26.03.2021 -
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Քաղ. Երևան |
26 մարտի 2021 թ. |
i
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ԻՆ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը` կազմով. Ա. Դիլանյանի (նախագահող), Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Ե. Խունդկարյանի, Է. Շաթիրյանի, Ա. Պետրոսյանի, Ա. Վաղարշյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`
դիմող` Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ` փաստաբան Ա. Վարդևանյանի,
դիմող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետ Կ. Մովսիսյանի,
i
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 4-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 69 և 71-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ` նաև Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2003 թվականի ապրիլի 18-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի ապրիլի 29-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի օգոստոսի 1-ին:
Օրենսգրքի` սույն գործով վիճարկվող` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ 300.1-ին հոդվածը սահմանում է.
«1. Սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ`
պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
2. Սույն հոդվածով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է սույն հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից»:
i
Օրենսգիրքը 300.1-ին հոդվածով լրացվել է Ազգային ժողովի կողմից 2009 թվականի մարտի 18-ին ընդունված, Հանրապետության նախագահի կողմից 2009 թվականի մարտի 20-ին ստորագրված և 2009 թվականի մարտի 24-ին ուժի մեջ մտած ՀՕ-53-Ն օրենքով:
Գործի քննության առիթը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով 2019 թվականի մայիսի 20-ին կայացրած` «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման հիման վրա 2019 թվականի մայիսի 20-ին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի` 2019 թվականի մայիսի 29-ին և հունիսի 4-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումներն են:
i
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-61 աշխատակարգային որոշմամբ «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության, միավորել այն 2019 թվականի հունիսի 21-ի ՍԴԱՈ-60 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի հետ և որոշել է հիշյալ գործերը քննել դատարանի նույն նիստում:
i
Սահմանադրական դատարանը 2019 թվականի հուլիսի 8-ի ՍԴԱՈ-72 աշխատակարգային որոշմամբ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության, իսկ նույն դիմումի հիման վրա գործի քննությունը` ա) Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, և բ) Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժել:
2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով Սահմանադրական դատարանը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանին:
Միաժամանակ, նույն որոշումներով Սահմանադրական դատարանը «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ` նաև Վենետիկի հանձնաժողով) կանոնադրության հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է նաև այդ հանձնաժողովին:
Հիշյալ որոշումներով Սահմանադրական դատարանը որոշել է համապատասխանաբար` «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի վարույթը կասեցնել` մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքներն ստանալը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը հրապարակվել է 2020 թվականի մայիսի 29-ին, իսկ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը` 2020 թվականի հունիսի 18-ին, Սահմանադրական դատարանն իր` 2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-136 և ՍԴԱՈ-137 աշխատակարգային որոշումներով արձանագրել է, որ վերը նշված գործերի վարույթները կասեցնելու հիմքերը վերացել են, և որոշել է դրանք վերսկսել:
2020 թվականի հունիսի 22-ի ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշմամբ Սահմանադրական դատարանը «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորել է և որոշել քննել դատարանի նույն նիստում:
Ուսումնասիրելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, ինչպես նաև կողմերի գրավոր բացատրությունները, վերլուծելով վիճարկվող հոդվածի ու դրա հետ փոխկապակցված օրենսդրական այլ նորմեր` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Դիմողների դիրքորոշումները
i
1.1. Դիմող Ռոբերտ Քոչարյանը բարձրացրել է Օրենսգրքի` «Սահմանադրական կարգը տապալելը» վերտառությամբ 300.1-ին հոդվածի` Սահմանադրության 72, 73, 78 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը:
Հղումներ կատարելով Սահմանադրության նշված հոդվածներին, Սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումներին, վկայակոչելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա), ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` նաև ՄԻԵԴ) պրակտիկան, վերլուծելով Օրենսգրքի վիճարկվող հոդվածով սահմանված իրավակարգավորումը և համադրելով այն օրենսդրական այլ դրույթների հետ` դիմողը գտնում է, որ Օրենսգրքի 300.1-ին հոդվածը ձևակերպված չէ բավարար հստակությամբ, որոշակիությամբ և չի ապահովում նորմի կանխատեսելիությանը ներկայացվող պահանջները:
Դիմողի պնդմամբ, նախևառաջ, որոշակի և կանխատեսելի չէ «իրավական համակարգում սահմանադրական նորմի գործողության դադարեցում» եզրույթը, և կարիք կա դրա սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման: Իրավակիրառ պրակտիկայում սահմանադրական նորմի ենթադրյալ խախտումը նույնացվում է այդ նորմի գործողության դադարեցման հետ: Նշված դեպքում հնարավոր է իրավիճակ, երբ համապատասխան նորմի ցանկացած խախտում դիտարկվի որպես սահմանադրական կարգի տապալում: Դիտարկելով «իրավական համակարգ» եզրույթը` դիմողը նշում է, որ նեղ իմաստով այն ընկալվում է որպես իրավական ակտերի ամբողջություն, որի դեպքում նորմի գործողության դադարեցումը դրսևորվում է ակտի փոփոխությամբ կամ ուժը կորցնելով, ինչը խնդրահարույց է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում իրավական ակտի փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը կարող է հանդիսանալ սահմանադրական կարգի տապալում: Բացի դրանից, Օրենսգրքի 300.1-ին հոդվածի ընդունման պահին դրանով նախատեսված սահմանադրական համապատասխան նորմերը 2015 թվականի խմբագրությամբ Սահմանադրությամբ էական փոփոխություններ են կրել, և հարց է առաջանում, թե 300.1-ին հոդվածը գործնականում իրացնելիս պետք է ղեկավարվել նախկի՞ն, թե՞ ներկա խմբագրությամբ Սահմանադրության համապատասխան նորմերով, քանի որ դրանց օբյեկտները և կարգավորման շրջանակներն էապես տարբեր են: Լայն մեկնաբանման դեպքում հոդվածում հստակ չեն այն չափանիշները, որոնցով պետք է գնահատել իրավական նորմի գործողության դադարեցումն իրավական համակարգում, մասնավորապես, արդյոք այն ենթադրում է կոնկրետ հոդվածի ուժը կորցրած ճանաչելու գործընթաց, թե՞ գործողություններ, որոնք հիմք կտան ենթադրելու, որ այդ նորմերը փաստացի չեն գործում: Ըստ դիմողի` պարզ չէ նաև ժամանակային տևողության հարցը: Պարզ չէ նաև, թե արդյոք «սահմանադրական կարգ» եզրույթը պետք է դիտարկել որպես ավելի բարդ և համընդգրկուն երևույթ, թե՞ մեկնաբանել միայն Սահմանադրության առանձին հոդվածների շրջանակում: Բացի դրանից, դիմողի կարծիքով` օրենսդիրը նաև ամբողջությամբ նոր մոտեցումներ է սահմանել վրա հասնող իրավական հետևանքների առումով: 2008 թվականին առկա չի եղել «փաստացի դադարեն իրավական համակարգում գործողությունից» ձևակերպումը, ինչը ևս չի համապատասխանում իրավական որոշակիության չափորոշիչին:
Անդրադառնալով իրավակիրառ պրակտիկայի միջոցով որոշակիությանն առնչվող խնդրի հաղթահարմանը` դիմողը նշել է, որ 2009 թվականից ի վեր առկա չէ դրա մեկնաբանությանը վերաբերող կայուն դատական պրակտիկա, որը կապահովեր իրավական որոշակիություն և կանխատեսելիություն:
Դիմողի կարծիքով որոշակիությանն առնչվող սահմանադրական պահանջի տեսանկյունից խնդրահարույց են նաև Oրենսգրքի 300.1-ին հոդվածի հանցակազմի տարրերը` ի թիվս այլնի, հաշվի առնելով Օրենսգրքի 300.1-ին հոդվածի և Օրենսգրքի` նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի հանցակազմերի տարրերի միջև տարբերությունները (այդ թվում` էական):
Ի լրումն` դիմողը վկայակոչում է Ազգային ժողովի նիստերի սղագրությունները` ի հավաստումն այն բանի, որ օրենսդիր մարմնի կողմից ևս հավաստվել է նշված դրույթի` իրավական որոշակիության պահանջներին չհամապատասխանելու հանգամանքը:
Անդրադառնալով վիճարկվող իրավադրույթների` համաչափության սկզբունքին համապատասխանության հարցին` դիմողը նշում է, որ նշված իրավադրույթներով օրենսդիրը սահմանադրական կարգի հիմունքները պաշտպանելու նպատակով քրեական պատասխանատվություն է սահմանել նաև այնպիսի արարքների համար, որոնք կարող են չվտանգել սահմանադրական կարգի հիմունքները, որի արդյունքում Օրենսգրքի 300.1-ին հոդվածի քրեական պատասխանատվության օբյեկտիվ հիմքերը պիտանի և անհրաժեշտ չեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար (նշվածը դիմողը հիմնավորում է նաև ներկայացված իրավահամեմատական վերլուծությամբ): Սահմանափակվող իրավունքի և ազատության նշանակության համատեքստում ընտրված միջոցի համարժեքության վերաբերյալ դիմողը նշել է, որ խնդրահարույց է այնպիսի գործողությունների քրեականացումը, որոնք, նույնիսկ եթե կարող են հանգեցնել սահմանադրական կարգի տապալմանը, սակայն նպատակաուղղված չեն սահմանադրական կարգի հիմունքների մերժմանն ու վերացմանը (չեն ուղղորդվում բռնությամբ, անհանդուրժողականությամբ, ատելության քարոզով):
i
Դիմողը, իրականացնելով Օրենսգրքի 300.1-ին հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ) հանցակազմերի տարրերի համադրություն, հանգել է հետևության, որ նշվածում պարունակվող սահմանադրական կարգի շրջանակները ոչ միայն չեն համապատասխանում Սահմանադրությամբ ամրագրված շրջանակներին և, ըստ էության, հանցագործությանը ներկայացվող պահանջներին` Սահմանադրության 72-րդ հոդվածի լույսի ներքո, այլ նաև տեղի է ունեցել հանցակազմի տարրերի այնչափ էական փոփոխություն, որ կիրառելով այն 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած ենթադրյալ քրեորեն հետապնդելի արարքների նկատմամբ` խախտվում և խախտվել է դիմողի` Սահմանադրության 72-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը և սահմանադրի պահանջը, քանի որ վիճարկվող դրույթները 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներին «կատարման պահին հանցագործություն չեն հանդիսացել»:
Միաժամանակ, դիմողն անդրադարձել է նաև Օրենսգրքի նախկին խմբագրությամբ 300-րդ հոդվածի իրավակիրառ պրակտիկային, ինչպես նաև Օրենսդրի, Վենետիկի հանձնաժողովի կողմից նշված հանցակազմերի համեմատություններին` փաստելով, որ 300.1-ին հոդվածը դիտարկվում է որպես որակապես նոր, ինքնուրույն հանցակազմ:
Արդյունքում` ի թիվս այլնի, դիմողը եզրակացնում է, որ Օրենսգրքի 300.1-ին հոդվածով նախատեսված արարքը նման ձևով և բովանդակությամբ ենթադրյալ կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել, որի արդյունքում նշված մեղադրանքի առաջադրումը, կալանավորման կիրառումը և դրա վերաբերյալ դատական պաշտպանության սպառման արդյունքում խնդրին պատշաճ գնահատական չտալը խախտել են Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներով սահմանված պահանջները:
1.2. Դիմող Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ` Դատարան) բարձրացրել է Օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի` Սահմանադրության 72, 73 և 79-րդ հոդվածներին համապատասխանության հարցը` նշելով, որ առկա են հիմնավոր կասկածներ առ այն, որ կիրառման ենթակա նոր օրենքը ոչ միայն չի ապահովում իրավական որոշակիության պահանջը, այլև, ի համեմատություն նախորդ օրենքի, անձանց իրավական վիճակը վատթարացնող օրենք է:
Մասնավորապես, նախորդ կամ գործող օրենքի ճիշտ կիրառման հարցը լուծելիս անհրաժեշտ է համադրել ոչ միայն պատժամասերը, այլև դիսպոզիցիաները: Տվյալ դեպքում, ըստ դիմողի` թեև նախորդ և նոր օրենքները նախատեսում են միևնույն պատժատեսակը և պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից նախորդ օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է (նախորդող իրավանորմով պատասխանատվություն էր սահմանվում սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար, մինչդեռ գործող կարգավորմամբ հանցակազմն առկա է նաև առանց այդ հատկանիշի (բռնությունը կարող է լինել տվյալ հոդվածով նախատեսված հանցակազմի ոչ պարտադիր տարր):
Դատարանը նշում է նաև, որ Օրենսգրքի 300.1-ին հոդվածի բովանդակության բացահայտման համար պետք է հիմնվել այդ հոդվածում նշված Սահմանադրության համապատասխան հոդվածների վրա, սակայն առկա է անորոշություն` հաշվի առնելով այն հանգամանքը, թե ո՞ր թվականի խմբագրությամբ Սահմանադրությանը (2005, թե՞ 2015 թվականի) պետք է հղում կատարվի:
Բացի դրանից, Դատարանը խնդրահարույց է համարում այն հարցը, թե արդյոք Օրենսգրքի 300.1-ին հոդվածի հնարավոր տարածական և լայն ձևակերպման համատեքստում հնարավոր է դրսևորել համապատասխան վարքագիծ` մասնավորապես, արդյոք ողջամտորեն որոշակի և կանխատեսելի է, թե «իրավական նորմի փաստացի վերացումը» ի՞նչ գործողություններ է ենթադրում, ինչպե՞ս կարող է այն իրականացվել, «իրավական համակարգ» եզրույթը օգտագործված է լա՞յն, թե՞ նեղ իմաստով, նույն իրավական նորմի գործողությունը ինչպե՞ս կարող է դադարեցվել, մասնավորապես` դադարեցումը կարող է կրել էպիզոդի՞կ թե՞ համակարգային, վերջնակա՞ն, թե՞ նաև ժամանակավոր բնույթ:
2. Պատասխանողի դիրքորոշումները
Պատասխանողը, վկայակոչելով Սահմանադրության 1, 72, 73, 78 և 79-րդ հոդվածները, վերլուծելով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը, նշում է, որ հանցագործության օբյեկտիվ կողմը կարող է դրսևորվել Սահմանադրությամբ նախատեսված պետական իշխանության կառուցվածքը փոխելով, իշխանության առանձին ինստիտուտներ վերացնելով և դրանց փոխարեն նոր ինստիտուտներ սահմանելով, կառավարման ժողովրդավարական սկզբունքները վերացնելով, իշխանության առանձին ինստիտուտների ձևավորման` Սահմանադրությամբ նախատեսված կարգը խախտելով, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը խախտելով, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները ոտնահարելով, սահմանափակելով, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը և նրա նորմերի անմիջական գործողությունը վերացնելով: Ինչ վերաբերում է հանցագործության սուբյեկտիվ կողմին, պատասխանողը նշում է, որ այն բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ, որտեղ հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած ֆիզիկական մեղսունակ անձը:
Պատասխանողը հավելել է, որ օրենսդիրը սույն սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող Օրենսգրքի 300.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանել է խրախուսական նորմ, համաձայն որի` հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության նախապատրաստության փուլում դրան մասնակցող անձի կողմից հանցագործության նախապատրաստության մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնած անձն ազատվում է հոդվածի 1-ին մասով նախատեսված քրեական պատասխանատվությունից:
Պատասխանողը, հղում կատարելով Օրենսգրքի 3-րդ հոդվածին, արձանագրել է, որ քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք կատարելն է, որից հետևում է, որ քրեական պատասխանատվության է ենթակա այն անձը, որի կողմից կատարված հանրորեն վտանգավոր արարքն ուղղակիորեն նախատեսված է Օրենսգրքի հատուկ մասի որևէ նորմով, և նշված դրույթն ապահովելու համար պետք է իրականացնել անձի կողմից կատարված հանցանքի ճիշտ որակում` անդրադառնալով նաև հանցագործության որակման կարգին:
i
Անդրադառնալով սահմանադրաիրավական վեճի շրջանակներին վերաբերող իրավական որոշակիության, համաչափության, կանխատեսելիության և հետադարձ ուժի կիրառման սահմանադրաիրավական պահանջներին` պատասխանողը վկայակոչել է, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1000, ՍԴՈ-1148, ՍԴՈ-1270 որոշումներում Սահմանադրական դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները:
Իր եզրահանգումների և դիրքորոշումների համակցությունից բխեցնելով, որ վիճարկվող իրավակարգավորումը` օրենսդրի կողմից ամրագրված համապատասխան իրավական գործիքակազմով սույն սահմանադրաիրավական վեճի շրջանակներում ապահովում է սահմանադրական պահանջների լիարժեք իրացումը, պատասխանողը գտնում է, որ Օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
3. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքը1
_____________________________
Սահմանադրական դատարանն իր` 2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` առաջադրելով հետևյալ հարցերը. 1) արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ` օրինակ` 8-11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ, 2) եթե` ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում, 3) կարո՞ղ է, արդյոք, ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները, 4) քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան` ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար` պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:
2020 թվականի մայիսի 29-ի` «Հանցանքի սահմանման մեջ «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն` ըստ հղման» տեխնիկայի կիրառման և հանցանքի կատարման պահին գործող ու փոփոխված քրեական օրենքի համեմատության չափորոշիչների վերաբերյալ» խորհրդատվական կարծիքում (դիմում թիվ P16-2019-001) ՄԻԵԴ-ը, մասնավորապես, նշել է.
«(…) 77. 7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը, որը օրենքի գերակայության էական տարր է, Կոնվենցիայի պաշտպանության համակարգում գլխավոր տեղ է գրավում, որը հատկապես ընդգծվում է այն հանգամանքով, որ 15-րդ հոդվածի համաձայն` դրանից որևէ շեղում անթույլատրելի է նույնիսկ պատերազմի կամ ազգաբնակչության կյանքին վտանգող սպառնացող արտակարգ իրավիճակի դեպքում: Ելնելով օբյեկտից և նպատակից` այն պետք է մեկնաբանվի և կիրառվի այնպես, որ արդյունավետ երաշխիքներ ապահովվեն կամայական հետապնդման, դատապարտման և պատժի դեմ (տե՛ս S.W. v. the United Kingdom, 22 November 1995, § 34, Series A no. 335-B; C.R. v. the United Kingdom, 22 November 1995, § 32, Series A no. 335-C; and Kafkaris [v. Cyprus [GC], no. 21906/04], ... § 137[, ECHR 2008]).
78. Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի սահմանափակվում քրեական օրենսդրության հետադարձ ուժի կիրառման արգելմամբ ի վնաս մեղադրյալի (պատժի հետադարձ ուժի կիրառման հետ կապված, տե՛ս Welch v. the United Kingdom, 9 February 1995, կետ 36, Series A no. 307-A; Jamil v. France, 8 June 1995, 35 կետ, Series A no. 317-B; Ecer and Zeyrek v. Turkey, nos. 29295/95 and 29363/95, կետ 36, ECHR 2001-II; and Mihai Toma v. Romania, no. 1051/06, 26-31 կետեր, 24 January 2012): Այն նաև առավելապես մարմնավորում է այն սկզբունքը, որ միայն օրենքը կարող է սահմանել հանցագործությունը և պատիժը (nullum crimen, nulla poena sine lege – see Kokkinakis v. Greece, 25 May 1993, կետ 52, Series A no. 260-A): Թեև այն մասնավորապես արգելում է ընդլայնել գոյություն ունեցող հանցագործությունների շրջանակը այն գործողությունների համար, որոնք նախկինում չեն եղել հանցավոր արարք, այն նաև սահմանում է այն սկզբունքը, որ քրեական օրենսդրությունը չպետք լայնորեն մեկնաբանվի ի վնաս մեղադրյալի, օրինակ` անալոգիայով (տես.Coëme and Others v. Belgium, nos. 32492/96, 32547/96, 32548/96, 33209/96 and 33210/96, կետ 145, ECHR 2000-VII; օրինակ` անալոգիայով պատժամիջոցի կիրառումը, տես. Başkaya and Okçuoğlu v. Turkey [GC], nos. 23536/94 and 24408/94, 42-43 կետեր, ECHR 1999-IV).
79. Այստեղից հետևում է, որ իրավախախտումները և համապատասխան պատիժները պետք է հստակ սահմանված լինեն օրենքով: Այս պահանջը բավարարվում է այն դեպքում, երբ անձը համապատասխան դրույթի ձևակերպումից կարող է իմանալ, անհրաժեշտության դեպքում դատարանների կողմից տված մեկնաբանությունների օգնությամբ և համապատասխան իրավաբանական խորհրդատվություն ստանալուց հետո, թե որ գործողությունները և անգործությունն իր նկատմամբ կառաջացնի քրեական պատասխանատվություն և ինչ պատիժ է նախատեսված այդ դեպքում (տես Cantoni v. France, 15 November 1996, § 29, Reports of Judgments and Decisions 1996-V, and Kafkaris, cited above, կետ 140).
80. Դատարանը հետևաբար պետք է պարզի, թե մեղադրյալի կողմից վերջինիս հետապնդմանը և դատապարտմանը հանգեցրած արարքը կատարելիս ուժի մեջ եղել է այն իրավական դրույթը, որն այդ արարքը պատժելի է դարձրել, և թե արդյոք սահմանված պատիժը չի գերազանցում այդ դրույթով սահմանված պատժամիջոցները (տես Coëme and Others, cited above, § 145, and Achour v. France [GC], no. 67335/01, § 43, ECHR 2006-IV):
(...)
91. «Օրենքի» մասին խոսելիս` 7-րդ հոդվածը վկայակոչում է այն նույն հասկացությունը, որին Կոնվենցիան հղում է կատարում այդ եզրույթը կիրառելիս. մի հայեցակարգ, որն իր մեջ ներառում է կանոնադրական իրավունք, ինչպես նաև նախադեպային իրավունք և ենթադրում է որակական պահանջներ, մասնավորապես մատչելիության և կանխատեսելիության դրսևորում (տես` Kokkinakis, cited above, §§ 40-41; Cantoni, cited above, § 29; Coëme and Others, cited above, § 145; and E.K. v. Turkey, no. 28496/95, § 51, 7 February 2002): Այս որակական պահանջները պետք է բավարարվեն ինչպես իրավախախտման բնութագրման, այնպես էլ պատժի կրման համար:
92. (...) Կանոնների միջոցով կարգավորման ստանդարտ տեխնիկայից մեկը ընդհանուր դասակարգումների օգտագործումն է` ի տարբերություն սպառիչ ցուցակների: Ըստ այդմ, շատ օրենքներ անխուսափելիորեն զուգորդվում են այնպիսի եզրույթներով, որոնք առավել մեծ կամ պակաս չափով անորոշ են, և որոնց մեկնաբանությունն ու կիրառումը պրակտիկայի հարցեր են (տես` Kokkinakis, cited above, կետ 40, and Cantoni, cited above, կետ 31): Այնուամենայնիվ, հստակ մշակված իրավական դրույթը կարող է լինել ցանկացած իրավական համակարգում, ներառյալ քրեական իրավունքում, և հանդես գալ որպես դատական մեկնաբանությունների անխուսափելի տարր: Միշտ անհրաժեշտություն կլինի պարզաբանել կասկածելի կետերը և հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Դարձյալ, չնայած որոշակիությունը խիստ ցանկալի է, այն կարող է հանգեցնել գերկոշտության, և օրենքը պետք է կարողանա համընթաց քայլել փոփոխվող հանգամանքների հետ (տե՛ս Kafkaris, cited above, կետ 141):
93. Դատարաններին վերապահված դերը եղած (ibid) հենց այդպիսի մեկնաբանական կասկածները փարատելն է: Քրեական օրենսդրության առաջադիմական զարգացումը դատական օրենսդրության կայացման միջոցով Կոնվենցիայի պետություններում իրավական ավանդույթի լավ ներդրված և անհրաժեշտ մաս է (տե՛ս Kruslin v. France, 24 April 1990, կետ 29, Series A no. 176-A): Կոնվենցիայի 7-րդ հոդվածը չի կարող ընթերցվել որպես քրեական պատասխանատվության կանոնների աստիճանական պարզաբանման արգելք այս կամ այն գործով, հատկապես որ հետագա զարգացումը համահունչ է հանցագործության էությանը և ողջամտորեն կանխատեսելի է (տե՛ս. S.W. v. the United Kingdom, cited above, կետ 36; C.R. v. the United Kingdom, cited above, կետ 34; Streletz, Kessler and Krenz [v. Germany [GC], nos. 34044/96 and 2 others, կետ 50[, ECHR 2001-II]; K.-H.W. v. Germany [GC], no. 37201/97, կետ 85, 22 March 2001; Korbely v. Hungary [GC], no. 9174/02, կետ 71, ECHR 2008; and Kononov v. Latvia [GC], no. 36376/04, կետ 185, ECHR 2010): Հասանելի և ողջամտորեն կանխատեսելի դատական մեկնաբանության բացակայությունը կարող է հանգեցնել նույնիսկ 7-րդ հոդվածով նախատեսված մեղադրյալի իրավունքի խախտմանը (տե՛ս հանցագործության բաղադրիչ տարրերին վերաբերող Pessino v. France, no. 40403/02, 35-36 կետեր, 10 October 2006, and Dragotoniu and Militaru-Pidhorni v. Romania, nos. 77193/01 and 77196/01, 43-44 կետեր, 24 May 2007; as regards the penalty, see Alimuçaj v. Albania, no. 20134/05, 154-62 կետեր, 7 February 2012)»:
(...) «80. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածն անվերապահորեն արգելում է քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառումը, երբ այն ի վնաս մեղադրյալի է (տե՛ս վերոնշյալ 60-րդ կետում նշված Դել Ռիո Պրադայի գլխավոր սկզբունքներին վերաբերող ընդհանուր սկզբունքը): Քրեական օրենքի հետադարձ ուժի մերժման սկզբունքը տարածվում է ինչպես իրավախախտումը սահմանող դրույթների (տես` Vasiliauskas, վերոնշյալ 165-66-րդ կետեր) այնպես էլ պատժամիջոցների նկատմամբ (տես` M. v. Germany, no. 19359/04, 123-րդ և 135-37-րդ կետեր, ECHR 2009):
(...) 83. Սույն դատավարության ընթացքում Սահմանադրական դատարանը հայցում է Դատարանին կարծիք հայտնել հետադարձ ուժի մերժման սկզբունքի կիրառման վերաբերյալ: ... Դատարանը գտնում է, որ հետաքրքրական է իր նախադեպային իրավունքը, որը վերաբերում է մեղադրանքի վերադասակարգմանը` համաձայն քրեական օրենսգրքի փոփոխված խմբագրության, որն ուժի մեջ է մտել քննության առարկա գործողության կատարումից հետո: Նման իրավիճակներում Դատարանը նախևառաջ փորձում է որոշել, թե արդյոք կա իրավախախտման շարունակականություն ` հաշվի առնելով իրավախախտման կատարման պահը և դատապարտման պահը:
(...)
85. Նման դեպքերում Դատարանը, ըստ էության, քննել է, թե արդյոք այդ գործողությունները պատժելի էին կատարման պահին գործող դրույթներով:
86. Դատարանի նախադեպային իրավունքը չի նախատեսում չափանիշների համապարփակ շարք` համեմատելու իրավախախտման կատարման պահին գործող և փոփոխված քրեական օրենքները: Այնուամենայնիվ, կարելի է եզրակացնել, որ Դատարանը հաշվի է առնում գործի առանձնահատուկ հանգամանքները, այն է` գործի կոնկրետ փաստերը, որոնք հաստատվել են ներպետական դատարանների կողմից, երբ վերջիններս գնահատել են, թե արդյոք կատարված արարքները պատժելի են եղել կատարման պահին գործող դրույթներով: Ավելին, իրավախախտման կատարման պահին գործող օրենքի կանխատեսելիության վերաբերյալ իր նախադեպային իրավունքի ընդհանուր սկզբունքներին համապատասխան` Դատարանը հաշվի է առել ներպետական դատարանի նախադեպային իրավունքը, եթե այդպիսիք առկա են, պարզաբանելով այդ ժամանակ գործող օրենքում կիրառված հասկացությունները (տես G. v France, վերոնշյալ 25-26-րդ կետեր, և Berardi and Mularoni, վերոնշյալ 46-56-րդ կետեր).
87. Ի հակադրություն` Դատարանը մտահոգված չէ ներպետական օրենսդրությամբ քրեական հանցագործություններին տրված պաշտոնական դասակարգումներով կամ անվանումներով (…)»:
Արդյունքում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, ի թիվս այլնի, եզրահանգել է.
1. «(...) Գործողությունը կամ անգործությունը քրեականացնելու նպատակով «բլանկետային հղման» կամ «հղում անելու մասին օրենսդրության» տեխնիկայի կիրառումն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջների հետ: Հղում կատարող դրույթը և հղում կատարված դրույթը, իրենց ամբողջություն մեջ, պետք է հնարավորություն ընձեռեն շահագրգիռ անձին, անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավաբանական խորհրդատվության օգնությամբ կանխատեսել, թե իր վարքագծի ինչպիսի դրսևորումը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Այս պահանջը հավասարապես կիրառվում է այն իրավիճակների դեպքում, երբ հղում կատարված դրույթը նշված իրավական համակարգում ունի ավելի բարձր աստիճանակարգություն, կամ վերացականության ավելի բարձր աստիճան, քան հղում կատարող դրույթը:
2. Հստակության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը պետք է լինի պարզ, իսկ հղում կատարող դրույթը պետք է սահմանի իրավախախտման բաղկացուցիչ տարրերը: Ավելին, հղում կատարված դրույթները չեն կարող ընդլայնել հղում կատարող դրույթով սահմանված քրեականացման շրջանակը: Ամեն դեպքում, թե՛ հղում կատարող դրույթը և թե՛ հղում կատարված դրույթը կիրառելիս դատարանը պետք է գնահատի, թե արդյոք գործի հանգամանքներում քրեական պատասխանատվությունը կանխատեսելի է եղել:
3. Անհրաժեշտ է հաշվի առնել գործի կոնկրետ հանգամանքները (կոնկրետացման սկզբունքը)` պարզելու համար, թե արդյոք Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով ենթադրյալ իրավախախտումը կատարելուց հետո ընդունված օրենքը մեղադրյալի համար պակաս, թե ավելի բարենպաստ է, քան ենթադրյալ իրավախախտումը կատարելու պահին գործող օրենքը: Եթե հետագայում ընդունված օրենքն ավելի խիստ է, քան ենթադրյալ իրավախախտման կատարման պահին գործող օրենքը, ապա հետագայում ընդունված օրենքը չի կարող կիրառվել»:
4. «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի հանձնաժողով) խորհրդատվական կարծիքը2
Սահմանադրական դատարանն իր` 2019 թվականի հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով, Վենետիկի հանձնաժողովի կանոնադրության հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել է Վենետիկի հանձնաժողով` առաջադրելով հետևյալ հարցերը. 1) արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների քրեական օրենքներում «սահմանադրական կարգի դեմ ուղղված» հանցագործությունները պարունակում են հղումներ սահմանադրություններին կամ դրանց կոնկրետ հոդվածներին, 2) ինչպե՞ս են Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների վերաբերելի իրավական ակտերում և, մասնավորապես, քրեական օրենքներում նկարագրվում «սահմանադրական կարգ», «սահմանադրական կարգի տապալում», «իշխանության յուրացում» եզրույթները, և արդյո՞ք առկա են այդ եզրույթների դատական մեկնաբանություններ, 3) որո՞նք են հանցագործություն սահմանող օրենքին ներկայացվող որոշակիության պահանջի եվրոպական չափորոշիչները, 4) արդյո՞ք Վենետիկի հանձնաժողովի անդամ պետություններում առկա է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի բովանդակությանը համանման հանցագործություն, 5) եթե` այո, ապա ո՞րն է իրավական որոշակիության տեսանկյունից լավագույն փորձը:
Նշվածի հիման վրա 123-րդ լիագումար նիստում ընդունված` Օրենսգրքի 300.1-ին հոդվածին առնչվող իր կարծիքում (Վենետիկ, 18 հունիսի 2020 թվական, CDL-AD (2020) 005), Վենետիկի հանձնաժողովը, մասնավորապես, նշել է.
«9. Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունների շարքում սահմանադրական կարգի հայեցակարգը գրեթե միշտ վերաբերում է նրանց սահմանադրության ինստիտուցիոնալ կողմին: Մինչ որոշ երկրներ կիրառում են սահմանադրական կարգ եզրույթը, մյուսները գերադասում են կիրառել սահմանադրական համակարգ կամ ժողովրդավարություն եզրույթները: Դա հաճախ ենթադրում է իշխանությունների տարանջատման սկզբունքը, ավելի կոնկրետ` սահմանադրական մարմինների բնականոն գործունեության դեմ ուղղված գործողություններ:
(...)
19. Այս բնութագրումները ենթադրում են, որ համապատասխան անդամ պետություններում սահմանադրական կարգը վերաբերում է սահմանադրական տարբեր սկզբունքներին (ինչպիսիք են` ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարական կարգը, իրավական պետություն, օրենքի գերակայությունը, իրավական ֆորմալիզմը, ուժերի հավասարակշռությունը), ինչպես նաև ընդգրկում են մարմիններ, որոնք սահմանված են համապատասխան սահմանադրություններով և դրանց պատշաճ գործունեությամբ:
20. (...) Այս հանցավոր գործողությունները ներառում են բարձրագույն պետական մարմինների տապալումը (այդ թվում չսահմանափակվելով միայն կառավարության տապալմամբ), քաղաքական հիմքերի փոփոխությունը, ինչպես նաև տարածքային ամբողջականության խախտման տարբեր դրսևորումները:
(...)
33. (...) «Իրավական որոշակիությունն ունի մի քանի գործառույթ. այն օգնում է հասարակության մեջ խաղաղություն և կարգուկանոն ապահովել և նպաստում է իրավական արդյունավետությանը` թույլ տալով, որ անձինք բավարար իրազեկված լինեն օրենքի մասին` համապատասխան վարքագիծ դրսևորելու համար: Այն նաև անձին հնարավորություն է ընձեռում, որպեսզի վերջինս կարողանա գնահատել, թե արդյոք պետական իշխանությունն իր գործունեության ընթացքում կամայականություն դրսևորվել է, թե ոչ: Այն օգնում է անձանց իրենց կյանքը կազմակերպել` հնարավորություն տալով երկարաժամկետ ծրագրավորել և ձևավորել օրինական ակնկալիքներ»:
34. (...) իրավական որոշակիությունը կախված է օրենքների մատչելիությունից (օրենսդրության մատչելիություն) և դատական որոշումների մատչելիությունից (դատական որոշումների մատչելիություն): Քանի որ դատական որոշումները կարող են սահմանել, մշակել և հստակեցնել օրենքը, ուստի այդ որոշումների հասանելիությունն իրավական որոշակիության բաղկացուցիչ մասն է: Դրա սահմանափակումները թույլատրվում են միայն այն դեպքում, երբ անձի իրավունքների պաշտպանության անհրաժեշտություն է առաջանում: Օրենքի հետևանքները նույնպես պետք է կանխատեսելի լինեն, ինչը նշանակում է, որ օրենքը պետք է հրապարակվի նախքան դրա կիրարկումը, և դրա հետևանքները պետք է կանխատեսելի լինեն, այսինքն` օրենքը պետք է լինի շարադրված բավարար ճշգրտությամբ և հստակությամբ, որպեսզի իրավունքի սուբյեկտները կարողանան դրսևորել համապատասխան վարքագիծ: Պահանջվող կանխատեսելիության աստիճանը կախված է օրենքի բնույթից (հատկապես կարևոր է քրեական օրենսդրության դեպքում), որին հաջորդում է այն հարցը, թե արդյոք օրենքները կայուն և հետևողական են ...:
35. Քրեական օրենքների հետադարձ ուժի արգելումը և օրենքներում հանցավոր գործողությունների բավարար հստակ և ճշգրիտ սահմանումներ ամրագրելու պահանջը կարևոր նշանակություն ունի դրանց կիրառման համար: Սույն խորհրդատվական կարծիքի համատեքստում հստակության և ճշգրտության պահանջի մասով պետք է նշել, որ այս առումով սահմանադրական կարգի չհստակեցված հայեցակարգը կարող է խնդրահարույց լինել: Մինչդեռ, անդամ պետությունների մեծ մասում կարծես թե առկա է ընդհանուր համաձայնություն, որը կարող է վերաբերել սահմանադրության և օրենքների ոչ հստակ ձևակերպմանն առնչվող հնարավոր քննադատությանը այն հարցի առնչությամբ, թե որն է այդ սկզբունքը (սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում): Սահմանադրական կարգի բնորոշումն անորոշ թողնելու ընդհանուր պրակտիկայի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի կողմից ստացված նյութերի վերլուծությունը թույլ չի տալիս եզրակացնել, որ այս սկզբունքի սահմանման բացակայությունը հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Եթե հնարավոր չէ սահմանադրական կարգի հասկացության ընդհանուր սահմանում ապահովել այն բոլոր դեպքերում, երբ կիրառվում է քրեական օրենքը, ապա անհրաժեշտ է հղում կատարել հատուկ սահմանադրական դրույթներին կամ հստակ սահմանադրական սկզբունքներին, որոնք ենթադրաբար խախտվել են:
36. ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը մեկնաբանման տեղ է թողնում այն առումով, թե ինչ է նշանակում «Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ նորմի փաստացի վերացում», ինչը դժվարացնում է այլ անդամ պետությունների օրենսդրության մեջ նման դրույթների նույնականացումը: Բացի դրանից, այդ դրույթներով նախատեսված իրավական սահմանումը («որն արտահայտվում է իրավական համակարգում գործողության դադարեցմամբ») չի հստակեցնում իրավիճակը, ինչն, այնուամենայնիվ կարող է պայմանավորված լինել թարգմանությամբ: Հստակեցնելու նպատակով «փաստացի վերացման» հարցը բացակայում է ստորև ներկայացվող մեկնաբանություններից:
(...)
44. Պետական դավաճանության, խռովության կամ ապստամբության լայն իմաստով ձևակերպված հանցագործությունները սովորաբար պահանջում են բռնության, ուժի կամ սպառնալիքի տարր, որը զուգորդվում է դիտավորությամբ (կամ դրա իրական փորձով)` նպատակ հետապնդելով այդ բռնի կամ բիրտ գործողությունն ուղղել սահմանադրական կարգի կամ դրա միջոցով պաշտպանվող շահերի դեմ: Այն դրույթները, որոնցում չի նշվում բռնությունը և/կամ սահմանադրական կարգի դեմ ուղղված նման մտադրությունը, ընդհանուր առմամբ նախատեսում են ավելի կոնկրետ գործողություններ (օրինակ` տպագիր նյութերի տարածումը կամ հակասահմանադրական կուսակցության կամ միավորման խորհրդանիշների օգտագործումը), որոնք իրենց բնույթով համարվում են հակասահմանադրական:
(...)
49. Ի պատասխան սահմանադրական կարգը տապալելու համար պատիժ սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Վենետիկի հանձնաժողովին ուղղված սույն խորհրդատվական կարծիքի շրջանակներում առաջադրված հինգ հարցերին` Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ անդամ պետությունների մեծ մասից ստացված տեղեկատվությունը վկայում է քննության առարկա հարցերի և ներկայացված մանրամասնությունների միջև էական տարբերությունների մասին: Այդ իսկ պատճառով սույն խորհրդատվական կարծիքում ներկայացված եզրակացությունները միայն նախնական են:
50. Անդամ պետություններն իրենց իսկ ազգային սահմանադրություններում և օրենսդրություններում տարբեր մոտեցումներ են ցուցաբերում սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների առնչությամբ: Եթե անդամ պետություններում առկա են նման հանցագործություններ և սահմանադրությունը համապատասխան հղում է պարունակում, ապա դրանք հաճախ սահմանում են Սահմանադրության բռնի և ապօրինի փոփոխությունը` որպես այս հանցագործության տարր, և սահմանադրությունը վկայակոչում են որպես ամբողջություն: Մյուս անդամ պետություններն անմիջականորեն հղում են կատարում սահմանադրական կարգը պահպանելու պարտականությանը` առանց այն սահմանելու: Այնուամենայնիվ, կարծես թե առկա չեն օրենսդրական դրույթներ, որոնք ուղղակի հղում կպարունակեն սահմանադրության կոնկրետ հոդվածներին: Այնուամենայնիվ, քրեական օրենսգրքերով/օրենսդրությամբ նախատեսված դրույթներից շատերը (եթե ոչ բոլորը, քանի որ կիրառվող եզրույթները կարող են տարբերվել) անուղղակիորեն հղում են կատարում սահմանադրությանը` վկայակոչելով սահմանադրական այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ժողովրդավարությունը և ընտրությունները, կամ հղում են կատարում կոնկրետ սահմանադրական այնպիսի մարմնի, ինչպիսին է խորհրդարանը: Հետևաբար, սահմանադրություններում կարծես թե առկա չէ «սահմանադրական կարգի դեմ» ուղղված հանցագործությունների վերաբերյալ որևէ ուղղակի հղում, սակայն կարելի է եզրահանգել, որ դրանց վերաբերյալ առկա են անուղղակի կամ ենթադրյալ հղումներ:
51. Սահմանադրական կարգ, սահմանադրական կարգի տապալում, իշխանության յուրացում եզրույթները, որպես այդպիսին կարծես սահմանված չեն անդամ պետությունների մեծ մասի օրենսդրություններում: Բազմաթիվ անդամ պետություններ, բայց ոչ բոլորը, սահմանադրական կարգը տապալելու իրավախախտմանը վերաբերում են որպես պետական դավաճանություն, այն է` հանցավոր մտադրություն կամ իրական փորձ` խաբեությամբ, բռնի և անօրինական եղանակով փոփոխելու Սահմանադրությունը, ինչին միշտ չէ, որ պահանջում է սահմանադրական կարգի փաստացի տապալում:
52. Առկա է սահմանադրական կարգի, սահմանադրական կարգի տապալման, իշխանության յուրացման եզրույթների վերաբերյալ նախադեպային իրավունքի պակաս, որը վկայում է, որ հիմնականում այդ եզրույթները կարգավորող օրենսդրական դրույթներն առ օրս չեն կիրառվել: Սա իր հերթին վկայում է, որ առկա չէ լավագույն պրակտիկա` կապված այն փաստական հանգամանքների հետ, որոնցով պատիժ է նախատեսվում նմանատիպ հանցագործության, օրինակ պետական դավաճանության համար, որին կարող են առնչվել անդամ պետությունները: Ինչ վերաբերում է քրեական օրենսդրության հետադարձ ուժի արգելմանը և օրենքներում հանցավոր գործողությունների բավարար հստակ և ճշգրիտ սահմանումներ նախատեսելու պահանջին, ապա սահմանադրական կարգի հասկացությունների և սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ անճշտությունների քննադատությունները կարող են մեղմացուցիչ հանգամանք հանդիսանալ այն առումով, որ Վենետիկի հանձնաժողովի անդամ պետությունները եկել են կոնվերգենցիայի (միատեսակ մոտեցում)` թողնել այդ եզրույթները անորոշ և ոչ հստակ ձևակերպված: Հետևաբար, որևէ եզրակացություն չի կարող արվել այն հարցում, թե որն է իրավական որոշակիության տեսանկյունից լավագույն փորձը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այս սկզբունքը և համաչափության սկզբունքը` թվում է, որ կարելի է ողջամտորեն ակնկալել, որ որքան ավելի լայնորեն է ձևակերպված օրենսդրական դրույթը, այնքան ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել մեղադրյալի անձնական ազատություններին և հիմնարար իրավունքներին: Նման դրույթն ավելի նեղ իմաստով մեկնաբանելիս պետք է հաշվի առնել dubio pro reo սկզբունքը (մեղադրյալը չի կարող դատապարտվել, եթե նրա մեղքի վերաբերյալ կան չփարատված կասկածներ)»:
5. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
Սույն գործով Օրենսգրքի վիճարկվող 300.1-ին հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, մասնավորապես, այն հարցը, թե վիճարկվող հոդվածը համապատասխանու՞մ է արդյոք որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքներին, և ըստ այդմ երաշխավորվա՞ծ են արդյոք Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներով ամրագրված հիմնական իրավունքները:
6. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
6.1. Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին ...»:
Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: 2. Անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով»:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը, կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»: Ընդ որում` Կոնվենցիայի 7-րդ հոդվածով ամրագրված երաշխիքի կարևորությունը ընդգծվում է նաև նրանով, որ անգամ պատերազմի կամ ազգի կյանքին սպառնացող ցանկացած այլ արտակարգ իրավիճակի ժամանակ նշված կանոնից շեղումն անթույլատրելի է (Կոնվենցիայի 15-րդ հոդվածի 2-րդ մաս):
Նշված կանոնն իր արտացոլումն է գտել նաև Օրենսգրքում, մասնավորապես, 12-րդ հոդվածում, համաձայն որի`
«1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:
2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:
Օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «(...) 2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի»:
«Չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege)» կանոնը թե՛ միջազգային, թե՛ ներպետական իրավունքի համընդհանուր ճանաչում ստացած սկզբունք է և դիտարկվում է իբրև իրավունքի գերակայության առանցքային տարրերից մեկը:
Ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության ընդհանուր կանոնը, որով մերժվում է իրավական ակտերի հետադարձ գործողության հնարավորությունը, հետապնդում է իրավաչափ նպատակներ` դրանով հնարավոր է լինում երաշխավորել մարդու իրավունքները, ապահովել իրավական որոշակիության, իրավական անվտանգության սկզբունքները, հասարակական հարաբերությունների կայունությունը և այլն:
Համանման իրավական դիրքորոշում Սահմանադրական դատարանն արտահայտել է նաև իր` 2011 թվականի նոյեմբերի 29-ի ՍԴՈ-1000 որոշմամբ, մասնավորապես, ամրագրելով, որ «ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 3-6-րդ մասերի, ինչպես նաև 42-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համադրված վերլուծությունը վկայում է, որ ՀՀ Սահմանադրությամբ` ժամանակի մեջ իրավական ակտերի գործողության կանոնակագումը հիմնվում է այն տրամաբանության վրա, որ իրավական ակտերի հետադարձ ուժով գործողության մերժումն ընդհանուր կանոն է, իսկ այդ ակտերի հետադարձ ուժով գործողության հնարավորությունը` բացառություն ընդհանուր կանոնից: Այս մոտեցումը բխում է իրավական որոշակիության, օրենսդրության նկատմամբ լեգիտիմ ակնկալիքների, մարդու իրավունքների երաշխավորման, իրավակիրառ մարմինների կողմից կամայականությունների կանխարգելման նկատառումներից»:
Ընդ որում, բացառություններն իրենց հերթին տարբեր են. (1) երբ սահմանադիրը բացառում է օրենսդրի կողմից որևէ հայեցողություն դրսևորելու հնարավորությունը` սահմանելով հետադարձության ուղիղ պահանջ (արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ (Սահմանադրության 72-րդ հոդված), և (2) երբ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ հաղորդելու լիազորությունը թողնվում է իրավասու (այդ ակտն ընդունող) մարմնի հայեցողությանը (անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով (Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մաս): Այս դեպքերում ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է ՍԴՈ-1000 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ իրավական ակտի հետադարձությունը թույլատրվում է բացառիկ դեպքերում, և տվյալ ակտն ընդունող մարմնի` այդ ակտին հետադարձ ուժ հաղորդելու որոշումը պետք է հիմնվի հասարակության և պետության համար նման որոշման հնարավոր իրավական հետևանքների բազմակողմանի վերլուծության և գնահատականի վրա:
Սահմանադրաիրավական պահանջը, ըստ որի` պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ, իր արտացոլումն է գտել նաև Օրենսգրքի 13-րդ հոդվածում, ըստ որի` «1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»: Նույն հոդվածի 3-րդ մասով կարգավորվում են այն դեպքերը, երբ միևնույն օրենքով պատասխանատվությունը և՛ մասնակիորեն մեղմացվում է, և՛ մասնակիորեն խստացվում: Նման դեպքերի համար, ելնելով Սահմանադրության 72-րդ հոդվածի էությունից` օրենսդիրը սահմանել է, որ` «Պատասխանատվությունը մասնակիորեն մեղմացնող և միաժամանակ պատասխանատվությունը մասնակիորեն խստացնող օրենքը հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
Սահմանադրական դատարանն իր` 2017 թվականի փետրվարի 14-ի ՍԴՈ-1348 որոշմամբ անդրադառնալով «Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը» վերտառությամբ Սահմանադրության 72-րդ հոդվածի երրորդ նախադասության` «Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ» դրույթի բովանդակությանը` արձանագրել է.
«(...) առաջին` սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքների համար նախատեսում է վերջիններիս` ժամանակի մեջ գործողության հատուկ կարգ, այն է` այդպիսի օրենքները տարածվում են մինչ այդ օրենքների ուժի մեջ մտնելը ծագած համապատասխան հարաբերությունների վրա,
երկրորդ` ի տարբերություն անձի վիճակը բարելավող այլ օրենքների, սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձությունը չի պայմանավորում վերջինիս` այդ օրենքներով նախատեսված լինելու հանգամանքով,
երրորդ` անմիջական գործողությամբ օժտված սահմանադրաիրավական վերոհիշյալ դրույթով ամրագրված իրավակարգավորման շրջանակներում սահմանադիրն արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու պահանջը տարածում է քրեադատավարական և քրեակատարողական բոլոր գործընթացներում ներգրավված, ի թիվս այլոց, այն անձանց վրա, ում արարքի պատժելիությունը վերացվել է, և սահմանադրաիրավական այս սկզբունքի գործողությունը չի պայմանավորում քրեադատավարական կամ քրեակատարողական այս կամ այն փուլով, ինչն արտացոլվել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն` արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն,
չորրորդ` ելնելով մարդու արժանապատվության անխախտելիության և մարդու անօտարելի արժանապատվության` իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք հանդիսանալու սահմանադրաիրավական պահանջներից և հիմնական իրավունքների անմիջականորեն գործողության սկզբունքից` անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելը ենթադրում է, որ վերանում են արարքի պատժելիություն սահմանող օրենքի կիրառման արդյունքում անձի համար առաջացած բոլոր անբարենպաստ իրավական հետևանքները, այսինքն` անձի նկատմամբ արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը վերականգնվում է մինչև արարքի պատժելիություն սահմանող օրենքի կիրառումն առկա վիճակը,
(...)
յոթերորդ` պատիժը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելն անմիջականորեն առնչվում է անձի այնպիսի հիմնական իրավունքներին, ինչպիսիք են դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, և ինչպես հանցագործություններ սահմանելու և պատիժներ նշանակելու, այնպես էլ արարքի պատժելիությունը վերացնելու գործընթացները պետք է հիմնված լինեն ոչ միայն ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածով ամրագրված` հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքի, այլ նաև հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համաչափության և որոշակիության սահմանադրաիրավական պահանջների անմիջական գործողության ապահովման վրա, քանի որ ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով` որպես անմիջականորեն գործող իրավունք» (ՍԴՈ-1348 որոշման 6-րդ կետ):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ թեև Կոնվենցիայի 7-րդ հոդվածում ուղղակիորեն ամրագրված չէ առավել մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման կանոն, սակայն ՄԻԵԴ-ը Սկոպոլան ընդդեմ Իտալիայի գործով (no. 2) [GC] (no. 10249/03, 17 սեպտեմբերի 2009թ.), ելնելով Կոնվենցիայի 7-րդ հոդվածի վերլուծությունից, եկել է եզրահանգման, որ` «...Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է ոչ միայն ավելի խիստ քրեական օրենքների հետադարձ ուժի մերժման սկզբունքը, այլև ենթադրաբար ավելի մեղմ քրեական օրենսդրության հետադարձ ուժ ունենալու սկզբունքը: Այդ սկզբունքը մարմնավորված է այն կանոնի մեջ, համաձայն որի` այն դեպքում, երբ իրավախախտման կատարման պահին գործող քրեական օրենքի և դրանից հետո ընդունված քրեական օրենքի միջև վերջնական վճիռ կայացնելիս առկա են տարբերություններ, ապա դատարանները պետք է կիրառեն այն օրենքը, որի դրույթներն ավելի բարենպաստ են մեղադրյալի համար (ibid., 108-09-րդ կետեր)»:
Ավելին, սույն գործով խորհրդատվական կարծիքի 82-րդ կետում ՄԻԵԴ-ը նաև արձանագրել է, որ` «Թեև ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման պահանջը, ընդհանուր առմամբ ձևակերպվել է Սկոպոլայի գործով (թիվ 2), հարկ է նշել, որ այդ պահանջը մշակվել և հետագայում կիրառվել է կիրառվող տույժերի կամ պատժի կիրառման փոփոխությունների համատեքստում (տե՛ս, օրինակ, Gouarrռ Patte v. Andorra, no. 33427/10, կետեր 28-36, 12 հունվարի 2016թ., և Koprivnikar v. Slovenia, no. 67503/13, կետ 59, 24 հունվարի 2017թ.): Պարմակը և Բակիրն ընդդեմ Թուրքիայի գործով (թիվ 22429/07 և 25195/07, կետ 64, 3 դեկտեմբերի 2019թ.) դատարանն առաջին անգամ եզրակացրել է, որ ավելի մեղմ քրեական օրենքի հետադարձ ուժի կիրառման սկզբունքը կիրառվում է նաև իրավախախտման սահմանման հետ կապված փոփոխության ենթատեքստում»:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ «նոր» քրեական օրենքի գործողությունը (առանց որևէ հայեցողության հնարավորության) հետադարձությամբ տարածվում է մինչև ընդունումը ծագած այն իրավահարաբերությունների (դեպքերի) վրա, երբ`
1) նոր քրեական օրենքը լրիվ կամ մասնակի վերացնում է արարքի հանցավորությունը (լրիվ ապաքրեականացում, մասնակի ապաքրեականացում),
2) նոր քրեական օրենքը մեղմացնում է պատիժը,
3) նոր քրեական օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը:
Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ քրեական օրենքի ամեն փոփոխություն չէ, որ հանգեցնում է արարքի քրեականացման/ ապաքրեականացման, պատժի խստացման/մեղմացման, կամ հանցանք կատարած անձի վիճակը այլ կերպ բարելավելուն/վատթարացնելուն: Հետևաբար` բոլոր նկարագրված դեպքերում պետք է գործի իրավական նորմերի գործողության ընդհանուր կանոնը, այն է` պետք է գործի և կիրառվի նոր քրեական օրենքը:
Վերոգրյալի համատեքստում Սահմանադրական դատարանը գտնում է, որ արդեն իսկ հանցավոր արարքի այս կամ այն դրսևորումը նոր հանցակազմով սահմանելը և անձի նկատմամբ կիրառելը կարող են համահունչ լինել Սահմանադրության 72 և 73-րդ հոդվածներին միայն այն դեպքում, եթե այդ նոր հանցակազմով տեղի չի ունեցել հանցավոր ճանաչված արարքի շրջանակի ընդլայնում:
6.2. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կիրառելի օրենքի ընտրությունը կատարվում է արարքի կատարման ժամանակի և կիրառվելիք օրենքի գործողության ժամանակի համադրության արդյունքում: Սահմանադրական դատարանը գտնում է, որ միանշանակ է, որ նման համադրություն կատարելու բացառիկ իրավասությունը վերապահված է քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին` Սահմանադրական դատարանի կողմից վերը նշված սկզբունքների պաhպանմամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ միայն վարույթն իրականացնող մարմնին է հասու ամեն կոնկրետ քրեական գործի հանգամանքների, հանցավոր արարքի կատարման, տևողության և հետևանքի վրա հասնելու ժամանակի վերաբերյալ փաստերը հաստատող կամ հերքող հանգամանքների, հանցավոր արարքը ենթադրաբար կատարած անձանց շրջանակի և այլնի մասին տեղեկատվությունը, որն իր ամբողջության մեջ հնարավորություն կտա որոշելու քրեական օրենքի կոնկրետ դրույթի` ժամանակի մեջ կիրառության հարցը:
Նման դիրքորոշման է հանգել նաև ՄԻԵԴ-ը սույն գործով իր խորհրդատվական կարծիքում` մասնավորապես, նշելով, որ`
«88. Այսպիսով, իրավախախտման կատարման պահին գործող քրեական օրենքի և փոփոխված քրեական օրենքի համեմատությունը պետք է իրականացվի իրավասու դատարանի կողմից ոչ թե հանցագործության սահմանումների վերացական համեմատությամբ, այլ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները:
(…)
«90. Թեև կոնկրետացման սկզբունքը մշակվել է համապատասխան տույժերի փոփոխմանը վերաբերող դատական գործերով, սակայն Դատարանը, հաշվի առնելով վերը նշված նկատառումները (տե՛ս 87-88-րդ կետերը), գտնում է, որ նույն սկզբունքը վերաբերում է նաև այն դեպքերին, որոնցով կատարվում է իրավախախտման սահմանման համեմատություն` դրա կատարման պահի և հաջորդած փոփոխության միջև»:
91. ... Ներպետական դատարանների իրավասությունն է մեղադրյալի կողմից ենթադրյալ գործողությունների կամ անգործության և գործի այլ առանձնահատուկ հանգամանքների լույսի ներքո համեմատել 2009 թվականի ՔՕ 300.1-ին հոդվածի և քննության առարկա դեպքերի ժամանակ գործող ՔՕ 300-րդ հոդվածի հնարավոր կիրառման իրավական հետևանքները: …
92. Դատարանը, հետևաբար, այն կարծիքին է, որ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի նպատակներից ելնելով` եթե ենթադրյալ իրավախախտումը կատարելուց հետո ընդունված օրենքն ավելի կամ պակաս բարենպաստ է մեղադրյալի համար, քան այն օրենքը, որը գործել է ենթադրյալ իրավախախտումը կատարելու ժամանակահատվածում, ապա պետք է հաշվի առնել գործի առանձնահատուկ հանգամանքները (կոնկրետացման սկզբունքը): Եթե հետագայում ընդունված օրենքն ավելի խիստ է, քան այն օրենքը, որը գործել է ենթադրյալ իրավախախտումը կատարելու ժամանակահատվածում, ապա այն չի կարող կիրառվել»:
6.3. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` «Հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ»:
Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է որոշակիության սահմանադրական սկզբունքին: Սույն գործով ևս Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր, մասնավորապես, 2019թ. նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումները.
«1) .… օրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի` որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (…) սկզբունքին, այսինքն` ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը» (ՍԴՈ-630),
2) «Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նաև իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական և ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:
Օրենքի կանխատեսելիությունը գնահատելու համար կարևոր գործոն է նաև տվյալ հարաբերությունները կանոնակարգող տարբեր կարգավորումների միջև հակասությունների առկայության կամ բացակայության հանգամանքը» (ՍԴՈ-753),
3) « .... սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ դատական օրենսգրքի 63-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.1-րդ հոդվածներում նշված իրավախախտումների և վիճարկվող նորմում նշված հանցակազմի միջև էական տարբերությունների բացակայության պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից» (ՍԴՈ-851),
4) «Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները ....» (ՍԴՈ-1148),
5) «ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի» (ՍԴՈ-1270),
6) «Մի շարք այլ որոշումների (ՍԴՈ-630, ՍԴՈ-1142) համատեքստում, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, Սահմանադրական դատարանը գտել է, որ այն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետևանքները և վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքների և պարտավորությունների հարցում» (ՍԴՈ-1439),
7) (…) Իրավական որոշակիության սկզբունքի վերաբերյալ դիրքորոշումներն ամրագրված են Սահմանադրական դատարանի մի շարք, մասնավորապես, ՍԴՈ-630, ՍԴՈ-753, ՍԴՈ-1270 որոշումներում, որոնցից բխում է, որ Սահմանադրական դատարանն իրավական որոշակիության սկզբունքը դիտարկում է որպես Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված` իրավական պետության և հատկապես վերջինիս կարևորագույն հատկանիշներից` իրավունքի գերակայության գլխավոր պահանջներից մեկը, և հիշյալ սահմանադրաիրավական սկզբունքի գործողությունը տարածվում է բոլոր օրենքների վրա` անկախ այն հանգամանքից, թե վերջիններս ունեն հիմնական իրավունք սահմանափակող, թե հիմնական իրավունքի իրացումը կարգավորող բնույթ (ՍԴՈ-1357):
Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ առ այն, որ, մասնավորապես, որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (ՍԴՈ-630), վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի` իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու` թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (ՍԴՈ-753), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176, ՍԴՈ-1449),
8) « .… Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձևակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձևավորելու իր վարքագիծը, այլև կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, և ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:
.… Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենքի որոշակիության պահանջ նախատեսելով հանդերձ` հնարավոր չէ բոլոր հարցերի կարգավորումը նախատեսել բացառապես օրենքով, այդ պատճառով այս հարցում կարևորվում է հատկապես դատական ատյանների կողմից օրենքի հստակ մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր` 03.05.2016թ. ՍԴՈ-1270 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ` «Նույնիսկ իրավական նորմի առավելագույն հստակությամբ ձևակերպման դեպքում դատական մեկնաբանությունը չի բացառվում: Իրավադրույթների պարզաբանման և փոփոխվող հանգամանքներին` զարգացող հասարակական հարաբերություններին դրանց համապատասխանեցման անհրաժեշտությունը միշտ էլ առկա է: Հետևաբար, օրենսդրական կարգավորման որոշակիությունը և ճշգրտությունը չեն կարող բացարձականացվել` նույնիսկ ոչ բավարար հստակությունը կարող է լրացվել դատարանի մեկնաբանություններով»: Վերոգրյալը հաստատվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումներով, մասնավորապես, Բուսույոկն ընդդեմ Մոլդովայի (Case of Busuioc v. Moldova, application no. 61513/00, 21/12/2004) վճռում դատարանը գտել է. «...որ, թեև օրենքում որոշակիությունը մեծապես ցանկալի է, սակայն դա կարող է հանգեցնել չափազանց կոշտության, և օրենքը պետք է կարողանա հարմարվել փոփոխվող հանգամանքներին: Հետևաբար, շատ օրենքներ անխուսափելիորեն ձևակերպվում են այնպիսի հասկացություններով, որոնք քիչ թե շատ անորոշ են, և որոնց մեկնաբանությունը և կիրառումը պրակտիկայի խնդիր է» (ՍԴՈ-1452),
9) «Սահմանադրական դատարանն իր` 2015 թվականի հունիսի 9-ի ՍԴՈ-1213 որոշմամբ հայտնել է, որ «....իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ ակնկալիքները: Բացի դրանից, իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նաև, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ» (ՍԴՈ-1475):
Վերահաստատելով և զարգացնելով իր իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանը գտնում է.
1) իրավական որոշակիությունը նաև իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ,
2) իրավական պետությունում բացառապես որոշակի` կանխատեսելի, հստակ և բոլորի համար մատչելի օրենսդրական կարգավորումների միջոցով պետք է երաշխավորվի առկա իրավակարգի հետագա գոյության նկատմամբ վստահության պաշտպանությունը,
(...)
4) հանրային իշխանության կողմից որոշակիության սկզբունքի խախտումն ուղղակիորեն ազդում է օրենքի գերակայության սկզբունքի վրա և էականորեն նվազեցնում է իրավական պետության կայացածության աստիճանը,
5) հիմնական իրավունքները կամ ազատությունները սահմանափակող օրենքների հստակությունը, կանխատեսելիությունը և մատչելիությունն ուղիղ համեմատական են հիմնական իրավունքի սահմանափակման աստիճանին. որքան ավելի ինտենսիվ է այդ սահմանափակումը, այնքան ավելի հստակ, կանխատեսելի և մատչելի պետք է լինեն հիշյալ օրենքների ձևակերպումները, որպեսզի երկիմաստություն չառաջացնեն մասնավոր անձանց համար արգելքների, այլ սահմանափակումների կամ նրանց վրա դրված պարտականությունների առկայության և բովանդակության հարցում,
6) հաշվի առնելով կենսական հարցերի բազմազանությունը և նորմաստեղծ ճանապարհով բոլոր իրավիճակներին արձագանքելու անհնարինությունը` օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումների որոշակիության պահանջը չի բացառում անորոշ իրավական հասկացությունների ամրագրումն օրենքներում և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում, սակայն այն պարտադիր պետք է ուղեկցվի նման հասկացությունների համարժեք, իսկ նույնական դեպքերում` միատեսակ մեկնաբանությամբ, առանց որի անհնարին կլինի փաստել այդ դրույթների կանխատեսելիությունը (…)»:
6.4. Միաժամանակ անդրադառնալով Օրենսգրքով սահմանված բլանկետային նորմին ներկայացվող որոշակիության պահանջին` Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ բլանկետային դիսպոզիցիա պարունակող նորմերի առանձնահատկությունը դրսևորվում է նրանում, որ դրանք ինքնուրույն չեն կարող իրացվել, այսինքն` դրանք հասարակական հարաբերությունների ինքնուրույն կարգավորիչներ չեն և իրենց սոցիալական կարգավորիչ գործառույթը կարող են իրականացնել միայն այլ նորմերի հետ համակցության մեջ:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի բազմաթիվ դրույթներում հղումներ կատարվում են այլ օրենսդրական ակտերով սահմանված դեֆինիտիվ նորմերին, սակայն կոնկրետ օրենքի կոնկրետ հոդվածներին կամ դրանց մասերին հղում պարունակող բլանկետային դիսպոզիցիաներ, բացի վիճարկվող հոդվածից, նախատեսված են նաև Oրենսգրքի մի շարք այլ հոդվածներում (մասնավորապես, 190.2-րդ, 314.3-րդ, 353.1-ին և այլ հոդվածներում):
Հարկ է նշել, որ Օրենսգրքի բլանկետային դիսպոզիցիաների հիմնախնդրին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր` 2019 թվականի ապրիլի 16-ի ՍԴՈ-1453 որոշմամբ` արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումները.
- «Իրավակիրառ պրակտիկայում առաջանում են խնդիրներ, երբ օրենսդիրը փոփոխություններ է մտցնում ոչ թե անմիջապես քրեական օրենքում, այլ միջճյուղային այն օրենսդրության մեջ, որն այս կամ այն կերպ որոշում է քրեաիրավական արգելքների բովանդակությունը կամ քրեական պատժի սահմանները: Այդ բարդությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ ձևական առումով դրանք չեն համարվում քրեական օրենքի փոփոխություն: Սակայն պետք է հաշվի առնել, որ Սահմանադրության 72-րդ հոդվածում օգտագործվում է ոչ թե «քրեական օրենք», այլ «օրենք» եզրույթը: Վերոնշյալ դրույթի և՛ տառացի, և՛ համակարգային մեկնաբանությունից հետևում է, որ օրենքի հետադարձ ուժի բացառության կանոնը տարածվում է նաև այն օրենքների վրա, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով»,
- «… այն դեպքերում, երբ օրենսդիրը քրեական օրենքը շարադրելիս հղում է կատարում այլ օրենքների նորմերին, ապա դրանք որոշակիորեն վերածվում են քրեական իրավունքի աղբյուրի: Նորմատիվ իրավական ակտերը, որոնց վրա կատարվում կամ ենթադրվում է հղում քրեաիրավական բլանկետային նորմով, էապես ազդում է հանցանքի իրավական բովանդակության և այդ հանցանքի համար քրեական պատասխանատվության կիրառման սահմանների վրա: Այսպիսով, յուրաքանչյուր փոփոխություն այն օրենքներում, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմում, կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության ընդլայնման, նեղացման կամ վերացման: Ամեն պարագայում, թեև միայն քրեական օրենքն է, որ, միացնելով հանցակազմի բոլոր տարրերը, սահմանում է արարքի հանցավորությունը, այնուամենայնիվ, քրեական օրենքը պետք է դիտարկել բլանկետային նորմերի հետ միասնության մեջ: Հետևաբար` արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժ ունենալու կանոնը վերաբերում է նաև այն օրենքներին, որոնց հղում է կատարվում Օրենսգրքի բլանկետային նորմով»,
- «Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` քրեական պատասխանատվության միակ հիմքը հանցանք, այսինքն` այնպիսի արարք կատարելն է, որն իր մեջ պարունակում է քրեական օրենքով նախատեսված հանցակազմի բոլոր հատկանիշները: Հանցակազմի սուբյեկտը հանցագործության հանցակազմի չորս տարրերից մեկն է, որոնցից թեկուզ մեկի բացակայությունը վկայում է հանցակազմի բացակայության մասին, ուստիև բացառում է տվյալ արարքի հանցավորությունը և պատժելիությունը: Օրինակ` եթե օրենսդրական փոփոխության հետևանքով անձի պաշտոնը դուրս է բերվել զինծառայողների ցանկից, ապա այդ անձին զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործության համար մեղադրանք առաջադրելը կխախտի Սահմանադրության 72-րդ հոդվածով սահմանված իրավական երաշխիքները:
Հետևաբար` քրեական օրենքը հետադարձ ուժ ունի նաև այն դեպքերում, երբ տեղի է ունենում սուբյեկտային կազմով մասնակի ապաքրեականացում, այսինքն` երբ սուբյեկտային կազմից հանվում են այնպիսի սուբյեկտներ, որոնց համար նախկին օրենքով սահմանված էր քրեական պատասխանատվություն:
Սահմանադրական դատարանի նշյալ մեկնաբանությունը վերաբերում է ոչ միայն Օրենսգրքի սույն գործով վիճարկվող 310.1-րդ հոդվածի 1-ին մասին ու 314.3-րդ հոդվածին, այլև Օրենսգրքով նախատեսված ցանկացած այլ արարքի»:
6.5. Սահմանադրության 1-ին և 2-րդ հոդվածներն անփոփոխելի են: Սույն գործով վիճարկվող 300.1-ին հոդվածում վկայակոչված սահմանադրական մյուս նորմերը թեև թողնում են այնպիսի տպավորություն, որ Սահմանադրության 2005թ. և 2015թ. փոփոխություններով տեքստերն առերևույթ ունեն կարգավորման միևնույն առարկան, այդուհանդերձ, դրանք ենթարկվել են էական բովանդակային փոփոխությունների:
Սահմանադրական նորմերն իրենց էությամբ տարբերվում են այլ իրավական նորմերից նրանով, որ դրանք բնորոշվում են առավել կայունությամբ, ներքին ինքնաբավությամբ և արտահայտում են այն պատմական ժամանակաշրջանի սոցիալ-քաղաքական, իրավական իրողությունները, որոնց պայմաններում ընդունվում են: Ընդունման պահից մինչև 2015թ. փոփոխությունները Սահմանադրությունը բնորոշվել է որպես կոշտ Սահմանադրություն, որի նորմերի ցանկացած փոփոխություն կատարվում էր առավել բարդ ընթացակարգով:
Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից 2014 թվականին հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում սահմանադրական կարգի հիմունքները կազմող իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման, ժողովրդավարության սկզբունքների լավագույնս իրացման նպատակով համապատասխան սահմանադրական նորմերում բարեփոխումներ կատարելու առնչությամբ դրա հեղինակների կողմից բերվում են մի շարք հայեցակարգային ծանրակշիռ հիմնավորումներ: Հայեցակարգի, Սահմանադրության 2005 և 2015 թվականի խմբագրություններում` վիճարկվող նորմերի տեքստերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ հեղինակները, իսկ հետագայում սահմանադիրը, ի դեմս ՀՀ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների` էականորեն նոր բովանդակություն են ներդրել սահմանադրական հիշյալ նորմերի մեջ:
6.6. ՄԻԵԴ-ը սույն գործով խորհրդատվական կարծիքում արտահայտել է դիրքորոշում, համաձայն որի` «74. … «բլանկետային հղում» կամ «օրենսդրություն` ըստ հղման» տեխնիկայի կիրառումն ինքնին անհամատեղելի չէ Կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջների հետ: Հղում պարունակող դրույթը և դրույթը, որին հղում է արվում, միասին վերցված պետք է թույլ տան շահագրգիռ անհատներին, անհրաժեշտության դեպքում` համապատասխան իրավաբանական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծ դրսևորելու հետևանքով իրենք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Այս պահանջը հավասարապես կիրառելի է այն իրավիճակների նկատմամբ, երբ դրույթները, որոնց հղում է արվում, տվյալ իրավական նորմերի աստիճանակարգությունում ունեն ավելի բարձր դիրք կամ վերացականության ավելի բարձր աստիճան, քան հղում պարունակող դրույթները»: Սահմանադրական դատարանը, համադրելով իր կողմից վերն արտահայտած և ՄԻԵԴ-ի հիշյալ դիրքորոշումները, արձանագրում է, որ ինքնին բլանկետային նորմի առկայությունը քրեական օրենսդրության մեջ խնդրահարույց չէ: Միակ էական սկզբունքային հանգամանքն այն է, որ և՛ քրեական օրենքի, և՛ այն օրենքի դրույթները, որին հղում է արվում, միասին վերցրած պետք է հնարավորություն ընձեռեն շահագրգիռ անձին ըմբռնելու իրավախախտման կազմի տարրերը և հստակ կանխատեսելու, թե ո՛ր գործողությունները (անգործությունը) կհանգեցնեն պատասխանատվության:
Տվյալ պարագայում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրի կողմից` տևական ժամանակ Օրենսգրքի վիճարկվող հոդվածում համապատասխան փոփոխություններ չկատարելու հանգամանքը թե՛ իրավակիրառի, թե՛ շահագրգիռ անձի համար ստեղծում է իրավական որոշակիության խնդիրներ:
Վերոգրյալի հիման վրա` Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:
6.7. Սահմանադրական դատարանն առանձնակի կարևորում է այն հանգամանքը, որ վիճարկվող հոդվածում կիրառվող հասկացությունների անորոշության հարցը բարձրացնում է նաև գործն ըստ էության քննող դատարանը: Մասնավորապես, Դատարանի համար պարզ չէ վիճարկվող հոդվածում օգտագործվող` «նորմը փաստացի վերացնել» եզրույթը, որը պետք է դրսևորվի «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ»: Դատարանի համար հստակ չէ, թե «իրավական համակարգ» եզրույթն օգտագործված է լա՞յն, թե՞ նեղ իմաստով, իրավական նորմի գործողության դադարեցումը պետք է կրի էպիզոդի՞կ, թե՞ համակարգային, վերջնակա՞ն, թե՞ ժամանակավոր բնույթ:
Այս առումով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում նախ նշել, որ ՀՀ օրենսդրության մեջ բացակայում է «իրավական համակարգ» եզրույթի նորմատիվ բովանդակության ամրագրումը: Այն ծագել ու կիրառության մեջ է դրվել իրավունքի տեսությունում և բնորոշվում է որպես իրավունքի նորմատիվ համակարգի (իրավունքի նորմերի համակցության), իրավունքի կենսագործումն ապահովող կառույցների (հաստատությունների) և գաղափարաիրավական տարրերի (իրավական մշակույթի, իրավական դոկտրինի, իրավագիտակցության) ամբողջություն:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածն այս իմաստով չի կարող ունենալ իրավական որոշակիության բավարար աստիճան` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ եզրույթի դատական մեկնաբանության առկայությամբ գործնականում դժվար է պատկերացնել, որ հնարավոր է երբևէ կյանքի կոչել վիճարկվող հոդվածը և որևէ անձի մեղադրանք առաջադրել իրավական համակարգի բաղադրամաս հանդիսացող տարրերից, օրինակ` հասարակական կամ անհատական իրավագիտակցության մեջ սահմանադրական կարգի հիմունքներից որևէ մեկի փաստացի դադարեցման մեղադրանքով:
Ինչ վերաբերում է «իրավական համակարգ» եզրույթի այն իմաստին, որը հանգում է դրա` որպես հասարակական հարաբերությունները կարգավորող, դրանց վրա կայունացնող ազդեցություն ունեցող իրավական միջոցների և կառուցակարգերի ամբողջությանը, այսինքն` իրավունքի կենսագործումը (օգտագործումը, կատարումը, պահպանումը, լայն իմաստով իրավակիրառումը) ապահովող ինստիտուցիոնալ փուլային համակարգին, ապա այս պարագայում էլ վիճարկվող իրավադրույթների` որոշակիության սկզբունքը բավարարելու վերաբերյալ կասկածները չեն դադարում գոյություն ունենալ:
Նորմը չէր կարող ունենալ որոշակիության բավարար աստիճան և ընկալելի լինել իրավակիրառողի համար, եթե նույնիսկ «իրավական համակարգը» հասկացվեր «իրավունքի համակարգ» իմաստով: Իրավունքի համակարգի` որպես իրավական նորմերի համակցության, վերացարկված հասկացության արտահայտման իրավական ձևն օրենսդրությունն է: Դա կնշանակեր, որ տեղի է ունեցել օրենսդրության մեջ նորմի գործողության դադարում: Օրենսդրության մեջ նորմի գործողության դադարումը կարող է տեղի ունենալ միայն Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ձևական-իրավական որոշակի պաշտոնական ընթացակարգերի արդյունքում: Նորմի գործողության դադարեցումն այդ առումով տեղի է ունենում, օրինակ, այն վերացնելով, դատական կարգով անվավեր ճանաչելով, գործողության ժամկետի լրանալով, տվյալ նորմով կարգավորվող հասարակական հարաբերությունների դադարելով և այլն: Այնինչ դրանից առաջ Օրենսգրքի 300.1-ին հոդվածում ընդգծվում է նորմի «փաստացի վերացնելը»:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ օրենսդրի կողմից նկարագրված դիսպոզիցիայում օգտագործվող «նորմը փաստացի վերացնելը» («de facto» վիճակը) և «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցումը» («de jure» վիճակը) ձևակերպումները որևէ մեկնաբանման պարագայում չեն կարող լինել միմյանց հետ տրամաբանական-իրավական շաղկապվածության մեջ: Այդ ձևակերպումներով ենթադրվող իրավիճակները միմյանց հետ գտնվում են իմաստային հակադրության մեջ, քանի որ որևէ նորմի «de facto» վերացման վիճակը չի կարող ինքնաբերաբար հանգեցնել նորմի «de jure» դադարման վիճակին: Այլ կերպ` սահմանադրական կարգի տապալման հանցակազմի դիսպոզիցիայի ձևակերպումն օրենսդրի կողմից իրականացվել է, ի թիվս այլնի, տարբեր եզրույթների անհամատեղելի համակցմամբ:
Այսպիսով` վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը:
6.8. Սահմանադրական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է նաև համաչափության սահմանադրական սկզբունքին: Այն ամրագրված է Սահմանադրության 78-րդ հոդվածով, որի համաձայն` «Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը»:
Սահմանադրական դատարանն իր` 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշման մեջ, ամփոփելով իր նախորդող վերաբերելի դիրքորոշումները, մանրամասնությամբ մեկնաբանել է այս հիմնարար սահմանադրական սկզբունքի բովանդակությունը` թե՛ օրենսդրի, թե՛ նաև իրավակիրառ մարմինների համար ապահովելով դրա համարժեք ընկալման և կենսագործման պատշաճ նախադրյալներ: Վերահաստատելով իր այդ սկզբունքային իրավական դիրքորոշումները` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում առանձնացնել դրանցից հետևյալը. որքան ավելի ինտենսիվ է անձի հիմնական իրավունքի կամ ազատության սահմանափակումը, այնքան ավելի է մեծանում այդ սահմանափակումը հիմնավորելու բեռը:
Սույն գործի շրջանակներում էական նշանակություն ունի համաչափության սկզբունքի համակարգային կապը որոշակիության սկզբունքի հետ: Այս հարցին նույնպես Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր վերոհիշյալ որոշման մեջ: Հղում կատարելով ՍԴՈ-917 և ՍԴՈ-1488 որոշումներին` Սահմանադրական դատարանը նշել է, որ հիմնական իրավունք սահմանափակող օրենքով ընտրված միջոցի պիտանիությունն առաջին հերթին կախված է հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներին վերաբերող` Սահմանադրության այլ պահանջներին, հատկապես` որոշակիության սահմանադրական սկզբունքին համապատասխանության հանգամանքից:
Այսպես` մի դեպքում օրենսդրական ձևակերպման անհստակությունը (ՍԴՈ-1488), մեկ այլ դեպքում` լայն օրենսդրական սահմանափակման` առարկայական չափանիշներով բավարար չափով հիմնավորված չլինելը (ՍԴՈ-917) Սահմանադրական դատարանը գնահատում է որպես կոնկրետ հիմնական իրավունքի սահմանափակման համաչափությունը երաշխավորելու համար պատշաճ նախադրյալների բացակայություն:
Հանցագործության օբյեկտիվ կողմի սահմանման, հղում պարունակող նորմերի բովանդակության, հասկացութային շփոթի, հանցագործության արտահայտման ոչ հստակ եղանակի տեսանկյունից օրենսդիրը չի ընտրել սահմանադրական կարգի պաշտպանության լեգիտիմ նպատակին հասնելու պիտանի միջոց: Այսինքն` Սահմանադրության նորմերի ընտրությունն օրենսդիրը չի հիմնավորել առարկայական չափանիշներով, իսկ իր կողմից ընտրված որոշ նորմեր կարող են ունենալ հարափոփոխ բովանդակություն` կախված դրանց լայն մեկնաբանման հնարավորությունից: Բացի դրանից, օրենսդրական այդ կարգավորումների մեկնաբանման միջոցով չհաղթահարվող շփոթ է ստեղծվել նորմի իրավաբանական ուժի, իրավական համակարգում դրա գոյության և փաստացի ներգործության տեսանկյունից` նորմի փաստացի վերացումը դիտարկելով որպես նրա իրավական գործողության դադարեցման արտահայտման ձև:
Այսպիսով, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հոդվածը համահունչ չէ Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը և 4-րդ մասը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64, 69 և 71-րդ հոդվածները` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչել Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Ա. ԴԻԼԱՆՅԱՆ |
26 մարտի 2021 թվականի ՍԴՈ-1586 |
Պաշտոնական հրապարակման օրը` 29 մարտի 2021 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ՍԴՈ-1586 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԲԱԺԻՆ I)
1. Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 22-ի թիվ ՍԴԱՈ-138 աշխատակարգային որոշմամբ որոշվել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը միավորել, ինչպես նաև այն, որ Սահմանադրական դատարանի 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ներկայացված պատճառաբանությունները վերաբերում են թե Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված անհատական դիմումներին և թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դավիթ Գրիգորյան) դիմումին, սույն հատուկ կարծիքը ներկայացնում եմ Սահմանադրական դատարանի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի վերաբերյալ ներկայացված պատճառաբանություններին իմ անհամաձայնության մասով:
Միաժամանակ հայտնում եմ, որ սույն հատուկ կարծիքը չի վերաբերում անհատական դիմումների մասով` Սահմանադրական դատարանի որոշման եզրափակիչ մասին, իսկ նշված որոշման պատճառաբանական մասն իմ կողմից ընդունելի է այնքանով, որքանով իմաստային հակասության մեջ չի գտնվում սույն հատուկ կարծիքում (ներկայացված Բաժին I-ում և Բաժին II-ում) արտահայտված իրավական դիրքորոշումներին:
Ուսումնասիրելով գործի քննության առիթ հանդիսացող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումը, կից փաստաթղթերը, միաժամանակ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանն իրավասու է պաշտոնական հարթակներից ձեռք բերել հնարավոր և հասանելի տեղեկություններ, հարկ եմ համարում նախևառաջ ներկայացնել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը, որի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հասանելի է դարձել ոչ միայն դիմումի և գործում առկա մյուս փաստաթղթերի, այլ նաև` «DataLex» դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) և Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն պաշտոնական կայքում (court.am) առկա հասանելի տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում:
Այսպես, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին.
- թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Վարդան Գրիգորյան) կողմից 2019 թվականի ապրիլի 30-ին ընդունվել է վարույթ, որից հետո գործը քննող դատավոր Վարդան Գրիգորյանը հայտնել է ինքնաբացարկ:
- Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը 2019 թվականի մայիսի 6-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Դավիթ Գրիգորյան) 2019 թվականի մայիսի 7-ին նշված գործն ընդունել է վարույթ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Դավիթ Գրիգորյան) 2019 թվականի մայիսի 20-ին կայացրել է «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին, և մեկնաբանել Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դավիթ Գրիգորյան) 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը նույն օրը մուտքագրվել է Սահմանադրական դատարան:
- Սահմանադրական դատարանի 2019 թվականի հուլիսի 8-ի թիվ ՍԴԱՈ-72 որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դավիթ Գրիգորյան) դիմումի հիման վրա գործի քննությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, և Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու մասով, մերժվել է, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու մասով, ընդունվել է քննության:
- ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (դատավոր` Արմեն Դանիելյան) 2019 թվականի հունիսի 25-ի որոշմամբ դատախազ Պ. Պետրոսյանի և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ. Գրիգորյանի վերաքննիչ բողոքները բավարարվել են` բեկանվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, և քրեական գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
- ՀՀ բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցվել են:
- Թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը 2019 թվականի օգոստոսի 19-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Աննա Դանիբեկյան) 2019 թվականի օգոստոսի 20-ին նշված գործն ընդունել է վարույթ:
- Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Աննա Դանիբեկյան) գործը վարույթ ընդունելուց հետո նշանակել է մի շարք դատական նիստեր, որոնցից հերթականը նշանակվել է 2021 թվականի մարտի 30-ին:
- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի 2021 թվականի մարտի 17-ի որոշմամբ մեղադրյալ Ռ. Քոչարյանի պաշտպան Հ. Խուդոյանի և մեղադրյալ Ս. Օհանյանի պաշտպան Կ. Մեժլումյանի վճռաբեկ բողոքները բավարարվել են և որոշվել է հետևյալը. «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2019 թվականի հունիսի 25-ի որոշումը բեկանել ամբողջությամբ, իսկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանել մասնակիորեն` քրեական գործի վարույթը կասեցնելու մասով»:
2. Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորությունը: Նշված հոդվածի համաձայն` դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ և գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով:
Դատարանների դիմումների հիման վրա սահմանադրական վերահսկողության դատավարական ընթացակարգերն ու առանձնահատկությունները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածով:
Այսպես, վերը նշված սահմանադրական նորմն իր ամբողջական ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասում:
Սահմանադրական դատարանն իր մի շարք աշխատակարգային որոշումներով բացահայտել է վերոնշյալ նորմերի էությունը, մասնավորապես` 2020 նոյեմբերի 17-ի ՍԴԱՈ-205, նույն թվականի նոյեմբերի 30-ի ՍԴԱՈ-219 և 2021 թվականի փետրվարի 26-ի ՍԴԱՈ-40 աշխատակարգային որոշումներով արձանագրել է հետևյալը.
«(…) դատարանների` Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ դատարանները`
1. հիմնավոր կասկածներ ունեն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ և
2. գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով (կոնկրետ սահմանադրական վերահսկողություն) (…):
Ըստ այդմ, դատարանները համապատասխան դիմումներում պետք է ներկայացնեն ոչ միայն վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ իրենց հիմնավորումները, այլ նաև պետք է հիմնավորեն, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՍԴԱՈ-245 աշխատակարգային որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ դրույթների բովանդակությանը, նաև արձանագրել է, որ դատարանների` նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունն առկա է միայն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործի դեպքում, ավելին` հիշյալ իրավունքը կարող է իրացվել համապատասխան գործով վարույթն սկսվելուց մինչև այդ գործով ըստ էության որոշում ընդունելու պահը:
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` գործը միանձնյա քննող դատավորը գործում է որպես դատարան (…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` «դատարան» հիմնական հասկացության նշանակությունը հետևյալն է` օրենքով սահմանված կարգով կազմավորված դատարան, որը գործերը քննում է կոլեգիալ կազմով կամ միանձնյա. առաջին ատյանի դատարան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան (6-րդ հոդվածի 11-րդ կետ):
Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատարանի կազմը և լիազորությունները» վերտառությամբ 5-րդ բաժնում ներառված 39-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական գործերի և նյութերի քննությունը դատարանն իրականացնում է կոլեգիալ կամ մեկ դատավորի կազմով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` առաջին ատյանի դատարանում գործերը և նյութերը քննվում են դատավորի կողմից` միանձնյա: Իսկ նույն օրենսգրքի «Վարույթն առաջին ատյանի դատարանում» վերտառությամբ 9-րդ բաժնում ամրագրված դրույթների բովանդակությունից հետևում է, որ դատարան մուտք եղած քրեական գործը դատավորն իր վարույթ է ընդունում, որի վերաբերյալ էլ կայացվում է որոշում:
Այսպիսով, քրեադատավարական կարգով առաջին ատյանի դատարանում քննվող գործի վարույթն իրենից ներկայացնում է դատավարական ընթացակարգ, որն սկսվում է դատավորի կողմից քրեական գործն իր վարույթ ընդունելու հարցը լուծելով, և ներառում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` գործը միանձնյա քննող դատավորի կողմից դատավարական որոշումների (դատական ակտերի) կայացում և համապատասխան դատավարական գործողությունների իրականացում: Ընդ որում, տվյալ իրավիճակում գործն իր վարույթ ընդունած դատավորը հանդես է գալիս որպես դատարան:
Տվյալ դեպքում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը 2019 թվականի մայիսի 7-ին ընդունել է իր վարույթ:
Այնուհետև, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` ի դեմս դատավոր Դավիթ Գրիգորյանի, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22-25-րդ և 71-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 292-րդ հոդվածի 3-րդ կետով և 295-րդ հոդվածով, 2019 թվականի մայիսի 20-ին կայացված որոշմամբ որոշել է թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի վարույթը կասեցնել և դիմել Սահմանադրական դատարան:
Միաժամանակ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի վերաբերյալ «DataLex.am» դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) առկա հասանելի տեղեկությունների ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու հիմքով տեղի է ունեցել դատավորի փոխարինում, և թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը 2019 թվականի օգոստոսի 19-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին:
Ընդ որում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2019 թվականի օգոստոսի 20-ին գործն ընդունել է վարույթ, որից հետո նշանակել է մի շարք դատական նիստեր:
Նշվածից հետևում է, որ ներկայումս թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միանձնյա քննող դատավոր Աննա Դանիբեկյանը գործում է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, մինչդեռ Սահմանադրական դատարանում գործի քննության առիթ հանդիսացող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը (դիմումը) կայացվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, ով գործել է որպես թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միանձնյա քննող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան մինչև 2019 թվականի հուլիսի 27-ը:
Նման պայմաններում նախ հարկ եմ համարում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք քրեադատավարական կարգով գործը քննող դատավորի փոխարինումը հանգեցնում է գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կողմից քրեական գործի քննության իրականացում սկզբից, թե` ոչ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի մասնակցությունը դատական քննությանն անհնար լինելու դեպքում նա փոխարինվում է այլ դատավորով, իսկ գործի քննությունը վերսկսվում է:
Վկայակոչված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը քրեադատավարական կարգով քննվող գործերով դատավորի փոխարինման դեպքում նախատեսել է գործի քննության շարունակելիություն` փոխարինվող դատավորի կողմից այն վերսկսելու միջոցով1:
_______________________
1 Հարկ եմ համարում նշել, որ իմ կարծիքով նշված կարգավորումից բացառություն պետք է համարել դատավորի կողմից ինքնաբացարկի մասին որոշում կայացնելու դեպքը, որպիսի պայմաններում կասկածի տակ է դրվում դատավորի անաչառությունը տվյալ գործով կայացվող բոլոր որոշումների և իրականացվող բոլոր գործողությունների առնչությամբ, ուստի հիշյալ դեպքում գործի քննությունը պետք է սկսվի սկզբից: Այնուհանդերձ, նշված դիրքորոշումը մանրամասն չեմ պատճառաբանում, նկատի ունենալով այն, որ այս իրավիճակը քննարկվող դեպքի հետ կապված չէ: |
Հատկանշական է, որ նույն հարցի առնչությամբ օրենսդիրը քաղաքացիադատավարական և վարչադատավարական կարգով սահմանել է այլ կարգավորումներ: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ դատարանի կազմի, այսինքն` դատավորի փոփոխության դեպքում փոխարինող դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու մասին որոշում կայացվելուց հետո գործի քննությունն սկսվում է սկզբից: Համանման է կարգավորումը նաև վարչադատավարական կարգով գործը քննելիս դատավորի ինքնաբացարկ հայտնելու դեպքում դատավորի փոփոխություն տեղի ունենալու պարագայում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ հարաբերությունների վրա տարածվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը (հիմք` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդված, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 9-րդ մաս):
Հաշվի առնելով քրեական գործերի առանձնահատկությունները քաղաքացիական և վարչական գործերի համեմատությամբ` կարծում եմ, որ օրենսդրի կողմից քրեական դատավարության առնչությամբ տարբերվող կարգավորում նախատեսելն արդարացված է: Հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ քրեական գործի քննությունը ենթադրում է առավել ինտենսիվ միջամտություն անձի հիմնական իրավունքներին և ազատություններին, մասնավորապես` չի բացառվում քրեական գործի քննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցների կիրառումը, որոնք կարող են, ի թիվս այլնի, դրսևորվել կալանքի տակ գտնվող անձի` անձնական ազատության իրավունքի սահմանափակմամբ, գույքը կալանքի տակ գտնվելու դեպքում անձի` սեփականությունից անարգել օգտվելու իրավունքի սահմանափակմամբ կամ ստորագրություն` չհեռանալու մասին խափանման միջոցի կիրառմամբ անձի` ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակմամբ:
Ըստ այդմ, հաշվի առնելով նաև քրեական գործի առանձնահատկություններով պայմանավորված` այն առավել ողջամիտ ժամկետում քննելու և լուծելու օրենսդրությամբ սահմանված պահանջի ապահովման անհրաժեշտությունը` դատավորի փոխարինման դեպքում օրենսդիրը տարբերակված մոտեցում է դրսևորել` սահմանելով քրեական գործի վերսկսում (շարունակելիություն) գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կողմից:
Ավելին` օրենսդրի կողմից նախատեսված տարբեր իրավակարգավորումներից հետևում է, որ եթե օրենսդիրը նպատակ հետապնդեր սահմանելու քրեադատավարական կարգով գործը քննող դատավորի փոխարինման դեպքում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կողմից գործի քննության իրականացում անմիջապես սկզբից, ապա այդպիսի կարգավորումը հստակորեն կամրագրվեր նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում:
i
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ և 41-րդ հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ եթե օրենսդիրն ունենար քրեադատավարական կարգով համանման կարգավորում նախատեսելու և դրանով պայմանավորված միևնույն հետևանքներ առաջացնելու նպատակ (ինչ, նույն իրավիճակի հետ կապված, քաղաքացիադատավարական և վարչադատավարական հետևանքները), ապա նշված կարգավորումը սահմանելիս վերջինիս կողմից կկիրառվեին միևնույն տերմինները, որից և հետևում է իմ դիրքորոշումը, որ օրենսդրի նպատակն է եղել դատավորի փոխարինման դեպքում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կողմից քրեական գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ կարգավորում նախատեսելը: Միաժամանակ, քրեական գործի քննության շարունակելիության (վերսկսման) վերաբերյալ կարգավորում նախատեսելը պայմանավորված է գործով նախկին դատավորի կողմից արդեն իսկ կատարված մի շարք դատավարական գործողությունների և դրանցով պայմանավորված արդյունքների առկայությամբ, որոնք պարտադիր են քրեական գործը քննելիս նշված գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի համար:
Ուստի, դատավորի փոխարինման դեպքում քրեական գործի շարունակելիության պայմաններում քրեական գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը կրում է որոշակի օրենսդրական կաշկանդվածություն` պայմանավորված գործը քննող նախկին դատավորի կողմից կայացված դատավարական մի շարք որոշումներով և իրականացված դատավարական գործողություններով:
Վերոնշյալի կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում բացահայտել քրեական դատավարությունում դատավորի փոխարինման դեպքում քրեական գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի օրենսդրական կաշկանդվածության աստիճանը` պայմանավորված գործը քննող նախկին դատավորի կողմից կայացված կոնկրետ որոշումներով և իրականացված գործողություններով:
Մասնավորապես` հարց է առաջանում, թե արդյոք դատավորի փոխարինման դեպքում քրեական գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը գործը քննող նախկին դատավորի կողմից կայացված բոլոր որոշումների և իրականացված բոլոր գործողությունների առնչությամբ է կրում օրենսդրական կաշկանդվածություն:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուսումնասիրության հիման վրա կարծում եմ, որ քրեական գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը պարտավոր է կաշկանդված լինել նախկին դատավորի կողմից կայացված` բացառապես այն որոշումներով և իրականացված այն գործողություններով, որոնք անմիջականորեն չեն առնչվում նախկինում գործը քննող դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում գնահատման հետ: Մասնավորապես` քրեական դատավարությունում այդպիսիք կարող են լինել, օրինակ, գործի դատաքննության ընթացքում ձեռքբերված` փորձագետի եզրակացությունը կամ վկայի ցուցմունքը (նշված հղումները սպառիչ չեն):
Ուստի, նմանօրինակ դեպքերում, երբ նշված դատավարական գործողությունը պայմանավորված չէ նախկին դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում գնահատմամբ, քրեական գործն իր վարույթ ընդունած նոր դատավորն այդպիսի դատավարական գործողությունների առնչությամբ պարտավոր է կաշկանդված լինել, մինչդեռ այլ է իրավիճակը, իմ կարծիքով օրինակ, նախկինում գործը քննող դատավորի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելու դեպքում:
Վերոնշյալ պայմաններում անհրաժեշտ եմ համարում քննարկման առարկա դարձնել նախկինում գործը քննող դատավորի կողմից Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում կայացնելու առնչությամբ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի օրենսդրական կաշկանդվածության բացառման հարցը:
i
Այսպես, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում նշված դիմումում դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ այդ գործի լուծումը հնարավոր է միայն վիճարկվող դրույթի կիրառման միջոցով:
Սահմանադրական դատարանը, 2013 թվականի սեպտեմբերի 18-ի ՍԴՈ-1114 որոշմամբ արձանագրել է, որ դատարանը սահմանադրական դատարան դիմելու համար երկու հիմնավորում պետք է ներկայացնի: Նախ` պետք է հիմնավորի իր դիրքորոշումը նորմատիվ ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու հանգամանքի առնչությամբ: Երկրորդ` հիմնավորի այն հանգամանքը, որ տվյալ գործի լուծումը կարող է իրականացվել միայն վիճարկվող դրույթի կիրառմամբ: Առաջին դեպքում դիրքորոշումը կարող է ձևավորվել նորմի սահմանադրականության վերաբերյալ դատավորի ինքնուրույն ու համարժեք իրավական վերլուծության արդյունքում:
i
Միաժամանակ, անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է դատարանի նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդության հիման վրա քրեական գործով վարույթի կասեցման հնարավորություն, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանին է վերապահված գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու պարտականությունը:
Պատահական չէ վերոնշյալ դրույթներում օրենսդրի կողմից «դատարանը պետք է հիմնավորի իր դիրքորոշումը» և «եթե դատարանը գտնում է» արտահայտությունների օգտագործումը: Մասնավորապես` վերոնշյալ դրույթների բովանդակությունից և Սահմանադրական դատարանի հիշյալ որոշումից հետևում է, որ յուրաքանչյուր դեպքում կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության և գործը միայն տվյալ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ դատարանի մտահոգության առկայության, ինչպես նաև այդ մտահոգությունը Սահմանադրական դատարանի միջոցով փարատելու իրավունքը կարող է իրացվել բացառապես գործը քննող դատավորի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը հակասելու, և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հանգամանքների հիմնավորման միջոցով, ավելին` գործը քննող դատավորը կարող է նման եզրահանգման գալ միայն նշված հարցերի վերաբերյալ իր ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված սուբյեկտիվ դիրքորոշման արդյունքում, որն էլ պետք է պայմանավորված լինի դատավորի մոտ ձևավորված հիմնավոր կասկածով և լինի վերջինիս կողմից ինքնուրույն իրավական վերլուծության արդյունք:
Այսպիսով, քննարկման առարկա հարցի առնչությամբ հատկանշական է այն հանգամանքը, որ կոնկրետ գործով նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը պատկանում է բացառապես այն դատավորին, որի վարույթում գտնվում է տվյալ գործը, և վիճարկվող դրույթի սահմանադրականության և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության բացահայտման նպատակով Սահմանադրական դատարան դիմելու հարցը կարող է հաղթահարվել բացառապես տվյալ դատավորի վարույթում գտնվող գործով վերջինիս ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված սուբյեկտիվ դիրքորոշման արդյունքում:
Այլ կերպ ասած` վիճարկվող նորմի սահմանադրականության և գործը միայն այդ նորմի կիրառմամբ լուծելու հնարավորության վերաբերյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշումը կարելի է համարել որպես տվյալ դատավորի ներքին համոզմունքի արդյունք և այն ոչ մի դեպքում չի կարող կաշկանդող հատկություն ունենալ այլ դատավորի համար (օրինակ` գործը քննող դատավորի մասնակցության անհնարինության դեպքում այլ դատավորով փոխարինվելու դեպքում), քանի որ բացառված չէ, որ փոխարինած դատավորը չունենա գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած, կամ ավելին` չունենա համոզմունք վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառելիության անհրաժեշտության մասին:
Վերոնշյալի հաշվառմամբ գտնում եմ, որ նորմատիվ իրավական ակտի վիճարկվող դրույթի` Սահմանադրությանը հակասելու, և գործը միայն այդ նորմի կիրառմամբ լուծելու հնարավորության հանգամանքների առնչությամբ դատավորի` ինքնուրույն ու համարժեք իրավական վերլուծության և ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված դիրքորոշման հիմքում ընկած է բացառապես տվյալ դատավորի` գործով կիրառման ենթակա իրավական նորմերի սուբյեկտիվ ընկալումը և մեկնաբանությունը, մասնագիտական փորձը և դրա արդյունքում ձևավորված մասնագիտական աշխարհայացքը:
Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ նախկինում գործը քննող դատավորի վարույթում գտնվող գործով նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության և գործը միայն այդ նորմի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ այդ դատավորի կողմից կայացված որոշումը համարվում է բացառապես տվյալ դատավորի սուբյեկտիվ դիրքորոշմամբ պայմանավորված ներքին համոզմունքի արդյունք, որը սերտորեն կապված է սոսկ նախկին դատավորի իրավագիտակցության, գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ վերջինիս սուբյեկտիվ ընկալման և դրա վերաբերյալ վերջինիս մոտ ձևավորված ներքին համոզմունքի հետ:
i
Բացի այդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ դատարանի որոշմամբ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունները կարող են բավարարվել կամ մերժվել:
Նշված դրույթի կապակցությամբ հարկ եմ համարում նշել, որ նախկինում գործը քննող դատավորի կողմից գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունը մերժվելու, և դատավորի փոխարինումից հետո դատավարության մասնակիցների կողմից կրկին նշված հարցի վերաբերյալ միջնորդություն ներկայացվելու դեպքում ևս գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը չի կարող կաշկանդված լինել այդ հարցի վերաբերյալ նախկինում գործը քննող դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշմամբ:
Նշված դեպքում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը պարտավոր է քննել ներկայացված միջնորդությունը և կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածի, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու համոզմունքի դեպքում կրում է պարտականություն ներկայացնելու իր ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված սուբյեկտիվ դիրքորոշումը` Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:
Ավելին` նման միջնորդությունը գործը քննող նախկին դատավորի կողմից մերժված լինելու հանգամանքը որևէ կերպ չի կարող կաշկանդել փոխարինող դատավորին Սահմանադրական դատարան դիմելու հարցը բարձրացնել նաև իր նախաձեռնությամբ:
Հետևաբար ոչ միայն դատավարության մասնակիցների միջնորդությունների հիման վրա, այլ նաև դատարանի նախաձեռնությամբ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության (1), ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու (2) հնարավորության հարցերի վերաբերյալ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի մոտ 1-ին դեպքում` հիմնավոր կասկածի, իսկ 2-րդ դեպքում` համոզմունքի առկայության դեպքում, վերջինս չպետք է զրկված լինի Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությունից` պայմանավորված նախկինում գործը քննող դատավորի կողմից նշված հարցերի վերաբերյալ արտահայտված դիրքորոշմամբ, ավելին` նման իրավիճակում Սահմանադրական դատարան դիմելը դատարանի համար հանդիսանում է պարտականություն:
Ուստի կարծում եմ, որ դատավորի փոխարինման դեպքում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը չի կարող կաշկանդված լինել նախկինում գործը քննող դատավորի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ վերջինիս ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված սուբյեկտիվ դիրքորոշմամբ:
Այդուհանդերձ, անհրաժեշտ եմ համարում նշել, որ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի օրենսդրական կաշկանդվածությունը կարող է դրսևորվել բացառապես այն դեպքում, երբ նախկինում գործը քննող դատավորը նախաձեռնել է նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ սահմանադրաիրավական վեճ` կայացնելով տվյալ գործով Սահմանադրական դատարան դիմելու մասին որոշում, որպիսի վեճն էլ արդեն իսկ լուծվել է Սահմանադրական դատարանի կողմից կայացված համապատասխան որոշմամբ:
Այսինքն` գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի` օրենսդրորեն կաշկանդված վարքագծի դրսևորումը պարտադիր է, եթե արդեն իսկ առկա է գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշում:
Հետևաբար նախկինում գործը քննող դատավորի կողմից լոկ նորմատիվ իրավական ակտի սահմանադրականությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը չի կարող համարվել տվյալ հարցերի վերաբերյալ այլ դիրքորոշում ունենալու կաշկանդվածության պարտադիր պահանջ տվյալ դատավորի փոխարինման հիմքով գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի համար:
Վերոգրյալի համատեքստում կարևորում եմ այն հանգամանքը, որ նախկինում գործը քննող դատավորի սուբյեկտիվ դիրքորոշման առնչությամբ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կաշկանդվածությունը խոցելի կդարձնի վերջինիս անկախությունը: Մինչդեռ, դատավորի անկախությունն ամրագրված է Սահմանադրությամբ, որի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Միաժամանակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի` «Դատավորների անկախությունը» վերտառությամբ 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարադատություն իրականացնելիս դատավորներն անկախ են և ենթարկվում են միայն օրենքին: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորները քրեական գործերը և նյութերը լուծում են իրենց ներքին համոզմամբ` ներկայացված ապացույցների պատշաճ հետազոտման հիման վրա (…):
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս իր վճիռներում բազմիցս անդրադարձել է դատավորի անկախության սկզբունքին:
Մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ դատավորների անկախության համար պահանջվում է, որ առանձին դատավորներն ազատ լինեն ինչպես արտաքին, այնպես էլ դատական համակարգի ներսից բխող անհարկի ազդեցությունից: Դատական համակարգի ներսում անկախության համար պահանջվում է, որ դատավորներն ազատ լինեն գործընկեր դատավորների կամ դատարանում վարչական գործառույթներ իրականացնող անձանց, օրինակ` դատարանի նախագահի կամ դատարանի ստորաբաժանման նախագահի հրահանգներից կամ ճնշումից2:
_______________________
2 Տե՛ս ECHR, case of Agrokompleks v. Ukraine, application no. 23465/03, 06.10.2011, § 137. |
Այսպիսով, դատավորի անկախությունը ենթադրում է դատավորի կողմից գործերի քննություն ու որոշումների կայացում հնարավոր կողմնակի ազդեցության բացակայության և ազատ գործելու հնարավորության պայմաններում: Ուստի, արդարադատական գործառույթներ իրականացնելիս դատավորի անկախության ապահովումն անհրաժեշտ պայման է Սահմանադրությամբ ամրագրված` մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխավորման համար:
Դատավորի անկախությունը վերաբերում է դատավորի կողմից գործերի քննության ու որոշումների կայացման ժամանակ հնարավոր ներքին և արտաքին միջամտության բացակայությանը: Ընդ որում, ներքին միջամտությունը կարող է դրսևորվել ինչպես հորիզոնական հարթությունում (օրինակ` գործը քննող դատավոր և միևնույն ատյանի գործընկեր դատավոր), այնպես էլ ուղղահայաց հարթությունում (օրինակ` գործը քննող դատավոր և վերադաս դատական ատյան):
Ավելին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է, որ դատական համակարգի ներսում դատավորների անկախությունը և, մասնավորապես, դատական համակարգում իրենց վերադասներից անկախությունն ապահովող բավարար երաշխիքների բացակայությունը կարող է պատճառ լինել, դիմումատուի կասկածները` կապված տվյալ դատարանի անկախության և անաչառության հետ, օբյեկտիվորեն հիմնավորված համարելու համար3:
_______________________
3 Տե՛ս ECHR, case of Parlov-Tkalčić v. Croatia, application no. 24810/06, 06.10.2011, § 137. |
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն, թիվ 2010 (12) հանձնարարականով անդրադառնալով դատավորի ներքին անկախությանը, նշել է, որ դատական իշխանության անկախության սկզբունքը նշանակում է յուրաքանչյուր դատավորի անկախություն` դատական որոշումներ կայացնելիս: Որոշումներ կայացնելիս դատավորները պետք է լինեն անկախ և անկողմնակալ, ունակ լինեն գործելու առանց սահմանափակումների, առանց որևէ իշխանության, ներառյալ դատական համակարգի ներքին մարմինների անհարկի ազդեցության, ճնշումների, սպառնալիքների, ուղղակի և անուղղակի միջամտության4:
_______________________
4 Տե՛ս The Committee of Ministers of the Council of Europe, Recommendation 2010 (12) on judges: independence, efficiency and responsibilities, 17.11.2010, § 22. |
Մասնավորապես` հորիզոնական հարթությունում դատավորի անկախության միջամտության դրսևորում կարող է համարվել այն իրավիճակը, երբ նախկինում գործը քննող դատավորի կողմից (որը որևէ պատճառով չի ավարտել տվյալ քրեական գործի քննությունը) կայացված որոշման և կատարված դատավարական գործողության արդյունքում չհիմնավորված կերպով սահմանափակվում է այդ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի կողմից ազատ և անկախ որոշում կայացնելու հնարավորությունը: Տվյալ դեպքում քննարկման առարկա հանդիսացող` նախկինում գործը քննող դատավորի կողմից գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ նախկին դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշման պարտադիրությունը գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի համար կխաթարի այդ դատավորի ներքին անկախությունը:
Բացի այդ, համանման կարևորություն ունի նաև դատավորի անկախության երաշխավորումն ուղղահայաց հարթությունում: Մասնավորապես` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասից հետևում է, որ դատարանի որոշմամբ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ դատավարության մասնակիցների միջնորդությունները կարող են բավարարվել կամ մերժվել, որպիսի որոշումն էլ կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Կարծում եմ, որ նշված իրավիճակում վերաքննիչ դատարանի կողմից գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորի կողմից սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշմամբ կայացված որոշման իրավաչափության ստուգումը ևս կխաթարի առաջին ատյանի դատարանի դատավորի ներքին անկախությունը (քանի որ վերադաս ատյանի դատավորը պետք է գնահատական տա, թե արդյոք առաջին ատյանի դատավորի մոտ պետք է առկա լինի նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկած, թե` ոչ, ինչպես նաև պետք է գնահատի, թե արդյոք տվյալ նորմը պարտադիր ենթակա պետք է լինի կիրառման քրեական գործը քննող դատավորի կողմից, թե` ոչ)5:
_______________________
5 Այնուհանդերձ, սույն հատուկ կարծիքում մանրամասն չեմ ներկայացնում նշված հարցի վերաբերյալ իմ դիրքորոշումը, հաշվի առնելով, որ նախ տվյալ իրավիճակը դուրս է սույն գործի հանգամանքների շրջանակից, և երկրորդ Սահմանադրական դատարանի վարույթում է գտնվում կոնկրետ այդ հարցին վերաբերող սահմանադրաիրավական վեճ: |
Ավելին` Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի թիվ 2010 (12) հանձնարարականում ևս նշվել է, որ դատական իշխանության հիերարխիան չպետք է խաթարի դատավորների անհատական անկախությունը6:
_______________________
6 Տե՛ս The Committee of Ministers of the Council of Europe, Recommendation 2010 (12) on judges: independence, efficiency and responsibilities, 17.11.2010, § 22. |
Ամփոփելով վերոգրյալը` կարծում եմ, որ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ նախկին (փոխարինված) դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշման պարտադիրությունը գործն իր վարույթ ընդունած նոր (փոխարինած) դատավորի համար չհիմնավորված կերպով կսահմանափակի վերջինիս ներքին անկախությունը: Մասնավորապես` նախկինում գործը քննող (փոխարինված) դատավորի կողմից կայացված սուբյեկտիվ դիրքորոշման ուղղակի ազդեցությունը քրեական գործի բնականոն ընթացքի վրա անխուսափելի կդարձնի գործն իր վարույթ ընդունած նոր (փոխարինած) դատավորի կողմից կաշկանդվածության դրսևորումը քրեական գործի քննության ընթացքում կիրառման ենթակա իրավական նորմերի սուբյեկտիվ ընկալման, դրանց վերաբերյալ սուբյեկտիվ մեկնաբանության և ներքին համոզմունքի ձևավորման հարցում:
Վերոնշյալի համատեքստում գտնում եմ, որ դատավորի փոխարինման դեպքում գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերի առնչությամբ առաջնային կարևորություն պետք է ունենա գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի վարքագիծը, մասնավորապես` նշված հարցերի կապակցությամբ վերջինիս սուբյեկտիվ մոտեցումն ու ձևավորված ներքին համոզմունքը:
Ընդ որում, նշված հարցերի կապակցությամբ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի վարքագիծը պետք է դրսևորվի ակտիվ եղանակով: Ակտիվ վարքագծի դրսևորման դեպքում գործն իր վարույթ ընդունած նոր (փոխարինած) դատավորը պետք է Սահմանադրական դատարանի առջև բացահայտի գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի հակասահմանադրական լինելու հիմնավոր կասկածի, և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ իր սուբյեկտիվ ընկալման և ներքին համոզմունքի արդյունքում ձևավորված դիրքորոշումը: Այլ կերպ ասած` դատավորի փոխարինման դեպքում նախկինում գործը քննող դատավորի կողմից նշված հարցերի վերաբերյալ սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշմանը համակարծիք լինելու և նույն համոզմունքն ունենալու պարագայում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը պետք է ակտիվ վարքագիծ դրսևորելու միջոցով բացահայտի իր դիրքորոշումը:
Այնինչ, գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության, ինչպես նաև գործը միայն վիճարկվող նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ նախկին (փոխարինված) դատավորի սուբյեկտիվ դիրքորոշման առնչությամբ պասիվ վարքագծի դրսևորման պարագայում գործն իր վարույթ ընդունած նոր դատավորի «անգործությունը» պետք է դիտարկվի որպես անհամաձայնություն նշված հարցերի կապակցությամբ, ինչից էլ կհետևի, որ վերջինիս սուբյեկտիվ ընկալման և ներքին համոզմունքի արդյունքում ձևավորված դիրքորոշումը տարբերվում է նախկինում գործը քննող և փոխարինված դատավորի` նշված հարցի վերաբերյալ դիրքորոշումից:
Այդուհանդերձ, կարծում եմ, որ դատավորի փոխարինման դեպքում գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության և գործը միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառմամբ լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ գործը քննող նախկին դատավորի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի առնչությամբ գործն իր վարույթ ընդունած նոր դատավորը պետք է դրսևորի բացառապես ակտիվ վարքագիծ և բացահայտի իր սուբյեկտիվ դիրքորոշումը նշված հարցերի և Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության գործիքակազմը կիրառելու անհրաժեշտության կապակցությամբ:
Սույն գործի դատավարական նախապատմությունից հետևում է, որ գործի քննության առիթ հանդիսացող` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2019 թվականի մայիսի 20-ի «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը կայացվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից, այսինքն` տվյալ պահին Դավիթ Գրիգորյանը գործել է որպես թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միանձնյա քննող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Նշված դիմումի բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ այն ենթադրում է որպես գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի` Սահմանադրությանը հակասելու և գործը միայն տվյալ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով լուծելու հնարավորության վերաբերյալ դատավոր Դավիթ Գրիգորյանի` ինքնուրույն ու համարժեք իրավական վերլուծության և ներքին համոզմունքի հիման վրա ձևավորված սուբյեկտիվ դիրքորոշում:
Մինչդեռ, ինչպես արդեն վերը նշվել է, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու պայմաններում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը 2019 թվականի օգոստոսի 19-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, և նշված գործն այժմ գտնվում է վերջինիս վարույթում, այսինքն` այժմ վերջինս գործում է որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` տվյալ քրեական գործի քննության հարցում:
Միաժամանակ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի վերաբերյալ «DataLex.am» դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) և Հայաստանի Հանրապետության դատական իշխանություն պաշտոնական կայքում (court.am) առկա հասանելի տեղեկություններից հետևում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Աննա Դանիբեկյան) գործը վարույթ ընդունելուց հետո նշանակել է մի շարք դատական նիստեր, որոնցից հերթականը նշանակվել է 2021 թվականի մարտի 30-ին: Սակայն նշված տեղեկություններից և գործում առկա նյութերից պարզ չէ, թե Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցված լինելու հիմքով դատավորի փոխարինման արդյունքում գործն իր վարույթ ընդունած դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի քննությունը սկսվել է սկզբից, թե` այն վերսկսվել է ընդհատված պահից:
Այդուհանդերձ, թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի քննությունը նույնիսկ սկզբից սկսելու պայմաններում գործը քննող նոր դատավոր Աննա Դանիբեկյանին չի կարող կաշկանդել նախկինում գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից կայացված որոշումները և իրականացված դատավարական գործողությունները, քանի որ գործի քննությունը սկզբից սկսելը ենթադրում է դատավարական բոլոր գործողությունների իրականացում անմիջապես սկզբից:
Իսկ եթե թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով վերսկսվել է, ապա այս դեպքում ևս դատավորի փոխարինումից հետո նշված գործն իր վարույթ ընդունած դատավոր Աննա Դանիբեկյանը չի կարող կրել օրենսդրական կաշկանդվածություն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության, ինչպես նաև թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միջոցով լուծելու հարցերի վերաբերյալ նախկինում գործը քննող դատավորի սուբյեկտիվ ընկալման արդյունքում ձևավորված դիրքորոշման առնչությամբ:
Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում կարծում եմ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության, ինչպես նաև թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի առնչությամբ առաջնային է գործն իր վարույթ ընդունած` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի, այսինքն` ներկայումս գործը քննող դատարանի կողմից իր վարույթում գտնվող գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառելիության անխուսափելիության և այդ նորմի հակասահմանադրական լինելու վերաբերյալ հիմնավոր կասկած ունենալու սուբյեկտիվ ընկալումն ու գնահատումը: Այնինչ, Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող գործով բացակայում է որևէ նման դիրքորոշում ներկայումս գործը քննող դատարանի կողմից:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ 1
Ամփոփիչ եզրահանգում սույն հատուկ կարծիքի Բաժին I-ում արտահայտած դիրքորոշման վերաբերյալ.
Ամփոփելով վերոգրյալը և ելնելով վերոնշյալ կարծիքում արտահայտված դիրքորոշումներից` գտնում եմ, որ սույն գործի վարույթը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Դավիթ Գրիգորյան) դիմումի մասով, ենթակա էր կարճման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 60-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով, քանի որ մի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության և թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը միայն ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման միջոցով լուծելու հնարավորության հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան է դիմել թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը նախկինում քննող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և վերջինիս լիազորությունները կասեցված լինելու հիմքով դատավորի փոխարինման արդյունքում թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործն ընդունել է վարույթ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, ով նշված դիմումի կապակցությամբ չի կրում օրենսդրական կաշկանդվածություն, և մյուս կողմից` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն առ այսօր չի դրսևորել ակտիվ վարքագիծ և չի բացահայտել իր սուբյեկտիվ ընկալումը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործը նախկինում քննող` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումի և Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության գործիքակազմը կիրառելու անհրաժեշտության կապակցությամբ:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 300.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ ՍԴՈ-1586 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(ԲԱԺԻՆ II)
Սույն հատուկ կարծիքի Բաժին I-ում արտահայտել եմ իմ դիրքորոշումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումի մասով սույն գործի վարույթը կարճելու անհրաժեշտության մասին, ուստի Ռոբերտ Քոչարյանի անհատական դիմումների մասով կարևորում եմ նաև այն դիրքորոշումների ամրագրումը, որոնք ներկայացվում են ստորև: Ընդ որում, համամիտ լինելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշման 6.1. և 6.2. կետերում արտացոլված դիրքորոշումներին, գտնում եմ, որ 6.1. կետից առաջ պետք է ամրագրվեին տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի կողմից անհատական դիմում ներկայացնելու և Սահմանադրական դատարանում նման դիմումի հիման վրա հարուցվող գործ քննելու համար անհրաժեշտ պայմաններ հանդիսացող` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով «դատարանի վերջնական ակտի» առկայության և ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառված լինելու հանգամանքները (տե՛ս ա) կետի շարադրանքը), և այդ ամրագրումը պետք է ունենար հետևյալ ձևակերպումը.
ա) «Սահմանադրական դատարանը նախ արձանագրում է, որ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Վերոգրյալից կարելի է վեր հանել այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան: Դրանք են`
1) երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտ,
2) երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները.
3) երբ անձը վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Օրենսգրքի հատուկ մասի` հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթները, որպես կանոն, կարող են կիրառվել դատարանի կողմից կայացվող դատավճռով (օրենքով սահմանված կարգով դրա վերանայման արդյունքում կայացվող դատական ակտով), որն էլ, որպես կանոն, կարող է համարվել դիմողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական ակտ` Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով: Սակայն որոշ դեպքերում, պայմանավորված քրեական դատավարությունում կայացվող առանձին դատական ակտերի առանձնահատկություններով, Օրենսգրքի հատուկ մասի` հանցագործությունների համար քրեական պատասխանատվություն սահմանող դրույթները կարող են սահմանադրական վերը նշված նորմի իմաստով դիմողի նկատմամբ կայացված դատարանի վերջնական ակտով կիրառված համարվել նաև դատավարության ավելի վաղ փուլում (տե՛ս ՍԴՈ-1453 որոշումը):
Տվյալ դեպքում մի կողմից` վիճարկվող դրույթը քրեական գործով դիմող Ռոբերտ Քոչարյանի մեղքի ապացուցված լինելու առումով դեռևս չի կիրառվել և վերջինս դրա սահմանադրականությունը վիճարկում է միայն իրավակիրառ պրակտիկայում տրված այն մեկնաբանությամբ, որով հնարավոր է դարձել իրեն մեղադրանքի առաջադրումը և իր նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի կիրառումը: Մյուս կողմից` վիճարկվող դրույթը քրեական գործով կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառումը պահանջում է Սահմանադրությանը համապատասխանող քրեական օրենքի վրա հիմնված մեղադրանքի առկայություն (այս մասին` ստորև): Հետևաբար Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված դիմումների համատեքստում (այն պարագայում, երբ դիմողը բարձրացնում է իրեն վերագրվող ենթադրյալ արարքը` կատարման պահին, հանցագործություն չհամարվելու հարցը և հանցագործություններ սահմանելիս օրինականության սկզբունքի (օրենքների ուժի հետադարձության կանոնների) խախտմամբ իրեն մեղադրանք առաջադրելու և կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը) առկա է դատարանի վերջնական ակտ` կալանավորման` որպես խափանման միջոցի կիրառման սահմաններում, ինչը միաժամանակ կանխորոշում է Սահմանադրական դատարանի կողմից սույն գործով վիճարկվող դրույթի սահմանադրականության քննարկման սահմանները, այն է` Սահմանադրական դատարանը վիճարկվող դրույթի սահմանադրականությանը` դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, անդրադառնում է միայն կալանքի հիմքում դրված մեղադրանքի իրավաչափությանն առնչվող հարցի և իրավական որոշակիությանը համապատասխանելու շրջանակներում»:
Միաժամանակ, գտնում եմ, որ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշման 6.2. կետից հետո անհրաժեշտ էր դիրքորոշումներ ներկայացնել հետևյալ բովանդակությամբ (տե՛ս բ) կետի շարադրանքը).
բ) «Հաշվի առնելով, որ նյութական իրավակարգավորումներին սերտորեն կապված են դատավարական իրավակարգավորումները` Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վերոգրյալի հաշվառմամբ անդրադառնալ նաև այն իրավանորմերին, որոնք ամրագրում են կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նախադրյալները, քանի որ դրանցով ըստ էության սահմանվում են Օրենսգրքի վիճարկվող դրույթի ընթացակարգեր:
Այսպես` Քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց կարող է կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ, իսկ նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մեղադրյալ է այն անձը, որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ընդ որում, օրենսդիրը անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմք է համարել նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունը, որի առկայության դեպքում քննիչը, դատախազը պատճառաբանված որոշում են կայացնում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին (Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր): Միաժամանակ, օրենսդիրը Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանել է այն հիմքերը, որոնց առկայությունն անհրաժեշտ է մեղադրյալի նկատմամբ կալանավորում կիրառելու համար, այն է`
1) կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, և
2) կան բավարար հիմքեր ենթադրելու, որ մեղադրյալը կարող է կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որևէ գործողություն, այն է` (1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. (2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. (3) կատարել քրեական օրենքով չթույլատրված արարք. (4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. (5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:
Միաժամանակ, հաշվի առնելով կալանավորման` մարդու հիմնական իրավունքներին և ազատություններին միջամտության ինտենսիվության աստիճանը, նպատակ ունենալով կանխելու կալանավորմամբ մարդու անձնական ազատության իրավունքի չհիմնավորված սահմանափակումները, այդ հարցում նախատեսել է նախնական դատական վերահսկողություն` սահմանելով, որ խափանման այդ միջոցը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ: Ընդ որում, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին: Միջնորդություն հարուցելու որոշման մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը (Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մաս): Ավելին, գործող իրավակարգավորումների համաձայն` դատարանը չի սահմանափակվում ներկայացված նյութերով, և Քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննարկելիս դատավորն իրավունք ունի պահանջել միջնորդությունը հիմնավորող լրացուցիչ նյութեր, բացատրություններ:
Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության միջոցով իրացվող դատական պաշտպանության իրավունքի նշանակությանը, ինչպես նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` օրենսդրությամբ նախատեսված հիմքերին, պայմաններին և կարգին` արտահայտելով, մասնավորապես, հետևյալ իրավական դիրքորոշումները.
- Սահմանադրությամբ ամրագրված` մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության արդյունավետ միջոցների շարքում առաջնային տեղ է գրավում դատական պաշտպանության իրավունքը, իսկ քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման երաշխիքներից է դատական վերահսկողությունը մինչդատական վարույթի նկատմամբ: Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալ անձի իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները (ԱՐԴ1/0003/11/08 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 10-ի որոշման 12-րդ կետ).
- կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր է անդրադառնալ կալանավորման պայմանների և հիմքերի առկայությանը: Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Հիմնավոր կասկածի հետ մեկտեղ կալանավորման պայմաններ են նաև համապատասխան քրեաիրավական որակմամբ հարուցված քրեական գործի առկայությունը, գործի նյութերում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման առկայությունը, Օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված տարիքը, որոշակի խումբ անձանց համար, օրինակ` պատգամավորներ, դատավորներ, անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը (ԵԿԴ/0678/06/10 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի որոշման 19-րդ կետ).
- անձի ազատության սահմանափակման դեպքում դատարանները, ի թիվս կալանավորման հիմքերի և այլ պայմանների, քննարկման առարկա պետք է դարձնեն նաև Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված` քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը: Եթե կոնկրետ դեպքում առերևույթ առկա և կիրառելի է քրեական վարույթը բացառող հանգամանքներից որևէ մեկը, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ նախաքննության մարմնի ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման: Այսինքն` անձի ազատությունը սահմանափակելը կհամարվի օրինական և հիմնավորված միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում:
Քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց, որի հետևանքով էլ չի իրականացվում դատական վերահսկողության առաքելությունը` անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը և այդ իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումների բացառումը:
(…) Խափանման միջոց կալանքը ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս դատարանը, հավաստելով քրեական վարույթը բացառող հանգամանքների առերևույթ առկայությունը և կիրառելիությունը, պարտավոր է ընդամենը մերժել նախաքննության մարմնի միջնորդությունը: Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան, հակառակ դեպքում կխախտվեն քրեական դատավարության փուլային կառուցվածքը, ինչպես նաև քրեադատավարական գործառույթների տարանջատման և դատարանի անկախության սկզբունքները (ԵԿԴ/0503/06/10 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 23-րդ, 28-րդ և 29-րդ կետեր).
- դատարանն իրավասու է որոշում կայացնել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (ԵԱՆԴ/0017/06/16 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2017 թվականի հունիսի 22-ի որոշման 15-րդ կետ).
- ի թիվս այլնի` քրեական գործի վարույթը բացառող հանգամանք է նաև արարքի ապաքրեականացումը (ԵԷԴ/0030/01/12 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման 18-րդ կետ).
- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը, քանի որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը չի հետապնդում կատարված հանցագործության բոլոր հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն` արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր են: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային կառուցվածքը, քրեադատավարական գործառույթների տարանջատման սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի: Այլ կերպ` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան (ՏԴ2/0009/06/11 քրեական գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի որոշման 13-րդ կետ):
Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն դիրքորոշման համաձայն` կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննարկելիս դատարանը պարտավոր է քննարկման առարկա դարձնել կալանավորման պայմանների և հիմքերի առկայությունը` ի թիվս այլնի, անդրադառնալով քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցին, ինչն անտեսելու դեպքում ներկայացված միջնորդությունը բավարարելը դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց: Վճռաբեկ դատարանի վերը վկայակոչված դիրքորոշումներից հետևում է, որ մեղադրյալի կալանավորման կապակցությամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում դատարաններն իրավասու չեն գնահատել մեղադրանքի ապացուցվածությունը, սակայն պարտավոր են ստուգել մեղադրյալին ներկայացված մեղադրանքի օրինականությունը, որը ներառում է նաև այդ անձի նկատմամբ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների բացակայություն:
Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ընդ որում, նույն իրավանորմը սահմանում է այդ իրավունքի սահմանափակման սպառիչ հիմքերը: Մասնավորապես` ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով, ի թիվս այլնի անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետ): Իսկ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է անձի` իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը:
Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան օրենքով սահմանված կարգով, ի թիվս այլնի, անձի օրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար (5-րդ հոդվածի 1-ին կետի գ. ենթակետ):
Սահմանադրական դատարանը, ՍԴՈ-1453 որոշմամբ անդրադառնալով անձնական ազատության իրավունքի սահմանափակման` Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքին, արձանագրել է, որ այդ դրույթի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» արտահայտության սահմանադրական բովանդակությունը, հաշվի առնելով կալանավորելու եղանակով անձի անձնական ազատությանն առավել ինտենսիվ միջամտության համար բոլոր անհրաժեշտ նախադրյալների պատշաճ հիմնավորման պահանջը, ներառում է նաև մեղադրանքի իրավաչափությունը, որը, իր հերթին, պետք է խարսխվի քրեական հետապնդումը բացառող բոլոր հանգամանքները, այդ թվում և հատկապես` արարքի ապաքրեականացումը ժխտելու վրա: Ավելին, Սահմանադրական դատարանը նշել է նաև, որ իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության հիմնական իրավունքը ներառում է նաև քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը քննելիս մեղադրյալին ներկայացված մեղադրանքի իրավաչափությունը նրա կողմից վիճարկելու իրավունքը, որը պետք է երաշխավորվի մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված իրավունքին և դրա սահմանափակման իրավաչափության պայմաններին: Մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական պրակտիկայից հետևում է, որ քրեական իրավախախտում կատարված լինելու «հիմնավոր կասկածը» ենթադրում է այնպիսի փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք անաչառ դիտորդին կհամոզեն, որ տվյալ անձը կարող է կատարած լինել իրավախախտում (ErdagՓz v. Turkey, no. 21890/93, 51-րդ կետ, 22 հոկտեմբերի 1997թ. և Fox, Campbell and Hartley v. the United Kingdom, nos. 12244/86, 12245/86, 12383/86, 32-րդ կետ, 30 օգոստոսի 1990թ.): Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «հիմնավորվածություն» եզրույթը նշանակում է նաև որոշակի նվազագույն շեմ, որը պետք է հաղթահարի կասկածը, որպեսզի անաչառ դիտորդն այդ կասկածի հիման վրա հավանական համարի մեղադրանքի հիմնավորվածությունը: Ազատությունից զրկելու հիմքում պետք է դրված լինեն տվյալ փաստերի` իրականում տեղի ունեցած լինելու մասին «հիմնավոր կասկածը» հիմնավորող բավարար օբյեկտիվ տարրեր: Բացի այդ, մեջբերված փաստերը պետք է ողջամտորեն համարվեն քրեական օրենսգրքում հանցավոր վարքագիծը նկարագրող հոդվածներից որևէ մեկին համապատասխանող փաստեր: Այսպիսով, «հիմնավոր կասկածն» ակնհայտորեն չի կարող գոյություն ունենալ, եթե կալանավորված անձին մեղսագրվող արարքները կամ փաստերը հանցագործություն չեն եղել այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել (Kavala v. Turkey, no. 28749/18, 128-րդ կետ, 10 դեկտեմբերի 2019թ.):
Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պետք է, ի թիվս այլնի, քննարկման առարկա դարձնի այն հարցը, թե այն գործողությունը կամ անգործությունը, որի կատարման համար անձին մեղադրանք է առաջադրվել, կատարման պահին արդյոք հանդիսացել է հանցագործություն, թե` ոչ, քանի որ հակառակ դեպքում չի կարող առկա լինել այդ անձի կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, որպիսի պայմաններում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը չի կարող համապատասխանել Սահմանադրության 27-րդ հոդվածի պահանջներին: Ընդ որում, Սահմանադրական դատարանի գնահատմամբ, եթե առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել է արարքի կատարումից հետո ուժի մեջ մտած օրենք, ապա միջնորդություն ներկայացնող իրավասու անձը քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությամբ պետք է հիմնավորի, իսկ դատարանը պետք է քննարկի արարքի կատարման պահին գործող համապատասխան դրույթի և փոփոխված դրույթի հարաբերակցությունը, ինչն անհրաժեշտ է արարքի կատարումից հետո ուժի մեջ մտած օրենքի` կիրառման ենթակա լինելու կամ չլինելու մասին եզրահանգում կատարելու համար:
Ամփոփելով վերոգրյալը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննարկելիս դատարանը պետք է պարզի Քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հիմքերի և այլ պայմանների առկայությունը, ինչպես նաև քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայությունը` վերը նշված պահանջների պահպանմամբ քննարկելով նաև անձին վերագրվող գործողության կամ անգործության կատարման պահին դրա` հանցագործություն հանդիսանալը (մեղադրանքի հիմքում ընկած օրենքի փոփոխության դեպքում նաև` արարքի կատարումից հետո ուժի մեջ մտած օրենքի` կիրառման ենթակա լինելը), և միայն այդ դեպքում անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելը չհիմնավորված կերպով չի սահմանափակի անձի ազատությունը և միաժամանակ դատական վերահսկողությունը չի դարձնի ոչ արդյունավետ:
Միաժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերը նշված հարցերը դատարանի կողմից պետք է քննարկման առարկա դառնան մեղադրանքի հիմքում ընկած օրենքի` իրավական որոշակիության պահանջներին բավարարելու դեպքում: Այսինքն` այն դեպքում, երբ մեղադրանքի հիմքում ընկած օրենքը համապատասխանում է իրավական որոշակիության սահմանադրական պահանջին, ապա քրեական գործի մինչդատական վարույթում կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննարկելիս դատարանը պետք է անդրադառնա հետևյալ հարցերին.
- արդյո՞ք առկա են կալանքը որպես խափանման միջոց կիրառելու` Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերը և այլ պայմանները.
- արդյո՞ք առկա չեն քրեական վարույթը բացառող հանգամանքներ` նկատի ունենալով, որ դրանք հաշվի չառնելը կիմաստազրկի կալանավորման հարցի կապակցությամբ մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողությունը` այն դարձնելով ոչ արդյունավետ:
Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ վերոգրյալ հարցերի պարզումը, վերաբերելով անձին առաջադրված մեղադրանքի իրավաչափությանը, բխում է Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 72-րդ և 73-րդ հոդվածների պահանջներից և ներառվում կալանավորման հարցի կապակցությամբ մինչդատական վարույթի նկատմամբ նախնական դատական վերահսկողության շրջանակներում, որպիսի հանգամանքների պարզումն էլ յուրաքանչյուր դեպքում գտնվում է նման վերահսկողություն իրականացնող դատարանի տիրույթում:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ սույն գործով վիճարկվող` Օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանն անհամապատասխանության հարցը դիմողը բարձրացնում է նաև իրավական որոշակիության սահմանադրական պահանջի պահպանված չլինելու տեսանկյունից, Սահմանադրական դատարանն այդ խնդրին կանդրադառնա հաջորդիվ: Ընդ որում, վերը ներկայացված դիրքորոշմամբ ամրագրված գործողությունների կատարումը (հարցերի պարզումը) տվյալ դեպքում ձեռք է բերում կարևորություն, եթե սույն գործի քննության արդյունքում կհաստատվի վիճարկվող իրավանորմի` իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքին համապատասխանելու հանգամանքը»:
ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄ 2
Ամփոփիչ եզրահանգում սույն հատուկ կարծիքի Բաժին II-ում արտահայտած դիրքորոշման վերաբերյալ.
Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ սույն հատուկ կարծիքի Բաժին II-ի ա) և բ) կետերում ներկայացված դիրքորոշումները ևս պետք է ներառվեին Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1586 որոշման պատճառաբանական մասում:
Դատավոր` |
Ե. Խունդկարյան |
29 մարտի 2021 թ. |
|
Պաշտոնական հրապարակման օրը` 29 մարտի 2021 թվական: