Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՐԱՔԵՇԻ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

ՄԱՔՍԵՐԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ 1994 Թ. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընդհանուր ներածական մեկնաբանություն

 

1. Սույն Համաձայնագրի համաձայն մաքսային արժեքի առաջնային հիմքն է «գործարքի արժեքը», ինչպես այն սահմանված է 1-ին հոդվածում: 1-ին հոդվածը պետք է կարդալ 8-րդ հոդվածի հետ մեկտեղ, համաձայն որի, այլոց թվում, նախատեսվում են փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի ճշգրտումներ այն դեպքերում, երբ գնորդն իր վրա է վերցնում որոշ առանձնահատուկ տարրեր, որոնք մաքսային նպատակներով դիտարկվում են որպես արժեքի մաս կազմող, բայց չեն ներառվում ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ: 8-րդ հոդվածը նախատեսում է նաև գործարքի արժեքի մեջ ներառել որոշակի հատուցումներ, որոնք կարող են գնորդից վաճառողին փոխանցվել առանձին ապրանքների կամ ծառայությունների, այլ ոչ թե դրամի տեսքով: 2-7-րդ հոդվածները նախատեսում են մաքսային արժեքի որոշման եղանակներ, երբ այն չի կարող որոշվել 1-ին հոդվածի դրույթներով:

2. Եթե մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին հոդվածի դրույթների համաձայն, ապա որպես կանոն պետք է խորհրդակցություններ տեղի ունենան մաքսային վարչության և ներմուծողի միջև` 2-րդ կամ 3-րդ հոդվածի դրույթների համաձայն արժեքի հիմք որոշելու նպատակով: Օրինակ` կարող է պատահել, որ ներմուծողը տեղեկություններ ունենա ներմուծվող նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ, որոնք մաքսային վարչության համար անմիջապես մատչելի չեն ներմուծման կայանում: Մյուս կողմից` մաքսային վարչությունը կարող է ներմուծվող նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքի մասին տեղեկություններ ունենա, որոնք մատչելի չեն ներմուծողի համար: Երկու կողմերի միջև խորհրդակցության գործընթացը տեղեկություններ փոխանակելու հնարավորություն կտա` պահպանելով առևտրային գաղտնիության պահանջները, մաքսային նպատակներով արժեքի համապատասխան հիմք որոշելու նպատակով:

3. 5-րդ և 6-րդ հոդվածները նախատեսում են մաքսային արժեքի որոշման երկու հիմք, երբ այն չի կարող որոշվել ներմուծվող ապրանքների կամ ներմուծվող նույն կամ համանման ապրանքների գործարքի արժեքի հիման վրա: 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մաքսային արժեքը որոշվում է այն գնի հիման վրա, որով ապրանքները ներմուծման երկրում վաճառվում են չփոխկապակցված գնորդին այն վիճակով, որով ներմուծվել են: Ներմուծողի իրավունքն է նաև, որ ներմուծումից հետո հետագա վերամշակում անցնող ապրանքները գնահատվեն 5-րդ հոդվածի դրույթների համաձայն, եթե ներմուծողն այդպես է պահանջում: 6-րդ հոդվածի համաձայն` մաքսային արժեքը որոշվում է հաշվարկային արժեքի հիման վրա: Այս երկու եղանակներն էլ որոշակի դժվարություններ են ներկայացնում, և այդ պատճառով 4-րդ հոդվածի դրույթներով ներմուծողին իրավունք է տրվում ընտրել երկու եղանակների կիրառման հաջորդականությունը:

4. 7-րդ հոդվածով սահմանվում է` ինչպես որոշել մաքսային արժեքը այն դեպքերում, երբ այն չի կարող որոշվել նախորդ հոդվածներից որևէ մեկի դրույթների համաձայն:

 

Անդամները,

հաշվի առնելով Առևտրի բազմակողմ բանակցությունները,

ցանկանալով նպաստել ՄԱԳՀ-1994-ի նպատակների իրականացմանն ու լրացուցիչ օգուտներ երաշխավորել զարգացող երկրների միջազգային առևտրի համար,

ընդունելով, ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի դրույթների կարևորությունը և ցանկանալով կանոններ մշակել դրանց կիրառման համար, որպեսզի դրանց իրականացման գործում ավելի մեծ միատեսակություն ու որոշակիություն ապահովվի,

ընդունելով` ապրանքների` մաքսային նպատակներով գնահատման արդար, միատեսակ ու չեզոք համակարգի անհրաժեշտությունը, որը բացառում է կամայական կամ կեղծ մաքսային արժեքների օգտագործումը,

ընդունելով, որ ապրանքների` մաքսային նպատակներով գնահատման հիմքը հնարավոր առավելագույն չափով պետք է լինի գնահատվող ապրանքների գործարքի արժեքը,

ընդունելով, որ մաքսային արժեքը պետք է հիմնված լինի առևտրային գործելակերպին համապատասխան` պարզ և անաչառ չափանիշների վրա, և որ գնահատման ընթացակարգերը պետք է լինեն ընդհանուր կիրառման` առանց տարբերություն դնելու մատակարարման աղբյուրների միջև,

ընդունելով, որ գնահատման ընթացակարգերը չպետք է գործածվեն գնագցման դեմ պայքարելու համար,

սույնով համաձայնեցին հետևյալի մասին.

 

ԳԼՈՒԽ 1
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գործարքի արժեքն է, որը ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինն է, երբ դրանք վաճառվում են ներմուծման երկիր արտահանելու համար` ճշգրտված համաձայն 8-րդ հոդվածի դրույթների, եթե.

ա) գնորդի կողմից ապրանքների տնօրինման կամ օգտագործման նկատմամբ սահմանափակումներ չկան, բացի այն սահմանափակումներից, որոնք.

i) ներմուծման երկրում դրվում կամ պահանջվում են օրենքով կամ իրավասու պետական մարմինների կողմից,

ii) սահմանափակում են աշխարհագրական այն տարածքը, որտեղ ապրանքները կարող են վերավաճառվել, կամ

iii) էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա,

բ) վաճառքը կամ գինը ենթակա չեն որևէ պայմանի կամ հատուցման, որոնց պատճառով գնահատվող ապրանքների արժեքը չի կարող որոշվել,

գ) գնորդի կողմից ապրանքների որևէ հետագա վերավաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացվող հասույթներից որևէ մաս ուղղակիորեն կամ աննուղղակիորեն չի անցնի վաճառողին, քանի դեռ հնարավոր չէ համապատասխան ճշգրտում կատարել համաձայն 8-րդ հոդվածի դրույթների, և

դ) գնորդն ու վաճառողը փոխկապակցված չեն, կամ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, ապա մաքսային նպատակներով գործարքի արժեքն ընդունելի է համաձայն 2-րդ կետի դրույթների:

2. ա) 1-ին կետի նպատակներով գործարքի արժեքի ընդունելի լինելը որոշելիս այն փաստը, որ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են 15-րդ հոդվածի իմաստով, ինքն իրենով հիմք չէ գործարքի արժեքն անընդունելի համարելու համար: Այդ դեպքում քննության են առնվում վաճառքին առնչվող հանգամանքները, և գործարքի արժեքն ընդունվում է, եթե փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Եթե, ելնելով ներմուծողի տրամադրած տեղեկություններից կամ այլ բանից, մաքսային մարմինը հիմքեր ունի համարելու, որ փոխկապակցվածությունը ազդել է գնի վրա, ապա նա ներմուծողին հաղորդում է իր հիմքերի մասին, և ներմուծողին պատշաճ հնարավորություն է տրվում պատասխանելու համար: Հիմքերի մասին հաղորդագրությունը կատարվում է գրավոր կերպով, եթե ներմուծողն այդպես է պահանջում:

բ) Փոխկապակցված անձանց միջև վաճառքի ժամանակ գործարքի արժեքն ընդունվում է, և ապրանքները գնահատվում են համաձայն 1-ին կետի դրույթների, եթե ներմուծողը ցույց է տալիս, որ այդ արժեքը շատ մոտ է նույն կամ գրեթե նույն ժամանակ եղած.

i) նույն ներմուծման երկիր արտահանելու համար չփոխկապակցված գնորդներին նույն կամ համանման ապրանքների վաճառքի գործարքի արժեքին,

ii) 5-րդ հոդվածի դրույթների համաձայն որոշված` նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին,

iii) 6-րդ հոդվածի դրույթների համաձայն որոշված` նույն կամ համանման ապրանքների մաքսային արժեքին,

Վերոհիշյալ ստուգումները կատարելիս պատշաճ կերպով հաշվի են առնվում առևտրային մակարդակների, քանակի մակարդակների` ցույց տրված տարբերությունները, 8-րդ հոդվածում թվարկված տարրերը և այն ծախքերը, որոնք վաճառողի վրա են ընկնում այն վաճառքի ժամանակ, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված չեն և, որոնք վաճառողի վրա չեն ընկնում այնպիսի վաճառքի դեպքում, երբ վաճառողն ու գնորդը փոխկապակցված են:

գ) 2 «բ» կետով սահմանված ստուգումները պետք է օգտագործվեն ներմուծողի նախաձեռնությամբ և միայն համեմատության նպատակներով: 2 «բ» կետի դրույթների համաձայն փոխարինող արժեքներ չեն կարող սահմանվել:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. ա) Եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին հոդվածի դրույթների համաձայն, ապա մաքսային արժեքը այն նույն ապրանքների գործարքի արժեքն է, որոնք վաճառվել են նույն ներմուծման երկիր արտահանելու համար և արտահանվել նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները:

բ) Սույն հոդվածը կիրառելիս մաքսային արժեքը որոշելու համար օգտագործվում է նույն ապրանքների` գնահատվող ապրանքների համեմատ նույն առևտրային մակարդակում և էականորեն նույն քանակներով կատարվող վաճառքի գործարքի արժեքը: Եթե այդպիսի վաճառք չկա, ապա օգտագործվում է այլ առևտրային մակարդակում և/կամ այլ քանակներով վաճառվող նույն ապրանքների գործարքի արժեքը, որը ճշգրտված է` հաշվի առնելով առևտրային մակարդակներին և/կամ քանակներին բնորոշ տարբերությունները, եթե այդ ճշգրտումները կարող են կատարվել ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ճշգրտությունը, անկախ այն բանից, ճշգրտումը հանգեցնում է արժեքի աճին, թե նվազեցմանը:

2. Եթե 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծախքերն ու վճարները ներառված են գործարքի արժեքի մեջ, ապա ճշգրտում է կատարվում` հաշվի առնելու համար ներմուծված ապրանքների և խնդրո առարկա նույն ապրանքների միջև այդ ծախքերի ու վճարների էական տարբերությունները, որոնք ծագում են հեռավորությունների և փոխադրամիջոցների տարբերությունից:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ նույն ապրանքների` մեկից ավելի գործարքի արժեք կա, ապա ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար օգտագործում է այդ արժեքներից փոքրագույնը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. ա) Եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-ին և 2-րդ հոդվածների դրույթներով, ապա մաքսային արժեքը այն համանման ապրանքների գործարքի արժեքն է, որոնք վաճառվել են նույն ներմուծման երկիր արտահանելու համար և արտահանվել նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները:

բ) Սույն հոդվածը կիրառելիս մաքսային արժեքը որոշելու համար օգտագործվում է համանման ապրանքների` գնահատվող ապրանքների համեմատ նույն առևտրային մակարդակում և էականորեն նույն քանակներով կատարվող վաճառքի գործարքի արժեքը: Եթե այդպիսի վաճառք չկա, ապա օգտագործվում է այլ առևտրային մակարդակում և/կամ այլ քանակներով վաճառվող համանման ապրանքների գործարքի արժեքը, որը ճշգրտված է, հաշվի առնելով առևտրային մակարդակներին և/կամ քանակներին բնորոշ տարբերությունները, եթե այդ ճշգրտումները կարող են կատարվել ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ճշգրտությունը, անկախ այն բանից ճշգրտումը հանգեցնում է արժեքի աճին, թե նվազեցմանը:

2. Եթե 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծախքերն ու վճարները ներառված են գործարքի արժեքի մեջ, ապա ճշգրտում է կատարվում` հաշվի առնելու համար ներմուծված ապրանքների և խնդրո առարկա համանման ապրանքների միջև այդ ծախքերի ու վճարների էական տարբերությունները, որոնք ծագում են հեռավորությունների և փոխադրամիջոցների տարբերությունից:

3. Եթե, սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ համանման ապրանքների մեկից ավելի գործարքի արժեք կա, ապա ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար օգտագործվում է այդ արժեքներից փոքրագույնը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել հոդված 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների դրույթների համաձայն, ապա մաքսային արժեքը որոշվում է 5-րդ հոդվածի դրույթների համաձայն կամ, եթե մաքսային արժեքը չի կարող որոշվել այդ հոդվածով, ապա 6-րդ հոդվածի դրույթներով, բացառությամբ այն բանի, որ ներմուծողի պահանջով 5-րդ և 6-րդ հոդվածների կիրառման հաջորդականությունը շրջվում է:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. ա) Եթե ներմուծված ապրանքները կամ ներմուծված նույն կամ համանման ապրանքները ներմուծման երկրում վաճառվում են այն վիճակով, որով ներմուծվել են, ապա սույն հոդվածի դրույթների համաձայն ներմուծված ապրանքների մաքսային արժեքը հիմնվում է միավորի այն գնի վրա, որով ներմուծված ապրանքները կամ ներմուծված նույն կամ համանման ապրանքները գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակ ամենամեծ համախառն քանակով վաճառվում են այն անձանց, ովքեր փոխկապակցված չեն այն անձանց հետ, ումից նրանք գնում են այդ ապրանքները` հանումներ կատարելով հետևյալի համար.

i) սովորաբար վճարվող կամ ըստ համաձայնության վճարման ենթակա միջնորդավճարների, կամ շահույթի և ընդհանուր ծախսերի համար դրվող վերադիրների, որոնք սովորաբար դրվում են` այդ երկրում նույն դասի կամ տեսակի ներմուծված ապրանքների վաճառքի հետ կապված,

ii) ներմուծման երկրում առաջացող` փոխադրման ու ապահովագրման սովորական և հարակից ծախքերի,

iii) անհրաժեշտության դեպքում 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ծախքերի և վճարների, և

iv) ապրանքների ներմուծման կամ վաճառքի համար ներմուծման երկրում վճարման ենթակա մաքսային տուրքերի և այլ պետական հարկերի:

բ) Եթե ոչ ներմուծված ապրանքները, ոչ էլ ներմուծված նույն կամ համանման ապրանքները չեն վաճառվում գնահատվող ապրանքների ներմուծման նույն կամ գրեթե նույն ժամանակում, ապա մաքսային արժեքը, որն այլ դեպքում ենթակա է 1«ա» կետի դրույթներին, հիմնվում է միավորի այն գնի վրա, որով ներմուծված ապրանքները կամ նույն կամ համանման ներմուծված ապրանքները գնահատվող ապրանքների ներմուծումից հետո ամենամոտ օրը, բայց նախքան այդ ներմուծումից հետո 90 օր անցնելը, ներմուծման երկրում վաճառվել են այն վիճակով, որով ներմուծվել են:

2. Եթե ոչ ներմուծված ապրանքները, ոչ էլ ներմուծված նույն կամ համանման ապրանքները ներմուծման երկրում չեն վաճառվում այն վիճակով, որով ներմուծվել են, ապա, եթե ներմուծողն այդպես է պահանջում, մաքսային արժեքը հիմնվում է միավորի այն գնի վրա, որով ներմուծված ապրանքները հետագա վերամշակումից հետո ամենամեծ համախառն քանակով վաճառվում են այն անձանց, որոնք փոխկապակցված չեն այն անձանց հետ, ումից նրանք գնում են այդ ապրանքները` համապատասխան նվազեցումներ կատարելով այդ վերամշակմամբ ավելացված արժեքի և 1«ա» կետով նախատեսված հանումների համար:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն հոդվածի դրույթների համաձայն` մաքսային արժեքը հիմնվում է հաշվարկային արժեքի վրա: Հաշվարկային արժեքը կազմված է հետևյալների գումարից.

ա) ներմուծված ապրանքների արտադրության ընթացքում օգտագործված նյութերի և պատրաստման կամ այլ վերամշակման գնի կամ արժեքի,

բ) շահույթի և ընդհանուր ծախսերի գումարի, որը հավասար է այն գումարին, որը սովորաբար արտացոլվում է գնահատվող ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, որն արտահանման երկրում` ներմուծման երկիր արտահանելու նպատակով իրականացնում են արտադրողները,

գ) այն բոլոր այլ ծախսերի գնի կամ արժեքի, որոնք անհրաժեշտ են գնահատման այն տարբերակն արտահայտելու համար, որն Անդամը ընտրել է 8-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն:

2. Ոչ մի Անդամ չի կարող սեփական տարածքում չբնակվող որևէ անձից պահանջել կամ նրան հարկադրել որևէ հաշիվ կամ այլ գրանցում տրամադրել կամ թույլատրել մուտքը դեպի այն` հաշվարկային արժեքի որոշման նպատակներով քննության առնելու համար: Այնուամենայնիվ, ներմուծող երկրի իրավասու մարմինը սույն հոդվածի դրույթների համաձայն մաքսային արժեքի որոշման նպատակներով կարող է մեկ այլ երկրում ստուգել ապրանքներ արտադրողի տրամադրած տեղեկությունները արտադրողի համաձայնության դեպքում, և եթե իրավասու մարմինը բավականաչափ վաղօրոք ծանուցել է խնդրո առարկա երկրի կառավարությանը, և վերջինս առարկություն չունի ուսումնասիրության դեմ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-6-րդ (ներառյալ) հոդվածների դրույթների համաձայն, ապա մաքսային արժեքը որոշվում է` սույն Համաձայնագրի և ՄԱԳՀ-1994-ի 7-րդ հոդվածի սկզբունքների և ընդհանուր դրույթների հետ համատեղելի խելամիտ միջոցների գործածմամբ և ներմուծման երկրում մատչելի տվյալների հիման վրա:

2. Սույն հոդվածի դրույթների համաձայն` մաքսային արժեք չի որոշվում` հիմնվելով.

ա) ներմուծման երկրում այն ապրանքների վաճառքի գնի վրա, որոնք արտադրվել են այդ երկրում,

բ) որևէ համակարգի վրա, որով նախատեսվում է երկու այլընտրանքային արժեքներից մեծագույնի ընդունումը մաքսային նպատակներով,

գ) արտահանման երկրի ներքին շուկայում ապրանքների գնի վրա,

դ) արտադրության ծախքի վրա, որն այլ է, քան հաշվարկային արժեքները, որոնք նույն կամ համանման ապրանքների համար որոշվել են 6-րդ հոդվածի դրույթների համաձայն,

ե) ապրանքների` ներմուծման երկրից տարբեր մեկ այլ երկիր արտահանման գնի վրա,

զ) մաքսային նվազագույն արժեքների վրա, կամ

է) կամայական կամ կեղծ արժեքների վրա:

3. Եթե ներմուծողը պահանջում է, ապա ներմուծողը գրավոր տեղեկացվում է սույն հոդվածի դրույթների համաձայն որոշված մաքսային արժեքի և այդ արժեքի որոշման համար օգտագործված եղանակի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. 1-ին հոդվածի դրույթների համաձայն մաքսային արժեքը որոշելիս ներմուծված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում է`

ա) հետևյալը` այն չափով, որքանով դրանք կատարվում են գնորդի կողմից, բայց չեն ներառվում ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

i) միջնորդավճարները և վաճառամիջնորդի միջնորդավճարները, բացառությամբ գնման միջնորդավճարների,

ii) պահամանների արժեքը, որոնք մաքսային նպատակներով խնդրո առարկա ապրանքների հետ միասին դիտարկվում են որպես մեկ միասնական,

iii) փաթեթավորման թե՛ աշխատանքի, թե՛ նյութերի ծախսը,

բ) հետևյալ ապրանքների և ծառայությունների` համապատասխանորեն բաշխված արժեքը, երբ դրանք ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատակարարել ու մատուցել է վաճառողը` անվճար կամ իջեցված գնով, որպեսզի օգտագործվեն ներմուծված ապրանքների` արտահանելու համար արտադրության ու վաճառքի կապակցությամբ, այնքանով, որքանով որ այդ արժեքը չի ներառվել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ.

i) ներմուծված ապրանքների մեջ մտնող նյութերի, բաղադրամասերի, մասերի և համանման պարագաների,

ii) ներմուծված ապրանքների արտադրության մեջ օգտագործված գործիքների, դրոշմանիշերի և կաղապարների և համանման պարագաների,

iii) ներմուծված ապրանքների արտադրության ընթացքում ծախսված նյութերի,

iv) ներմուծման երկրից տարբեր մեկ այլ տեղում կատարված ճարտարագիտական, մշակման, ձևավորման, նախագծման աշխատանքների, և գծագրերի և նախագծերի, որոնք անհրաժեշտ են ներմուծված ապրանքների արտադրության համար,

գ) գնահատվող ապրանքներին վերաբերող ռոյալթիները և լիցենզիաների վճարները, որոնք գնորդն ուղղակիորեն կամ անուղղակիորեն պարտավոր է վճարել որպես գնահատվող ապրանքների վաճառքի պայման, այնքանով, որքանով որ այդ ռոյալթիներն ու վճարները չեն ներառվել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ,

դ) ներմուծված ապրանքների որևէ հետագա վերավաճառքից, տնօրինումից կամ օգտագործումից ստացված դրամական հասույթների որևէ մասի արժեքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն անցնում է վաճառողին:

2. Յուրաքանչյուր Անդամ իր օրենսդրությունը ստեղծելիս նախատեսում է մաքսային արժեքում հետևյալի` ամբողջությամբ կամ մասամբ ներառումը կամ հանումը`

ա) ներմուծված ապրանքների` ներմուծման կայան կամ վայր փոխադրման արժեքը,

բ) բեռնման, բեռնաթափման, փոխաբեռնման վճարումները` կապված ներմուծված ապրանքների` ներմուծման կայան կամ վայր փոխադրման հետ, և

գ) ապահովագրման արժեքը:

3. Սույն հոդվածի համաձայն` փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացումներ են կատարվում միայն անաչառ ու քանակավորելի տվյալների հիման վրա:

4. Մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ոչ մի ավելացում չի կատարվում, բացի սույն հոդվածով նախատեսվածից:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Եթե մաքսային արժեքի որոշման համար տարադրամի փոխարկում է անհրաժեշտ, ապա պետք է օգտագործվի այն փոխարժեքը, որը պատշաճ կերպով հրապարակում է տվյալ ներմուծման երկրի իրավասու մարմինը, և որը, յուրաքանչյուր այդպիսի հրապարակված փաստաթղթով ընդգրկված ժամանակահատվածի առնչությամբ, հնարավորին չափ արդյունավետորեն արտահայտում է առևտրային գործարքներում այդ տարադրամի ընթացիկ արժեքը` արտահայտված ներմուծման երկրի տարադրամով:

2. Պետք է օգտագործվի այն փոխարժեքը, որը գործել է արտահանման ժամանակ կամ ներմուծման ժամանակ, ինչպես սահմանում է յուրաքանչյուր Անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Գործին առնչվող իրավասու մարմինները բոլոր այն տեղեկություններին, որոնք բնույթով գաղտնի են կամ մաքսային գնահատման նպատակով տրամադրվել են գաղտնիության հիմունքներով, վերաբերում են որպես խիստ գաղտնի տեղեկությունների, և չեն բացահայտում դրանք առանց այդ տեղեկությունները տրամադրող անձի կամ կառավարության հատուկ թույլտվության, բացառությամբ` դրանց այն չափի բացահայտման, որ կարող է պահանջվել դատավարության շրջանակներում:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Մաքսային արժեքի որոշման առնչությամբ յուրաքանչյուր Անդամի օրենսդրությամբ նախատեսվում է ներմուծողի, կամ տուրքը վճարելու պարտավորություն ունեցող որևէ այլ անձի` առանց տույժի բողոքարկելու իրավունքը:

2. Առանց տույժի սկզբնական բողոքարկման իրավունքով կարելի է դիմել մաքսային վարչության ներքին իրավասու մարմին կամ անկախ մարմին, բայց յուրաքանչյուր Անդամի օրենսդրությամբ նախատեսվում է դատական մարմին առանց տույժի բողոքարկելու իրավունքը:

3. Բողոքարկողին ծանուցվում է բողոքարկման վերաբերյալ որոշման մասին, և այդ որոշման պատճառները տրամադրվում են գրավոր կերպով: Բողոքարկողը տեղեկացվում է նաև հետագա բողոքարկման ցանկացած իրավունքի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Տվյալ ներմուծման երկիրը սույն Համաձայնագիրն ուժի մեջ դնող ընդհանուր կիրառման օրենքները, կանոնակարգերը, դատական որոշումներն ու վարչական վճիռները հրապարակում է ՄԱԳՀ-1994-ի 10-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Եթե ներմուծված ապրանքների մաքսային արժեքը որոշելու ընթացքում անհրաժեշտություն է ծագում հետաձգելու այդ մաքսային արժեքի վերջնական որոշումը, ապա ապրանքներ ներմուծողը, այնուամենայնիվ, կարող է դրանք հանել մաքսատնից, եթե ներմուծողը, անհրաժեշտության դեպքում, բավարար երաշխիք է տրամադրում գրավի, կանխավճարի կամ մեկ այլ համապատասխան գործիքի ձևով, որով ծածկվում է մաքսային այն տուրքերի վերջնական վճարումը, որոնց կարող են ենթակա լինել ապրանքները: Յուրաքանչյուր Անդամի օրենսդրությամբ դրույթներ են նախատեսվում այդպիսի դեպքերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Համաձայնագրի 1-ին Հավելվածի ծանոթագրությունները սույն Համաձայնագրի անբաժանելի մաս են կազմում, և սույն Համաձայնագրի հոդվածները պետք է կարդալ ու կիրառել իրենց համապատասխան ծանոթագրությունների հետ մեկտեղ: 2-րդ և 3-րդ Հավելվածները նույնպես սույն Համաձայնագրի անբաժանելի մաս են:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Սույն հոդվածում`

ա) «ներմուծված ապրանքների մաքսային արժեք» նշանակում է ապրանքների արժեքը` ներմուծված ապրանքների դիմաց արժեքային մաքսային տուրքերի գանձման նպատակով,

բ) «ներմուծման երկիր» նշանակում է ներմուծման երկիր կամ մաքսային տարածք, և

գ) «արտադրվածը» ներառում է աճեցվածը, պատրաստվածը կամ արդյունահանվածը:

2. Սույն հոդվածում`

ա) «նույն ապրանքներ» նշանակում են ապրանքներ, որոնք նույնական են բոլոր առումներով, ներառյալ` ֆիզիկական հատկանիշները, որակն ու համբավը: Արտաքին տեսքի փոքր տարբերությունները չեն խանգարում, որ այլ դեպքում այս սահմանմանը բավարարող ապրանքները համարվեն նույնական,

բ) «համանման ապրանքներ» նշանակում է ապրանքներ, որոնք չնայած բոլոր առումներով նույնական չեն, սակայն ունեն նման հատկանիշներ և նման բաղադրանյութեր, որոնք հնարավորություն են տալիս դրանց կատարելու նույն գործառույթները և առևտրային առումով լինել փոխադարձաբար փոխարինելի: Ապրանքների որակը, դրանց համբավը և ապրանքային նշանի գոյությունը պատկանում են այն գործոնների թվին, որոնք դիտարկվում են ապրանքների համանմանությունը որոշելիս,

գ) «նույն ապրանքներ» և «համանման ապրանքներ» հասկացությունները, կախված դեպքից, չեն ընդգրկում այն ապրանքները, որոնցում ներառվում կամ արտահայտվում են ճարտարագիտական, մշակման, ձևավորման, նախագծման աշխատանքներ, և գծագրեր ու նախագծեր, որոնց համար 8-րդ հոդվածի 1 «բ» «iv» կետի համաձայն ճշգրտում չի կատարվել, որովհետև այդ տարրերը կատարվել են ներմուծման երկրում,

դ) ապրանքները չեն համարվում «նույն ապրանքներ» կամ «համանման ապրանքներ», եթե դրանք չեն արտադրվել նույն երկրում, ինչ գնահատվող ապրանքները,

ե) այլ անձի կողմից արտադրված ապրանքները հաշվի են առնվում, միայն երբ, կախված դեպքից, չկան գնահատվող ապրանքներն արտադրող նույն անձի արտադրած նույն կամ համանման ապրանքներ:

3. Սույն Համաձայնագրում «նույն դասի կամ տեսակի ապրանքներ» նշանակում են այն ապրանքները, որոնք պատկանում են առանձին արդյունաբերության կամ արդյունաբերության առանձին ճյուղի արտադրած ապրանքների խմբին կամ դասին, և ներառում է նույն կամ համանման ապրանքները:

4. Սույն Համաձայնագրի նպատակներով, անձինք համարվում են փոխկապակցված, միայն եթե.

ա) նրանք մեկը մյուսի ընկերության ծառայող կամ տնօրեն են,

բ) նրանք օրինականորեն ճանաչված գործարար գործընկերներ են,

գ) նրանք գործատու և աշխատող են,

դ) որևէ անձ ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրանցից յուրաքանչյուրի` ձայնի իրավունքով բաժնետոմսերի կամ բաժնեմասերի առնվազն 5 տոկոսի սեփականատերը, վերահսկողը կամ տիրապետողն է,

ե) նրանցից մեկը ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուսին,

զ) նրանք երկուսն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են երրորդ անձի կողմից,

է) նրանք միասին ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում են երրորդ անձին, կամ

ը) նրանք նույն ընտանիքի անդամներ են:

5. Այն անձինք, ովքեր գործարարության մեջ համակից են այնպես, որ մեկը մյուսի բացառիկ գործակալը, բացառիկ բաշխիչը կամ բացառիկ արտոնատերն է, անկախ նրանից, թե ինչպես դա կնկարագրվի, սույն Համաձայնագրի նպատակներով համարվում են փոխկապակցված, եթե նրանք 4-րդ կետի չափանիշների տակ են ընկնում:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Գրավոր պահանջ ներկայացնելու դեպքում, ներմուծողն իրավունք ունի գրավոր բացատրություն ստանալ ներմուծման երկրի մաքսային վարչությունից, թե ինչպես է որոշվել ներմուծողի ապրանքների մաքսային արժեքը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Համաձայնագրի մեջ ոչինչ չի մեկնաբանվում այնպես, որ սահմանափակում կամ հարցականի տակ է դնում մաքսային վարչության` մաքսային գնահատման նպատակներով ներկայացված որևէ հաղորդագրություն, փաստաթղթի կամ հայտարարագրի հավաստիության կամ ճշգրտության մեջ համոզվելու իրավունքները:

 

ԳԼՈՒԽ 2
ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 18
ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

1. Սույնով ստեղծվում է Մաքսային արժեքի գնահատման հարցերով կոմիտե (այսուհետ` «Կոմիտե»)` կազմված Անդամներից յուրաքանչյուրի ներկայացուցիչներից: Կոմիտեն ընտրում է իր Նախագահին և սովորաբար հավաքվում է տարին մեկ անգամ կամ ինչպես այլ կերպ նախատեսված է սույն Համաձայնագրի համապատասխան դրույթներով, որպեսզի Անդամներին հնարավորություն ընձեռվի խորհրդակցել ցանկացած Անդամի` մաքսային արժեքի գնահատման համակարգի վարմանը վերաբերող հարցերի շուրջ, քանզի այն կարող է ազդել սույն Համաձայնագրի գործողության կամ դրա նպատակների իրականացման և այնպիսի պարտականությունների կատարման վրա, որոնք կարող են նրան հանձնարարել մյուս Անդամները: ԱՀԿ Քարտուղարությունը գործում է որպես Կոմիտեի քարտուղարություն:

2. Մաքսային համագործակցության խորհրդի (սույն Համաձայնագրում հիշատակվում է որպես ՄՀԽ) հովանու ներքո ստեղծվում է Մաքսային արժեքի գնահատման տեխնիկական կոմիտե (այսուհետ` «Տեխնիկական կոմիտե»), որը կատարում է սույն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում նկարագրված պարտականությունները և գործում է դրանում պարունակվող ընթացակարգային կանոնների համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 19
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

1. Բացառությամբ սույնով այլ կերպ նախատեսվածի, սույն Համաձայնագրի համաձայն անցկացվող խորհրդակցությունների և վեճերի կարգավորման նկատմամբ կիրառվում է Վեճերի կարգավորման մասին փոխհամաձայնությունը:

2. Եթե որևէ Անդամ համարում է, որ սույն Համաձայնագրով ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրեն հասնող որևէ օգուտ վերացվում կամ նվազեցվում է, կամ որ սույն Համաձայնագրի որևէ նպատակի իրականացում խոչընդոտվում է մեկ այլ Անդամի կամ այլ Անդամների գործողությունների հետևանքով, ապա այն խնդրո առարկա Անդամի կամ Անդամների հետ խորհրդակցություններ պահանջել` այդ հարցի փոխադարձաբար գոհացուցիչ լուծում գտնելու նպատակով: Յուրաքանչյուր Անդամ բարյացակամ վերաբերմունք է ցուցաբերում այլ Անդամի` խորհրդակցության համար ներկայացված ցանկացած պահանջի նկատմամբ:

3. Պահանջ լինելու դեպքում Տեխնիկական կոմիտեն խորհրդատվություն և աջակցություն է տրամադրում խորհրդակցությունների մեջ ընդգրկված Անդամներին:

4. Սույն Համաձայնագրի դրույթների հետ կապված վեճը քննության առնելու համար ստեղծված քննախումբը կարող է վեճի կողմի պահանջով կամ իր սեփական նախաձեռնությամբ Տեխնիկական կոմիտեից պահանջել քննության առնել տեխնիկական դիտարկում պահանջող ցանկացած հարց: Քննախումբը առանձին վեճի համար որոշում է Տեխնիկական կոմիտեի գործելակերպի նկարագիրը և ժամկետ է սահմանում Տեխնիկական կոմիտեի զեկուցագիրը ստանալու համար: Քննախումբը հաշվի է առնում Տեխնիկական կոմիտեի զեկուցագիրը: Այն դեպքում, երբ Տեխնիկական կոմիտեն սույն կետի համաձայն իրեն ներկայացված հարցի վերաբերյալ ի վիճակի չէ ընդհանուր համաձայնության գալու, քննախումբը վեճի կողմերին պետք է հնարավորություն տա իրեն ներկայացնելու հարցի վերաբերյալ իրենց տեսակետները:

5. Քննախմբին տրամադրված գաղտնի տեղեկությունները չեն բացահայտվում առանց այդ տեղեկությունները տրամադրող անձի, մարմնի, կամ գերատեսչության պաշտոնական թույլտվության: Եթե այդպիսի տեղեկություններ են պահանջվում քննախմբից, սակայն քննախումբն այդ տեղեկությունները դուրս տալու թույլտվություն չունի, ապա տրամադրվում է այդ տեղեկությունների ոչ գաղտնի ամփոփագիր, որը թույլատրել են այդ տեղեկությունները տրամադրող անձը, կամ գերատեսչությունը:

 

ԳԼՈՒԽ 3
ՀԱՏՈՒԿ ՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՄՈՏԵՑՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Այն զարգացող Անդամ երկրները, որոնք 1979 թ. ապրիլի 12-ին կնքված` Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի կողմ չեն, կարող են սույն Համաձայնագրի դրույթների կիրառումը հետաձգել` այդ Անդամների համար ԱՀԿ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից` հինգ տարին չգերազանցող ժամկետով: Այն զարգացող Անդամ երկրները, որոնք գերադասում են հետաձգել սույն Համաձայնագրի կիրառումը, համապատասխանաբար ծանուցում են ԱՀԿ Գլխավոր տնօրենին:

2. Ի հավելումն 1-ին կետի այն զարգացող Անդամ երկրները, որոնք 1979 թ. ապրիլի 12-ին կնքված` Մաքսերի և առևտրի գլխավոր համաձայնագրի 7-րդ հոդվածի իրականացման մասին համաձայնագրի կողմ չեն, կարող են 1-ին հոդվածի 2 «բ» «iii» կետի և 6-րդ հոդվածի կիրառումը հետաձգել` իրենց կողմից սույն Համաձայնագրի բոլոր մյուս դրույթների կիրառումից սկսած` երեք տարին չգերազանցող ժամկետով: Այն զարգացող Անդամ երկրները, որոնք գերադասում են հետաձգել սույն կետում նշված դրույթների կիրառումը, համապատասխանաբար ծանուցում են ԱՀԿ Գլխավոր տնօրենին:

3. Զարգացած Անդամ երկրները փոխադարձ համաձայնեցված պայմաններով տեխնիկական աջակցություն են տրամադրում այն զարգացող Անդամ երկրներին, որոնք դա պահանջում են: Զարգացած Անդամ երկրներն այս հիմքով տեխնիկական աջակցության ծրագրեր են կազմում, որոնք այլոց թվում կարող են ներառել անձնակազմի ուսումնավարժանք, աջակցություն` իրականացման միջոցառումների պատրաստման հարցում, մուտք դեպի մաքսային գնահատման մեթոդաբանությանը վերաբերող տեղեկատվական աղբյուրներ, և սույն Համաձայնագրի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվություն:

 

ԲԱԺԻՆ 4
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 21
ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

 

Սույն Համաձայնագրի որևէ դրույթի առնչությամբ վերապահումներ չեն կարող արվել առանց մյուս Անդամների համաձայնության:

 

ՀՈԴՎԱԾ 22
ՆԵՐՔԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

1. Ոչ ուշ, քան իր համար սույն Համաձայնագրի դրույթների կիրառման օրը, յուրաքանչյուր Անդամ ապահովում է, որ իր օրենքները, կանոնակարգերն ու վարչական ընթացակարգերը համապատասխանեն սույն Համաձայնագրի դրույթներին:

2. Յուրաքանչյուր Անդամ Կոմիտեին տեղեկացնում է սույն Համաձայնագրին վերաբերող իր օրենքներում ու կանոնակարգերում և այդ օրենքների և կանոնակարգերի կիրարկման մեջ կատարվող ցանկացած փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 23
ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

Կոմիտեն տարին մեկ վերաքննում է սույն Համաձայնագրի իրականացումն ու գործողությունը` հաշվի առնելով դրա նպատակները: Կոմիտեն տարին մեկ Ապրանքների առևտրի խորհրդին տեղեկացնում է այդ վերաքննություններով ընդգրկված ժամանակահատվածում տեղի ունեցած զարգացումների վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 24
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Սույն Համաձայնագիրը սպասարկում է ԱՀԿ Քարտուղարությունը, բացառությամբ` Տեխնիկական կոմիտեին հատուկ հանձնարարված պարտականություններին առնչվող հարցերի, որոնք կսպասարկի ՄՀԽ Քարտուղարությունը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 1
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Ընդհանուր ծանոթագրություն

 

Գնահատման եղանակների հաջորդական կիրառում

 

1. 1-7-րդ հոդվածներով սահմանվում է, թե ինչպես պետք է որոշվի ներմուծված ապրանքների մաքսային արժեքը սույն Համաձայնագրի դրույթների համաձայն: Գնահատման եղանակները շարադրված են կիրառման հաջորդական կարգով: Մաքսային գնահատման առաջնային եղանակը սահմանված է 1-ին հոդվածում, և ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պետք է որոշվի համաձայն այդ հոդվածի դրույթների, երբ բավարարված են դրանում նկարագրված պայմանները:

2. Եթե մաքսային արժեքը չի կարող որոշել 1-ին հոդվածի դրույթներով, ապա այն պետք է որոշվի հաջորդաբար առաջ անցնելով հերթական հոդվածներով մինչև այն առաջին հոդվածը, որի համաձայն մաքսային արժեքը կարող է որոշվել: Բացառությամբ 4-րդ հոդվածով նախատեսվածի, եթե մաքսային արժեքը չի կարող որոշվել որևէ առանձին հոդվածի դրույթների համաձայն, ապա միայն այդ դեպքում կարող են օգտագործել հերթական հաջորդ հոդվածի դրույթները:

3. Եթե ներմուծողը չի պահանջում փոխել 5-րդ և 6-րդ հոդվածների հերթականությունը, ապա պետք է հետևել հերթականության կանոնավոր կարգին: Եթե ներմուծողը պահանջում է այդ անել, սակայն հետագայում պարզվում է, որ անհնար է մաքսային արժեքը որոշել համաձայն 6-րդ հոդվածի դրույթների, ապա մաքսային արժեքը պետք է որոշվի 5-րդ հոդվածի դրույթների համաձայն, եթե այն կարելի է այդպես որոշել:

4. Երբ մաքսային արժեքը չի կարող որոշվել 1-6-րդ հոդվածների դրույթների համաձայն, ապա այն պետք է որոշվի 7-րդ հոդվածի դրույթների համաձայն:

 

Հաշվապահական ընդհանուր սկզբունքների օգտագործում

 

1. «Հաշվապահական ընդհանուր սկզբունքները» վերաբերում են տվյալ պահին երկրի ներսում ընդունված ընդհանուր համաձայնությանը կամ էական պաշտոնական օժանդակությանն այն առումով, թե որ տնտեսական պաշարամիջոցներն ու պարտավորությունները պետք է գրանցվեն որպես ունեցվածք ու պարտավորություններ, թե ունեցվածքի ու պարտավորությունների որ փոփոխությունները պետք է գրանցվեն, թե ինչպես պետք է չափվեն ունեցվածքն ու պարտավորությունները և դրանց փոփոխությունները, թե որ տեղեկությունները պետք է բացահայտվեն ու ինչպես պետք է բացահայտվեն, և թե ինչ ֆինանսական հաշվետվություններ պետք է պատրաստվեն: Այդ ստանդարտները կարող են ընդհանուր կիրառման ընդգրկուն ուղեցույցներ, ինչպես նաև մանրամասն գործելակերպեր և ընթացակարգեր լինել:

2. Սույն Համաձայնագրի նպատակներով յուրաքանչյուր Անդամի մաքսային վարչությունն օգտագործում է այն տեղեկությունները, որոնք պատրաստված են խնդրո առարկա հոդվածին համապատասխանող երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Օրինակ` սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի որոշումը, 5-րդ հոդվածի դրույթների համաձայն, կկատարվի` օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են ներմուծման երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Մյուս կողմից, սովորաբար ստացվող շահույթի և ընդհանուր ծախսերի որոշումը 6-րդ հոդվածի դրույթների համաձայն կկատարվի` օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են արտադրության երկրի` հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով: Որպես լրացուցիչ օրինակ` 8-րդ հոդվածի 1«բ» «ii» կետով նախատեսված` ներմուծման երկրում կատարված տարրի որոշումը կկատարվի օգտագործելով այն տեղեկությունները, որոնք պատրաստված են այդ երկրի հաշվապահական ընդհանուր սկզբունքներին համապատասխան ձևով:

 

Ծանոթագրություն 1-ին հոդվածի վերաբերյալ

 

Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գին

 

1. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը` ներմուծված ապրանքների համար գնորդի կողմից վաճառողին կամ վաճառողի օգտին կատարված կամ կատարման ենթակա ընդհանուր վճարումն է: Վճարումը չպետք է պարտադիր դրամի փոխանցման տեսքով լինի: Վճարումը կարող է կատարվել վարկագրերի կամ շրջանառելի գործիքների ձևով: Վճարումը կարող է կատարվել ուղղակիորեն կամ անուղղակիորեն: Անուղղակի վճարման օրինակ կարող է լինել գնորդի կողմից վաճառողի ունեցած պարտքի ամբողջությամբ կամ մասամբ մարումը:

2. Գնորդի կողմից գնորդի սեփական հաշվին ձեռնարկված գործողությունները, որոնք այլ են, քան նրանք, որոնց համար 8-րդ հոդվածով ճշգրտում է նախատեսված, չեն համարվում անուղղակի վճարում վաճառողին, անգամ եթե դրանք կարող էին համարվել վաճառողին օգուտ տվող: Հետևաբար, մաքսային արժեքը որոշելիս այդ գործողությունների արժեքը չի ավելացվում փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

3. Մաքսային արժեքը չի ներառում հետևյալ վճարները կամ ծախքերը, եթե դրանք զատորոշված են ներմուծման ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնից.

ա) ներմուծված ապրանքների առնչությամբ, ինչպիսիք են արտադրական գործարանները, հաստոցները կամ սարքավորումները, ներմուծումից հետո կատարվող շինարարական, կառուցման, հավաքման, պահպանման աշխատանքների կամ տեխնիկական աջակցության համար վճարները,

բ) ներմուծումից հետո փոխադրման ծախսը,

գ) ներմուծման երկրի տուրքերն ու հարկերը:

4. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը վերաբերում է ներմուծված ապրանքների գնին: Այսպիսով, այն շահութաբաժինների կամ այլ վճարումների հոսքը գնորդից վաճառողին, որոնք չեն վերաբերում ներմուծված ապրանքներին, մաքսային արժեքի մաս չէ:

 

1 «ա» «iii» կետ

 

Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինն անընդունելի չդարձնող սահմանափակումների թվին են պատկանում այն սահմանափակումները, որոնք էականորեն չեն ազդում ապրանքների արժեքի վրա: Այդպիսի սահմանափակման օրինակ կարող է լինել այն դեպքը, երբ վաճառողն ավտոմեքենաներ գնողից պահանջում է չվաճառել կամ չցուցադրել դրանք նախքան նախանշված օրը, որն իրենից նմուշի արտադրման տարվա սկիզբն է ներկայացնում:

 

1 «բ» կետ

 

1. Եթե վաճառքը կամ գինը ենթակա են որոշ պայմանների կամ հատուցումների, ինչի պատճառով գնահատվող ապրանքների համար արժեք չի կարող որոշվել, ապա գործարքի արժեքն ընդունելի չէ մաքսային նպատակների համար: Դրա որոշ օրինակներն են.

ա) վաճառողը ներմուծված ապրանքների գինը սահմանում է այն պատճառով, որ գնորդը կգնի նաև սահմանված քանակներով այլ ապրանքներ,

բ) ներմուծված ապրանքների գինը կախված է այն գնից կամ գներից, որով ներմուծված ապրանքների գնորդը ներմուծված ապրանքների վաճառողին այլ ապրանքներ է վաճառում,

գ) գինը սահմանվում է` հիմնվելով ներմուծված ապրանքների նկատմամբ կողմնակի վճարման ձևի վրա, ինչպես այն, երբ ներմուծված ապրանքները կիսավարտ ապրանքներ են, որոնք վաճառողը տրամադրել է այն պայմանով, որ վաճառողը կստանա վերջնական ապրանքի սահմանված քանակ:

2. Այնուամենայնիվ, ներմուծված ապրանքների արտադրությանը կամ շուկայահանմանը վերաբերող պայմանները կամ հատուցումները չեն հանգեցնում գործարքի արժեքի մերժմանը: Օրինակ` այն փաստը, որ գնորդը վաճառողին ճարտարագիտական ու նախագծման ծառայություններ է մատուցում, որոնք կատարվում են ներմուծման երկրում, չի հանգեցնում գործարքի արժեքի մերժմանը 1-ին հոդվածի նպատակներով: Նմանապես, եթե գնորդը գնորդի սեփական հաշվին ձեռնարկում է ներմուծված ապրանքների շուկայահանման հետ կապված գործողություններ, ապա այդ գործողությունների արժեքը մաքսային արժեքի մաս չէ, և ոչ էլ այդ գործողությունները հանգեցնում են գործարքի արժեքի մերժմանը, նույնիսկ եթե դա արվում է վաճառողի համաձայնությամբ:

 

2-րդ կետ

 

1. 2 «ա» և 2 «բ» կետերով նախատեսվում են գործարքի արժեքի ընդունելության հաստատման տարբեր միջոցներ:

2. 2 «ա» կետով նախատեսվում է, որ եթե գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, ապա վաճառքին առնչվող հանգամանքները քննության են առնվում և գործարքի արժեքն ընդունվում է որպես մաքսային արժեք, եթե փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Դրանով չի նախատեսվում, որ հանգամանքները պետք է քննության առնվեն բոլոր դեպքերում, երբ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են: Այդպիսի քննություն կպահանջվի միայն, երբ կասկածներ կան գնի ընդունելության վերաբերյալ: Եթե մաքսային վարչությունը կասկածներ չունի գնի ընդունելության վերաբերյալ, ապա այն պետք է ընդունվի առանց ներմուծողից լրացուցիչ տեղեկություններ պահանջելու: Օրինակ` մաքսային վարչությունը կարող է նախօրոք քննության առած լինել փոխկապակցվածությունը, կամ կարող է արդեն մանրամասն տեղեկություններ ունենալ գնորդի և վաճառողի վերաբերյալ, և կարող է այդ քննությամբ կամ տեղեկություններով արդեն համոզված լինել, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա:

3. Եթե մաքսային վարչությունը չի կարող ընդունել գործարքի արժեքն առանց լրացուցիչ հարցման, ապա այն պետք է ներմուծողին հնարավորություն տա այնպիսի լրացուցիչ մանրամասն տեղեկություններ տրամադրելու, ինչպիսիք անհրաժեշտ կարող են լինել, որպեսզի հնարավորություն տան իրեն քննության առնելու վաճառքին առնչվող հանգամանքները: Այս առումով` մաքսային վարչությունը պետք է պատրաստ լինի քննության առնելու գործարքին առնչվող հարցերը, ներառյալ, թե ինչ ճանապարհով են գնորդն ու վաճառողը կազմակերպում իրենց առևտրային հարաբերությունները, և ինչ ճանապարհով է սահմանվել տվյալ գինը, որպեսզի որոշի` արդյոք փոխկապակցվածությունը ազդել է գնի վրա: Եթե կարելի է ցույց տալ, որ գնորդն ու վաճառողը, չնայած որ փոխկապակցված են համաձայն 15-րդ հոդվածի դրույթների, մեկը մյուսից գնում կամ մեկը մյուսին վաճառում են այնպես, ինչպես կանեին, եթե փոխկապակցված չլինեին, ապա դրանով ապացուցվում է, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Որպես դրա օրինակ` եթե գները սահմանվել են այնպիսի ճանապարհով, որը համապատասխան է տվյալ արտադրության ճյուղում գների սահմանման սովորական գործելակերպին կամ այն ճանապարհին, որով վաճառողը սահմանում է վաճառողի հետ չփոխկապակցված գնորդներին վաճառքի գները, ապա դրանով ապացուցվում է, որ փոխկապակցվածությունը չի ազդել գնի վրա: Որպես լրացուցիչ օրինակ, եթե ցույց է տրվում, որ գինը բավարար է, որպեսզի ապահովվի, որ փոխհատուցվեն բոլոր ծախսերը` գումարած այն շահույթը, որը հատկանշական է` հատկանշական ժամանակահատվածի ընթացքում (օրինակ` տարեկան) նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքից ընկերության ստացած ընդհանուր շահույթի համար, ապա դրանով ապացուցվում է, որ գինը ազդեցության չի ենթարկվել:

4. 2 «բ» կետը ներմուծողին հնարավորություն է տալիս ապացուցելու, որ գործարքի արժեքը շատ մոտ է մաքսային վարչության նախկինում ընդունած «ստուգիչ» արժեքին, և հետևաբար ընդունելի է համաձայն 1-ին հոդվածի դրույթների: Եթե 2 «բ» կետով սահմանված ստուգման պահանջները բավարարվում են, ապա անհրաժեշտ չէ քննության առնել 2 «ա» կետով սահմանված ազդեցության հարցը: Եթե մաքսային վարչությունը արդեն բավականաչափ տեղեկություններ ունի, առանց հետագա մանրամասն հարցումների, համոզված լինելու համար, որ 2 «բ» կետով նախատեսված ստուգումներից որևէ մեկի պահանջները բավարարված են, ապա հարկ չկա, որ այն ներմուծողից պահանջի ապացուցել, որ ստուգման պահանջները կարող են բավարարվել: 2 «բ» կետում «չփոխկապակցված գնորդներ» հասկացությունը նշանակում է գնորդներ, որոնք գնորդի հետ փոխկապակցված չեն որևէ մասնավոր դեպքում:

 

2 «բ» կետ

 

Մի արժեքի` մեկ ուրիշ արժեքին «շատ մոտ լինել»-ը որոշելիս պետք է հաշվի առնել մի շարք գործոններ: Այդ գործոնները ներառում են ներմուծված ապրանքների բնույթը, բուն արտադրության ճյուղի բնույթը, տարվա այն ժամանակը, երբ ապրանքները ներմուծվել են և այն, թե արդյոք արժեքների տարբերությունն առևտրային առումով նշանակալի է: Քանի որ այդ գործոնները կարող են փոփոխվել դեպքից դեպք, անհնար կլինի յուրաքանչյուր դեպքի համար միատեսակ ստանդարտ կիրառել, ինչպիսին է սահմանված տոկոսաչափը: Օրինակ` գործարքի արժեքի 1-ին հոդվածի 2 «բ» կետում շարադրված «ստուգիչ» արժեքին շատ մոտ լինելը որոշելիս, արժեքի փոքր տարբերությունը մի տեսակի ապրանքներին վերաբերող դեպքում կարող է անընդունելի լինել, երբ մեկ այլ տեսակի ապրանքներին վերաբերող դեպքում կարող է ընդունելի լինել մեծ տարբերությունը:

 

Ծանոթագրություն 2-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. 2-րդ հոդվածը կիրառելիս մաքսային վարչությունը, երբ հնարավոր է, օգտագործում է նույն ապրանքների վաճառքը, որը կատարվել է գնահատվող ապրանքների համեմատ առևտրային նույն մակարդակում և էականորեն նույն քանակներով: Եթե պարզվում է, որ այդպիսի վաճառք չի եղել, ապա կարող է օգտագործվել նույն ապրանքների վաճառքը, որը կատարվել է հետևյալ երեք պայմաններից որևէ մեկով.

ա) վաճառք` առևտրային նույն մակարդակում, բայց տարբեր քանակներով,

բ) վաճառք` առևտրային տարբեր մակարդակում, բայց էականորեն նույն քանակներով, կամ

գ) վաճառք` առևտրային տարբեր մակարդակում ու տարբեր քանակներով:

2. Այս երեք պայմաններից որևէ մեկով կատարված վաճառքի առկայությունը պարզելուց հետո տվյալ դեպքից կախված ճշգրտումներ կկատարվեն.

ա) միայն քանակական գործոնների համար,

բ) միայն առևտրային մակարդակի գործոնների համար, կամ

գ) և առևտրային մակարդակի, և քանակական գործոնների համար:

3. «և/կամ» արտահայտությունը թույլ է տալիս վերը նկարագրված երեք պայմաններից ցանկացածի դեպքում ճկունորեն օգտագործել վաճառքները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ:

4. Հոդված 2-ի նպատակներով, ներմուծված նույն ապրանքների գործարքի արժեքը նշանակում է 1 «բ» և 2-րդ կետերի համաձայն ճշգրտված մաքսային արժեքը, որն արդեն ընդունվել է 1-ին հոդվածի համաձայն:

5. Առևտրային տարբեր մակարդակների կամ տարբեր քանակների հետևանքով ճշգրտում կատարելու պայման է այն, որ այդ ճշգրտումը, անկախ այն բանից` հանգեցնում է արժեքի աճին, թե նվազեցմանը, կատարվի միայն ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ստույգությունը, օրինակ` տարբեր մակարդակներին կամ տարբեր քանակներին վերաբերող գներ պարունակող հավաստի գնացուցակների հիման վրա: Որպես դրա օրինակ, եթե գնահատվող ներմուծված ապրանքները կազմում են 10 միավորից բաղկացած առաքում, և ներմուծված միակ նույն ապրանքները, որոնց համար գործարքի արժեք գոյություն ունի, վաճառվել են 500 միավոր քանակով, և հայտնի է, որ գնորդը քանակային զեղչեր է շնորհում, ապա պահանջվող ճշգրտումը կարող է կատարվել` դիմելով վաճառողի գնացուցակին և օգտագործելով 10 միավորի վաճառքին համապատասխան գինը: Սրանով չի պահանջվում, որ վաճառքը պետք է կատարված լիներ 10 միավոր քանակով, քանի դեռ այլ քանակներով վաճառքների միջոցով հաստատվել է, որ գնացուցակը վստահության արժանի է: Սակայն այդպիսի անաչառ միջոցի բացակայության դեպքում մաքսային արժեքի որոշումը 2-րդ հոդվածի դրույթների համաձայն նպատակահարմար չէ:

 

Ծանոթագրություն 3-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. 3-րդ հոդվածը կիրառելիս մաքսային վարչությունը, երբ հնարավոր է, օգտագործում է համանման ապրանքների` գնահատվող ապրանքների համեմատ առևտրային նույն մակարդակում և էականորեն նույն քանակներով կատարված վաճառքը: Եթե պարզվում է, որ այդպիսի վաճառք չի եղել, ապա կարող է օգտագործվել համանման ապրանքների վաճառքը, որը կատարվել է հետևյալ երեք պայմաններից որևէ մեկով.

ա) վաճառք` առևտրային նույն մակարդակում, բայց տարբեր քանակներով,

բ) վաճառք` առևտրային տարբեր մակարդակում, բայց էականորեն նույն քանակներով, կամ

գ) վաճառք` առևտրային տարբեր մակարդակում ու տարբեր քանակներով:

2. Այս երեք պայմաններից որևէ մեկով կատարված վաճառքի առկայությունը պարզելուց հետո տվյալ դեպքից կախված ճշգրտումներ կկատարվեն`

ա) միայն քանակական գործոնների համար,

բ) միայն առևտրային մակարդակի գործոնների համար, կամ

գ) և առևտրային մակարդակի, և քանակական գործոնների համար:

3. «և/կամ» արտահայտությունը թույլ է տալիս վերը նկարագրված երեք պայմաններից ցանկացածի դեպքում ճկունորեն օգտագործել վաճառքները և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ:

4. 3-րդ հոդվածի նպատակներով, ներմուծված համանման ապրանքների գործարքի արժեքը նշանակում է 1 «բ» և 2-րդ կետերի համաձայն ճշգրտված մաքսային արժեքը, որն արդեն ընդունվել է 1-ին հոդվածի համաձայն:

5. Առևտրային տարբեր մակարդակների կամ տարբեր քանակների հետևանքով ճշգրտում կատարելու պայման է այն, որ այդ ճշգրտումը, անկախ այն բանից` հանգեցնում է արժեքի աճին, թե նվազեցմանը, կատարվի միայն ապացուցված փաստերի հիման վրա, որոնցով հստակորեն հաստատվում են ճշգրտման խելամտությունն ու ստույգությունը, օրինակ` տարբեր մակարդակներին կամ տարբեր քանակներին վերաբերող գներ պարունակող հավաստի գնացուցակների հիման վրա: Որպես դրա օրինակ` եթե գնահատվող ներմուծված ապրանքները կազմում են 10 միավորից բաղկացած առաքում, և ներմուծված միակ համանման ապրանքները, որոնց համար գործարքի արժեք գոյություն ունի, վաճառվել են 500 միավոր քանակով, և հայտնի է, որ գնորդը քանակային զեղչեր է շնորհում, ապա պահանջվող ճշգրտումը կարող է կատարվել` դիմելով վաճառողի գնացուցակին և օգտագործելով 10 միավորի վաճառքին համապատասխան գինը: Սրանով չի պահանջվում, որ վաճառքը պետք է կատարված լիներ 10 միավոր քանակով, քանի դեռ այլ քանակներով վաճառքների միջոցով հաստատվել է, որ գնացուցակը վստահության արժանի է: Սակայն այդպիսի անաչառ միջոցի բացակայության դեպքում մաքսային արժեքի որոշումը 3-րդ հոդվածի դրույթների համաձայն նպատակահարմար չէ:

 

Ծանոթագրություն 5-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. «Միավորի գինը, որով... ապրանքները վաճառվում են ամենամեծ համախառն քանակությամբ» նշանակում է այն գինը, որով միավորների մեծագույն քանակությունը վաճառվում է այն անձանց հետ կատարվող վաճառքների ժամանակ, ովքեր փոխկապակցված չեն այն անձանց, ումից նրանք այդ ապրանքները գնում են ներմուծումից հետո այն առաջին առևտրային մակարդակում, որում այդ վաճառքները կատարվում են:

2. Որպես դրա օրինակ` ապրանքները վաճառվում են մեծ քանակություններով գնումների համար միավորի նպաստավոր գներ շնորհող գնացուցակով.

 

Վաճառքի քանակը Միավորի գինը Վաճառքների թիվը Յուրաքանչյուր գնով վաճառվածների ընդհանուր քանակը
1-10 միավոր 100 10 վաճառք 5 միավորով
5 վաճառք 3 միավորով
11-25 միավոր 95 5 վաճառք 11 միավորով 55
25 միավորից ավելի 90 1 վաճառք 30 միավորով
1 վաճառք 50 միավորով
80

 

Մի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 80 է. հետևաբար միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում 90 է:

3. Որպես դրա մեկ այլ օրինակ. տեղի է ունենում երկու վաճառք: Առաջին վաճառքի ժամանակ վաճառվում է 500 միավոր` յուրաքանչյուր 95 տարադրամի միավոր գնով: Երկրորդ վաճառքի ժամանակ վաճառվում է 400 միավոր` յուրաքանչյուր 90 տարադրամի միավոր գնով: Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 500 է. հետևաբար միավորի գինն ամենամեծ համախառն քանակի դեպքում 95 է:

4. Երրորդ օրինակ կլինի հետևյալ իրադրությունը, որտեղ տարբեր քանակներ վաճառվում են տարբեր գներով.

 

ա) Վաճառքներ

 

Վաճառքի քանակը Միավորի գինը
40 միավոր 100
30 միավոր 90
15 միավոր 100
50 միավոր 95
25 միավոր 105
35 միավոր 90
5 միավոր 100

 

բ) Ընդամենը

 

Վաճառված ընդհանուր քանակը Միավորի գինը
65 90
50 95
60 100
25 105

 

Այս օրինակում որոշակի գնով վաճառված միավորների մեծագույն քանակը 65 է. հետևաբար միավորի գինը ամենամեծ համախառն քանակի դեպքում 90 է:

5. Ներմուծման երկրում կատարված` վերևի 1-ին կետում նկարագրված ցանկացած վաճառք որևէ անձի, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն, անվճար կամ իջեցված գնով մատակարարում է 8-րդ հոդվածի 1 «բ» կետում նշված տարրերից որևէ մեկը, որպեսզի այն օգտագործվի ներմուծված ապրանքների` արտահանելու համար արտադրության ու վաճառքի կապակցությամբ, չպետք է հաշվի առնվի 5-րդ հոդվածի նպատակներով միավորի գինը սահմանելիս:

6. Պետք է նշել, որ 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված «շահույթը և ընդհանուր ծախսերը» պետք է վերցվեն որպես ամբողջություն: Այդ հանման նպատակների համար թիվը պետք է որոշվի ներմուծողի կամ նրա անունից տրամադրած տեղեկությունների հիման վրա, եթե ներմուծողի թվերը անհամատեղելի չեն ներմուծման երկրում նույն դասի կամ տեսակի ներմուծման ապրանքների վաճառքում ստացված թվերի հետ: Եթե ներմուծողի թվերն անհամատեղելի են այդ թվերի հետ, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնվել ներմուծողի կամ նրա անունից տրամադրած տեղեկություններից տարբեր այլ համապատասխան տեղեկությունների վրա:

7. «Ընդհանուր ծախսերի» մեջ ներառվում են տվյալ ապրանքների շուկայահանման ուղղակի և անուղղակի ծախքերը:

8. Ապրանքների վաճառքի համար վճարվող տեղական հարկերը, որոնց համար հանում չի կատարվել 5-րդ հոդվածի 1«ա» «iv» կետի դրույթների համաձայն, հանվում են 5-րդ հոդվածի 1«ա» «i» կետի դրույթների համաձայն:

9. Հոդված 5-ի կետ 1-ի դրույթների համաձայն` միջնորդավճարներն ու սովորաբար ստացվող շահույթը և ընդհանուր ծախսերը որոշելիս այն հարցը, թե արդյոք որոշ ապրանքներ այլ ապրանքների համեմատ «նույն դասի կամ տեսակի» են, պետք է որոշվի դեպքից դեպք հիմքով` ելնելով գործին առնչվող հանգամանքներից: Պետք է քննության առնվի ներմուծման երկրում` ներմուծման նույն դասի կամ տեսակի ապրանքների` գնահատվող ապրանքները ներառող այն ամենանեղ խմբի կամ շարքի վաճառքները, որոնց համար կարելի է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել: 5-րդ հոդվածի նպատակներով «նույն դասի կամ տեսակի ապրանքները» ներառում են նույն երկրից, որտեղից ներմուծվել են գնահատվող ապրանքները, ներմուծված ապրանքները, ինչպես նաև այլ երկրներից ներմուծված ապրանքները:

10. 5-րդ հոդվածի 1 «բ» կետի նպատակներով «ամենամոտ օրն» այն օրն է, երբ կատարվել է ներմուծված ապրանքների, կամ ներմուծված նույն կամ համանման ապրանքների` միավորի գինը սահմանելու համար բավարար քանակով վաճառք:

11. Եթե օգտագործվում է 5-րդ հոդվածի 2-րդ կետի եղանակը, ապա հետագա վերամշակմամբ ավելացված արժեքի համար կատարվող նվազեցումը հիմնվում է այդ աշխատանքի արժեքին վերաբերող անաչառ ու քանակավորելի տվյալների վրա: Հաշվարկների հիմքը կկազմեն ընդունված արտադրական բանաձևերը, բաղադրատոմսերը, կառուցման եղանակները և արտադրական այլ գործելակերպերը:

12. Ընդունվում է, որ 5-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված գնահատման եղանակը սովորաբար կիրառելի չի լինում, երբ հետագա վերամշակման արդյունքում ներմուծված ապրանքները կորցնում են իրենց ինքնությունը: Այնուամենայնիվ, կարող են դեպքեր լինել, երբ վերամշակմամբ ավելացված արժեքը կարող է ճշգրիտ կերպով որոշվել առանց անհիմն բարդությունների, չնայած այն բանի, որ ներմուծված ապրանքների ինքնությունը կորցվել է: Մյուս կողմից, կարող են լինել դեպքեր, երբ ներմուծված ապրանքները պահպանում են իրենց ինքնությունը, սակայն ներմուծման երկրում վաճառվող ապրանքների այնպիսի փոքր տարր են կազմում, որ գնահատման այս եղանակի օգտագործումը չէր արդարացվի: Նկատի առնելով վերը նշվածը` այդ տեսակի յուրաքանչյուր իրադրություն պետք է դիտարկվի դեպքից դեպք հիմքով:

 

Ծանոթագրություն 6-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. Որպես ընդհանուր կանոն սույն Համաձայնագրով մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկրում դյուրամատչելի տեղեկությունների հիման վրա: Սակայն հաշվարկային արժեքը որոշելու համար կարող է անհրաժեշտ լինի քննության առնել գնահատվող ապրանքների արտադրման ծախքերը և այլ տեղեկություններ, որոնք պետք է ձեռք բերվեն ներմուծման երկրից դուրս: Ավելին, դեպքերի մեծ մասում ապրանքներ արտադրողը ներմուծման երկրի իրավասու մարմինների իրավասության շրջանակներից դուրս կլինի: Հաշվարկային արժեքի եղանակի օգտագործումն ընդհանուր առմամբ սահմանափակված կլինի այն դեպքերով, երբ գնորդն ու վաճառողը փոխկապակցված են, և արտադրողը պատրաստ է ներմուծման երկրի իրավասու մարմիններին տրամադրել ծախսորոշման տվյալները և հնարավորություններ ապահովել որևէ հետագա ստուգման համար, որը կարող է անհրաժեշտ լինել:

2. 6-րդ հոդվածի 1«ա» կետում հիշատակված «գինը կամ արժեքը» պետք է որոշվի արտադրողի կամ նրա անունից տրամադրած` գնահատվող ապրանքների արտադրությանը վերաբերող տեղեկությունների հիման վրա: Այն պետք է հիմնված լինի արտադրողի առևտրային հաշիվների վրա, եթե այդ հաշիվները համապատասխանում են ապրանքների արտադրության երկրում կիրառվող հաշվապահական ընդհանուր սկզբունքներին:

3. «Գինը կամ արժեքը» ներառում է 8-րդ հոդվածի 1«ա» «ii» և 1 «ա» «iii» կետերում նշված տարրերի արժեքը: Այն նաև ներառում է 8-րդ հոդվածի վերաբերյալ համապատասխան ծանոթագրության դրույթների համաձայն համապատասխանորեն բաշխված` 8-րդ հոդվածի 1 «բ» կետում նշված ցանկացած տարրի արժեքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատակարարել ու մատուցել է վաճառողը, որպեսզի օգտագործվի ներմուծման ապրանքների արտադրության ու վաճառքի կապակցությամբ: 8-րդ հոդվածի 1 «բ» «iv» կետում նշված այն տարրերի արժեքները, որոնք կատարվել են ներմուծման երկրում, ընդգրկվում են միայն այնքանով, որքանով որ այդ տարրերը հաշվեգրվում են արտադրողի վրա: Հասկանալի է, որ հաշվարկային արժեքը որոշելիս սույն կետում հիշատակված տարրերի գինը կամ արժեքը երկու անգամ չի հաշվվում:

4. 6-րդ հոդվածի 1 «բ» կետում հիշատակված «շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը» պետք է որոշվի արտադրողի կամ նրա անունից տրամադրած տեղեկությունների հիման վրա, եթե արտադրողի թվերը համապատասխանում են այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, որն արտահանման երկրում, ներմուծման երկիր արտահանելու նպատակով, իրականացնում են արտադրողները:

5. Այս առումով պետք է նշել, որ «շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը» պետք է վերցվի որպես ամբողջություն: Այստեղից հետևում է, որ եթե որևէ մասնավոր դեպքում արտադրողի շահույթի գումարը փոքր է և արտադրողի ընդհանուր ծախսերը մեծ են, ապա արտադրողի շահույթը և ընդհանուր ծախսերը միասին վերցրած կարող են, այնուամենայնիվ, համապատասխանել այն գումարին, որը սովորաբար արտացոլվում է նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ: Այսպիսի դեպք կարող է պատահել, օրինակ` երբ արտադրանքն առաջին անգամ շուկայահանվեր ներմուծման երկրում, և արտադրողը համակերպվեր զրոյական կամ ցածր շահույթին` առաջին շուկայահանման բարձր ընդհանուր ծախսերը փոխհատուցելու համար: Եթե արտադրողը կարող է ցույց տալ, որ ներմուծված ապրանքների վաճառքից ստացվող ցածր շահույթը հետևանք է առևտրային առանձնահատուկ պայմանների, ապա արտադրողի փաստացի շահույթի թվերը պետք է հաշվի առնվեն, եթե արտադրողը դրանք հիմնավորելու համար առևտրային ծանրակշիռ պատճառներ ունի, և արտադրողի գնորոշման քաղաքականությունն արտացոլում է տվյալ արտադրության ճյուղի գնորոշման սովորական քաղաքականությունը: Այսպիսի իրադրություն կարող է պատահել, օրինակ, երբ արտադրողները ստիպված են գները ժամանակավորապես իջեցնել պահանջարկի անկանխատեսելի անկման պատճառով, կամ երբ նրանք ապրանքներ են վաճառում` լրացնելու ներմուծման երկրում արտադրվող ապրանքների շարքը, և մրցունակությունը պահպանելու համար համակերպվում են ցածր շահույթին: Եթե շահույթի և ընդհանուր ծախսերի` արտադրողի սեփական թվերը չեն համապատասխանում այն թվերին, որոնք սովորաբար արտացոլվում են գնահատվող ապրանքների համեմատ նույն դասի կամ տեսակի ապրանքների վաճառքի ժամանակ, որն արտահանման երկրում, ներմուծման երկիր արտահանելու նպատակով, իրականացնում են արտադրողները, ապա շահույթի և ընդհանուր ծախսերի գումարը կարող է հիմնված լինել գործին առնչվող տեղեկությունների վրա, որոնք այլ են, քան ապրանքներ արտադրողի կամ նրա անունից տրամադրածները:

6. Եթե հաշվարկային արժեքը որոշելու նպատակներով օգտագործվում են տեղեկություններ, որոնք այլ են, քան ապրանքներ արտադրողի կամ նրա անունից տրամադրածները, ապա ներմուծման երկրի իրավասու մարմինները ներմուծողին, եթե վերջինս պահանջում է, տեղեկացնում են այդ տեղեկությունների աղբյուրի, օգտագործված տվյալների և այդ տվյալների վրա հիմնված հաշվարկների մասին` պահպանելով 10-րդ հոդվածի դրույթները:

7. 6-րդ հոդվածի 1 «բ» կետում հիշատակված «ընդհանուր ծախսերը» ծածկում են ապրանքների` արտահանելու համար արտադրության ու վաճառքի ուղղակի և անուղղակի ծախսերը, որոնք չեն ընդգրկվել 6-րդ հոդվածի 1 «ա» կետի համաձայն:

8. Այն հարցը, թե արդյոք որոշ ապրանքներ այլ ապրանքների համեմատ «նույն դասի կամ տեսակի» են, պետք է որոշվի դեպքից դեպք հիմունքով` ելնելով գործին առնչվող հանգամանքներից: 6-րդ հոդվածի դրույթների համաձայն սովորական շահույթները և ընդհանուր ծախսերը որոշելիս պետք է քննության առնվի ներմուծման երկրում` ներմուծված նույն դասի կամ տեսակի ապրանքների` գնահատվող ապրանքները ներառող այն ամենանեղ խմբի կամ շարքի վաճառքները, որոնց համար կարելի է անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել: 6-րդ հոդվածի նպատակներով «նույն դասի կամ տեսակի ապրանքները» պետք է լինեն նույն երկրից, որտեղից գնահատվող ապրանքներն են:

 

Ծանոթագրություն 7-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. 7-րդ հոդվածի համաձայն որոշված մաքսային արժեքները պետք է հնարավորինս առավելագույն չափով հիմնված լինեն նախկինում որոշված մաքսային արժեքների վրա:

2. 7-րդ հոդվածի համաձայն գործածվող` արժեքի գնահատման եղանակներ պետք է լինեն 1-6 հոդվածներում ձևակերպված եղանակները, սակայն այդ եղանակների կիրառման խելամիտ ճկունությունը համապատասխան կլինի 7-րդ հոդվածի նպատակներին ու դրույթներին:

3. Խելամիտ ճկունության մի քանի օրինակներ են.

ա) նույն ապրանքներ. այն պահանջը, որ նույն ապրանքները պետք է արտահանված լինեն նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները, կարող է ճկունորեն մեկնաբանվել, գնահատվող ապրանքների արտահանման երկրից տարբեր մեկ այլ երկրում արտադրված` ներմուծված նույն ապրանքները կարող են հիմք լինել մաքսային արժեքի գնահատման համար, կարելի է օգտագործել 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների համաձայն արդեն որոշված ներմուծված նույն ապրանքների մաքսային արժեքները.

բ) համանման ապրանքներ. այն պահանջը, որ համանման ապրանքները պետք է արտահանված լինեն նույն կամ գրեթե նույն ժամանակ, ինչ գնահատվող ապրանքները կարող է ճկունորեն մեկնաբանվել, գնահատվող ապրանքների արտահանման երկրից տարբեր մեկ այլ երկրում արտադրված` ներմուծված համանման ապրանքները կարող են հիմք լինել մաքսային արժեքի գնահատման համար. կարելի է օգտագործել 5-րդ և 6-րդ հոդվածների դրույթների համաձայն արդեն որոշված ներմուծված համանման ապրանքների մաքսային արժեքները.

գ) Նվազեցման եղանակ. 5-րդ հոդվածի 1 «ա» կետի այն պահանջը, որ ապրանքները պետք է վաճառված լինեն «այն վիճակով, որով ներմուծվել են», կարող է ճկունորեն մեկնաբանվել. «90 օրվա» պահանջը կարող է ճկունորեն կիրարկվել:

 

Ծանոթագրություն 8-րդ հոդվածի վերաբերյալ

 

1«ա» «i» կետ

 

«Գնման միջնորդավճար» հասկացությունը նշանակում է այն վարձը, որը ներմուծողը վճարում է ներմուծողի գործակալին` արտերկրում գնահատվող ապրանքների գնման ժամանակ ներմուծողին ներկայացնելու ծառայության դիմաց:

 

1«բ» «ii» կետ

 

1. Ներմուծված ապրանքների մեջ 8-րդ հոդվածի 1 «բ» «ii» կետում նշված տարրերի բաշխումն ընդգրկում է երկու գործոն` հենց իր տարրի արժեքը և այն ճանապարհը, որով այդ արժեքը պետք է բաշխվի ներմուծված ապրանքների վրա: Այդ տարրերի բաշխումը պետք է կատարվի հանգամանքներին համապատասխան խելամիտ կերպով և համաձայն հաշվապահական ընդհանուր սկզբունքների:

2. Ինչ վերաբերում է տարրի արժեքին, եթե ներմուծողը տարրը ձեռք է բերում ներմուծողի հետ չփոխկապակցված վաճառողից տվյալ գնով, ապա տարրի արժեքն այդ գինն է: Եթե տարրը արտադրել է ներմուծողը կամ ներմուծողի հետ փոխկապակցված անձը, ապա դրա արժեքը կլինի դրա արտադրման ինքնարժեքը: Եթե ներմուծողը նախկինում օգտագործել է տարրը, անկախ այն բանից, այդ ներմուծողը ձեռք է բերել այն, թե արտադրել, ապա տարրի արժեքը գտնելու համար ձեռք բերման սկզբնական գինը կամ արտադրման սկզբնական ինքնարժեքը պետք է հետընթացորեն ճշգրտվեն` արտացոլելով դրա օգտագործումը:

3. Երբ տարրի համար մաքսային արժեքն արդեն որոշված է, անհրաժեշտ է այդ արժեքը բաշխել ներմուծված ապրանքների վրա: Գոյություն ունեն տարբեր հնարավորություններ: Օրինակ` արժեքը կարող է բաշխվել առաջին առաքման վրա, եթե ներմուծողը ցանկանում է միանգամից վճարել ամբողջ արժեքին ընկնող տուրքը: Որպես մեկ այլ օրինակ ներմուծողը կարող է պահանջել, որ արժեքը բաշխվի մինչև առաջին առաքման պահը արտադրված միավորների քանակի վրա: Որպես լրացուցիչ օրինակ` ներմուծողը կարող է պահանջել, որ արժեքը բաշխվի ակնկալվող ամբողջ արտադրության վրա, երբ այդ արտադրության համար գոյություն ունեն պայմանագրեր կամ կայուն պարտավորություններ: Օգտագործվող բաշխման եղանակը կախված կլինի ներմուծողի տրամադրած փաստաթղթերից:

4. Որպես վերոնշյալի օրինակ` ներմուծողը արտադրողին տրամադրում է կաղապար, որը պետք է օգտագործվի ներմուծվող ապրանքների արտադրության մեջ, և պայմանագիր է կնքում արտադրողի հետ 10000 միավոր գնելու համար: 1000 միավորից բաղկացած առաջին առաքման ժամանման պահին արտադրողն արդեն արտադրել է 4000 միավոր: Ներմուծողը կարող է մաքսային վարչությունից պահանջել կաղապարի արժեքը բաշխել 1000 միավորի, 4000 միավորի կամ 10000 միավորի վրա:

 

1«բ» «iv» կետ

 

1. 8-րդ հոդվածի 1 «բ» «iv» կետում նշված տարրերի համար ավելացումները պետք է հիմնված լինեն անաչառ ու քանակավորելի տվյալների վրա: Որպեսզի նվազագույնի հասցվեն ավելացվող արժեքները որոշելիս ներմուծողի և մաքսային վարչության վրա ընկնող բարդությունները, պետք է հնարավորության սահմաններում օգտագործել գնորդի առևտրային հաշվառման համակարգում հեշտությամբ մատչելի տվյալները:

2. Գնորդի կողմից տրամադրված այն տարրերի համար, որոնք գնորդը գնել կամ վարձակալել է, ավելացումը կլինի գնման կամ վարձակալման արժեքը: Ավելացումներ չեն կատարվում այն տարրերի համար, որոնք հանրամատչելի են, բացի դրանից պատճենների ձեռք բերման արժեքից:

3. Դյուրությունը որով հնարավոր կարող է լինել հաշվարկել ավելացվող արժեքները, կախված կլինի առանձին ընկերության կառուցվածքից և կառավարման գործելակերպից, ինչպես նաև դրա հաշվապահական հաշվառման եղանակներից:

4. Օրինակ` հնարավոր է, որ ընկերությունը, որը տարատեսակ ապրանքներ է ներմուծում մի քանի երկրներից ներմուծման երկրից դուրս գտնվող իր նախագծման կենտրոնի հաշիվները վարում է այնպիսի եղանակով, որ ճշգրտորեն ցույց տա տվյալ ապրանքին վերագրվող ծախքերը: Այդպիսի դեպքերում, ուղղակի ճշգրտումը կարող է պատշաճորեն կատարվել 8-րդ հոդվածի դրույթների համաձայն:

5. Մեկ այլ դեպքում ընկերությունը կարող է ներմուծման երկրից դուրս գտնվող նախագծման կենտրոնի ծախքը հաշվառել որպես ընդհանուր վերադիր ծախս` առանց առանձին ապրանքների վրա բաշխելու: Այս դեպքում, ներմուծված ապրանքների համար համապատասխան ճշգրտում կարող է կատարվել 8-րդ հոդվածի դրույթների համաձայն` նախագծման կենտրոնի ընդհանուր ծախքերը բաշխելով նախագծման կենտրոնից օգտվող ամբողջ արտադրության վրա և այդ բաշխված ծախքը ավելացնելով ներմուծումներին` միավորի հիմունքով:

6. Վերոնշյալ հանգամանքների տարափոխությունները, իհարկե, կպահանջեն դիտարկելու տարբեր գործոններ բաշխման պատշաճ եղանակը որոշելիս:

7. Այն դեպքերում, երբ խնդրո առարկա տարրի արտադրությունը ներառում է մի շարք երկրներ, ընդ որում` որոշակի ժամանակի ընթացքում, ճշգրտումը պետք է սահմանափակվի այդ տարրի` ներմուծման երկրից դուրս փաստացիորեն ավելացված արժեքով:

 

1 «գ» կետ

 

1. 8-րդ հոդվածի 1«գ» կետում հիշատակված ռոյալթիների և լիցենզիաների վճարները կարող են այլոց թվում ընդգրկել արտոնագրերի, ապրանքային նշանների և հեղինակային իրավունքի հետ կապված վճարները: Այնուամենայնիվ, մաքսային արժեքը որոշելիս ներմուծման երկրում ներմուծված ապրանքների վերարտադրման իրավունքի համար վճարները չեն ավելացվում ներմուծված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

2. Ներմուծված ապրանքները բաշխելու կամ վերավաճառելու իրավունքի համար գնորդի կատարած վճարումները չեն ավելացվում ներմուծված ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին, եթե այդ վճարումները վաճառքի պայման չեն ներմուծված ապրանքները ներմուծման երկիր արտահանելու համար:

 

3-րդ կետ

 

Եթե գոյություն չունեն անաչառ ու քանակավորելի տվյալներ հոդված 8-ի դրույթներով պահանջվող ավելացումների վերաբերյալ, ապա գործարքի արժեքը չի կարող որոշվել 1-ին հոդվածի դրույթների համաձայն: Որպես դրա ցուցադրական օրինակ` ռոյալթին վճարվում է ներմուծման երկրում առանձին արտադրանքի մեկ լիտրի վաճառքի գնի հիման վրա, որը ներմուծվել է կիլոգրամով և ներմուծումից հետո վերածվել է լուծույթի: Եթե ռոյալթին մասամբ հիմնված է ներմուծված ապրանքների վրա, իսկ մասամբ էլ` այլ գործոնների վրա, որոնք ոչ մի առնչություն չունեն ներմուծված ապրանքների հետ (ինչպես երբ ներմուծված ապրանքները խառնվում են տեղական բաղադրամասերի հետ և այլևս առանձին ճանաչելի չեն, կամ երբ ռոյալթին հնարավոր չէ առանձնացնել գնորդի և վաճառողի միջև եղած հատուկ ֆինանսական համաձայնություններից), ապա աննպատակահարմար կլինի փորձել ռոյալթիի համար ավելացում կատարել: Այնուամենայնիվ, եթե այդ ռոյալթիի չափը հիմնված է միայն ներմուծված ապրանքների վրա և կարող է հեշտությամբ քանակավորվել, ապա կարող է ավելացում կատարվել փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

 

Ծանոթագրություն 9-րդ հոդվածի վերաբերյալ

 

Հոդված 9-ի նպատակներով «ներմուծման ժամանակը» կարող է ընդգրկել մաքսային նպատակներով մուտքի ժամանակը:

 

Ծանոթագրություն 11-րդ հոդվածի վերաբերյալ

 

1. 11-րդ հոդվածով ներմուծողին իրավունք է տրվում բողոքարկելու մաքսային վարչության որոշումը գնահատվող ապրանքների մաքսային արժեքի մասին: Բողոքը նախ կարող է ներկայացվել մաքսային վարչության վերադաս մարմին, սակայն ներմուծողն իրավունք ունի վերջին հերթին բողոքարկելու դատարան:

2. «Առանց տույժի» նշանակում է, որ ներմուծողը չի ենթարկվում տուգանքի կամ տուգանվելու վտանգի սոսկ այն պատճառով, որ ներմուծողը նախընտրել է կիրարկել բողոքարկման իրավունքը: Սովորական դատական ծախսերի և իրավաբանների վարձերի վճարումը որպես տուգանք չի դիտարկվում:

3. Այնուամենայնիվ, 11-րդ հոդվածը ոչնչով չի արգելում, որ Անդամը պահանջի գնահատված մաքսային տուրքերն ամբողջությամբ վճարել նախքան բողոքարկումը:

 

Ծանոթագրություն 15-րդ հոդվածի վերաբերյալ

 

4-րդ կետ

 

15-րդ հոդվածի նպատակներով «անձ» հասկացությունը հարկ եղած դեպքում ներառում է իրավաբանական անձին:

 

4«ե» կետ

 

Սույն Համաձայնագրի նպատակներով համարվում է, որ մի անձը վերահսկում է մյուսին, եթե առաջինը, ըստ իր դիրքի, իրավականորեն կամ գործնականում կարող է սահմանափակել կամ ուղղորդել վերջինիս:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

1. Համաձայն սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի ՄՀԽ-ի հովանու ներքո ստեղծվում է Տեխնիկական կոմիտե` նպատակ ունենալով տեխնիկական մակարդակում ապահովել սույն Համաձայնագրի մեկնաբանության ու կիրառման միատեսակությունը:

2. Տեխնիկական կոմիտեի պարտականություններն են.

ա) քննության առնել Անդամների` մաքսային արժեքի գնահատման համակարգի ամենօրյա կառավարման ընթացքում ծագող առանձին տեխնիկական խնդիրներն ու հիմնվելով ներկայացված փաստերի վրա` խորհրդատվական կարծիքներ տալ նպատակահարմար լուծումների վերաբերյալ,

բ) պահանջ լինելու դեպքում ուսումնասիրել սույն Համաձայնագրին առնչվող` արժեքի գնահատման օրենքները, ընթացակարգերն ու գործելակերպերը և զեկուցագրեր պատրաստել այդ ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ,

գ) պատրաստել ու շրջաբերել տարեկան զեկուցագրեր սույն Համաձայնագրի գործողության ու դրա կարգավիճակի տեխնիկական կողմերի վերաբերյալ,

դ) մաքսային նպատակներով ներմուծված ապրանքների արժեքի գնահատմանը վերաբերող ցանկացած հարցերի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ ու խորհրդատվություն տրամադրել, ինչպիսիք կարող է պահանջել որևէ Անդամ կամ Կոմիտեն: Այդ տեղեկություններն ու խորհրդատվությունը կարող են լինել խորհրդատվական կարծիքների, մեկնաբանությունների կամ բացատրական ծանոթագրությունների տեսքով,

ե) պահանջ լինելու դեպքում խթանել տեխնիկական աջակցության տրամադրումը Անդամներին` նպատակ ունենալով նպաստելու սույն Համաձայնագրի միջազգային ընդունմանը,

զ) քննության առնել հարցը, որն իրեն է ներկայացրել քննախումբը 19-րդ հոդվածի համաձայն, և

է) կատարել այնպիսի այլ պարտականություններ, ինչպիսիք Կոմիտեն կարող է իրեն հանձնարարել:

 

Ընդհանուր

 

3. Տեխնիկական կոմիտեն ջանում է առանձին հարցերի շուրջ, հատկապես նրանց, որոնք իրեն են ներկայացրել Անդամները, Կոմիտեն կամ քննախումբը, իր աշխատանքն ավարտել պատշաճորեն կարճ ժամանակում: Համաձայն 19-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսվածի` քննախումբը հատկորոշված ժամկետ է սահմանում Տեխնիկական կոմիտեի զեկուցագիրը ստանալու համար, և Տեխնիկական կոմիտեն իր զեկուցագիրը ներկայացնում է այդ ժամկետում:

4. Տեխնիկական կոմիտեն իր գործունեությունն իրականացնելիս անհրաժեշտ աջակցություն է ստանում ՄՀԽ Քարտուղարությունից:

 

Ներկայացուցչություն

 

5. Յուրաքանչյուր Անդամ Տեխնիկական կոմիտեում ներկայացված լինելու իրավունք ունի: Յուրաքանչյուր Անդամ կարող է մեկ պատվիրակ և մեկ կամ ավելի փոխարինող առաջադրել որպես Տեխնիկական կոմիտեում իր ներկայացուցիչներ: Այս կերպ Տեխնիկական կոմիտեում ներկայացված Անդամը սույն Հավելվածում հիշատակվում է որպես «Տեխնիկական կոմիտեի անդամ»: Տեխնիկական կոմիտեի անդամների ներկայացուցիչներին կարող են աջակցել խորհրդականներ: ԱՀԿ Քարտուղարությունը նույնպես կարող է այդ ժողովներին մասնակցել դիտորդի կարգավիճակով:

6. ՄՀԽ-ի անդամները, որոնք ԱՀԿ Անդամ չեն, կարող են Տեխնիկական կոմիտեի ժողովներում ներկայացված լինել մեկ պատվիրակի և մեկ կամ ավելի փոխարինողի միջոցով: Այդ ներկայացուցիչները մասնակցում են Տեխնիկական կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ:

7. ՄՀԽ Գլխավոր քարտուղարը (սույն Հավելվածում հիշատակվում է որպես «Գլխավոր քարտուղար») Տեխնիկական կոմիտեի նախագահի հավանությամբ կարող է Տեխնիկական կոմիտեի ժողովներին որպես դիտորդներ մասնակցելու հրավիրել կառավարությունների ներկայացուցիչների, որոնք ոչ ԱՀԿ Անդամ են, ոչ էլ` ՄՀԽ անդամ, և միջազգային կառավարական ու առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների:

8. Տեխնիկական կոմիտեի ժողովների պատվիրակների, փոխարինողների ու խորհրդատուների թեկնածություններն առաջադրվում են Գլխավոր քարտուղարին:

 

Տեխնիկական կոմիտեի ժողովները

 

9. Տեխնիկական կոմիտեն ժողովներ է գումարում ըստ անհրաժեշտության, սակայն տարեկան առնվազն երկու անգամ: Յուրաքանչյուր ժողովի օրը նշանակում է Տեխնիկական կոմիտեն իր նախորդ նիստի ժամանակ: Ժողովի օրը կարող է փոփոխվել կամ Տեխնիկական կոմիտեի որևէ անդամի պահանջով` Տեխնիկական կոմիտեի անդամների պարզ մեծամասնության համաձայնությամբ, կամ Նախագահի պահանջով` հրատապ դիտարկում պահանջելու դեպքերում:

10. Տեխնիկական կոմիտեի ժողովները անց են կացվում ՄՀԽ վարչական կենտրոնում, եթե այլ բան չի որոշվում:

11. Գլխավոր քարտուղարը Տեխնիկական կոմիտեի բոլոր անդամներին ու նրանց, ովքեր ընդգրկված են 6-րդ և 7-րդ կետերի համաձայն, առնվազն 30 օր առաջ, բացառությամբ` հրատապ դեպքերի, տեղեկացնում է Տեխնիկական կոմիտեի յուրաքանչյուր նիստի բացման օրվա մասին:

 

Օրակարգ

 

12. Գլխավոր քարտուղարը յուրաքանչյուր նիստի նախնական օրակարգը կազմում է և նիստից առնվազն 30 օր առաջ, բացառությամբ` հրատապ դեպքերի, ուղարկում է Տեխնիկական կոմիտեի անդամներին ու նրանց, ովքեր ընդգրկված են 6-րդ և 7-րդ կետերի համաձայն: Այդ օրակարգը պարունակում է բոլոր այն կետերը, որոնք ներառելու հավանություն է տվել Տեխնիկական կոմիտեն իր նախորդ նիստի ժամանակ, բոլոր այն կետերը, որոնք մտցրել է Նախագահն իր սեփական նախաձեռնությամբ, և բոլոր այն կետերը, որոնք պահանջել են ներառել Գլխավոր քարտուղարը, Կոմիտեն կամ Տեխնիկական կոմիտեի որևէ անդամ:

13. Տեխնիկական կոմիտեն իր օրակարգը որոշում է յուրաքանչյուր նիստի բացման ժամանակ: Նիստի ժամանակ Տեխնիկական կոմիտեն կարող է ցանկացած պահի փոփոխել օրակարգը:

 

Պաշտոնյաները և գործերի վարույթը

 

14. Տեխնիկական կոմիտեն իր անդամների պատվիրակների միջից ընտրում է նախագահ և մեկ կամ ավելի փոխնախագահ: Նախագահը և փոխնախագահներն իրենց պաշտոնները զբաղեցնում են յուրաքանչյուրը մեկ տարի ժամկետով: Պաշտոնից հեռացող նախագահը և փոխնախագահները ունեն վերընտրվելու իրավունք: Այն նախագահի և այն փոխնախագահների լիազորությունները, ովքեր այլևս Տեխնիկական կոմիտեի անդամի չեն ներկայացնում, դադարում են ինքնաբերաբար:

15. Եթե նախագահը բացակայում է որևէ ժողովից կամ դրա մասից, ապա նախագահում է փոխնախագահը: Այդ դեպքում վերջինս ունի նույն իրավասություններն ու պարտականությունները, ինչ նախագահը:

16. Ժողովի նախագահը Տեխնիկական կոմիտեի վարույթներին մասնակցում է որպես այդպիսին և ոչ որպես Տեխնիկական կոմիտեի անդամի ներկայացուցիչ:

17. Ի հավելումն, նախագահին սույն կանոններով տրված այլ լիազորությունների կատարմանը` նախագահը հայտարարում է յուրաքանչյուր ժողովի բացումն ու ավարտը, ղեկավարում է քննարկումները, տալիս է ելույթի իրավունք և սույն կանոնների համաձայն վերահսկում է վարույթները: Նախագահը կարող է նաև կարգի հրավիրել ելույթ ունեցողին, եթե ելույթ ունեցողի դիտողությունները չեն առնչվում գործին:

18. Ցանկացած հարցի քննարկման ընթացքում պատվիրակությունները կարող են ժողովի վարման կարգի հարց բարձրացնել: Այդ դեպքում, Նախագահն անմիջապես վճիռ է կայացնում: Եթե այդ վճռի վերաբերյալ լինում են առարկություններ, նախագահն այն ներկայացնում է ժողովին` որոշում կայացնելու նպատակով, և այն գործում է մինչև մերժվելը:

19. Գլխավոր քարտուղարն ու Գլխավոր քարտուղարի նշանակած ՄՀԽ Քարտուղարության պաշտոնյաները կատարում են Տեխնիկական կոմիտեի ժողովների քարտուղարական աշխատանքը:

 

Քվեակազմ և քվեարկություն

 

20. Քվեակազմը Տեխնիկական կոմիտեի անդամների պարզ մեծամասնությունն է:

21. Տեխնիկական կոմիտեի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Տեխնիկական կոմիտեի որոշումները կայացվում են ներկա անդամների առնվազն երկու երրորդը կազմող մեծամասնությամբ: Անկախ առանձին հարցի վերաբերյալ քվեարկության արդյունքից` Տեխնիկական կոմիտեն ազատ է այդ հարցի վերաբերյալ ամբողջական զեկույց ներկայացնել Կոմիտեին ու ՄՀԽ-ին` նշելով համապատասխան քննարկման ընթացքում արտահայտված տարբեր կարծիքները: Անկախ սույն կետի վերոշարադրյալ դրույթներից, Տեխնիկական կոմիտեն քննախմբի կողմից իրեն ներկայացված հարցերի վերաբերյալ որոշում է կայացնում ընդհանուր համաձայնությամբ: Եթե Տեխնիկական կոմիտեում համաձայնություն ձեռք չի բերվում քննախմբի կողմից իրեն ներկայացված հարցի վերաբերյալ, ապա Տեխնիկական կոմիտեն զեկույց է տրամադրում` մանրամասնելով հարցին առնչվող փաստերն ու նշելով անդամների տեսակետները:

 

Լեզուներ և արձանագրություններ

 

22. Տեխնիկական կոմիտեի պաշտոնական լեզուներն են անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը: Այս երեք լեզուներից որևէ մեկով կատարված ելույթներն ու հայտարարություններն անմիջապես թարգմանվում են մյուս պաշտոնական լեզուներով, եթե բոլոր պատվիրակությունները պահանջում են դա: Ցանկացած այլ լեզվով կատարված ելույթներն ու հայտարարությունները թարգմանվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն` նույն պայմաններով, սակայն այդ դեպքում տվյալ պատվիրակությունն է ապահովում անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն թարգմանությունը: Տեխնիկական կոմիտեի պաշտոնական փաստաթղթերում օգտագործվում են միայն անգլերենը, ֆրանսերենը և իսպաներենը: Հուշագրերն ու նամակները Տեխնիկական կոմիտեի դիտարկմանը պետք է ներկայացվեն պաշտոնական լեզուներից որևէ մեկով:

23. Տեխնիկական կոմիտեն իր բոլոր նիստերի մասին զեկուցագիր է կազմում և, եթե նախագահն անհրաժեշտ է համարում, արձանագրում և ամփոփագրում է իր ժողովները: Նախագահը կամ նախագահի կողմից նշանակված անձը Տեխնիկական կոմիտեի աշխատանքի մասին զեկուցում է Կոմիտեի յուրաքանչյուր ժողովի ժամանակ ու ՄՀԽ յուրաքանչյուր ժողովի ժամանակ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ 3

 

1. Համաձայնագրի դրույթների կիրառման հինգ տարվա հետաձգումը զարգացող Անդամ երկրների կողմից, որը նախատեսված է 20-րդ հոդվածի 1-ին կետով, կարող է գործնականում անբավարար լինել որոշ զարգացող Անդամ երկրների համար: Այդպիսի դեպքերում զարգացող Անդամ երկիրը կարող է պահանջել երկարաձգելու այդ ժամկետը` նախքան 20-րդ հոդվածի 1-ին կետում նշված ժամկետի ավարտը, ընդ որում` հասկացվում է, որ Անդամները բարյացակամ վերաբերմունք կցուցաբերեն այդպիսի պահանջին այն դեպքերում, երբ տվյալ զարգացող Անդամ երկիրը կարողանա բավարար հիմնավորում տալ:

2. Այն զարգացող երկրները, որոնք ներկայումս ապրանքները գնահատում են պաշտոնապես սահմանված նվազագույն արժեքների հիման վրա, կարող են ցանկություն ունենալ վերապահում անելու, ինչը հնարավորություն կտա իրենց այդ արժեքները պահպանել սահմանափակ և անցումային հիմքի վրա` այն պայմաններով, որոնց Անդամները կարող են համաձայնել:

3. Այն զարգացող երկրները, որոնք համարում են, որ ներմուծողի պահանջով հաջորդական հերթականության շրջումը, որը նախատեսված է Համաձայնագրի 4-րդ հոդվածում, կարող է իրենց համար իրական դժվարություններ ստեղծել, կարող են ցանկություն ունենալ 4-րդ հոդվածից վերապահում անել հետևյալ ձևակերպմամբ.

«.... Կառավարությունն իրավունք է վերապահում նախատեսելու, որ Համաձայնագրի 4-րդ հոդվածի համապատասխան դրույթը կիրառվի միայն, երբ մաքսային վարչությունը համաձայն 5-րդ և 6-րդ հոդվածների հերթականությունը շրջելու պահանջին»:

Եթե զարգացող երկրները այդպիսի վերապահում են անում, ապա Անդամները համաձայնություն են տալիս դրան` համաձայն սույն Համաձայնագրի 21-րդ հոդվածի:

4. Զարգացող երկրները կարող են ցանկություն ունենալ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետից վերապահում անել հետևյալ ձևակերպմամբ.

«... Կառավարությունն իրավունք է վերապահում նախատեսելու, որ Համաձայնագրի 5-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառվի համաձայն դրա վերաբերյալ համապատասխան ծանոթագրության դրույթների` անկախ այն բանից` ներմուծողը պահանջում է դա, թե` ոչ»:

Եթե զարգացող երկրները այդպիսի վերապահում են անում, ապա Անդամները համաձայնություն են տալիս դրան` համաձայն սույն համաձայնագրի 21-րդ հոդվածի:

5. Համաձայնագրի 1-ին հոդվածը կիրառելիս որոշ զարգացող երկրներ կարող են դժվարություններ ունենալ այն մասով, որը վերաբերում է իրենց երկրներ` բացառիկ գործակալների, բացառիկ բաշխիչների կամ բացառիկ արտոնատերերի կատարած ներմուծումներին: Եթե գործնականում այդպիսի խնդիրներ են ծագում Համաձայնագիրը կիրառող զարգացող Անդամ երկրներում, ապա այդ հարցը ուսումնասիրվում է այդ Անդամների պահանջով` համապատասխան լուծումներ գտնելու նպատակով:

6. 17-րդ հոդվածով ընդունում է, որ Համաձայնագիրը կիրառելիս մաքսային վարչությունը կարող է կարիք ունենալ հարցումներ կատարելու մաքսային գնահատման նպատակներով իրեն ներկայացված որևէ հաղորդագրության, փաստաթղթի կամ հայտարարագրի հավաստիության կամ ճշգրտության վերաբերյալ: Հոդվածն այդպիսով ընդունում է, որ կարող են կատարվել հարցումներ, որոնք, օրինակ` նպատակ ունեն ստուգելու, թե արդյոք մաքսային արժեքի որոշման առնչությամբ մաքսային ծառայություններին հայտարարագրված կամ ներկայացված արժեքի տարրերն ամբողջական ու ճիշտ են: Անդամները, հաշվի առնելով իրենց ազգային օրենքներն ու ընթացակարգերը, իրավունք ունեն այդ հարցումների ժամանակ ակնկալելու ներմուծողների լիարժեք համագործակցությունը:

7. Փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը ներառում է բոլոր վճարումները, որոնք որպես ներմուծված ապրանքների վաճառքի պայման փաստացի կատարել է կամ պետք է կատարի գնորդը վաճառողին, կամ գնորդը երրորդ կողմին` վաճառողի նկատմամբ պարտավորությունը բավարարելու համար:

 

 

pin
Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)
15.04.1994
Համաձայնագիր