(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
16 ապրիլի 1991 թ. թիվ 283
i
ՀՈՂԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.
Սահմանել, որ`
1. Հողի սեփականաշնորհման ընթացքում ստեղծված պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների և կոլեկտիվ տնտեսությունների հողատարածություններն անցնում են պատգամավորների համապատասխան գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը և նշված տնտեսությունների կողմից օգտագործվում են վարձակալական հիմունքներով:
2. Լուծարված խորհտնտեսությունների, կոլեկտիվ տնտեսությունների չսեփականաշնորհված հիմնական միջոցները և ընդհանուր օգտագործման գյուղատնտեսական օբյեկտները հանձնվում են պատգամավորների համապատասխան գյուղական, ավանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը:
Պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների տնօրինությանը հանձնված հիմնական միջոցներից կաթի փոխադրման ցիստեռները` վառելանյութերի և քսանյութերի իրենց ֆոնդերով, 1991 թվականի օգոստոսի 1-ից նշված գործկոմների հաշվեկշռից հանձնվում են Հայաստանի Հանրապետության սննդի արդյունաբերության նախարարության տվյալ շրջանում գտնվող կաթի, պանրի գործարանների հաշվեկշռին:
/լրաց. 06.08.91 թիվ 498 որոշում/
3. Պետական գյուղատնտեսական ձեռնարկությունները, կոլեկտիվ տնտեսությունները և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունները պարտավոր են պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից գյուղատնտեսական աշխատանքների տեխնոլոգիայի պահպանմամբ կազմված ժամանակացանկի (գրաֆիկի) համաձայն իրենց հաշվեկշռում եղած արտադրական հիմնական միջոցներով կատարել աշխատանքներ և մատուցել ծառայություններ տվյալ տարածքում տեղաբաշխված բոլոր գյուղացիական տնտեսությունների համար:
4. Պետական գյուղատնտեսական ձեռնարկություններն իրենց գործունեությամբ ենթարկվում են պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների գյուղատնտեսության վարչություններին, իսկ կոլեկտիվ տնտեսություններն իրենց գործունեությունն իրականացնում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներում գրանցված կանոնադրության համաձայն:
5. Խորհտնտեսությունների և կոլեկտիվ տնտեսությունների լուծարումից հետո կազմակերպված գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների արտադրանքի իրացման, նյութատեխնիկական մատակարարման ու սպասարկման աշխատանքները կազմակերպելու ու կոորդինացնելու նպատակով թույլատրել պատգամավորների գյուղական, ավանային, քաղաքային խորհուրդների գործկոմներին ստեղծելու գործկոմներին առընթեր մասնագետների աշխատանքային խումբ (գյուղատնտես, անասնաբույծ, հիդրոտեխնիկ-մելիորատոր, տնտեսագետ, հաշվապահ և այլն): Հաստիքների թվաքանակը սահմանվում է տվյալ խորհրդի գործկոմի որոշմամբ` ելնելով սպասարկման ոլորտի աշխատանքների ծավալից: Նշված աշխատանքային խմբի պահպանումը իրականացվում է խորհրդի տարածքում գտնվող սեփականության բոլոր ձևերի տնտեսությունների համար պայմանագրային կարգով ծառայությունների դիմաց ստացվող գումարների հաշվին: