(ուժը կարցրել է 01.12.2022 թիվ 1837-Ա որոշում)
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 հուլիսի 2021 թվականի N 1121-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ, 688-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետը, 5-րդ և 6.2-րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տնօրինության «Ա. Ի. Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիա» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` քաղաք Երևան, Աջափնյակ, Ալիխանյան եղբայրների փողոցի 2 հասցեում գտնվող 668 260 000 դրամ գնահատված արժեքով 9576.5 քառ. մետր մակերեսով արտադրամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով 25 (քսանհինգ) տարի ժամկետով հանձնել «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամին (այսուհետ` հիմնադրամ) (գրանցման համար` N 222.160.1170357, գտնվելու վայրը` 3-րդ թաղամաս, շենք 6, բն. 22, Դավթաշեն 0054, Երևան, Հայաստան)` իր կողմից ներկայացված ծրագրին համապատասխան աշխատանքներ իրականացնելու համար:
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ`
1) հիմնադրամը պարտավոր է իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթեր ու հաշվետվություն ներկայացնել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն ու Պետական գույքի կառավարման կոմիտե` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
2) հիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
3) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատարին` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված փաստաթղթերի և հաշվետվության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը` յուրաքանչյուր հաշվետու տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել Պետական գույքի կառավարման կոմիտե:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
2021 թ. հուլիսի
Երևան