(ուժը կորցրել է 01.07.10 թիվ 820-Ն որոշում)
i
040.0469.270402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«27» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 ապրիլի 2002 թվականի N 469
i
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման կարգը (կցվում է):
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
ապրիլի 27-ի N 469 որոշմամբ
ԿԱՐԳ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԲԱՑԻ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են օտարերկրյա պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների (այսուհետև` դիվանագիտական ծառայության մարմիններ)` Հայաստանի Հանրապետության պետական միջոցներից բացի այլ աղբյուրներից ֆինանսավորման (այսուհետև` արտաբյուջետային ֆինանսավորում) հարցերը:
2. Արտաբյուջետային ֆինանսավորման նպատակն է տվյալ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով դիվանագիտական ծառայության մարմինների պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված գումարի չափից պակաս գումար (այսուհետև` չֆինանսավորվող ծախսեր) նախատեսելու դեպքում պակաս գումարի չափով անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումը:
3. Արտաբյուջետային ֆինանսավորում են համարվում օտարերկրյա պետություններում հայկական համայնքների և հայ անհատ բարերարների (այսուհետև` նվիրատու) կողմից դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության համար կատարված նվիրատվությունը կամ նվիրաբերությունը (գույք կամ դրամական միջոցներ), ինչպես նաև դիվանագիտական ծառայության մարմիններին մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների, դիվանագիտական ծառայության մարմինների վարձակալած շենքերի և շինությունների վարձավճարի համար ծառայություններ մատուցողներին, աշխատանքներ կատարողներին կամ վարձատուներին նվիրատուների կողմից կատարված վճարումները:
4. Նվիրատվության կամ նվիրաբերության առաջարկություն ստանալիս դիվանագիտական ծառայության մարմինները համապատասխան թույլտվություն ստանալու նպատակով գրավոր դիմում են ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` դիմումին կցելով սույն կարգի 6-րդ կետում նշված նախահաշիվը: Անհետաձգելի դեպքերում դիմումը կարող է լինել նաև բանավոր` հետագայում գրավոր հաստատելու պայմանով:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը քննարկում է սույն կարգի 4-րդ կետում նշված առաջարկությունը և, ելնելով տվյալ դիվանագիտական ծառայության մարմնի չֆինանսավորվող ծախսերի ծավալներից և (կամ) կոնկրետ պահանջներից, թույլտվություն է տալիս կնքել նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագիր` նշելով ֆինանսավորման օգտագործման առաջնայնությունները (եթե նվիրատուի կողմից դրամական միջոցների նպատակային օգտագործում չի սահմանվել կամ ուղղակի վճարում չի առաջարկվել), ինչպես նաև ավելացած գումարների և գույքի տնօրինման վերաբերյալ ցուցումները:
6. Դրամական միջոցները մուտքագրվում են այդ նպատակով համապատասխան տարածքային գանձապետական բաժանմունքում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համար բացված արտաբյուջետային միջոցների բանկային հաշվում: Արտաբյուջետային հաշվի միջոցների տնօրինման նախահաշիվը կազմվում է ըստ դիվանագիտական ծառայության մարմինների ներկայացրած նախահաշիվների և հաստատվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից` այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
7. Նվիրված գույքը սահմանված կարգով արտացոլվում է համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի հաշվեկշռում ու գույքագրման ակտում:
Նվիրված գույքը, ինչպես նաև սույն կարգի 3-րդ կետում նշված` նվիրատուի կողմից կատարված վճարումները ևս նախատեսվում են սույն կարգի 6-րդ կետում նշված նախահաշիվներում:
8. Դրամական միջոցները չի թույլատրվում օգտագործել դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների դրամական բավարարման և ծառայության հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարները ֆինանսավորելու համար:
9. Դիվանագիտական ծառայության մարմիններն իրականացնում են արտաբյուջետային ֆինանսավորմամբ ստացված միջոցների, գույքի և խնայված գումարների առանձին հաշվառում և ներկայացնում են սահմանված ձևի հաշվետվություն` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի կրկնօրինակներով:
10. Սույն կարգի 9-րդ կետում նշված հաշվետվության հիման վրա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում համապատասխան տարածքային գանձապետական բաժանմունք է ներկայացնում արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման վերաբերյալ եռամսյակային հաշվետվություն:
11. Սույն կարգի պահանջների կատարման համար պատասխանատվություն է կրում համապատասխան դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարը:
12. Սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: