Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 20 ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 2 դեկտեմբերի 2022 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԹԻՎ CAM 1016 01 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Հովհաննիսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի նոյեմբերի 24-ի N 1783-Ա որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2022 թվականի նոյեմբերի 24-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին` բյուջետային աջակցությամբ ծրագրի (Ծրագիր) ֆինանսավորման նպատակով:

2. Ըստ դիմումին կից ներկայացված Ֆինանսների նախարարության հիմնավորման` բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, հետևաբար` վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված` մի շարք ոլորտներում միջոցառումների և բարեփոխումների իրականացումը: Նշվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ և, հետևաբար, բարեփոխումների շրջանակը ևս նույնական է վերջինիս հետ` 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ Համաձայնագրի քաղաքականության աղյուսակի հետ:

Ծրագրի շրջանակը, մասնավորապես, ներառում է.

- հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը,

- պետական ներդրումների, այդ թվում` պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները,

- պետական գնումների համակարգի արդիականացումը,

- կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը,

- կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը,

- ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը,

- կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ:

3. 2022 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ C20220628 որոշման համաձայն` Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ կամ Վարկատու) համաձայնել է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել հարյուր միլիոն եվրո (100.000.000 եվրո) առավելագույն ընդհանուր գումարի չափով Վարկային միջոցներ` Համաձայնագրի պայմաններին համապատասխան:

Համաձայնագրով վճարման ենթակա յուրաքանչյուր գումարի արժույթը եվրոն է` բացառությամբ 14.6-րդ կետով (Վճարման վայրը) նախատեսված դեպքերի:

4. Համաձայնագիրն ունի հավելվածներ և հավելվածների ներածական դրույթներ, որոնք կազմում են Համաձայնագրի մաս և ունեն նույն իրավաբանական ուժը, մասնավորապես` Հավելված 1Ա. «Սահմանումները», Հավելված 1Բ. «Մեկնաբանումը», Հավելված 2. «Ծրագրի նկարագրությունը», Հավելված 3Ա. «Ֆինանսավորման պլանը», Հավելված 3Բ. «Քաղաքականության աղյուսակը», «Քաղաքականության մատրիցա», Հավելված 4. «Նախապայմանները», Հավելված 5Ա. «Մասհանման հայտի ձևը», Հավելված 5Բ. «Մասհանման և դրույքաչափի հաստատման ձևը», Հավելված 5Գ. «Դրույքաչափի փոխարկման հայտի ձևը», Հավելված 5Դ. «Դրույքաչափի փոխարկման հաստատման ձևը» և Հավելված 6. «Տեղեկություններ, որոնք կարող են հրապարակվել Ֆրանսիայի կառավարության կայքում և վարկատուի կայքում»:

5. Վարկային միջոցների նպատակն է ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության` Ծրագրի իրականացման համար նախատեսված բյուջեն, ինչպես նկարագրված է 2-րդ հավելվածում (Ծրագրի նկարագրությունը), 3Ա հավելվածում (Ֆինանսավորման պլանը) նկարագրված Ֆինանսավորման պլանին և 3Բ հավելվածում (Քաղաքականության աղյուսակը, Քաղաքականության մատրիցա) նկարագրված պետական քաղաքականության աղյուսակին համապատասխան:

6. Վարկային միջոցները Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում են Վարկի տրամադրման ժամանակահատվածում` երկու (2) Մասհանմամբ, և առաջարկվող Մասհանման գումարը պետք է լինի առնվազն հիսուն միլիոն եվրո (50. 000.000 եվրո) կամ Վարկային սահմանաչափի մնացորդին հավասար գումար, եթե այդպիսի գումարը հիսուն միլիոն եվրոյից (50. 000.000 եվրո) պակաս է:

Մասհանումների միջոցները պետք է փոխանցվեն Հայաստանի կենտրոնական բանկում Հայաստանի Հանրապետության հաշվին, որի վերաբերյալ մանրամասները Հայաստանի Հանրապետության կողմից պետք է պատշաճ ծանուցվեն Վարկատուին` Մասհանման Հայտում:

