(ուժը կորցրել է 14.04.04 թիվ 649-Ն որոշում)
i
040.0792.180602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մայիսի 2002 թվականի N 792-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 30-ի «Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն ստեղծելու մասին» N 82 որոշման 2-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 792-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը (այսուհետ` գործակալություն) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության (այսուհետ` նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ ջրային ռեսուրսների (մակերևութային և ստորերկրյա) կառավարման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանն ու այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
ա) ջրի ազգային ծրագրի շրջանակներում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանման (այսուհետ` բնագավառ) ապահովումը.
բ) ջրի ազգային ծրագրի մշակմանը և իրականացմանը մասնակցությունը.
գ) բնագավառում իրականացվող ծրագրերի ներդաշնակության ապահովումը.
դ) բնագավառի հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների արդյունքների ներդրման գործընթացի համակարգումը.
ե) ջրային ռեսուրսների որակական և քանակական մոնիտորինգի պահանջարկի ձևավորումը.
զ) ջրային ռեսուրսների պետական կադաստրի ապահովումը:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալության նպատակների և խնդիրների իրագործման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` գործակալության կողմից իրականացվող գործառույթներն են`
ա) բնագավառին առնչվող նորմատիվ ակտերի մշակման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
բ) ջրային օբյեկտների և ռեսուրսների դասակարգումն ու գնահատումը` ըստ ջրօգտագործման նշանակության.
գ) ջրային ռեսուրսների հաշվեկշռի կազմումը.
դ) ջրային օբյեկտների գույքագրման և անձնագրավորման աշխատանքներին մասնակցությունը.
ե) ջրապահանջի գնահատումը և ջրային ռեսուրսների առաջարկի ձևավորումը.
զ) ջրային օբյեկտների բնապահպանական և էկոլոգիական նվազագույն հոսքերի սահմանման աշխատանքներին մասնակցությունը.
է) ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը.
ը) սահմանված նորմաների հիման վրա ջրօգտագործման և ջրահեռացման ծավալների անհատական չափաքանակների հաստատումը.
թ) բաց ջրավազան կամ կոյուղու կոլեկտոր հեռացվող կեղտաջրերում պարունակվող վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի անհատական չափաքանակների հաստատումը և թույլտվությունների տրամադրումը.
ժ) ջրային օբյեկտներից ջրառի և կեղտաջրերի թափման վերաբերյալ պայմանագրերի կնքումը.
ժա) ջրառի, նպատակային ջրօգտագործման և ջրային օբյեկտներ թափվող հոսքաջրերի, ինչպես նաև դրանցում պարունակվող վնասակար նյութերի քանակության հաշվառման ապահովումը.
ժբ) ջրաչափական դիտակետերի չափաբերման և դրանց անձնագրավորման աշխատանքների կազմակերպումը և դրանց մասնակցությունը.
ժգ) առանձին ջրատնտեսական համակարգերի ջրակորուստների չափաքանակների հաստատումը` համաձայնեցնելով ջրային համակարգերի կառավարման պետական լիազոր մարմնի հետ.
ժդ) ջրային ռեսուրսների պահպանության պլանների մշակումը (ըստ ջրավազանների), ջրի միջնաժամկետային բաշխումը տարբեր բնագավառների և առաջնային ջրօգտագործողների միջև:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը: Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
Իր գործունեության ընթացքում գործակալության պետն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետը հաշվետու է նախարարին:
11. Գործակալության պետը`
ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
բ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ.
գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) իր իրավասության սահմաններում առաջարկություններ է ներկայացնում նախարարության աշխատակազմի ղեկավարին գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.
է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.
ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.
ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ժբ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին գործակալության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.
ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
12. Գործակալության պետի բացակայության դեպքում, գործակալության պետի ներկայացմամբ և նախարարի հանձնարարությամբ, կամ դրա անհնարինության դեպքում` նախարարի անմիջական հանձնարարությամբ գործակալության պետի պարտականությունները կատարում է գործակալության պետի տեղակալներից մեկը:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
13. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին գործակալության մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
14. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և կարող է ունենալ տարածքային մարմիններ: Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
15. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:
16. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 16-ի N 792-Ն որոշման
i
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. Կառուցվածքային ստորաբաժանումներ
Ջրային ռեսուրսների ծրագրերի բաժին
Ջրային ռեսուրսների հաշվառման բաժին
Ջրօգտագործման թույլտվությունների և պայմանագրերի բաժին
Ջրավազանային հսկողության բաժին
II. Տարածքային ստորաբաժանումներ
Հյուսիսային ջրավազանային մարմին
Սևան-Հրազդանյան ջրավազանային մարմին
Արարատյան ջրավազանային մարմին
Ախուրյանի ջրավազանային մարմին
Հարավային ջրավազանային մարմին
(կառուցվածքը խմբ. 27.03.03 թիվ 300-Ն որոշում)