(ուժը կորցրել է 25.11.04 թիվ 1661-Ն որոշում)
i
040.0122.130202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 փետրվարի 2002 թվականի N 122
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել դիվանագետի ատեստավորում անցկացնելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 13-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
փետրվարի 13-ի N 122 որոշմամբ
ԿԱՐԳ
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է դիվանագետի ատեստավորում անցկացնելու կարգը:
2. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը որոշելու և աստիճանային առաջխաղացումն ապահովելու նպատակով:
3. Դիվանագիտական ծառայության մարմինների դիվանագետների առնվազն մեկ երրորդը յուրաքանչյուր տարի ենթակա է պարտադիր ատեստավորման:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ենթակայության մարմնի կամ հիմնարկի ղեկավարի պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
5. Դիվանագետի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:
6. Դիվանագետի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրամանի հիման վրա, պաշտոնի նկարագիրը փոփոխվելու դեպքում կամ դիվանագետի ցանկությամբ:
7. Ատեստավորումն անցկացվում է դիվանագետի պարտադիր մասնակցությամբ:
8. Դիվանագետի ատեստավորումը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովը (այսուհետև` հանձնաժողով):
9. Ատեստավորման ենթակա չեն տվյալ պաշտոնը մեկ տարվանից պակաս ժամկետով զբաղեցնող դիվանագետները:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ դիվանագետները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` մեկամսյա ժամկետում:
10. Ատեստավորման ենթակա դիվանագետները, ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:
11. Ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է դիվանագետի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ դիվանագետի մասին, նրա գործնական, մարդկային հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում դիվանագետի կողմից իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անգամ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում դիվանագետի անմիջական ղեկավարն ազատվել է դիվանագիտական ծառայության պաշտոնից` ատեստավորման արդյունքում զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում` հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա դիվանագետի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Դիվանագետն ատեստավորում անցկացվելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել դիվանագետի ատեստավորման արդյունքների վրա:
12. Ատեստավորումն անցկացվում է`
ա) փաստաթղթային և (կամ) հարցազրույցի ձևով.
բ) թեստավորման և հարցազրույցի ձևով:
13. Այն դիվանագետները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի համար կառավարության որոշմամբ նախատեսված առավելագույն դիվանագիտական աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա: Եթե դիվանագետը համաձայն չէ անմիջական ղեկավարի ներկայացրած ծառայողական բնութագրին, ապա նա կարող է իր առարկությունները ներկայացնել հանձնաժողովին: Հանձնաժողովը քննարկում է ծառայողական բնութագիրն ու դիվանագետի առարկությունները (այդպիսին լինելու դեպքում):
Ծառայողական բնութագիր չներկայացնելու դեպքում դիվանագետը ենթակա է ատեստավորման` հարցազրույցի ձևով:
Փաստաթղթային և (կամ) հարցազրույցի ձևով անցկացվող ատեստավորման արդյունքում հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և (կամ) հարցազրույցի ձևով:
14. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն դիվանագետները`
ա) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ հանձնաժողովն ընդունել է սույն կարգի 12-րդ կետի «բ» ենթակետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի կողմից սահմանված կարգով` համակարգչում զետեղված հարցաշարից և դրանցից պատահական ընտրված հարցերից` ատեստավորվող դիվանագետների գիտելիքները հետևյալ ուղղություններով ստուգելու նպատակով`
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության,
բ) պետական կառավարման համակարգի,
գ) դիվանագիտական ծառայության հիմունքների,
դ) ներքին և արտաքին քաղաքական խնդիրների,
ե) միջազգային հարաբերությունների իմացության,
զ) վերլուծական ունակությունների:
Համակարգչում զետեղված հարցաշարը, ոչ ուշ, քան ատեստավորում անցկացվելուց մեկ ամիս առաջ, պետք է տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով մատչելի լինի ատեստավորման ենթակա անձանց համար:
Թեստավորման փուլն անցկացվում է ատեստավորման ենթակա դիվանագետների համար կոդերի կիրառմամբ` գաղտնիությունն ապահովելու նպատակով:
Հարցազրույցին մասնակցելու իրավունք են ձեռք բերում թեստավորման առաջադրանքների առնվազն 80 տոկոսին ճիշտ պատասխանած դիվանագետները:
Հարցազրույցն անցկացվում է դիվանագիտական ծառայության տվյալ պաշտոնի նկարագրով սահմանված լիազորությունների վերաբերյալ դիվանագետների գործնական կարողություններն ստուգելու նպատակով` սույն կետի երրորդ պարբերությունում նշված ուղղությունների և ներկայացված ծառայողական բնութագրի շրջանակներում:
Հանձնաժողովը հարցազրույցի արդյունքում յուրաքանչյուր դիվանագետի համար անցկացնում է փակ գաղտնի քվեարկություն: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
Հանձնաժողովի որոշումն ընդունվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
15. Հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) շնորհել ավելի բարձր դիվանագիտական աստիճան,
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին` վերապատրաստում անցնելու և վերապատրաստման արդյունքում դրական գնահատական ստանալու պայմանով,
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
16. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորումն անցկացնելուց հետո` եռօրյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում բոլորի համար տեսանելի համապատասխան ցուցանակի վրա:
17. Դիվանագետն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք մինչև այդ արդյունքները` իրեն պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնելը:
18. Հանձնաժողովն ատեստավորման արդյունքների հրապարակման օրվանից եռօրյա ժամկետում ատեստավորման արդյունքները (իսկ բողոքարկված լինելու դեպքում` նաև բողոքն ու իր կարծիքը դրա մասին) ներկայացնում է դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) դիվանագետին ավելի բարձր դիվանագիտական աստիճան շնորհելու կամ տվյալ դիվանագիտական աստիճանը շնորհելու իրավասու մարմին համապատասխան միջնորդություն ներկայացնելու մասին.
բ) դիվանագետի վերապատրաստում անցնելու մասին.
գ) դիվանագետին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Նման որոշում ընդունվում է նաև, եթե դիվանագետը վերապատրաստման արդյունքում ստանում է բացասական գնահատական:
19. Դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում:
Դիվանագետին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը դիվանագետի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու, ինչպես նաև վերապատրաստման ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում նրա աշխատանքի ներկայանալու օրվանից եռօրյա ժամկետում: