Սեղմել Esc փակելու համար:
2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՆԵՐՄՈՒԾՄ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 31 մայիսի 2022 թ.

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Պողոսյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված` «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի ապրիլի 22-ի N 551-Ա որոշմամբ հավանություն է տվել 2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված` «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի ապրիլի 25-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով վերոնշյալ համաձայնագիրը, սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2021 թվականի նոյեմբերի 16-ին Մոսկվայում` «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի մասին» արձանագրության (այսուհետ` Արձանագրություն) 53-րդ կետի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելված) իրագործման նպատակներով:

 

2. Արձանագրությունը հանդիսանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 5 հավելվածը, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 2014 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի վավերացմամբ (վավերացվել է 2014 թվականի դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի ԱԺՈ-132-Ն որոշմամբ):

 

3. Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև (այսուհետ` Անդամ պետություններ):

 

4. Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման ստուգումն իրականացվում է յուրաքանչյուր տարի` անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կողմից` համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում:

Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից Արձանագրության դրույթների պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների կազմակերպման և անցկացման ժամանակ անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները ղեկավարվում են Համաձայնագրով, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությամբ:

Համատեղ վերահսկիչ միջոցառումների աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

5. Համատեղ վերահսկիչ միջոցառումների հիմնական նպատակներն են` անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին ներմուծման մաքսատուրքերի` բաշխման ենթակա գումարների հաշվեգրման նկատմամբ և անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից անդամ պետությունների բյուջեների միջև բաշխման ենթակա` ներմուծման մաքսատուրքերի գումարների ամբողջական ու ժամանակին փոխանցման նկատմամբ, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից` յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանված` ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների պահպանման նկատմամբ ստուգումն ու վերահսկողությունը:

 

6. Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու համար կազմվում է համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու ծրագիր (այսուհետ` ծրագիր):

Հաշվետու տարվա ծրագիրը մշակվում է այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի կողմից, որը համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացնելու տարում նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններին` համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետի:

Ծրագրով սահմանվում են համատեղ վերահսկիչ միջոցառման առարկան, օբյեկտները, այդ միջոցառման շրջանակներում լուծվող հարցերը, օբյեկտներում դրա անցկացման ժամկետները, անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների ներկայացուցիչներից կազմված` վերահսկողության համատեղ խմբի կազմը (այսուհետ` վերահսկողության համատեղ խումբ), անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների կոլեգիաների (խորհուրդների, լիազորված անձանց) (այսուհետ` համատեղ կոլեգիա) համատեղ նիստի անցկացման ամսաթիվն ու վայրը:

Ծրագիրը համաձայնեցվում է անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հետ և հաստատվում դրանց ղեկավարների (նրանց կողմից լիազորված անձանց) կողմից` հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ:

7. Հայաստանի Հանրապետությունը Համաձայնագրով ստանձնում է, մասնավորապես, ներքոնշյալ պարտավորությունները.

- ապահովել, որ համատեղ վերահսկիչ միջոցառումների շրջանակներում տեղեկատվությունն ու փաստաթղթերը ներկայացվեն ռուսերենով կամ ՀՀ պետական լեզվով (կցելով դրանց ռուսերեն թարգմանությունը) (Հոդված 1, 3-րդ կետ, երկրորդ պարբերություն),

- ապահովել, որ յուրաքանչյուր տարի ՀՀ լիազորված մարմնում անցկացվեն համատեղ վերահսկիչ միջոցառումներ, որոնք կավարտվեն հաշվետու տարվան հաջորդող տարվա սեպտեմբերի 1-ից ոչ ուշ (Հոդված 3, 1-ին կետ, առաջին պարբերություն),

- ՀՀ պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի ներկայացուցիչների` համատեղ վերահսկիչ միջոցառումներ անցկացնելու նպատակով գործուղման ծախսերը կատարել ՀՀ բյուջեի միջոցների հաշվին (Հոդված 3, 1-ին կետ, երկրորդ պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները, ՀՀ տարածքում համատեղ վերահսկիչ միջոցառում անցկացվելու պարագայում, ՀՀ լիազորված մարմիններ ուղարկեն ծրագիրը` կցելով նշված միջոցառման կազմակերպման ու անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը (Հոդված 3, 2-րդ կետ, հինգերորդ պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամների համար ապահովեն աշխատանքի պատշաճ պայմաններ (կազմակերպեն լիազորված մարմնի տարածք մուտքի հնարավորությունը, տրամադրեն առանձին տարածք, կազմտեխնիկա, կապի ծառայություններ) և աջակցեն համատեղ վերահսկիչ միջոցառման անցկացմանը (Հոդված 3, 3-րդ կետ, առաջին պարբերություն),

- երաշխավորել վերահսկողության համատեղ խմբի ՀՀ անդամների կողմից գտնվելու վայրի պետության օրենսդրության, ինչպես նաև վերահսկիչ միջոցառումների անցկացման` այդ պետությունում կիրառվող կանոնների ու ընթացակարգերի պահպանումը (Հոդված 3, 3-րդ կետ, երրորդ պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ լիազորված մարմինները վերահսկողության համատեղ խմբի անդամներին տրամադրեն ներմուծման մաքսատուրքերի գումարների հաշվեգրմանն ու բաշխմանը, անդամ մյուս պետությունների բյուջեներ որպես եկամուտ դրանց փոխանցմանն առնչվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը (Հոդված 3, 4-րդ կետ, առաջին պարբերություն),

- ապահովել, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերության համաձայն հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը կամ պարզաբանումները (հարցվող տեղեկատվությունն ու փաստաթղթերը տրամադրելու անհնարինության դեպքում) անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնի հարցման մեջ նշված ժամկետներում` թղթային կրիչով` պատճենների տեսքով և (կամ) էլեկտրոնային տեսքով, ուղարկվեն այն անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը (Հոդված 3, 4-րդ կետ, երրորդ և չորրորդ պարբերություններ),

- ապահովել, որ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ պարունակող տեղեկատվության ու փաստաթղթերի` թղթային կրիչով և (կամ) էլեկտրոնային տեսքով փոխանցումն իրականացվի այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է համատեղ վերահսկիչ միջոցառումը (Հոդված 3, 5-րդ կետ, առաջին պարբերություն),

- երաշխավորել, որ Համաձայնագրի 3-րդ հոդվածի 5-րդ կետի առաջին պարբերությունում նշված տեղեկությունները առանց այդ տեղեկությունները տրամադրած լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի կամ ազգային (կենտրոնական) բանկի գրավոր համաձայնության չեն օգտագործվի դրանց հարցման և տրամադրման նպատակներից բացի այլ նպատակներով. այդպիսի տեղեկությունների հրապարակման համար պատասխանատվությունը սահմանվում է այն պետության օրենսդրությանը համապատասխան, որի քաղաքացին է տվյալ տեղեկությունները հրապարակած անձը, և անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառվող միջազգային պայմանագրերով (Հոդված 3, 5-րդ կետ, երկրորդ պարբերություն),

- ապահովել, որ որպես Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերության մեջ նշված` անդամ պետության պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմին, ֆինանսական վերահսկողության ՀՀ բարձրագույն մարմինը հաշվետու տարվան հաջորդող տարվա նոյեմբերի 1-ից ոչ ուշ, համատեղ վերահսկիչ միջոցառումն անցկացնելու արդյունքներով կազմի ամփոփ հաշվետվության նախագիծ, որում ներառվում են ստուգման ակտերում շարադրված փաստերը, տեղեկատվության և փաստաթղթերի, այդ թվում` անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինների հարցումներով ստացված տեղեկատվության և փաստաթղթերի վերլուծության արդյունքները, և անդամ պետությունների լիազորված մարմինների գրավոր առարկությունների (առկայության դեպքում) ուսումնասիրությունները, եզրահանգումները և հայտնաբերված խախտումների վերացման վերաբերյալ առաջարկները, ինչպես նաև ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկի այդ նիստին դրա ներկայացուցիչների մասնակցության հրավեր (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը) (Հոդված 4, 3-րդ կետ, առաջին և երկրորդ պարբերություններ),

- ապահովել, որ ՀՀ պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը ոչ ուշ, քան համատեղ կոլեգիայի նիստի անցկացման օրվանից 15 աշխատանքային օր առաջ, ՀՀ լիազորված մարմիններ, կենտրոնական մաքսային մարմիններ, ազգային (կենտրոնական) բանկ ուղարկի համատեղ կոլեգիայի նիստին դրանց ներկայացուցիչների` յուրաքանչյուր լիազորված մարմնի, կենտրոնական մաքսային մարմնի, ազգային (կենտրոնական) բանկի իրավասության շրջանակներում մասնակցության հրավերներ (նշելով քննարկման համար նախատեսվող հարցերը) (Հոդված 4, 3-րդ կետ, երրորդ պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ կառավարությունն ամփոփ հաշվետվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկի Հայաստանի Հանրապետության` ամփոփ հաշվետվության մեջ նշված պետական մարմիններ` կատարման համար (Հոդված 5, 1-ին կետ, առաջին պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ պետական մարմինները վերացնեն հայտնաբերված խախտումները, միջոցներ ձեռնարկեն դրանում նշված առաջարկների իրագործումն ապահովելու համար և դրա մասին տեղեկացնեն ՀՀ կառավարությանն ու պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմնին` ամփոփ հաշվետվության մեջ սահմանված ժամկետներին համապատասխան (Հոդված 5, 1-ին կետ, երկրորդ պարբերություն),

- ապահովել, որ ՀՀ պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինը ՀՀ պետական մարմինների կողմից տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման և առաջարկների իրագործման արդյունքների մասին տեղեկացնի մյուս անդամ պետությունների պետական ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմիններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (Հոդված 5, 1-ին կետ, չորրորդ պարբերություն):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված` «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

 

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

31 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1653

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ (ՀԱՄԱՐԺԵՔ ԱՅԼ ՏՈՒՐՔԵՐԻ, ՀԱՐԿԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ) ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԵԳՐԵԼՈՒ ԵՎ ԲԱՇԽԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ՈՐՊԵՍ ԵԿԱՄՈՒՏ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՄԱՏԵՂ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1653 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննելով «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1653 որոշմամբ որոշել է, որ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2022 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1653 որոշմանը` Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը:

Նախ` հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի` «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում: Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:

Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-1653 որոշմամբ «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և վճարների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի պահպանման հարցերին ուղղված համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալը հնարավոր և անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել` անկախ այդ որոշման բովանդակությունից:

Այսպես` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Սահմանադրական դատարանը գործը քննում է միայն համապատասխան դիմումի առկայության դեպքում:

Միաժամանակ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը:

Վերոգրյալ իրավական նորմերից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով:

Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով մինչև միջազգային պայմանագրի վավերացումը որոշում է դրանում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը, իսկ Սահմանադրության 169-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքում Սահմանադրական դատարան դիմում է Կառավարությունը(1):

________________________

1) Համանման իրավական կարգավորում է սահմանում նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասը:

 

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որպես կողմի ի պաշտոնե ներկայացուցիչ` կարող են հանդես գալ Սահմանադրական դատարան դիմած մարմնի ղեկավարը, վիճարկվող ակտն ընդունած մարմնի ղեկավարը, ինչպես նաև «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակված անձը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դիմումը Սահմանադրական դատարան է ներկայացվում գրավոր` իրավասու անձի կողմից ստորագրված: Դիմումը ներկայացվում է թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ նույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված էլեկտրոնային եղանակով դիմումները Սահմանադրական դատարան կարող են ներկայացվել Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում:

Վերը նշված իրավակարգավորումները թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.

- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.

- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.

- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.

- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ:

Կարծում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված` էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան:

Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և թե Սահմանադրական դատարանն էլեկտրոնային որ հարթակով է դիմումներ ընդունում. նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը:

Ավելին, Սահմանադրական դատարանի կայքում նշված է Սահմանադրական դատարանի էլեկտրոնային փոստի հասցեն, նշված են նաև Սահմանադրական դատարանի դատավորների էլեկտրոնային փոստի հասցեները: Եթե կարելի է էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան, և վերջինս իրավասու է նման դիմումների հիման վրա գործեր քննել նաև Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտի բացակայության պայմաններում, ապա ինչպե՞ս է Սահմանադրական դատարան դիմող անձի համար պարզ լինելու, թե արդյոք նա կարող է դիմումը նաև ներկայացնել` այն ուղարկելով Սահմանադրական դատարանի կամ Սահմանադրական դատարանի դատավորի էլեկտրոնային փոստի հասցեով, և նման դիմումներն արդյոք Սահմանադրական դատարանը համարելու է գործի քննության առիթ:

Վերոգրյալը ևս վկայում է Սահմանադրական դատարան էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորության վերաբերյալ համապատասխան իրավական ակտի անհրաժեշտության մասին, որում նշված կլինի նաև էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը: Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը: Այսինքն` Սահմանադրական դատարան դիմող անձանց համար պետք է պարզ լինի նաև, թե ինչ միջոցների կիրառմամբ է Սահմանադրական դատարանում հաստատվում կամ հերքվում ներկայացված էլեկտրոնային փաստաթղթի` իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը, ինչը հնարավորություն կտա Սահմանադրական դատարան դիմող անձանց նախքան էլեկտրոնային եղանակով էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելը կանխատեսել, թե ինչ գնահատական է տրվելու դրանում առկա էլեկտրոնային ստորագրությանը:

Ավելին, կարծում եմ, որ անձանց համար պետք է գործնականում ապահովվեն Սահմանադրական դատարան դիմելու համանման պայմաններ, և պետք է բացառվի Սահմանադրական դատարան դիմող անձանց նկատմամբ անհավասար վերաբերմունքը` Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու եղանակների ընտրության հարցում: Մասնավորապես` էլեկտրոնային եղանակով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու հնարավորության ապահովումը կոչված է խթանելու սահմանադրական արդարադատության փաստացի մատչելիությունը` խնայելով Սահմանադրական դատարան դիմումներ ներկայացնելու համար ծախսվող նյութական և ժամանակային ռեսուրսները: Սահմանադրական դատարան դիմումների ներկայացման էլեկտրոնային հարթակի գործարկումը կարող է ապահովել դրանց ներկայացման առավել պարզ և արագ ընթացակարգ: Հետևաբար Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար:

Ըստ այդմ, եթե Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում էլեկտրոնային եղանակով դիմումների ներկայացումը (որն անվերապահորեն ընդունելի է նաև իմ կողմից), ապա այդ հնարավորությունը պետք է հավասարապես վերագրելի լինի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց, այսինքն` կա՛մ Սահմանադրական դատարանում առկա չեն համապատասխան տեխնիկական հնարավորություններ, և որևէ անձ չի կարող դիմումը ներկայացնել էլեկտրոնային եղանակով, կա՛մ նման տեխնիկական հնարավորություններ առկա են, և Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձինք կարող են դիմում ներկայացնել նաև էլեկտրոնային եղանակով` Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտում նշված` էլեկտրոնային մեկ կամ մի քանի հարթակների միջոցով:

Տվյալ դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն: Միաժամանակ պարզվել է, որ Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումը ներկայացվել է «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով այն դեպքում, երբ առկա չէ Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության մասին Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտ, որում նշված կլինի նաև, որ Սահմանադրական դատարանն ընդունելի է համարում «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումը: Ընդ որում, այդ դեպքում էլեկտրոնային որևէ հարթակի միջոցով Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվեր Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր, այդ թվում` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար:

Միաժամանակ հաշվի առնելով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին նշում, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին:

Այսպես` էլեկտրոնային փաստաթղթերի և էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող իրավահարաբերությունները կարգավորվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով:

Նշված օրենքի 2-րդ հոդվածով սահմանված են այդ իրավական ակտում օգտագործվող, ի թիվս այլնի, հետևյալ հիմնական հասկացությունները.

Էլեկտրոնային փաստաթուղթ` տեղեկություն գրանցված նյութական կրիչի վրա էլեկտրոնային եղանակով, վավերացված էլեկտրոնային թվային ստորագրությամբ: Էլեկտրոնային փաստաթուղթը ստեղծվում, մշակվում և պահպանվում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների օգտագործմամբ.

էլեկտրոնային թվային ստորագրություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստեղծման տվյալների և տվյալ էլեկտրոնային փաստաթղթի տեղեկատվության կրիպտոգրաֆիկական փոխակերպությունների միջոցով ստացված և էլեկտրոնային թվային ձևով ներկայացված պայմանանշանների եզակի հաջորդականություն, որը կցված կամ տրամաբանորեն կապված է էլեկտրոնային փաստաթղթի հետ և օգտագործվում է ստորագրող անձին նույնականացնելու, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթուղթը կեղծիքներից ու աղավաղումներից պաշտպանելու համար.

էլեկտրոնային փաստաթուղթը ստորագրող անձ (այսուհետ` ստորագրող անձ)` ֆիզիկական անձ, որի (կամ այն անձի, որին նա ներկայացնում է) անունով տրամադրվել է էլեկտրոնային թվային ստորագրության հավաստագիրը.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալներ (այսուհետ` ստուգման տվյալներ)` պայմանանշանների ուրույն հաջորդականություն, որն օգտագործվում է յուրաքանչյուր էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը հաստատելու համար.

էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման միջոցներ` ապարատային և/կամ ծրագրային միջոցներ, որոնք հնարավորություն են տալիս ստուգել էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը` օգտագործելով էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալները.

էլեկտրոնային թվային ստորագրության իսկություն` էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

Նույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթն ունի նույն իրավական նշանակությունը, ինչ որ անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, եթե հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը և չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար, իսկ նույն հոդվածի 3-րդ պարբերության համաձայն` պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք, կազմակերպությունները պարտավոր չեն ընդունել էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթղթեր, եթե նրանք չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծության արդյունքում կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն` առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.

- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:

Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ «Mulberry» էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է` դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից:

Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը` պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից: Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի (նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ` ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված:

 

Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում: Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր: Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը` առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար:

 

    ԴԱՏԱՎՈՐ                                Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

 

31 մայիսի 2022 թ.

 

Հրապարակվել է ՍԴ կայքէջում (concourt.am)` 1 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.05.2022
N ՍԴՈ-1653
Որոշում