Սեղմել Esc փակելու համար:
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ`...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀՀ ՈՒ ՎԵՐԱԿ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 4 հոկտեմբերի 2022 թ.

 

2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժ. Անդրեասյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2022 թվականի հուլիսի 14-ի N 1070-Ա որոշմամբ հավանություն է տվել 2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել նշված միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2022 թվականի հուլիսի 18-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2022 թվականի հունիսի 9-ին` տարրական կրթություն ստացող երեխաների պատրաստվածությունը դպրոցին բարելավելու, հանրակրթական դպրոցում ֆիզիկական պայմանները և կրթական ռեսուրսների առկայությունը բարելավելու և ՀՀ տարածքում բարձրագույն ուսումնական հաստատություններում որակի և համապատասխանության բարելավմանն աջակցելու նպատակով:

2. Ծրագրի իրականացման համար պատասխանատու մարմին է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` ԿԳՄՍՆ):

3. Համաձայնագիրն ունի երեք Առդիր` Առդիր 1. «Ծրագրի նկարագրությունը», Առդիր 2. «Ծրագրի իրականացում» և Առդիր 3. «Հանձնառության հետ կապված մարման ժամանակացույց» և մեկ Հավելված` «Սահմանումներ»:

4. Ըստ Համաձայնագրի` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (այսուհետ` Բանկ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը տրամադրել քսաներկու միլիոն վեց հարյուր հազար եվրո (22.600.000) գումարի չափով վարկ (այսուհետ` Վարկ)` «Կրթության բարելավում» վարկային ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ֆինանսավորմանն աջակցելու նպատակով: Վարկի մարումը սկսվում է 2037 թ. փետրվարի 15-ից և ավարտվում է 2047 թ. փետրվարի 15-ին: Ծրագրի ավարտի ամսաթիվն է 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը` 14.5 տարի:

5. Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից` Մաս Ա. Հանրակրթության որակի բարելավում, Մաս Բ. Բարձրագույն ուսումնական հաստատությունների նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) լիամասշտաբ գործարկում, Մաս Գ. Ծրագրի կառավարում, մշտադիտարկում և գնահատում:

6. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

ա) վճարել սկզբնավճար, որը հավասար է Վարկի գումարի մեկ քառորդ տոկոսին (0.25%) (Հոդված II, բաժին 2.03),

բ) վճարել պարտավճար, որը սահմանվում է տարեկան Վարկի չառհանված մնացորդի մեկ քառորդ տոկոսի չափով (0.25%) (Հոդված II, բաժին 2.04),

գ) յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ին և օգոստոսի 15-ին` սկսած 2037 թ. փետրվարի 15-ից մինչև 2046 թ. օգոստոսի 15-ը մարել Վարկի մայր գումարը 4.76% մասնաբաժնով, իսկ 2047 թ. փետրվարի 15-ին` 4.8% մասնաբաժնով (Հոդված II, բաժին 2.07, Առդիր 3),

դ) Ծրագրի իրականացումն ապահովելու համար, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, Ծրագրի իրականացման ընթացքում ունենալ ստորաբաժանում (Ծրագրի իրականացման գրասենյակ) այնպիսի լիազորություններով, կառուցվածքով, անձնակազմով, գործառույթներով, պարտականություններով և համապատասխան ռեսուրսներով, ինչպես սահմանված է Ծրագրի գործառնական ձեռնարկում, և այս բոլորը Բանկի համար ընդունելի պայմաններով (Առդիր 2, բաժին I, մաս «Ա»),

ե) Ծրագրի պատշաճ իրականացումն ապահովելու համար Բանկի համար ընդունելի ձևով և բովանդակությամբ, ԿԳՄՍՆ-ի միջոցով պատրաստել և ընդունել ձեռնարկ (Ծրագրի գործառնական ձեռնարկ), որը կներառի Ծրագրի վարչական, ֆինանսական կառավարման, գնումների, հաշվապահական հաշվառման, ինչպես նաև մշտադիտարկման և գնահատման ընթացակարգերն ու պայմանավորվածությունները, Ծրագրի կատարողականի ցուցանիշները, Ծրագրի իրականացման գրասենյակի անձնակազմի դերերն ու պարտականությունները, Ծրագրի մանրամասն նկարագրությունը, Ծրագրի իրականացման մեխանիզմները և մեթոդաբանությունը, նախադպրոցական միկրոծրագրերի և ՆՄՀ ենթածրագրերի ընտրության և դրանց համապատասխան ֆինանսավորման պահանջները, չափանիշները և որոշումների ընդունման գործընթացը (Առդիր 2, բաժին I, մաս «Բ», պարբերություն 1),

զ) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` իրականացնել Ծրագիրը Համաձայնագրին և Ծրագրի գործառնական ձեռնարկին համապատասխան: Բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ բան նախատեսի, չպատվիրակել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել կամ չհրաժարվել Ծրագրի գործառնական ձեռնարկի դրույթներից` առանց Բանկի նախնական հաստատման (Առդիր 2, բաժին I, մաս «Բ», պարբերություն 2),

է) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` Ենթադրամաշնորհներ տրամադրել Շահառուներին` Միկրոծրագրեր կամ Ենթածրագրեր ֆինանսավորելու համար` Բանկի համար ընդունելի համապատասխանության չափանիշների և ընթացակարգերի համաձայն, որոնք ավելի մանրամասն ներկայացվում են Ծրագրի գործառնական ձեռնարկում (Առդիր 2, բաժին I, մաս «Գ», պարբերություն 1),

ը) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` իրացնել յուրաքանչյուր Ենթադրամաշնորհային Համաձայնագրով նախատեսված ՀՀ իրավունքներն այնպես, որ պաշտպանի ՀՀ և Բանկի շահերը և իրագործի Վարկի նպատակները, ինչպես նաև բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկն այլ կերպ կհամաձայնի և, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, չպատվիրակել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել որևէ Ենթադրամաշնորհային համաձայնագիր կամ դրա որևէ դրույթ կամ չհրաժարվել դրանից (Առդիր 2, բաժին I, մաս «Գ», պարբերություն 3),

թ) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` գնահատել, վերանայել, հաստատել և մշտադիտարկման ենթարկել Նախադպրոցական միկրոծրագրերը և ՆՄՀ ենթածրագրերը` Ծրագրի գործառնական ձեռնարկի և Համաձայնագրի համաձայն (Առդիր 2, բաժին I, մաս Գ, պարբերություն 4),

ժ) առանց սահմանափակվելու Համաձայնագրի շրջանակներում հաշվետվողականության այլ պարտավորություններով, ի դեմս ԿԳՄՍՆ-ի, անհապաղ Բանկին տրամադրել առաջընթացի վերաբերյալ ամսական յուրաքանչյուր հաշվետվության պատճենը, որը պատրաստվել և ներկայացվել է Ծրագրի ինժեներաշինարարական աշխատանքները վերահսկող ցանկացած կազմակերպության (ներառյալ` ցանկացած ինժեների), Ծրագրի կապալառուների և/կամ ենթակապալառուների կողմից և անհապաղ տեղեկացնել Բանկին Ծրագրի հետ կապված կամ դրա վրա ազդեցություն ունեցող ցանկացած միջադեպի կամ պատահարի մասին, որն ունի կամ կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի, ազդակիր համայնքների, հանրության կամ աշխատողների վրա (Առդիր 2, բաժին I, մաս «Դ», պարբերություն 4, ենթապարբերություններ «բ», «գ»),

ի) ի դեմս ԿԳՄՍՆ-ի` Ծրագրի իրականացման ողջ ընթացքում Բանկին բավարարող ձևով և բովանդակությամբ ունենալ և հրապարակել բողոքարկման մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան ուսումնասիրելու և արդարացիորեն և բարեխղճորեն լուծելու Ծրագրի հետ կապված բոլոր բողոքները, և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` այդ ընթացակարգի կիրառման արդյունքում կայացրած որոշումները Բանկի կողմից բավարար դիտարկվող ձևով իրագործելու համար (Առդիր 2, բաժին I, մաս «Դ», պարբերություն 5),

լ) Ծրագրի յուրաքանչյուր Հաշվետվություն, որն ընդգրկում է օրացուցային կիսամյակը, Բանկ ներկայացնել յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ավարտից հետո ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում (Առդիր 2, բաժին II),

խ) որևէ առհանում չիրականացնել մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթիվը կատարված վճարումների համար` բացառությամբ այն դեպքերի, երբ նախքան այդ ամսաթիվը կարող են կատարվել առհանումներ, որոնց ընդհանուր գումարը չի գերազանցում 450,000 եվրոն, սակայն դրանք անել 2022թ. մայիսի 1-ին կամ դրանից հետո կատարված 1-ին Կատեգորիայի ներքո Թույլատրելի ծախսերի մասով (Առդիր 2, բաժին III, մաս «Բ»):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «2022 թվականի հունիսի 9-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները` համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

4 հոկտեմբերի 2022 թվականի

ՍԴՈ-1662

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 հոկտեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
04.10.2022
N ՍԴՈ-1662
Որոշում