Սեղմել Esc փակելու համար:
«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄ ...

 

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

Քաղ. Երևան 31 մայիսի 2022 թ.

 

«ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Վ. Գրիգորյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

ՀՀ կառավարության ներկայացուցիչ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռ. Խաչատրյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

ՀՀ կառավարությունն իր` 2022 թվականի մարտի 24-ի N 378-Ա որոշմամբ հավանություն է տվել 2018 թվականի նոյեմբերի 2-ին ստորագրված` «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է այդ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցով դիմել Սահմանադրական դատարան:

Գործի քննության առիթը Կառավարության` 2022 թվականի մարտի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018 թվականի նոյեմբերի 2-ին` խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական և կազմակերպական հիմքերը սահմանելու, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու և դրանք Կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջև կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելու նպատակով:

 

i

2. Կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 378-Ա որոշման Հավելվածի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը վավերացնում է Համաձայնագիրը վերապահումով` պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում առանձին որոշում կայացնելու «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք միացել են Համաձայնագրին 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո:

 

3. Համաձայնագիրն ունի անբաժանելի մաս կազմող 3 հավելված` Հավելված 1. «Կանոնակարգ Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի մասին», Հավելված 2. «Մտավոր սեփականությունը և գործնական խորհրդապահական տեղեկատվությունը» և Հավելված 3. «Արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանությանն ուղղված միջոցները»:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունն իրականացվում է Կողմերի ներպետական օրենսդրության համապատասխան և միջազգային իրավունքի` համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի պահպանմամբ:

Համաձայնագրի շրջանակներում համագործակցության կոնկրետ ծրագրերի և նախագծերի իրականացման կազմակերպական, ֆինանսական, իրավական և տեխնիկական պայմանները համատեղ գործունեության մասնակիցների միջև առանձին համաձայնագրերի (պայմանագրերի) կամ (անհրաժեշտության դեպքում` նաև հաշվի առնելով Կողմերի պետությունների միջազգային պարտավորությունները) անմիջապես Կողմերի միջև առանձին համաձայնագրերի առարկա են (այսուհետ` առանձին համաձայնագրեր):

 

4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության հիման վրա ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարված լինելու մասին ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնել նշանակված ՀՀ իրավասու մարմինների մասին և գրավոր ծանուցել ՀՀ իրավասու մարմինների փոփոխությունների մասին (հոդված 7, կետ 1),

- Համաձայնագիրը կիրարկելիս համատեղ գործունեության ֆինանսավորումն իրականացնել շահագրգիռ հայկական և մյուս Կողմի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների համար նախատեսվող բյուջեի միջոցների սահմաններում, ինչպես նաև արտաբյուջետային աղբյուրներից (հոդված 8, կետ 1),

- ապահովել Համաձայնագրի շրջանակներում ստեղծվող կամ օգտագործվող` մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների համարժեք և արդյունավետ պահպանություն` ՀՀ օրենսդրությանը, ՀՀ միջազգային պարտավորություններին և Համաձայնագրի դրույթներին համապատասխան (հոդված 9, կետ 1),

- ՀՀ իրավասու մարմինների միջոցով աջակցել համատեղ գործունեությանն առնչվող տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը` Համաձայնագրին և ՀՀ օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև ապահովել և երաշխավորել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները կապահովեն մյուս Կողմերի և դրանց համատեղ գործունեության մասնակիցների համար գիտական հետազոտությունների և աշխատանքների արդյունքների հասանելիությունը (հոդված 10, կետ 1),

- հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը` ապահովել մյուս Կողմերից և նրանց համատեղ գործունեության մասնակիցներից յուրաքանչյուրի շահերի պաշտպանումը, որոնք կապված են համատեղ գործունեության շրջանակներում ՀՀ տարածքում գտնվող նրանց գույքի իրավական և ֆիզիկական պաշտպանության հետ, այդ թվում` ապրանքների փոխադարձաբար նախատեսված կատեգորիաների պաշտպանություն առգրավման ցանկացած ձևի և տեսակի կամ կատարողական վարույթի նկատմամբ (հոդված 11, կետ 1),

- այն ապրանքները, որոնց ներմուծումը և (կամ) արտահանումն իրականացվում են Համաձայնագրի շրջանակներում, ազատել մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսատուրքերից և հարկերից, եթե դա նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային այն պայմանագրերի շրջանակներում ունեցած պարտավորություններով, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը (հոդված 13, կետ 1, պարբերություն 1),

- Կողմերի հետ փոխադարձ հիմունքներով հրաժարվել պատասխանատվության և վնասի փոխհատուցման վերաբերյալ ցանկացած պահանջ միմյանց ներկայացնելուց, և համապատասխանաբար` փոխադարձ հիմունքներով, ցանկացած մյուս Կողմի և նրա համատեղ գործունեության մասնակիցներին չներկայացնել որևէ դժգոհություն` կապված ՀՀ սեփական անձնակազմի անձանց և (կամ) սեփական գույքին վնաս հասցնելու հետ` Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեությանն այդպիսի անձանց մասնակցության և այդպիսի գույքի օգտագործման առնչությամբ (հոդված 14, կետ 1),

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան` աջակցություն ցուցաբերել ցանկացած մյուս Կողմի պետության այն քաղաքացիների գործունեությանը, որոնք ՀՀ տարածք մուտք են գործում և Հայաստանի Հանրապետությունում գտնվում են Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեություն իրականացնելու համար (հոդված 15),

- որպես ընդունող պետություն հանդես գալու պարագայում ապահովել, որ Տիեզերքի հարցերով միջպետական խորհրդի և դրա աշխատանքային մարմինների նիստերի անցկացումը կազմակերպելու հետ կապված ծախսերը կատարվեն ՀՀ համապատասխան պետական մարմինների միջոցների հաշվին (հավելված 1, կետ VI, ենթակետ 6.1., պարբերություն 1),

- ՀՀ օրենսդրությանը և միջազգային պայմանագրերին համապատասխան` ապահովել համագործակցության շրջանակներում ստեղծվող կամ օգտագործվող` մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների արդյունավետ պաշտպանությունը, ինչը Համաձայնագրի և Համաձայնագրի 7-րդ հոդվածի 4-րդ կետում նախատեսված առանձին համաձայնագրերի առարկա է (հավելված 2, նախաբանի 1-ին պարբերություն),

- ապահովել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները համատեղ գործունեության մյուս մասնակիցներին ժամանակին տեղեկացնեն մտավոր գործունեության բոլոր արդյունքների մասին, որոնք, որպես մտավոր սեփականության օբյեկտ, ենթակա են իրավական պաշտպանության, և անհապաղ փոխգործակցեն այդ պաշտպանությունն ապահովելուն ուղղված այլ ֆորմալ գործընթացների գրանցման և կատարման նպատակներով (հավելված 2, նախաբանի 2-րդ պարբերություն),

- մտավոր գործունեության` համատեղ ստեղծված արդյունքների նկատմամբ իրավունքների բաշխման և մտավոր սեփականության օգտագործման մասով կիրառել և ապահովել, որ համատեղ գործունեության ՀՀ մասնակիցները կիրառեն Համաձայնագրի 2-րդ հավելվածի 2-րդ բաժնի 1-ին կետում սահմանված հիմնական սկզբունքները (հավելված 2, բաժին 2, կետ 1),

- ՀՀ իրավասու և լիազորված մարմինների միջոցով ապահովել, որ պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների մասով ցանկացած համատեղ գործունեություն ՀՀ ներկայացուցիչների կողմից իրականացվի արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանության պլաններով նախատեսված ընթացակարգերի համաձայն, և որ այդպիսի պլանները դիտարկվեն որպես պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների պահպանվածության ու անվտանգության ապահովման միջոցների հաշվառման համակարգի անբաժանելի մաս (հավելված 3, բաժին 2, կետ 1),

- Համաձայնագրի կատարման կարգի համաձայն` ապահովել համատեղ գործունեության իրականացման շրջանակներում պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների վերջնական օգտագործման համապատասխանությունն այն դիմումներին, որոնք համատեղ գործունեության մասնակիցները, որպես ներմուծողներ և վերջնական օգտագործողներ, տրամադրում են ՀՀ իրավասու և (կամ) լիազորված մարմիններին (հավելված 3, բաժին 4, կետ 1),

- Կողմերի պետություններում տրամադրված արտահանման լիցենզիաների և (կամ) ՀՀ կողմից տրամադրված թույլտվությունների կատարման պայմանների մշտական պահպանումն ապահովելու համար համապատասխան հարցման առկայության դեպքում խորհրդապահությունը պահպանելու դեպքում փոխադարձ հիմունքներով ընձեռել պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների հետ առնչվելու կարգի հետ կապված տեսչական ստուգում անցկացնելու հնարավորություն, որի օպերատիվ կերպով անցկացնելու ղեկավար սկզբունքները և մանրամասն գործընթացները համաձայնեցվում են Կողմերի իրավասու և (կամ) լիազորված մարմինների կողմից բեռն առաքողների հետ համատեղ (հավելված 3, բաժին 5, կետ 1),

- ՀՀ իրավասու և լիազորված մարմինների միջոցով միջոցներ ձեռնարկել` ապահովելու համար, որ համատեղ գործունեության միայն այն մասնակիցները, որոնց` պահպանվող արտադրատեսակներին և տեխնոլոգիաներին առնչվելու ընթացակարգեր իրականացնելու իրավունքը հաստատված է արտահանող Հայաստանի Հանրապետությունում գործող կարգով, շուրջօրյա հսկվեն արտահանվող պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների հասանելիությունը դրանց տրանսպորտային փոխադրման, պահպանման, դրանց հետ կապված ցանկացած տեխնոլոգիական աշխատանքի կատարման ամբողջ ընթացքում, համապատասխան դեպքերում` ներառյալ պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների վերադարձն արտահանող Հայաստանի Հանրապետության տարածք կամ արտահանող Հայաստանի Հանրապետության կողմից հաստատված այլ վայր` պահպանվող արտադրատեսակների և տեխնոլոգիաների մասով Հայաստանի Հանրապետությունում տրված արտահանման լիցենզիաների (թույլտվությունների) և (կամ) այլ թույլտվությունների պայմաններին համապատասխան (հավելված 3, բաժին 5, կետ 3, պարբերություն 2),

- ապահովել, որ ներմուծող Կողմի պետության մաքսային մարմիններին տրամադրվեն արտահանող ՀՀ լիազորված մարմնի գրավոր երաշխիքներն այն մասին, որ կնքված բեռնարկղերում և այլ փաթեթվածքներում չի պարունակվում որևէ բեռ, որը չի վերաբերում Համաձայնագրի շրջանակներում համատեղ գործունեությանը և, որպես այդպիսին, հայտարարագրված չէ (հավելված 3, բաժին 9, պարբերություն 2),

- որպես արտահանող Կողմ` ապահովել, որ արտահանող ՀՀ ներկայացուցիչներն աջակցեն օրենսդրությամբ սահմանված միջոցառումների օպերատիվ կերպով անցկացմանը և դրանց նպատակների ապահովմանը (հավելված 3, բաժին 12, կետ 2):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

 

31 մայիսի 2022 թվականի

ՍԴՈ-1652

 

Հրապարակվել է ՍԴ պաշտոնական կայքէջում (concourt.am)` 1 հունիսի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.05.2022
N ՍԴՈ-1652
Որոշում