Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՅԵՑԱԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Անդամները,

ցանկանալով նվազեցնել խաթարումներն ու խոչընդոտները միջազգային առևտրում և հաշվի առնելով մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ ու պատշաճ պաշտպանությանը նպաստելու անհրաժեշտությունը, ցանկանալով երաշխավորել, որ մտավոր սեփականության իրավունքների կիրարկման միջոցները և ընթացակարգերն ինքնին խոչընդոտ չդառնան օրինական առևտրի համար,

այդ նպատակով ընդունելով նոր կանոնների ու հիմնադրույթների անհրաժեշտությունը.

ա) կապված ՄԱԳՀ-1994-ի և մտավոր սեփականության վերաբերյալ համապատասխան միջազգային համաձայնագրի ու կոնվենցիաների հիմնական սկզբունքների կիրառելիության հետ,

բ) կապված առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների մատչելիությանը, շրջանակներին և օգտագործմանն առնչվող համապատասխան ստանդարտների և սկզբունքների ապահովման հետ,

գ) կապված առևտրին առնչվող մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համար արդյունավետ ու համապատասխան միջոցների ապահովման հետ` հաշվի առնելով ազգային իրավական համակարգերի տարբերությունները,

դ) կապված կառավարությունների միջև վեճերի բազմակողմ կանխման ու կարգավորման համար արդյունավետ ու արագ ընթացակարգերի ապահովման հետ, և

ե) կապված անցումային դրույթների հետ, որոնց նպատակը բանակցությունների արդյունքներին առավելագույն մասնակցությունն է, ընդունելով կեղծ ապրանքների միջազգային առևտրին վերաբերող սկզբունքների, կանոնների ու հիմնադրույթների բազմակողմ կառուցվածքի անհրաժեշտությունը,

ընդունելով, որ մտավոր սեփականության իրավունքները մասնավոր իրավունքներ են,

ընդունելով մտավոր սեփականության պաշտպանության ազգային համակարգերի պետական քաղաքականության հիմքում ընկած նպատակները, ներառյալ զարգացման և տեխնոլոգիական նպատակները,

ընդունելով նաև առավել թույլ զարգացած անդամ երկրների առանձնահատուկ կարիքները` կապված երկրի ներսում օրենքների և կանոնակարգերի իրականացման հարցում առավելագույն ճկունություն ունենալու հետ, որով նրանց հնարավորություն կտրվի առողջ ու կենսունակ տեխնոլոգիական հիմք ստեղծել,

ընդգծելով, որ կարևոր է լարվածությունը նվազեցնել` ձեռք բերելով ամրապնդված պարտավորություններ մտավոր սեփականության առևտրին առնչվող հարցերի վերաբերյալ վեճերը բազմակողմ ընթացակարգերի միջոցով լուծելու համար,

ցանկանալով փոխադարձաբար օժանդակող հարաբերություններ հաստատել ԱՀԿ-ի և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ՄՍՀԿ), ինչպես նաև այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների միջև,

սույնով համաձայնում են հետևյալի մասին.

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

1. Անդամները կիրարկում են սույն Համաձայնագրի դրույթները: Անդամները կարող են, բայց պարտավոր չեն իրենց օրենքներով ավելի ընդարձակ պաշտպանություն իրականացնել, քան պահանջվում է սույն Համաձայնագրով, եթե այդ պաշտպանությունը չի հակասում սույն Համաձայնագրի դրույթներին: Անդամներն ազատ են` որոշելու իրենց սեփական իրավական համակարգում ու գործնական կյանքում սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համապատասխան եղանակը:

2. Սույն Համաձայնագրի իմաստով «մտավոր սեփականություն» հասկացությունը վերաբերում է բոլոր տեսակների մտավոր սեփականություններին, որոնք 2-րդ Բաժնի 1-7-րդ Գլուխների առարկան են:

3. Անդամներն այլ Անդամների քաղաքացիների նկատմամբ ցույց են տալիս սույն Համաձայնագրով նախատեսված մոտեցումը158: Մտավոր սեփականության համապատասխան իրավունքի կապակցությամբ այլ Անդամների քաղաքացիներ հասկացության տակ հասկացվում են այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, որոնք համապատասխանում են պաշտպանության համար իրավունակ լինելու չափանիշներին, որոնք նախատեսված են 1967 թ. Փարիզյան կոնվենցիայում, 1971 թ. Բեռնի կոնվենցիայում, Հռոմի կոնվենցիայում և Միասնականացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության մասին պայմանագրում, երբ ԱՀԿ բոլոր Անդամներն այդ Կոնվենցիաների159 անդամ են: Հռոմի կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետով կամ 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված հնարավորություններից օգտվող ԱՀԿ յուրաքանչյուր Անդամ Մտավոր սեփականության իրավունքների առևտրին առնչվող հարցերով խորհուրդ է (ՄՍԱԱ խորհուրդ) ներկայացնում այդ դրույթներով նախատեսված ծանուցումները:

_____________________________________

158 Եթե սույն Համաձայնագրում հիշատակվում են «քաղաքացիները», ապա ԱՀԿ Անդամ առանձին մաքսային տարածքի դեպքում համարվում է, որ այն նշանակում է ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ովքեր մշտապես բնակվում են կամ ունեն փաստացի և գործող արդյունաբերական կամ առևտրային հաստատություն այդ մաքսային տարածքում:

i

159 Սույն Համաձայնագրում «Փարիզյան կոնվենցիան» վերաբերում է Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիային. «1967 թ. Փարիզյան կոնվենցիան» վերաբերում է այս կոնվենցիայի 1967 թ. հուլիսի 14-ի Ստոկհոլմյան փաստաթղթին. «Բեռնի կոնվենցիան» վերաբերում է Գրականության և արվեստի ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի կոնվենցիային. «1971 թ. Բեռնի կոնվենցիան» վերաբերում է այս կոնվենցիայի 1971 թ. հուլիսի 24-ին Փարիզյան փաստաթղթին. «Հռոմի կոնվենցիան» վերաբերում Է 1961 թ. հոկտեմբերի 26-ին Հռոմում ընդունված` Կատարողների, հնչյունագրեր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիային. «Միասնացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության մասին պայմանագիրը» (ՄՇՄՍ պայմանագիր) վերաբերում Է 1989 թ. մայիսի 26-ին Վաշինգտոնում ընդունված` Միասնացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության մասին պայմանագրին: «ԱՀԿ Համաձայնագիրը» վերաբերում Է ԱՀԿ ստեղծման համաձայնագրին:

 

ՀՈԴՎԱԾ 2
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐ

 

1. Սույն Համաձայնագրի 2-րդ, 3-րդ և 4-րդ Բաժինների առնչությամբ Անդամները պահպանում են 1967 թ. Փարիզյան կոնվենցիայի 1-12-րդ հոդվածներն ու 19-րդ հոդվածը:

2. Սույն Համաձայնագրի 1-4 Բաժինները ոչնչով չեն շեղվում գոյություն ունեցող այն պարտավորություններից, որոնք Անդամները կարող են միմյանց նկատմամբ ունենալ համաձայն Փարիզյան կոնվենցիայի, Բեռնի կոնվենցիայի, Հռոմի կոնվենցիայի և Միասնականացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության մասին պայմանագրի:

 

ՀՈԴՎԱԾ 3
ԱԶԳԱՅԻՆ ՄՈՏԵՑՈՒՄ

 

1. Մտավոր սեփականության պաշտպանության160 առնչությամբ յուրաքանչյուր Անդամ մյուս Անդամների քաղաքացիների նկատմամբ ցույց է տալիս ոչ պակաս բարենպաստ մոտեցում, քան այն, որը ցույց է տալիս իր սեփական քաղաքացիների նկատմամբ` հաշվի առնելով, համապատասխանաբար, 1967 թ. Փարիզյան կոնվենցիայում, 1971 թ. Բեռնի կոնվենցիայում, Հռոմի կոնվենցիայում կամ Միասնականացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության մասին պայմանագրում արդեն նախատեսված բացառությունները: Կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների նկատմամբ սույն պարտավորությունը կիրառվում է միայն սույն Համաձայնագրով նախատեսված իրավունքների մասով: 1971 թ. Բեռնի կոնվենցիայի 6-րդ հոդվածով կամ Հռոմի կոնվենցիայի 16-րդ հոդվածի 1 բ կետով նախատեսված հնարավորություններից օգտվող ԱՀԿ յուրաքանչյուր Անդամ ՄՍԱԱ խորհուրդ է ներկայացնում այդ դրույթներով նախատեսված ծանուցումները:

_______________________________________

160 3-րդ և 4-րդ հոդվածների նպատակներով «պաշտպանությունն» ընդգրկում է այն հարցերը, որոնք ազդում են մտավոր սեփականության իրավունքների մատչելիության, ձեռքբերման, շրջանակների, պահպանման ու կիրարկման վրա, ինչպես նաև այն հարցերը, որոնք ազդում են սույն Համաձայնագրում առանձին հասցեագրված մտավոր սեփականության իրավունքների օգտագործման վրա:

 

2. Դատական և վարչական ընթացակարգերի առնչությամբ Անդամները կարող են օգտվել 1-ին կետով թույլատրված բացառություններից, ներառյալ դատական ծանուցման համար հասցեի նշումը կամ Անդամի իրավասության շրջանակներում հավատարմատարի նշանակումը, եթե միայն այդպիսի բացառություններն անհրաժեշտ են, որպեսզի ապահովվի համապատասխանությունը սույն Համաձայնագրի դրույթներին չհակասող օրենքներին ու կանոնակարգերին, և եթե այդ ընթացակարգերը չեն կիրառվում այնպիսի եղանակով, որն առևտրի քողարկված սահմանափակում է հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 4
ԱԶԳԵՐԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏՈՒԹՅԱՆ ՄՈՏԵՑՈՒՄ

 

Որևէ այլ երկրի քաղաքացիներին մտավոր սեփականության պաշտպանության առնչությամբ Անդամի շնորհած ցանկացած առավելություն, բարենպաստություն, արտոնություն կամ անձեռնմխելիություն անմիջապես և անվերապահորեն տրամադրվում է բոլոր այլ Անդամների քաղաքացիներին: Այս պարտավորությունից ազատված է Անդամի կողմից շնորհված ցանկացած առավելություն, բարենպաստություն, արտոնություն կամ անձեռնմխելիություն, որը.

ա) բխում է դատական աջակցության կամ օրենքների կիրարկման վերաբերյալ ընդհանուր բնույթի միջազգային համաձայնագրերից, որոնք սահմանափակված չեն զուտ մտավոր սեփականության պաշտպանությամբ,

բ) շնորհվել է 1971 թ. Բեռնի կոնվենցիայի կամ Հռոմի կոնվենցիայի դրույթների համաձայն, որոնցով թույլատրում է, որ շնորհված մոտեցումը կախված լինի ոչ թե ազգային մոտեցումից, այլ մեկ ուրիշ երկրում տրամադրված մոտեցումից,

գ) վերաբերում է կատարողների, հնչյունագիր արտադրողների և հեռարձակող կազմակերպությունների` սույն Համաձայնագրով չնախատեսված իրավունքներին,

դ) բխում է մտավոր սեփականության պաշտպանությանն առնչվող միջազգային համաձայնագրերից, որոնք ուժի մեջ են մտել նախքան ԱՀԿ համաձայնագրի ուժի մեջ մտնելը, եթե այդ համաձայնագրերը ծանուցվել են ՄՍԱԱ խորհրդին և կամայական կամ չարդարացված խտրականություն չեն դնում այլ Անդամների քաղաքացիների նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 5
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԿԱՄ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

3-րդ և 4-րդ հոդվածներով սահմանված պարտավորությունները չեն կիրառվում մտավոր սեփականության իրավունքների ձեռքբերմանը կամ պահպանմանը վերաբերող` ՄՍՀԿ հովանավորության ներքո կնքված բազմակողմ համաձայնագրերում նախատեսված ընթացակարգերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 6
ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՊԱՌՈՒՄ

 

Սույն Համաձայնագրով վեճերի կարգավորման նպատակներով, հաշվի առնելով 3-րդ և 4-րդ հոդվածների դրույթները, սույն Համաձայնագրում ոչինչ չի օգտագործվում մտավոր սեփականության իրավունքների սպառման հարցը կարգավորելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 7
ՆՊԱՏԱԿՆԵՐ

 

Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունն ու կիրարկումը պետք է նպաստեն տեխնոլոգիական նորարարությունների խթանմանն ու տեխնոլոգիաների փոխանցմանն ու տարածմանը, տեխնոլոգիական գիտելիքներ արտադրողների և օգտագործողների փոխադարձ շահավետությանը, ընդ որում` այնպիսի ձևով, որը նպաստում է հասարակական ու տնտեսական բարեկեցությանը և իրավունքների ու պարտավորությունների հավասարակշռությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ

 

1. Իրենց օրենքներն ու կանոնակարգերը փոփոխելիս Անդամները կարող են ընդունել միջոցներ, որոնք անհրաժեշտ են հանրային առողջությունն ու սնուցումը պաշտպանելու և իրենց հասարակական-տնտեսական ու տեխնոլոգիական զարգացման համար կենսական կարևորություն ունեցող բնագավառներում հանրային շահագրգռվածության խթանման համար, եթե այդ միջոցները համապատասխանում են սույն Համաձայնագրի դրույթներին:

2. Կարող են անհրաժեշտ լինել համապատասխան միջոցներ` կանխարգելելու համար մտավոր սեփականության իրավունքների չարաշահումն իրավատերերի կողմից կամ առևտուրն անհիմն կերպով սահմանափակող կամ տեխնոլոգիաների միջազգային փոխանցման վրա անբարենպաստ ազդեցություն ունեցող գործելակերպերի կիրառումը, եթե դրանք համապատասխանում են սույն Համաձայնագրի դրույթներին:

 

ԲԱԺԻՆ 2
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ, ՇՐՋԱՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 9
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ

 

1. Անդամ երկրները պահպանում են 1971 թ. Բեռնի կոնվենցիայի 1-21-րդ հոդվածներն ու դրա Լրացումը: Սակայն, սույն Համաձայնագրի համաձայն, Անդամներն իրավունքներ կամ պարտավորություններ չունեն այդ կոնվենցիայի 6bis հոդվածով շնորհված իրավունքների կամ դրանից բխող իրավունքների մասով:

2. Հեղինակային իրավունքի պաշտպանությունը տարածվում է արտահայտությունների և ոչ թե գաղափարների, ընթացակարգերի, գործողության եղանակների կամ մաթեմատիկական հասկացությունների վրա` որպես այդպիսիք:

 

ՀՈԴՎԱԾ 10
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՈՒՄ

 

1. Համակարգչային ծրագրերը, ինչպես ելքային տեքստով, այնպես էլ օբյեկտային ծածկագրով, պաշտպանվում են իբրև գրական ստեղծագործություններ` 1971 թ. Բեռնի կոնվենցիայի համաձայն:

2. Այն տվյալների կամ այլ նյութերի հավաքումը ինչպես մեքենայի համար ընթեռնելի, այնպես էլ այլ ձևով, որոնք մտավոր ստեղծագործության արդյունք են իրենց պարունակության ընտրության կամ տեղաբաշխման պատճառով, պաշտպանվում են որպես այդպիսին: Այդպիսի պաշտպանությունը, որը չի տարածվում հենց տվյալների կամ նյութերի վրա, վնաս չի պատճառում հենց տվյալների կամ նյութերի նկատմամբ առկա որևէ հեղինակային իրավունքի:

 

ՀՈԴՎԱԾ 11
ՎԱՐՁՈՒՅԹԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

Անդամը, առնվազն համակարգչային ծրագրերի և շարժանկարային ստեղծագործությունների առնչությամբ, հեղինակներին և նրանց իրավահաջորդներին իրավունք է տալիս թույլատրել կամ արգելել հեղինակային իրավունքով պաշտպանվող իրենց ստեղծագործությունների բնօրինակները կամ պատճենները առևտրային վարձույթով հասարակությանը հանձնելը: Անդամը շարժանկարային ստեղծագործությունների առնչությամբ ազատվում է սույն պարտավորությունից, եթե այդ կերպ վարձույթով հանձնելը չի հանգեցրել այդ ստեղծագործությունների լայնատարած պատճենահանմանը, որով նյութական վնաս է հասցվում տվյալ Անդամ երկրում հեղինակներին ու նրանց իրավահաջորդներին շնորհված վերարտադրության բացառիկ իրավունքին: Համակարգչային ծրագրերի առնչությամբ սույն պարտավորությունը չի կիրառվում այն վարձույթների նկատմամբ, որտեղ ծրագիրն ինքը վարձույթի էական առարկան չէ:

 

ՀՈԴՎԱԾ 12
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

 

Եթե լուսանկարչական կամ կիրառական արվեստի ստեղծագործությունից տարբեր ստեղծագործության պաշտպանության ժամկետը հաշվարկվում է այլ հիմքով, քան ֆիզիկական անձի կյանքն է, ապա այդ ժամկետը պակաս չէ 50 տարվանից` հաշված թույլատրված հրապարակման օրացուցային տարվա ավարտից, կամ, ստեղծագործության ստեղծումից հետո 50 տարվա ընթացքում այդպիսի թույլատրված հրապարակման բացակայության դեպքում, 50 տարվանից` հաշված ստեղծման օրացուցային տարվա ավարտից:

 

ՀՈԴՎԱԾ 13
ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անդամները բացառիկ իրավունքների սահմանափակումներն ու բացառությունները սահմանափակում են որոշ առանձնահատուկ դեպքերով, որոնք չեն հակասում ստեղծագործության բնականոն շահագործմանը և անհիմն կերպով չեն վնասում իրավատիրոջ օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 14
ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ, ՀՆՉՅՈՒՆԱԳԻՐ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ) ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՀԵՌԱՐՁԱԿՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Կատարողները հնչյունագրի վրա իրենց կատարումների ամրագրման առնչությամբ հնարավորություն ունեն կանխարգելելու առանց իրենց թույլտվության ձեռնարկվող հետևյալ գործողությունները. իրենց չամրագրված կատարումների ամրագրում և այդպիսի ամրագրումների վերարտադրություն: Կատարողները հնարավորություն ունեն նաև կանխարգելելու առանց իրենց թույլտվության ձեռնարկվող հետևյալ գործողությունները. իրենց կենդանի կատարումների հեռարձակում ոչ հաղորդագծային միջոցներով և հաղորդում հասարակությանը:

2. Հնչյունագիր արտադրողներն իրավունք ունեն թույլատրելու կամ արգելելու իրենց հնչյունագրերի ուղղակի կամ անուղղակի վերարտադրությունը:

3. Հեռարձակող կազմակերպություններն իրավունք ունեն արգելելու առանց իրենց թույլտվության ձեռնարկվող հետևյալ գործողությունները. ամրագրում, ամրագրումների վերարտադրություն և հեռարձակումների վերահեռարձակում ոչ հաղորդագծային միջոցներով, ինչպես նաև նույնի հեռուստատեսային հեռարձակման հաղորդում հասարակությանը: Եթե Անդամները հեռարձակող կազմակերպություններին այդպիսի իրավունքներ չեն շնորհում, ապա նրանք հեռարձակման առարկայի նկատմամբ հեղինակային իրավունք ունեցողներին վերոհիշյալ գործողությունները կանխարգելելու հնարավորություն են տալիս` հաշվի առնելով 1971 թ. Բեռնի կոնվենցիայի դրույթները:

4. 11-րդ հոդվածի համակարգչային ծրագրերի վերաբերյալ դրույթները դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում են հնչյունագիր արտադրողների և հնչյունագրերի նկատմամբ ցանկացած այլ իրավատերերի հանդեպ, որոնք սահմանված են Անդամի օրենքով: Եթե 1994 թ. ապրիլի 15-ի դրությամբ Անդամը հնչյունագրերի վարձույթի հետ կապված ունի իրավատերերի արդարացի վարձատրության գործող համակարգ, ապա կարող է պահպանել այդ համակարգը, եթե հնչյունագրերի առևտրային վարձույթով նյութական վնաս չի հասցվում իրավատերերի վերարտադրության նկատմամբ բացառիկ իրավունքներին:

5. Սույն Համաձայնագրով կատարողներին և հնչյունագիր արտադրողներին մատչելի պաշտպանության ժամկետը տևում է առնվազն մինչև 50 տարի ժամանակահատվածի ավարտը` հաշված օրացուցային այն տարվա ավարտից, որի ընթացքում ամրագրումը կատարվել է, կամ կատարումը տեղի է ունեցել: 3-րդ կետի համաձայն շնորհված պաշտպանության ժամկետը տևում է առնվազն 20 տարի` սկսած այն օրացուցային տարվա ավարտից, որի ընթացքում տեղի է ունեցել հեռարձակումը:

6. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի համաձայն շնորհված իրավունքների կապակցությամբ ցանկացած Անդամ կարող է պայմաններ, սահմանափակումներ, բացառություններ և վերապահումներ նախատեսել այն չափով, որքանով թույլատրվում է Հռոմի կոնվենցիայով: Սակայն 1971 թ. Բեռնի կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթները դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում են նաև կատարողների և հնչյունագիր արտադրողների հնչյունագրերի նկատմամբ ունեցած իրավունքների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 15
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Ցանկացած նշան կամ նշանների ցանկացած համակցություն, որով կարելի է տարբերակել մի ձեռնարկության ապրանքները կամ ծառայությունները այլ ձեռնարկությունների ապրանքներից կամ ծառայություններից, կարող է ապրանքային նշան հանդիսանալ: Այդպիսի նշանները, մասնավորապես` բառերը, ներառյալ անձնանունները, տառերը, թվերը, պատկերային տարրերն ու գույների համակցությունները, ինչպես նաև այդպիսի նշանների ցանկացած համակցություն կարող են գրանցվել որպես ապրանքային նշան: Եթե նշաններն իրենց իսկությամբ չեն կարող տարբերակել համապատասխան ապրանքները կամ ծառայությունները, ապա Անդամները կարող են նշանի գրանցելիությունը կախվածության մեջ դնել օգտագործման ընթացքում ձեռք բերված տարբերակելիությունից: Անդամներն իբրև գրանցման պայման կարող են պահանջել, որ նշանները տեսողականորեն ընկալելի լինեն:

2. Չպետք է հասկանալ, թե 1-ին կետով Անդամին արգելվում է ապրանքային նշանի գրանցումը մերժել այլ հիմքերի վրա, եթե դրանք չեն շեղվում 1967թ. Փարիզյան կոնվենցիայի դրույթներից:

3. Անդամները կարող են գրանցելիությունը կախվածության մեջ դնել օգտագործումից: Այնուամենայնիվ, ապրանքային նշանի փաստացի օգտագործումը պայման չէ գրանցելու նպատակով հայտ ներկայացնելու համար: Հայտը չի մերժվում միայն այն հիմքի վրա, որ կանխամտածված օգտագործում տեղի չի ունեցել նախքան երեք տարի տևողությամբ ժամանակահատվածի ավարտը` հաշված հայտը ներկայացնելու օրվանից:

4. Ապրանքների կամ ծառայությունների բնույթը, որոնց նկատմամբ ապրանքային նշանը պետք Է կիրառվի, ոչ մի դեպքում խոչընդոտ չէ ապրանքային նշանի գրանցման համար:

5. Անդամները յուրաքանչյուր ապրանքային նշան հրապարակում են կամ մինչև դրա գրանցվելը կամ շտապ կարգով այն գրանցվելուց հետո և գրանցումը չեղյալ հայտարարելու համար դիմում ներկայացնելու պատշաճ հնարավորություն են ընձեռում: Անդամները կարող են ապրանքային նշանի գրանցմանն առարկելու հնարավորություն ընձեռել:

 

ՀՈԴՎԱԾ 16
ՇՆՈՐՀՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ

 

1. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի սեփականատիրոջ համաձայնությունը չունեցող բոլոր երրորդ կողմերին արգելել առևտրի ընթացքում նույնական կամ համանման նշաններ օգտագործել այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք նույնական կամ համանման են նրանց, որոնց նկատմամբ ապրանքային նշանը գրանցված է, եթե այդ օգտագործման հետևանքով շփոթության հավանականություն է ստեղծվում: Նույնական ապրանքների կամ ծառայությունների համար նույնական նշանի օգտագործման դեպքում ենթադրվում է, որ շփոթության հավանականություն կա: Վերը նկարագրված իրավունքները վնաս չեն հասցնում մինչ այդ գոյություն ունեցող որևէ իրավունքի և չեն ազդում այն հնարավորության վրա, որ Անդամներն իրավունքները մատչելի դարձնեն օգտագործման հիման վրա:

i

2. 1967 թ. Փարիզյան կոնվենցիայի 6bis հոդվածը դրանում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում է ծառայությունների նկատմամբ: Ապրանքային նշանի հանրահայտ լինելը որոշելիս Անդամները հաշվի են առնում ապրանքային նշանի մասին իրազեկությունը հասարակության համապատասխան շրջանակում, ներառյալ ապրանքային նշանի գովազդման արդյունքում ձեռք բերված իրազեկությունը տվյալ Անդամ երկրում:

3. 1967 թ. Փարիզյան կոնվենցիայի 6bis հոդվածը դրանում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում է այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնք համանման չեն նրանց, որոնց նկատմամբ գրանցված է ապրանքային նշանը, եթե այդ ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ այդ ապրանքային նշանի օգտագործմամբ կապ կմատնանշվի այդ ապրանքների կամ ծառայությունների և գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջ միջև, և եթե գրանցված ապրանքային նշանի սեփականատիրոջ շահերը հավանական է, որ կվնասվեն դրա օգտագործմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 17
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Անդամները կարող են ապրանքային նշանով շնորհված իրավունքներից սահմանափակ բացառություններ նախատեսել, ինչպիսին նկարագրական արտահայտությունների բարեխիղճ օգտագործումն է, եթե այդ բացառությունները հաշվի են առնում ապրանքային նշանի սեփականատիրոջ և երրորդ անձանց օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 18
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Ապրանքային նշանի սկզբնական գրանցում ու գրանցման յուրաքանչյուր նորացում կատարվում է ոչ պակաս, քան յոթ տարի ժամկետով: Ապրանքային նշանի գրանցումը կարող է անվերջ նորացվել:

 

ՀՈԴՎԱԾ 19
ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ

 

1. Եթե գրանցումը պահպանելու համար օգտագործում է պահանջվում, ապա գրանցումը կարող է չեղյալ հայտարարվել միայն չօգտագործման առնվազն երեք տարվա անընդհատ ժամանակահատվածից հետո, եթե ապրանքային նշանի սեփականատերը ցույց չի տալիս հիմնավոր պատճառներ, որոնք հիմնված են այդ օգտագործման համար խոչընդոտների առկայության վրա: Ապրանքային նշանի սեփականատիրոջ կամքից անկախ ծագող, ապրանքային նշանի օգտագործմանը խոչընդոտ հանդիսացող հանգամանքները, ինչպիսիք են ապրանքային նշանով պաշտպանված ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ ներմուծման սահմանափակումները կամ կառավարության այլ պահանջները, ընդունվում են որպես չօգտագործման հիմնավոր պատճառներ:

2. Այլ անձի կողմից ապրանքային նշանի օգտագործումը, երբ դա կատարվում է դրա սեփականատիրոջ վերահսկմամբ, գրանցումը պահպանելու նպատակով ընդունվում է որպես ապրանքային նշանի օգտագործում:

 

ՀՈԴՎԱԾ 20
ԱՅԼ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Առևտրի ընթացքում ապրանքային նշանի օգտագործումը անհիմն կերպով չի դժվարացվում հատուկ պահանջներով, ինչպիսիք են այլ ապրանքային նշանի հետ օգտագործումը, հատուկ ձևով օգտագործումը կամ օգտագործումն այնպիսի եղանակով, որով վնասվում է մի ձեռնարկության ապրանքները կամ ծառայությունները այլ ձեռնարկությունների ապրանքներից կամ ծառայություններից տարբերակելու դրա ունակությունը: Սույնով չի բացառվում այն պահանջը, որով սահմանվում է ապրանքներ կամ ծառայություններ արտադրող ձեռնարկությունը նույնականացնող ապրանքային նշանի օգտագործումն այդ ձեռնարկության` խնդրո առարկա առանձին ապրանքները կամ ծառայությունները տարբերակող ապրանքային նշանի հետ մեկտեղ, բայց չկապելով այն վերջինիս հետ:

 

ՀՈԴՎԱԾ 21
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԶԻՋՈՒՄ

 

Անդամները կարող են սահմանել ապրանքային նշանների լիցենզավորման և զիջման պայմաններ, ընդ որում` հասկացվում է, որ ապրանքային նշանների հարկադրական լիցենզավորում չի թույլատրվում, և որ գրանցված ապրանքային նշանի սեփականատերն իրավունք ունի ապրանքային նշանը զիջել` փոխանցելով կամ չփոխանցելով այն ձեռնարկությանը, որին պատկանում է ապրանքային նշանը:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 22
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սույն Համաձայնագրի նպատակներով աշխարհագրական ցուցանշումներն այն ցուցանշումներն են, որոնք ապրանքը հատկորոշում են որպես Անդամի տարածքից կամ այդ տարածքի որևէ շրջանից կամ տեղանքից ծագող, երբ այդ ապրանքի տվյալ որակը, համբավը կամ այլ բնութագիրը հիմնականում վերագրվում են նրա աշխարհագրական ծագմանը:

2. Աշխարհագրական ցուցանշումների կապակցությամբ Անդամները շահագրգիռ կողմերի համար նախատեսում են իրավական միջոցներ, որոնցով.

ա) կկանխարգելվի ապրանք մատնանշելիս կամ ներկայացնելիս որևէ միջոց օգտագործելը, որը ցույց է տալիս կամ հուշում է, որ այդ ապրանքը ծագում է մի աշխարհագրական շրջանից, որն այլ է, քան իրական ծագման վայրը, ընդ որում` այնպիսի ձևով, որ հասարակությանը մոլորեցնում է ապրանքի աշխարհագրական ծագման առնչությամբ,

i

բ) կկանխարգելվի ցանկացած օգտագործումը, որն անբարեխիղճ մրցակցության գործողություն է 1967 թ. Փարիզյան կոնվենցիայի 10bis հոդվածի իմաստով:

3. Անդամը պաշտոնապես, եթե դա թույլատրվում է իր օրենսդրությամբ կամ շահագրգիռ կողմի պահանջով, մերժում կամ ուժը կորցրած է ճանաչում այն ապրանքային նշանի գրանցումը, որը ցուցանշված տարածքից չծագող ապրանքներին վերաբերող աշխարհագրական ցուցանշում է պարունակում կամ կազմված է դրանից, եթե տվյալ Անդամ երկրում այդ ապրանքների ապրանքային նշանում ցուցանշման օգտագործումն այնպիսի բնույթի է, որ հասարակությանը մոլորեցնում է ծագման իրական վայրի առնչությամբ:

4. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պաշտպանությունը կիրառվում է այն աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ, որոնք թեպետ տառացիորեն ճշմարիտ են տարածքի, շրջանի կամ տեղանքի առումով, որտեղից ծագում են ապրանքները, բայց հասարակությանը կեղծելով ներկայացնում են, թե ապրանքները ծագում են մեկ այլ տարածքից:

 

ՀՈԴՎԱԾ 23
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԵՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Յուրաքանչյուր Անդամ շահագրգիռ կողմերի համար իրավական միջոցներ է նախատեսում, որոնցով կկանխարգելվի տվյալ աշխարհագրական ցուցանշումով` ցուցանշված վայրից չծագող գինիների համար գինիներ նույնականացնող աշխարհագրական ցուցանշման կամ տվյալ աշխարհագրական ցուցանշումով` ցուցանշված վայրից չծագող ոգելից խմիչքների համար ոգելից խմիչքներ նույնականացնող աշխարհագրական ցուցանշման օգտագործումը, եթե նույնիսկ ցուցանշվում է ապրանքների իրական ծագումը, կամ աշխարհագրական ցուցանշումն օգտագործվում է թարգմանաբար կամ այնպիսի արտահայտությունների զուգակցմամբ, ինչպիսիք են «տեսակ», «տիպ», «ոճ», «նմանակում» կամ նման արտահայտությունները161:

___________________________________

161 Անկախ 42-րդ հոդվածի առաջին նախադասությունից` Անդամներն այս պարտավորությունների առնչությամբ կարող են փոխարենը կիրարկում նախատեսել վարչական ներգործության միջոցներով:

 

2. Գինիների համար այն ապրանքային նշանի գրանցումը, որը գինիներ նույնականացնող աշխարհագրական ցուցանշում է պարունակում կամ կազմված է դրանից, կամ ոգելից խմիչքների համար այն ապրանքային նշանի գրանցումը, որը ոգելից խմիչքներ նույնականացնող աշխարհագրական ցուցանշում է պարունակում կամ կազմված է դրանից, պաշտոնապես մերժվում կամ ուժը կորցրած է ճանաչվում այդ ծագումը չունեցող գինիների կամ ոգելից խմիչքների նկատմամբ, եթե դա թույլատրվում է Անդամի օրենսդրությամբ կամ շահագրգիռ կողմի պահանջով:

3. Գինիների համար նույնանուն աշխարհագրական ցուցանշումների դեպքում պաշտպանություն է նախատեսվում յուրաքանչյուր ցուցանշման համար` հաշվի առնելով 22-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները: Յուրաքանչյուր Անդամ սահմանում է այն գործնական պայմանները, որոնց համաձայն խնդրո առարկա նույնանուն ցուցանշումները կտարբերակվեն միմյանցից` հաշվի առնելով համապատասխան արտադրողներին անաչառ մոտեցում ապահովելու անհրաժեշտությունը և այն, որ սպառողները չմոլորեցվեն:

4. Գինիների համար աշխարհագրական ցուցանշումների պաշտպանությանը նպաստելու նպատակով ՄՍԱԱ խորհրդում բանակցություններ են նախաձեռնվում` գինիների համար այն աշխարհագրական ցուցանշումների ծանուցման ու գրանցման բազմակողմ համակարգի հիմնադրման վերաբերյալ, որոնք պաշտպանության ենթակա են համակարգին մասնակից Անդամ երկրներում:

 

ՀՈԴՎԱԾ 24
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Անդամ երկրները համաձայնում են բանակցություններ սկսել 23-րդ հոդվածով սահմանված առանձին աշխարհագրական ցուցանշումների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով: Անդամները ներքոնշյալ 4-8-րդ կետերի դրույթները չեն օգտագործում բանակցություններ վարելուց կամ երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր կնքելուց հրաժարվելու համար: Անդամները պատրաստ են այդ բանակցությունների շրջանակներում քննարկել սույն դրույթների շարունակական կիրառելիությունն առանձին աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ, որոնց օգտագործումն այդ բանակցությունների առարկան է եղել:

2. ՄՍԱԱ խորհուրդը վերաքննում է սույն Գլխի դրույթների կիրառությունը, առաջին այդպիսի վերաքննությունը տեղի է ունենում ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում: Սույն դրույթներով սահմանված պարտավորությունների պահպանման վրա ազդող ցանկացած հարց կարող է ներկայացվել խորհրդի ուշադրությանը, որը, Անդամի պահանջով, ցանկացած Անդամի կամ Անդամների հետ խորհրդակցում է այն հարցի շուրջ, որի վերաբերյալ հնարավոր չի եղել գործին առնչվող Անդամների միջև երկկողմ կամ բազմակողմ խորհրդակցությունների միջոցով բավարար լուծում գտնել: Խորհուրդը ձեռնարկում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք կարող են համաձայնեցվել` սույն Գլխի գործողությանն ու նպատակների կատարմանը նպաստելու համար:

3. Սույն Գլուխն իրականացնելիս Անդամը չի թուլացնում աշխարհագրական ցուցանշումների այն պաշտպանությունը, որն այդ Անդամ երկրում գոյություն ուներ ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից անմիջապես առաջ:

4. Սույն Գլուխը ոչնչով չի պահանջում որևէ Անդամից արգելել մեկ այլ Անդամի` գինիներ կամ ոգելից խմիչքներ նույնականացնող առանձին աշխարհագրական ցուցանշման անընդհատ ու համանման օգտագործումն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ` իր որևէ քաղաքացու կամ մշտապես բնակվող անձի կողմից, որն այդ աշխարհագրական ցուցանշումն այդ Անդամի տարածքում անընդհատ օգտագործել է նույն կամ առնչվող ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ.

ա) 1994 թ. ապրիլի 15-ին նախորդող առնվազն 10 տարվա ընթացքում, կամ

բ) նախքան այդ ժամկետը` բարեխղճորեն:

5. Եթե որևէ ապրանքային նշանի համար հայցը ներկայացվել է, կամ այն գրանցվել է բարեխղճորեն, կամ եթե ապրանքային նշանի նկատմամբ իրավունքները բարեխիղճ օգտագործման միջոցով ձեռք են բերվել.

ա) նախքան այդ Անդամ երկրում սույն դրույթների կիրառման օրը, ինչպես սահմանված է 4-րդ Բաժնում, կամ

բ) նախքան աշխարհագրական ցուցանշման իր ծագման երկրում պաշտպանվելը, ապա սույն Գլխի իրականացման համար ընդունված միջոցները վնաս չեն պատճառում ապրանքային նշանի` գրանցման համար համապատասխան լինելուն, կամ ապրանքային նշանի գրանցման վավերականությանը, կամ ապրանքային նշանն օգտագործելու իրավունքին` այն բանի հիման վրա, թե այդ ապրանքային նշանը նույնական կամ համանման է որևէ աշխարհագրական ցուցանշման:

6. Սույն Գլուխը ոչնչով չի պահանջում որևէ Անդամից որևէ այլ Անդամի աշխարհագրական ցուցանշման վերաբերյալ իր դրույթները կիրառել այն ապրանքների կամ ծառայությունների նկատմամբ, որոնց համար համապատասխան ցուցանշումը նույնական է այն արտահայտության հետ, որն այդ Անդամի տարածքում ընդհանուր տարածում գտած լեզվում ընդունված է որպես այդ ապրանքների կամ ծառայությունների սովորական անվանում: Սույն Գլուխը ոչինչ չի պահանջում որևէ Անդամից որևէ այլ Անդամի աշխարհագրական ցուցանշման վերաբերյալ իր դրույթները կիրառել խաղողագործության այն արտադրանքների նկատմամբ, որոնց համար համապատասխան ցուցանշումը նույնական է խաղողի տարատեսակի այն սովորական անվանման հետ, որն այդ Անդամի տարածքում գոյություն է ունեցել ԱՀԿ համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրը:

7. Եթե աշխարհագրական ցուցանշումը չի օգտագործվել կամ գրանցվել անբարեխղճորեն, ապա Անդամը կարող է նախատեսել, որ ապրանքային նշանի օգտագործման կամ գրանցման առնչությամբ սույն Գլխի համաձայն ներկայացված ցանկացած պահանջ պետք է ներկայացվի այդ Անդամ երկրում պաշտպանված ցուցանշման անբարենպաստ օգտագործման մասին լայնորեն հայտնի դառնալուց կամ, եթե ապրանքային նշանն այդ օրը հրապարակված է եղել, և եթե այդ օրն ավելի վաղ է, քան այդ Անդամ Երկրում անբարենպաստ օգտագործման մասին լայնորեն հայտնի դառնալու օրը, այդ Անդամ երկրում ապրանքային նշանի գրանցման օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում:

8. Սույն Գլխի դրույթները ոչ մի կերպ չեն վնասում որևէ անձի առևտրի ընթացքում այդ անձի անունը կամ այդ անձի գործարար իրավանախորդի անունն օգտագործելու իրավունքը` բացառությամբ, երբ այդ անունն օգտագործվում է այնպիսի եղանակով, որը մոլորեցնում է հասարակությանը:

9. Սույն Համաձայնագրով չի սահմանվում որևէ պարտավորություն` պաշտպանելու աշխարհագրական ցուցանշումները, որոնք չեն պաշտպանվում կամ դադարել են պաշտպանվել իրենց ծագման երկրում, կամ որոնք այդ երկրում օգտագործումից դուրս են եկել:

 

ԳԼՈՒԽ 4
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 25
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Անդամներն ապահովում են անկախ ստեղծված արդյունաբերական այն նմուշների պաշտպանությունը, որոնք նոր կամ յուրօրինակ են: Անդամները կարող են սահմանել, որ նմուշները նոր կամ յուրօրինակ չեն, եթե դրանք զգալիորեն չեն տարբերվում հայտնի նմուշներից կամ նմուշների հայտնի առանձնահատկությունների համակցություններից: Անդամները կարող են սահմանել, որ այդպիսի պաշտպանությունը չտարածվի այն նմուշների վրա, որոնք թելադրված են հիմնականում տեխնիկական կամ գործառնական նկատառումներով:

2. Յուրաքանչյուր Անդամ երաշխավորում է, որ մանածագործական նմուշների համար պաշտպանություն ապահովելու պահանջները, մասնավորապես, ցանկացած ծախքի, փորձաքննության կամ հրապարակման վերաբերյալ, անհիմն կերպով չնվազեցնեն այդպիսի պաշտպանություն հայցելու և ձեռք բերելու հնարավորությունը: Անդամներն ազատ են սույն պարտավորությունը կատարել արդյունաբերական նմուշի մասին կամ հեղինակային իրավունքի մասին օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 26
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Պաշտպանված արդյունաբերական նմուշի սեփականատերն իրավունք ունի սեփականատիրոջ համաձայնությունը չունեցող երրորդ կողմերին արգելել պատրաստել, վաճառել կամ ներմուծել արտադրանքներ, որոնք կրում կամ մարմնավորում են նմուշ, որը պաշտպանված նմուշի պատճենը կամ ըստ էության պատճենն է, եթե այդ գործողությունները ձեռնարկվում են առևտրային նպատակներով:

2. Հաշվի առնելով երրորդ կողմերի օրինական շահերը` Անդամները կարող են սահմանափակ բացառություններ նախատեսել արդյունաբերական նմուշների պաշտպանությունից, եթե այդ բացառությունները անհիմն կերպով չեն հակասում պաշտպանված արդյունաբերական նմուշի բնականոն շահագործմանը և անհիմն կերպով չեն վնասում պաշտպանված արդյունաբերական նմուշի սեփականատիրոջ օրինական շահերը:

3. Մատչելի պաշտպանության տևողությունը կազմում է առնվազն 10 տարի:

 

ԳԼՈՒԽ 5
ԳՅՈՒՏԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 27
ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Հաշվի առնելով 2-րդ և 3-րդ կետերի դրույթները` գյուտերի արտոնագրերը մատչելի են տեխնոլոգիայի բոլոր բնագավառներում բոլոր գյուտերի համար` լինեն դրանք արտադրանքներ, թե գործընթացներ, եթե դրանք նոր են, ունեն գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի են162: Հաշվի առնելով 65-րդ հոդվածի 4-րդ կետը, 70-րդ հոդվածի 8-րդ կետը և սույն հոդվածի 3-րդ կետը` գյուտերի արտոնագրերը և արտոնագրային իրավունքներից օգտվելը մատչելի են` անկախ գյուտարարության տեղից, տեխնոլոգիայի բնագավառից և այն բանից` արտադրանքները ներմուծվե՞լ, թե արտադրվում են տեղում:

_________________________________

162 Սույն հոդվածի նպատակներով Անդամը կարող է «գյուտարարական մակարդակ» և «արդյունաբերորեն կիրառելի» արտահայտությունները համապատասխանաբար դիտարկել որպես «ոչ ակնհայտ» և «օգտակար» արտահայտությունների հոմանիշներ:

 

2. Անդամները կարող են արտոնագրաունակությունից բացառել այն գյուտերը, որոնց առևտրային շահագործման կանխարգելումն իրենց տարածքում անհրաժեշտ է հասարակական կարգը կամ բարոյականությունը պաշտպանելու համար, ներառյալ մարդկանց, կենդանիների կամ բույսերի կյանքը կամ առողջությունը պաշտպանելու համար, կամ շրջակա միջավայրին լուրջ վնաս պատճառելուց խուսափելու համար, եթե այդ բացառումը չի արվում միայն այն պատճառով, որ շահագործումն արգելվում է իրենց օրենսդրությամբ:

3. Անդամները կարող են արտոնագրաունակությունից բացառել նաև.

ա) մարդկանց կամ կենդանիների բուժման` ախտորոշող, նեյրոբուժական կամ վիրաբուժական եղանակները,

բ) բույսերն ու կենդանիները, բայց ոչ մանրէները, և բույսեր աճեցնելու կամ կենդանիներ բուծելու բնույթով կենսաբանական եղանակները, բայց ոչ` ոչ կենսաբանական ու միկրոկենսաբանական եղանակները: Սակայն Անդամները բույսերի տարատեսակների պաշտպանություն են ապահովում արտոնագրերի կամ որևէ յուրատեսակ արդյունավետ համակարգի կամ դրանց ցանկացած համակցության միջոցով: Սույն ենթակետի դրույթները վերանայում են ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից չորս տարի հետո:

 

ՀՈԴՎԱԾ 28
ՇՆՈՐՀՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Գյուտի արտոնագիրն իր սեփականատիրոջը տալիս է հետևյալ բացառիկ իրավունքները.

ա) եթե արտոնագրի առարկան արտադրանք է, ապա արգելել սեփականատիրոջ համաձայնությունը չունեցող երրորդ կողմերին պատրաստել, օգտագործել, վաճառքի համար առաջարկել, վաճառել կամ այդ նպատակներով ներմուծել163 այդ արտադրանքը,

_______________________________

163 Սույն իրավունքը, ինչպես և սույն Համաձայնագրի համաձայն շնորհված ապրանքների օգտագործմանը, վաճառքին, ներմուծմանը կամ այլ ձևով տարածմանը վերաբերող բոլոր այլ իրավունքները ենթակա են 6-րդ հոդվածի դրույթներին:

 

բ) եթե արտոնագրի առարկան գործընթաց է, ապա արգելել սեփականատիրոջ համաձայնությունը չունեցող երրորդ կողմերին օգտագործել գործընթացը և օգտագործել, վաճառքի համար առաջարկել, վաճառել կամ այդ նպատակներով ներմուծել գոնե այդ գործընթացով ուղղակիորեն ստացված արտադրանքը:

2. Արտոնագրի սեփականատերն իրավունք ունի նաև արտոնագիրը զիջելու կամ իրավահաջորդությամբ փոխանցելու, ինչպես նաև լիցենզային պայմանագրեր կնքելու:

 

ՀՈԴՎԱԾ 29
ՊԱՅՄԱՆՆԵՐ ԱՐՏՈՆԱԳՐԻ ՀԱՅՏԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

1. Անդամները պահանջում են, որ արտոնագրի հայտատուն բավականաչափ պարզ և սպառիչ կերպով բացահայտի գյուտը, որպեսզի տվյալ բնագավառում հմուտ անձը կարող լինի գյուտն իրագործել, և կարող են հայտատուից պահանջել մատնանշել գյուտն իրագործելու լավագույն եղանակը, որը գյուտարարին հայտնի է եղել հայտը ներկայացնելու օրը կամ, առաջնության պահանջ ներկայացվելու դեպքում, հայտի առաջնության օրը:

2. Անդամները արտոնագրի հայտատուից կարող են պահանջել տեղեկություններ ներկայացնել հայտատուի` արտերկրում տված համապատասխան հայտերի և շնորհված արտոնագրերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 30
ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

 

Հաշվի առնելով երրորդ կողմերի օրինական շահերը` Անդամները կարող են սահմանափակ բացառություններ նախատեսել արտոնագրով շնորհված բացառիկ իրավունքներից, եթե այդ բացառություններն անհիմն կերպով չեն հակասում արտոնագրված գյուտի բնականոն շահագործմանը և անհիմն կերպով չեն վնասում արտոնագրատիրոջ օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 31
ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ` ԱՌԱՆՑ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ

 

Եթե Անդամի օրենսդրությամբ թույլատրվում է արտոնագրի առարկայի այլ օգտագործում164 առանց իրավատիրոջ թույլտվության, ներառյալ կառավարության կամ կառավարության լիազորած երրորդ կողմերի օգտագործումը, ապա պահպանվում են հետևյալ դրույթները.

_____________________________

164 «Այլ օգտագործումը» վերաբերում է 30-րդ հոդվածով թույլատրվածից բացի այլ օգտագործմանը:

 

ա) այդ օգտագործման թույլտվությունը դիտարկվում է` ելնելով դրան բնորոշ առանձնահատկություններից,

բ) այդ օգտագործումը կարող է թույլատրվել միայն այն դեպքում, եթե առաջադրվող օգտագործողը նախքան այդ օգտագործումը իրավատիրոջից ողջամիտ առևտրային ժամկետով ու պայմաններով թույլտվություն ստանալու ջանքեր է գործադրել, և այդ ջանքերը ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում հաջողության չեն բերել: Անդամը կարող է այս պահանջը հանել պետական արտակարգ իրադրության կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների կամ պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքերում: Պետական արտակարգ իրադրության կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքների իրավիճակներում իրավատերն այնուամենայնիվ ծանուցվում է այնքան շուտ, որքան որ խելամտորեն հնարավոր է: Պետության կողմից ոչ առևտրային օգտագործման դեպքում, եթե կառավարությունը կամ կապալառուն առանց արտոնագրային որոնում կատարելու գիտի կամ ապացույցներ ունի, որ կառավարությունը օգտագործում է, կամ կառավարության համար օգտագործվում է գործող արտոնագիր, ապա իրավատերը շտապ կարգով տեղեկացվում է,

գ) այդ օգտագործման շրջանակներն ու տևողությունը սահմանափակում են այն նպատակով, որի համար դա թույլատրվել էր, իսկ կիսահաղորդիչ տեխնոլոգիայի դեպքում այն կատարվում է միայն պետական ոչ առևտրային օգտագործման համար կամ որևէ գործելակերպ հատուցելու համար, որը դատական կամ վարչական գործընթացից հետո հակամրցակցային է ճանաչվել,

դ) այդ օգտագործումը ոչ բացառիկ է,

ե) այդ օգտագործման իրավունքը ենթակա չէ զիջման` բացառությամբ, երբ այն զիջվում է ընկերության կամ վարկարժեքի այն մասի հետ միասին, որով իրագործվում է այդ օգտագործումը,

զ) այդ օգտագործումը թույլատրվում է` առավելագույնս այդ օգտագործումը թույլատրող Անդամի ներքին շուկան մատակարարելու համար,

է) այդ օգտագործման թույլտվությունը հաշվի առնելով, այդպիսով, թույլտվություն ստացած անձանց օրինական շահերի համապատասխան պաշտպանությունը, ենթակա է դադարեցման, եթե դրան հանգեցնող հանգամանքները վերանում են, ու դրանց կրկնվելն անհավանական է: Իրավասու մարմինն իրավունք ունի հիմնավորված հարցման հիման վրա վերաքննել այդ հանգամանքների շարունակվող առկայությունը,

ը) իրավատերը, յուրաքանչյուր դեպքի հանգամանքներից ելնելով, համապատասխան վարձատրություն է ստանում` հաշվի առնելով թույլտվության տնտեսական նշանակությունը,

թ) այդ օգտագործման թույլտվությանը վերաբերող ցանկացած որոշման իրավական օրինականությունը ենթակա է դատական վերաքննության կամ այլ անկախ վերաքննության այդ Անդամ երկրում առանձին` ավելի բարձր իրավասու մարմնի կողմից,

ժ) այդ օգտագործման կապակցությամբ նախատեսված վարձատրությանը վերաբերող ցանկացած որոշում ենթակա է դատական վերաքննության կամ այլ անկախ վերաքննության այդ Անդամ երկրում առանձին` ավելի բարձր իրավասու մարմնի կողմից.

ժա) Անդամները պարտավոր չեն կիրառել «բ» և «զ» ենթակետերում շարադրված պայմանները, եթե այդ օգտագործումը թույլատրվում է դատական կամ վարչական գործընթացից հետո հակամրցակցային ճանաչված որևէ գործելակերպի հատուցման համար: Հակամրցակցային գործելակերպերը հատուցելու անհրաժեշտությունը կարող է հաշվի առնվել այդ դեպքերում վարձատրության չափը որոշելիս: Իրավասու մարմինն իրավունք ունի մերժելու թույլտվության դադարեցումը, եթե այդ թույլտվությանը հանգեցնող պայմանները կրկնվելու հավանականություն ունեն,

ժբ) եթե այդ օգտագործմամբ թույլատրվում է թույլատրել որևէ արտոնագրի (երկրորդ արտոնագիր) շահագործումը, որը չի կարող շահագործվել առանց մեկ այլ արտոնագիր («առաջին արտոնագիր») խախտելու, ապա կիրառվում են հետևյալ հավելյալ պայմանները`

i) երկրորդ արտոնագրում հայտարկված գյուտը առաջին արտոնագրում հայտարկված գյուտի համեմատ պետք է ունենա նշանակալի տնտեսական կարևորություն ունեցող տեխնիկական առաջխաղացում,

ii) առաջին արտոնագրի արտոնագրատերը պետք է երկրորդ արտոնագրում հայտարկված գյուտը ողջամիտ պայմաններով օգտագործելու փոխադարձ լիցենզիայի լիազորություն ունենա, և

iii) առաջին արտոնագրի առնչությամբ թույլատրված օգտագործման իրավունքը ենթակա չէ զիջման` բացառությամբ, երբ այն զիջվում է երկրորդ արտոնագրի զիջման հետ միասին:

 

ՀՈԴՎԱԾ 32
ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ: ԶՐԿՈՒՄ

 

Պետք է հնարավորություն լինի դատական կարգով վերաքննելու արտոնագիրը չեղյալ հայտարարելու կամ արտոնագրից զրկելու ցանկացած որոշում:

 

ՀՈԴՎԱԾ 33
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

 

Մատչելի պաշտպանության ժամկետը չի ավարտվում մինչև քսան տարվա ժամանակահատվածի ավարտը` հաշված հայտի գրանցման օրվանից165:

_________________________________

165 Հասկացվում է, որ այն Անդամ երկրները, որոնք արտոնագրային իրավունքների նախնական շնորհման համակարգ չունեն, կարող են նախատեսել, որ պաշտպանության ժամկետը հաշվարկվի արտոնագրային իրավունքների նախնական շնորհման համակարգում հայտի ներկայացման օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 34
ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ: ԱՊԱՑՈՒՑԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Եթե արտոնագրի առարկան արտադրանք ստանալու գործընթաց է, ապա արտոնագրատիրոջ` 28-րդ հոդվածի 1.բ կետում հիշատակված իրավունքների խախտման վերաբերյալ քաղաքացիական դատավարության նպատակներով դատական մարմինները լիազորություն ունեն պատասխանողին կարգադրել ապացուցել, որ նույնական արտադրանք ստանալու գործընթացը տարբերվում է արտոնագրված գործընթացից: Հետևաբար, Անդամ երկրները հետևյալ հանգամանքներից առնվազն մեկում նախատեսում են, որ առանց արտոնագրատիրոջ համաձայնության արտադրված ցանկացած նույնական արտադրանք հակառակ ապացույցների բացակայության դեպքում համարվում է արտոնագրված գործընթացով ստացված`

ա) եթե արտոնագրված գործընթացով ստացված արտադրանքը նոր է,

բ) եթե զգալի հավանականություն կա, որ նույնական արտադրանքը պատրաստվել է տվյալ գործընթացով, և արտոնագրատերը ի վիճակի չի եղել, ողջամիտ ճիգեր գործադրելով, որոշել իրականում օգտագործված գործընթացը:

2. Յուրաքանչյուր Անդամ ազատ է նախատեսելու, որ 1-ին կետում նշված ապացուցելու պարտավորությունը դրվում է ենթադրյալ խախտողի վրա միայն, եթե կատարված է «ա» ենթակետում հիշատակված պայմանը, կամ միայն, եթե կատարված է «բ» ենթակետում հիշատակված պայմանը:

3. Հակառակ ապացույց ներկայացնելիս հաշվի են առնվում պատասխանողների օրինական շահերը` իրենց արտադրական և գործարարական գաղտնիքների պաշտպանության հարցում:

 

ԳԼՈՒԽ 6
ՄԻԱՍՆԱՑՎԱԾ ՇՂԹԱԳԾԵՐԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐՆԵՐ (ՏԵՂԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

 

ՀՈԴՎԱԾ 35
ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆԸ ՄՇՄՍ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ

 

Անդամները պայմանավորվում են միասնացված շղթագծերի ուրվապատկերների (տեղագրություններ), (սույն Համաձայնագրում հիշատակվում են որպես ուրվապատկերներ) պաշտպանություն ապահովել համաձայն Միասնացված շղթագծերի նկատմամբ մտավոր սեփականության (ՄՇՄՍ) մասին պայմանագրի 2-7-րդ հոդվածների (բացառությամբ 6-րդ հոդվածի 3-րդ կետի), 12-րդ հոդվածի և 16-րդ հոդվածի 3-րդ կետի, և, ի հավելումն դրա, պահպանել հետևյալ դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 36
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

 

Հաշվի առնելով 37-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները` Անդամներն անօրինական են համարում հետևյալ գործողությունները, եթե դրանք կատարվել են առանց իրավատիրոջ166 թույլտվության. պաշտպանված ուրվապատկերի, միասնացված շղթագծի, որի մեջ պաշտպանված ուրվապատկերը ներսարքված է, կամ այդպիսի միասնացված շղթագիծ ընդգրկող արտադրանքի (միայն այնքանով, որքանով այն շարունակում է պարունակել անօրինականորեն վերարտադրված ուրվապատկեր) առևտրային նպատակներով ներմուծումը, վաճառքը կամ այլ կերպ տարածումը:

_____________________________________

166 Սույն Գլխում «իրավատերը» հասկացվում է, որ ունի նույն իմաստը, ինչ որ ունի «իրավատերը» ՄՇՄՍ պայմանագրում:

 

ՀՈԴՎԱԾ 37
ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Անկախ 36-րդ հոդվածից` ոչ մի Անդամ անօրինական չի համարում այդ հոդվածում հիշատակված որևէ գործողության կատարումն անօրինականորեն վերարտադրված ուրվապատկեր ընդգրկող միասնացված շղթագծի կամ այդպիսի միասնացված շղթագիծ ընդգրկող որևէ արտադրանքի վերաբերյալ, եթե այդ գործողությունները կատարող կամ պատվիրող անձը միասնացված շղթագիծը կամ այդպիսի միասնացված շղթագիծ ընդգրկող արտադրանքը ձեռք բերելիս չի իմացել կամ ողջամիտ հիմքեր չի ունեցել իմանալու, որ այն պարունակել է անօրինականորեն վերարտադրված ուրվապատկեր: Անդամները նախատեսում են, որ այն պահից հետո, երբ այդ անձը բավարար կերպով ծանուցվում է, որ ուրվապատկերն անօրինականորեն վերարտադրված է եղել, այդ անձը կարող է ձեռքի տակ եղած կամ մինչ այդ պահը պատվիրված պաշարի նկատմամբ կատարել ցանկացած գործողություն, բայց պարտավոր է իրավատիրոջը վճարել ողջամիտ եկամտամասին (ռոյալթի) համարժեք գումար, որը վճարման ենթակա կլիներ այդպիսի ուրվապատկերի վերաբերյալ ազատորեն համաձայնեցված լիցենզիայով:

2. 31-րդ հոդվածի «ա»-«ժա» ենթակետերում սահմանված պայմանները դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում են ուրվապատկերի ցանկացած ոչ կամավոր լիցենզավորման կամ կառավարության կողմից կամ կառավարության համար առանց իրավատիրոջ համաձայնության դրա օգտագործման դեպքում:

 

ՀՈԴՎԱԾ 38
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

1. Այն Անդամ երկրներում, որտեղ գրանցում է պահանջվում` որպես պաշտպանության պայման, ուրվապատկերների պաշտպանության ժամկետը չի ավարտվում մինչև 10 տարի ժամանակահատվածի ավարտը` հաշված գրանցման համար հայտ ներկայացնելու օրվանից կամ աշխարհում որևէ տեղ տեղի ունեցած առաջին առևտրային շահագործումից:

2. Այն Անդամ երկրներում, որտեղ գրանցում չի պահանջվում` որպես պաշտպանության պայման, ուրվապատկերները պաշտպանվում են ոչ պակաս, քան 10 տարի ժամկետով` հաշված աշխարհում որևէ տեղ տեղի ունեցած առաջին առևտրային շահագործման օրվանից:

3. Չնայած 1-ին և 2-րդ պարբերություններին` Անդամը կարող է նախատեսել, որ պաշտպանությունը ավարտվի ուրվապատկերի ստեղծումից 15 տարի հետո:

 

ԳԼՈՒԽ 7
ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

ՀՈԴՎԱԾ 39

 

i

1. 1967 թ. Փարիզյան կոնվենցիայի 10bis հոդվածով նախատեսված անբարեխիղճ մրցակցության դեմ արդյունավետ պաշտպանություն ապահովելու ընթացքում Անդամները չբացահայտված տեղեկատվությունը պաշտպանում են` համաձայն 2-րդ պարբերության, և կառավարություններին կամ կառավարական գործակալություններին ներկայացված տվյալները` համաձայն 3-րդ պարբերության:

2. Ֆիզիկական և իրավաբանական անձինք հնարավորություն ունեն կանխարգելելու օրինականորեն իրենց վերահսկողության տակ գտնվող տեղեկության` առանց իրենց համաձայնության բացահայտումը, ձեռքբերումը կամ օգտագործումը ուրիշների կողմից` ազնիվ առևտրային գործելակերպին հակասող եղանակով167, այնքան ժամանակ, քանի դեռ այդ տեղեկությունը`

_________________________________

167 Սույն դրույթի նպատակներով «ազնիվ առևտրային գործելակերպին հակասող եղանակ» նշանակում է առնվազն այնպիսի գործելակերպեր, ինչպիսիք են` պայմանագրի խզումը, խորհրդապահության խախտումը կամ խախտման դրդելը, և ընդգրկում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձանց կողմից, որոնք գիտեին կամ չափազանց անփույթ էին` չիմանալով, որ ձեռքբերման մեջ ներգրավված են այդպիսի գործելակերպեր:

 

ա) գաղտնի է այն առումով, որ այն որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ ու համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չէ տվյալ կարգի տեղեկության հետ սովորաբար առնչվող անձանց համար,

բ) իր գաղտնիության պատճառով ունի առևտրային արժեք, և

գ) եղել է տեղեկությունն օրինականորեն վերահսկող անձի` այն գաղտնի պահելու համար ըստ հանգամանքների ձեռնարկած ողջամիտ քայլերի առարկա:

3. Եթե Անդամները պահանջում են զգալի ջանքեր պահանջող չբացահայտված փորձարկում կամ այլ տվյալներ ներկայացնել` որպես պայման այն դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական արտադրանքների շուկայահանմանը հավանություն տալու համար, որոնցում քիմիական նոր գոյացություններ են օգտագործվում, ապա այդ տվյալները պաշտպանում են անբարեխիղճ առևտրային օգտագործումից: Ի հավելումն դրա` Անդամներն այդ տվյալները պաշտպանում են բացահայտումից, բացի այն դեպքերից, երբ դա անհրաժեշտ է հասարակության պաշտպանության համար, կամ երբ քայլեր են ձեռնարկվել, որպեսզի երաշխավորվի, որ տվյալները պաշտպանված լինեն անբարեխիղճ առևտրային օգտագործումից:

 

ԳԼՈՒԽ 8
ՀԱԿԱՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԻ ՎԵՐԱՀՍԿՈՒՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 40

 

1. Անդամները համաձայնում են, որ մտավոր սեփականության իրավունքներին վերաբերող լիցենզավորման որոշ գործելակերպեր կամ պայմաններ, որոնք սահմանափակում են մրցակցությունը, կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ առևտրի վրա և կարող են խոչընդոտել տեխնոլոգիայի փոխանցմանն ու տարածմանը:

2. Սույն Համաձայնագիրը ոչնչով չի արգելում, որ Անդամներն իրենց օրենսդրության մեջ հատկանշեն լիցենզավորման այն գործելակերպերը կամ պայմանները, որոնք մասնավոր դեպքերում կարող են մտավոր սեփականության իրավունքների չարաշահում հանդիսանալ, որը համապատասխան շուկայում անբարենպաստ ազդեցություն ունի մրցակցության վրա: Համաձայն վերը նախատեսվածի` Անդամը կարող է, սույն Համաձայնագրի մյուս դրույթներին համապատասխան, անհրաժեշտ միջոցներ ընդունել` այդպիսի գործելակերպերը կանխարգելելու կամ վերահսկելու համար, որոնք կարող են ներառել, օրինակ` լիցենզային պայմանագրի առարկա հանդիսացող մտավոր գործունեության արդյունքի կատարելագործումներն օգտագործելու բացառիկ իրավունքը լիցենզառուի կողմից լիցենզատուին փոխանցելու կամ զիջելու պարտադրող պայմաններ, լիցենզառուն լիցենզային պայմանագրի առարկա հանդիսացող մտավոր սեփականության առարկայի նկատմամբ իրավունքի օրինականության վիճարկումը արգելող, ինչպես նաև փաթեթային լիցենզավորում հարկադրող պայմաններ` հաշվի առնելով այդ Անդամի համապատասխան օրենքներն ու կանոնակարգերը:

3. Պահանջ ներկայացվելու դեպքում յուրաքանչյուր Անդամ խորհրդակցություններ է սկսում ցանկացած այլ Անդամի հետ, որը հիմք ունի ենթադրելու, որ մտավոր սեփականության իրավատերը, որն այն Անդամ երկրի քաղաքացի կամ մշտաբնակ անձ է, որին խորհրդակցության պահանջ է ներկայացվել, այնպիսի գործելակերպեր է վարում, որոնք խախտում են պահանջ ներկայացնող Անդամի` սույն Գլխի առարկային վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը, և որը ցանկանում է ապահովել համապատասխանությունն այդ օրենսդրության հետ` առանց վնաս պատճառելու օրենքով կատարված որևէ գործողության և երկու Անդամների` վերջնական որոշում կայացնելու ազատությանը: Պահանջ ստացող Անդամը լիարժեք ու բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում պահանջող Անդամի հետ խորհրդակցությունների նկատմամբ ու համապատասխան հնարավորություն է ընձեռում դրա համար և համագործակցում է քննարկվող հարցի վերաբերյալ հասարակությանը մատչելի ոչ գաղտնի տեղեկություններ և Անդամ երկրին մատչելի այլ տեղեկություններ տրամադրելով` հաշվի առնելով ներքին օրենսդրությունը և փոխադարձաբար գոհացուցիչ համաձայնագրեր կնքելով հարցում կատարող Անդամ երկրի կողմից դրանց գաղտնիության պաշտպանության վերաբերյալ:

4. Այն Անդամին, որի քաղաքացիները կամ մշտաբնակ անձինք մեկ այլ Անդամ երկրում ենթակա են դատական ընթացակարգերի այդ մյուս Անդամի` սույն Գլխի առարկայի վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի ենթադրյալ խախտման կապակցությամբ, այդ մյուս Անդամը պահանջ ներկայացվելու դեպքում խորհրդակցությունների հնարավորություն է ընձեռում 3-րդ կետում նախատեսված նույն պայմաններով:

 

ԲԱԺԻՆ 3
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 41

 

1. Անդամներն ապահովում են, որ սույն Բաժնում հատկանշված կիրարկման ընթացակարգերն իրենց օրենսդրությամբ մատչելի լինեն այնպես, որ թույլ տրվի արդյունավետ գործողություն ձեռնարկել սույն Համաձայնագրով ընդգրկված մտավոր սեփականության իրավունքների խախտման ցանկացած գործողության դեմ, ներառյալ խախտումները արգելելու արագ միջոցները և հետագա խախտումները կանխարգելելու միջոցները: Այդ ընթացակարգերը կիրառվում են այնպիսի ձևով, որ կարելի լինի խուսափել օրինական առևտրի դեմ խոչընդոտներ ստեղծելուց և պաշտպանություն ապահովել դրանց չարաշահման դեմ:

2. Մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հետ կապված ընթացակարգերն արդար և անաչառ են: Դրանք չափազանց բարդացված կամ թանկարժեք չեն կամ չեն հանգեցնում ոչ խելամիտ ժամկետների կամ չհիմնավորված ձգձգումների:

3. Գերադասելի է, որ ըստ գործի էության կայացված որոշումները լինեն գրավոր և հիմնավորված: Դրանք, առանց անհարկի հետաձգման, մատչելի են դարձվում առնվազն վարույթի կողմերին: Ըստ գործի էության կայացված որոշումները հիմնվում են միայն այն ապացույցների վրա, որոնց առնչությամբ կողմերին լսված լինելու հնարավորություն է տրվել:

4. Վարույթի կողմերը պետք է հնարավորություն ունենան դատական մարմիններում վերաքննել վերջնական վարչական որոշումները և, հաշվի առնելով Անդամի օրենսդրության մեջ գործի կարևորության հետ կապված իրավասությանը վերաբերող դրույթները, առնվազն ըստ գործի էության կայացված սկզբնական դատական որոշումների իրավական կողմերը: Այնուամենայնիվ, քրեական գործերում արդարացումների վերանայման հնարավորություն նախատեսելու պարտավորություն չկա:

5. Հասկացվում է, որ սույն Բաժինը չի պարտավորեցնում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման համար որևէ դատական համակարգ ստեղծել, որը տարբեր է ընդհանուր օրենսդրության կիրարկման համար եղածից, ինչպես նաև չի ազդում Անդամների` իրենց ընդհանուր օրենսդրությունը կիրարկելու իրավասության վրա: Սույն Բաժինը ոչնչով որևէ պարտավորություն չի ստեղծում մտավոր սեփականության իրավունքների կիրարկման և ընդհանուր օրենսդրության կիրարկման միջև միջոցների բաշխման վերաբերյալ:

 

ԳԼՈՒԽ 2
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՈՒ ՎԱՐՉԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 42
ԱՐԴԱՐ ԵՎ ԱՆԱՉԱՌ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

Անդամներն իրավատերերի168 համար մատչելի Են դարձնում քաղաքացիական դատավարության ընթացակարգերը` կապված սույն Համաձայնագրով ընդգրկված մտավոր սեփականության ցանկացած իրավունքի կիրարկման հետ: Պատասխանողները գրավոր ծանուցվելու իրավունք ունեն, որը պետք է լինի ժամանակին և բավական մանրամասներ պարունակի, ներառյալ հայցի հիմքերը: Կողմերին թույլատրվում է ներկայացված լինել անկախ իրավական փաստաբանի միջոցով, և ընթացակարգերով չափազանց ծանրացուցիչ պահանջներ չեն դրվում պարտադիր կերպով անձամբ ներկա լինելու համար: Այդ ընթացակարգերի բոլոր կողմերն իրենց հայցերը հիմնավորելու և գործին առնչվող բոլոր ապացույցները ներկայացնելու պատշաճ իրավունք ունեն: Ընթացակարգը միջոցներ է նախատեսում գաղտնի տեղեկությունները նույնականացնելու և պաշտպանելու համար, եթե դա չի հակասի գործող սահմանադրական պահանջներին:

______________________________________

168 Սույն Բաժնի նպատակներով «իրավատեր» արտահայտությունն ընդգրկում է այդպիսի իրավունքներ պաշտպանելու իրավական կարգավիճակ ունեցող դաշնություններն ու միությունները:

 

ՀՈԴՎԱԾ 43
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ

 

1. Եթե որևէ կողմ իր հայցերը հիմնավորելու համար բավարար, խելամտորեն մատչելի ապացույցներ է ներկայացրել և հատկորոշել է իր հայցերի հիմնավորմանը վերաբերող ապացույցները, որոնք հակառակ կողմի վերահսկողության տակ են, ապա դատական մարմիններն իրավունք ունեն կարգադրել, որ հակառակ կողմը ներկայացնի այդ ապացույցները` հարկ եղած դեպքերում հաշվի առնելով այն պայմանները, որոնցով երաշխավորում է գաղտնի տեղեկության պաշտպանությունը:

2. Այն դեպքերում, երբ վարույթի որևէ կողմը կամավոր կերպով և առանց հիմնավոր պատճառների մերժում է դեպի անհրաժեշտ տեղեկություն մուտքը կամ պատշաճ ժամկետում չի ներկայացնում այն կամ զգալիորեն խոչընդոտում է կիրարկման գործողությանը վերաբերող գործընթացը, Անդամը կարող է դատական մարմիններին իրավունք տալ նախնական և վերջնական` դրական, թե բացասական, որոշումներ կայացնել` հիմնվելով իրենց ներկայացված տեղեկությունների վրա, ներառյալ այն բողոքը կամ հայտարարությունը, որը ներկայացրել է տեղեկության մուտքի մերժման հետևանքով տուժած կողմը, կողմերին հնարավորություն տալով լսված լինել հայտարարությունների կամ ապացույցների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 44
ԴԱՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐ

 

1. Դատական մարմիններն իրավասու են կողմին կարգադրել դադարեցնել խախտումը, այդ թվում` արգելել մտավոր սեփականության իրավունքների խախտում պարունակող ներմուծված ապրանքների մուտքն իրենց իրավասության տակ գտնվող առևտրային ուղիները այդ ապրանքների մաքսազերծումից անմիջապես հետո: Անդամ երկրները պարտավոր չեն այդպիսի իրավասություն տալ այն պաշտպանված առարկաների նկատմամբ, որոնք անձը ձեռք է բերել կամ պատվիրել է մինչև այն բանն իմանալը կամ իմանալու համար բավարար հիմքեր ունենալը, որ այդ առարկայի հետ գործ ունենալը կարող է հանգեցնել մտավոր սեփականության իրավունքների խախտման:

2. Անկախ սույն Բաժնի այլ դրույթներից և եթե պահպանված են 2-րդ Բաժնի հատկապես կառավարության կողմից կամ կառավարության լիազորած երրորդ անձանց կողմից` առանց իրավատիրոջ թույլտվության օգտագործմանը վերաբերող դրույթները, Անդամները կարող են այդ օգտագործման դեմ պաշտպանության միջոցները սահմանափակել վարձատրության վճարումով` համաձայն 31-րդ հոդվածի «ը» ենթակետի: Այլ դեպքերում կիրառվում են սույն Բաժնով սահմանված պաշտպանության միջոցները, կամ, եթե պաշտպանության այդ միջոցներն անհամատեղելի են Անդամի օրենսդրության հետ, ապա հնարավորություն է ընձեռվում դիմել իրավունքի ճանաչման վճիռներին և ստանալ բավարար փոխհատուցում:

 

ՀՈԴՎԱԾ 45
ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

 

1. Դատական մարմիններն իրավասու են խախտողին կարգադրել այնպիսի վնասահատուցում վճարել իրավատիրոջը, որը բավարար է հատուցելու այն վնասը, որն իրավատերը կրել է այն պատճառով, որ խախտողը, որն իրավախախտ գործունեություն է վարել գիտակցաբար կամ գիտենալու համար բավարար հիմքեր ունենալով, խախտել է այդ անձի մտավոր սեփականության իրավունքը:

2. Դատական մարմիններն իրավասու են նաև խախտողին կարգադրել վճարել իրավատիրոջ ծախսերը, որոնք կարող են ներառել հավատարմատարի համապատասխան վարձավճարները: Համապատասխան դեպքերում Անդամները կարող են դատական մարմիններին իրավասություն տալ` կարգադրել փոխհատուցել շահույթները և (կամ) վճարել նախապես սահմանված վնասները, երբ նույնիսկ խախտողն իրավախախտ գործունեություն է վարել ոչ գիտակցաբար կամ գիտենալու համար բավարար հիմքեր չունենալով:

 

ՀՈԴՎԱԾ 46
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Խախտումը կանխարգելող արդյունավետ միջոց ստեղծելու նպատակով դատական մարմիններն իրավասու են կարգադրել, որ այն ապրանքները, որոնք իրենք իրավախախտ են ճանաչել, առանց որևէ տեսակի փոխհատուցման առևտրային ուղիներից հեռացվեն այնպիսի ձևով, որ կարելի լինի խուսափել իրավատիրոջը որևէ վնաս պատճառելուց, կամ ոչնչացվեն, եթե դա չի հակասում գործող սահմանադրական պահանջներին: Դատական մարմիններն իրավասու են նաև կարգադրել, որ այն նյութերն ու պարագաները, որոնք գերակշռորեն օգտագործվել են իրավախախտ ապրանքներն ստեղծելիս, առանց որևէ տեսակի փոխհատուցման առևտրային ուղիներից հեռացվեն այնպիսի ձևով, որ նվազեցվի հետագա խախտումների վտանգը: Այդպիսի պահանջներ քննարկելիս հաշվի են առնվում խախտման լրջության ու հատուցման կարգադրված միջոցների միջև համաչափություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչպես նաև երրորդ կողմերի շահերը: Կեղծ ապրանքային նշանով ապրանքների առնչությամբ` անօրինականորեն փակցված ապրանքային նշանի պարզ հեռացումը բավարար չէ ապրանքներն առևտրային ուղիներ բաց թողնելը թույլատրելու համար` բացի բացառիկ դեպքերից:

 

ՀՈԴՎԱԾ 47
ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Անդամ երկրները կարող են նախատեսել, որ դատական մարմիններն իրավասություն ունենան, եթե դա անհամաչափ չի լինի խախտման լրջությանը, խախտողին կարգադրել իրավատիրոջը տեղեկացնել իրավախախտ ապրանքների կամ ծառայությունների արտադրության ու բաշխման մեջ ընդգրկված երրորդ անձանց անձնավորության, ինչպես նաև դրանց բաշխման ուղիների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 48
ՊԱՏԱՍԽԱՆՈՂԻ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

1. Դատական մարմիններն իրավասություն ունեն այն կողմին, որի պահանջով ձեռնարկվել են միջոցներ, և որը չարաշահել է կիրարկման ընթացակարգերը, կարգադրել այդ չարաշահման պատճառով կրած վնասի դիմաց բավարար փոխհատուցում տալ անօրինականորեն մեղադրված կամ սահմանափակված կողմին: Դատական մարմիններն իրավասություն ունեն նաև հայցվորին կարգադրել վճարել պատասխանողի ծախսերը, որոնք կարող են ընդգրկել հավատարմատարի համապատասխան վարձավճարները:

2. Մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանը կամ կիրարկմանն առնչվող որևէ օրենքի իրագործման կապակցությամբ Անդամները, ինչպես պետական մարմիններին, այնպես էլ պաշտոնյաներին դատական պաշտպանության համապատասխան միջոցների ենթարկվելուց ազատում են միայն այն դեպքերում, երբ այդ օրենքն իրագործելիս գործողությունները ձեռնարկվել կամ մտադրվել են բարեխղճորեն:

 

ՀՈԴՎԱԾ 49
ՎԱՐՉԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

Այնքանով, որքանով որևէ քաղաքացիաիրավական միջոց կարող է կարգադրվել` որպես գործի էությունից բխող վարչական ընթացակարգերի արդյունք, այդ ընթացակարգերը համապատասխանում են այնպիսի սկզբունքների, որոնք ըստ էության համարժեք են սույն Գլխում սահմանվածներին:

 

ԳԼՈՒԽ 3
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՄԻՋՈՑՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 50

 

1. Դատական մարմիններն իրավասու են շտապ և արդյունավետ ժամանակավոր միջոցներ կարգադրել`

ա) կանխելու համար մտավոր սեփականության ցանկացած իրավունքի խախտումը և, մասնավորապես, արգելելու ապրանքների, ներառյալ ներմուծված ապրանքները, մաքսազերծումից անմիջապես հետո մուտքն իրենց իրավասության տակ գտնվող առևտրի ուղիները,

բ) պահպանելու համար ենթադրյալ խախտման վերաբերյալ համապատասխան ապացույցները:

2. Դատական մարմիններն իրավասու են ժամանակավոր միջոցներ ձեռնարկել, հարկ եղած դեպքում` առանց հակառակ կողմին լսելու, մասնավորապես, երբ որևէ հապաղում կարող է իրավատիրոջն անվերականգնելի վնաս պատճառել, կամ երբ առկա է ապացույցների ոչնչացման ակնհայտ վտանգ:

3. Դատական մարմիններն իրավասու են հայցվորից պահանջել խելամտորեն մատչելի ցանկացած ապացույց տրամադրել, որպեսզի բավականաչափ որոշակիությամբ համոզվեն, որ իրավատերը հայցվորն է, և որ հայցվորի իրավունքները խախտվում են, կամ որ այդպիսի խախտումը վերահաս է, և հայցվորին կարգադրել գրավ կամ համարժեք երաշխիք տրամադրել, որը բավարար է պատասխանողին պաշտպանելու և չարաշահումը կանխելու համար:

4. Եթե ժամանակավոր միջոցները ձեռնարկվել են առանց հակառակ կողմին լսելու, ապա դրանց ազդեցությանը ենթարկված կողմերը ծանուցվում են առանց ուշացման` ամենաուշը միջոցներն ի կատար ածելուց հետո: Միջոցների մասին ծանուցելուց հետո` ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում, պատասխանողի պահանջով` վերաքննություն է անցկացվում, որը ներառում է լսվելու իրավունքը, նպատակ ունենալով որոշում կայացնել այդ միջոցները փոփոխելու, վերացնելու կամ հաստատելու մասին:

5. Այն մարմինը, որն իրականացնելու է ժամանակավոր միջոցները, հայցվորից կարող է պահանջել խնդրո առարկա ապրանքները նույնականացնելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ ներկայացնել:

6. Առանց վնասելու 4-րդ կետի դրույթները` 1-ին և 2-րդ կետերի հիման վրա ձեռնարկված ժամանակավոր միջոցները պատասխանողի պահանջով վերացվում են կամ այլ կերպ դադարում են գործելուց, եթե ըստ գործի էության կայացված որոշմանը հանգեցնող վարույթները չեն սկսվում ողջամիտ ժամանակահատվածի ընթացքում, որը սահմանում է միջոցներ կարգադրող դատական մարմինը, եթե դա թույլատրվում է Անդամի օրենսդրությամբ, կամ որը, եթե այն այդպես չի սահմանվել, չի գերազանցում 20 աշխատանքային օրը կամ 31 օրացուցային օրը` նայած, թե որը ավելի երկար կլինի:

7. Եթե ժամանակավոր միջոցները վերացվում են, կամ եթե դրանք դադարում են հայցվորի որևէ գործողության կամ բաց թողնելու պատճառով, կամ եթե հետագայում պարզվում է, որ մտավոր սեփականության իրավունքի խախտում կամ խախտման վտանգ չի եղել, ապա դատական մարմիններն իրավասու են, պատասխանողի պահանջով, հայցվորին կարգադրել համապատասխան փոխհատուցում տրամադրել այդ միջոցներով պատասխանողին պատճառած ցանկացած վնասի համար:

8. Այնքանով, որքանով որևէ ժամանակավոր միջոց կարող է կարգադրվել որպես գործի էությունից բխող վարչական ընթացակարգերի արդյունք, այդ ընթացակարգերը համապատասխանում են այնպիսի սկզբունքների, որոնք ըստ էության համարժեք են սույն Գլխում սահմանվածներին:

 

ԳԼՈՒԽ 4
ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ169

______________________________

169 Եթե Անդամն ըստ էության վերացրել է այն Անդամի հետ ունեցած սահմանով ապրանքների տեղափոխման նկատմամբ վերահսկման բոլոր միջոցները, որի հետ ինքը մաքսային միության մաս է կազմում, ապա նրանից չի պահանջվում սույն Բաժնի դրույթները կիրառել այդ սահմանի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 51
ԲԱՑ ԹՈՂՆԵԼՈՒ ԿԱՍԵՑՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

 

Անդամները ստորև շարադրված դրույթների համաձայն ընդունում են ընթացակարգեր170, որոնք իրավատիրոջը, որը ծանրակշիռ հիմքեր ունի կասկածելու, որ կարող է տեղի ունենալ կեղծ ապրանքային նշանով կամ հեղինակային իրավունք խախտող ապրանքների171 ներմուծում, հնարավորություն են տալիս գրավոր հայտ ներկայացնել վարչական կամ դատական իրավասու մարմիններ, որպեսզի մաքսային մարմինը կասեցնի այդ ապրանքները ազատ շրջանառության համար բաց թողնելը: Անդամները կարող են հնարավորություն տալ այդպիսի հայտ ներկայացնել այն ապրանքների նկատմամբ, որոնք ընդգրկում են մտավոր սեփականության իրավունքների այլ խախտումներ, եթե պահպանվում են սույն Բաժնի պահանջները: Անդամները կարող են նաև համապատասխան ընթացակարգեր նախատեսել` իրենց տարածքից արտահանման համար նախատեսված իրավախախտ ապրանքների բաց թողնելը մաքսային մարմինների կողմից կասեցվելու կապակցությամբ:

_______________________________

170 Հասկացվում է, որ պարտավորություն չկա այդպիսի ընթացակարգեր կիրառել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ այլ Երկրում շուկա հանված ապրանքների ներմուծման կամ տարանցիկ փոխադրվող ապրանքների նկատմամբ:

171 Սույն Համաձայնագրի նպատակներով`

ա) «կեղծ ապրանքային նշանով ապրանքներ» նշանակում է` ցանկացած ապրանք, ներառյալ փաթեթավորումը, որն առանց թույլտվության կրում է ապրանքային նշան, որը նույնական է այդ ապրանքի նկատմամբ օրինականորեն գրանցված ապրանքային նշանին, կամ որն իր էական կողմերով չի կարող տարբերակվել այդ ապրանքային նշանից, և որն այդպիսով, ներմուծող երկրի օրենսդրությամբ, խախտում է խնդրո առարկա ապրանքային նշանի սեփականատիրոջ իրավունքները:

բ) «հեղինակային իրավունք խախտող ապրանքներ» նշանակում է` ցանկացած ապրանք, որն արտադրության երկրում, առանց իրավատիրոջ կամ պատշաճ ձևով նրա կողմից լիազորված անձի համաձայնության, պատրաստված պատճենն է, և որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատրաստված է մի արտադրանքից, որում այդ պատճենի պատրաստումը ներմուծող երկրի օրենսդրությամբ կարող էր հանդիսանալ հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի խախտում:

 

ՀՈԴՎԱԾ 52
ՀԱՅՏ

 

51-րդ հոդվածով սահմանված ընթացակարգեր նախաձեռնող յուրաքանչյուր իրավատիրոջից պահանջվում է համապատասխան ապացույցներ տրամադրել, որպեսզի իրավասու մարմինը համոզվի, որ ներմուծող երկրի օրենքներով առկա է իրավատիրոջ մտավոր սեփականության իրավունքի` առաջին հայացքից հավաստի թվացող խախտում, և ապրանքների բավականաչափ մանրամասն նկարագրություն տրամադրել, որպեսզի մաքսային մարմինները դրանք հեշտությամբ ճանաչեն: Իրավասու մարմինը ողջամիտ ժամանակահատվածում հայտատուին տեղեկացնում է, թե արդյոք ինքն ընդունել է հայտը, և եթե իրավասու մարմինը սահմանում է ժամանակահատված, որի համար մաքսային մարմինները միջոցներ կձեռնարկեն, ապա տեղեկացնում է դրա մասին:

 

ՀՈԴՎԱԾ 53
ԳՐԱՎ ԿԱՄ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՐԱՇԽԻՔ

 

1. Իրավասու մարմինն իրավասու է հայտատուից պահանջել գրավ կամ համարժեք երաշխիք տրամադրել, որը բավարար է պատասխանողին և իրավասու մարմնին պաշտպանելու և չարաշահումը կանխելու համար: Այդ գրավը կամ երաշխիքն անհիմն կերպով չի խանգարում դիմել այդ ընթացակարգերին:

2. Եթե, սույն Գլխով սահմանված հայտի համաձայն, մաքսային մարմինները արդյունաբերական նմուշ, գյուտի արտոնագիր, ուրվապատկեր կամ չբացահայտված տեղեկություն պարունակող ապրանքների ազատ շրջանառության համար բաց թողնելը կասեցրել են` հիմնվելով մի որոշման վրա, որն այլ է, քան դատական կամ այլ անկախ մարմնի կայացրածը, և 55-րդ հոդվածում նախատեսված ժամանակահատվածը ավարտվել է առանց պատշաճորեն լիազորված մարմնի շնորհած ժամանակավոր ազատման, և եթե պահպանվել են ներմուծման բոլոր այլ պայմանները, ապա այդ ապրանքների սեփականատերը, ներմուծողը կամ ստացողը իրավունք ունեն դրանք բաց թողնել իրավատիրոջը որևէ իրավախախտումից պաշտպանելու համար բավարար արժեքով գրավ տրամադրելուց հետո: Այդ գրավի վճարումը վնաս չի պատճառում իրավատիրոջը մատչելի պաշտպանության որևէ այլ միջոցին, ինչը հասկացվում է, որ գրավն ազատ է արձակվում, եթե իրավատերը ողջամիտ ժամանակահատվածում հայցով չի դիմում դատարան:

 

ՀՈԴՎԱԾ 54
ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

 

Ներմուծողը և հայտատուն շտապ կարգով ծանուցվում են են 51-րդ հոդվածի համաձայն ապրանքների բաց թողնելը կասեցնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 55
ԿԱՍԵՑՄԱՆ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Եթե հայտատուին կասեցման մասին ծանուցելուց հետո 10 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում մաքսային մարմինները չեն տեղեկացվում, որ մի կողմը, որն այլ է, քան պատասխանողը, ըստ գործի էության որոշման հանգեցնող վարույթ է նախաձեռնել, կամ որ պատշաճորեն լիազորված մարմինն ապրանքները բաց թողնելու կասեցումը երկարաձգող ժամանակավոր միջոցներ է ձեռնարկել, ապա ապրանքները բաց են թողնվում, եթե պահպանվել են ներմուծման կամ արտահանման բոլոր այլ պայմանները: Համապատասխան դեպքերում այդ ժամանակային սահմանափակումը կարող է երկարաձգվել ևս 10 աշխատանքային օրով: Եթե ըստ գործի էության որոշման հանգեցնող վարույթն սկսվել է, ապա, պատասխանողի պահանջով, տեղի է ունենում վերաքննություն, ներառյալ ունկնդրված լինելու իրավունքը, որի նպատակն է խելամիտ ժամանակահատվածում որոշում կայացնել այդ միջոցները փոփոխելու, վերացնելու կամ հաստատելու վերաբերյալ: Անկախ վերոնշյալից, եթե ապրանքները բաց թողնելու կասեցումն իրականացվում կամ շարունակվում է դատական ժամանակավոր միջոցների համաձայն, ապա կիրառվում են 50-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 56
ԱՊՐԱՆՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂԻ ԵՎ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ՎՆԱՍՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

 

Համապատասխան իրավասու մարմիններն իրավասու են հայտատուին կարգադրել համապատասխան փոխհատուցում վճարել ապրանքներ ներմուծողին, ստացողին ու սեփականատիրոջը` ցանկացած վնասի դիմաց, որը նրանց պատճառվել է ապրանքների անօրինական կալանումով կամ 55-րդ հոդվածի համաձայն բաց թողնված ապրանքների կալանումով:

 

ՀՈԴՎԱԾ 57
ՍՏՈՒԳՈՒՄ ՈՒ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

 

Առանց վնաս պատճառելու գաղտնի տեղեկության պաշտպանությանը` Անդամներն իրավասու մարմիններին իրավասություն են տալիս, որ դրանք իրավատիրոջը բավարար հնարավորություն տան իրավատիրոջ հայցը հիմնավորելու համար ստուգման ենթարկել մաքսային մարմինների կալանած ցանկացած ապրանք: Իրավասու մարմիններն իրավասու են նաև ներմուծողին համարժեք հնարավորություն տալ ստուգման ենթարկել ցանկացած այդպիսի ապրանք: Եթե ըստ գործի էության դրական որոշում է կայացվել, ապա Անդամները կարող են իրավասու մարմիններին իրավասություն տալ իրավատիրոջը հայտնել խնդրո առարկա ապրանքներ առաքողի, ներմուծողի և ստացողի անուններն ու հասցեները և այդ ապրանքների քանակը:

 

ՀՈԴՎԱԾ 58
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եթե Անդամներն իրավասու մարմնից պահանջում են գործել իր սեփական նախաձեռնությամբ և կասեցնել այն ապրանքները բաց թողնելը, որոնց վերաբերյալ այն ձեռք է բերել առաջին հայացքից հավաստի թվացող ապացույցներ առ այն, որ մտավոր սեփականության իրավունք է խախտվում, ապա.

ա) իրավասու մարմինը կարող է ցանկացած պահի իրավատիրոջից պահանջել ցանկացած տեղեկություն, որը կարող է իրեն օգնել` իրականացնելու այդ իրավասությունները,

բ) ներմուծողն ու իրավատերը շտապ կարգով ծանուցվում են կասեցման մասին: Եթե ներմուծողը կասեցման դեմ բողոք է ներկայացրել իրավասու մարմին, ապա կասեցումը ենթակա է 55-րդ հոդվածով սահմանված պայմաններին, դրանցում համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո,

գ) Անդամները, ինչպես պետական մարմիններին, այնպես էլ պաշտոնյաներին պաշտպանության համապատասխան միջոցների ենթարկվելուց ազատում են միայն այն դեպքերում, երբ գործողությունները ձեռնարկվել կամ մտադրվել են բարեխղճորեն:

 

ՀՈԴՎԱԾ 59
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

Առանց վնաս պատճառելու իրավատիրոջը` մատչելի հայցով դիմելու այլ իրավունքները և հաշվի առնելով դատական մարմինների կողմից վերաքննություն պահանջելու պատասխանողի իրավունքը, իրավասու մարմիններն իրավասու են կարգադրել, որ իրավախախտ ապրանքները ոչնչացվեն կամ շրջանառությունից հեռացվեն` համաձայն 46-րդ հոդվածում սահմանված սկզբունքների: Կեղծ ապրանքային նշանով ապրանքների առնչությամբ իրավասու մարմինները չեն թույլատրում, որ իրավախախտ ապրանքները վերարտահանվեն անփոփոխ վիճակով, կամ դրանք չեն ենթարկում մաքսային այլ ընթացակարգերի` բացի բացառիկ դեպքերից:

 

ՀՈԴՎԱԾ 60
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՈՎ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆԵՐ

 

Անդամները կարող են բացառել վերոհիշյալ դրույթների կիրառելիությունը ճամփորդների անձնական ուղեբեռում պարունակվող կամ փոքր խմբաքանակներով առաքված ոչ առևտրային բնույթի ապրանքների փոքր քանակների նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 5
ՔՐԵԱԿԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 61

 

Անդամները նախատեսում են, որ քրեական ընթացակարգեր ու տուգանքներ կիրառվեն գոնե այն դեպքերում, երբ կանխամտածված կերպով ապրանքային նշանների կեղծում կամ հեղինակային իրավունքի խախտում է կատարվում առևտրային ծավալով: Պաշտպանության մատչելի միջոցներն ընդգրկում են ազատազրկում և (կամ) դրամական տուգանքներ, որոնք բավարար զսպող միջոց են ապահովում համահունչ այն պատժամիջոցների մակարդակի հետ, որոնք կիրառվում են համապատասխան ծանրության հանցանքների համար: Անհրաժեշտության դեպքում մատչելի պատժամիջոցները ներառում են նաև իրավախախտ ապրանքների և գերակշռորեն հանցանք կատարելիս օգտագործված ցանկացած նյութի ու պարագայի կալանք, առգրավում և ոչնչացում: Անդամները կարող են քրեական ընթացակարգերի և տուգանքների կիրառում նախատեսել մտավոր սեփականության իրավունքների խախտման այլ դեպքերում, հատկապես երբ դրանք կատարվում են կանխամտածված և առևտրային ծավալով:

 

ԲԱԺԻՆ 4
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ՈՒ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԵՎ ԿՈՂՄԵՐԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 62

 

1. Անդամները կարող են, որպես 2-րդ Բաժնի 2-6-րդ Գլուխներով նախատեսված մտավոր սեփականության իրավունքների ձեռքբերման կամ պահպանման պայման, պահանջել ողջամիտ ընթացակարգերի և ձևականությունների պահպանում: Այդ ընթացակարգերն ու ձևականությունները համապատասխանում են սույն Համաձայնագրի դրույթներին:

2. Եթե մտավոր սեփականության իրավունքը ձեռք է բերվում շնորհված կամ գրանցված լինելու իրավունքով, ապա Անդամներն ապահովում են, որ շնորհման կամ գրանցման ընթացակարգերը, պահպանելով իրավունքի ձեռքբերման համար հիմնական պայմանները, թույլ տան շնորհումը կամ գրանցումը կատարել այնպիսի ողջամիտ ժամանակահատվածում, որ կարելի լինի խուսափել պաշտպանության ժամկետի անհիմն կրճատումից:

i

3. 1967թ. Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածը դրանում համապատասխան փոփոխություններ կատարելուց հետո կիրառվում է սպասարկման նշանների նկատմամբ:

4. Մտավոր սեփականության իրավունքների ձեռքբերման կամ պահպանման հետ կապված ընթացակարգերը և վարչական կարգով չեղյալ հայտարարելն ու կողմերի միջև այնպիսի ընթացակարգերը, ինչպիսիք են առարկումը, չեղյալ հայտարարելն ու ուժը կորցրած ճանաչելը, եթե Անդամի օրենսդրությամբ նախատեսվում են այդպիսի ընթացակարգեր, ղեկավարվում են 41-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ընդհանուր դրույթներով:

5. 4-րդ կետում հիշատակված ընթացակարգերից ցանկացածում ընդունված վերջնական վարչական որոշումները ենթակա են դատական կամ կիսադատական մարմինների վերաքննության: Այնուամենայնիվ, որոշումների այդպիսի վերաքննության համար հնարավորություն ապահովելու պարտավորություն չկա անհաջող առարկման կամ վարչական կարգով չեղյալ հայտարարելու դեպքերում, եթե այդ ընթացակարգերի համար հիմքերը կարող են ենթակա լինել անվավեր ճանաչելու ընթացակարգերի:

 

ԲԱԺԻՆ 5
ՎԵՃԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 63
ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ

 

1. Անդամների կիրարկած` սույն Համաձայնագրի առարկային (մտավոր սեփականության իրավունքների մատչելիությանը, շրջանակներին, ձեռքբերմանը, կիրարկմանն ու չարաշահումը կանխելուն) վերաբերող օրենքներն ու կանոնակարգերը, ընդհանուր կիրառման վերջնական դատական որոշումներն ու վարչական վճիռները հրապարակվում են, կամ, եթե այդպիսի հրապարակումը հնարավոր չէ, հանրության համար մատչելի են դարձվում ազգային լեզվով` այնպիսի ձևով, որ կառավարություններն ու իրավատերերը հնարավորություն ունենան ծանոթանալու դրանց: Սույն Համաձայնագրի առարկայի հետ կապված համաձայնագրերը, որոնք գործում են Անդամի կառավարության կամ կառավարական մարմնի և այլ Անդամի կառավարության կամ կառավարական մարմնի միջև, նույնպես հրապարակվում են:

i

2. Անդամները 1-ին կետում հիշատակված օրենքների ու կանոնակարգերի մասին ծանուցում են ՄՍԱԱ Խորհրդին, որպեսզի այդ Խորհրդին աջակցեն իրականացնելու սույն Համաձայնագրի գործողության վերաքննություն: Խորհուրդը փորձում է նվազագույնի հասցնել սույն պարտավորությունը կատարելիս Անդամի վրա ընկնող ծանրաբեռնվածությունը և կարող է որոշել հանել այդ օրենքներն ու կանոնակարգերը ուղղակիորեն Խորհրդին ծանուցելու պարտավորությունը, եթե այդ օրենքներն ու կանոնակարգերը պարունակող ընդհանուր գրանցամատյանի հիմնադրման վերաբերյալ ՄԱՀԿ-ի հետ անցկացվող խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն: Խորհուրդն այս կապակցությամբ հաշվի է առնում նաև ցանկացած գործողություն, որը պահանջվում է 1967թ. Փարիզյան կոնվենցիայի 6ter հոդվածի դրույթներից բխող սույն Համաձայնագրով սահմանված պարտավորությունների համաձայն կատարվող ծանուցման առնչությամբ:

3. Յուրաքանչյուր Անդամ երկիր պետք է պատրաստ լինի, ի պատասխան այլ Անդամ երկրի գրավոր հարցման, 1-ին պարբերությունում հիշատակված կարգի տեղեկատվություն ներկայացնել: Անդամ երկիրը, որը հիմք ունի ենթադրելու, որ մտավոր սեփականության իրավունքների բնագավառում որոշակի դատական որոշում կամ վարչական կանոնակարգ կամ երկկողմ համաձայնագիր շոշափում է սույն Համաձայնագրով իր իրավունքները, կարող է նաև այդպիսի որոշակի դատական որոշմանը կամ վարչական կանոնակարգին կամ երկկողմ համաձայնագրին մուտք գործելու կամ բավականին մանրամասն տեղեկացվելու գրավոր հարցում կատարել:

4. 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը Անդամից ոչինչ չեն պահանջում գաղտնի տեղեկություն բացահայտել, ինչը կխոչընդոտի օրենքների կիրարկումը կամ այլ կերպ կհակասի հասարակական շահերին կամ կվնասի պետական կամ մասնավոր առանձին ընկերությունների օրինական առևտրային շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 64
ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն անցկացվող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման նկատմամբ կիրառվում են Վեճերի կարգավորման փոխհամաձայնությամբ մշակված ու ըստ դրա կիրառվող` ՄԱԳՀ-1994-ի 22-րդ և 23-րդ հոդվածների դրույթները, եթե սույնով այլ բան նախատեսված չէ:

2. ՄԱԳՀ-1994-ի 23-րդ հոդվածի 1.բ և 1.գ ենթակետերը, սույն Համաձայնագրի համաձայն, վեճերի կարգավորման նկատմամբ չեն կիրառվում ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում:

3. 2-րդ կետում հիշատակված ժամանակահատվածի ընթացքում ՄՍԱԱ խորհուրդը քննության է առնում սույն Համաձայնագրին համապատասխան կատարված ՄԱԳՀ-1994-ի 23-րդ հոդվածի 1.բ և 1.գ ենթակետերով նախատեսված տեսակի բողոքների շրջանակներն ու եղանակները և իր հանձնարարականները ներկայացնում է Նախարարների համաժողովի հաստատմանը: Այդ հանձնարարականները հաստատելու կամ 2-րդ կետում նշված ժամանակահատվածը երկարաձգելու վերաբերյալ Նախարարների համաժողովի ցանկացած որոշում կայացվում է միայն ընդհանուր համաձայնությամբ, և հաստատված հանձնարարականներն ուժի մեջ են մտնում բոլոր Անդամների համար` առանց պաշտոնական ընդունման հետագա ընթացակարգերի:

 

ԲԱԺԻՆ 6
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 65
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հաշվի առնելով 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները` Անդամները պարտավորված չեն սույն Համաձայնագրի դրույթները կիրառել նախքան ԱՀԿ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող մեկ տարի ընդհանուր ժամանակահատվածի ավարտը:

2. Զարգացող Անդամ երկիրն իրավունք ունի սույն Համաձայնագրի դրույթների, բացի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներից, կիրառման համար 1-ին կետով սահմանված ժամկետը հետաձգել լրացուցիչ չորս տարով:

3. Ցանկացած այլ Անդամ, որը կենտրոնացված ծրագրմամբ տնտեսությունից շուկայական, ազատ ձեռնարկատիրական տնտեսության անցնելու գործընթացում է, և որն իրականացնում է մտավոր սեփականության իր համակարգի կառուցվածքային բարեփոխումներ և առանձնահատուկ խնդիրներ ունի մտավոր սեփականության օրենքների ու կանոնակարգերի մշակման և իրականացման հարցում, նույնպես կարող է օգտվել 2-րդ կետով նախատեսված հետաձգման ժամանակահատվածից:

4. Այնքանով, որքանով զարգացող Անդամ երկիրը սույն Համաձայնագրով պարտավորված է արտադրանքի արտոնագրի պաշտպանությունը տարածել տեխնոլոգիայի այնպիսի բնագավառների վրա, որոնք իր տարածքում այնքան էլ պաշտպանունակ չեն այդ Անդամի համար սույն Համաձայնագրի կիրառման 2-րդ կետով սահմանված ընդհանուր ժամկետի դրությամբ, նա կարող է տեխնոլոգիայի այդ բնագավառների նկատմամբ 2-րդ Բաժնի 5-րդ Գլխի արտադրանքի արտոնագրերի վերաբերյալ դրույթների կիրառումը հետաձգել լրացուցիչ հինգ տարով:

5. 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված անցումային ժամանակահատվածից օգտվող Անդամն ապահովում է, որ այդ ժամանակահատվածի ընթացքում իր օրենքներում, կանոնակարգերում և գործնական կյանքում կատարված որևէ փոփոխություն չհանգեցնի սույն Համաձայնագրի դրույթների հետ համապատասխանության ավելի պակաս աստիճանի:

 

ՀՈԴՎԱԾ 66
ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐ

 

1. Նկատի ունենալով առավել թույլ զարգացած Անդամ երկրների առանձնահատուկ կարիքներն ու պահանջները, դրանց տնտեսական, ֆինանսական և վարչական սահմանափակումները և կենսունակ տեխնոլոգիական հիմք ստեղծելու համար ճկունության նրանց կարիքը` այդ Անդամներից չի պահանջվում սույն Համաձայնագրի դրույթները, բացի 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներից, կիրառել 10 տարվա ընթացքում` հաշված 65-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կիրառման ժամկետից: Առավել թույլ զարգացած Անդամ երկրի պատշաճորեն հիմնավորված պահանջով` ՄՍԱԱ Խորհուրդը երկարաձգում է այդ ժամանակահատվածը:

2. Զարգացած Անդամ երկրներն իրենց տարածքում գտնվող ընկերությունների և հաստատությունների համար խթաններ են նախատեսում` առավել թույլ զարգացած Անդամ երկրներին տեխնոլոգիայի փոխանցմանը նպաստելու և այն խրախուսելու նպատակով, որպեսզի նրանց հնարավորություն տրվի ամուր և կենսունակ տեխնոլոգիական հիմք ստեղծել:

 

ՀՈԴՎԱԾ 67
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագրի իրականացմանը նպաստելու նպատակով զարգացած Անդամ երկրները, ըստ ներկայացված պահանջի և փոխադարձ համաձայնեցված ժամկետներով ու պայմաններով, տեխնիկական ու ֆինանսական համագործակցություն են ապահովում` ի նպաստ զարգացող և առավել թույլ զարգացած Անդամ երկրների: Այդ համագործակցությունն ընդգրկում է աջակցություն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ու կիրարկման վերաբերյալ օրենքների և կանոնակարգերի մշակման, ինչպես նաև դրանց չարաշահումը կանխարգելելու հարցում և օժանդակություն այդ հարցերին առնչվող ազգային գերատեսչությունների ու գործակալությունների հիմնադրմանը կամ ամրապնդմանը, ներառյալ անձնակազմի ուսումնավարժանքը:

 

ԲԱԺԻՆ 7
ՍԱՀՄԱՆԱԿԱՐԳԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ: ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 68
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հարցերի խորհուրդը հետևում է սույն Համաձայնագրի գործողությանը և, մասնավորապես, Անդամների համապատասխանությանը սույնով սահմանված նրանց պարտավորություններին և Անդամներին հնարավորություն է ընձեռում խորհրդակցել մտավոր սեփականության իրավունքների` առևտրին առնչվող հարցերին վերաբերող հարցերի շուրջ: Այն կատարում է այնպիսի այլ պարտականություններ, որոնք իր վրա են դնում Անդամները, և, մասնավորապես, տրամադրում է ցանկացած աջակցություն, որը նրանք կպահանջեն վեճերի կարգավորման ընթացակարգերի շրջանակներում: Իր գործառույթները կատարելիս ՄՍԱԱ խորհուրդը կարող է խորհրդակցել և տեղեկատվություն խնդրել ցանկացած աղբյուրից, որը նպատակահարմար է գտնում: Խորհուրդը, ՄՍՀԿ հետ խորհրդակցելով, ձգտում է իր առաջին ժողովից հետո` մեկ տարվա ընթացքում, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերել այդ կազմակերպության մարմինների հետ համագործակցելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 69
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Անդամները համաձայնում են միմյանց հետ համագործակցել` նպատակ ունենալով վերացնել մտավոր սեփականության իրավունքները խախտող ապրանքներով միջազգային առևտուրը: Այդ նպատակով նրանք իրենց վարչական մարմիններում հաղորդակցության կետեր են ստեղծում և ծանուցում այդ մասին և պատրաստ են տեղեկություններ փոխանակել իրավախախտ ապրանքներով առևտրի վերաբերյալ: Նրանք, մասնավորապես, նպաստում են մաքսային մարմինների միջև տեղեկությունների փոխանակմանն ու համագործակցությանը` կապված կեղծ ապրանքային նշաններով ու հեղինակային իրավունքի խախտումով ապրանքների առևտրի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 70
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն Համաձայնագիրը պարտավորություններ չի առաջացնում այն գործողությունների նկատմամբ, որոնք կատարվել են տվյալ Անդամի նկատմամբ Համաձայնագրի կիրառման օրվանից առաջ:

2. Բացի սույն Համաձայնագրով այլ կերպ նախատեսվածից` սույն Համաձայնագիրը պարտավորություն է առաջացնում մտավոր սեփականության բոլոր այն առարկաների նկատմամբ, որոնք գոյություն ունեն տվյալ Անդամի նկատմամբ սույն Համաձայնագրի կիրառման օրը, և որոնք նշված օրվա դրությամբ պաշտպանվում են այդ Անդամ երկրում, կամ որոնք բավարարում են կամ հետագայում կբավարարեն սույն Համաձայնագրի պայմաններով պաշտպանության համար սահմանված չափանիշներին: Սույն կետի և 3-րդ ու 4-րդ կետերի առնչությամբ` գոյություն ունեցող ստեղծագործությունների նկատմամբ հեղինակային իրավունքի հետ կապված պարտավորությունները բացառապես որոշվում են 1971 թ. Բեռնի կոնվենցիայի 18-րդ հոդվածով, իսկ գոյություն ունեցող հնչյունագրերի նկատմամբ հնչյունագիր արտադրողների և կատարողների իրավունքների հետ կապված պարտավորությունները բացառապես որոշվում են 1971 թ. Բեռնի կոնվենցիայի 18-րդ հոդվածով, ինչպես այն կիրառելի է դարձվել սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածի 6-րդ կետով:

3. Պարտավորություն չկա վերականգնելու այն առարկաների պաշտպանությունը, որոնք տվյալ Անդամի համար սույն Համաձայնագրի կիրառման օրվա դրությամբ դարձել են հանրային սեփականություն:

4. Բոլոր այն գործողությունների առնչությամբ, որոնք վերաբերում են մտավոր սեփականության պաշտպանված առարկա պարունակող ցանկացած առանձին արտադրանքի, որն իրավախախտ է դառնում սույն Համաձայնագրին համապատասխանող օրենսդրության պայմանների համաձայն, և որոնք սկսվել են, կամ որոնց կապակցությամբ զգալի ներդրում է կատարվել նախքան այն օրը, երբ այդ Անդամն ընդունել է ԱՀԿ Համաձայնագիրը, ցանկացած Անդամ կարող է սահմանափակել պաշտպանության միջոցները, որոնք մատչելի են իրավատիրոջը այդ Անդամի նկատմամբ սույն Համաձայնագրի կիրառման օրվանից հետո այդպիսի գործողությունների շարունակվող կատարման դեպքում: Սակայն այդ դեպքերում Անդամը գոնե արդարացի վարձատրության վճարում է նախատեսում:

5. Անդամը պարտավոր չէ 11-րդ հոդվածի և 14-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթները կիրառել այն բնօրինակների կամ պատճենների նկատմամբ, որոնք գնվել են մինչև այդ Անդամի նկատմամբ սույն Համաձայնագրի կիրառման օրը:

6. Անդամից չի պահանջվում 31-րդ հոդվածը կամ 27-րդ հոդվածի 1-ին կետի այն պահանջը, որ գյուտերի արտոնագրային իրավունքներից օգտվելը մատչելի է` անկախ տեխնոլոգիայի բնագավառից, կիրառել առանց իրավատիրոջ թույլտվության կատարվող օգտագործման նկատմամբ, եթե կառավարությունն այդ օգտագործման համար թույլտվությունը տվել է մինչև սույն Համաձայնագրի հայտնի դառնալու օրը:

7. Այն դեպքում, երբ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը պայմանավորված է գրանցումով, տվյալ Անդամի նկատմամբ սույն Համաձայնագրի կիրառման օրվա դրությամբ քննարկման ընթացքում գտնվող պաշտպանության համար ներկայացված հայտերում թույլատրվում է այնպիսի փոփոխություններ կատարել, որոնցով պահանջվում է սույն Համաձայնագրի դրույթներով նախատեսված ցանկացած ընդլայնված պաշտպանություն: Այդ փոփոխությունները նոր առարկա չեն պարունակում:

8. Եթե Անդամը ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ դեղագործական և գյուղատնտեսական քիմիական արտադրանքների համար գյուտերի արտոնագրային պաշտպանություն չի ապահովում` 27-րդ հոդվածով սահմանված իր պարտավորություններին համապատասխան, ապա այդ Անդամը`

ա) չնայած 6-րդ Բաժնի դրույթներին` ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած` միջոցներ է ապահովում, որոնց միջոցով կարող են այդպիսի գյուտերի արտոնագիր ստանալու հայտեր ներկայացվել,

բ) սույն Համաձայնագրի կիրառման օրվա դրությամբ այդ հայտերի նկատմամբ սույն Համաձայնագրում շարադրված արտոնագիր ստանալու չափանիշները կիրառում է այնպես, ինչպես այդ չափանիշները կկիրառվեին այդ Անդամ երկրում հայտ ներկայացնելու օրվա դրությամբ կամ, երբ առաջնության իրավունքն առկա է և պահանջվում է, հայտի առաջնության օրվա դրությամբ, և

գ) այդ հայտերից նրանց համար, որոնք բավարարում են «բ» ենթակետում հիշատակված պաշտպանության չափանիշներին, արտոնագրային պաշտպանություն է ապահովում սույն Համաձայնագրի համաձայն սկսած` արտոնագրի շնորհման օրվանից և արտոնագրի գործողության ժամկետի մնացորդի համար` հաշված սույն Համաձայնագրի 33-րդ հոդվածի համաձայն հայտի ներկայացման օրվանից:

9. Եթե որևէ արտադրանք Անդամ երկրում արտոնագրային հայտի առարկա է, համաձայն 8.ա կետի, ապա, անկախ 6-րդ Բաժնի դրույթներից, այդ Անդամ երկրում շուկայահանման բացառիկ իրավունքները շնորհվում են այդ Անդամ երկրում շուկայահանման համար հավանություն ստանալուց հետո` հինգ տարի ժամկետով, կամ մինչև այդ Անդամ երկրում արտադրանքի համար արտոնագիր շնորհելը կամ այն մերժելը` որ ժամանակահատվածը ավելի կարճ է, եթե ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ այլ Անդամ երկրում այդ արտադրանքի համար ներկայացված է եղել արտոնագիր ստանալու հայտ, և արտոնագիր է շնորհվել, և այդ այլ Անդամ երկրում շուկայահանման համար հավանություն է ստացվել:

 

ՀՈԴՎԱԾ 71
ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

1. ՄՍԱԱ խորհուրդը սույն Համաձայնագրի իրականացումը վերաքննում է 65-րդ հոդվածի 2-րդ կետում հիշատակված անցումային ժամանակահատվածի լրանալուց հետո: Խորհուրդը, հաշվի առնելով դրա իրականացման ընթացքում ձեռք բերված փորձը, այն վերաքննում է այդ օրվանից երկու տարի հետո և դրանից հետո` նույն պարբերությամբ: Խորհուրդը կարող է նաև վերաքննություններ անցկացնել` ցանկացած նոր համապատասխան զարգացումից ելնելով, որոնք կարող են արդարացնել սույն Համաձայնագրի փոփոխումը կամ լրացումը:

2. Այն փոփոխությունները, որոնք ծառայում են միայն այլ բազմակողմ համաձայնագրերով ձեռք բերված և ուժի մեջ գտնվող, և այդ համաձայնագրերի համաձայն` ԱՀԿ բոլոր Անդամների կողմից ընդունված մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ավելի բարձր մակարդակներին հարմարվելու նպատակին, կարող են ԱՀԿ Համաձայնագրի 10-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան գործողության համար Նախարարների համաժողով ներկայացվել` ՄՍԱԱ Խորհրդի ընդհանուր համաձայնությամբ` առաջարկի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 72
ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել առանց մյուս Անդամների համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 73
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԲԱՑԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Չպետք է մեկնաբանվի, թե սույն Համաձայնագիրը որևէ բանով`

ա) Անդամից պահանջում է, որ նա որևէ տեղեկություն տրամադրի, որի բացահայտումը համարում է իր անվտանգության էական շահերին հակասող, կամ

բ) Անդամին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել, որը նա անհրաժեշտ է համարում իր անվտանգության էական շահերը պաշտպանելու համար`

i) որոնք վերաբերում են միջուկային տրոհման ընդունակ նյութերին կամ այն նյութերին, որոնցից դրանք ստացվել են,

ii) որոնք վերաբերում են զենքի, ռազմամթերքի և ռազմական տեխնիկայի առևտրին կամ այլ ապրանքների և նյութերի այն առևտրին, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարվում է զինված ուժերին մատակարարելու նպատակով,

iii) որոնք ձեռնարկված են պատերազմի կամ միջազգային հարաբերություններում այլ արտակարգ իրավիճակների ժամանակ, կամ

գ) Անդամին արգելում է որևէ գործողություն ձեռնարկել` ի կատարումն Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ սահմանված` միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար իր պարտավորությունների:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր