(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0101.010202
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«19» 02 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
1 փետրվարի 2002 թվականի N 101
i
«2001 ԹՎԱԿԱՆԻՆ ԻՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «2001 թվականին իրական ակտիվներում իրականացված ներդրումների մասին» ընտրանքային հետազոտության հարցաթերթը և լրացման Ցուցումները:
-----------------------------------------
ԻՐՏԵԿ - հարցաթերթը չի բերվում
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ներդրումների ֆինանսավորման համար միջոցների աղբյուր են հանդիսանում խնայողությունները (տնօրինվող եկամտի այն մասը, որը չի ծախսվել վերջնական սպառման համար) և մաքուր կապիտալ տրանսֆերտները:
Տնտեսության մեջ ներդրումները լինում են իրական ակտիվներում և ֆինանսական ներդրումների տեսքով: Ֆինանսական ակտիվները ներառում են դրամական միջոցներ և տարբեր տեսակի ֆինանսական պարտավորություններ և պահանջներ (այն ներկա հետազոտությամբ չի ներառվում):
Իրական ակտիվներում կատարված ներդրումները գլխավորապես իրականացվում են հիմնական կապիտալի (ֆոնդերի), նյութական շրջանառու միջոցների, արժեքների և այլ չարտադրված ակտիվների տեսքով:
Հետազոտության նպատակը: Սույն ընտրանքային հետազոտության հիմնական նպատակն է, տնտեսության հիմնական հատվածներում հաշվառել ոչ ֆինանսական ակտիվներում (իրական ակտիվներում) իրականացված ներդրումների ծավալը:
Հարցաթերթիկի մեջ օգտագործված տերմինների նշանակությունը:
Իրական (ոչ ֆինանսական) ակտիվներ - իրական ակտիվները, կախված ըստ իրենց ծագումից, ստորաբաժանվում են երկու խմբի` արտադրված և չարտադրված, որոնք նույնպես ստորաբաժանվում են երկու խմբի` նյութական և ոչ նյութական: Արտադրված ոչ ֆինանսական նյութական ակտիվները (Ընդամենը ներդրումներ` 000 տողը) ձևավորվում են արտադրական պրոցեսի արդյունքում, որոնք բաժանվում են չորս խմբի` ա) հիմնական կապիտալ, բ) նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխություն, գ) արժեքներ և դ) չարտադրված ոչ ֆինանսական ակտիվներ: Չարտադրված ոչ ֆինանսական նյութական ակտիվներն են հողը, օգտակար հանածոները, ընդերքի ջրային պաշարները, բնական կենսաբանական ռեսուրսները և այլն:
Հիմնական կապիտալ /միջոցներ/ - նյութական և ոչ նյութական ակտիվներն են (ֆոնդեր), որոնք հանդիսանալով արտադրության արդյունք, ավելի քան մեկ տարի, անընդմեջ կամ բազմակիորեն մասնակցում են արտադրության պրոցեսին:
Նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը- դրանք ներառում են այն բոլոր ապրանքները, որոնք հաշվետու ժամանակահատվածում գտնվում են տնտեսական միավորների մոտ և չեն ներառվել հիմնական կապիտալի մեջ:
Ռեզիդենտ - ՀՀ ռեզիդենտ է համարվում ֆիզիկական անձը, տնային տնտեսությունը, ցանկացած կազմակերպությունը (ընկերությունը) կամ ՀՀ տարածքում գործող որևէ այլ կազմակերպությունը, որի մշտական գտնվելու վայրը (ֆիզիկական անձանց համար բնակության վայրը) կամ տնտեսական գործունեության շրջանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունը:
Օտարերկրյա ներդրում - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ (ոչ նյութական ակտիվներ), որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է ՀՀ տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:
ՈՒղղակի ներդրում - կատարվում են արտասահմանյան ուղղակի ներդրողների կողմից, որոնք ձգտում է ձեռք բերել ուղղակի ներդրումով կազմակերպության գործունեության վրա կայուն, տևական ազդեցություն: ՈՒղղակի ներդրող (ինվեստոր) է համարվում ոչ ռեզիդենտ միավորը, նրա հետ կապված կամ համագործակցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը (ընկերությունը), որին պատկանում է ՀՀ ռեզիդենտ միավորի բաժնետիրական կապիտալի ոչ պակաս, քան 10%-ը:
Պորտֆելային ներդրում- օտարերկրյա ներդրողների այն կապիտալ ներդրումներն են, որոնք թույլ են տալիս օտարերկրյա ներդրումով կազմակերպությունում ունենալ սահմանափակ ազդեցություն և ստանալ որոշակի շահույթ, որը կարգավորվում է կողմերի միջև կնքվող պայմանագրով: Դրանց թվին են դասվում. բաժնետիրական ընկերությունների համար` բաժնետոմսերի և փայատիրական ընկերությունների համար` փայամասնակցության մինչև 10%-ի ձեռք բերումը (պարտատոմսեր, սեփականաշնորհման պետական արժեթղթեր, ավանդային սերտիֆիկատներ, մուրհակներ, առևտրային արժեթղթեր, օպցիոններ, դեպոզիտային սերտիֆիկատներ և այլ արժեթղթեր):
Այլ ներդրում - ներդրումների մնացած այն մասն են, որը ներառում է բոլոր տեսակի ֆինանսական գործառնությունները, որոնք չեն ընդգրկվել ուղղակի և պորտֆելային ներդրումներում: Այլ ներդրումները լինում են փոխառությունների, վարկերի, դրամական և առևտրային (բացի օտարերկրյա ներդրումով կազմակերպության ստացածը իր անմիջական ներդրող կազմակերպությունից, որը ուղղակի ներդրում է), դեպոզիտների և այլնի տեսքով:
Հետազոտության ձևի լրացման կարգը
Աշխատողների տարեկան միջին ցուցակային թվաքանակը հաշվարկվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական ցուցակային թվաքանակների հանրագումարը 12-ի բաժանելով:
Արտադրանքի, ապրանքների, աշխատանքի, ծառայությունների իրացումից ստացված զուտ հասույթը (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկի) 2001թ. ընթացքում լրացվում է հիմնվելով հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների վրա:
1. Իրական ակտիվներում իրականացված ներդրումները
Հետազոտության հարցաթերթի այս բաժինը լրացվում է այն տնտեսվարող սուբյեկտի համար, որն ուսումնասիրվող ժամանակահատվածում իրականացրել է ցանկացած տեսակի ներդրում` արտադրության ընդլայնման կամ արդյունավետության բարձրացման, բնապահպանական և այլ նպատակներով: Ընդ որում, ներդրումները կարող են իրականացվել կապիտալ շինարարության, նոր կամ հին` գոյություն ունեցող հիմնական միջոցների ձեռք բերման, արտադրական պաշարների համալրման, սեփականության իրավունքի փոխանցման և այլ տեսքով 1:
Հարցաթերթիկի այս բաժնի 1-ին սյունակում լրացվում է ներդրումների ծավալները, իսկ 2-րդ սյունակում` այդ ներդրումների ֆինանսավորման աղբյուրը, որն իրականացվել է օտարերկրյա միջոցների հաշվին, որոնք կարող են արտահայտվել ուղղակի ներդրումների, պորտֆելային ներդրումների կամ այլ ներդրումների տեսքով (փոխառություններ, վարկեր):
Հարցաթերթիկի «Ընդամենը ներդրումներ 2» տողը ներառում է հիմնական կապիտալի համախառն կուտակումը (տող 100), նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը (տող 110), արժեքների ձեռքբերումը, հանած վաճառքը (տող 120) և չարտադրված ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերումը (տող 130): Այն ներառում է միայն 2001 թվականի ընթացքում կատարված ներդրումների ծավալները, այլ ոչ թե պաշարները` իրականացված նախորդ տարիների ընթացքում:
«Հիմնական կապիտալում» տողում ներառվում է նյութական ակտիվների (տող 10), ոչ նյութական ակտիվների (տող 20) տնօրինման համար կատարված ծախսերը, այդ ակտիվների նշանակալի բարելավման (կապիտալ նորոգում) համար կատարված ծախսերը (տող 30): Այս բաժնում առանձնացվում է գոյություն ունեցող նյութական ակտիվների փոխանցումը (տող 40):
Ա. Նյութական ակտիվները դասվում են հետևյալ խմբերի.
- բնակելի շենքեր (տող 10.1), ցանկացած բնակելի տուն կամ շենք, ներառյալ շարժվող տները, քեմպինգների կցորդները, որոնք տնային տնտեսություններն օգտագործում են որպես հիմնական բնակության համար,
- շենքեր և շինություններ (տող 10.2), արտադրական և ոչ արտադրական կառույցներ, պահեստներ, ճանապարհներ, կամուրջներ, օդանավակայաններ, խողովակաշարեր և այլն,
- մեքենաներ և սարքավորումներ (տող 10.3), գործիքներ, տրանսպորտային միջոցներ, մեքենաներ և սարքավորումներ` ներառյալ գրասենյակային գույք, կոմունիկացիոն ապարատներ, համակարգիչներ և այլն: Եթե տրանսպորտային միջոցները, կահույքը, համակարգիչները և նմանատիպ սարքավորումները ձեռք են բերվել տնային տնտեսությունների կողմից վերջնական սպառման նպատակով չեն ներառվում որպես հիմնական կապիտալի կուտակում,
- այլ (աճեցվող) ակտիվներ (տող 10.4), բանող և մթերատու անասուններ, այգիներ և այլ տնկարկներ: Այն կենդանիները, որոնք աճեցվում են անասնապահական մթերքների արտադրության համար և որպես բանող անասուն (բացի թռչուններից և այն կենդանիներից, որոնք նախատեսված են զուտ մորթի համար): Նույն սկզբունքով ծառերը, ներառյալ թփերը, որոնք երկարաժամկետ հիմքով, նախատեսված են բերքի ստացման համար դիտվում են որպես հիմնական միջոց, իսկ եթե նախատեսված են փայտանյութի ստացման համար, հիմնական միջոց չեն դիտարկվում, այնպես ինչպես հացահատիկային կամ բանջարանոցային կուլտուրաները, որոնց բերքը հավաքվում է մեկ անգամ:
Համաձայն այս բնագավառում գոյություն ունեցող միջազգային մեթոդաբանության, շենքերի և շինությունների ձեռք բերումը ոչ ռեզիդենտների կողմից պայմանականորեն դիտարկվում է, որ դրանք ձեռք են բերվում տվյալ տնտեսության կառուցվածքային միավորների կողմից, համարելով, որ գնորդ ոչ ռեզիդենտը պայմանական միավոր ռեզիդենտի կապիտալի նկատմամբ, դրան մասնակցության եղանակով, ձեռք է բերում ֆինանսական ակտիվ:
Հետազոտության ձևում 10-րդ տողից` նյութական ակտիվներից առանձնացվում է նախկինում օգտագործված նյութական ակտիվների ձեռքբերումը, այսինքն` որոնք նախկինում օգտագործվել են մեկ այլ կառուցվածքային միավորի կողմից: Այսպես օրինակ, արտադրական կառույցը, հաստոցը, սարքավորումը, բնակելի շենքը, տրանսպորտային միջոցը կամ այլ նյութական ակտիվը ձեռք է բերվել կառուցվածքային միավորի կողմից, որը նախկինում պատկանել է մեկ այլ կառուցվածքային միավորի:
Բ. Ոչ նյութական ակտիվները - իրենց մեջ ներառում են.
- երկրաբանահետախուզական աշխատանքների համար կատարված ծախսերը (տող 21),
- ծրագրավորման ապահովման միջոցները (տող 22), որոնք նախատեսված են արտադրությունում օգտագործել ավելի քան մեկ տարի: Դրանք կարող են ձեռք բերվել շուկայում կամ պատրաստվել սեփական միջոցներով,
- զվարճանքի ծրագրերը, գրական և գեղարվեստական ստեղծագործությունների բնօրինակների ձեռք բերման համար կատարված ծախսերը, դրանց բազմացման նպատակով (տող 23)-ֆիլմեր, ձայնասկավառակներ, մոդելներ, գրական և գեղարվեստական ստեղծագործությունները և այլն:
Գ. Գոյություն ունեցող ակտիվների նշանակալի բարելավում, այն իր մեջ ներառում է հիմնականում նյութական ակտիվների (տող 31) կապիտալ նորոգումը (ընթացիկ նորոգումը կապիտալի կուտակման մեջ չի ներառվում, այն համարվում է այնպիսի միջոցառում, որի նպատակն է հիմնական ֆոնդերը պահել միշտ աշխատանքային վիճակում, այն վերջնական սպառման տարր է): Գոյություն ունեցող ակտիվների նշանակալի բարելավման ցուցանիշում ներառվում է նաև ոչ նյութական ակտիվների նշանակալի բարելավումը` հողերի որակական հատկանիշների բարձրացումը, ջրանցքների մաքրումը, կառուցապատումը և այլն:
Սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախքեր:
Սովորաբար մեկ տնտեսական միավորի կողմից նոր ակտիվների ձեռքբերումը մեկ այլ տնտեսական միավորից ուղեկցվում է որոշակի ծախսերով, մասնավորապես սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված նոտարական, իրավաբանական, ճարտարապետական, ինժեներական և այլ ծառայությունների դիմաց վճարները, բոլոր հարկերը և տուրքերը կապված այդ գործառնության հետ: Այն բոլոր ծախքերը, որոնք իրականացնում է գնորդը որևէ ակտիվի ձեռք բերման համար պետք է ընդգրկվի որպես հիմնական կապիտալի կուտակում ցուցանիշի մեջ` մասնավորապես 10-րդ և 15-րդ տողերում:
Դ. Գոյություն ունեցող նյութական ակտիվների փոխանցում (տող 40): Ընդհանուր առմամբ ինչպես տնտեսության, այնպես էլ տնտեսական միավորի մակարդակով ներդրումների ընդհանուր ծավալը ստանալու համար անհրաժեշտ է ընդհանուր մուտքերից հանել ընդհանուր դուրս գրումը և անհատույց փոխանցումը: Հետազոտության ձևի այս տողում արտացոլվելու են տարվա ընթացքում կազմակերպության կողմից փոխանցված հիմնական միջոցների արժեքը, ինչը կարող է իրականացվել անհատույց փոխանցման, բարտերային փոխանակման, ուղղակի վաճառքի եղանակով (կազմակերպության հաշվեկշռում արտացոլված արժեքի չափով, առանց ֆիզիկական կամ բարոյական մաշվածքի հետևանքով դուրս գրման):
2. Նյութական շրջանառու միջոցների պաշարների փոփոխությունը (տող 110) -դրանք ներառում են հետևյալ տիպի ակտիվները,
- արտադրական պաշարներ (տող 111), այն ապրանքները (հումք և նյութեր, վառելիք, կիսաֆաբրիկատներ, համալրող իրեր, փաթեթավորման իրեր, գրենական պիտույքներ և այլն), որոնք կազմակերպությունը, որպես պաշար, պահպանում է արտադրության գործընթացն անընդհատ ապահովելու համար: Դրանց մեջ չեն ներառվում հիմնական միջոցները` ավտոմեքենա, համակարգիչ, մանր գործիքներ, որոնք դասվում են հիմնական կապիտալի կուտակման ցուցանիշի մեջ, ինչպես նաև արվեստի ստեղծագործությունները, թանկարժեք քարերը և մետաղները, որոնք որպես արժեքներ հանդես են գալիս վճարման միջոց:
- անավարտ արտադրություն (տող 112), այն հանդիսանում է արտադրական կազմակերպության այնպիսի արտադրանքը, որը, որպես արտադրանք, կազմակերպության կողմից պատրաստ չէ իրացման, այսինքն` դրա վրա անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ինչ տեսքով, որ սովորաբար կազմակերպությունը այն իրացնում է: Անավարտ արտադրությունը գոյություն ունի փաստորեն բոլոր ճյուղերում, սակայն այն հատկապես մեծ է այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են շինարարությունը, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն: Դրանով պայմանավորված, անավարտ արտադրությունը հանդես է գալիս տարբեր ձևերով` անավարտ շենքերից մինչև անավարտ ֆիլմեր, համակարգչային ծրագրեր:
- պատրաստի արտադրանք (տող 113), այն ապրանքներն են, որոնք արտադրողը արտադրել է որպես ավարտված ապրանքներ և հետագա մշակման ենթակա չեն, եթե անգամ դրանք մեկ այլ արտադրողի կողմից կարող են օգտագործվել որպես միջանկյալ ռեսուրսներ այլ ապրանքների արտադրության համար:
- ապրանքներ վերավաճառման համար (տող 114), այն ապրանքներն են, որոնք կազմակերպությունը ձեռք է բերել դրանց հետագա վերավաճառքի համար:
3. Արժեքներ (տող 120)- դրանք ներառում են թանկարժեք մետաղները և թանկարժեք քարերը, հնաոճ իրերը, արվեստի ստեղծագործությունների հավաքածուները, որոնք օգտագործվում են ոչ թե արտադրության կամ սպառման համար, այլ հանդես են գալիս որպես վճարման միջոց: Հետազոտության հարցաթերթի մեջ արժեքները ներառվելու են մաքուր հիմքով` դրանց գծով ձեռքբերումներից հանած վաճառքը:
4. Չարտադրված ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերում և դուրսգրում (տող 130 և 140), դրանք ներառում են նյութական և ոչ նյութական ակտիվները: Նյութական ակտիվները ընդգրկում են,
- հողը (հողային շերտը և մակերեսային ջրերը` ջրամբար, լիճ, գետ և այլն), բացառությամբ շենքերի և շինությունների, որոնք կառուցված են հողի մակերեսին կամ հողի տակ, այգիները և տնկարկները, ընդերքի ռեսուրսները, չաճեցվող կենսաբանական ռեսուրսները, ընդերքի ջրային պաշարները),
- այլ չարտադրված նյութական ակտիվները (ընդերքի ռեսուրսները` նավթ, գազ, մետաղներ և այլն):
Ոչ նյութական ակտիվների շարքին դասվում են արտոնագրման օբյեկտները, սեփականության իրավունքի փոխանցումով վարձակալական պայմանագրերը (ֆինանսական լիզինգ), մասնավորապես` հողը, ընդերքի ռեսուրսները, բնակելի և ոչ բնակելի շենքերը և այլն: Ընդ որում, հարցաթերթում ոչ նյութական ակտիվի ամբողջ արժեքը պետք է արտացոլվի վարձակալական պայմանագրի կնքման պահի դրությամբ: Կապիտալի համախառն կուտակման (ընդամենը ներդրումներ-տող 000) մեջ ներառվելու են միայն վարձակալության պայմանագրերով արձանագրված արժեքը (առանց վարձակալական վճարի), բացառությամբ սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված ծախքերի, որը հիմնական կապիտալի կուտակման տարր է (ընդամենը ներդրումներ- տող 100):
II. Իրականացրած ներդրումներն ըստ հիմնական ուղղությունների
Հետազոտության հարցաթերթի այս բաժնի 200 տողում արտացոլվում է ընդամենը ներդրումների ծավալը, որը պետք է հավասար լինի առաջին բաժնի «ընդամենը ներդրումներ» 000 տողի առաջին սյունակի ցուցանիշին:
Ներդրումներն ըստ ուղղությունների բաշխելիս անհրաժեշտ է նկատի ունենալ հետևյալը, թե տնտեսվարող սուբյեկտը, դրանք կազմակերպության գործունեության ինչպիսի ոլորտներ է ուղղել: Օրինակ` կազմակերպությունը ուսումնասիրվող տարում իրականացրել է 800 մլն. դրամի ներդրում, որից 400 մլն. դրամն ուղղվել է հիմնական գործունեության` ենթադրենք արդյունաբերության ոլորտում, 300 մլն. դրամն ուղղվել է հասարակական սննդի կետի կառուցման համար և 100 մլն. դրամն ուղղվել է կազմակերպության հաշվեկշռում գտնվող թռչնաբուծական ֆերմայի ինկուբացիոն սարքավորման ձեռք բերման համար: Այս դեպքում 400 մլն. դրամը կարտացոլվի հաշվետվության 201 տողում (արդյունաբերություն), 300 մլն. դրամը` 205 տողում (առևտուր և հասարակական սնունդ) և 100 մլն. դրամը` 202 տողում (գյուղատնտեսություն):
III. Իրականացված ներդրումների ֆինանսավորման աղբյուրները
Հետազոտության հարցաթերթի այս բաժնում ցույց է տրվում թե իրականացված ներդրումներն ինչ աղբյուրների հաշվին են ֆինանսավորվել` սեփական միջոցներից (տող 301), պետական և համայնքային բյուջեներից (տող 302), փոխառություններ կամ վարկեր (տող 303) են վերցվել առևտրային բանկերից կամ այլ կազմակերպություններից, ուղղակի, պորտֆելային կամ այլ ներդրումների ձևերով ներգրավվել են օտարերկրյա ներդրողների միջոցների (տող 304), անհատույց նվիրատվության (տող 305) կամ այլ միջոցների (տող 306) հաշվին:
IV. Իրականացված ներդրումների նպատակները
Ներդրումների իրականացման նպատակների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար, դրանք դասակարգվել են մի քանի խմբի, մասնավորապես` արտադրական հզորությունների ավելացում (401) առանց արտադրանքի անվանացանկի փոփոխման (401.1) և արտադրանքի անվանացանկի փոփոխումով (401.2), շրջակա միջավայրի պահպանում (402) և այլ (403) նպատակների համար:
V. Իրականացված օտարերկրյա ներդրումներն ըստ տեսակների
Այս բաժնում արտացոլվում են իրական հատվածում կատարված ներդրումների ֆինանսավորման այն մասը, որն իրականացվել է օտարերկրյա ներդրումների հաշվին: Այն պետք է հավասար լինի առաջին բաժնի «ընդամենը ներդրումներ- 000» տողի երկրորդ սյունակին, և 2-րդ բաժնի` «Իրականացված ներդրումներն ըստ հիմնական ոլորտների» 200 տողի 2-րդ սյունակի և երրորդ բաժնի «Իրականացված ներդրումների ֆինանսավորման աղբյուրները» 304 տողի տվյալներին: Օտարերկրյա ներդրումները պետք է դասակարգել ըստ դրանց (դասակարգումը տես Հարցաթերթիկի մեջ օգտագործված տերմինների նշանակությունը բաժնում) ուղղությունների` ուղղակի, պորտֆելային և այլ:
Օրինակ` կազմակերպությունը, որը հանդիսանում է համատեղ կազմակերպություն, բաժնետիրական կապիտալի 50X50 հարաբերակցությամբ, ուսումնասիրվող տարում կատարել է 1500 մլն. դրամի ներդրում: Կազմակերպության (ներդրումով կազմակերպություն) օտարերկրյա ներդրող (ներդրող կազմակերպություն) կողմը կատարել է 600 մլն. դրամի ներդրում, 600 մլն. դրամ` հայկական կողմը, 200 մլն. դրամի վարկ է վերցվել ինչ-որ մի օտարերկրյա BBB առևտրային բանկից, իսկ 100 մլն. դրամի ներդրումն իրականացվել է կազմակերպության կողմից թողարկած արժեթղթերի իրացումից, որոնք, ենթադրենք, ամբողջությամբ գնել են արտասահմանյան AAA և ՏՏՏ կազմակերպությունները: Այս դեպքում օտարերկրյա ներդրումների ծավալը կլինի 900 մլն. դրամ (600+200+100), որից` 600 մլն. դրամը` ուղղակի ներդրում, 200 մլն. դրամը` այլ ներդրում և 100 մլն. դրամը` պորտֆելային ներդրում: Այս բաժնի 2-րդ սյունակի տվյալները լրացվում են կուտակային կարգով, այսինքն` բոլոր օտարերկրյա ներդրումների ծավալները, որոնք իրականացվել են մինչև 2002 թվականի հունվարի մեկը:
VI. Ներդրումների վրա ազդող գործոնները
Այս բաժնում բերվում են այն գործոնները, որոնք ինչ-որ չափով նպաստում կամ խոչընդոտում են ներդրումային ծրագրերի իրականացմանը: Առաջարկված հարցերի պատասխանները, որոնք բերված են 601-610 տողերում, պետք է լրացվեն հետևյալ կերպ, եթե գործոնը հանդիսանում է նպաստող, ապա 1-ին սյունակում նշվում է 1 նիշը, իսկ եթե գործոնը հանդիսանում է սահմանափակող` նշվում է 0 նիշը: