանափակվում է նոր հանգամանքների հիմքով այն անձանց իրավունքների վերականգնման հնարավորությունը, որոնց վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացման և տվյալ անձի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ դիմումի (դիմումների) հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման ընդունման օրվա միջև ընկած ժամանակահատվածը չի գերազանցում վեց ամիսը:

Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի համարելով նաև սույն գործի շրջանակում բարձրացված հարցի նկատմամբ և վերահաստատելով դրանք, արձանագրում է, որ որևէ սուբյեկտի կողմից Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքի իրականացումը չպետք է խոչընդոտի Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող անձի իրավունքների պաշտպանությունը: Հետևաբար, եթե օրենսդիրը կոնկրետ գործով դատարանի վերջնական ակտ ունեցող և դատական պաշտպանության բոլոր միջոցներն սպառած անձին հնարավորություն չի տալիս վերջնական դատական ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան` տվյալ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության, ինչպես նաև դիմումի առարկայի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննության իրականացման հիմքերով, ապա այդ անձինք չպետք է կրեն այդ արգելքի բացասական հետևանքները: Մասնավորապես` նրանց համար պետք է ապահովվի Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերջնական դատական ակտի վերանայման այն հնարավորությունը, որը կապահովվեր, եթե Սահմանադրական դատարանի որոշումն ընդունվեր նրանց դիմումի հիման վրա քննության ընդունված գործի քննության արդյունքում:

5.3. Վիճարկվող դրույթից` Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասից հետևում է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն այլ անձի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում ընդունված որոշման հիմքով վերանայելու համար, ի թիվս այլնի, անհրաժեշտ է, որ այդ ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանած լինի նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իր իրավունքը: Փաստորեն Սահմանադրական դատարանում տվյալ գործով դիմող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի` Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով վերանայումը հնարավոր չէ, եթե այդ անձը համապատասխան դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրվա դրությամբ չի ունեցել նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավունք: Նշվածից հետևում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում ամրագրված կարգավորումից չեն կարող օգտվել ոչ միայն այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու (դատական պաշտպանության միջոցներն սպառվելու) և Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու օրվա միջև առկա է վեց ամիսը գերազանցող ժամանակահատված (հաշվի առնելով Սահմանադրական դատարան դիմելու համար Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետը), այլև այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն մինչև այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումը:

Սույն գործի շրջանակում Սահմանադրական դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավիճակներին (ինչպես սույն գործով դիմողների դեպքում է), երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու և այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես` հնարավոր է, որ ֆիզիկական կամ իրավաբանական անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը վերը նշված ժամանակահատվածում օրինական ուժի մեջ մտնելու (դատական պաշտպանության միջոցներն սպառվելու) պայմաններում վերջինս, հաշվի առնելով Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դրույթները, հնարավորություն չունենա իրականացնելու Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով երաշխավորված իր իրավունքը` դիմումի առարկայի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն իրականացվելու կամ դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման առկայության հիմքով: Այնուհետև, այդ պայմաններում Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգավորման հետևանքով չի ապահովվի այդ անձի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի վերանայումն այլ անձի դիմումի հիման վրա հարուցված գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշման հիման վրա նոր հանգամանքի հիմքով:

Փաստորեն, հիմք ընդունելով նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին Սահմանադրական դատարանի որոշումների նշանակությունը դատարաններում քննվող (քննված) գործերով դատավարության մասնակիցների համար` ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել վերջիններիս հետևյալ խմբերը.

1) անձինք, որոնց նկատմամբ համապատասխան դրույթը վերջնական դատական ակտով կիրառվել է, և նրանք դատական պաշտպանության միջոցներն սպառել են մինչև այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու օրը և այդ օրվա դրությամբ չեն կորցրել Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը (օրենքով սահմանված ժամկետն ավարտվելու հետևանքով). նշված անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը, սույն գործով վիճարկվող դրույթի համաձայն, նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման այն դեպքում, երբ այդ դատական ակտով կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթն այլ անձի դիմումի հիման վրա ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ Սահմանադրական դատարանի մեկնաբանությամբ Սահմանադրությանը համապատասխանող.

2) անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են այլ անձի դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հրապարակումից հետո, այսինքն` նրանց մասնակցությամբ դատական գործընթացները Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը հրապարակելու դրությամբ դեռևս ընթանում էին. նշված անձանց մասնակցությամբ գործերով դատարանները պետք է առաջնորդվեն Սահմանադրական դատարանի համապատասխան որոշմամբ, դրանով արտահայտված դիրքորոշումներով, ինչը բխում է Սահմանադրության գերակայությունն ապահովելու` Սահմանադրական դատարանի առաքելությունից (Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մաս) և անհրաժեշտ է իրավական անվտանգության ապահովման համար.

3) անձինք, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են այլ անձի դիմումը Սահմանադրական դատարանում մուտքագրվելու և այդ դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի կողմից որոշումը հրապարակելու միջև ընկած ժամանակահատվածում, և Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն զրկված են եղել Սահմանադրական դիմելու հնարավորությունից: Նշված անձինք, ըստ ներկայումս գործող իրավակարգավորումների, այլ անձի դիմումի հիման վրա գործով Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման հիման վրա չեն կարող պահանջել իրենց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի` նոր հանգամանքի հիմքով վերանայում:

Նշվածից հետևում է, որ վերը նշված առաջին երկու կետերում ներառված անձանց դեպքերում Սահմանադրական դատարանի որոշումն ունենում է որոշակի ազդեցություն, այն է` մի դեպքում այն հանգեցնում է վերջնական դատական ակտի` նոր հանգամանքի հիմքով վերանայման, իսկ մյուս դեպքում` դատարաններն առաջնորդվում են այդ որոշմամբ և դրանով արտահայտված դիրքորոշումներով, ինչը ևս Սահմանադրական դատարանի որոշման կատարման դրսևորում է: Ի հակադրումն նշված անձանց` երրորդ կետում ներառված անձանց մասնակցությամբ գործերի վրա Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը չի ունենում որևէ ազդեցություն այն իմաստով, որ այդ որոշման կատարման վերը նշված կառուցակարգերից որևէ մեկը չի գործադրվում: Մասնավորապես` այդ անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը ենթակա չեն վերանայման նոր հանգամանքի հիմքով, իսկ նրանց մասնակցությամբ դատական գործերի շրջանակում դատարանների` Սահմանադրական դատարանի որոշմամբ առաջնորդվելն այլևս հնարավոր չէ` դատական պաշտպանության միջոցները նախքան Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումն սպառված լինելու հետևանքով:

Այս առնչությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտն ուժի մեջ է մտել (դատական պաշտպանության միջոցներն սպառվել են) Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելու և այդ գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում, և վերջիններս Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված` Սահմանադրական դատարանի կողմից գործի քննությունը մերժելու հիմքերի առկայության պայմաններում զրկված են եղել Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից, պետք է ունենան վերջնական դատական ակտի վերանայման հավասար հնարավորություն:

Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասում ամրագրված կարգավորումների պայմաններում չեն ապահովվում այն ֆիզիկական և իրավաբանական անձանց արդյունավետ դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների իրականացման անհրաժեշտ կառուցակարգեր, որոնք Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն չեն ունեցել Սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված կարգավորումների հետևանքով: Նշվածը հանգեցնում է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներում ամրագրված պահանջների խախտման:

5.4. Միաժամանակ Սահմանադրական դատարանը փաստում է, որ, ինչպես նշվեց, վերը նշված անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու անհրաժեշտությունը Սահմանադրական դատարանն արձանագրել է 2008 թվականի ապրիլի 15-ի ՍԴՈ-751 որոշմամբ` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 9-ին)` մինչև 2011 թվականի նոյեմբերի 21-ը գործող խմբագրությամբ 69-րդ հոդվածի 12-րդ մասը համապատասխան մասով ճանաչելով 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությանը հակասող և անվավեր: Փաստորեն օրենսդիրը սույն գործով վիճարկվող կարգավորումները սահմանելիս մինչև ՍԴՈ-751 որոշման ընդունումը գործող իրավակարգավորումների համեմատ ընդլայնել է այն անձանց շրջանակը, որոնց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերը ենթակա են նոր հանգամանքի հիմքով վերանայման` դրանում ներառելով նաև այն անձանց, որոնք Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը: Այդուհանդերձ, վիճարկվող կարգավորումները նախատեսելիս օրենսդիրը չի իրացրել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-751 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները` ամրագրելով այնպիսի դրույթ, որն ըստ էության բացառում է այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի վերանայումը, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու ժամկետը:

Վերոգրյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը ենթադրում է նաև, որ օրենսդիր մարմինը կարգավորումներ սահմանելիս պարտադիր կերպով պետք է հաշվի առնի Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչը պարտադիր է Սահմանադրության պահանջների կատարման տեսանկյունից: Նշված հանգամանքն արտացոլված է Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում: Մասնավորապես` 2006 թվականի հոկտեմբերի 18-ի ՍԴՈ-652 որոշմամբ Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իր որոշման մեջ Սահմանադրության նորմի իրավական բովանդակության բացահայտման կամ օրենքի նորմի սահմանադրական բովանդակության բացահայտման միջոցով ձևակերպում է իր իրավական դիրքորոշումը, որը պարտադիր բնույթ ունի ինչպես իրավակիրառողների, այնպես էլ իրավաստեղծ բոլոր մարմինների համար: Սահմանադրական դատարանը մեկ այլ` 2017 թվականի մարտի 28-ի ՍԴՈ-1359 որոշմամբ նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշումների պատշաճ կատարումն իրավական անվտանգության ապահովման երաշխիք է և կարևորել, որ օրենսդրորեն անհրաժեշտ է ապահովել, որ պետական մարմինները և պաշտոնատար անձինք Սահմանադրական դատարանի որոշումների կատարումը երաշխավորեն դրանց ամբողջության մեջ` հաշվի առնելով ոչ միայն որոշման եզրափակիչ, այլև պատճառաբանական մասում շարադրված իրավական դիրքորոշումները, որոնք սահմանադրական իրավունքի աղբյուր են և իրենց բնույթով հանդիսանում են սահմանադրական դրույթների պաշտոնական մեկնաբանություններ:

Սահմանադրական դատարանը, արձանագրելով, որ սույն գործով վիճարկվող դրույթն ընդունելիս օրենսդրի կողմից չեն իրացվել Սահմանադրական դատարանի ՍԴՈ-751 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումները, հարկ է համարում կրկին ընդգծել, որ իրավական նորմերի հնարավոր հակասահմանադրականությունը բացառելու նպատակով անհրաժեշտ է ապահովել Սահմանադրական դատարանի որոշումների լիարժեք կատարումը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասն այն մասով, որ չի նախատեսում այն անձանց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտերի` նոր հանգամանքի հիմքով վերանայում, որոնք դատական պաշտպանության միջոցներն սպառել են Սահմանադրական դատարանում այլ անձի դիմումը մուտքագրվելուց հետո, սակայն նրանց նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ այլ անձի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն սկսելու օրվա կամ այդ հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակման օրվա դրությամբ լրացած չի եղել նրանց կողմից Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ճանաչել Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներին հակասող և անվավեր:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

29 մարտի 2022 թվականի

ՍԴՈ-1645

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 30 մարտի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
29.03.2022
N ՍԴՈ-1645
Որոշում