i
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԱՔԵՇԻ 1994 թ. ԱՊՐԻԼԻ 15-Ի ՀՌՉԱԿԱԳԻՐ
Նախարարները,
ներկայացնելով ՈՒրուգվայի բազմակողմ բանակցությունների փուլին մասնակցած 124 Կառավարություններն ու Եվրոպական Համայնքները 1994 թ. ապրիլի 12-15-ին Մարաքեշում (Մարոկկո) կայացած նախարարների մակարդակով Առևտրի բանակցությունների կոմիտեի եզրափակիչ նիստի առթիվ,
վկայակոչելով Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլն սկսելու մասին 1986 թ. սեպտեմբերի 20-ին Պունտա դել Էսթեում (ՈՒրուգվայ) ընդունված Նախարարական հռչակագիրը,
վկայակոչելով Մոնրեալում (Կանադա) և Բրյուսելում (Բելգիա) համապատասխանաբար 1988 թ. և 1990 թ. դեկտեմբերին անցկացված Նախարարական ժողովներում ձեռք բերված առաջխաղացումը,
նշելով, որ բանակցություններն ըստ էության եզրափակվել էին 1993 թ. դեկտեմբերի 15-ին,
վճռական լինելով ՈՒրուգվայի փուլի հաջողությունն ամրապնդելու առևտրի համաշխարհային համակարգում իրենց տնտեսությունների մասնակցության միջոցով, հիմնվելով ազատ, շուկայամետ քաղաքականության և ՈՒրուգվայի փուլի Համաձայնագրերով ու Որոշումներով սահմանված պարտավորությունների վրա.
այսօր ընդունեցին հետևյալը.
ՀՌՉԱԿԱԳԻՐ
1. Նախարարները ողջունում են Փուլի եզրափակմամբ ներկայացված պատմական այն ձեռքբերումը, որը, նրանք հավատում են, որ կամրապնդի համաշխարհային տնտեսությունն ու կտանի դեպի ավելի մեծ առևտուր, ներդրումներ, զբաղվածություն և եկամտի աճ ամբողջ աշխարհում: Նրանք, մասնավորապես, ողջունում են.
- ավելի ամրապնդված ու հստակ իրավական կառուցվածքը, որը նրանք ընդունել են միջազգային առևտուր իրականացնելու համար, ներառյալ` վեճերի կարգավորման ավելի արդյունավետ ու վստահելի գործկառույցը,
- մաքսադրույքների համաշխարհային իջեցումը 40 տոկոսով, ապրանքների մասով շուկաներ բացելու ավելի ընդգրկուն համաձայնագրերը և մաքսային պարտավորությունների շրջանակների էական ընդլայնմամբ պայմանավորված առավել մեծ կանխատեսելիությունն ու ապահովվածությունը, և
- ծառայությունների առևտրի և առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար հիմնադրույթների բազմակողմ կառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև բազմակողմ առևտրի ամրապնդված դրույթները գյուղատնտեսության ու մանածագործվածքների և հագուստի բնագավառներում:
2. Նախարարները հաստատում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստեղծումը տանում է դեպի համաշխարհային համագործակցության նոր ժամանակաշրջան արտացոլելով հանուն իրենց ժողովուրդների շահի ու բարեկեցության ավելի բարեխիղճ և ազատ առևտրի բազմակողմ համակարգում գործելու համատարած ցանկությունը: Նախարարներն արտահայտում են հովանավորչական ամեն տեսակի ճնշումներին դիմադրելու իրենց վճռականությունը: Նրանք հավատում են, որ ՈՒրուգվայի փուլում ձեռք բերված առևտրի ազատականացումը և ամրապնդված կանոնները կտանեն դեպի ավելի ու ավելի ազատ համաշխարհային առևտրի միջավայր: Նախարարները հանձն են առնում` անմիջապես ու մինչև ԱՀԿ ուժի մեջ մտնելը չձեռնարկել ոչ մի առևտրային միջոց, որը կնվազեցնի կամ վնասակար ազդեցություն կունենա ՈՒրուգվայի փուլի բանակցությունների արդյունքների կամ դրանց իրականացման վրա:
3. Նախարարները հաստատում են առևտրի, փողի և դրամամիջոցների ոլորտներում վարվող քաղաքականության ավելի մեծ համաշխարհային համաձայնեցվածության ձգտելու իրենց վճռականությունը, ներառյալ` այդ նպատակով ԱՀԿ-ի, ԱՄՀ-ի և Համաշխարհային դրամատան միջև համագործակցությունը:
4. Նախարարները ողջունում են այն փաստը, որ ՈՒրուգվայի փուլին մասնակցությունն զգալիորեն ավելի լայն էր, քան առևտրի բոլոր նախորդ բազմակողմ բանակցություններին և, հատկապես, որ զարգացող երկրները նկատելի գործուն դեր են խաղացել դրանում: Սրանով նշանավորվեց պատմական քայլ դեպի համաշխարհային առևտրի ավելի հավասարակշռված և միասնականացած ընկերակցությունը: Նախարարները նշում են, որ այն ժամանակաշրջանում, երբ բանակցությունները ընթացքի մեջ էին, տնտեսական բարեփոխումների նշանակալի միջոցառումներ և առևտրի ինքնուրույն ազատականացում է իրականացվել զարգացող շատ երկրներում ու նախկին կենտրոնացված ծրագրմամբ տնտեսություններում:
5. Նախարարները վկայակոչում են, որ բանակցությունների արդյունքներն ընդգրկում են զարգացող տնտեսությունների համար տարբերակված և ավելի բարենպաստ մոտեցում նախատեսող դրույթներ, ներառյալ` առավել թույլ զարգացած երկրների առանձնահատուկ իրավիճակի նկատմամբ հատուկ ուշադրությունը: Նախարարներն ընդունում են առավել թույլ զարգացած երկրների համար այս դրույթների իրականացման կարևորությունն ու հայտարարում են, որ մտադիր են շարունակել աջակցել ու նպաստել առևտրի և ներդրումների նրանց հնարավորությունների ընդլայնմանը: Նրանք համաձայն են Նախարարական համաժողովի և ԱՀԿ համապատասխան մարմինների միջոցով պարբերաբար վերաքննելու առավել թույլ զարգացած, ինչպես նաև սննդամթերք զուտ ներմուծող զարգացող երկրների վրա Փուլի արդյունքների ազդեցությունը` նպատակ ունենալով խթանել դրական միջոցառումներ, որոնք նրանց թույլ կտան հասնելու զարգացման իրենց նպատակներին: Նախարարներն ընդունում են, որ կարիք կա ամրապնդելու ՄԱԳՀ-ի և ԱՀԿ-ի` իրենց իրազեկության ոլորտներում ավելի ընդլայնված տեխնիկական աջակցություն տրամադրելու կարողությունը առավել թույլ զարգացած երկրներին:
6. Նախարարները հայտարարում են, որ իրենց կողմից «Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի արդյունքները պարունակող եզրափակիչ փաստաթղթի» ստորագրումը և համապատասխան Նախարարական որոշումների ընդունումը սկիզբ է դնում ՄԱԳՀ-ից ԱՀԿ-ին անցմանը: Նրանք, մասնավորապես, ստեղծել են Նախապատրաստական կոմիտե` ԱՀԿ ուժի մեջ մտնելու հիմք դնելու համար, և պարտավորվում են ձգտել ավարտել բոլոր այն քայլերը, որ անհրաժեշտ են ԱՀԿ համաձայնագիրը վավերացնելու համար, որպեսզի այն ուժի մեջ մտնի` 1995 թ. հունվարի 1-ից կամ դրանից հետո` հնարավորին չափ շուտ: Նախարարներն այնուհետև ընդունեցին Առևտրի և շրջակա միջավայրի մասին որոշում:
7. Նախարարներն իրենց անկեղծ երախտագիտությունն են հայտնում Նորին Մեծություն Հասան II Թագավորին` այս նախարարական ժողովի հաջողության մեջ նրա ունեցած անձնական ներդրման համար, և նրա կառավարությանն ու Մարոկկոյի ժողովրդին` նրանց ջերմ հյուրընկալության և գերազանց կազմակերպում ապահովելու համար: Այն փաստը, որ Մարաքեշում է անցկացվել ՈՒրուգվայի փուլի այս եզրափակիչ Նախարարական ժողովը, մեկ անգամ ևս ապացուցում է Մարոկկոյի հավատարմությունը համաշխարհային ազատ առևտրի համակարգին և ձգտումը համաշխարհային տնտեսությանը լիարժեքորեն միանալուն:
8. Ընդունելով և ստորագրելով Եզրափակիչ փաստաթուղթը և ընդունման համար բացելով ԱՀԿ համաձայնագիրը, նախարարները Առևտրի բանակցությունների կոմիտեի աշխատանքը հայտարարում են ավարտված և ՈՒրուգվայի փուլը` պաշտոնապես եզրափակված:
ԱՌԵՎՏՐԻ ԲԱԶՄԱԿՈՂՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՈՒԳՎԱՅԻ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՐՓԱԿՈՂ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
1. Կառավարությունների և Եվրոպական համայնքների ներկայացուցիչները, Առևտրի բանակցությունների կոմիտեի անդամները, հանդիպելով Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլը եզրափակելու համար, համաձայնում են, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման համաձայնագիրը (սույն եզրափակիչ փաստաթղթում հիշատակվում է որպես «ԱՀԿ համաձայնագիր»), Նախարարական հռչակագրերն ու որոշումները և սույնին կցված Ֆինանսական ծառայությունների մասին փոխհամաձայնությունը պարփակում են իրենց բանակցությունների արդյունքները և կազմում են սույն Եզրափակիչ փաստաթղթի անբաժանելի մաս:
2. Ստորագրելով սույն Վերջնական փաստաթուղթը` ներկայացուցիչները համաձայնում են.
ա) սահմանված կարգով իրենց համապատասխան իրավասու մարմինների քննարկմանը ներկայացնել ԱՀԿ համաձայնագիրը` նպատակ ունենալով ըստ իրենց ընթացակարգերի հաստատելու Համաձայնագիրը, և
բ) ընդունել Նախարարական հռչակագրերն ու որոշումները:
3. Ներկայացուցիչները համաձայնում են, որ ցանկալի է ԱՀԿ համաձայնագրի ընդունումը Առևտրի բազմակողմ բանակցությունների ՈՒրուգվայի փուլի բոլոր մասնակիցների կողմից (այսուհետ` «մասնակիցներ»)` նպատակ ունենալով, որ այն ուժի մեջ մտնի 1995 թ. հունվարի 1-ից կամ դրանից հետո` հնարավորին չափ շուտ: Պունտա դել Էսթեյի Նախարարական հռչակագրի վերջին կետին համապատասխան` Նախարարները կհավաքվեն ոչ ուշ, քան 1994 թ. վերջում` որոշում կայացնելու արդյունքների միջազգային իրականացման մասին, ներառյալ` դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները:
4. Ներկայացուցիչները համաձայնում են, որ ԱՀԿ համաձայնագիրը` որպես ամբողջություն, բաց է բոլոր մասնակիցների կողմից ստորագրությամբ կամ այլ ձևով ընդունման համար` համաձայն դրա 14-րդ հոդվածի: ԱՀԿ համաձայնագրի 4-րդ Հավելվածում ընդգրկված Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի ընդունումը և ուժի մեջ մտնելը ղեկավարվում են այդ Առևտրի բազմակողմ-կամավոր համաձայնագրի դրույթներով:
5. Այն մասնակիցները, որոնք Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմեր չեն, մինչ ԱՀԿ համաձայնագրի ընդունումը, նախ, պետք է եզրափակեն Գլխավոր համաձայնագրին իրենց անդամակցելու շուրջ բանակցությունները և դառնան դրա Պայմանավորվող կողմեր: Այն մասնակիցների համար, որոնք Գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմեր չեն եղել Եզրափակիչ փաստաթղթի ընդունման օրը, ժամանակացանկերը վերջնական չեն և պետք է այնուհետ լրացվեն` Գլխավոր համաձայնագրին դրանց անդամակցելու և ԱՀԿ համաձայնագիրն ընդունելու նպատակով:
6. Սույն Եզրափակիչ փաստաթուղթն ու դրան կցված տեքստերն ի պահ են տրվում Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի Պայմանավորվող կողմերի Գլխավոր տնօրենին, որը շտապ կարգով յուրաքանչյուր մասնակցին տրամադրում է դրանց հաստատված պատճենը:
Կատարված է Մարաքեշում հազար ինը հարյուր իննսունչորս թվականի ապրիլ ամսվա տասնհինգերորդ օրը` անգլերենով, ֆրանսերենով և իսպաներենով: Տեքստերից յուրաքանչյուրը հավասարազոր է: