ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ
դատարանի որոշում թիվ ՍնԴ/0555/04/20
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0555/04/20 2022 թ.
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական
պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող Ռ. Հակոբյան
զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
2022 թվականի մարտի 4-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ դիմումի «Արցախտրանս» ՍՊԸ-ի` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` «Արցախտրանս» ՍՊԸ-ն պահանջել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ին ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 30.04.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
Դատարանի 02.03.2021 թվականի որոշմամբ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից դատարան ներկայացված 17.02.2021 թվականին կայացված պարտատերերի ժողովի որոշումը` օրակարգում ընդգրկված 2-րդ հարցի մասով անվավեր ճանաչելու մասին բողոքը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 20.05.2021 թվականի որոշմամբ «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ի, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերության ներկայացուցչի կողմից Դատարանի 02.03.2021 թվականի «Պարտատերերի ժողովի 17.02.2021 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել «Նաիրի Ինֆրասթրաքչր Քեփիթել Լիմիթեդ» ՍՊԸ-ն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն և «ՎՏԲ Բանկ» հանրային բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Բողոքաբերներ) (ներկայացուցիչ` Վահագն Դալլաքյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ն (ներկայացուցիչ` Նարինե Բաբայան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածը, սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը, 371-րդ հոդվածը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
i
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասը չի կոնկրետացնում ապացույցի այն տեսակը, որը պետք է ներկայացվի վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատարան ուղարկելու փաստը հաստատելու համար: Տվյալ դեպքում, քանի որ հասցեատերերը եղել են մի քանի հարյուրը` Բողոքաբերներն ապացույցը ներկայացրել են ոչ թե մի քանի հարյուր փոստային անդորրագրերի ձևով, այլ մեկ ընդհանուր ցանկի ձևով, որի վրա առկա է «Հայփոստ» ՓԲԸ-ի այն նույն դրոշմակնիքը, որով հաստատվում են փոստային անդորրագրերը` ամսաթվի նշմամբ: Նշված ցուցակի յուրաքանչյուր էջին դրված փոստային դրոշմակնիքը պարունակում է ամսաթիվ, որով հաստատվում է փոստային առաքանին փոստային ծառայության կողմից ընդունվելու ամսաթիվը: Այսինքն, Բողոքաբերները ներկայացրել են վերաքննիչ բողոքի օրինակը գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ պատշաճ ապացույց, որն անթույլատրելի համարելու որևէ իրավական հիմք առկա չէ:
Միաժամանակ, Դատարանի 20.11.2020 թվականի պահանջների վերջնական ցուցակը պարունակում է 528 տող, որը ներառում է ոչ թե 528 պարտատեր, այլ շատ ավելի քիչ թվով պարտատերեր` այն պատճառով, որ որոշ պարտատերեր ցուցակում նշված են երկու, երեք անգամ, քանի որ ներկայացրել են տարբեր պահանջներ, ներառյալ` տարբեր հերթերի պահանջներ: Արդյունքում հաստատված պահանջներով պարտատերերը 386-ն են: Բացի այդ, կան ևս 8 չհաստատված պահանջներով պարտատերեր: Գործին մասնակցող անձանց ցուցակում ներառվել են նաև պարտապանը և սնանկության գործով կառավարիչը: Ընդամենը` գործին մասնակցող 396 անձ: Նման պայմաններում գործին մասնակցող 396 անձանցից հանվել են վերաքննիչ բողոքը ներկայացրած երեք անձինք, արդյունքում ստացվում է 393 անձ: Այնուհետև, հարկ է նշել, որ վերաքննիչ բողոքում ներկայացված գործին մասնակցող անձանց ցանկի 253-374-րդ և 386-րդ համարների ներքո նշված պարտատերերն ունեն մեկ ներկայացուցիչ, որին տրված լիազորագրերում առկա է դատական ծանուցումները և դատավարական փաստաթղթերն ստանալու լիազորություն, ավելին` այդ պարտատերերի կողմից Դատարան ներկայացված պահանջներում, որպես ծանուցման հասցե, նշված է հենց ներկայացուցչի գործունեության հասցեն: Ուստի, այդ 123 պարտատերերի փոխարեն բողոքի մեկ օրինակն ուղարկվել է նրանց ներկայացուցչին, արդյունքում` 393 հասցեատերերը նվազում են 122-ով և դառնում 271: Այդ թվին գումարվել է նաև Դատարանը, որին ևս ուղարկվել է վերաքննիչ բողոքի օրինակը, արդյունքում` ստացվել է 272 հասցեատեր: Նշված 272 հասցեատերերին էլ ուղարկվել են վերաքննիչ բողոքի օրինակները, ինչը հաստատվում է վերաքննիչ բողոքին կից ներկայացված` «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից հաստատված ցանկով:
Այսպիսով, Վերաքննիչ դատարանը չի հետազոտել վերաքննիչ բողոքին կից ներկայացված ցուցակը` որպես ապացույց: Արդյունքում, Վերաքննիչ դատարանը վերադարձրել է վերաքննիչ բողոքը` Բողոքաբերներին զրկելով բողոքի էության վերաբերյալ փաստարկների քննության իրավունքից:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են վերացնել Վերաքննիչ դատարանի 02.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
«Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի անունից 03.01.2022 թվականին փոստային առաքման եղանակով վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Բաբայանը: Սույն գործի հավելվածի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի կողմից փաստաբան Նարինե Բաբայանին լիազորագիրը տրվել է 26.11.2020 թվականին` մեկ տարի ժամկետով (հիմք` հավելված, հատոր 1-ին, գ.թ. 39-ում առկա լիազորագրի պատճենը), ուստի այն ուժի մեջ է եղել մինչև 26.11.2021 թվականը: Նման պայմաններում, վճռաբեկ բողոքի պատասխան ներկայացնելու պահին Նարինե Բաբայանի` «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի անունից հանդես գալու վերաբերյալ գործում (հավելվածում), ինչպես նաև վճռաբեկ բողոքի պատասխանին կից ապացույց առկա չէ:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի և 371-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
i
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
i
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
i
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
i
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով և նույն օրենքով սահմանված կարգով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե նույն օրենքով սահմանված են այլ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն օրենսգրքով սահմանված կանոնները կիրառելի են Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանում սնանկության գործի վարման և դրա շրջանակում առանձին քաղաքացիական գործերի քննության նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմերի վերլուծությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի նկատմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերը կիրառվում են այնքանով, որքանով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերով այլ կանոններ նախատեսված չեն: Այսինքն` այն պարագայում, երբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով նախատեսված է այլ կանոն, սակայն «Սնանկության մասին» ՀՀ օրենքի նորմերը նշված հանգամանքի նկատմամբ սահմանել են այլ մոտեցումներ, ապա պետք է կիրառվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի դրույթը (տե՛ս, ըստ դիմումի ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ընդդեմ Ամալյա Բեգլարյանի թիվ ՍնԴ/0104/04/19 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.05.2020 թվականի որոշումը):
Տվյալ դեպքում, «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սույն գործով ծագած վեճի վերաբերյալ այլ կանոններ սահմանված չեն, որպիսի պայմաններում ենթակա են կիրառման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ներքոնշյալ նորմերը և դրանց վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները: Այսպես`
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 367-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան: Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` բողոքին կցվում են (...) բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
i
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոքին պարտադիր կցվող փաստաթղթերի ցանկում ներառել է նաև վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճենները` դատական ակտը կայացրած դատարանին և գործին մասնակցող անձանց ուղարկելու վերաբերյալ ապացույցները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված օրենսդրական կարգավորումը բխում է քաղաքացիական դատավարությունում գործող մրցակցության սկզբունքի էությունից և նպատակ է հետապնդում ապահովելու մյուս կողմի` իր գործը հավասար պայմաններում ներկայացնելու դատավարական ընթացակարգը: Այսպես, ստանալով վերաքննիչ բողոքը և ծանոթանալով դրա բովանդակությանը` գործին մասնակցող անձն օրենքով սահմանված կարգով իրականացնում է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր դատավարական իրավունքը: Ուստի ցանկացած պարագայում դատարանը պարտականություն է կրում ստուգելու` արդյոք բողոք բերած անձը բողոքն ուղարկել է գործին մասնակցող այլ անձանց, և արդյոք այն ուղարկվել է ճիշտ հասցեով, քանի որ դրա հիման վրա է դատարանն ապահովում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքների պատշաճ իրականացումը (տե՛ս, ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ «Ակումբ համալիր» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/3194/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը):
i
Վերահաստատելով վերոգրյալ դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոք բերած անձի կողմից բողոքի օրինակը գործին մասնակցող այլ անձանց ուղարկելու օրենսդրի պահանջն անմիջականորեն բխում է կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքի իրացման, այն է` գործին մասնակցող անձանց իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու հավասար հնարավորություններ ապահովելու պահանջից: Հետևաբար, ապահովելու համար դատավարության մրցակցային բնույթը` օրենսդրի կողմից ամրագրված նշված պահանջը կրում է իմպերատիվ բնույթ, որի չպահպանումը կարող է հանգեցնել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված` դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելուն:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` Բողոքաբերները Դատարանի 02.03.2021 թվականի «Պարտատերերի ժողովի 17.02.2021 թվականի որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ բողոքը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ դատարան է մուտքագրվել 29.03.2021 թվականին (հավելված, հատոր 4-րդ, գ.թ. 03-48): Վերաքննիչ բողոքին, ի թիվս այլ փաստաթղթերի, կցվել է բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու վերաբերյալ ապացույցը:
Վերաքննիչ դատարանը բողոքարկվող որոշմամբ վերադարձրել է վերաքննիչ բողոքը` արձանագրելով, որ այն չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջներին, մասնավորապես` վերաքննիչ բողոքին կցված չեն բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերը նշված հիմքով վերադարձնելով բողոքը, բավարար չափով չի ուսումնասիրել վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերը` թույլ տալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների խախտում: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանն անտեսել է վերաքննիչ բողոքին կից ներկայացված մեծածավալ ծանուցման ցանկը, որում նշված են ուղարկման ամսաթիվը` «24.03.2021թ.», ուղարկողի անվանումը` «Ինվեսթմնթ Լո Գրուպ» ՍՊԸ (փաստաբան` Վահագն Դալլաքյան)», հասցեատերերի անուններն ու անվանումները` թվով 272, նրանց հասցեները, ինչպես նաև առաքանու տեսակը` «պատվիրված»: Բացի այդ, ցանկի յուրաքանչյուր էջ կնքված է փոստային կապի օպերատորի` «Հայփոստ» ՓԲԸ-ի «24.03.2021» ամսաթիվ պարունակող կնիքով:
i
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասում հստակեցված չէ ապացույցի այն տեսակը, որով բողոք ներկայացնող անձը պետք է հիմնավորի վերաքննիչ բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և դատարան ուղարկելու փաստը: Հետևաբար, հակառակ Վերաքննիչ դատարանի դիրքորոշման, բողոքին կից ներկայացված փաստաթուղթը` ցանկը, որում նշված են ոչ միայն գործին մասնակցող անձանց տվյալները, այլ նաև առկա է փոստային կապի օպերատորի կնիքը, բավարար է հաստատված համարելու բողոքի օրինակները գործին մասնակցող անձանց և ՀՀ սնանկության դատարան ուղարկելու փաստը:
Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բողոքաբերները պահպանել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, այն է` վերաքննիչ բողոքին կից ներկայացրել են բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները, մինչդեռ Վերաքննիչ դատարանը, կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, անհիմն կերպով վերադարձրել է վերջիններիս կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` արդյունքում թույլ տալով այնպիսի դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Հետևաբար` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:
i
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:
i
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.05.2021 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Ռ. Հակոբյան
Զեկուցող Ս. Միքայելյան
Ս. Անտոնյան
Ա. Բարսեղյան
Հ. Բեդևյան
Մ. Դրմեյան
Գ. Հակոբյան
Ա. Մկրտչյան
Տ. Պետրոսյան
Է. Սեդրակյան
Ն. Տավարացյան
Հրապարակվել է www.datalex.am կայքէջում` 4 մարտի 2022 թվական: