ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 853-Ն
ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 371-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 27.10.2022 թիվ 1655-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 27-ի
N 853-Ն որոշման
ԿԱՐԳ
ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Սույն կարգով սահմանվում են պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` Օրենսգիրք) սահմանված իմաստն ու նշանակությունը:
3. Համադրելի ֆինանսական ցուցանիշների առավելագույն և նվազագույն արժեքների միջև ձևավորված տիրույթը համարվում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթ, եթե այդ բոլոր ֆինանսական ցուցանիշները հուսալի համադրելիներ են և ձևավորվել են չվերահսկվող գործարքների արդյունքում:
(3-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1655-Ն որոշում)
4. Այն դեպքում, երբ վերահսկվող գործարքի հետ համադրելի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշներից գոնե մեկը բավականաչափ հուսալի չէ` հաշվի առնելով նաև Օրենսգրքի 366-րդ հոդվածով սահմանված համադրելիության համապատասխան ճշգրտումները, ապա պարզած ձեռքի հեռավորության տիրույթը կորոշվի հետևյալ կարգով`
1) ֆինանսական ցուցանիշի բոլոր կիրառված արժեքները դասավորվում են աճման կարգով.
2) համարակալվում են ըստ աճման կարգի` ամենացածր կիրառված արժեքից մինչև ամենաբարձրը, ընդ որում նույն արժեքի առկայության դեպքում` նման արժեքները համարակալվում են որպես առանձին թվեր.
3) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի ստորին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով`
ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.25-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված ստորին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը.
4) պարզած ձեռքի հեռավորության տիրույթի վերին սահմանը (շեմը) որոշվում է հետևյալ եղանակով`
ա. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալն ամբողջ թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշի և դրան անմիջապես հաջորդող ֆինանսական ցուցանիշի միջին թվաբանական արժեքը,
բ. եթե ֆինանսական ցուցանիշի օգտագործված արժեքների քանակի և 0.75-ի արտադրյալը կոտորակային թիվ է, ապա նշված վերին սահմանը պետք է լինի այդ արտադրյալը մինչև հաջորդ ամբողջ թիվը կլորացնելուց հետո ստացված արդյունքին համապատասխան համարի ֆինանսական ցուցանիշը:
(4-րդ կետը փոփ. 27.10.2022 թիվ 1655-Ն որոշում)