7. Համաձայնագրի 5.1-ին կետով սահմանված է, որ եթե Շուկայի ապակայունացման դեպքն ազդում է եվրագոտու միջբանկային շուկայի վրա, և հնարավոր չէ ֆիքսված Տոկոսադրույքի դեպքում Մասհանման նկատմամբ կիրառելի ֆիքսված Տոկոսադրույքը որոշելը, կամ լողացող Տոկոսադրույքի դեպքում Տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակահատվածում կիրառելի EURIBOR-ը որոշելը, ապա Վարկատուն այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետությանը, և նկարագրված իրավիճակի դեպքում համապատասխան Մասհանման կամ Տոկոսների հաշվարկման համապատասխան ժամանակահատվածի համար, ըստ իրավիճակի, կիրառելի Տոկոսադրույքը կլինի` Թույլատրելի սահմանաչափի, և տարեկան տոկոսադրույքի գումարը, որը հավասար է Վարկատուի կողմից համապատասխան Մասհանումը (Մասհանումները) ֆինանսավորելու հետ կապված ծախսերին` անկախ այն աղբյուրից, որն այն կարող է ողջամտորեն ընտրել: Այդ դրույքաչափի մասին Հայաստանի Հանրապետությունը ծանուցվում է հնարավորինս շուտ, սակայն ցանկացած դեպքում` նախքան ֆիքսված Տոկոսադրույքի մասով այդ Մասհանման հետ կապված վճարման ենթակա տոկոսների առաջին Վճարման ամսաթիվը կամ լողացող Տոկոսադրույքի մասով Տոկոսների հաշվարկման տվյալ ժամանակահատվածում վճարման ենթակա տոկոսների Վճարման ամսաթիվը:

8. Համաձայնագրով սահմանված է, որ Համաձայնագրի 5.2-րդ կետի (Հրապարակված դրույքաչափի փոխարինում) դրույթները գերակայում են 5.1-ին կետի (Շուկայի ապակայունացումը) դրույթների նկատմամբ:

Համաձայնագրի 13.1-ին կետով սահմանված յուրաքանչյուր դեպք կամ հանգամանք համարվում է Պարտավորությունների չկատարման դեպք:

Պարտավորությունների չկատարման դեպք տեղի ունենալուց հետո և ցանկացած ժամանակ Վարկատուն կարող է, առանց որևէ պաշտոնական պահանջ ներկայացնելու կամ որևէ դատական կամ արտադատական վարույթ սկսելու, Հայաստանի Հանրապետությանը գրավոր ծանուցելու միջոցով` չեղարկել Վարկային սահմանաչափի մնացորդը և (կամ) հայտարարել, որ վարկային միջոցներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը ցանկացած հաշվեգրված կամ վճարման ենթակա տոկոսի հետ միասին, ինչպես նաև Համաձայնագրով վճարման ենթակա բոլոր մյուս գումարները ենթակա են անհապաղ վճարման:

9. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

9.1. ստորագրման ամսաթվից ոչ ուշ Վարկատուին տրամադրել Համաձայնագրի 4-րդ հավելվածի (Նախապայմանները) I մասով սահմանված բոլոր փաստաթղթերը,

9.2. յուրաքանչյուր Վճարման ամսաթվին վճարել Մասհանման (Մասհանումների) համար հաշվեգրված տոկոսագումարը,

9.3. վճարել Համաձայնագրի 4.3-րդ կետով (Ժամկետանց վճարման և պարտավորությունների չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսը) սահմանված ցանկացած չմարված տոկոս Վարկատուի կողմից ներկայացված պահանջից անմիջապես հետո կամ չմարված գումարի վճարման ժամկետին հաջորդող յուրաքանչյուր Վճարման ամսաթվին,

9.4. ստորագրման ամսաթվից սկսած 6 ամիս հետո` Վարկատուին վճարել տարեկան զրո ամբողջ հինգ տոկոս (0.5%) պարտավորության վճար, որը հաշվարկվում է Վարկային սահմանաչափի մնացորդի գումարի նկատմամբ, որը համամասնորեն գնահատվում է օրերի փաստացի քանակի համար և ավելացվում է Վարկատուի կողմից տրամադրվող Մասհանման գումարի չափով` ակնկալվող Մասհանման հայտի համաձայն,

9.5. արտոնյալ ժամկետը լրանալուց հետո, յուրաքանչյուր Վճարման ամսաթվին, երեսուն (30) կիսամյակային վճարումներով` սկսած 2028 թվականի մայիսի 15-ից մինչև 2042 թվականի նոյեմբերի 15-ը, Վարկատուին վճարել Վարկային միջոցների մայր գումարը,

9.6. մինչև Մասհանման ժամանակահատվածի ավարտը չկատարել կանխավճարի ձևով Վարկային միջոցների ամբողջական կամ դրա որևէ մասի վճարում, իսկ Մասհանման ժամանակահատվածի ավարտին հաջորդող օրվանից կանխավճարի ձևով Վարկային միջոցների ամբողջական կամ դրա որևէ մասի վճարումը կատարել Համաձայնագրի 8.1-ին կետի 1-ին մասի «ա»-»զ» պարբերություններում սահմանված պայմանների պահպանմամբ,

9.7. կանխավճարի ձևով չվճարել կամ չչեղարկել Վարկային միջոցներն ամբողջությամբ կամ դրանց որևէ մաս` բացառությամբ Համաձայնագրով հստակորեն նախատեսված դեպքերի և կարգի,

9.8. եթե Համաձայնագրում փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջանում, ապա Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերը (ներառյալ` իրավաբանական ծառայությունների համար վճարները), որոնք ողջամտորեն առաջացել են այդպիսի անհրաժեշտությանն արձագանքելու, այն գնահատելու, դրա շուրջ բանակցելու կամ համապատասխանելու համար. այս վճարներն ու ծախսերը կսահմանափակվեն մինչև տասնհինգ հազար եվրո (15.000 եվրո)` առանց Հայաստանի ԱԱՀ-ի,

9.9. Վարկատուին հատուցել բոլոր այն ծախսերն ու ծախքերը (ներառյալ` իրավաբանական ծառայությունների համար վճարները), որոնք այն կրել է Համաձայնագրով նախատեսված իր ցանկացած իրավունքի իրականացման կամ պահպանման համար,

9.10. ուղղակիորեն վճարել կամ անհրաժեշտության դեպքում Վարկատուին հատուցել վերջինիս կողմից կատարված` կանխավճարի հետ կապված բոլոր ծախսերի և ծախքերի (ներառյալ` իրավաբանական ծառայությունների համար վճարները) գումարները, Համաձայնագրի և դրա ցանկացած հնարավոր փոփոխության հետ կապված բոլոր պետական տուրքերը, գրանցման և նմանատիպ այլ հարկերի ծախսերը,

9.11. ապահովել, որ Համաձայնագրի համաձայն Վարկատուին արվող բոլոր վճարումները զերծ լինեն Պահվող հարկերից,

9.12. Հայաստանի Հանրապետության հաշվին Վարկատուին հատուցել բոլոր այն ծախքերը և (կամ) Հարկերը, որոնք վճարվել են Վարկատուի կողմից (եթե կիրառելի է)` բացառությամբ Ֆրանսիայում վճարման ենթակա որևէ Հարկի,

9.13. Համաձայնագրի 10-րդ կետով (Հայտարարությունները և երաշխիքները) սահմանված բոլոր հայտարարություններն ու երաշխիքները հօգուտ Վարկատուի կատարել և տալ Ստորագրման ամսաթվին,

9.14. երաշխավորել, որ պարտավորությունների չկատարման որևէ դեպք չի շարունակվի կամ ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա,

9.15. անհապաղ ձեռք բերել կիրառելի իրավունքով կամ կարգավորմամբ պահանջվող ցանկացած Թույլտվություն` ներառյալ, բայց չսահմանափակվելով վավերացումով, ապահովել դրա հետ համապատասխանություն և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները` այն ուժի մեջ պահելու և դրա գործողության համար, որպեսզի կարողանա կատարել Համաձայնագրով նախատեսված ՀՀ պարտավորությունները և ապահովել դրանց օրինականությունը, վավերականությունը, կատարումն ու ընդունելիությունը որպես ապացույց,

9.16. իրականացնել Ծրագիրը` համաձայն լայնորեն ընդունված անվտանգության սկզբունքների և գործող տեխնիկական չափանիշների, և պահպանել Ծրագրի ակտիվները` կիրառելի բոլոր օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, ինչպես նաև գործառնական և սպասարկման լավ պայմաններում, և օգտագործել այդպիսի ակտիվներն իրենց նպատակին և կիրառելի բոլոր օրենքներին ու կանոնակարգերին համապատասխան,

9.17. չլրամշակել կամ չփոփոխել Ֆինանսավորման պլանը` առանց Վարկատուի նախնական գրավոր համաձայնության, և ֆինանսավորել Ֆինանսավորման պլանով չնախատեսված ցանկացած լրացուցիչ ծախս այն պայմաններով, որոնք կապահովեն Վարկի մարումը,

9.18. ապահովել, որ Համաձայնագրով նախատեսված իր վճարման պարտավորությունները մշտապես առնվազն ըստ pari passu սկզբունքի դասակարգվեն Հայաստանի Հանրապետության մյուս ներկա և ապագա չապահովված և ոչ առաջնահերթ վճարման պարտավորությունների հետ, որևէ այլ վարկատուի չտրամադրել առաջնահերթություն կամ երաշխիքներ` բացառությամբ այն դեպքերի, երբ նույն առաջնահերթությունը կամ երաշխիքները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կողմից հօգուտ Վարկատուի` վերջինիս կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու դեպքում,

9.19. լիազորել Վարկատուին և նրա ներկայացուցիչներին տարեկան կտրվածքով ստուգումներ իրականացնել, որի նպատակն է Ծրագրի և Մշտադիտարկման աղյուսակի իրականացումն ըստ տեխնիկական և ինստիտուցիոնալ հայեցակետերի գնահատելը, և այդպիսի ստուգումներ իրականացնելիս համագործակցում և Վարկատուին և նրա ներկայացուցիչներին է տրամադրում ողջամիտ ամբողջական աջակցություն և տեղեկություններ. այդ ստուգումների ժամկետները և ձևաչափը սահմանվում են Վարկատուի կողմից Հայաստանի Հանրապետության հետ խորհրդակցելուց հետո,

9.20. Վարկատուին տրամադրել այնպիսի տեղեկություն, որը Վարկատուն կարող է ողջամտության սահմաններում պահանջել` կապված Հայաստանի Հանրապետության արտաքին և ներպետական պարտքերի, ինչպես նաև երաշխավորված վարկի կարգավիճակի հետ,

9.21. Վարկատուին տրամադրել այնպիսի իրադարձության կամ հանգամանքի մանրամասները, որը համարվում է կամ կարող է համարվել Պարտավորությունների չկատարման դեպք կամ կարող է ունենալ Էական բացասական ազդեցություն, ինչպես նաև տեղեկություններ` այդ դեպքի բնույթի և այն կարգավորելու համար ձեռնարկված կամ ձեռնարկվելիք բոլոր գործողությունների վերաբերյալ (առկայության դեպքում)` դրանց մասին տեղեկանալուց անմիջապես հետո,

9.22. առանց Վարկատուի նախնական համաձայնության չբացահայտել Համաձայնագրի բովանդակությունը որևէ երրորդ կողմի, բացառությամբ Համաձայնագրի 15.9-րդ կետի «ա» պարբերությամբ սահմանված դեպքերի:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

2 դեկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1670

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 2 դեկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.12.2022
N ՍԴՈ-1670
Որոշում